Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yp2 գլ. 14 էջ 121–127
  • Ինչպե՞ս ինձ պաշտպանեմ դպրոցում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս ինձ պաշտպանեմ դպրոցում
  • Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Դիմադրիր ճնշումներին՝ առանց բռունցքների
  • Ինչպես վարվել սեռական ոտնձգության դեպքում
  • Ի՞նչ անեմ, երբ բուլիինգի եմ ենթարկվում
    Երիտասարդները հարցնում են
  • Ի՞նչ անեմ, եթե բուլիինգի ենթարկվեմ դպրոցում
    Երիտասարդներին հետաքրքրող 10 հարցերի պատասխանները
  • Ինչպես վերջ դնել ագրեսիային
    2004 Արթնացե՛ք
  • Ինչպե՞ս պայքարել սեռական ոտնձգության դեմ
    Երիտասարդները հարցնում են
Ավելին
Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
yp2 գլ. 14 էջ 121–127

ԳԼՈՒԽ 14

Ինչպե՞ս ինձ պաշտպանեմ դպրոցում

Նշիր՝ ճիշտ է, թե սխալ։

1. Ագրեսիան դրսևորվում է միայն ֆիզիկական բռնությամբ։

□ Ճիշտ է

□ Սխալ է

2. Սեռական ոտնձգությունը միշտ դրսևորվում է ֆիզիկական շփումով։

□ Ճիշտ է

□ Սխալ է

3. Աղջիկները նույնպես կարող են ագրեսիվ լինել ու սեռական ոտնձգություն անել։

□ Ճիշտ է

□ Սխալ է

4. Եթե քեզ ծաղրում են, ճնշում կամ սեռական ոտնձգություն անում, ոչինչ չես կարող անել։

□ Ճիշտ է

□ Սխալ է

ՎԱԽ. միլիոնավոր պատանիներ դպրոցում ամեն օր ունենում են այս զգացողությունը։ Ահա թե ինչ է ասում Ռայենը. «15 րոպե դպրոցի ավտոբուսում լինելը մի ողջ հավիտենություն էր թվում։ Սկսվում էր ծաղրանքով, ավարտվում ֆիզիկական բռնությամբ։ Ասես տանջանքի միջով անցնեի»։ Մյուսներն էլ սեռական ոտնձգության են ենթարկվում։ Անիտան պատմում է. «Դպրոցում մի հայտնի տղա ինձ անկյուն քաշեց ու սկսեց ձեռք տալ ինձ։ Սկզբում քաղաքավարի ձևով խնդրեցի ձեռքերը մի կողմ տանել, բայց դա չօգնեց։ Նա կարծում էր, թե կատակ եմ անում»։

Որոշ պատանիներ ահաբեկում են իրենց դասընկերներին ինտերնետով։ Դու է՞լ ես նման վերաբերմունքի զոհ դառնում։ Եթե այո, ապա ինչպե՞ս կարող ես հաղթահարել այդ դժվար իրավիճակը։ Կան շատ տարբերակներ։ Բայց սկզբում անդրադառնանք նախորդ էջում նշված պնդումներին ու տեսնենք, թե դրանցից որոնք են ճիշտ, իսկ որոնք՝ սխալ։

1. Սխալ է։ Շատերը ահաբեկում են ոչ թե բռունցքներով, այլ խոսքերով։ Դա անում են սպառնալով, վիրավորելով, ծաղրելով և այլ ձևերով։

2. Սխալ է։ Անգամ սեռական երանգ ունեցող «հաճոյախոսությունը», անպարկեշտ կատակները կամ կրքոտ հայացքները կարող են սեռական ոտնձգություն լինել։

3. Ճիշտ է։ Այդպիսի ճնշում կարող են բանեցնել թե՛ տղաները, թե՛ աղջիկները։

4. Սխալ է։ Դու կարող ես քայլեր ձեռնարկել նման վերաբերմունքին վերջ դնելու համար։ Ինչպե՞ս։

Դիմադրիր ճնշումներին՝ առանց բռունցքների

Ոմանք թերևս դիտավորյալ ծաղրեն ու ճնշեն քեզ, որպեսզի տեսնեն, թե ինչպես կարձագանքես։ Աստվածաշունչը իմաստուն խորհուրդ է տալիս. «Մի՛ շտապիր ոգով վիրավորվել» (Ժողովող 7։9)։ Փաստն այն է, որ «չարի փոխարեն չարով» հատուցելը նման է կրակի վրա յուղ լցնելուն, ինչի արդյունքում խնդիրները շատանում են (Հռոմեացիներ 12։17)։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող ես դիմադրել ճնշումներին՝ առանց բռունցքների։

Չափից շատ սուր մի՛ արձագանքիր։ Եթե ինչ-որ մեկը անհաջող կատակ է անում, փորձիր անտեսել ու սրտիդ մոտ չընդունել։ Էդմոնդը ասում է. «Երբեմն ագրեսիվ խոսքերին պետք չէ ուշադրություն դարձնել»։ Եթե ծաղրողը տեսնի, որ լրջորեն չես վերաբերվում իր խոսքերին, կդադարի քեզ ծաղրելուց։

