Գլուխ առաջին
Ի՞նչը կարող է ձեր կյանքն ավելի իմաստալից դարձնել
ԵՂԵ՞Լ են պահեր, երբ երազել եք մի փոքր ավելի լավ վայելել կյանքն այնտեղ, որտեղ ապրում եք կամ, թերևս, մտովի հայտնվել եք արևադարձային գոտում գտնվող դրախտանման որևէ վայրում։ Քիչ թե շատ, բոլորս էլ երազել ենք։
1891 թ.–ին ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենը այդպիսի կյանք գտնելու նպատակով ուղևորվեց Ֆրանսիական Պոլինեզիա։ Ցավոք, շուտով դեմառդեմ բախվեց դառն իրականության հետ։ Նրա ցոփ անցյալը հիվանդության ու տառապանքի պատճառ դարձավ թե՛ իր, և թե՛ ուրիշների համար։ Զգալով, որ մահը մոտ է՝ Գոգենը ստեղծում է մի կտավ, որը հետագայում համարվում է «նկարչի զորության վերջնական հաստատումը»։ Մի գրքում ասվում է. «Կտավի վրա պատկերված են մարդու կյանքի տարբեր շրջաններին հատուկ զբաղմունքներ՝ ծննդյան օրից մինչև մահը.... Նա կյանքը պատկերել է որպես մեծ առեղծված» («Paul Gauguin 1848-1903—The Primitive Sophisticate»)։
Գոգենն իր նկարն անվանեց «Որտեղի՞ց ենք. ի՞նչ ենք. ո՞ւր ենք ընթանում»։a
Այս հարցերը թերևս մեզ էլ են ծանոթ։ Բազում մտածող անհատներ խորհում են այս հարցերի շուրջ։ Թեթևակի նշելով գիտության և տեխնիկայի բնագավառում մարդու ձեռք բերած նվաճումների մասին՝ «Դը Ուոլ Սթրիթ Ջըրնըլ»–ի խմբագիրը գրում է. «Խորհրդածելով մարդու, նրա կրած դժվարությունների, տիեզերքում գրաված իր տեղի մասին՝ տեսնում ենք, որ կյանքը սկսվելուց ի վեր շատ քիչ ենք առաջ գնացել։ Եվ թե՝ ո՛վ ենք. ինչո՛ւ ենք ապրում. ո՛ւր ենք գնում հարցերը տակավին պատասխանի կարոտ են»։
Ճիշտ է, կյանքում ուրիշ որևէ իմաստ չգտնելով, ոմանք ընկղմված են ընտանեկան հոգսերի մեջ, զբաղված են ապրուստ վաստակելով, ճանապարհորդելով կամ անձնական այլ հետաքրքրություններով։ «Իր կյանքն իմաստազուրկ համարող անհատը ոչ թե պարզապես դժբախտ մարդ է, այլ հազիվ թե կարող է պիտանի լինել կյանքին» (Ալբերտ Էյնշտեյն)։ Նման մտածելակերպի տեր մարդիկ նվիրվում են արվեստին, գիտական հետազոտություններին կամ էլ, օրինակ, մասնակցում են հումանիտար օգնություններին ինչ–որ չափով տառապանքը նվազեցնելու նպատակով։ Ծանո՞թ են ձեզ այդպիսի մարդիկ։
Հասկանալի է, որ կյանքի իմաստի շուրջ լուրջ հարցեր են ծագում։ Մալարիայի կամ այլ հիվանդությունների պատճառով երեխային կորցնելուց հետո քանի՜–քանի՜ ծնողներ են հարց տվել՝ ինչո՞ւ են այս բոլոր տառապանքները, ի՞նչ իմաստ ունի այն... Համանման անպատասխան հարցերի առջև մնում են կանգնած բազում երիտասարդներ, որոնք գոյություն ունեցող չքավորության, հիվանդությունների և տիրող անարդարության ականատեսներն են։ Դաժան պատերազմները ևս դրդել են մարդկանց հաճախ մտորելու, թե ունի՞ արդյոք կյանքը որևիցե իմաստ։
Եթե նույնիսկ անձամբ չեք բախվել նման դժբախտությունների, միևնույն է, տրամաբանական կհամարեք պրոֆեսոր Ֆրիմեն Դայսընի կարծիքը։ Ահա թե ի՛նչ է գրում նա. «Լիովին համամիտ եմ Հոբի (աստվածաշնչյան կերպարներից մեկի) մտքերի հետ, երբ կրկնում եմ նրա տված հարցերը, թե ինչո՞ւ ենք տանջվում, ինչո՞ւ է աշխարհն այսքան անարդար, ի՞նչ իմաստ ունեն ցավն ու դժբախտությունը»։ Թերևս այս հարցերն անարձագանք են մնում նաև ձեզ համար։
Սպառիչ պատասխանները, վստահաբար, փոփոխություններ կբերեն։ Մի պրոֆեսոր, որը ժամանակին վերապրել է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի սարսափները, նկատել է. «Ոչ մի բան աշխարհում.... այնքան ազդեցիկ կերպով չի օգնում մարդուն վերապրել նույնիսկ ամենածանր իրավիճակները, քան սոսկ գիտակցությունն այն մասին, թե իր կյանքում դեռևս իմաստ գոյություն ունի»։ Նա գտնում էր, որ դրանից է կախված անգամ մարդու հոգեկան վիճակը։
Դարեր շարունակ մարդը պատասխանը փնտրել է կրոնի օգնությամբ։ Ականատես դառնալով հիվանդությանը, ծերությանը և տեսնելով մահացած մարդուն՝ Գաուտաման (Բուդդա) կրոնի մեջ փնտրեց պայծառություն կամ իմաստ՝ չհավատալով, սակայն, Աստծո՝ որպես անձի գոյությանը։ Ուրիշները դիմել են իրենց եկեղեցիներին։
Ի՞նչ կարելի է ասել ներկայումս ապրող մարդկանց մասին։ Շատերը կենտրոնանում են գիտության վրա՝ անտեղի համարելով և մի կողմ դնելով կրոնն ու Աստծուն։ «Թվում է՝ որքան առաջընթաց է ապրում գիտությունը,— նշում է «Կրոն և աթեիզմ» («Religion and Atheism») աշխատությունը,— այնքան ավելի քիչ տեղ է մնում Աստծո համար։ Նա կարծես դարձել է Աքսորյալ»։
Ապրել առանց Ստեղծիչի՝ ինչո՞ւ
Իրականում, կրոնի կամ Աստծո բացասումը հիմնված է բացարձակ դատողությունն ընդգծող անհատների փիլիսոփայությունների վրա։ Չարլզ Դարվինը գտնում էր, որ «բնական ընտրության» տեսությունն ավելի լավ է բացատրում կենդանի աշխարհի գոյությունը, քան Ստեղծիչի գոյության գաղափարը։ Զիգմունդ Ֆրեյդի ուսմունքը կայանում էր նրանում, թե Աստծո գոյության մասին հասկացողությունն ընդամենը պատրանք է։ Իսկ «Աստված մեռած է» տեսակետը մեզ հասել է Ֆրիդրիխ Նիցշեի ժամանակներից։ Միևնույն գաղափարների վրա են հիմնված Արևելյան փիլիսոփայությունները։ Բուդդայականության ուսուցիչները գտնում են, որ Աստծուն ճանաչելու ոչ մի անհրաժեշտություն չկա։ Սինտոյականության կրոնագետ Տեցուո Յամաորին սահմանեց այն գաղափարը, թե «աստվածներն ընդամենը մարդիկ են, որ կան»։
Հաստատվա՞ծ է արդյոք Աստծո գոյության նկատմամբ ներկայումս աճող թերահավատությունը (սկեպտիցիզմը)։ Հավանաբար տեղյակ եք անցյալում համընդհանուր հավանության արժանացած «գիտական փաստերից», որոնք, սակայն, ժամանակի ընթացքում ժխտվեցին։ «Երկրի տափարակ լինելու» և «երկրագնդի շուրջը Տիեզերքի պտտվելու» գաղափարները տիրել են դարեր շարունակ, բայց այսօր գիտենք, թե ո՛րն է հարցի պատասխանը։
Իսկ ի՞նչ կարելի ասել նորերս երևան եկած գիտական գաղափարների վերաբերյալ։ Օրինակ՝ 18–րդ դարի փիլիսոփա Դեյվիդ Հյումը, հերքելով Ստեղծիչի գոյությունը, ի վիճակի չէր բացատրություններ տալու երկրագնդի բարդ կենսաբանական կառուցվածքի մասին։ Դարվինի տեսության մեջ ներկայացվեց կյանքի տեսակների զարգացման ընթացքը, սակայն բացատրություններ չտրվեցին այն մասին, թե ինչպե՛ս է կյանքն առաջացել կամ թե ի՛նչ նպատակ է պարունակում այն մեզ համար։
Որպես հետևանք, բազում գիտնականներ, ինչպես նաև ոչ մասնագետներ սկսել են զգալ ինչ–որ բանի պակասը։ Գիտական տեսությունները փորձում են բացատրել՝ «ինչպե՛ս», սակայն բուն հարցը կենտրոնացված է «ինչու»–ի վրա։ Այս հարցն անմիջականորեն առնչվում է նաև աստվածավախ միջավայրում մեծացած անհատների հետ։ Պատմական ֆակուլտետի եվրոպացի մի ուսանողուհի հետևյալ կարծիքը հայտնեց. «Աստված ինձ համար մեռած է. եթե նա իրոք գոյություն ունենար, աշխարհում չէր տիրի ներկա անկարգ իրավիճակը. խաղաղ բնակիչները սովամահ են լինում, կենդանիների բազում տեսակներ ոչնչանում են.... Ստեղծիչի գոյության գաղափարն անիմաստ է»։ Նկատի ունենալով աշխարհում տիրող իրավիճակները՝ շատերը չեն հասկանում՝ ինչո՛ւ Ստեղծիչը, եթե նա իրոք գոյություն ունի, չի բարեփոխում դրանք։
Ստիպված ենք ընդունել, որ Ստեղծիչի գոյության գաղափարը ժխտելու հիմնական պատճառն այն է, որ այդ մարդիկ չեն ուզում հավատալ։ «Նույնիսկ եթե Աստված ինձ անձամբ ասի, թե հարկավոր է փոխել ապրելակերպս,— հայտարարում է եվրոպացի մի ձեռնարկատեր իր ծառայողին,— միևնույն է, չեմ փոխի։ Ես մտադիր եմ կյանքս ապրել այնպես, ինչպես ինքս եմ հարմար գտնում»։ Պարզ է՝ ոմանք զգում են, որ Ստեղծիչի հեղինակությունն ընդունելը որոշ չափով կսահմանափակի իրենց ազատությունը և իրենց նախընտրած ապրելակերպի մեջ առաջ կգան հակասություններ։ Նրանք, թերևս, ասում են. «Ես հավատում եմ միայն տեսածիս և ոչ մի Ստեղծիչի չեմ տեսնում»։
Անկախ այն բանից, թե ինչո՛ւ են մարդիկ «ապրում առանց Ստեղծիչի», կյանքի և նրա իմաստի շուրջ առաջ եկած հարցերը դեռևս մնում են անպատասխան։ Երբ մարդը սկսեց ուսումնասիրել տիեզերքը, աստվածաբան Կարլ Բարթից հարցրեցին նրա կարծիքը տեխնիկայի այդ նվաճման մասին։ Վերջինս պատասխանեց. «Այս իրադարձությունը բոլորովին էլ չի լուծում գիշերները քունս խլող իմ պրոբլեմները»։ Այսօր մարդը տիեզերք է թռչում ու սրընթաց արագություն բաց անում կիբեռ–տարածության մեջ։ Այնուհանդերձ, գիտակից անհատները տեսնում են «նպատակի» անհրաժեշտությունը, մի բան, որը կիմաստավորեր իրենց կյանքը։
Բոլոր լայնախոհ անձանց հրավիրում ենք նկատի առնել այս հարցը։ Մի գրքում նշվում է, որ «դատողության մեջ ազնիվ» անհատը «պատրաստ է քննելու այն, ինչն ընդունում է որպես ճշմարտություն» և «բավականաչափ ուշադրություն դարձնելու առձեռն ուրիշ փաստերին» («Belief in God and Intellectual Honesty»)։
Տվյալ հարցում նման «առձեռն փաստը» օգնում է մեզ տեսնելու, թե կյանքն ու Տիեզերքը ունե՞ն արդյոք Ստեղծիչ։ Եվ եթե Ստեղծիչն իրոք գոյություն ունի, ապա ո՞վ է Նա։ Արդյո՞ք նրա էությունը որևէ դեր խաղում է մեր կյանքում։ Այս հարցերի քննարկումից պարզ կդառնա, թե ինչպե՛ս կարող է մեր կյանքն ավելի իմաստալից և արժեքավոր դառնալ։
[Ծանոթագրություններ]
a «D’où venons-nous? Que sommes-nous? Où allons-nous?»։
[Նկար ամբողջ էջի վրա. էջ 4]
[6–րդ էջի վրայի պատկերը]
Գոգենի նկարը հարցեր էր հարուցել կյանքի իմաստի վերաբերյալ