Աստվածաշնչի ուսումնասիրության լրացուցիչ նյութեր
Դաս համար 8. «Նոր աշխարհ թարգմանության» առավելությունները
Թարգմանության այնպիսի առանձնահատկությունների ուսումնասիրություն, ինչպիսիք են Աստծու ներշնչված Խոսքի ժամանակակից լեզուն, հետևողականությունը, բայերի ճշգրիտ թարգմանությունը և կենդանի շարադրանքը։
1. ա) Ի՞նչ ավանդություն է կոտրում «Նոր աշխարհ թարգմանությունը» և ինչպե՞ս։ բ) Ինչո՞ւ է այս թարգմանության մեջ օգտագործվում Եհովա ձևը, ոչ թե Յահվե կամ Աստծու անվան այլ ձև։
ՎԵՐՋԻՆ տարիներին հրատարակվել են Աստվածաշնչի բազմաթիվ ժամանակակից թարգմանություններ, որոնք մեծապես օգնում են Աստծու Խոսքը սիրող մարդկանց արագ հասկանալու բնագրի իմաստը։ Սակայն շատ թարգմանություններում հանվել է Աստծու անունը, որը կա սուրբ արձանագրությունում։ Այս առումով «Նոր աշխարհ թարգմանությունը» մեծապես պատվել է Բարձրյալ Աստծու՝ հարգանքի արժանի անունը և այն վերականգնել է բոլոր տեղերում, որտեղ պետք է լիներ։ Եբրայերեն Գրություններում այդ անունը հանդիպում է 6973 անգամ, իսկ Քրիստոնեական Հունարեն Գրություններում՝ 237 անգամ, ընդհանուր առմամբ՝ 7210 անգամ։ Եբրայագետների կարծիքով՝ նախընտրելի է օգտագործել Յահվե ձևը, սակայն ճշգրիտ արտասանության ձևը այսօր հնարավոր չէ որոշել։ Այդ պատճառով «Նոր աշխարհ թարգմանության» մեջ օգտագործվում է ընդունված ձևը՝ Եհովա, որը դարեր շարունակ այդպես է գործածվել և որը այդպես է փոխանցվել Աստվածաշնչի շատ թարգմանություններում քառագրի, կամ՝ եբրայերեն չորս տառերի (יהוה) փոխարեն։ Եբրայագետ Ռոբերտ Պֆայֆերը նշել է. «Ինչ էլ որ ասվի այս ձևի կասկածելի ծագման մասին, «Եհովա» ձևը մնում է ու պետք է մնա որպես «Յահվե» բառի թարգմանության հիմնական տարբերակ անգլերեն լեզվում»a։
2. ա) Կա՞ն արդյոք Հունարեն Գրություններում Աստծու անունը վերականգնելու նախադեպեր։ բ) Ի՞նչ կասկածներ են վերացվում այդ վերականգնման շնորհիվ։
2 «Նոր աշխարհ թարգմանությունը» առաջինը չէ, որ Քրիստոնեական Հունարեն Գրություններում վերականգնել է Աստծու անունը։ Առնվազն 14-րդ դարից շատ թարգմանիչներ պարտավորված են զգացել վերականգնել Աստծու անունը տեքստում, հատկապես այն տեղերում, որտեղ Հունարեն Գրություններում համարներ են մեջբերվում Եբրայերեն Գրություններից, որոնցում գրված է Աստծու անունը։ «Եհովա» անունը ազատորեն օգտագործվում է Հունարեն Գրությունների շատ թարգմանություններում, որոնք կատարել են միսիոներները ժամանակակից լեզուներով, այդ թվում Աֆրիկայի, Ասիայի, Ամերիկայի և Խաղաղ օվկիանոսի կղզիների լեզուներով, ինչպես նաև որոշ եվրոպական լեզուներով։ Երբ թարգմանության մեջ առկա է Աստծու անունը, կասկածներ չեն առաջանում, թե որ «տիրոջ» մասին է խոսքը։ Նա երկնքի ու երկրի Տերն է՝ Եհովան, որի անունը սրբացվում է նրանով, որ «Նոր աշխարհ թարգմանության» մեջ օգտագործվում է որպես իր տեսակի մեջ եզակի ու անզուգական անունb։
3. Ի՞նչ միջոցներով է «Նոր աշխարհ թարգմանությունը» փոխանցում տեքստի ուժը, գեղեցկությունը և սկզբնական իմաստը։
