Գլուխ 118
Մատնությունն ու ձերբակալությունը
ԿԵՍԳԻՇԵՐՆ արդեն անցել է։ Հուդան զինվորներից, ավագ քահանաներից, փարիսեցիներից և ուրիշ մարդկանցից կազմված մի մեծ ամբոխի հետ գալիս է Գեթսեմանիի պարտեզ։ Քահանաները համաձայնվել են 30 կտոր արծաթ վճարել Հուդային, որպեսզի նա մատնի Հիսուսին։
Երբ Հուդան հեռացավ Պասեքի ընթրիքից, ակներևաբար ուղիղ գնաց ավագ քահանաների մոտ։ Նրանք անմիջապես հավաքեցին իրենց պահապաններին, ինչպես նաև զինվորների մի խումբ։ Հնարավոր է՝ սկզբում Հուդան առաջնորդեց նրանց այնտեղ, որտեղ Հիսուսն ու իր առաքյալները նշում էին Պասեքը։ Տեսնելով, որ նրանք հեռացել են այդտեղից՝ այս հսկայական զինված ամբոխը Հուդայի առաջնորդությամբ դուրս եկավ Երուսաղեմից և անցավ Կեդրոն հեղեղատը։
Հուդան ժողովրդին տանում է Ձիթենյաց լեռան վրա, քանի որ վստահ է, թե որտեղ կարող է գտնել Հիսուսին։ Վերջին շաբաթվա ընթացքում Բեթանիայից Երուսաղեմ գնալիս ու վերադառնալիս Հիսուսն ու իր առաքյալները հաճախ էին կանգ առնում Գեթսեմանիի պարտեզում, որպեսզի հանգստանային ու զրուցեին։ Սակայն այժմ մթության մեջ և ձիթենիների տակ զինվորները ինչպե՞ս կկարողանան ճանաչել Հիսուսին։ Գուցե նրանք երբեք նախկինում չեն տեսել նրան։ Ուստի Հուդան մի նշան է տալիս՝ ասելով. «Ում որ համբուրեմ, նա՛ է։ Ձերբակալեք նրան և ապահով հսկողությամբ տարեք»։
Հուդան այդ մեծ ամբոխին առաջնորդում է պարտեզ և, տեսնելով Հիսուսին իր առաքյալների հետ, մոտենում է նրան։
— Բարև՛, Ռաբբի՛,— ասում է նա ու քնքշորեն համբուրում նրան։
— Բարեկա՛մ, ինչո՞ւ համար եկար այստեղ,— կտրուկ հարցնում է Հիսուսը, այնուհետև ինքն իր հարցին պատասխանելով՝ ասում է.— Հո՛ւդա, մարդու Որդուն համբույրո՞վ ես մատնում։
Բայց բավակա՛ն է խոսել մատնիչի հետ։ Հիսուսը առաջ է գնում, որպեսզի լապտերի ու ջահերի լույսը լուսավորի իրեն, և հարցնում է.
— Ո՞ւմ եք փնտրում։
— Հիսուս նազովրեցուն,— լսվում է պատասխանը։
— Ե՛ս եմ,— պատասխանում է Հիսուսը և խիզախորեն կանգնում բոլորի առաջ։
Ապշելով նրա քաջության վրա և չիմանալով, թե ինչ ակնկալել՝ այդ մարդիկ ետ–ետ են գնում ու գետին ընկնում։
— Ձեզ ասացի, որ ե՛ս եմ,— հանգիստ շարունակում է Հիսուսը։— Եթե ինձ եք փնտրում, թողեք, որ սրանք գնան։
Քիչ առաջ վերնասենյակում Հիսուսն իր Հորն ուղղված աղոթքում ասել էր, որ պահպանել է իր հավատարիմ առաքյալներին և նրանցից ոչ մեկը չի կորել՝ «բացի կործանման որդուց»։ Ուստի որպեսզի իր խոսքը կատարվի, նա խնդրում է, որ իր հետևորդներին թույլ տան գնալ։
Երբ զինվորները ուշքի են գալիս, վեր են կենում ու սկսում են կապել Հիսուսին, այդ ժամանակ առաքյալները հասկանում են, թե ինչ է պատահելու։ «Տե՛ր, սրով հարվածե՞նք»,— հարցնում են նրանք։ Մինչ Հիսուսը կպատասխանի, Պետրոսը, որի մոտ է առաքյալների բերած երկու սրերից մեկը, հարձակվում է քահանայապետի ծառաներից մեկի՝ Մաղքոսի վրա։ Նա սրով հարվածում է նրան և կտրում աջ ականջը։
«Թողե՛ք, բավակա՛ն է»,— միջամտում է Հիսուսը։ Դիպչելով Մաղքոսի ականջին՝ նա բուժում է վերքը։ Այնուհետև մի կարևոր դաս է սովորեցնում՝ հրամայելով Պետրոսին. «Սուրդ տե՛ղը դիր, որովհետև բոլոր սուր վերցնողները սրով կկորչեն։ Թե՞ կարծում ես՝ չեմ կարող խնդրել իմ Հորը, որ այս պահին ավելի քան տասներկու լեգեոն հրեշտակ ուղարկի ինձ մոտ»։
Հիսուսը ցանկանում է, որ իրեն ձերբակալեն։ Նա ասում է. «Ինչպե՞ս կկատարվեին Գրությունները, որ այսպե՛ս պետք է տեղի ունենար»։ Ապա ավելացնում է. «Այն բաժակը, որ Հայրը տվեց ինձ, մի՞թե չպետք է խմեմ»։ Նա լիովին համամիտ է Աստծու կամքին։
Այնուհետև Հիսուսը դիմում է ամբոխին. «Սրերով ու մահակներով ինչպես մի ավազակի դե՞մ դուրս եկաք, որ ձերբակալեք ինձ,— հարցնում է նա։— Ամեն օր տաճարում նստում և սովորեցնում էի, և դուք չձերբակալեցիք ինձ։ Բայց այս ամենը տեղի ունեցավ, որպեսզի կատարվեն մարգարեների գրությունները»։
Այդ ժամանակ զինվորների խումբը, զորապետը և հրեաների պահապանները բռնում են Հիսուսին և կապում։ Տեսնելով դա՝ առաքյալները թողնում են նրան ու փախչում։ Սակայն մի երիտասարդ՝ հավանաբար Մարկոս աշակերտը, մնում է ամբոխի մեջ։ Թերևս նա եղել էր այն տանը, որտեղ Հիսուսը նշել էր Պասեքը, և հետո ամբոխի հետևից եկել էր այստեղ։ Սակայն այժմ նրան ճանաչում են ու փորձում են բռնել։ Բայց նա թողնում է իր կտավե հագուստը ու փախչում։ Մատթեոս 26։47–56; Մարկոս 14։43–52; Ղուկաս 22։47–53; Հովհաննես 17։12; 18։3–12։
▪ Ինչո՞ւ է Հուդան վստահ, որ կգտնի Հիսուսին Գեթսեմանիի պարտեզում։
▪ Ինչպե՞ս է Հիսուսը ցույց տալիս, որ հոգ է տանում իր առաքյալների մասին։
▪ Ի՞նչ է անում Պետրոսը Հիսուսին պաշտպանելու համար, սակայն ի՞նչ է ասում Հիսուսը։
▪ Ինչպե՞ս է Հիսուսը ցույց տալիս, որ լիովին համամիտ է Աստծու կամքին։
▪ Երբ առաքյալները թողնում են Հիսուսին, ո՞վ է մնում, և ի՞նչ է պատահում նրան։