Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • jv գլ. 5 էջ 42–էջ 60 պարբ. 4
  • Հռչակվում է Տիրոջ վերադարձը (1870–1914)

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հռչակվում է Տիրոջ վերադարձը (1870–1914)
  • Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ճշմարտության որոնումներ
  • Ամրապնդված հավատ
  • Աջակցություն ուրիշներից
  • Ժամանակների վերաբերյալ մարգարեությունները և Տիրոջ ներկայությունը
  • «Ճշմարտությունը հռչակելու հսկայածավալ քարոզարշավ»
  • Ռասելը խզում է կապերը Բարբերի հետ
  • «Ոչ թե որպես մի նոր բան, ոչ թե որպես մեր սեփականը, այլ որպես Տիրոջ խոսք»
  • «Կերտենք միմյանց սրբագույն հավատով»
  • «Դու քարոզո՞ւմ ես»
  • «Դուք պետք է հեռանաք նրանից»
  • «Ճշմարտությունը միանգամից գրավեց սիրտս»
  • Գլխավոր վարչությունը և «Աստվածաշնչի տունը»
  • Մեծացող հոտը միավորելու ջանքեր
  • Բացվում է «թերթերով ավետարանելու» նոր դուռը
  • Տեղափոխություն Բրուքլին
  • Բարի լուրի մեծամասշտաբ հռչակումը
  • Ճշմարտության ճշգրիտ գիտելիքների լույսը սկսում է շողալ
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Փորձություններ և մաղում կազմակերպության ներսում
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Երկնքում ծնվում է Թագավորությունը
    «Աստծու Թագավորությունը իշխում է»
  • Փորձության ժամանակաշրջան (1914–1918)
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
Ավելին
Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
jv գլ. 5 էջ 42–էջ 60 պարբ. 4

Գլուխ 5

Հռչակվում է Տիրոջ վերադարձը (1870–1914)

«Այս պատմությունը ներկայացնում եմ ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը ինձ հորդորել է գրել այն մասին, թե ինչպես է Աստված առաջնորդություն տվել լույսի ճանապարհին, այլ հատկապես այն պատճառով, որ իմ կարծիքով՝ անհրաժեշտ է համեստորեն պատմել ճշմարտությունը, հերքել սխալ պատկերացումներն ու կանխակալ տեսակետները և օգնել մեր ընթերցողներին տեսնելու, թե Տերը մինչ այժմ ինչպես է օգնություն ու առաջնորդություն տալիս»ab։

ԱՅՍ խոսքերից հետո Չարլզ Թեյզ Ռասելը նկարագրում է այն դեպքերը, որոնք առաջնորդեցին «Հազարամյակի արշալույս» ժողովածուի (հետագայում՝ «Գրությունների ուսումնասիրություն») և «Սիոնի Դիտարան և Քրիստոսի ներկայության մունետիկի» (այժմ՝ «Դիտարան. ծանուցանում է Եհովայի Թագավորությունը») հրատարակմանը։ Այս պատմությունը հատկապես կհետաքրքրի Եհովայի վկաներին։ Ինչո՞ւ։ Քանի որ աստվածաշնչյան ճշմարտությունների նրանց ներկայիս հասկացողությունը և գործունեությունը սկիզբ են առել 1870-ականներից՝ Չ. Թ. Ռասելի և նրա ընկերակիցների գործունեության ժամանակներից, իսկ եթե ավելի հեռուն նայենք, ապա դրանց արմատները գալիս են Աստվածաշնչից և վաղ քրիստոնեության ժամանակներից։

Ո՞վ էր Չարլզ Թեյզ Ռասելը։ Արդյոք նրա գործունեության մեջ ակնհայտ երևո՞ւմ է Տիրոջ աջակցությունն ու առաջնորդությունը։

Ճշմարտության որոնումներ

Չ. Թ. Ռասելը ծնվել է 1852թ. փետրվարի 16-ին Միացյալ Նահանգների Փենսիլվանիա նահանգի Ալեգեյնի քաղաքում (այժմ՝ Պիտսբուրգի մասը)։ Նա Ջոզեֆ և Էն Էլիզա (Բերնի) Ռասելների երկրորդ որդին էր։ Նրա ծնողները շոտլանդա-իռլանդական ծագում ունեցող պրեսբիտերականներ էին։ Չարլզը դեռ 9 տարեկան էր, երբ մայրը մահացավ, սակայն վաղ տարիքից նրա կրոնասեր ծնողները մեծ ազդեցություն էին թողել նրա վրա։ Ինչպես հետագայում Ռասելի ընկերներից մեկն ասաց, «նրանք մի փոքրիկ շիվ էին տնկել, որն աճեց՝ ձգվելով դեպի Տերը»։ Չնայած Ռասելը մեծացել էր որպես պրեսբիտերական, բայց միացավ կոնգրեգացիոնալ եկեղեցուն, քանի որ նրանց տեսակետներն ավելի հոգեհարազատ էին իրեն։

Պատանի Չարլզը, ակներևաբար, հաջողակ բիզնեսմեն էր։ 11 տարեկանում նա դարձավ հոր գործընկերը։ Նրանք տղամարդկանց հագուստի խանութ ունեին, և նրանց բիզնեսը բարգավաճում էր։ Չարլզը ընդլայնեց այդ գործը՝ բացելով նոր խանութներ։ Թեև նա բիզնեսում հաջողությունների էր հասել, սակայն նրան մտահոգում էին հոգևորին առնչվող հարցեր։ Ինչո՞ւ։

Չարլզի ծնողները անկեղծ սրտով ընդունում էին քրիստոնեական աշխարհի բոլոր հավատալիքները և դրանք փորձում էին սերմանել իրենց որդու մեջ։ Նրան սովորեցրել էին, որ Աստված սեր է, այդուհանդերձ ստեղծելով մարդուն անմահ՝ մի վայր է պատրաստել, որտեղ կրակի մեջ հավիտյան տանջում է բոլորին՝ բացառությամբ նրանց, ովքեր նախասահմանված են փրկության համար։ Պատանի Չարլզի ազնիվ սիրտը մերժում էր այդ գաղափարը։ Նա այսպես էր մտածում. «Այն Աստվածը, որն իր զորությամբ ստեղծել է մարդուն և նախապես գիտի կամ որոշել է, որ այդ մարդը պետք է հավիտյան տանջվի, ո՛չ իմաստուն է, ո՛չ էլ սիրող։ Եթե այդպես է, ապա Աստծու չափանիշներն ավելի ցածր են, քան մարդկանց չափանիշները»։

Բայց երիտասարդ Ռասելը աթեիստ չէր։ Նա պարզապես չէր կարողանում հասկանալ եկեղեցիներում ընդունված ուսմունքները։ Նա բացատրում է. «Աստիճանաբար սկսեցի տեսնել, որ թեև բոլոր հավատալիքների մեջ կային ճշմարտության որոշ տարրեր, սակայն ընդհանուր առմամբ դրանք մոլորեցնում էին մարդկանց և հակասում էին Աստծու Խոսքին»։ Այդպես էլ կար. «ճշմարտության տարրերը» թաղվել էին հեթանոսական ուսմունքների ճահճում. ուսմունքներ, որոնք դարավոր հավատուրացության ընթացքում ներթափանցել էին արդեն իսկ աղավաղված քրիստոնեության մեջ։ Ռասելը մերժեց եկեղեցական հավատալիքները և սկսեց որոնել ճշմարտությունը։ Նա ուսումնասիրեց որոշ հայտնի արևելյան կրոններ, սակայն չգտավ այն, ինչ փնտրում էր։

Ամրապնդված հավատ

Աստվածավախ ծնողների կողմից տնկված «շիվը» շարունակում էր աճել և «ձգվել դեպի Տերը»։ Երիտասարդ Ռասելը դեռ որոնումների մեջ էր, երբ 1869-ին մի երեկո տեղի ունեցած մի դեպք ամրապնդեց նրա երերուն հավատը։ Ֆեդերալ Սթրիթ փողոցով անցնելիս, որտեղ գտնվում էր Ռասելների խանութներից մեկը, նա լսեց կրոնական երգեցողության ձայն, որը գալիս էր մի շենքի նկուղից։ Ռասելը պատմում է, թե ինչ տեղի ունեցավ հետո.

«Երևի պատահականություն էր, որ մի երեկո մտա մի անշուք ու փոշոտ նկուղ։ Լսել էի, որ այնտեղ կրոնական հանդիպումներ են անցկացվում։ Ուզում էի տեսնել, թե արդյոք այնտեղ հավաքված փոքր խմբի հավատալիքները եկեղեցիների վարդապետություններից ավելի խելամիտ են։ Այստեղ առաջին անգամ քարոզիչ պարոն Ջոնաս Վենդելից որոշ բաներ լսեցի ադվենտիստների [ադվենտիստական քրիստոնեական եկեղեցի] տեսակետների վերաբերյալ.... Ես երախտապարտ եմ ադվենտիստներին, ինչպես նաև այլ կրոնական խմբերին։ Թեև Աստծու Խոսքի վերաբերյալ նրա բացատրությունն ամբողջությամբ հստակ չէր.... սակայն բավական էր, որ Աստծու կամքով ամրապնդեմ ալիքների պես տատանվող հավատս Աստվածաշնչի ներշնչված խոսքերի հանդեպ և հասկանամ, որ առաքյալների ու մարգարեների արձանագրությունները սերտորեն կապված են միմյանց։ Նրանց խոսքերը մղեցին ինձ նորից ձեռքս առնելու Աստվածաշունչս ու ավելի մեծ եռանդով և ուշադրությամբ ուսումնասիրելու այն։ Ես միշտ շնորհակալ կլինեմ Տիրոջը, որ այդպես առաջնորդեց ինձ, քանի որ թեև ադվենտիզմը չօգնեց ինձ գտնելու ճշմարտությունը, սակայն մեծապես օգնեց հասկանալու, թե որ հարցերում եմ սխալվել, և այդպիսով պատրաստեց ինձ ճշմարտության համար»։

Այդ հանդիպումը ամրապնդեց երիտասարդ Ռասելի վճռականությունը՝ փնտրելու սուրբգրային ճշմարտությունը։ Նա ավելի մեծ խանդավառությամբ սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը և շուտով հասկացավ, որ մոտենում է ժամանակը, երբ Տիրոջը ծառայողները հստակորեն կհասկանան նրա նպատակը։ Ուստի 1870-ին մեծ ոգևորությամբ նա և Պիտսբուրգում և Ալեգեյնիի մոտակայքում ապրող իր ընկերները հավաքվեցին ու կազմեցին Աստվածաշունչ ուսումնասիրողների մի խումբ։ Հետագայում Ռասելին միացած անհատներից մեկը նկարագրեց, թե ինչպես էր այս փոքր խումբը ուսումնասիրություններ անում. «Ինչ-որ մեկը հարց էր բարձրացնում, և քննարկում էին այն։ Գտնում էին այդ հարցին առնչվող բոլոր աստվածաշնչյան համարները, իսկ հետո, երբ համաձայնության էին գալիս այն հարցի շուրջ, թե ինչպես են այդ համարները փոխկապակցված, իրենց եզրակացություններն էին ներկայացնում ու գրի առնում»։ Ինչպես հետագայում ասաց Ռասելը, «1870–1875-ը մի ժամանակահատված էր, երբ Աստված մեզ առատությամբ տալիս էր իր շնորհը, մենք աճում էինք գիտության, ինչպես նաև Աստծու և նրա Խոսքի հանդեպ սիրո մեջ»։

Աստծու Խոսքի ուսումնասիրության շնորհիվ մի շարք հարցեր ավելի պարզ դարձան անկեղծորեն ճշմարտությունը որոնող այս խմբի համար։ Նրանք հասկացան սուրբգրային այն ճշմարտությունները, որ հոգին մահանում է, և որ անմահությունը պարգև է, որը կտրվի նրանց, ովքեր ժառանգակիցներ են լինելու Քրիստոսի հետ երկնային Թագավորության մեջ (Եզեկ. 18։20; Հռոմ. 2։6, 7)։ Աստվածաշունչ ուսումնասիրողները սկսեցին ըմբռնել Հիսուս Քրիստոսի քավիչ զոհի մասին ուսմունքը և այն, թե դրա շնորհիվ ինչ հեռանկար է բացվել մարդկության առաջ (Մատթ. 20։28)։ Հասկացան նաև, որ թեև Հիսուսը առաջին անգամ երկիր եկավ որպես մարդ, երկրորդ վերադարձի ժամանակ նա անտեսանելի կերպով է ներկա լինելու որպես ոգեղեն էակ (Հովհ. 14։19)։ Հետո նրանք իմացան նաև, որ Հիսուսի վերադարձի նպատակը ոչ թե բոլորին բնաջինջ անելն է, այլ երկրի վրա ապրող բոլոր հնազանդ ընտանիքներին օրհնելը (Գաղ. 3։8)։ Ռասելը գրեց. «Մենք մեծապես տխրեցինք՝ հասկանալով, թե որքան են սխալվում ադվենտիստները, որոնք ակնկալում էին Քրիստոսի վերադարձը մարմնով և սովորեցնում էին, որ ողջ աշխարհը, բացի իրենցից, կրակով այրվելու է»։

Աստվածաշնչի այս ճշմարտությունները, որոնք պարզ դարձան այս փոքր խմբի համար, զատվեցին հեթանոսական այն ուսմունքներից, որոնք դարավոր հավատուրացության ընթացքում ձուլվել էին քրիստոնեությանը։ Բայց մի՞թե Ռասելն ու հոգևոր գանձեր որոնող նրա ընկերակիցները գտան աստվածաշնչյան այս ճշմարտություններն՝ առանց որևէ մեկի օգնության։

Աջակցություն ուրիշներից

Ռասելը չէր թաքցնում, որ Աստվածաշունչ ուսումնասիրելու հարցում աջակցություն էր ստացել շատերից։ Նա ոչ միայն հայտնում էր իր երախտագիտությունը ադվենտիստ Ջոնաս Վենդելի հանդեպ, այլև գնահատանքով էր խոսում երկու անձանց մասին, որոնք օգնել էին իրեն ուսումնասիրելու Սուրբ Գիրքը։ Նրանց մասին Ռասելն ասում է. «Իմ սիրելի եղբայրների հետ Աստծու Խոսքը քննելը քայլ առ քայլ առաջնորդեց մեզ ավելի «փարթամ արոտավայրեր»»։ Նրանցից մեկը Ջորջ Ու. Ստետսոնն էր, որը Աստվածաշնչի ջանադիր ուսումնասիրող էր և ադվենտիստական եկեղեցու քահանա Էդինբորոյում (Փենսիլվանիա)։

Մյուսը Ջորջ Սթորզն էր, որը Բրուքլինում (Նյու Յորք) հրատարակում էր «Աստվածաշնչի հետազոտող» պարբերագիրը։ Սթորզը, որը ծնվել էր 1796-ի դեկտեմբերի 13-ին, հենց սկզբից ուզում էր պարզել, թե ինչ է ասում Աստվածաշունչը մահացածների վիճակի վերաբերյալ, քանի որ կարդացել էր մի աշխատություն (այն ժամանակ գրողի անունը չէր նշվում), որի հեղինակը Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա) ապրող Հենրի Գրուն էր՝ Աստվածաշնչի մեկ այլ նախանձախնդիր ուսումնասիրող։ Սթորզը սկսեց եռանդորեն քարոզել մի ուսմունք, որը կոչվում էր «անմահություն՝ պայմանով», համաձայն որի՝ հոգին մահկանացու է, իսկ անմահությունը պարգև է, որը ստանում են հավատարիմ քրիստոնյաները։ Նա նաև տրամաբանում էր, որ չարերը չեն ստանում անմահություն, ուստիև չկա հավիտենական տանջանք։ Սթորզը ճամփորդում էր տարբեր վայրեր և քարոզում էր, որ չարերին անմահություն չի տրվում։ Նրա հրատարակած աշխատություններից էր «Վեց քարոզը», որի տպաքանակը հասավ 200000-ի։ Անկասկած, Սթորզի խոր համոզմունքն այն մասին, որ հոգին մահանում է, ինչպես նաև քավության և վերականգնման մասին (վերականգնելու այն, ինչ կորել էր Ադամի մեղքի պատճառով; Գործ. 3։21), դրական ազդեցություն թողեց երիտասարդ Չարլզ Թ. Ռասելի վրա։

Ռասելի կյանքում մեծ դեր ունեցավ նաև մեկ ուրիշ անձնավորություն, որը պատճառ եղավ, որ Աստվածաշնչի ճշմարտությունների հանդեպ նրա հավատարմությունը փորձվի։

Ժամանակների վերաբերյալ մարգարեությունները և Տիրոջ ներկայությունը

1876-ի հունվարն էր։ Մի առավոտ 23-ամյա Ռասելը ստացավ «Առավոտյան մունետիկ» կրոնական պարբերականի մի օրինակ։ Առաջին էջի նկարից հասկացավ, որ այն հրատարակել են ադվենտիստները։ Խմբագիրը՝ Ռոչեստերում (Նյու Յորք) ապրող Նելսոն Հ. Բարբերը, հավատում էր, որ Քրիստոսի վերադարձի նպատակը ոչ թե երկրի բոլոր ընտանիքներին՝ բոլոր մարդկանց, կործանելն էր, այլ նրանց օրհնելը, և որ նա գալու էր ոչ թե որպես մարդ, այլ որպես ոգեղեն էակ։ Դա հենց այն էր, ինչին արդեն որոշ ժամանակ է՝ հավատում էին Ռասելն ու իր ընկերակիցները Ալեգեյնիումc։ Հետաքրքիր է, սակայն, որ Բարբերը հավատում էր, որ ըստ ժամանակների վերաբերյալ աստվածաշնչյան մարգարեությունների՝ Քրիստոսն արդեն ներկա է (անտեսանելիորեն) և «ցորենի» (ճշմարիտ քրիստոնյաներից կազմված Թագավորական դասի) հունձը սկսելու ժամանակն է (Մատթ., գլ. 13)։

Ռասելը միշտ խուսափում էր ժամանակների վերաբերյալ աստվածաշնչյան մարգարեություններից։ Իսկ հիմա նա մտածում էր. «Ժամանակների վերաբերյալ մարգարեությունները, որոնք այսքան ժամանակ անտեսում էի, քանի որ ադվենտիստները դրանք սխալ կերպով էին օգտագործում, միգուցե իրականում նրա համար են, որ ցույց տան, թե երբ է լինելու Տիրոջ անտեսանելի ներկայությունը, և երբ է հաստատվելու նրա Թագավորությունը»։ Ճշմարտության անհագ ծարավը մղում էր Ռասելին ավելի շատ բան իմանալու։ Ուստի նա հանդիպեց Բարբերի հետ Ֆիլադելֆիայում։ Հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ նրանք համակարծիք են աստվածաշնչյան մի շարք ուսմունքների հարցում։ Դա կարծիքներ փոխանակելու լավ առիթ էր նրանց համար։ Հետագայում Ռասելը գրեց. «Երբ առաջին անգամ հանդիպեցինք, նա ինձանից շատ բան իմացավ ամբողջական վերականգնման մասին, որի հիմքում ընկած էր բոլորի համար տրված համապատասխան փրկանքը, իսկ ես նրանից շատ բան իմացա ժամանակների վերաբերյալ»։ Բարբերին հաջողվեց որոշ փաստերով համոզել Ռասելին, որ Քրիստոսի անտեսանելի ներկայությունը սկսվել է 1874-ինd։

«Ճշմարտությունը հռչակելու հսկայածավալ քարոզարշավ»

Չ. Թ. Ռասելը անսասան համոզմունքների տեր մարդ էր։ Հավաստիանալով, որ Քրիստոսի անտեսանելի ներկայությունն արդեն սկսվել է՝ նա վճռեց հռչակել այդ մասին։ Հետագայում գրեց. «Այն փաստի գիտակցումը, որ մենք արդեն հնձի ժամանակի մեջ ենք, ինձ համար խթան եղավ տարածելու ճշմարտությունը. նման ուժգին մղում երբևէ չէի ունեցել։ Ես անմիջապես վճռեցի ճշմարտությունը հռչակելու հսկայածավալ քարոզարշավ ձեռնարկել»։ Ռասելը որոշեց կրճատել իր բիզնեսը, որ ամբողջովին նվիրվի քարոզչական գործին։

Տիրոջ վերադարձի վերաբերյալ սխալ տեսակետները հերքելու համար Ռասելը գրեց «Ինչու և ինչպես է վերադառնալու մեր Տերը» վերնագրով գրքույկը։ Այն հրատարակվեց 1877-ին։ Նույն տարի Բարբերը և Ռասելը միասին հրատարակեցին «Երեք աշխարհ և այս աշխարհի հունձը» 192-էջանոց գիրքը, որտեղ քննարկվում էին վերականգնման թեման և ժամանակների վերաբերյալ աստվածաշնչյան մարգարեությունները։ Թեև նախկինում ոմանք անդրադարձել են այս թեմաներին, սակայն Ռասելի խոսքերով՝ այս գիրքը «առաջինն էր, որում վերականգնման գաղափարը համակցված էր ժամանակների վերաբերյալ մարգարեությունների հետ»։ Այնտեղ ներկայացվում էր այն տեսակետը, որ Հիսուս Քրիստոսի անտեսանելի ներկայությունը սկսվել է 1874-ի աշնանը։

