Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • jy գլ. 28 էջ 70–էջ 71 պարբ. 6
  • Ինչո՞ւ Հիսուսի աշակերտները ծոմ չեն պահում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ Հիսուսի աշակերտները ծոմ չեն պահում
  • Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Նմանատիպ նյութեր
  • Հիսուսին հարցնում են ծոմապահության մասին
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Ծոմապահությունը մոտեցնո՞ւմ է մեզ Աստծուն
    2009 Դիտարան
  • Ի՞նչ է Աստվածաշունչը ասում ծոմապահության մասին
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
jy գլ. 28 էջ 70–էջ 71 պարբ. 6
Հովհաննես Մկրտչի աշակերտները Հիսուսին հարց են տալիս ծոմ պահելու մասին

ԳԼՈՒԽ 28

Ինչո՞ւ Հիսուսի աշակերտները ծոմ չեն պահում

ՄԱՏԹԵՈՍ 9։14–17 ՄԱՐԿՈՍ 2։18–22 ՂՈՒԿԱՍ 5։33–39

  • ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԾՈՄ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑ ԵՆ ՏԱԼԻՍ ՀԻՍՈՒՍԻՆ

Մ.թ. 30թ. Պասեքից որոշ ժամանակ անց Հովհաննես Մկրտչին բանտարկել էին։ Եվ այժմ նա դեռ բանտում է։ Թեև Հովհաննես Մկրտիչը ցանկանում էր, որ իր աշակերտները դառնային Հիսուսի հետևորդները, սակայն նրա բանտարկությունից հետո բոլոր աշակերտները չէ, որ այդպես էին վարվել։

Այժմ մոտենում է մ.թ. 31թ. Պասեքը։ Հովհաննեսի աշակերտներից մի քանիսը գալիս են Հիսուսի մոտ և հարցնում. «Ինչո՞ւ մենք և փարիսեցիները ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում» (Մատթեոս 9։14)։ Փարիսեցիները ծոմ են պահում որպես կրոնական արարողություն։ Հետագայում մի առիթով Հիսուսը նույնիսկ օրինակ է բերում մի ինքնահավան փարիսեցու մասին, որն աղոթում է. «Ո՛վ Աստված, շնորհակալ եմ քեզ, որ մյուս մարդկանց պես չեմ.... [ես] շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում» (Ղուկաս 18։11, 12)։ Հովհաննեսի աշակերտները նույնպես ծոմ են պահում։ Եվ դա անում են գուցե այն պատճառով, որ ցանկանում են հետևել ընդունված սովորույթին կամ էլ այն պատճառով, որ վշտացած են Հովհաննեսի բանտարկության համար։ Ուստի նրանք զարմանում են, թե ինչու Հիսուսի աշակերտները, իրենց նման, ծոմ չեն պահում, որպեսզի թերևս այդ կերպով արտահայտեն իրենց վիշտը Հովհաննեսի համար։

Հիսուսը պատասխանում է նրանց՝ բերելով մի օրինակ. «Մի՞թե փեսայի ընկերները սգալու պատճառ ունեն, քանի դեռ փեսան իրենց հետ է։ Սակայն օրեր կգան, երբ փեսան կվերցվի նրանցից, և այդ ժամանակ նրանք ծոմ կպահեն» (Մատթեոս 9։15)։

Հովհաննեսն էլ Հիսուսի մասին խոսելիս նրան փեսա էր անվանել (Հովհաննես 3։28, 29)։ Ուստի քանի դեռ Հիսուսն իր աշակերտների հետ է, նրանք ծոմ չեն պահում։ Իսկ հետագայում, երբ Հիսուսը մահանա, նրա աշակերտները կսգան և ուտելու ցանկություն չեն ունենա։ Բայց ամեն բան կփոխվի, երբ նա հարություն առնի։ Այդ ժամանակ նրանք այլևս սգալու և ծոմ պահելու պատճառ չեն ունենա։

Այնուհետև Հիսուսը երկու օրինակ է բերում. «Ոչ ոք նոր կտորից կարկատան չի դնում հին վերնահագուստի վրա, որովհետև կարկատանը կմտնի ու հագուստը կպատռի, և պատռվածքը ավելի մեծ կլինի։ Ոչ էլ նոր գինին են լցնում հին տիկերի մեջ, այլապես տիկերը կպատռվեն, և այդ ժամանակ և՛ գինին կթափվի, և՛ տիկերը կփչանան։ Այլ նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում» (Մատթեոս 9։16, 17)։ Ի՞նչ նկատի ունի Հիսուսը։

Այդ օրինակով Հիսուսը ցանկանում է օգնել Հովհաննես Մկրտչի աշակերտներին հասկանալու, որ իր հետևորդներից չի պահանջվում պահել հուդայականության հին սովորույթները, ինչպես, օրինակ, ծիսական ծոմապահությունը։ Հիսուսը չի եկել «կարկատելու» երկրպագության հնացած համակարգը և երկարաձգելու դրա գոյությունը. մի համակարգ, որը մոտենում է իր վախճանին։ Երկրպագության այն ձևը, որը Հիսուսն է սովորեցնում, չպետք է հարմարեցվի այդ օրերի հուդայականությանը և դրա մաս կազմող մարդկային ավանդույթներին։ Նա չի փորձում հին վերնահագուստի վրա նոր կտորից կարկատան դնել կամ նոր գինին լցնել հին տիկի մեջ։

ԾՈՄԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՕՐԻՆԱԿՆԵՐ

Կաշվե տիկ

Հիսուսը օգտագործում էր այնպիսի օրինակներ, որոնք իր ունկնդիրները հեշտությամբ կհասկանային։ Օրինակ՝ նա խոսեց կարուձևի մասին։ Եթե ինչ-որ մեկը բոլորովին նոր կտորով կարկատեր մաշված մի հագուստ կամ կտոր, ի՞նչ տեղի կունենար։ Երբ հագուստը լվացվեր, նոր կտորը կփոքրանար և կպոկվեր հին կտորից՝ պատռելով այն։

Նա նաև խոսեց գինին պահելու մասին։ Օրինակ՝ հնում գինին սովորաբար պահում էին կենդանու կաշվից պատրաստված տիկերի մեջ։ Ժամանակի ընթացքում, սակայն, տիկերը կոշտանում էին և կորցնում էին իրենց ճկունությունը։ Ապահով չէր լինի նոր գինին այսպիսի տիկերի մեջ լցնել, քանի որ նոր գինին գուցե շարունակեր խմորվել՝ ճնշում առաջացնելով տիկի մեջ։ Արդյունքում հին ու կոշտացած տիկը կարող էր պատռվել։

  • Ովքե՞ր են Հիսուսի օրերում ծոմ պահում և ինչո՞ւ։

  • Ինչո՞ւ Հիսուսի աշակերտները ծոմ չեն պահում, և հետագայում ի՞նչը գուցե պատճառ լինի ծոմ պահելու համար։

  • Ի՞նչ նկատի ունի Հիսուսը՝ գինու ու կարկատանի մասին օրինակները բերելով։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը