Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yp2 գլ. 26 էջ 218–224
  • Ինչպե՞ս վերահսկեմ զգացմունքներս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս վերահսկեմ զգացմունքներս
  • Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Զսպիր բարկությունդ
  • Պայքար տխրության դեմ
  • Ի՞նչ անեմ, որ չտխրեմ
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Ինչպե՞ս համարձակորեն խոսեմ հավատիս մասին դպրոցում
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Ինչպե՞ս կարող եմ վերահսկել հույզերս
    Երիտասարդները հարցնում են
  • Երբ էլ չես ուզում ապրել...
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
Ավելին
Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
yp2 գլ. 26 էջ 218–224

ԳԼՈՒԽ 26

Ինչպե՞ս վերահսկեմ զգացմունքներս

ՔՈ ԿԱՐԾԻՔՈՎ՝ կրակը լա՞վ բան է, թե՞ վատ։ Հավանաբար կասես, որ ամեն բան կախված է հանգամանքներից։ Երբ ցուրտ ձմեռ է, և կրակարանում փայտ է վառվում, դու քեզ լավ ես զգում և վայելում ես ջերմությունը։ Այո՛, դա հաճելի է։ Բայց երբ կրակը բռնկվում է և արագ տարածվում, ողջ տունը կարող է այրվել։ Դա, ինչ խոսք, վատ է։

Նույնը կարելի է ասել մեր զգացմունքների մասին։ Առանց զգացմունքների՝ հնարավոր չէ ունենալ ջերմ ընկերական փոխհարաբերություններ։ Բայց եթե չզսպենք մեր էմոցիաները, դրանք կարող են վնաս հասցնել ոչ միայն մեզ, այլև մեր շրջապատի մարդկանց։

Անցումային տարիքում ժամանակ առ ժամանակ գուցե լցվես բարկությամբ կամ համակվես տխրությամբ։ Ինչպե՞ս կարող ես վերահսկել այդ զգացմունքները։ Նախ խոսենք բարկության մասին, ապա՝ տխրության։

Զսպիր բարկությունդ

Հեշտ չէ հաղթահարել վիրավորանքն ու ցավը, երբ քեզ հետ անարդար են վարվում։ Նման դեպքերում ոմանք հունից դուրս են գալիս։ Բայց Աստվածաշունչը բացասական լույսի ներքո է խոսում «բարկության տեր մարդու» և նրա մասին, ով «հակված է զայրանալու» (Առակներ 22։24; 29։22)։ Եվ սա աննշան բան չէ։ Անկառավարելի բարկությունը կարող է դրդել այնպիսի արարքների, որոնց համար հետագայում կփոշմանես։ Իսկ ինչպե՞ս վերահսկես զգացմունքներդ, երբ քեզ հետ անարդար են վարվում։

Նախ սթափ նայիր իրավիճակին ու տես, թե կարող ես խնդիրը լուծել քո սրտումa (Սաղմոս 4։4)։ Հիշիր, «չարի դիմաց չարությամբ» հատուցելը ավելի կբարդացնի իրավիճակը (1 Թեսաղոնիկեցիներ 5։15)։ Ամեն բան անկեղծորեն քննելուց և աղոթելուց հետո ըստ ամենայնի կտեսնես, որ կարող ես ներել քեզ վիրավորողին։ Եվ այդ դեպքում վիրավորանքը չի իշխի քեզ վրա (Սաղմոս 37։8)։

Իսկ ի՞նչ անել, երբ վիրավորանքը չի անցնում։ Աստվածաշունչը նշում է, որ կա «լռելու ժամանակ և խոսելու ժամանակ» (Ժողովող 3։7)։ Գուցե խոսես այն անհատի հետ, ով վիրավորել է քեզ։ Եթե դա խելամիտ չէ, կարող ես զգացմունքներիդ մասին պատմել ծնողներիդ կամ որևէ հասուն ընկերոջ։ Եթե որևէ մեկը միտումնավոր նյարդայնացնում ու անհանգստացնում է քեզ, ջանքեր թափիր, որ շարունակես բարությամբ վերաբերվել այդ անհատին։ Տե՛ս 221-րդ էջի աղյուսակը և մտածիր, թե ինչ իրավիճակներում ես բարկանում և ինչպես պետք է արձագանքես։

