Ի՞նչ է բովանդակում գիրքը
Գրքերի հսկայական քանակը կարող է շփոթեցնել գրադարանում առաջին անգամ գտնվող մարդուն։ Սակայն կարճ բացատրությունից հետո, թե ինչպես են գրքերը դասավորված, անհատը շուտով կսովորի գտնել գրքերի տեղերը։ Նմանապես դյուրին կլինի կողմնորոշվել Աստվածաշնչում, եթե իմանանք, թե ինչ հերթականություն ունի նրա բովանդակությունը։
ԱՅՍ ԳԻՐՔԸ, որը հայերենում «Աստվածաշունչ» է անվանվում, հունարենում կոչվում է «Բիբլիա», այսինքն՝ «պապիրաթղթեր» կամ «մատյաններ»։1 Աստվածաշունչն, իրոք, վաթսունվեց առանձին մատյանների հավաքածու է՝ գրապահոց, որի գրառումը տևել է ավելի քան հազար վեց հարյուր տարի՝ մ.թ.ա. 1513թ.–ից մինչև մ.թ. 98թ.–ը։
Առաջին երեսունինը գրքերը՝ Աստվածաշնչի պարունակության գրեթե երեք քառորդը, հայտնի են որպես Եբրայերեն գրություններ, քանի որ հիմնականում գրվել են այդ լեզվով։ Սրանք ընդհանուր առմամբ կարելի է բաժանել երեք խմբի. 1) Պատմական՝ Ծննդոցից մինչև Եսթեր՝ տասնյոթ գիրք, 2) բանաստեղծական՝ Հոբից մինչև Սողոմոնի Երգ երգոցը՝ հինգ գիրք, և 3) մարգարեական՝ Եսայիայից մինչև Մաղաքիա՝ տասնյոթ գիրք։ Եբրայերեն գրություններն ամփոփում են երկրագնդի ու մարդկության վաղ պատմությունը, ինչպես նաև հին իսրայել ազգի պատմությունը՝ սկսած նրա ծագումից մինչև մ.թ.ա. հինգերորդ դարը։
Մնացած քսանյոթ գրքերը հայտնի են Քրիստոնեական հունարեն գրություններ անունով, քանի որ գրվել են այդ ժամանակվա միջազգային լեզվով՝ հունարենով։ Դրանք գլխավորապես դասավորված են ըստ թեմաների. 1) պատմական հինգ գրքերը՝ Ավետարաններն ու Գործքը, 2) քսանմեկ թղթերը, և 3) Հայտնությունը։ Քրիստոնեական հունարեն գրությունները հիմնականում կենտրոնանում են մ.թ. առաջին դարում Հիսուս Քրիստոսի և նրա աշակերտների ուսմունքների ու գործունեության վրա։