Գլուխ 5
Հիսուսի ծնունդը. որտեղ և երբ
ՀՌՈՄԻ Օգոստոս կայսրը հրաման է արձակել, որ ամեն մարդ վերադառնա իր ծննդավայրը՝ գրանցվելու։ Ուստի Հովսեփը գնում է իր ծննդավայր՝ Բեթլեհեմ քաղաքը։
Բեթլեհեմը լիքն է մարդկանցով, որոնք եկել են գրանցվելու։ Գիշերելու միակ տեղը, որ Հովսեփն ու Մարիամը կարողանում են գտնել, մի ախոռ է, որտեղ սովորաբար ավանակներ և ուրիշ կենդանիներ են պահում։ Հենց այստեղ էլ ծնվում է Հիսուսը։ Մարիամը բարուրում է նորածնին և պառկեցնում մսուրի մեջ, որտեղ անասունների կերն է պահվում։
Ինչ խոսք, Աստծու առաջնորդությամբ էր, որ Օգոստոս կայսրը գրանցվելու համար օրենք արձակեց։ Դա հնարավոր դարձրեց, որ Հիսուսը ծնվի Բեթլեհեմում՝ այն քաղաքում, որը պետք է լիներ խոստացված իշխանի ծննդավայրը, ինչի մասին վաղուց ի վեր մարգարեացվել էր Գրություններում։
Ի՜նչ նշանակալից գիշեր է։ Հանկարծ պայծառ լույս է շողում դաշտերում գտնվող մի խումբ հովիվների շուրջ։ Դա Եհովայի փառքն է։ Աստծու հրեշտակն ասում է հովիվներին. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը բոլոր մարդիկ պիտի ունենան, որովհետև Դավթի քաղաքում այսօր ձեզ համար մի Փրկիչ ծնվեց, որը Քրիստոս Տերն է։ Եվ սա ձեզ համար նշան կլինի. դուք մի մանուկ կգտնեք՝ բարուրի մեջ փաթաթված և մսուրի մեջ պառկած»։ Հանկարծ հայտնվում են ուրիշ շատ հրեշտակներ և միաձայն երգում. «Փա՜ռք Աստծուն բարձունքներում, և երկրի վրա խաղաղությո՜ւն նրա բարեհաճությունն ունեցող մարդկանց մեջ»։
Երբ հրեշտակներն անհայտանում են, հովիվներն ասում են իրար. «Եկեք անմիջապես Բեթլեհեմ գնանք և տեսնենք այս եղած բանը, որը Եհովան հայտնեց մեզ»։ Նրանք շտապելով գնում են և հենց հրեշտակի ասած տեղում գտնում են փոքրիկ Հիսուսին։ Երբ հովիվները պատմում են այն ամենը, ինչ ասել էր հրեշտակը, լսողները զարմանում են։ Մարիամն այս բոլոր խոսքերը պահում է իր սրտում։
Շատերն այսօր հավատում են, թե Հիսուսը ծնվել է դեկտեմբերի 25–ին։ Բայց դեկտեմբերին Բեթլեհեմում անձրևոտ, ցուրտ եղանակներ են լինում։ Տարվա այդ եղանակին հովիվներն իրենց հոտերի հետ դաշտում չէին գիշերի։ Նաև դժվար թե հռոմեացի կայսրը պահանջեր, որ մարդիկ գրանցվելու համար ճանապարհ ընկնեին խոր ձմռանը, հատկապես երբ այդ ժողովուրդը տրամադրված էր ապստամբելու նրա դեմ։ Ուստի, ամենայն հավանականությամբ, Հիսուսը ծնվել է վաղ աշնանը։ Ղուկաս 2։1–20; Միքիա 5։2։
▪ Ինչո՞ւ են Հովսեփն ու Մարիամը գնում Բեթլեհեմ։
▪ Ի՞նչ զարմանալի երևույթ է տեղի ունենում Հիսուսի ծնվելու գիշերը։
▪ Որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսը չի ծնվել դեկտեմբերի 25–ին։