3 «Նոր աշխարհ թարգմանությունը» սրբացնում է Եհովայի անունը նաև նրանով, որ Աստվածաշնչի մտքերը ներկայացնում է պարզ, հասկանալի լեզվով, ինչի շնորհիվ ընթերցողը հեշտությամբ է յուրացնում կարդացածը։ Օգտագործված է հասարակ, ժամանակակից լեզու, հնարավորինս պահպանված է հետևողականությունը, նաև ճշգրտորեն են ներկայացված գործողությունները և իրավիճակները, որ արտահայտվել են հին եբրայերեն և հունարեն բայերով։ Այս և այլ միջոցներով «Նոր աշխարհ թարգմանությունը» ժամանակակից լեզվով փոխանցում է սկզբնական տեքստի ուժը, գեղեցկությունը և իմաստը։
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԵԶՎՈՎ
4. ա) Ի՞նչ վեհ նպատակի էր ձգտում մի թարգմանիչ։ բ) Ժամանակի ընթացքում ի՞նչ անհրաժեշտություն առաջ եկավ։
4 Տարբեր լեզուներով Աստվածաշնչի հին թարգմանություններում հաճախ ենք հանդիպում հնացած բառեր, որոնք օգտագործվել են 16-րդ և 17-րդ դարերում։ Թեև այսօր այդ բառերը մեզ անծանոթ են, բայց հասկանալի են եղել այն ժամանակ։ Օրինակ՝ Վիլյամ Թինդալը մեկն էր այն մարդկանցից, ովքեր անգլերեն լեզվով թարգմանելիս օգտագործել են հասկանալի բառեր։ Մի անգամ նա իր կրոնական հակառակորդներից մեկին ասել է. «Եթե Աստված թույլ տա, որ երկար ապրեմ, ապա մի քանի տարի հետո կհասնեմ այն բանին, որ անգամ գութան վարող տղան ավելի շատ բան կիմանա Աստվածաշնչից, քան դու»։ Այդ ժամանակներում Հունարեն Գրությունների Թինդալի թարգմանությունը բավականին հասկանալի էր գյուղացի տղայի համար։ Սակայն մեր օրերում նրա օգտագործած շատ բառեր հնացած են համարվում, ուստի այսօրվա «գութան վարող տղան» արդեն չգիտի «Ջեյմս թագավորի թարգմանության» և ուրիշ հին թարգմանությունների շատ բառերի նշանակությունը։ Այդ պատճառով անհրաժեշտություն առաջ եկավ մաքրել Աստվածաշունչը հին բառերի նստվածքից և այն նորից հասկանալի դարձնել հասարակ մարդկանց համար։
5. Ինչպիսի՞ լեզվով պետք է թարգմանվի Աստվածաշունչը և ինչո՞ւ։
5 Աստծուց ներշնչված Սուրբ Գիրքը հասարակ ժողովրդի լեզվով է գրի առնվել։ Առաջին դարի առաքյալները և ուրիշ քրիստոնյաներ չեն օգտագործել դասական հունարեն լեզուն, որով իրենց աշխատություններն էին գրում փիլիսոփաները, օրինակ՝ Պլատոնը։ Նրանք խոսում էին առօրյա խոսակցական՝ համահունական լեզվով, որը կոչվում էր կոյնե։ Այդ պատճառով Հունարեն Գրությունները, ինչպեսև Եբրայերեն Գրությունները գրվել են հասարակ մարդկանց լեզվով։ Ուստի շատ կարևոր է, որ այդ Գրությունների թարգմանությունը նույնպես արվի հասարակ ժողովրդի լեզվով ու հեշտ հասկանալի լինի։ Հետևաբար, «Նոր աշխարհ թարգմանության» թարգմանիչները չեն օգտագործել երեք կամ չորս դար առաջ օգտագործվող լեզու, այլ գործածել են պարզ, ժամանակակից լեզու, որպեսզի ընթերցողները կարողանան հասկանալ, թե ինչ է իրականում ասվում Աստվածաշնչում։
6. Բեր օրինակ, թե ինչո՞վ է օգտակար հնացած բառերը նորերով փոխարինելը։
6 Ժամանակի ընթացքում լեզուները փոփոխության են ենթարկվում։ Օրինակ՝ հայոց լեզուն։ Համեմատենք մի քանի արտահայտություններ «Արարատ» թարգմանությունից (1896թ.) և «Նոր աշխարհ թարգմանությունից»։ «Արարատ» թարգմանության մեջ գրված «սերմ բռնել» արտահայտության փոխարեն՝ «Նոր աշխարհ թարգմանության» մեջ գրվել է «բողբոջել» (Ելք 9։31), «սպանդանոց» բառի փոխարեն՝ «մսի շուկա» (1 Կորնթ. 10։25), «խափանողը» բառի փոխարեն՝ «արգելք է հանդիսանում» (2 Թեսաղ. 2։7), «Բանը» բառի փոխարեն՝ «Խոսքը» (Հովհ. 1։1), «պաշտոն» բառի փոխարեն՝ «ծառայություն» (Գործ. 1։25)։ Այս օրինակները ցույց են տալիս, թե որքան արժեքավոր է «Նոր աշխարհ թարգմանությունը», որի մեջ հնացած բառերի փոխարեն օգտագործվել են ժամանակակից բառեր։
ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
7. Որքա՞ն հետևողական է «Նոր աշխարհ թարգմանությունը»։
7 «Նոր աշխարհ թարգմանությունը» պատրաստելու ժամանակ ջանքեր են թափվել, որ աստվածաշնչյան հիմնական բառերը հետևողականորեն թարգմանվեն։ Հին եբրայերեն և հունարեն առանձին բառերի համար ընտրվել է համապատասխան անգլերեն բառ, որը հետևողականորեն օգտագործվել է այնքան ժամանակ, քանի դեռ այն համատեքստում փոխանցել է բնագրի իմաստը։ Օրինակ՝ եբրայերեն նեֆեշ բառը և հունարեն փսիխե բառը հետևողականորեն գրվել է «հոգի»։
8. ա) Բեր համանունների օրինակներ։ բ) Ինչպե՞ս են դրանք թարգմանվել։
8 Երբեմն խնդիրներ էին առաջ գալիս համանուն բառերը թարգմանելիս։ Դրանք այն բառերն են, որ գրվում են միանման, սակայն ունեն տարբեր իմաստներ։ Այդպիսի բառերը թարգմանելիս հեշտ չէ որոշել դրանց ճիշտ նշանակությունը։ Հայոց լեզվում համանունների օրինակներ են հետևյալ բառերը՝ «մարտ» (կռիվ) և «մարտ» (ամիս), «հոտ» (բուրմունք) և «հոտ» (ոչխարների խումբ)։ Դրանք ձևով նույնն են, իմաստով՝ տարբեր։ Որպես օրինակ՝ Աստվածաշնչից կարելի է բերել եբրայերեն ռավ բառը, որը բոլորովին տարբեր իմաստ ունեցող բառերի արմատ է կազմում ու այդ պատճառով տարբեր կերպերով է թարգմանվում «Նոր աշխարհ թարգմանությունում»։ Հաճախ ռավ բառը նշանակում է «մեծաքանակ», ինչպես որ գրված է Ելք 5։5-ում։ Սակայն եթե այն օգտագործվում է տիտղոսների մեջ, օրինակ՝ «ռաբսակ» բառի մեջ (եբրայերեն՝ ռավշաքեհ) 2 Թագավորներ 18։17-ում, ապա նշանակում է «գլխավոր», և հենց այդպես էլ թարգմանվել է Դանիել 1։3-ում՝ «իր գլխավոր պալատական» (տե՛ս նաև Երեմիա 39։3-ի ծանոթագրությունները)։ Հենց այսպես է գրվում նաև «աղեղնավոր» բառը՝ ռավ, որը օգտագործվում է Երեմիա 50։29-ում։ Համանունների նշանակությունը որոշելիս թարգմանիչները օգտվել են այնպիսի մասնագետների աշխատություններից, ինչպիսիք են բառարանագիրներ Լ. Քյոլերը և Վ. Բաումգարտները։
9. Ի՞նչ է ասել «Նոր աշխարհ թարգմանության» մասին մի մասնագետ։
9 Ահա թե ինչ է ասել հետևողականության մասին եբրայագետ և հունագետ Ալեքսանդր Թոմսոնը «Քրիստոնեական Հունարեն Գրությունների Նոր աշխարհ թարգմանությանը» նվիրված իր գրախոսության մեջ. «Ակնհայտ է, որ թարգմանությունը արվել է հմուտ ու տաղանդավոր լեզվաբանների կողմից, ովքեր ձգտել են այնքան հավատարմորեն փոխանցել հունարեն տեքստի իմաստը, որքան որ թույլ են տվել անգլերենի հնարավորությունները։ Թարգմանության մեջ տեսանելի են այն ջանքերը, որ թափվել են յուրաքանչյուր իմաստակիր հունարեն բառ միևնույն անգլերեն բառով թարգմանելու և լինելու հնարավորինս բառացի.... Այն բառը, որ սովորաբար թարգմանում են «արդարացնել», ճշգրտորեն թարգմանվել է «արդար հայտարարել».... «Խաչ» թարգմանվող բառը թարգմանել են «տանջանքի ցից», ինչը ևս մեկ բարեփոխում է.... Ճիշտ են թարգմանվել նաև Ղուկաս 23։43 համարում արձանագրված խոսքերը. «Ճշմարիտ ասում եմ քեզ այսօր. դու ինձ հետ Դրախտում կլինես»։ Այս ամենը թարգմանվել է շատ ավելի հաջող, քան մյուս թարգմանություններում»։ Իսկ Եբրայերեն Գրությունների թարգմանության մասին նույն անձնավորությունը նշել է. «Արժե ձեռք բերել «Նոր աշխարհ թարգմանություն»։ Այն վառ ու կենդանի է, մղում է ընթերցողին խորհրդածելու և ուսումնասիրություններ անելու։ Սա աստվածաշնչյան քննադատների թարգմանություն չէ, այլ գիտնականների, ովքեր պատվում են Աստծուն և նրա Խոսքը»c։
10. Օրինակով ցույց տուր, թե ինչպես է «Նոր աշխարհ թարգմանության» հետևողականության շնորհիվ հաջողվում թիկունք կանգնել աստվածաշնչյան ճշմարտությանը։
10 «Նոր աշխարհ թարգմանության» հետևողականության շնորհիվ քարոզչական ծառայության ժամանակ Աստվածաշնչի մասին քննարկումները հաղթանակով են պսակվել։ Օրինակ՝ մի քանի տարի առաջ Նյու Յորքի ազատամիտների միությունը խնդրեց «Դիտարան ընկերությանը» երկու հռետորի ուղարկել, որ վերջիններս Աստվածաշնչի մասին ելույթով հանդես գան։ Ընկերությունը համաձայնվեց։ Այս միության անդամները կրթված մարդիկ էին, ովքեր կողմնակից էին լատիներեն մի ասացվածքի՝ falsum in uno falsum in toto, որը նշանակում է «եթե փաստարկը սխալ է մի հարցում, ապա այն բոլոր հարցերում է սխալ»։ Քննարկման ժամանակ ներկաներից մեկը փորձեց Վկաներին ցույց տալ, որ Աստվածաշունչը վստահարժան չէ։ Նա խնդրեց բարձրաձայն կարդալ Ծննդոց 1։3-ը։ Համարը ընթերցվեց «Նոր աշխարհ թարգմանությունից». «Աստված ասաց. «Թող լույս լինի»։ Եվ լույս եղավ»։ Հետո այդ անձնավորությունը վստահությամբ խնդրեց կարդալ Ծննդոց 1։14-ը, և այն նույնպես ընթերցվեց «Նոր աշխարհ թարգմանությունից». «Աստված ասաց. «Թող լուսատուներ լինեն երկնքի տարածությունում»»։ «Մեկ րոպե,— ասաց այդ մարդը,— այդ ի՞նչ եք կարդում։ Իմ Աստվածաշնչում գրված է, որ Աստված լույսը ստեղծեց առաջին օրը և նորից չորրորդ օրը, ու դա տրամաբանական չէ»։ Թեև նա պնդում էր, որ գիտի եբրայերեն, բայց նրան ցույց տրվեց, որ 3-րդ համարում «լույս» թարգմանվել է եբրայերեն օհր բառը, իսկ 14-րդ համարում օգտագործված է մաօհր բառը, որը նշանակում է «լուսատու, կամ՝ լույսի աղբյուր»։ Այս կրթված անհատը պարտված լուռ նստեցd։ Այո՛, «Նոր աշխարհ թարգմանության» հետևողականության շնորհիվ այդ բանավեճը հաղթանակով պսակվեց, ու ապացուցվեց, որ Աստվածաշունչը վստահելի է և օգտակար։
ԲԱՅԵՐԻ ՃՇԳՐԻՏ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ
11. «Նոր աշխարհ թարգմանության» մեջ բնագիր լեզուներին բնորոշ ի՞նչ առանձնահատկություն է պահպանվել ու ինչպե՞ս։
11 «Նոր աշխարհ թարգմանության» ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել գործողությունների ճշգրիտ թարգմանությանը, որոնք արտահայտվել են եբրայերեն ու հունարեն բայերով։ Թարգմանիչները ձգտել են պահպանել բնագիր լեզուներին բնորոշ արտահայտության յուրօրինակ հմայքը, պարզությունը, ուժը և ձևը։ Գործողության իրավիճակը անգլերեն ճիշտ թարգմանելու համար օգտագործվել են օժանդակ բառեր։ Չէ՞ որ բայերի շնորհիվ է, որ բնագիր լեզուներով գրված Աստվածաշունչը այդքան դինամիկ ու արտահայտիչ է։
12. ա) Ո՞րն է եբրայերենի տարբերությունը արևմտյան լեզուների համեմատությամբ։ բ) Նկարագրիր եբրայերեն բայի երկու ձևերը։