Շրջագայելու և քարոզելու ընթացքում Ռասելի համար ակնհայտ դարձավ, որ պետք է ավելին արվի, որպեսզի իր ցանած ճշմարտության սերմերը պարբերաբար ջրվեն և չչորանան։ Ռասելը գտավ լուծումը. հարկավոր էր ամսագիր հրատարակել։ Բարբերի հետ նա որոշեց վերսկսել «Առավոտվա մունետիկի» թողարկումը, որի հրատարակումը կանգ էր առել բաժանորդագրությունների դադարեցման և ֆոնդի սպառման պատճառով։ Ռասելը գումարներ նվիրաբերեց տպագրությունը վերսկսելու համար և դարձավ պարբերականի խմբագիրներից մեկը։

Ամեն բան լավ էր ընթանում մինչև 1878 թվականը։

Ռասելը խզում է կապերը Բարբերի հետ

«Առավոտվա մունետիկի» 1878թ. օգոստոսի համարում Բարբերը հրատարակեց մի հոդված, որում ասվում էր, թե Քրիստոսի մահը չի կարող մեղքեր քավել։ Ռասելը, որը մոտ 30 տարի փոքր էր Բարբերից, հստակ տեսնում էր, որ այս հոդվածով հերքվում է փրկանքի ուսմունքի կարևոր մասը։ Այդ իսկ պատճառով հենց հաջորդ համարում (1878, սեպտեմբեր) «Քավություն» վերնագրով հոդվածում նա թիկունք կանգնեց փրկանքի գաղափարին և հերքեց Բարբերի պնդումները։ Նրանց վիճաբանությունը շարունակվեց ամսագրի հաջորդ համարներում։ Ի վերջո, Ռասելը որոշեց առանձնանալ Բարբերից և այլևս չֆինանսավորեց «Առավոտվա մունետիկի» տպագրությունը։

Չ. Թ. Ռասելը, սակայն, զգաց, որ խմբագրությունից հեռանալը բավական չէր. հարկավոր էր պաշտպանել փրկանքի ուսմունքը և հռչակել Քրիստոսի ներկայությունը։ Ուստի 1879-ի հուլիսին նա սկսեց հրատարակել «Սիոնի Դիտարան և Քրիստոսի ներկայության մունետիկ»e պարբերագիրը։ Ռասելը այդ պարբերականի և՛ խմբագիրն էր, և՛ հրատարակիչը։ Սկզբում նրա հետ աշխատում էին հինգ հոդվածագիրներ։ Առաջին թողարկումը հրատարակվեց 6000 օրինակով։ 1914-ին արդեն յուրաքանչյուր համարի տպաքանակը հասնում էր մոտ 50000-ի։

«Ոչ թե որպես մի նոր բան, ոչ թե որպես մեր սեփականը, այլ որպես Տիրոջ խոսք»

Չ. Թ. Ռասելը «Դիտարանի» և այլ հրատարակությունների միջոցով պաշտպանում և հռչակում էր աստվածաշնչյան ճշմարտությունները և հերքում էր կեղծ կրոնական ուսմունքներն ու մարդկային փիլիսոփայությունները, որոնք հակասում էին Աստվածաշնչին։ Մինչդեռ նա չէր ասում, թե նոր ճշմարտություններ է հայտնաբերում։

18-րդ դարի երկրորդ կեսին շատ կրոնականներ և աստվածաշնչագետներ բացահայտում էին հոգու անմահության և չարերի հավիտենական տանջանքների մասին ուսմունքների սխալ լինելը։ Այս բացահայտումները մանրակրկիտ կերպով ներկայացվել էին Աարոն Էլիսի «Աստվածաշունչն ընդդեմ ավանդությունների» գրքում, որը սկզբում հրատարակվել էր Անգլիայում, իսկ 1853-ին՝ Միացյալ Նահանգներում Ջորջ Սթորզի կողմից (Bible Vs. Tradition)։ Բայց ճշմարտությունը հայտնի դարձնելու համար այդ ժամանակ ուրիշ ոչ ոք այդքան բան չարեց, որքան Ռասելն ու իր ընկերակիցները։

Իսկ աստվածաշնչյան մյուս ուսմունքնե՞րը, որոնց մասին խոսվեց «Դիտարանում» և այլ հրատարակություններում։ Արդյոք Ռասելն իրե՞ն վերագրեց ճշմարտության այս գանձերի բացահայտումը։ Նա գրում է. «Մենք հասկացանք, որ դարերի ընթացքում տարբեր կրոնական ուղղություններ և խմբավորումներ աստվածաշնչյան ուսմունքները բաժանել են իրար մեջ և քիչ թե շատ խառնել են դրանք մարդկային դատողությունների և սխալների հետ.... Հասկացանք, որ հավատով և ոչ թե գործերով արդարացվելու կարևոր ուսմունքը բացահայտորեն հռչակել է Լյութերը և նրանից հետո էլ շատ քրիստոնյաներ։ Աստծու արդարության, իմաստության և զորության մասին գաղափարը պահպանել են պրեսբիտերականները, թեև նրանց համար մինչև վերջ պարզ չի եղել, թե ինչպես են դրսևորվում այդ հատկությունները։ Մեթոդիստները գնահատել ու գովաբանել են Աստծու սերն ու բարեգթությունը։ Ադվենտիստները ամուր կառչել են Տիրոջ վերադարձի անգին ուսմունքին։ Բապտիստները, այլ բաների թվում, թիկունք են կանգնել այն ուսմունքին, որ մկրտությունը խորհրդանշական իմաստ է կրում, թեև աչքաթող են արել մկրտության իսկական իմաստը։ Ունիվերսալիստներից ոմանք վաղուց ընդունել են «վերականգնման» մասին որոշ գաղափարներ, թեև դրանք այդքան էլ հստակ չեն հասկացել։ Փաստորեն, գրեթե բոլոր կրոնական ուղղությունների հիմնադիրները փնտրել են ճշմարտությունը, սակայն, ակներևաբար, մեծ Հակառակորդը պայքարել է նրանց դեմ և, չկարողանալով ամբողջությամբ ոչնչացնել Աստծու Խոսքը՝ մասնատել է այն»։

Ռասելը հետևյալն է ասում ժամանակագրության վերաբերյալ, որի մասին հաճախ էր խոսում. «Երբ ասում ենք «մեր» ժամանակագրությունը, նկատի ունենք այն ժամանակագրությունը, որը օգտագործում ենք, այսինքն՝ Աստվածաշնչի ժամանակագրությունը, որն Աստծու բոլոր ծառաներինն է, և որը նրանք ընդունում են։ Իրականում այն մեր օրերից շատ առաջ ներկայացվել է գրեթե այնպես, ինչպես մենք ենք ներկայացնում, ինչպես որ բազմաթիվ մարգարեությունները, որոնք մենք մատնանշում ենք, օգտագործվել են նաև ադվենտիստների կողմից տարբեր նպատակներով։ Նմանապես, բազմաթիվ ուսմունքներ, որոնց մենք հավատում ենք, և որոնք նոր ու տարբեր են թվում, այս կամ այն կերպ գոյություն են ունեցել դեռ վաղուց, օրինակ՝ ընտրված լինելու, շնորհի, վերականգնման, արդարացման, սրբացման, փառավորման, հարության ուսմունքները»։

Ըստ Ռասելի՝ ո՞րն էր իր և իր ընկերակիցների դերը սուրբգրային ճշմարտությունները հրապարակելու մեջ։ Ռասելն ասում է. «Մեր գործը.... ճշմարտության ցիրուցան եղած բեկորները հավաքելն ու միացնելն է և դրանք Տիրոջ ժողովրդին ներկայացնելը, բայց ոչ թե որպես մի նոր բան, ոչ թե որպես մեր սեփականը, այլ որպես Տիրոջ խոսք.... Ոչ մի բանի համար նույնիսկ ճշմարտության գոհարները գտնելու և դրանք կողք կողքի գեղեցիկ շարելու համար տրված պատիվը չպետք է մեզ վերագրենք»։ Հետո նա ավելացնում է. «Այն աշխատանքը, որի համար Տերը հաճեց օգտագործել մեր համեստ ունակությունները, ավելի շատ վերականգնելու, ճշգրտելու, ներդաշնակեցնելու բնույթ է կրում, քան նոր գաղափարներ ստեղծելու»։

Ռասելը շատ համեստ կարծիք ուներ իր արած գործի մասին։ Սակայն այն իսկապես մեծ գործ էր, քանի որ «ճշմարտության ցիրուցան եղած բեկորները», որ նա հավաքեց ու մատուցեց Տիրոջ ժողովրդին, զերծ էին Աստծուն անարգանք բերող Երրորդության և հոգու անմահության հեթանոսական ուսմունքներից, որոնք խոր արմատներ էին գցել քրիստոնեական աշխարհի եկեղեցիներում մեծ հավատուրացության պատճառով։ Ռասելն ու իր ընկերակիցները աշխարհով մեկ հռչակեցին այն մասին, թե ինչ է նշանակում Տիրոջ վերադարձը, որն է Աստծու նպատակը, և ինչ է այն ներառում։ Նման մասշտաբով այդ գործը նրանց ժամանակակիցներից ոչ ոք չէր արել։

«Կերտենք միմյանց սրբագույն հավատով»

Ազնվասիրտ մարդիկ արագորեն արձագանքեցին այն ազատագրող ճշմարտություններին, որ Չ. Թ. Ռասելը և նրա ընկերակիցները հռչակում էին թե՛ տպագիր նյութերի և թե՛ ելույթների միջոցով։ Ռասելը, որն այդ ժամանակ դեռ 30 տարեկան էլ չկար, շուտով հասկացավ, որ կարիք կա, որ «Դիտարանի» ընթերցողները ծանոթանան իրար հետ և քաջալերեն միմյանց։ Հենց այդ նպատակով Պիտսբուրգի Աստվածաշունչ ուսումնասիրողները կանոնավորաբար հանդիպումներ էին անցկացնում։ Իսկ ինչպե՞ս կարելի էր օգնել այլ վայրերում ապրող ընթերցողներին։