Պատասխանիր մեղմությամբ։ Աստվածաշունչն ասում է. «Մեղմ պատասխանը հեռացնում է ցասումը» (Առակներ 15։1)։ Ծաղրողը չի մտածում, որ դու հանգիստ կմնաս։ Քեզ զսպելով՝ կթեթևացնես լարված իրավիճակը։ Ճիշտ է, սառնասիրտ լինելու համար հարկավոր է ինքնատիրապետում դրսևորել, ինչը հեշտ չէ, բայց դա է լավագույն վարվելակերպը։ Առակներ 29։11-ում գրված է. «Հիմարը թափում է իր ողջ ջղայնությունը, բայց իմաստունը մինչև վերջ հանդարտ է մնում»։ Մեղմությունը բնորոշ է ուժեղ մարդկանց։ Մեղմ անձնավորությանը չես կարող հեշտությամբ դուրս հանել հավասարակշռությունից։ Եվ ընդհակառակը՝ ագրեսիվ անհատը վստահ չէ իր ուժերի մեջ, շուտ է ընկճվում և նույնիսկ հուսահատության գիրկն է ընկնում։ Այդ պատճառով Աստվածաշունչն ասում է. «Նա, ով չի շտապում բարկանալ, հզոր մարդուց լավ է» (Առակներ 16։32)։

Պաշտպանիր ինքդ քեզ։ Եթե իրավիճակն անվերահսկելի է դառնում, կարող ես փախչելու ճանապարհ որոնել։ Առակներ 17։14-ում գրված է. «Նախքան վեճի բռնկվելը հեռացիր»։ Ուստի երբ տեսնում ես, որ իրավիճակը թեժանում է, հեռացիր կամ փախիր։ Բայց եթե դա էլ չես կարող անել, ապա պաշտպանիր քեզ, ինչպես կարող ես։

Տեղեկացրու։ Ծնողներդ պետք է իմանան, թե ինչ է տեղի ունենում։ Նրանք կարող են գործնական խորհուրդներ տալ քեզ։ Օրինակ՝ կարող են առաջարկել, որ խոսես ուսուցչիդ հետ կամ դիմես տնօրինությանը։ Վստահ եղիր, որ ծնողներդ և ուսուցիչներդ կարող են խնդիրը իմաստնորեն լուծել՝ առանց ավելորդ խնդիրներ ստեղծելու։

Հիշիր ամենակարևորը. ծաղրող անհատը չի կարող հաղթել, եթե դու չես խաղում նրա կանոններով։ Թույլ մի տուր, որ քեզ ճնշեն կամ ահաբեկեն։ Փոխարենը՝ քո ձեռքը վերցրու իրավիճակը՝ օգտագործելով վերոնշյալ առաջարկները։

Ինչպես վարվել սեռական ոտնձգության դեպքում

Եթե սեռական ոտնձգության ես ենթարկվում, լիովին տեղին է, որ բարկությամբ ես լցվում։ Բայց հարցն այն է, թե ինչպես վարվես։ Տարբերակները շատ են։ Ահա մի քանի առաջարկ։

Հաստատակամորեն մերժիր սեքսով զբաղվելու առաջարկները։ Անհատը կարող է ենթադրել, թե քո անվճռական «ոչ»-ը նշանակում է «այո», կամ կարող է հասկանալ՝ «միգուցե», եթե նրան հակառակը չապացուցես։ Ուստի թող քո «ոչ»-ը ոչ լինի (Մատթեոս 5։37)։ Եթե ծիծաղես կամ ձևացնես, թե ամաչում ես, անգամ եթե այդպես վարվես շփոթությունից ելնելով, ապա դա կարող է սխալ ընկալվել։ Ուստի եղիր հաստատակամ ու վճռական։ Դա քո լավագույն պաշտպանությունն է։

Աղմուկ բարձրացրու։ Անիտան պատմում է. «Ես ստիպված էի նրան վատ դրության մեջ գցելու՝ նրա ընկերների առաջ բարձրաձայն ասելով՝ ՉԴԻՊՉԵ՛Ս ինձ»։ Արդյո՞ւնքը։ «Նրա բոլոր ընկերները ծիծաղեցին նրա վրա։ Մի որոշ ժամանակ այդ տղան չէր խոսում ինձ հետ, բայց հետո ներողություն խնդրեց, իսկ մի անգամ էլ նույնիսկ պաշտպանեց ինձ, երբ մի տղա փորձում էր անհանգստացնել ինձ»։

Եթե խոսքերը չեն օգնում, հեռացիր։ Կամ ավելի լավ է՝ փախիր։ Իսկ եթե դա էլ հնարավոր չէ, դու իրավունք ունես քեզ պաշտպանելու (2 Օրենք 22։25–27)։ Մի քրիստոնյա աղջիկ ասում է. «Երբ մի տղա փորձեց բռնել ինձ, ամբողջ ուժով հարվածեցի նրան ու փախա»։