12 Եբրայերենը չունի այնպիսի ժամանակաձևեր, որ բնորոշ են արևմտյան լեզուներին։ Այդ լեզուներում բայերը դիտվում են ժամանակի տեսանկյունից՝ անցյալ, ներկա, ապառնի։ Մյուս կողմից՝ եբրայերեն բայը հիմնականում արտահայտում է գործողության վիճակը, այսինքն՝ գործողությունը դիտվում է կա՛մ ավարտված (անցյալ կատարյալ), կա՛մ անավարտ (անցյալ անկատար)։ Եբրայերեն բայի այս ձևերը կարող են օգտագործվել գործողություն ցույց տալու համար անցյալում կամ ապագայում, իսկ ժամանակը որոշվում է համատեքստով։ Օրինակ՝ ավարտված ժամանակը սովորաբար նշանակում է գործողություն՝ կատարված անցյալում, բայց այս ժամանակը օգտագործվում է նաև, երբ ապագա իրադարձության մասին խոսվում է այնպես, ասես այն արդեն տեղի է ունեցել՝ ցույց տալու համար, որ այն անպայման կկատարվի ապագայում։
13. Ինչո՞ւ Ծննդոց 2։2, 3 համարները ճիշտ հասկանալու համար հարկավոր է ճիշտ թարգմանել եբրայերեն բայաձևերը։
13 Շատ կարևոր է ճշգրտորեն թարգմանել եբրայերեն բայերը, հակառակ դեպքում ամբողջովին կաղավաղվի տեքստի իմաստը։ Նկատի առնենք այն բայաձևը, որն օգտագործված է Ծննդոց 2։2, 3 համարներում՝ կապված յոթերորդ օրը Աստծու հանգստի հետ։ Շատ թարգմանություններում այն թարգմանվել է «նա հանգստացավ», «նա դադարեց», «նա դադարել էր», «նա հետո հանգստացավ», «Աստված հանգստացավ» և «նա հանգստացել էր»։ Այս թարգմանություններից ընթերցողը կարող է եզրակացնել, որ յոթերորդ օրը Աստծու հանգիստը ավարտվել է անցյալում։ Սակայն ուշադրություն դարձնենք, թե ինչպես են Ծննդոց 2։2, 3 համարներում օգտագործված բայերը թարգմանվել «Նոր աշխարհ թարգմանության» մեջ. «Յոթերորդ օրվա մոտ Աստված ամբողջացրեց իր արած աշխատանքը և յոթերորդ օրը սկսեց հանգստանալ իր արած ողջ աշխատանքից։ Աստված օրհնեց յոթերորդ օրը և սուրբ դարձրեց այն, որովհետև այդ օրը Աստված սկսեց հանգստանալ իր ողջ աշխատանքից։ Աստված ստեղծեց այն բոլոր բաները, որ նպատակադրել էր»։ Եբրայերենում 2-րդ համարի «սկսեց հանգստանալ» արտահայտությունը դրված է անկատար ժամանակով, հետևաբար այս բայաձևը փոխանցում է անավարտ կամ շարունակվող գործողության իմաստ։ «Սկսեց հանգստանալ» թարգմանված ձևը ներդաշնակ է Եբրայեցիներ 4։4–7 համարներում գրվածին։ Իսկ Ծննդոց 2։3-ում բայը անցյալ կատարյալով է դրված, բայց որպեսզի այս համարը համապատասխան լինի 2-րդ համարին և Եբրայեցիներ 4։4–7-ին, այն նույնպես թարգմանվել է «սկսեց հանգստանալ»։
14. «Նոր աշխարհ թարգմանության» մեջ ինչպե՞ս են ջանացել թարգմանել եբրայերեն բայերը՝ խուսափելով «վավ հետևողականության» սխալ թեորիայից։
14 Եբրայերեն բայաձևերը ոչ ճիշտ թարգմանելու պատճառներից մեկը քերականական թեորիան է, որը այսօր կոչվում է «վավ հետևողականություն»։ Վավ-ը (ו) եբրայերենում շաղկապ է, որը հիմնականում նշանակում է «և»։ Այն երբեք առանձին չի օգտագործվում, այլ միշտ ինչ-որ բառի հետ է գործածվում, հաճախ բայերի, և նրա հետ կազմում է մեկ բառ։ Ինչպես պնդում էին նախկինում և այսօր էլ որոշ գիտնականներ են պնդում, այսպիսի կապը փոխում է բայաձևը՝ անցյալ կատարյալ ժամանակից անկատար դարձնելով, և հակառակը՝ անկատար ժամանակից դարձնելով անցյալ կատարյալ (ինչպես որ արվել է շատ թարգմանություններում, այդ թվում նաև ժամանակակից թարգմանություններում Ծննդոց 2։2, 3-ի պարագայում)։ Այս երևույթը կոչում են նաև «վերափոխման վավ»։ Բայաձևերի նման սխալ կիրառությունը հանգեցրել է շփոթության և եբրայերեն տեքստի ոչ ճիշտ թարգմանության։ «Նոր աշխարհ թարգմանությունը» կատարելիս թարգմանիչները չեն հետևել այն թեորիային, ըստ որի՝ վավ տառը կարող է փոխել բայաձևը։ Դրա փոխարեն՝ նրանք փորձել են ճշգրտորեն փոխանցել եբրայերեն բայերին բնորոշ ողջ ուժը՝ պահպանելով բնագրի իմաստըe։
15. ա) Որքա՞ն ճշգրտորեն են թարգմանվել հունարեն բայաձևերը։ բ) Բեր օրինակ, թե ինչ օգուտ է բերում շարունակական գործողությունների ճշգրիտ թարգմանությունը։
15 Ոչ պակաս ճշգրտորեն են թարգմանվել հունարեն բայերը։ Հունարենում բայերը արտահայտում են ոչ միայն ժամանակի գործողություն կամ վիճակ, այլև գործողության բնույթ՝ կարճատև, սկսված, շարունակվող, կրկնվող կամ ավարտված։ Հունարեն բայաձևերի այս առանձնահատկությունը հաշվի առնելը հնարավորություն է տվել ճշգրտորեն թարգմանելու դրանցով նկարագրվող գործողությունները։ Այն բանի շնորհիվ, որ հունարեն բայաձևը շարունակական իմաստ է հաղորդում, և այդ շարունակական գործողությունը արտացոլվել է թարգմանության մեջ, հաջողվել է ոչ միայն արտահայտել ռեալ իրավիճակը, այլև հորդորներն ու խորհուրդները ավելի ուժգին դարձնել։ Օրինակ՝ փարիսեցիների ու սադուկեցիների շարունակական անհավատությունը հստակ արտահայտված է Հիսուսի խոսքերում. «Չար և շնացող սերունդը շարունակ նշան է փնտրում»։ Իսկ անհրաժեշտությունը շարունակ անելու այն, ինչ ճիշտ է, արտահայտված է նրա հետևյալ խոսքերում. «Շարունակեք սիրել ձեր թշնամիներին»։ «Շարունակեք նախ թագավորությունը և Աստծու արդարությունը փնտրել»։ «Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ, շարունակեք փնտրել և կգտնեք, շարունակեք թակել, և կբացվի ձեր առջև» (Մատթ. 16։4; 5։44; 6։33; 7։7)։
16. Ինչպե՞ս է ճիշտ թարգմանվել 1 Հովհաննես 2։1-ում մեղքի մասին միտքը այն պատճառով, որ հաշվի է առնվել աորիստի նշանակությունը։
16 Հունարենին բնորոշ է քերականական մի անսովոր ժամանակաձև, որը կոչվում է «աորիստ» և նշանակում է կարճատև կամ ակնթարթային գործողություն։ Աորիստային բայերը կարող են թարգմանվել տարբեր կերպերով՝ կախված համատեքստից։ Աորիստը կարող է օգտագործվել որպես մեկանգամյա գործողություն, թեև այն կապ չունի որևէ կոնկրետ ժամանակի հետ։ Այսպիսի օրինակ է «մեղանչել» բայը, որն օգտագործված է 1 Հովհաննես 2։1-ում։ Շատ թարգմանություններում այն թարգմանել են այնպիսի բայաձևով, որը մատնացույց է անում կրկնվող կամ չընդհատվող գործողություն։ Սակայն «Նոր աշխարհ թարգմանության» մեջ այդ բայաձևը թարգմանվել է որպես «մեղք գործել», ինչը ցույց է տալիս մեկանգամյա գործողություն։ Նման թարգմանությունը միտքը ճիշտ է փոխանցում։ Եթե անհատը մեղք գործի, ապա նա ունի Հիսուս Քրիստոսին, որը գործում է որպես պաշտպան կամ օգնական երկնային Հոր առաջ։ Հետևաբար, 1 Հովհաննես 2։1-ը ոչ մի կերպ չի հակասում, այլ պարզապես հակադրվում է 1 Հովհաննես 3։6–8 և 5։18 համարներին, որոնցում դատապարտվում են նրանք, ովքեր համառորեն շարունակում են մեղք գործելf։