Աղոթիր Եհովային և խնդրիր, որ օգնի քեզ վիրավորողի հանդեպ չարությամբ չլցվելու։ Հիշիր, նույնիսկ եթե չկարողանաս փոխել իրավիճակը, կկարողանաս փոխել քո վերաբերմունքը։ Եթե թույլ տաս, որ բարկությունն իշխի քեզ վրա, կդառնաս անօգնական, ինչպես կարթն ընկած ձուկը։ Քո մտքերն ու զգացմունքները ուրիշի իշխանության տակ կլինեն։ Բայց չէ՞ որ դու պետք է վերահսկես քո զգացմունքները (Հռոմեացիներ 12։19)։

Պայքար տխրության դեմ

«Վերջերս տրամադրության անկում եմ ունենում, միշտ դժգոհ եմ ինձնից։ Կյանքից ուրախություն չեմ ստանում։ Գիշերները լաց եմ լինում»,— ասում է 16-ամյա Լոռան։ Այս աղջկա նման՝ շատ պատանիներ տարբեր դժվարությունների պատճառով իրենց ճնշված են զգում։ Քեզ ծանո՞թ են այս զգացմունքները։ Ծնողներդ, ուսուցիչներդ, ընկերներդ անընդհատ ինչ-որ պահանջներ են դնում քո առաջ։ Բացի այդ, անհանգստանում ես քեզ հետ տեղի ունեցող ֆիզիկական և էմոցիոնալ փոփոխությունների պատճառով։ Քեզ ձախողակ ես համարում աննշան թերացումների համար։ Այս ամենը կարող է վհատության գիրկը գցել քեզ։

Որոշ պատանիներ իրենց հոգեկան ցավը մեղմելու համար վնասվածքներ են հասցնում իրենցb։ Եթե նման սովորություն ունես, փորձիր գտնել պատճառը։ Օրինակ՝ ոմանք իրենց վնասվածքներ են հասցնում սթրեսից դուրս գալու համար։ Իսկ ի՞նչն է քեզ սթրեսի մեջ գցում։ Ընտանեկան վիճա՞կը, ընկերնե՞րդ։

Նման զգացմունքները հաղթահարելու լավագույն ձևը ծնողների հետ խոսելն է։ Կարող ես խոսել նաև որևէ հասուն քրիստոնյայի հետ, որը քեզ համար կլինի եղբայր՝ «նեղ օրվա համար ծնված» (Առակներ 17։17)։ Ահա թե ինչ է ասում 16-ամյա Լիլիանան, որը օգնության համար դիմեց ժողովի հասուն քույրերին. «Նրանք ինձնից տարիքով մեծ էին, ուստի կարող էին իմաստուն խորհուրդներ տալ։ Այս քույրերը ինձ համար իսկական ընկերներ դարձան»c։ 15-ամյա Դիանան իր համար այլ միջոց գտավ։ Նա սկսեց ավելի շատ մասնակցել քարոզչական ծառայությանը։ Նա ասում է. «Ավելի լավ բան չէի կարող անել։ Իրականում, դրանք իմ կյանքի ամենաերջանիկ օրերն էին»։

Բայց ամենակարևորն այն է, որ երբ վհատված ես ու տխուր, աղոթես։ Սաղմոսերգու Դավիթը, որը շատ դժվարությունների ու հակառակությունների բախվեց, գրեց. «Քո բեռը Եհովայի վրա գցիր, և նա նեցուկ կլինի քեզ» (Սաղմոս 55։22)։ Եհովան գիտի քո անհանգստությունները և «հոգ է տանում քո մասին» (1 Պետրոս 5։7)։ Եթե քո սրտում քեզ դատապարտում ես, հիշիր, որ «Աստված մեր սրտերից ավելի մեծ է և ամեն բան գիտի» (1 Հովհաննես 3։20)։ Նա քեզնից ավելի լավ է հասկանում քո զգացմունքները և գիտի, թե ինչու ես վհատված։ Նա կարող է թեթևացնել քո էմոցիոնալ բեռը։

Եթե շարունակում ես մնալ վհատված ու տխուր, գուցե էմոցիոնալ խանգարում ունես, օրինակ՝ դեպրեսիաd։ Այդ դեպքում լավ կլինի, որ դիմես բժշկի։ Մի՛ անտեսիր խնդիրը։ Ի՞նչ կանեիր, եթե լսեիր, որ քո մեքենայից տարօրինակ ձայն է գալիս։ Երաժշտության ձա՞յնը կբարձրացնեիր։ Ինչ խոսք, ճիշտ կլիներ կանգնեցնել մեքենան ու ստուգել։ Կարիք չկա, որ ամաչես։ Շատ պատանիներ, ովքեր տառապում են դեպրեսիայից կամ նման այլ խանգարում ունեն, ճիշտ բուժում ստանալու շնորհիվ իրենց ավելի լավ են զգում։

Հիշիր, որ մեր զգացմունքները կրակի նման են։ Երբ վերահսկում ենք, դրանք ջերմացնում և ուրախալի են դարձնում մեր կյանքը, իսկ եթե հունից դուրս են գալիս, ապա ճանապարհին հանդիպած ամեն բան հրդեհի պես այրում են։ Ուստի ջանքեր թափիր, որ վերահսկես զգացմունքներդ։ Ինչ խոսք, երբեմն գուցե ասես կամ անես բաներ, որոնց համար հետո կափսոսաս, բայց համբերատար եղիր։ Ժամանակի ընթացքում կսովորես վերահսկել զգացմունքներդ՝ թույլ չտալով, որ դրանք վերահսկեն քեզ։

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Ամեն ինչում կատարելությա՞ն ես ձգտում։ Եթե այո, ապա ինչպե՞ս կարող ես թեթև նայել քո թերացումներին։

[ծանոթագրություններ]

a Եթե քեզ ծաղրում են ու ճնշում, տե՛ս այս գրքի 14-րդ գլխի խորհուրդները։ Իսկ եթե քեզ վիրավորել է ընկերդ, տե՛ս 10-րդ գլուխը։

b Պատանիները միտումնավոր տարբեր ֆիզիկական վնասվածքներ են հասցնում իրենց, օրինակ՝ կտրում կամ այրում են մաշկը, կապտուկներ կամ քերծվածքներ առաջացնում։

c Եթե այնքան քաջություն չունես, որ այդ մասին երես առ երես խոսես որևէ մեկի հետ, փորձիր նամակ գրել կամ հեռախոսով խոսել։ Որևէ մեկին վստահելը հաճախ էմոցիոնալ ապաքինման առաջին քայլն է։

d Դեպրեսիայի մասին ավելի շատ տեղեկություն ստանալու համար տե՛ս 1-ին հատորի 13-րդ գլուխը։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ միշտ բարիով հաղթիր չարին» (Հռոմեացիներ 12։21)։

ԱՌԱՋԱՐԿ

Ամեն օր ասա ծնող(ներ)իդ, թե ինչ լավ բան է եղել քեզ հետ օրվա ընթացքում, նույնիսկ եթե դա փոքր բան է։ Հետո, երբ լուրջ խնդրի բախվես, ավելի հեշտ կլինի նրանց հետ խոսել, և նրանք էլ ավելի հակված կլինեն լսելու քեզ։

ԳԻՏԵԻ՞Ր

Եթե բավականաչափ չես հանգստանում և լավ չես սնվում, բացասական զգացմունքները դժվար է հաղթահարել։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Ինձ համար դժվար է պայքարել հետևյալ բացասական զգացմունքի դեմ՝ ․․․․․

Այդ զգացմունքի դեմ պայքարելու համար ես ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ինչո՞ւ է անկառավարելի բարկությունը Աստծուն անընդունելի։

● Ինչպե՞ս կարող է տաքարյուն բնավորությունը վնասել քեզ։

● Ինչպե՞ս կարելի է հաղթահարել տխրության զգացումը։

[մեջբերում 223-րդ էջի վրա]

«Շատ կարևոր է իմանալ, որ ինչ-որ մեկը մտածում է քո մասին, ու երբ ամեն ինչ մռայլ է թվում քեզ, կարող ես խոսել նրա հետ» (Ջենիֆեր)։

[աղուսակ/նկարներ 221-րդ էջի վրա]

վարժություն

Զսպիր բարկությունդ

Լրացրու աղյուսակը

Իրավիճակ

Դասընկերս ծաղրում է ինձ։

սխալ արձագանք

Վիրավորել նրան։

ճիշտ արձագանք

Անտեսել և ցույց տալ, որ նրա խոսքերը չեն զայրացնում ինձ։

Իրավիճակ

Քույրս առանց հարցնելու վերցրել է իմ սիրած կոշիկները։

սխալ արձագանք

Նրա իրերից վերցնել ինչ-որ բան ու այդպիսով դաս տալ նրան։

ճիշտ արձագանք

․․․․․

Իրավիճակ

Ծնողներս ասում են որ «կալանքի» տակ եմ։

սխալ արձագանք

․․․․․

ճիշտ արձագանք

․․․․․

[նկար 220-րդ էջի վրա]

Բարկացած մարդը նման է կարթն ընկած ձկան։ Երկուսն էլ ուրիշի իշխանության տակ են

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը