Գլուխ 103
Նորից գնում է տաճար
ԵՐԻՔՈՎԻՑ գալուց հետո Հիսուսն ու իր աշակերտները արդեն երրորդ գիշերն են անցկացնում Բեթանիայում։ Նիսանի 10–ն է՝ երկուշաբթի։ Լույսը նոր է բացվել, և նրանք արդեն Երուսաղեմ գնալու ճանապարհին են։ Հիսուսը քաղցած է։ Ուստի երբ նա մի թզենի է նկատում, որը տերևներ ունի, մոտենում է տեսնելու, թե արդյո՞ք նրա վրա թուզ կա։
Սովորաբար թուզը հունիսից շուտ չի հասնում, իսկ այժմ դեռ մարտ ամսվա վերջերն է, հետևաբար այդ ծառի տերևները ժամանակից շուտ են դուրս եկել։ Սակայն Հիսուսը մտածում է, որ եթե տերևները շուտ են դուրս եկել, ուրեմն պետք է որ պտուղն էլ շուտ հասած լինի։ Բայց նա հիասթափություն է ապրում։ Տերևները ծառին խաբուսիկ տեսք են տվել։ Այդ ժամանակ Հիսուսը անիծում է ծառին՝ ասելով. «Թող որ քեզանից այլևս ոչ ոք պտուղ չուտի հավիտյան»։ Հիսուսի արարքի հետևանքները և դրա նշանակությունը աշակերտները հասկանում են միայն հաջորդ առավոտյան։
Շարունակելով ճանապարհը՝ Հիսուսն իր աշակերտների հետ շուտով հասնում է Երուսաղեմ։ Նա ուղղվում է դեպի տաճար, որտեղ նախորդ օրը կեսօրին նա ամեն ինչ զննել էր։ Սակայն այսօր Հիսուսը որոշակի քայլերի է դիմում, ինչպես որ արել էր երեք տարի առաջ, երբ մ. թ. 30–ին եկել էր Պասեքը տոնելու։ Նա սկսում է դուրս վռնդել բոլոր նրանց, ովքեր առուծախ են անում տաճարում, և շուռ է տալիս դրամափոխների սեղաններն ու աղավնի վաճառողների նստարանները։ Նա նույնիսկ թույլ չի տալիս, որ մեկը տաճարի միջով որևէ բան անցկացնի։
Դատապարտելով դրամափոխներին և տաճարում կենդանիներ վաճառողներին՝ նա ասում է. «Գրված չէ՞ արդյոք՝ «իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի բոլոր ազգերի համար»։ Բայց դուք այն ավազակների որջ եք դարձրել»։ Նրանք ավազակներ են այն իմաստով, որ չափազանց բարձր գներ են պահանջում մարդկանցից, որոնք ստիպված միայն նրանցից են անասուններ գնում զոհեր մատուցելու համար։ Դրա համար էլ Հիսուսը այսպիսի գործարքները կողոպուտ կամ ավազակություն է համարում։
Երբ ավագ քահանաները, դպիրներն ու ժողովրդի գլխավորները լսում են Հիսուսի արածների մասին, կրկին հնար են փնտրում, թե ինչպես սպանեն նրան։ Դրանով նրանք փաստում են, որ անուղղելի են։ Բայց չգիտեն, թե ինչպես կործանեն Հիսուսին, որովհետև ամբողջ ժողովուրդը կառչած է նրան, որ լսի։
Հրեաներից բացի՝ Պասեքին եկել են նաև այլազգիներ։ Նրանք պրոզելիտներ են, այսինքն՝ հրեաների կրոնն ընդունած մարդիկ։ Որոշ հույներ՝ ակներևաբար պրոզելիտներ, մոտենում են Փիլիպպոսին և խնդրում են, որ տեսնեն Հիսուսին։ Փիլիպպոսը գնում է Անդրեասի մոտ՝ թերևս հարցնելու, թե արդյոք այդպիսի հանդիպումը տեղին կլինի։ Հիսուսն, ըստ ամենայնի, դեռ տաճարում է, որտեղ էլ հույները կարող են տեսնել նրան։
Հիսուսը գիտի, որ իրեն ընդամենը մի քանի օր է մնացել ապրելու, ուստի օրինակի միջոցով պատկերում է իր իրավիճակը. «Եկել է ժամը, որ մարդու Որդին փառավորվի։ Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ չի ընկնում ու չի մեռնում, միայն այդ մեկ հատիկն է մնում. բայց եթե մեռնում է, շատ պտուղ է տալիս»։
Ցորենի մեկ հատիկը գրեթե արժեք չունի։ Բայց ի՞նչ է պատահում, երբ այն ցանվում է հողի մեջ և «մեռնում» է՝ դադարելով գոյություն ունենալ որպես սերմ։ Այդ սերմը ծլում է, ժամանակի ընթացքում ցողուն դառնում, այնուհետև ցորենի բազում հատիկներ է տալիս։ Նմանապես, որպես կատարյալ մարդ՝ Հիսուսը մեկն է։ Բայց եթե նա Աստծուն հավատարիմ մնալով մահանա, ապա նրա միջոցով հավիտենական կյանք կստանան այն հավատարիմ մարդիկ, ովքեր նրա պես անձնազոհ ոգի կդրսևորեն։ Ուստի Հիսուսն ասում է. «Նա, ով սիրում է իր հոգին, կործանում է այն, բայց նա, ով ատում է իր հոգին այս աշխարհում, կպահպանի այն հավիտենական կյանքի համար»։
Ակնհայտ է, որ Հիսուսը միայն իր մասին չի մտածում, քանի որ շարունակում է. «Եթե մեկը ուզում է ծառայել ինձ, թող իմ հետևից գա, և որտեղ ես եմ, այնտեղ էլ իմ ծառան կլինի։ Եթե մեկը ծառայի ինձ, Հայրը կպատվի նրան»։ Ինչպիսի՜ չքնաղ վարձատրություն է նրանց համար, ովքեր հետևում են Հիսուսին և ծառայում նրան։ Հայրը նրանց կարժանացնի Քրիստոսի հետ Թագավորության մեջ լինելու պատվին։
Խորհելով իրեն սպասվող տառապանքների և տանջալից մահվան մասին՝ Հիսուսը շարունակում է. «Հիմա հոգիս խռովված է, և ի՞նչ ասեմ. Հա՛յր, փրկի՛ր ինձ այս ժամից»։ Եթե միայն հնարավոր լիներ խուսափել այն ամենից, ինչ սպասվում է իրեն... Բայց դա հնարավոր չէ, քանի որ նա ասում է. «Ես հենց այս ժամի համար եմ եկել»։ Հիսուսը համաձայն է այն ամենին, ինչ նախատեսել է Աստված, այդ թվում իր զոհաբերական մահվանը։ Մատթեոս 21։12, 13, 18, 19; Մարկոս 11։12–18; Ղուկաս 19։45–48; Հովհաննես 12։20–27։
▪ Ինչո՞ւ է Հիսուսը ակնկալում թուզ գտնել ծառի վրա, չնայած որ դեռ թզի ժամանակը չէ։
▪ Տաճարում առուծախ անողներին Հիսուսն ինչո՞ւ է «ավազակներ» կոչում։
▪ Ի՞նչ առումով է Հիսուսը նման մահացող ցորենի հատիկի։
▪ Ի՞նչ է զգում Հիսուսը՝ խորհելով իրեն սպասող տառապանքների և մահվան մասին։