Գլուխ 36
Հարյուրապետի մեծ հավատը
ԵՐԲ Հիսուսը ներկայացնում է Լեռան քարոզը, այդ ժամանակ իր երկրային ծառայության գրեթե կեսն արդեն անցել է։ Դա նշանակում է, որ երկրի վրա իր գործն ամբողջացնելուն ընդամենը մնացել է մոտ մեկ տարի և ինը ամիս։
Հիսուսն այժմ գալիս է Կափառնայում, որն իր գործունեության համար իբրև ելակետ է ծառայում։ Այստեղ ինչ–որ խնդրանքով նրան են մոտենում մի քանի հրեա երեցներ։ Նրանց ուղարկել է հռոմեական զորքի մի հարյուրապետ, որը այլազգի է։
Հարյուրապետի սիրելի ծառան մահամերձ հիվանդ է, և նա ուզում է, որ Հիսուսը բուժի իր ծառային։ Ուստի հրեաները թախանձագին աղաչում են հարյուրապետի համար։ «Նա արժանի է, որ դու այդ բանը շնորհես նրան,— ասում են նրանք,— որովհետև սիրում է մեր ազգը և ժողովարանը նա՛ կառուցեց մեզ համար»։
Առանց վարանելու՝ Հիսուսը գնում է նրանց հետ։ Սակայն երբ այս խումբը մոտենում է տանը, հարյուրապետն իր ընկերներին ուղարկում է Հիսուսին ընդառաջ, որպեսզի իր կողմից ասեն նրան. «Տե՛ր, նեղություն մի՛ քաշիր, որովհետև ես արժանի չեմ, որ դու իմ հարկի տակ մտնես։ Դրա համար էլ ես ինքս ինձ արժանի չհամարեցի քեզ մոտ գալ»։
Խոնարհության ինչպիսի՜ դրսևորում, և այն էլ հարյուրապետի կողմից, որը սովոր է միշտ ուրիշներին հրամաններ տալ։ Բայց հնարավոր է՝ նա նաև մտածում է Հիսուսի մասին՝ հասկանալով, որ ըստ սովորույթի՝ հրեաներին արգելվում է շփվել ոչ հրեաների հետ։ Նույնիսկ Պետրոսը հետագայում մի առիթով ասաց. «Դուք լավ գիտեք, թե որքան անօրինական է հրեայի համար օտարազգի մարդու հետ ընկերակցել կամ նրան մոտենալ»։
Ըստ երևույթին, հարյուրապետը չի ցանկանում, որ Հիսուսը կրի այս սովորույթը խախտելու հետևանքները, ուստի իր ընկերների միջոցով խնդրում է նրան. «Մի խոսք ասա, և թող իմ ծառան բուժվի։ Որովհետև ես էլ իշխանության տակ եղող մարդ եմ և ինձ ենթակա զինվորներ ունեմ. մեկին ասում եմ՝ գնա՛, և նա գնում է, մյուսին՝ արի՛, և նա գալիս է, և իմ ծառային ասում եմ՝ այս բա՛նն արա, և նա անում է»։
Լսելով այս խոսքերը՝ Հիսուսը զարմացած ասում է. «Ճշմարտությունն եմ ասում ձեզ. Իսրայելում ոչ մեկի մեջ այսքան մեծ հավատ չգտա»։ Հիսուսը բուժում է հարյուրապետի ծառային և, օգտվելով հարմար առիթից, բացատրում է, որ Աստծու օրհնությունները, որոնք մերժել են անհավատ հրեաները, տրվելու են հավատացող ոչ հրեաներին։
«Շատերը,— ասում է նա,— կգան արևելքից և արևմուտքից և Աբրահամի և Իսահակի և Հակոբի հետ սեղանի շուրջ կթիկնեն երկնքի թագավորության մեջ, մինչդեռ թագավորության որդիները կգցվեն դրսի խավարը։ Այնտեղ է, որ կլինի նրանց լացն ու ատամների կրճտոցը»։
«Թագավորության որդիները», որ պիտի «գցվեն դրսի խավարը», ծագումով հրեաներն են, որոնք չեն օգտվում Քրիստոսի իշխանակիցները դառնալու հնարավորությունից, որն առաջինը իրենց էր տրվել։ Աբրահամը, Իսահակն ու Հակոբը ներկայացնում են այն կառույցը, որը պատկերում է Աստծու Թագավորությունը։ Այսպիսով՝ Հիսուսը ցույց է տալիս, որ ոչ հրեաները հրավիրվելու են «երկնքի թագավորության մեջ» նստելու համար։ Ղուկաս 7։1–10; Մատթեոս 8։5–13; Գործեր 10։28։
▪ Ինչո՞ւ են հրեաները աղաչում այլազգի հարյուրապետի համար։
▪ Ինչո՞վ է բացատրվում այն, որ հարյուրապետը Հիսուսին չի հրավիրում մտնել իր տուն։
▪ Իր վերջին խոսքերն ասելով՝ ի՞նչ ի նկատի ունի Հիսուսը։