Բարի լուրը ավետելու նրանց մեթոդները
Քրիստոնյաները պատգամ են ստացել ‘բոլոր ազգերն աշակերտելու’, սակայն դա չի նշանակում, որ նրանք պետք է ճնշում գործադրելով՝ ուրիշներին ստիպողաբար իրենց հավատին բերեն։ Հիսուսն ուղարկված էր «աղքատներին աւետիք տալու», «կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու» և «բոլոր սգաւորներին մխիթարելու համար» (Մատթէոս 28։19; Եսայիա 61։1, 2; Ղուկաս 4։18, 19)։ Եհովայի վկաներն էլ են ձգտում այդպես վարվել՝ մարդկանց պատմելով Աստվածաշնչի բարի լուրը։ Հին օրերի մարգարե Եզեկիելի նման նրանք էլ այսօր ջանում են գտնել այն մարդկանց, ովքեր «հառաչում եւ ողբում են.... [աշխարհում կատարվող] բոլոր պղծութիւնների համար» (Եզեկիէլ 9։4)։
Ներկա իրավիճակներից ընկճված անհատների գտնելու համար Վկաների կիրառած լավագույն մեթոդը տնետուն ծառայությունն է։ Նրանք ամեն ջանք գործադրում են, որպեսզի խոսեն մարդկանց հետ, ինչպես որ ժամանակին Հիսուսն էր անում, երբ «ման էր գալիս քաղաքները եւ գիւղերը քարոզելով եւ Աստուծոյ արքայութիւնն աւետարանելով»։ Այդպես էին վարվում նաև նրա առաջին աշակերտները (Ղուկաս 8։1; 9։1–6; 10։1–9)։ Այսօր Եհովայի վկաները հնարավորության դեպքում աշխատում են այցելել յուրաքանչյուր տուն տարին մի քանի անգամ և բնակիչների հետ փոքր–ինչ զրուցել իրենց տեղանքի հետ կապված կամ էլ ամբողջ աշխարհի մասշտաբով որևէ հրատապ խնդրի շուրջ։ Նրանք մեկ–երկու համար են քննարկում Աստվածաշնչից, և եթե տվյալ անձնավորությունը հետաքրքրություն է ցույց տալիս, պայմանավորվում են կրկին այցելել և զրույցը շարունակել։ Մարդկանց Աստվածաշունչ և աստվածաշնչյան ձեռնարկներ են առաջարկվում, և ցանկության դեպքում նրանց հետ Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն է անցկացվում։ Համայն աշխարհում ինչպես առանձին անհատների, այնպես էլ ընտանիքների հետ Աստվածաշնչի միլիոնավոր այդպիսի օգտակար ուսումնասիրություններ են անցկացվում։
Արքայության ավետարանը հռչակելուն նպաստում են նաև Թագավորության սրահներում ամեն շաբաթ անցկացվող ժողովի հանդիպումները։ Այդ հանդիպումներից մեկը Հանրային ելույթն է՝ որևէ ժամանակահարմար թեմայով, որին հաջորդում է «Դիտարան» պարբերագրի օգնությամբ աստվածաշնչյան որևէ նյութի կամ մարգարեության քննարկումը։ Հաջորդ հանդիպումը Դպրոցն է, որի օգնությամբ Վկաները սովորում են բարի լուրի ավելի հմուտ քարոզիչներ լինել։ Այս ծրագրից անմիջապես հետո սկսվում է մեկ այլ հանդիպում, որի ընթացքում քննարկվում են տվյալ վայրում անցկացվող քարոզչական գործունեության հետ առնչվող հարցերը։ Բացի այդ, Վկաներն ամեն շաբաթ փոքր խմբերով հավաքվում են մասնավոր տներում՝ Աստվածաշունչ ուսումնասիրելու։
Ժողովի բոլոր այս հանդիպումներին մասնակցել ցանկացողների համար մուտքն ազատ է։ Դրամ չի հավաքվում։ Բոլորն էլ կարող են օգուտներ քաղել այդ հանդիպումներից։ Աստվածաշունչն ասում է. «Հոգ տանենք միմեանց՝ սիրոյ եւ բարի գործերի յորդորելով եւ զանց չառնենք մէկտեղ հաւաքուելը, ինչպէս որ սովոր են անել ոմանք, այլ խրախուսենք միմեանց, և այդ այնքան աւելի, որքան տեսնում էք Տիրոջ օրուայ մօտենալը»։ Ինչ խոսք, անձնական ուսումնասիրություններն ու հետազոտություններն անչափ կարևոր են, սակայն հանդիպումներին հավաքվելով՝ մենք քաջալերվում ենք և սովորում մեկս մյուսից։ «Երկաթը երկաթով է սրվում, եւ մարդս սրում է իր ընկերի երեսը»,— ասում է Աստվածաշունչը (Եբրայեցիս 10։24, 25, ԷԹ; Առակաց 27։17)։
Առօրյա կյանքում մարդկանց հետ շփվելիս Վկաներն ամեն հարմար առիթ օգտագործում են, որպեսզի բարի լուրի մասին զրույց սկսեն։ Հնարավոր է մի քանի բառ փոխանակեն հարևանի կամ տրանսպորտում իրենց ուղեկցի հետ, ավելի երկար խոսակցություն ունենան ընկերոջ կամ ազգականի հետ, կամ էլ ընդմիջման ժամին զրուցեն իրենց գործընկերոջ հետ։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, նա հիմնականում այդպես էր վկայություն տալիս՝ ծովափով քայլելիս, բլրի լանջին նստած, մեկի տանը ճաշելիս, հարսանիքի ժամանակ կամ Գալիլեայի ծովում ձկնորսական մակույկի մեջ։ Նա ուսուցանում էր հրեական ժողովարաններում և Երուսաղեմի տաճարում։ Ուր էլ որ լիներ, Հիսուսն օգտագործում էր հնարավորությունը՝ մարդկանց հետ խոսելու Աստծո Թագավորության մասին։ Այս առումով՝ Եհովայի վկաները նույնպես ձգտում են քայլել նրա թողած հետքերով (Ա Պետրոս 2։21)։
Քարոզ՝ անձնական օրինակով
Բարի լուրը քարոզելու այս ձևերից և ոչ մեկը իմաստ չէր ունենա, եթե քարոզողն ինքը չապրեր իր քարոզածի համաձայն։ Մի բան ասել, մի այլ բան անելը կեղծավորություն է, իսկ կրոնական կեղծավորության պատճառով միլիոնավոր մարդիկ երես են դարձրել Աստվածաշնչից։ Սակայն Աստվածաշնչին ուղղված բոլոր մեղադրանքներն էլ անարդարացի են։ Դպիրներն ու փարիսեցիներն իրենց ձեռքի տակ ունեին Եբրայերեն Գրությունները, և, չնայած դրան, Հիսուսը դատապարտեց նրանց՝ ասելով, որ նրանք կեղծավորներ են։ Նշելով այն փաստը, որ նրանք ուրիշների համար կարդում էին Մովսիսական օրենքից՝ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Ինչ էլ որ ասեն ձեզ պահել, պահեցէք եւ արէք, բայց նորանց գործերի պէս մի անէք. որովհետեւ ասում են բայց չեն անում» (Մատթէոս 23։3)։ Քրիստոնյայի օրինակելի վարքն ավելին կարող է ասել, քան նրա երկար քարոզները։ Այս մասին հիշեցում էր տրվել այն քրիստոնյա կանանց, ովքեր անհավատ ամուսիններ ունեին. «Կանանց վարքովը առանց խօսքի, [ամուսինները] շահուին, տեսնելով ձեր երկիւղածութեամբ պարկեշտ վարքը» (Ա Պետրոս 3։1, 2)։
Ուստի Եհովայի վկաները ձգտում են բարի լուրը ներկայացնել նաև օրինակելի և քրիստոնեավայել վարք դրսևորելով, ինչի մասին որ քարոզում են ուրիշներին։ Նրանք աշխատում են ‘մարդկանց անել այն, ինչ կուզեին որ մարդիկ իրենց անեին’ (Մատթէոս 7։12)։ Եվ նման վերաբերմունք նրանք աշխատում են ցուցաբերել ոչ միայն իրենց հավատակիցների, ընկերների, հարևանների կամ ազգականների հանդեպ, այլև բոլորի։ Ու թեև անկատարության պատճառով միշտ չէ, որ դա նրանց լիովին հաջողվում է, սակայն Եհովայի վկաները սրտանց ցանկանում են բարություն անել բոլոր մարդկանց՝ ոչ միայն Թագավորության լուրը քարոզելով, այլև հնարավորության սահմաններում նրանց օգնության ձեռք մեկնելով (Յակոբոս 2։14–17)։
[նկար 19–րդ էջի վրա]
Հավայան կղզիներ
[նկար 19–րդ էջի վրա]
Վենեսուելա
[նկար 19–րդ էջի վրա]
Հարավսլավիա
[նկարներ 20–րդ էջի վրա]
Հարմարավետ Թագավորության սրահները, որտեղ Աստվածաշնչի քննարկումներ են անցկացվում
[նկարներ 21–րդ էջի վրա]
Ընտանիքում և ուրիշների հետ հաղորդակցվելիս Վկաներն անկեղծորեն ջանում են կիրառել այն, ինչ քարոզում են