Պատասխանը տրվեց «Դիտարանի» 1880թ. մայիս-հունիս համարում։ Այնտեղ Ռասելը հայտնեց, որ ծրագրում է այցելել Փենսիլվանիայի, Նյու Ջերսիի, Մասաչուսեթսի և Նյու Յորքի մի շարք քաղաքներ։ Ի՞նչ նպատակով։ Նրա հայտարարության մեջ ասվում էր. «Մեր ընթերցողները իրարից շատ անջատ են ապրում, որոշ տեղերում կան ընդամենը 2 կամ 3 հոգի, իսկ որոշ տեղերում՝ մինչև 50 հոգի։ Շատ վայրերում նրանք բոլորովին չեն ճանաչում միմյանց և այդ իսկ պատճառով չեն ստանում այն քաջալերությունն ու կարեկցանքը, որ մեր Հայրը նախատեսել է նրանց համար, ինչը պետք է ստանան՝ «բաց չթողնելով հավաքույթները, ինչպես սովոր են անել ոմանք»։ Նա նախատեսել է, որ մենք «քաջալերենք միմյանց» և կերտենք միմյանց սրբագույն հավատով։ Հույս ունենք՝ հանդիպումները, որ ցանկանում ենք կազմակերպել, կնպաստեն միմյանց անհատապես ճանաչելուն» (Եբր. 10։24, 25)։

Ռասելի ճամփորդության ժամանակ կազմակերպված այս հանդիպումները արդյունավետ եղան և նպաստեցին այն բանին, որ «Դիտարանի» ընթերցողները մտերմանան։ Այս և ուրիշ ճամփորդությունների շնորհիվ, որոնց ժամանակ Ռասելը այցելում էր իրեն «սպասող փոքր խմբերին», շուտով վերոհիշյալ նահանգներում, ինչպես նաև Օհայոյում և Միչիգանում կազմավորվեցին մի շարք խմբակներ, կամ՝ էկլեսիաներ (հետագայում՝ ժողովներ)։ Այս խմբակներին հորդոր էր տրվում կանոնավոր հանդիպումներ անցկացնել։ Ինչպիսի՞ հանդիպումներ էին լինելու դրանք։

Պիտսբուրգի խմբակը շաբաթը առնվազն երկու անգամ միասին հավաքվելու սովորություն ուներ։ Դրանցից մեկի ժամանակ նրանք լսում էին հմուտ հռետորների, որոնք ելույթ էին ներկայացնում խմբակի առաջ։ Այն հավանաբար անցկացվում էր վարձակալված սրահում։ Մյուս հանդիպումների ժամանակ, որ սովորաբար անցկացվում էին տներում, ներկաներին հորդոր էր տրվում իրենց հետ Աստվածաշունչ, համաբարբառ, թուղթ ու մատիտ բերել և մասնակցել քննարկումներին։

Այն ջերմ հոգևոր ընկերակցությունը, որ ներկաները վայելում էին շաբաթական այս կանոնավոր հանդիպումների ժամանակ, մեծ թարմություն էր պարգևում նրանց և տարբերվում էր այն սառն ու անտարբեր մթնոլորտից, որ տիրում էր քրիստոնեական աշխարհի շատ եկեղեցական արարողությունների ժամանակ։ Բայց կանոնավոր հավաքվելու գաղափարը Ռասելի և նրա ընկերակիցների մտահղացումը չէր։ Հանդիպումներ անցկացնելու, նույնիսկ տներում հավաքվելու այդ սովորությունը հաստատվել էր դեռ շատ դարեր առաջ վաղ քրիստոնյաների կողմից (Հռոմ. 16։3, 5; Կող. 4։15)։

«Դու քարոզո՞ւմ ես»

Ռասելն ու իր ընկերակիցները լիովին համոզված էին, որ ապրում են հնձի ժամանակներում, և մարդիկ պետք է լսեն ազատագրում բերող ճշմարտությունը։ Սակայն նրանք փոքրաթիվ էին։ Ճիշտ է, «Դիտարանի» միջոցով շատ կարևոր գործ էր արվում, բայց հնարավո՞ր էր ավելին անել։ Ռասելն ու իր համագործակիցները մտածում էին, որ հնարավոր էր։ 1880-ին նրանք սկսեցին հրատարակել «Աստվածաշունչ ուսումնասիրողների թերթիկներ» (հետագայում նաև կոչվեցին «Եռամսյակային հին աստվածաբանություն»)։ Սրանք ուղարկվում էին «Դիտարանի» ընթերցողներին, որպեսզի անվճար բաժանեն մարդկանց։

«Դիտարանի» ընթերցողներին հորդոր էր տրվում պատմել ուրիշներին այն անգին ճշմարտությունները, որ սովորում էին։ «Դու քարոզո՞ւմ ես»։ Այս հարցն էր տրվում «Դիտարանի» 1881թ. հուլիս-օգոստոս համարում։ Որքանո՞վ էր կարևոր, որ նրանք քարոզեին։ Հոդվածում ասվում էր. «Մենք հավատում ենք, որ ոչ ոք չի մտնում փոքր հոտի մեջ, բացի քարոզիչներից.... Այո՛, մենք կանչվել ենք նրա չարչարանքներին կցորդ լինելու և բարի լուրը ներկայումս քարոզելու համար, որ իր ժամանակին մասնակից լինենք նրա փառքին և իրագործենք այն ամենը, ինչի մասին քարոզում ենք։ Մենք կանչված կամ օծված ենք ոչ թե պատիվ ստանալու ու հարստություն դիզելու համար, այլ ծախսելու և ծախսվելու ու բարի լուրը քարոզելու համար»։

Աստվածաշնչի այս վաղ ուսումնասիրողները խորապես հասկանում էին, որ հարկավոր է քարոզել բարի լուրը։ Թեև քարոզելու հրահանգը տրվել էր առաջին դարի քրիստոնյաներին, սակայն այդ պատասխանատվությունը առայսօր կրում են բոլոր ճշմարիտ քրիստոնյաները (Մատթ. 24։14; 28։19, 20; Գործ. 1։8)։ Իսկ ո՞րն էր այն քարոզչության նպատակը, որն իրականացնում էին Ռասելը և «Դիտարանի» վաղ ընթերցողները։ Արդյո՞ք նրանց նպատակը ընդամենը աստվածաշնչյան գրականություն տարածելն ու եկեղեցի հաճախող մարդկանց ուշադրությունը Սուրբ Գրքի ճշմարտությունների վրա հրավիրելն էր։

«Դուք պետք է հեռանաք նրանից»

«Դո՛ւրս եկ նրա միջից, ի՛մ ժողովուրդ»,— դեռ շատ վաղուց կոչ է արվել Աստվածաշնչում։ Ինչի՞ միջից։ Նրա միջից, որը կոչվում է «Մեծ Բաբելոն, պոռնիկների ու երկրի նողկալի բաների մայր» (Հայտն. 17։5; 18։4)։ Իսկ ինչո՞ւ։ Քանի որ «նրա մեղքերը կուտակվել ու հասել են մինչև երկինք, ու Աստված հիշել է նրա անարդար գործերը» (Հայտն. 18։5)։ Ո՞վ է այս պոռնիկների մայրը, որից պետք է առանձնանան մարդիկ։

Մարտին Լյութերը և Ռեֆորմացիայի այլ առաջնորդներ համարում էին, որ Մեծ Բաբելոնը կաթոլիկ եկեղեցին է և պապությունը։ Իսկ ի՞նչ կարելի է ասել բողոքական եկեղեցիների մասին, որոնք կազմավորվեցին Ռեֆորմացիայի արդյունքում։ Իրողությունն այն է, որ թեև նրանք մերժում էին պապի գերակայությունը, սակայն դրանցից մի քանիսը իրենց կառուցվածքով շատ չէին տարբերվում կաթոլիկ եկեղեցուց։ Բացի այդ, նրանք որդեգրեցին այնպիսի հակասուրբգրային ուսմունքներ, ինչպիսիք են Երրորդության, հոգու անմահության և հավիտենական տանջանքների մասին ուսմունքները։ Այդ իսկ պատճառով որոշ քարոզիչներ հորդորում էին մարդկանց խզել իրենց կապերը ոչ միայն կաթոլիկ եկեղեցու, այլև բողոքական համարվող հիմնական կրոնական ուղղությունների հետ։

Չ. Թ. Ռասելը և իր ընկերակիցները նույնպես հասկանում էին, որ այս պոռնիկը չի ներկայացնում միայն կաթոլիկ եկեղեցուն։ Ուստի թեև «Դիտարանի» 1879-ի նոյեմբերի համարի մի հոդվածում Մեծ Բաբելոնը նույնացվում էր «պապության հետ որպես ՀԱՄԱԿԱՐԳԻ», սակայն այդ նույն հոդվածում նաև նշվում էր. «Մենք պետք է ավելի խորը գնանք և նշենք, որ այն վերաբերվում է նաև մյուս եկեղեցիներին (եկեղեցական համակարգերին, ոչ թե դրանց անդամներին), որոնք միավորված են աշխարհի կայսրությունների հետ։ Յուրաքանչյուր եկեղեցու, որը թեև պնդում է, թե Քրիստոսի հարսն է և սուրբ կույս է, սակայն իրականում միացած է աշխարհի (գազանի) հետ և ստանում է նրա աջակցությունը, մենք, Սուրբ Գրքի լեզվով ասած, պետք է դատապարտենք որպես պոռնիկ եկեղեցու»։

Այդպիսով ի՞նչ կոչ էր արվում «Դիտարանի» ընթերցողներին։ Ռասելը գրում է. «Եթե այն եկեղեցին, որի անդամ եք, անբարո կապի մեջ է աշխարհի հետ, դուք պետք է հեռանաք նրանից, եթե ուզում եք ձեր հանդերձները մաքուր պահել»։ Ռասելն ու նրա ընկերակիցները, ինչ խոսք, այն ժամանակ լիովին չէին պատկերացնում, թե ինչ մասշտաբների է հասնում Մեծ Բաբելոնի ազդեցությունը։ Չնայած դրան՝ «Դիտարանի» ընթերցողներին հորդոր էր տրվում հեռանալ եկեղեցական համակարգերից, որոնք ապականված են և աշխարհիկ (Հովհ. 18։36)։

«Ճշմարտությունը միանգամից գրավեց սիրտս»

Աստվածաշնչյան ճշմարտությունների հրապարակումը մեծ առաջընթաց ունեցավ 1886-ին, երբ լույս տեսավ «Հազարամյակի արշալույս» ժողովածուի առաջին հատորը, որը գրել էր Չ. Թ. Ռասելը։ Այն կոչվում էր «Դարերի աստվածային ծրագիրը»։ Այնտեղ ամփոփված էին ուսումնասիրություններ 16 տարբեր թեմաների վերաբերյալ, որոնցից մի քանիսն էին՝ «Գերագույն իմաստության տեր Արարչի գոյությունն ապացուցված է», «Աստվածաշունչը որպես աստվածային հայտնություն՝ բանականության լույսի ներքո», «Մեր Տիրոջ վերադարձը. նպատակը և ամեն բաների վերականգնումը», «Չարի գոյությունը թույլ տալը և Աստծու ծրագիրը»։ Հետագայում Չ. Թ. Ռասելը գրեց «Հազարամյակի արշալույս» ժողովածուի մյուս հինգ հատորներըf։