Պատմիր ինչ-որ մեկին։ 16-ամյա Ադրիանան ասում է. «Ի վերջո այդպես էլ արեցի։ Պատմեցի ծնողներիս, որ այն տղան, որին ընկեր էի համարում, ինձ հանգիստ չի թողնում։ Որքան շատ էի մերժում նրան, այնքան ավելի համառ էր նա դառնում։ Կարծես խաղ լիներ։ Ծնողներիս հարցրի, թե ինչպես վարվեմ»։ Նրանք գործնական խորհուրդ տվեցին աղջկան, որն օգնեց խնդիրը լուծելու։ Անկասկած, քո ծնողներն էլ կարող են քեզ օգնել։

Հեշտ չէ դեմ կանգնել ծաղրանքին, ճնշումներին ու ագրեսիային։ Բայց հիշիր. քրիստոնյա պատանիները չպետք է դառնան անօգնական զոհեր, հանդուրժեն նման վերաբերմունքը կամ ենթարկվեն սեռական ոտնձգության։ Կատարելով վերը նշված քայլերը՝ դու կկարողանաս հաղթահարել այդ խնդիրները։

ԱՅՍ ԹԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՏՆԵԼ 1-ԻՆ ՀԱՏՈՐԻ 18-ՐԴ ԳԼԽՈՒՄ։

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Հասակակիցների ճնշումը ամենաբարդ խնդիրներից մեկն է։ Ինչպե՞ս վստահությամբ դիմադրել։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Եթե հնարավոր է, որքանով որ ձեզանից է կախված, խաղաղություն ունեցեք բոլոր մարդկանց հետ» (Հռոմեացիներ 12։18)։

ԱՌԱՋԱՐԿ

Եթե քեզ ծաղրում են ու ճնշում, համարձակ եղիր, բայց ոչ ագրեսիվ։ Հաստատակամորեն պահանջիր դադարեցնել։ Հանգիստ հեռացիր։ Եթե դա էլ չի օգնում, տեղեկացրու համապատասխան մարդկանց։

ԳԻՏԵԻ՞Ր

Տհաճ իրավիճակներից խուսափելու համար պետք է զգույշ լինել հագուստ ընտրելու հարցում։ Որոշ գույներ և ոճեր ասոցացվում են բանդաների կամ սպորտային խմբերի հետ։ Բանդայի նախկին մի անդամ ասաց. «Եթե որևէ մեկը հագնվում էր մեր պես, բայց մեզանից չէր, թիրախ էր դառնում. նա պետք է կա՛մ մեզ միանար, կա՛մ ծեծի ենթարկվեր»։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Եթե որևէ մեկը վիրավորի ինձ կամ հրահրի մի բան անելու, ես ․․․․․

Տհաճ իրավիճակների մեջ չընկնելու համար ես ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ի՞նչը կօգնի քեզ մնալու հանգիստ ու վստահ, ինչի արդյունքում ծաղրողները թերևս քեզ հանգիստ թողնեն։

● Ի՞նչ կարող ես անել սեռական ոտնձգության դեպքում։ (Պատկերացրու կոնկրետ իրավիճակներ և թե ինչ կանես դու։)

● Ինչո՞ւ պետք է լրջորեն վերաբերվես սեռական ոտնձգությանը։

[մեջբերում 123-րդ էջի վրա]

«Եթե տեսնում ես, որ կռիվ է սկսվելու, մի՛ խառնվիր ու հեռացիր։ Ոմանց հետաքրքիր է իմանալ, թե ինչ է լինելու, ու հենց այդ պատճառով էլ ընկնում են փորձանքի մեջ» (Ջորջ)։

[շրջանակ 125-րդ էջի վրա]

Ինչպես կանխել սեռական ոտնձգությունը

Ֆլիրտ մի՛ արա։ Այն հրահրում է սեռական ոտնձգության։ Աստվածաշնչում գրված է. «Մի՞թե հնարավոր է, որ մարդ իր ծոցը կրակ դնի, և իր հանդերձները չվառվեն» (Առակներ 6։27)։ Եթե ֆլիրտ ես անում, կրակի հետ ես խաղում։

Հետևիր, թե ում հետ ես շփվում։ Քո մասին կարծիք է ձևավորվում՝ կախված այն բանից, թե ովքեր են ընկերներդ։ Կառլա անունով մի աղջիկ ասում է. «Եթե շփվում ես այնպիսի մարդկանց հետ, որոնց դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինել և ֆլիրտ անել, ուրեմն քեզ հետ էլ այդպես կվարվեն» (1 Կորնթացիներ 15։33)։

Հետևիր հագուստիդ։ Անհամեստ հագուստը հստակ ազդանշան է, որ դու հակառակ սեռի ուշադրությունն ես փնտրում։ Եվ դու, անկասկած, կստանաս այն (Գաղատացիներ 6։7)։

Մի՛ թաքցրու, որ քրիստոնյա ես։ Հակառակ դեպքում ոչ ոք չի իմանա, որ դու ապրում ես քրիստոնեական չափանիշներով (Մատթեոս 5։15, 16)։

[նկար 124-րդ էջի վրա]

Բարկանալով՝ դու կրակի վրա յուղ ես լցնում

[նկար 127-րդ էջի վրա]

«Չդիպչե՛ս ինձ»

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը