«Դրախտ». նկարչի ձգտումը
ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ԹԱԻԹԻԻՑ
ԱՅՆ ժամանակվանից, երբ առաջին մարդ Ադամը կորցրեց Դրախտում ապրելու հնարավորությունը, նրա զավակները ձգտել են ետ վերադարձնել այդ կորուստը։ Դրախտը վերագտնելու տենդագին փափագը բազմաթիվ նկարիչների մղել է իրենց գործերում վերարտադրելու այդ երանավետ վայրը։ Նրանցից մեկը 19–րդ դարի հայտնի վարպետ Պոլ Գոգենն էր։
Մոտ երկու տարի առաջ հարյուրավոր մարդիկ, այդ թվում նաև սկսնակ նկարիչներ, երկու նավով ժամանեցին փոքրիկ Հիվա–Օա կղզի (Մարկիզյան կղզիներ, Ֆրանսիական Պոլինեզիա)։ Դա այն կղզին է, որտեղ 1903 թ.–ին մահացել է Պոլ Գոգենը։ Մեծ նկարչի մահվան հարյուրամյակի կապակցությամբ տեղի ունեցավ նրա անունը կրող մշակութային կենտրոնի հանդիսավոր բացումը, ինչը և այնտեղ հավաքեց նրա արվեստի սիրահարներին։
Որտե՞ղ է Դրախտը
Իսկ ինչո՞ւ ավելի քան մեկ դար առաջ Գոգենը լքեց Եվրոպան՝ նախընտրելով կյանքի մնացած մասն անցկացնել խաղաղօվկիանոսյան այդ հանգիստ վայրում։ Եվրոպացի նկարիչը, ստիպված լինելով ապրել չքավորության մեջ, սկսեց ատել այն հասարակությունը, որում ծնվել էր։ Նա խորշում էր այն ամենից, ինչն, իր կարծիքով, եվրոպական մշակույթին ու կենսաձևին բնորոշ նեղ մտածողության արդյունք էր։ Գոգենի այս համոզվածությունն է՛լ ավելի ամրապնդվեց, երբ նա առաջին անգամ գնաց Թաիթի՝ այնտեղ մնալով մոտ երկու տարի։ Եվրոպա վերադառնալուց հետո նա որոշեց. «Ոչինչ այլևս չի պահի ինձ այստեղ։ Որքա՜ն հիմար կյանքով ենք ապրում մենք՝ եվրոպացիներս»։ Գոգենը բացեիբաց մերժում էր Արևմուտքի բարքերը։ Իր օրերում ապրող բազմաթիվ եվրոպացիների նման՝ նա երազում էր վաղուց կորած դրախտի մասին, որտեղ մարդը պաշտպանված կլիներ քաղաքակրթության վնասակար ազդեցությունից։ Գոգենը հույս ուներ, որ դրախտում՝ երանության այգում ապրելու իր ցանկությունը կիրականանա խաղաղօվկիանոսյան կղզիներում, որտեղ թագավորում են արևն ու խաղաղությունը։ Նա շատ էր փափագում «աքսորել» իրեն այդ վայրը, որը, իր տեսանկյունից, իդեալական տեղ էր նկարչությամբ զբաղվելու համար։
Իր ժամանակակիցներից շատերի պես՝ Գոգենը կարծում էր, որ լավ է բնակվել քաղաքակրթությունից հեռու, բնության հետ ներդաշնակ. նման կենսաձևի մեջ նա պարզություն էր տեսնում։ Քանի որ պոլինեզիացիները հենց այդպիսի կյանքով էին ապրում, թվում էր, թե նրանք ունակ էին միայն բարություն անելու։ Այդ սրտաբաց մարդկանց անմեղ, պարզ կյանքը տեսնելով՝ կարելի էր մտածել, թե նրանք ապրում են կատարյալ աշխարհում։ Գոգենը հենց այդպիսի երջանկություն էր փնտրում։ Ցավոք, նա միևնույն է չէր կարողանում հասկանալ, թե ինչպես է առաջացել կյանքը, ինչ է սպասում մարդուն և ո՞րն է հուսահատությունից ու մահվան հանդեպ վախից ձերբազատվելու միջոցը։
Խաղաղօվկիանոսյան կղզիները ներշնչանքի աղբյուր դարձան Գոգենի համար։ Այդ միջավայրում նրա մեջ նորից արթնացավ նկարչական ոգին։ Գոգենն իր կտավներում սիրում էր պատկերել մարդկանց գեղեցկությունը՝ փորձելով ցույց տալ, որ այն կայանում է պարզության մեջ։ Նրա նկարներում մարդկանց դեմքերը մաքրություն, հանգստություն և բավարարվածություն են արտահայտում։ Իր կտավների միջոցով Գոգենը ցանկանում էր գեղարվեստորեն արտահայտել առասպելական արևադարձային աշխարհի հեքիաթային խաղաղ մթնոլորտը։
Իրական երջանկություն
Իսկ Գոգենին հաջողվե՞ց իրական երջանկություն գտնել Թաիթիում, Հիվա–Օայում կամ որևէ այլ կղզում։ Ավաղ, նա ստիպված եղավ ընդունել, որ նույնիսկ այդ փոքրիկ արևադարձային կղզիներում բոլորի վերջնակետը մահն է։ Իր հայտնաբերած աշխարհում կատարելություն չկար։ Թաիթիում իր բնակվելու առաջին տարիներին Գոգենը գրեց. «Արդեն որոշ ժամանակ է՝ տխուր եմ, և դա անդրադառնում է աշխատանքիս վրա։ .... Ուրախությունն է բացակայում իմ գործերում»։ Գոգենի նկարներում պատկերված այդ երանելի վայրերը չարդարացրին նրա հույսերը։ Այնտեղ ևս նա նյութական և առողջական խնդիրներ ուներ։ Նույնիսկ այդ միջավայրում Գոգենը չկարողացավ գտնել կյանքի առեղծվածին վերաբերող իր գլոբալ հարցերի պատասխանները։ Անդադար խորհելով դրանց մասին՝ նա որոշեց մի մեծ կտավ նկարել, որը դարձավ Թաիթիում իր ծավալած գործունեության գլուխգործոցը։ 3 մետր 75 սանտիմետր երկարությամբ այդ հսկայական այլաբանական նկարը նա կոչեց «Որտեղի՞ց ենք։ Ո՞վ ենք։ Ո՞ւր ենք ընթանում» («D’où venons-nous? Que sommes-nous? Où allons-nous?»)։ Այդ նկարով նա փորձեց ցույց տալ, որ չի հասկանում աշխարհը և չի կարողանում բացահայտել մեր գոյության գաղտնիքը։
Կյանքին վերաբերող այն հարցերին, որ տվել է Գոգենը իր նկարների միջոցով, և որ ծագել են նրանից առաջ ու հետո ապրած մարդկանց մեջ, պատասխանում է Աստվածաշունչը՝ այն գիրքը, որտեղ Աստված ներկայացնում է իր նպատակը մարդկության առնչությամբ։ Այնտեղ տրվող պատասխանները ճշմարիտ են և գոհացուցիչ։ Աստվածաշունչը հույս է ներշնչում ապագայի հանդեպ։ Նաև սովորեցնում է, որ որտեղ էլ բնակվենք՝ խաղաղօվկիանոսյան կղզիներում թե այլուր, իսկական երջանկության կարող ենք հասնել միայն այն դեպքում, եթե ապրենք մեր Արարչի՝ Եհովա Աստծու օրենքներին ներդաշնակ։ Ֆրանսիական Պոլինեզիայում և աշխարհի մյուս մասերում Եհովայի վկաները ուրախությամբ պատմում են բոլորին այն մասին, որ մարդիկ դրախտում ապրելու հրաշալի հեռանկար ունեն։
Հարյուրավոր կրկնօրինակներ
Գոգենի մահվան հարյուրամյակի կապակցությամբ բացվեց նրա կտավների ռեպրոդուկցիաների ցուցահանդես։ Այդ կրկնօրինակները գլխավորապես երկու նկարիչների՝ Կլոդ և Վերա Ֆարինաների աշխատանքներն էին։ Նրանք որոշ ժամանակ ապրել են Հիվա–Օայում՝ զբաղվելով Գոգենի նկարների ընդօրինակմամբ։ Իրենց կրկնօրինակները այդ նկարիչները նվիրեցին նորաստեղծ մշակութային կենտրոնին։
Ֆարինաները ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել են Գոգենի կտավների մեծ լուսանկարները, որպեսզի կարողանան պարզել, թե ինչ գույներ ու ձևեր է ընտրել վարպետը։ Դրա շնորհիվ նրանք կարողացան վերարտադրել այն, ինչ ցանկացել է փոխանցել նկարիչը։ Նրանց խոսքերով՝ արվեստի գործերի կրկնօրինակումը ամենևին էլ հեշտ բան չէ ու շատ ուժ և ժամանակ է պահանջում։ «Վարպետին շնորհված է ստեղծագործելու ազատություն, և եթե նա հինգ ոտք ունեցող սեղան նկարի, ոչ ոք դա տարօրինակ չի համարի։ Ընդհակառակը՝ մարդիկ միաձայն կաղաղակեն, որ նա հանճար է։ Բայց եթե կրկնօրինակողը գեթ մի տերև բաց թողնի, նրա աշխատանքը խիստ քննադատության կարժանանա։ Հենց դա է պատճառը, որ կրկնօրինակողներն ավելի քիչ են, քան նկարիչները»։ Իսկ ո՞վ է լավ կրկնօրինակողը։ «Նա պետք է լայն գիտելիքներ ունենա վարպետի ու վերջինիս կյանքի մասին, քանի որ ձեռքի տակ ունի միայն նկարչի գործերի լուսանկարները։ Եվ անգամ այդ դեպքում միշտ չէ, որ կհաջողվի ընտրել այն գույները, որոնք օգտագործվել են բնօրինակում։ Հետևաբար կրկնօրինակողը պետք է թանգարաններից մանրամասն տեղեկություններ հավաքի»։ Այսօր Գոգենի կտավները բարձր գին ունեն։ Իսկ դա նշանակում է, որ Ֆարինաներն իրենց աշխատանքով անգնահատելի գործ են կատարել մշակութային կենտրոնի համար։
[Նկար 23–րդ էջի վրա]
Պոլ Գոգեն. ինքնանկար
[Նկար 23–րդ էջի վրա]
“Femmes de Tahiti”, կամ՝ “Sur la plage” («Կանայք ծովափին»)
[Նկար 24–րդ էջի վրա]
“Femme à la mangue” («Մանգոյով կինը»), բնօրինակը (վերևում) կրկնօրինակի հետ, որն արել են Կլոդ և Վերա Ֆարինաները (ներքևում)։ Նրանք գտնվում են Աթուոնայի իրենց արհեստանոցում։
[Թույլտվությամբ]
Erich Lessing/Art Resource, NY
Copie dʹoeuvre de Gauguin, avec lʹaimable autorisation de Claude et Viera Farina
[Նկար 25–րդ էջի վրա]
“Les Parau Parau” («Դատարկ զրույցներ»)
[Թույլտվությամբ]
Scala/Art Resource, NY
[Նկար 25–րդ էջի վրա]
“Quand te maries-tu?” («Ե՞րբ ես ամուսնանալու»)
[Թույլտվությամբ]
Erich Lessing/Art Resource, NY
[Նկար/թույլտվությամբ 23–րդ էջի վրա]
Artwork: Erich Lessing/ Art Resource, NY