Ռասելի մահը խանգարեց նրան իրականացնելու ժողովածուի յոթերորդ հատորը գրելու իր նպատակը։ Այդուհանդերձ, նրա գրած վեց ամբողջական հատորները լայնորեն տարածվեցին և մեծ արձագանք գտան անկեղծ մարդկանց սրտերում։ «Ձեր գիրքը՝ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ԱՐՇԱԼՈՒՅՍԸ», ինձ հասավ անցած աշնանը,— գրեց մի կին 1889-ին։— Այդ ժամանակ էր, որ առաջին անգամ իմացա նման աշխատության գոյության մասին։ Շաբաթ օր էր, երբ ստացա այն, և սկսեցի անմիջապես կարդալ։ Չէի կարողանում կտրվել ընթերցանությունից, մի շնչով կարդացի ողջ գիրքը։ Ձեռքիցս ցած էի դնում, միայն երբ ստիպված էի։ Այնտեղ գրված ճշմարտությունը միանգամից գրավեց սիրտս։ Անմիջապես հեռացա պրեսբիտերական եկեղեցուց, որտեղ երկար տարիներ խարխափում էի խավարում՝ փնտրելով ճշմարտությունն այնտեղ, որտեղ այն չկար»։

Այն օրերում մեծ խիզախություն էր պահանջվում եկեղեցուց հեռանալու համար։ Ահա մի օրինակ։ Կանադայի Մանիտոբա նահանգում ապրող մի կին 1897-ին ստացավ «Հազարամյակի արշալույս» ժողովածուն։ Սկզբում նա փորձում էր մնալ իր եկեղեցում և ուսուցանել տեղի կիրակնօրյա դպրոցում։ Սակայն 1903-ին մի օր նա որոշեց հեռանալ։ Նա ոտքի կանգնեց և բոլոր ներկաներին ասաց, թե ինչու է ստիպված հեռանալ եկեղեցուց։ Նրա ամենամոտ հարևանը փորձեց համոզել նրան վերադառնալ եկեղեցի (այդ ժամանակներում փոքր համայնքներում հարևանները մեծ ազդեցություն ունեին)։ Սակայն նա հաստատակամ էր, թեև մոտակայքում Աստվածաշունչ ուսումնասիրողների ժողով չկար։ Նրա որդին հետագայում պատմեց, թե ինչպիսի իրավիճակում է եղել իր մայրը. «Չկար ուսումնասիրության ծառայող [երեց], որը նեցուկ կլիներ նրան, չկային հանդիպումներ... միայն տրտմած սիրտ, հնամաշ Աստվածաշունչ և աղոթքի երկար ժամեր»։

«Հազարամյակի արշալույսի», «Դիտարանի» և Ընկերության այլ հրատարակությունների մեջ ի՞նչն էր գրավում մարդկանց սրտերը և մղում նման վճռական քայլի։ Չ. Թ. Ռասելը այնպիսի մեթոդով էր բացատրում Աստվածաշնչի ուսմունքները, որը բոլորովին նման չէր իր ժամանակակից գրողների կիրառած մեթոդին։ Նա հավատում էր, որ Աստվածաշունչը Աստծու ճշմարիտ Խոսքն է, և այն ուսմունքները, որ գրված են այնտեղ, ներդաշնակ են։ Ուստի եթե Աստվածաշնչի որևէ հատված դժվարըմբռնելի էր, ապա այն հարկավոր էր պարզաբանել ու բացատրել ներշնչյալ Խոսքի մեկ այլ հատվածի օգնությամբ։ Նա չէր փորձում իր ներկայացրած մեկնաբանությունների համար որպես լրացուցիչ ապացույց մեջբերել իր ժամանակների աստվածաբանների վկայությունները և, այսպես կոչված, վաղ եկեղեցու հայրերի խոսքերը։ «Հազարամյակի արշալույսի» 1-ին հատորում նա գրել էր. «Մենք կարծում ենք, որ ինչպես բոլոր ժամանակների, այնպես էլ ներկայիս մարդկանց սխալն այն է, որ նրանք հավատում են որոշ ուսմունքների միայն այն պատճառով, որ դրանց հավատում են այն մարդիկ, ում իրենք վստահում են.... Ճշմարտությունը որոնողները պետք է իրենց անոթներից դատարկեն ավանդությունների պղտոր ջրերը և դրանք լցնեն ճշմարտության ակունքի՝ Աստծու Խոսքի ջրերով»։

Գնալով ավելանում էր այն մարդկանց թիվը, ովքեր փնտրում էին ճշմարտությունը և դրականորեն էին արձագանքում այն ամենին, ինչ կարդում էին «Դիտարան ընկերության» հրատարակությունների էջերում։ Այդ ընթացքում, սակայն, հարկ եղավ որոշ անսպասելի փոփոխություններ կատարել Ալեգեյնիում։

Գլխավոր վարչությունը և «Աստվածաշնչի տունը»

Ալեգեյնիում Աստվածաշունչ ուսումնասիրողները, որոնք հրատարակում էին «Դիտարանը», համարվում էին Տիրոջ գործում ամենափորձառու մարդիկ։ Բոլոր էկլեսիաները, կամ՝ ժողովները, նրանց առաջնորդությանն էին հետևում։ Սկզբում վարչությունը գտնվում էր Պիտսբուրգի Հինգերորդ Ավենյու, 101 հասցեում։ Հետո տեղափոխվեց Ալեգեյնի՝ Ֆեդերալ Սթրիթ, 44։ Սակայն 1880-ականների վերջերին ընդլայնման կարիք առաջացավ։ Ուստի եղբայր Ռասելը ավելի մեծ մասնաշենքերի շինարարություն ձեռնարկեց։ 1889-ին ավարտվեց Ալեգեյնիի Արչ Սթրիթ, 56–60 հասցեում գտնվող չորսհարկանի աղյուսե շենքի շինարարությունը, որի համար ծախսվել էր 34 հազար դոլար։ Այն կոչվեց «Աստվածաշնչի տուն»։ Այստեղ մոտ 19 տարի գործեց Ընկերության գլխավոր վարչությունը։

1890-ին «Աստվածաշնչի տանը» ծառայող փոքր ընտանիքը հոգում էր «Դիտարան ընկերության» մի քանի հարյուրի հասնող ակտիվ ընկերակիցների հոգևոր կարիքները։ Հաջորդ տասնամյակի ընթացքում շատերին սկսեց հետաքրքրել Ընկերության գործունեությունը։ Համաձայն «Դիտարանի» 1899-ի մարտի 26-ի համարում տպագրված ոչ ամբողջական հաշվետվության՝ Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոն նշվեց 339 տարբեր վայրերում, որին մասնակցեցին, ընդհանուր հաշվով, 2501 հոգի։ Ինչպե՞ս էր հնարավոր պահպանել օր օրի ավելացող Աստվածաշունչ ուսումնասիրողների միասնությունը։

Մեծացող հոտը միավորելու ջանքեր

Չ. Թ. Ռասելը «Դիտարանի» բոլոր ընթերցողներին հորդորեց հավաքվել և որտեղ որ հնարավոր էր, կազմավորել խմբակներ՝ մեծ թե փոքր, որպեսզի հոգևորապես կերտեն միմյանց։ «Դիտարանում» հրատարակվող հոդվածների միջոցով սուրբգրային խորհուրդներ էին տրվում։ Գլխավոր վարչությունից «Դիտարան ընկերության» շրջագայող ներկայացուցիչներ էին ուղարկվում տարբեր խմբեր՝ նրանց հետ կապ պահելու և նրանց հոգևորապես կերտելու համար։

Ժամանակ առ ժամանակ կազմակերպվում էին հատուկ մեծ հանդիպումներ, որոնց ներկա էին լինում Աստվածաշունչ ուսումնասիրողներ տարբեր վայրերից։ «Դիտարանի» 1886-ի մարտի համարում հետևյալ հորդորը տրվեց. «Սա ՀԱՏՈՒԿ ՀՐԱՎԵՐ է՝ ուղղված յուրաքանչյուր ընթերցողի, ով կկարողանա գալ»։ Ե՞րբ և ո՞ւր էին հրավիրվում ընթերցողները և ի՞նչ առիթով։ Ալեգեյնիում 1886-ի ապրիլի 18-ին՝ կիրակի օրը, նշվելու էր Տիրոջ ընթրիքը։ Բացի այդ, նախատեսված էին նաև այլ միջոցառումներ։ Մի շարք հատուկ հանդիպումներ էին անցկացվելու հաջորդ շաբաթվա երեկոներին։ Ալեգեյնիում ապրող Աստվածաշունչ ուսումնասիրողները, սրտանց բացելով իրենց տան դռները, պատրաստ էին անվճար օթևան տրամադրելու իրենց քաղաք ժամանող պատվիրակներին։ Հաջորդող տարիների ընթացքում ևս Հիշատակի երեկոյի առիթով նման մեծ հանդիպումներ կազմակերպվեցին այս քաղաքում։

1890-ականների վերջում սկսեցին մեծ համաժողովներ անցկացվել շատ վայրերում։ Չ. Թ. Ռասելը հաճախ էր ելույթ ունենում դրանց ժամանակ։ Իսկ ինչպիսի՞ն էին նրա ելույթները։

Ռալֆ Լեֆլերը, որը լսել է Չ. Թ. Ռասելի ելույթները, պատմում է. «Բեմից ելույթ ունենալիս նա միշտ կրում էր երկար սև կոստյում և սպիտակ փողկապ։ Նրա ձայնը բարձր չէր, և երբևիցե բարձրախոս չի օգտագործել (այդպիսի սարքեր դեռ չէին հայտնագործվել), սակայն նրա ձայնը միշտ էլ հասնում էր վերջին շարքերին։ Եղբայր Ռասելը կարողանում էր պահել մեծ լսարանի ուշադրությունը ոչ թե մեկ ժամ, այլ երբեմն երկու, նույնիսկ երեք ժամ շարունակ։ Նա իր խոսքը սկսելուց առաջ միշտ փոքր-ինչ խոնարհվում էր ունկնդիրների առաջ։ Ելույթի ժամանակ արձանի նման քարացած չէր կանգնում, այլ անընդհատ շարժման մեջ էր լինում, խոսելիս ժեստեր էր օգտագործում, հետ ու առաջ կամ աջ ու ձախ քայլեր էր անում։ Երբեք չեմ տեսել, որ նա ելույթի ժամանակ գրառումներ կամ ինչ-որ պլան ունենա ձեռքին։ Նա միայն Աստվածաշունչ էր օգտագործում, որից հաճախ էր կարդում։ Ռասելի խոսքերը բխում էին սրտից և շատ համոզիչ էին։ Այն ժամանակ բեմում միայն մի փոքրիկ սեղան էր լինում՝ վրան Աստվածաշունչ ու ջրով լի մի սափոր՝ բաժակի հետ, որպեսզի հռետորը անհրաժեշտության դեպքում ըմպի»։