17. Բացի շարունակական գործողությունից, ուրիշ ի՞նչ կարող է նշանակել անկատար ժամանակաձևը հունարենում։ Բեր օրինակ։
17 Հունարենում անկատար ժամանակը կարող է ոչ միայն շարունակական գործողություն ցույց տալ, այլև գործողություն, որը չի կատարվել, թեև փորձ արվել է այն կատարելու։ Կարդանք Եբրայեցիներ 11։17 համարը «Արարատ» թարգմանությամբ. «Հաւատքով Աբրահամը Իսահակին պատարագ մատուցրեց երբոր փորձուեցաւ. եւ միածնին մատուցանում էր նա որ խոստմունքն ընդունել էր»։ Հունարենում առաջին և երկրորդ դեպքերում տարբեր բայաձևեր են օգտագործվել, որոնք թարգմանվել են «մատուցրեց» և «մատուցանում էր»։ Առաջին բայը դրված է անցյալ կատարյալ ժամանակով (ավարտված), երկրորդ բայը՝ անկատար (անցյալ շարունակական)։ Այդ պատճառով «Նոր աշխարհ թարգմանության» մեջ այսպես է թարգմանված. «Հավատով Աբրահամը, երբ փորձվեց, Իսահակին համարյա թե զոհ մատուցեց։ Նա, ով ուրախությամբ ստացավ խոստումները, փորձեց մատուցել իր միածին որդուն»։ Առաջին դեպքում փոխանցվել է ավարտված գործողության իմաստ, իսկ երկրորդ դեպքում փոխանցվել է այն միտքը, որ Աբրահամը ուզում էր կամ փորձում էր գործողություն սկսել, բայց այդպես էլ չարեց (Ծննդ. 22։9–14)։
18. Այլ խոսքի մասերը ճշգրտորեն թարգմանելու շնորհիվ ի՞նչ արդյունք է եղել։ Բեր օրինակ։
18 Այլ խոսքի մասերը, մասնավորապես գոյականի հոլովները ճշգրտորեն թարգմանելու ջանքերի շնորհիվ վերացվել են թվացյալ հակասությունները։ Օրինակ՝ Գործեր 9։7-ում, որում նկարագրվում է այն հրաշքը, որ տեղի ունեցավ Սողոսի հետ Դամասկոս գնալու ճանապարհին, շատ թարգմանություններում նշվում է, որ նրան ուղեկցողները ձայն են լսել, բայց ոչ մեկի չեն տեսել։ Իսկ Գործեր 22։9 համարում, որում Պողոսը պատմում է, թե ինչ էր տեղի ունեցել իր հետ, այդ թարգմանություններում գրված է, որ նրա հետ եղող մարդիկ լույսը տեսնում էին, բայց ձայն չէին լսում։ Առաջին դեպքում հունարեն բառը, որ թարգմանվել է «ձայն», դրված է սեռական հոլովով, իսկ երկրորդ դեպքում՝ հայցական հոլովով, ինչպես որ Գործեր 9։4-ում։ Սակայն շատ թարգմանություններում այս տարբերությունը տեսանելի չէ, չնայած այն բանին, որ հունարենում տարբեր հոլովներ տարբեր իմաստներ են փոխանցում։ Գործեր 9։7-ում ասվում է, որ մարդիկ լսել են ինչ-որ ձայն, բայց ոչ այնպես, ինչպես Պողոսը, որը լսում էր բառերը ու հասկանում։ «Նոր աշխարհ թարգմանությունը» հաշվի է առել սեռական հոլովի իմաստը այդ համարում, ուստի այդ միտքը թարգմանվել է, որ Պողոսի հետ եղող մարդիկ լսել են «ինչ-որ ձայն», բայց ոչ մեկի չեն տեսել։
«ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԱՅԼ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ
19. ա) Ինչի՞ շնորհիվ ավելի շատ մարդիկ կարող են գնահատել «Նոր աշխարհ թարգմանության» առավելությունները։ բ) Ի՞նչ տպաքանակով է «Դիտարան ընկերությունը» հրատարակել «Նոր աշխարհ թարգմանությունը»։
19 1961թ.-ին հայտարարվեց այն մասին, որ «Դիտարան ընկերությունը» պատրաստվում է հրատարակել «Նոր աշխարհ թարգմանությունը» վեց լայն տարածում ունեցող լեզուներով ևս՝ հոլանդերենով, ֆրանսերենով, գերմաներենով, իտալերենով, պորտուգալերենով և իսպաներենով։ Այս աշխատանքը վստահվել էր հմուտ և Աստծուն նվիրված թարգմանիչների, ովքեր ծառայում էին «Դիտարան ընկերության» գլխավոր վարչությունում (Բրուքլին, Նյու Յորք)։ Նրանք ծառայում էին որպես միջազգային մեծ կոմիտե ու աշխատում «Նոր աշխարհ թարգմանության» կոմիտեի վերահսկողության ներքո։ Նրանց թարգմանչական աշխատանքի առաջին պտուղը եղավ «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը», որը լույս ընծայվեց միաժամանակ վեց վերոհիշյալ լեզուներով 1963թ. հուլիսին Միլուոկիում (Վիսքոնսին, ԱՄՆ) տեղի ունեցած «Հավիտենական ավետիս» խորագրով համաժողովի ժամանակ։ Այժմ այս ժամանակակից թարգմանության առավելությունները կարող էին գնահատել նաև այն մարդիկ, ովքեր անգլերեն չգիտեին։ Այդ ժամանակվանից թարգմանչական գործունեությունը շարունակվում է, և այսօր «Նոր աշխարհ թարգմանությունը» մասամբ կամ ամբողջությամբ առկա է ավելի քան 116 լեզուներով 178545862 տպաքանակով։
ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱԶԴԵՑԻԿ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
20, 21. Ինչո՞ւ է «Նոր աշխարհ թարգմանությունը» օգտակար քրիստոնյաների համար։
20 Իսկապես, «Նոր աշխարհ թարգմանությունը» ազդեցիկ թարգմանություն է, որի օգնությամբ կարելի է հստակ տեսնել, որ «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»։ Ինչպես տեսանք այս դասի մեջ քննարկված կետերից, սա ճշգրիտ և վստահելի թարգմանություն է, որի ընթերցանությունը մեծ բավականություն կպատճառի նրանց, ովքեր ուզում են լսել, թե ինչպես է Աստված դիմում մարդու սրտին ժամանակակից, կենդանի լեզվով։ «Նոր աշխարհ թարգմանության» լեզուն հոգևորապես արթնացնում է և արագ տրամադրում է անհատին ընկալելու Սուրբ Գրքի դինամիկ շարադրանքը։ Կարիք չկա մի քանի անգամ կարդալու միևնույն համարը՝ անհասկանալի արտահայտությունների իմաստը ըմբռնելու համար։ Հենց առաջին ընթերցանությունից այն փոխանցում է Աստծու Խոսքի ողջ ուժը։
21 «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» Աստծու Խոսքի ճշգրիտ թարգմանություն է, որը համարվում է «ոգու սուր»։ Այդ պատճառով հոգևոր պատերազմում այն արդյունավետ զենք է, պատերազմ, որ քրիստոնյաները մղում են կեղծ ուսմունքների ու տրամաբանությունների ցանկացած ամրություն քանդելու համար, որ կանգնում է Աստծու մասին գիտելիքների առաջ։ Այս Խոսքը հնարավորություն է տալիս ավելի մեծ հասկացողությամբ հռչակելու այն փառավոր գործերի մասին ճշմարտությունները, որ կապված են Աստծու Թագավորության արդարության հետ, այո՛, «Աստծու մեծամեծ բաների մասին» (Եփես. 6։17; 2 Կորնթ. 10։4, 5; Գործ. 2։11)։
[ծանոթագրություններ]
a «Introduction to the Old Testament», 1952, Ռոբերտ Հ. Պֆայֆեր, էջ 94։
b «Թագավորության տողացի թարգմանություն», 1985, էջ 1133– 1138։
c «The Differentiator», 1952, ապրիլ, էջ 52–57 և 1954, հունիս, էջ 136։
d «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 528 (անգլ.)։
e «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանություն՝ ծանոթագրություններով», 1984, էջ 1572, 1573 (անգլ.)։
f «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 1008 (անգլ.)։