Գլուխ 28
Հիսուսին հարցնում են ծոմապահության մասին
ԳՐԵԹԵ մեկ տարի է անցել մ. թ. 30 թ. Պասեքից, որին ներկա էր եղել Հիսուսը։ Արդեն մի քանի ամիս է, ինչ Հովհաննես Մկրտիչը բանտարկված է։ Թեև նա ցանկանում էր, որ իր աշակերտները դառնային Հիսուսի հետևորդները, սակայն բոլորը չէ, որ այդ քայլն արել են։
Հովհաննեսի աշակերտներից ոմանք գալիս են Հիսուսի մոտ և հարցնում. «Այդ ինչպե՞ս է, որ մենք և փարիսեցիները ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները ծոմ չեն պահում»։ Փարիսեցիները շաբաթը երկու անգամ ծոմ են պահում՝ որպես կրոնական ծիսակատարություն։ Հավանաբար Հովհաննեսի աշակերտները նույնպես նմանատիպ սովորություն ունեն։ Հնարավոր է նաև՝ նրանք ծոմ են պահում այն պատճառով, որ վշտացած են Հովհաննեսի բանտարկությամբ, և զարմանում են, թե ինչու Հիսուսի աշակերտները իրենց հետ միասին չեն սգում։
Հիսուսը պատասխանում է. «Մի՞թե փեսայի ընկերները սգալու պատճառ ունեն, քանի դեռ փեսան իրենց հետ է։ Սակայն օրեր կգան, երբ փեսան կվերցվի նրանցից, և այդ ժամանակ նրանք ծոմ կպահեն»։
Հովհաննեսի աշակերտները պետք է որ հիշեն, որ Հովհաննեսն ինքը Հիսուսի մասին խոսելիս նրան Փեսա անվանեց։ Ուստի քանի դեռ Հիսուսն իրենց հետ է, Հովհաննեսը, ինչպեսև Հիսուսի աշակերտները ծոմ պահելը տեղին չեն համարում։ Հետագայում, երբ Հիսուսը մահանում է, նրա աշակերտները սգում են և ծոմ պահում։ Բայց երբ նա հարություն է առնում և երկինք համբարձվում, նրանք այլևս սգալու և ծոմ պահելու պատճառ չունեն։
Այնուհետև Հիսուսը օրինակների միջոցով պարզաբանում է. «Ոչ ոք չքաշված կտորից կարկատան չի դնում հին վերնահագուստի վրա, որովհետև նրա ողջ ուժը կքաշի նրան հագուստից, և պատռվածքը ավելի վատը կլինի։ Ոչ էլ նոր գինին են լցնում հին տկերի մեջ, այլապես տկերը կպատռվեն, գինին կթափվի, և տկերը կփչանան։ Այլ նոր գինին նոր տկերի մեջ են լցնում»։ Ի՞նչ առնչություն ունեն այս օրինակները ծոմապահության հետ։
Հիսուսն օգնում էր Հովհաննես Մկրտչի աշակերտներին հասկանալ, որ պետք չէ ակնկալել, թե իր հետևորդները պիտի պահեն հուդայականության հին ծեսերը, ինչպես օրինակ՝ ծիսական ծոմապահությունը։ Նա չէր եկել «կարկատան դնելու» երկրպագության հին ու մաշված համակարգի վրա և երկարացնելու նրա գոյությունը, որն արդեն հեռացվելու ենթակա էր։ Քրիստոնեությունը չպետք է հարմարեցվեր այդ օրերի հուդայականությանը, որին հատուկ էին մարդկային ավանդույթները։ Ո՛չ, այն չպետք է լիներ ինչպես նոր կտորից կարկատան՝ հին հանդերձի վրա կամ նոր գինի՝ հին տկի մեջ։ Մատթեոս 9։14–17; Մարկոս 2։18–22; Ղուկաս 5։33–39; Հովհաննես 3։27–29։
▪ Ովքե՞ր են ծոմ պահում և ինչո՞ւ։
▪ Հիսուսի աշակերտները ինչո՞ւ ծոմ չեն պահում, քանի դեռ նա իրենց հետ է, և որոշ ժամանակ անց ինչո՞ւ այլևս ծոմ պահելու հարկ չի լինի։
▪ Ի՞նչ օրինակներ է Հիսուսը բերում, և ո՞րն է դրանց նշանակությունը։