Այդ համաժողովները ջերմ ընկերակցություն վայելելու և հոգևոր թարմություն ստանալու հիանալի առիթներ էին։ Դրանց նպատակն էր ամրապնդել Աստվածաշունչ ուսումնասիրողների միասնությունը և հրապարակել Սուրբ Գրքի ճշմարտությունները։ Սակայն 1890-ականների վերջին Աստվածաշունչ ուսումնասիրողների համար հստակ դարձավ, որ ավելին պետք է անել Աստծու Խոսքի ճշմարտությունները ամենուր տարածելու համար։ Բայց չէ՞ որ նրանք թվով քիչ էին։ Կա՞ր արդյոք մեկ այլ միջոց, որով նրանք կարող էին այդ ճշմարտությունները միլիոնավոր մարդկանց հասցնել։ Անշո՛ւշտ, կար։

Բացվում է «թերթերով ավետարանելու» նոր դուռը

19-րդ դարի վերջին ամբողջ աշխարհում հեռագրային ցանց կառուցվեց։ Հեռագրի միջոցով հաղորդակցվելն արագ էր և էժան, դա շրջադարձային իրադարձություն էր լրագրության համար։ Նորությունները շատ արագ կարող էին հաղորդվել հեռավոր վայրերից և տպագրվել թերթերում։ 20-րդ դարի սկզբին Ռասելն ու նրա ընկերակիցները սկսեցին մտածել, որ թերթերը արդյունավետ միջոց են հնարավորինս շատ մարդկանց բարի լուրը հասցնելու համար։ Ռասելը գրեց. «Թերթերն այսօր մեծ դեր են խաղում քաղաքակիրթ հասարակության առօրյայում»։

«Դիտարանի» 1904թ. դեկտեմբերի 1-ի համարում հայտարարվեց, որ Չ. Թ. Ռասելի քարոզները սկսել են տպագրվել երեք թերթերում։ «Դիտարանի» հաջորդ համարում լույս տեսավ «Թերթերով ավետարանելը» հոդվածը, որում ասվում էր. «Այսպես միլիոնավոր քարոզներ հասել են հեռուներ, և դրանցից մի քանիսը արդյունքներ են տվել։ Մենք ուրախ կլինենք, որ Տիրոջ կամքով այս «դուռը» բաց մնա և նույնիսկ ավելի լայն բացվի»։ Այդպես էլ եղավ։ «Թերթերով ավետարանելու» դուռը լայնորեն բացվեց։ 1913-ին Ռասելի քարոզները, եղած տվյալների համաձայն, 2000 թերթերի միջոցով մատչելի են եղել 15000000 ընթերցողների։

Ինչպե՞ս էին Ռասելի քարոզները, առանց ընդմիջումների, ամեն շաբաթ տպագրվում, նույնիսկ երբ նա ճանապարհորդում էր։ Ամեն շաբաթ նա հեռագրով ուղարկում էր իր քարոզները (թերթի էջի մոտավորապես երկու սյունակի չափով) «Աստվածաշնչի տանը» գործող լրատվական բաժին, որտեղից էլ դրանք հեռագրի միջոցով ուղարկվում էին Միացյալ Նահանգների, Կանադայի և Եվրոպայի թերթերին։

Ռասելը համոզված էր, որ Տերը լայնորեն բաց է արել թերթերի միջոցով քարոզելու դուռը։ 20-րդ դարի առաջին տասնամյակի ընթացքում աստվածաշնչյան պատգամը, որ քարոզում էին Ռասելն ու նրա ընկերակիցները, լայնորեն հայտնի դարձավ թերթերում տպված այս քարոզների շնորհիվ։ Մի անգամ «Կոնտինենտ» կոչվող հրատարակության մեջ Ռասելի վերաբերյալ հետևյալը գրվեց. «Ասում են, թե ամեն շաբաթ նրա գրածները ավելի շատ են տպագրվում ու տարածվում, քան որևէ այլ մարդու գրածները, նույնիսկ ավելի շատ, քան Հյուսիսային Ամերիկայի բոլոր քահանաների ու քարոզիչների գրածները միասին վերցրած» (The Continent)։

Տեղափոխություն Բրուքլին

Թերթերի միջոցով քարոզչությունը մեծ թափ էր առնում, ուստի Աստվածաշունչ ուսումնասիրողները սկսեցին մեկ այլ վայր փնտրել, որտեղից այդ քարոզները կարող էին փոխանցվել։ Ինչո՞ւ։ Ալեգեյնիում գտնվող «Աստվածաշնչի տունը» արդեն շատ փոքր էր։ Նաև այն կարծիքը կար, որ եթե Ռասելի քարոզները պատրաստվեին և ուղարկվեին մեծ ու հայտնի քաղաքից, ապա դրանք ավելի շատ թերթերում կտպագրվեին։ Բայց ո՞րն էլ լինելու այդ քաղաքը։ «Դիտարանի» 1908թ. դեկտեմբերի 1-ի համարում հետևյալը գրվեց. «Աստծու առաջնորդությունը խնդրելուց հետո բոլորս միասնաբար եզրակացրեցինք, որ Բրուքլինը (Նյու Յորք), որը մեծ մասամբ բնակեցված է միջին խավի մարդկանցով և հայտնի է որպես «Եկեղեցիների քաղաք», մնացած այս մի քանի տարիների ընթացքում կարող է լինել շատ հարմար կենտրոն հնձի գործը կատարելու համար»։

Ուստի 1908-ին «Դիտարան ընկերության» մի քանի ներկայացուցիչներ, այդ թվում իրավաբանական խորհրդատու Ջոզեֆ Ֆ. Ռադերֆորդը ուղարկվեցին Նյու Յորք։ Նրանց նպատակն էր ձեռք բերել այն շինությունը, որը Ռասելը արդեն տեսել էր իր այցելության ժամանակ։ Նրանք գնեցին Բրուքլինի Հիկս Սթրիթ, 13–17 հասցեում գտնվող «Փլիմութ Բեթել» շինությունը, որը նախկինում պատկանել է Փլիմութի կոնգրեգացիոնալ եկեղեցու ներկայացուցչությանը (եկեղեցին գտնվում էր այդ շենքից ոչ հեռու)։ Եկեղեցում որպես հովիվ ծառայել էր Հենրի Ուարդ Բիչերը։ Ընկերության ներկայացուցիչները գնեցին նաև Բիչերի նախկին նստավայրը՝ չորսհարկանի դարչնագույն քարե մի շենք Կոլումբիա Հայթս, 124 հասցեում, որը գտնվում էր մի քանի շենք այն կողմ։

Հիկս Սթրիթում գտնվող շենքը վերակառուցվեց և անվանվեց «Բրուքլինի Խորան»։ Այնտեղ գտնվում էին Ընկերության գրասենյակները, և մեկ սրահ։ Իսկ Կոլումբիա Հայթս, 124 հասցեում գտնվող Բիչերի նախկին նստավայրը վերանորոգման ծավալուն աշխատանքներից հետո դարձավ Ընկերության գլխավոր վարչությունում ծառայողների համար նոր բնակելի շենք։ Իսկ ինչպե՞ս էին կոչելու այդ շենքը։ «Դիտարանի» 1909թ. մարտի 1-ի համարում գրվեց. «Այս նոր տունը մենք կկոչենք «Բեթել» [նշանակում է՝ «Աստծու տուն»]»g։

Բրուքլին տեղափոխվելը մեծապես նպաստեց Թերթերով ավետարանելու գործին։ Սակայն դա միակ միջոցը չէր լայնածավալ վկայություն տալու համար։

Բարի լուրի մեծամասշտաբ հռչակումը

1912-ին Ռասելն ու նրա ընկերակիցները ձեռնարկեցին կրթական մի նոր միջոց, որն այն ժամանակների համար բավականին առաջադիմական էր։ Դրանից օգտվելու էին միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում։ Դա «Արարչության լուսադրաման» էր, որում շարժական պատկերների և սլայդների ցուցադրմանը զուգահեռ՝ հնչում էին ձայնապնակների վրա ձայնագրված երաժշտություն և ելույթներ։ Դրամայի տևողությունը մոտ ութ ժամ էր և ներկայացվում էր չորս մասով։ Բացի «Լուսադրամայից», թողարկվեց նաև դրա պարզեցված տարբերակը՝ «Էվրիկա դրաման», որը պարունակում էր կա՛մ ելույթների ու երաժշտության ձայնագրությունը, կա՛մ այդ ձայնագրությունները և սլայդները։ Թեև այդ դրամայում չկային շարժական պատկերներ, այն նույնպես մեծ հաջողությամբ ներկայացվեց ավելի քիչ բնակեցված տարածքներում։

Եկեք պատկերացնենք այս պատմական տեսարանը։ 1914-ի հունվարին, երբ դեռ համր կինոյի ժամանակաշրջանh էր, Նյու Յորք քաղաքի Ուեսթ 63-րդ Սթրիթում գտնվող «Թեմփլ» շենքում հավաքվել էին մոտ 5000 հանդիսատեսներ։ Իսկ շատ-շատերն էլ տեղ չլինելու պատճառով ստիպված էին եղել հեռանալ։ Ի՞նչ առիթով էր այսքան մարդ հավաքվել։ Նյու Յորքում «Արարչության լուսադրամայի» պրեմիերան էր։ Հանդիսատեսներն անհամբերությամբ նայում էին մեծ էկրանին, երբ մի զարմանալի բան տեղի ունեցավ. էկրանին հայտնվեց արդեն 60-ն անց Չ. Թ. Ռասելը։ Նրա շուրթերը սկսեցին շարժվել, և կադրին զուգահեռ՝ սկսեց հնչել նրա ձայնը։ Դիտելով դրաման՝ գունավոր պատկերներով, երաժշտությամբ և խոսքերով, ունկնդիրները մտքով տեղափոխվեցին արարչագործության սկիզբ և հասան մինչև Քրիստոսի Հազարամյա Թագավորության վերջը։ Ներկայացման ընթացքում ունկնդիրները (արագացված կադրի միջոցով) տեսան նաև այլ զարմանահրաշ բաներ, օրինակ՝ թե ինչպես է բացվում ծաղիկը, և թե ինչպես է ձվից դուրս գալիս ճուտիկը։ Հանդիսատեսները պարզապես ցնցված էին։

Մինչև 1914-ի վերջը «Լուսադրաման» դիտեցին միլիոնավոր մարդիկ Հյուսիսային Ամերիկայում, Նոր Զելանդիայում և Ավստրալիայում։ Ինչ խոսք, այն արդյունավետ միջոց էր, որի շնորհիվ շատ կարճ ժամանակահատվածում բազմաթիվ մարդիկ վկայություն ստացան։

Իսկ ի՞նչ կարելի է ասել 1914 թվականի հոկտեմբերի մասին։ Տասնամյակներ շարունակ Ռասելն ու նրա ընկերակիցները հռչակում էին, որ հեթանոսների ժամանակները ավարտվելու են 1914-ին։ Ակնկալիքները մեծ էին։ Չ. Թ. Ռասելը քննադատում էր նրանց, ովքեր տարբեր տարեթվեր էին նշում Տիրոջ վերադարձի համար, որոնց թվում էին Վիլյամ Միլլերը և ադվենտիստների որոշ խմբեր։ Դեռևս Նելսոն Բարբերի հետ համագործակցելիս նա համոզված էր, որ կա ճշգրիտ ժամանակագրություն՝ հիմնված Աստվածաշնչի վրա, որը 1914 թվականն է մատնանշում որպես հեթանոսների ժամանակների ավարտ։

Մինչ կմոտենար այդ նշանակալից տարին, Աստվածաշունչ ուսումնասիրողները լցված էին մեծ ակնկալիքներով, սակայն նրանց ակնկալիքներից ոչ բոլորն ունեին աստվածաշնչյան հիմք։ Ի՞նչ էր տեղի ունենալու։

[ծանոթագրություններ]

a «Դիտարան», 1906, հուլիսի 15, էջ 229։

b Եթե հրատարակության կողքին նշված չէ լեզուն, նշանակում է, որ այդ աղբյուրը անգլերեն է։

c Ո՛չ Բարբերը, ո՛չ էլ Ռասելը առաջինը չէին, որ բացատրեցին, թե Տիրոջ վերադարձը նրա անտեսանելի ներկայությունն է։ Շատ ավելի վաղ Իսահակ Նյուտոնը (1642–1727) գրել էր, որ Քրիստոսը կվերադառնա և կթագավորի «մահկանացուների համար անտեսանելի» կերպով։ 1856-ին Ջոզեֆ Սեիսը, որը Ֆիլադելֆիայիում (Փենսիլվանիա) լյութերական քահանա էր, գրել էր երկրորդ գալստի երկու փուլերի մասին՝ անտեսանելի «պարուսիայի», կամ՝ ներկայության մասին, որին հաջորդելու էր տեսանելի հայտնությունը։ Իսկ 1864-ին Բենջամին Ուիլսոնը հրատարակել էր Նոր Կտակարանի «Էմֆաթիք դայագլոթ» տողացի թարգմանությունը և «պարուսիա» բառի ներքևում գրել էր «ներկայություն», ոչ թե «գալուստ»։ Հենց դրա վրա էր, որ Բ. Ու. Քեյթը՝ Բարբերի ընկերակիցներից մեկը, հրավիրեց Բարբերի և նրա համախոհների ուշադրությունը։

d Աստվածաշնչի ժամանակագրությանն առնչվող ավելի ճիշտ հասկացողության մասին տպագրվել է հետագա տարիների ընթացքում։ Տե՛ս 10-րդ գլուխը՝ «Աճում են ճշմարտության ճշգրիտ գիտելիքների մեջ» վերնագրով։

e «Դիտարան» բառը չի օգտագործվել միայն Ռասելի կամ Եհովայի վկաների կողմից։ Ջորջ Սթորզը 1850-ականներին հրատարակել էր մի գիրք, որի վերնագիրն էր՝ «Դիտարան. մարդը մահվան կապանքներում և ապագա կյանքի հույսը»։ Այս բառը նաև գործածվում էր տարբեր կրոնական հրատարակությունների վերնագրերում։ Այն գործածվում է ընդգծելու համար արթուն մնալու և Աստծու նպատակների իրականացմանը հետևելու գաղափարը (Ես. 21։8, 11, 12; Եզեկ. 3։17; Ամբ. 2։1)։

f Այդ հատորներն էին՝ «Ժամանակը հասել է» (հատոր II, 1889), «Քո Թագավորությունը գա» (հատոր III, 1891), «Վրեժխնդրության օր» (հատոր IV, 1897, հետագայում կոչվեց «Արմագեդոն պատերազմ»), «Հաշտություն Աստծու և մարդկանց միջև» (հատոր V, 1899) և «Նոր ստեղծագործություն» (հատոր VI, 1904)։ Երբ «Հազարամյակի արշալույս» ժողովածուն անվանվեց «Գրությունների ուսումնասիրություն», 1-ին հատորը կոչվեց «Գիրք I», 2-րդ հատորը՝ «Գիրք II», և այդպես շարունակ։ 1904-ի հոկտեմբերից սկսած՝ «Գրությունների ուսումնասիրություն» նոր անվանմամբ ժողովածուն տպագրվեց սահմանափակ թվով, իսկ 1906-ից այդ նոր անվանումը արդեն ավելի լայնորեն կիրառվեց։

g Որոշ ժամանակ անց գնվեց մեկ այլ շինություն, որը գտնվում էր Կոլումբիա Հայթս, 122 հասցեում, և Բեթելը ընդլայնվեց։ 1911-ին Բեթելի հետևում մի նոր շենք կառուցվեց, որը նույնպես ծառայեց որպես բնակելի շենք։

h Չնայած, որ նախկինում շարժական պատկերները ձայնային էֆեկտների հետ համադրելու փորձեր արվել էին, սակայն առաջին ձայնային կինոն ցուցադրվեց 1926-ի օգոստոսին։ Դա «Դոն Ժուան» ֆիլմն էր (ֆիլմում հնչում էր միայն երաժշտությունը՝ առանց խոսքերի)։ Մեկ տարի անց՝ 1927-ի աշնանը, ցուցադրվեց «Ջազի երգիչը» ֆիլմը (խոսքերով)։

[մեջբերում 51-րդ էջի վրա]

Կանչված են՝ բարի լուրը քարոզելու համար

[շրջանակ/նկար 44-րդ էջի վրա]

«Թողեք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հնձի ժամանակը»

Ի՞նչ պատահեց ճշմարիտ քրիստոնեությանը առաջին դարից հետո։ Հիսուսն իր առակներից մեկում նախապես հայտնել էր, որ Սատանան կցանի «որոմներ»՝ կեղծ քրիստոնյաներ, «ցորենի»՝ «թագավորության որդիների» մեջ, որոնք խորհրդանշում են ճշմարիտ քրիստոնյաներին։ Երկուսն էլ կաճեն միասին մինչև «հնձի ժամանակը»՝ «աշխարհի վախճանը» (Մատթ. 13։24–30, 36–43)։ Մեծ հավատուրացության ընթացքում, որը սկիզբ առավ առաքյալների մահից հետո, դարեր շարունակ «արտում» հիմնականում «որոմներն» էին երևում։

Իսկ «ցորե՞նը»։ Ովքե՞ր են եղել «թագավորության որդիները» դարավոր հավատուրացության ժամանակ։ Վստահ չենք կարող ասել։ Հիսուսի առակում նշված որոմը այն մոլախոտն է, որը կոչվում է «որոմ հարբեցնող»։ Այն մինչև հասունանալը շատ նման է ցորենին, և հասունանալուց հետո է, որ այն հեշտությամբ հնարավոր է տարբերել, քանի որ ունի ավելի փոքր, սև գույնի հատիկներ։ Նմանապես, միայն «հնձի ժամանակ» է, որ կեղծ քրիստոնյաները հստակ տարբերվելու են «թագավորության որդիներից»։ Հիշենք, որ Հիսուսն ասել էր. «Թողեք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հնձի ժամանակը»։ Ուստի ճշմարիտ քրիստոնեությունը երբեք «արմատախիլ» չի եղել։

Դարերի ընթացքում միշտ էլ եղել են մարդիկ, ովքեր սիրել են ճշմարտությունը։ Նրանցից էին Ջոն Ուիքլիֆը (մոտ 1330–1384) և Վիլյամ Թինդալը (մոտ 1494–1536), որոնք ձեռնարկեցին և շարունակեցին Աստվածաշնչի թարգմանության գործը՝ չնայած իրենց ազատությունը կորցնելու վտանգին կամ մահվան սպառնալիքին, նաև Վոլֆգանգ Ֆաբրիցիուս Կապիտոն (1478–1541), Մարտին Սելարիուսը (1499–1564), Յոհաննես Կամպանուսը (մոտ 1500–1575) և Թոմաս Էմլին (1663–մոտ 1741), որոնք ընդունում էին Աստվածաշունչը որպես Աստծու Խոսք և մերժում էին Երրորդությունը։ Այդպիսի մարդկանցից էին նաև Հենրի Գրուն (1781–1862) և Ջորջ Սթորզը (1796–1879), որոնք ոչ միայն ընդունում էին Աստվածաշունչը և մերժում էին Երրորդության ուսմունքը, այլև իրենց գնահատանքն էին արտահայտում Քրիստոսի քավիչ զոհի համար։

Ճիշտ է, չենք կարող միանշանակ ասել, որ այդ անհատներից որևէ մեկը Հիսուսի առակում նշված «ցորենն» է, սակայն վստահ ենք, որ «Եհովան ճանաչում է նրանց, ովքեր իրենն են» (2 Տիմոթ. 2։19)։

[շրջանակ 45-րդ էջի վրա]

Ջորջ Ու. Ստետսոն՝ «զարմանալի ունակությունների տեր մարդ»

Չ. Թ. Ռասելը երախտապարտ էր այն աջակցության համար, որ ստացել էր Ջորջ Ու. Ստետսոնից (Էդինբորո, Փենսիլվանիա) Աստվածաշունչն ուսումնասիրելու հարցում։ Ստետսոնը մահացավ 1879-ի հոկտեմբերի 9-ին 64 տարեկանում։ Հաջորդ ամիս «Դիտարանի» թողարկման մեջ հայտարարվեց Ստետսոնի մահվան մասին։ 27-ամյա Ռասելի խոսքերից երևում էր, թե որքան խորն էր Ստետսոնի հանդեպ նրա հարգանքը։ «Մեր եղբայրը զարմանալի ունակությունների տեր մարդ էր,— գրեց Ռասելը։— Նա զոհեց աշխարհի և քաղաքականության մեջ փառք ու բարձր դիրք ձեռք բերելու իր փայլուն հեռանկարները, որպեսզի կարողանար քարոզել Քրիստոսի մասին»։ Ստետսոնի վերջին ցանկությունն էր, որ Չ. Թ. Ռասելը ներկայացնի իր մահախոսականը։ Ռասելը կատարեց նրա ցանկությունը։ «Այն, որ մեր եղբոր թաղման արարողությանը ներկա եղավ մոտ 1200 հոգի, ցույց է տալիս, թե ինչ մեծ հարգանք էր վայելում նա»,— նշեց Ռասելը («Դիտարան», 1879, նոյեմբեր)։

[շրջանակ/նկար 46-րդ էջի վրա]

Ջորջ Սթորզ. մեր ընկերը և եղբայրը

Չ. Թ. Ռասելը երախտապարտ էր Ջորջ Սթորզին, որը մոտ 56 տարի իրենից մեծ էր։ Նա շատ բան էր սովորել Սթորզից այն մասին, որ հոգին մահանում է։ Ու երբ 1879-ի վերջերին Սթորզը լուրջ հիվանդացավ, Ռասելն առաջարկեց «Դիտարանում» գրել նրա ծանր վիճակի մասին։ Նա գրեց. «Մեր եղբայրը, որը երկար տարիներ եղել է «Աստվածաշնչի հետազոտող» պարբերականի հրատարակիչը և հայտնի է մեր ընթերցողներից շատերին, լուրջ հիվանդության պատճառով ստիպված է դադարեցնել իր պարբերականի թողարկումը»։ Ռասելի կարծիքով՝ Սթորզը ուներ «շատ պատճառներ Աստծուն շնորհակալ լինելու, որ իրեն երկար տարիների կյանք է շնորհել, կյանք, որն անմնացորդ նվիրել էր Տիրոջը»։ Սթորզը մահացավ 1879-ի դեկտեմբերի 28-ին 83 տարեկանում։ Նրա մահվան մասին հայտարարվեց «Դիտարանի» 1880թ. փետրվարի համարում, որտեղ ասվում էր. «Մենք սգում ենք Քրիստոսում մեր ընկերոջ և եղբոր կորուստը, բայց ոչ այնպես, ինչպես ուրիշները, որ հույս չունեն»։

[նկար]

Ջորջ Սթորզ

[շրջանակ/նկար 48-րդ էջի վրա]

««Առավոտվա մունետիկը» թողնում եմ ձեզ»

1879-ի գարնանը Ռասելը որոշեց այլևս չաջակցել «Առավոտվա մունետիկ» պարբերականի տպագրությանը, որը նա հրատարակում էր Ն. Հ. Բարբերի հետ։ Մայիսի 3-ին Բարբերին գրած իր նամակում Ռասելը բացատրում է պատճառը. «Մեր միջև տարաձայնություն է ծագել մեր Հոր խոսքում եղած ուսմունքի [փրկանքի քավիչ ուժի] վերաբերյալ, ու թեև հարգում եմ ձեզ ձեր ազնիվ ու անկեղծ տեսակետների համար, սակայն պետք է հայտնեմ, որ ես հակառակ կարծիքն ունեմ։ Ամեն դեպքում, ես պետք է առաջնորդվեմ մեր Հոր խոսքի իմ սեփական հասկացողությամբ, և իմ կարծիքով՝ դուք սխալվում եք.... Ես մտածում եմ, որ մեր անհամաձայնության հիմքում ընկած հարցերն այնքան ծանրակշիռ են ու կարևոր, որ այն համագործակցությունն ու փոխըմբռնումը, որ պետք է լինի թերթի կամ պարբերականի հրատարակիչների ու խմբագիրների միջև, այլևս չկա իմ և ձեր միջև։ Այդ իսկ պատճառով, ըստ իս, մեր փոխհարաբերությանը պետք է վերջ դնել»։

Ռասելն իր հաջորդ նամակում, որը գրեց 1879-ի մայիսի 22-ին, նշեց. «Հիմա ես «Առավոտվա մունետիկը» թողնում եմ ձեզ ամբողջությամբ և հեռանում եմ՝ ձեզնից ոչինչ չպահանջելով.... Խնդրում եմ, «Առավոտվա մունետիկի» հաջորդ համարում հայտարարեք մեր համագործակցության դադարեցման մասին և հանեք իմ անունը»։ 1879-ի հուլիսի համարից սկսած՝ «Առավոտվա մունետիկում» այլևս չէր նշվում, որ Ռասելը այդ պարբերականի համախմբագիրն է։

Բարբերը շարունակեց հրատարակել «Առավոտվա մունետիկը» մինչև 1903թ. և հենց այդ տարի, համաձայն գրադարանային արխիվների, այս պարբերականի հրատարակությունը դադարեց։ Բարբերը մահացավ մի քանի տարի անց՝ 1906թ.-ին։

[նկար]

Նելսոն Հ. Բարբեր

[շրջանակ 54-րդ էջի վրա]

Ինչու էր կոչվում «հովիվ»

Չարլզ Թեյզ Ռասելին նրա ընկերները կոչում էին Հովիվ Ռասել։ Ինչո՞ւ։ Քանի որ նա հովվում էր Աստծու հոտը։ Եփեսացիներ 4։11 համարում ասվում է, որ Քրիստոսը ոմանց որպես «հովիվներ» տվեց ժողովին։ Եղբայր Ռասելը, ինչ խոսք, քրիստոնեական ժողովի համար ծառայում էր որպես հոգևոր հովիվ։

Տեսնելով, թե ինչպես էր նա կատարում հովվելու գործը Մեծագույն Հովվի՝ Հիսուս Քրիստոսի վերակացությամբ՝ որոշ ժողովներ քվեարկությամբ ընտրեցին նրան որպես իրենց հովիվ։ Այդ տիտղոսը նա չէր ընտրել իր համար։ Առաջին ժողովը, որը 1882-ին քվեարկությամբ ընտրեց նրան որպես իրենց հովիվ, Պիտսբուրգում էր (Փենսիլվանիա)։ Դրանից հետո քվեարկությամբ նրան հովիվ ընտրեցին մոտ 500 ժողովներ Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում։

Այդ ժամանակներում սովորաբար ամեն տարի ժողովները քվեարկությամբ ընտրում էին իրենց նախագահողներին։ Այսօր երեցները, որ ծառայում են Եհովայի վկաների ժողովներում, չեն ընտրվում քվեարկությամբ, այլ նշանակվում են Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի կողմից։ Նաև ուշադրություն է դարձվում, որ «հովիվ» կամ «երեց» բառերը չօգտագործվեն որպես տիտղոս։

[շրջանակ/նկարներ 56-րդ, 57-րդ էջերի վրա]

«Արարչության լուսադրամա»

«Արարչության լուսադրամայում» ձայնի ուղեկցությամբ ցուցադրվում էին շարժական պատկերներ և սլայդներ։ Այս տպավորիչ դրաման դիտելիս հանդիսատեսներն, ասես, մտովի ճանապարհորդություն էին կատարում արարչագործությունից մինչև Հազարամյակի վերջը։

«Լուսադրամայի» առնվազն 20 հավաքածու պատրաստվեց, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած էր չորս մասից։ Դրա շնորհիվ հնարավոր էր ամեն օր ցուցադրել դրամայի մեկ մաս 80 տարբեր քաղաքներում։ Դա այդքան էլ հեշտ չէր։ Գնացքները միշտ չէ, որ մեկնում էին հարմար ժամի։ Բացի այդ, ժողովների համար հեշտ չէր հարկ եղած օրը դահլիճ վարձել։ Այդուհանդերձ, մինչև 1914-ի վերջը «Լուսադրաման», ընդհանուր հաշվով, դիտեց ավելի քան 9000000 մարդ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ավստրալիայում։

[նկարներ]

«Լուսադրամայի» սցենարը՝ բազմաթիվ նկարներով և ելույթներով

Թատրոններում ամեն օր ցուցադրվում էր «Լուսադրաման»

Չիկագո

Նյու Յորք

Կինոպրոյեկտոր

Սլայդոսկոպ

Ձայնապնակ

Սլայդներ «Լուսադրամայից»

Գովազդային ծանուցագիր

[շրջանակ 60-րդ էջի վրա]

«Սպասե՛ք 1914 թվականին»

Երբ 1914-ին բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը, Նյու Յորք քաղաքի հայտնի թերթերից մեկում հետևյալը գրվեց. «Եվրոպայում սկսված սարսափելի պատերազմով կատարվել է մի արտասովոր մարգարեություն.... «Սպասե՛ք 1914 թվականին» կոչով հարյուրավոր շրջագայող ավետարանիչներ՝ այս տարօրինակ հավատի ներկայացուցիչները [Ռասելի ընկերակիցները] երկրով մեկ հռչակում էին այն ուսմունքը, թե «Աստծու Թագավորությունը մոտեցել է»» (The World Magazine, 1914, օգոստոսի 30)։

[նկար 42-րդ էջի վրա]

Չարլզ Թեյզ Ռասել

[նկար 43-րդ էջի վրա]

Չարլզի հայրը՝ Ջոզեֆ Լ. Ռասելը, Ալեգեյնիի Աստվածաշունչ ուսումնասիրողների խմբի անդամ էր և «Դիտարան ընկերության» գործունեության մեջ սերտորեն համագործակցեց իր որդու հետ մինչև իր մահը՝ 1897թ.

[նկար 50-րդ էջի վրա]

Աստվածաշունչ ուսումնասիրողները տարածեցին տասնյակ միլիոնավոր թերթիկներ, որոնցում մերկացվում էին կրոնական սխալները, բացատրվում էին սուրբգրային ճշմարտությունները և հռչակում էին, որ 1914 թվականը նշանակալից տարի է

[նկար 52-րդ էջի վրա]

Մոտ 37 տարիների ընթացքում Չ. Թ. Ռասելը գրեց «Հազարամյակի արշալույս» ժողովածուի վեց հատորները (1886–1904), նաև թերթիկներ, գրքույկներ և «Դիտարանի» հոդվածներ

[նկար 53-րդ էջի վրա]

Ելույթ ունենալիս Ռասելը գրառումներից չէր օգտվում, խոսելիս ժեստեր էր օգտագործում և այս ու այն կողմ էր քայլում

[նկար 58-րդ էջի վրա]

Եղած տվյալների համաձայն՝ 2000 թերթերի միջոցով Ռասելի քարոզները մատչելի էին 15000000 ընթերցողների

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը