7 ՀԱԿՈԲ
Նա քաջաբար պաշտպանեց իր ընտանիքը
ԻՐ ԿՅԱՆՔԻ մայրամուտին Հակոբը իր ապրած տարիները նկարագրեց երկու բառով՝ «քիչ» և «ցավով լի» (Ծննդ. 47։9)։ Նա իսկապես շատ դժվարություններ էր տեսել։ Կյանքի ավելի վաղ շրջանում Հակոբը ստիպված եղավ փախչել հեռավոր Խառան, քանի որ եղբայրը ցանկանում էր սպանել իրեն։ Այնտեղ նա սիրահարվեց Ռաքելին, բայց վերջինիս հայրը՝ Լաբանը, խորամանկորեն նախ իր ավագ դստերը ամուսնացրեց նրա հետ։ Այդպես Հակոբը երկու կին ունեցավ, որոնք իրար հետ լեզու չէին գտնում։ Տարիներ շարունակ Հակոբը աշխատեց Լաբանի համար, բայց վերջինս անընդհատ փորձում էր շահագործել նրան։ Չնայած այս ամենին՝ Հակոբը հիացմունքի արժանի քաջություն, հավատ և դիմացկունություն դրսևորեց։
Օրերից մի օր Եհովան ասաց Հակոբին, որ ժամանակն է Խառանից հեռանալու և վերադառնալու տուն՝ Քանան։ Բայց դա վտանգավոր ձեռնարկում էր։ Բանն այն է, որ Լաբանը շատ ագահ մարդ էր։ Նա սեփականատիրական մտածելակերպ ուներ ու Հակոբի ողջ ունեցածը իրենն էր համարում։ Հակոբը, խորհրդակցելով իր կանանց հետ, վերցրեց ընտանիքին և առանց Լաբանին որևէ բան ասելու հեռացավ։ Իմանալով այդ մասին՝ Լաբանը հավաքեց իր մարդկանց ու ընկավ նրանց հետևից։ Երբ վերջապես հասավ նրանց, Հակոբին խստորեն կշտամբեց հեռանալու համար։ Նա անգամ սպառնալից ասաց. «Ես իշխանություն ունեմ ձեզ վնաս հասցնելու»։ Հակոբը քաջաբար առարկեց։ Նա նշեց, որ Լաբանը տարիներ շարունակ անարդար է վարվել իր հետ ու խարդախել։ Բայց միևնույն ժամանակ Հակոբը սրտանց պատրաստ էր խաղաղություն հաստատել։ Ի վերջո նրանք բարեկամաբար բաժանվեցին։
Ի՞նչն օգնեց Հակոբին խաղաղ հարաբերություններ հաստատել թշնամաբար տրամադրված հարազատների հետ և քաջաբար գոտեմարտել զորեղ հրեշտակի հետ
Բայց Հակոբին մի նոր դժվարություն էր սպասում. նա պետք է երես առ երես հանդիպեր իր երկվորյակ եղբորը՝ Եսավին։ Շուրջ 20 տարի առաջ Հակոբը իր մորից՝ Ռեբեկայից, իմացել էր, որ Եսավը ուզում է սպանել իրեն։ Պատճառն այն էր, որ նա կարծում էր, թե Հակոբը իրենից անազնվորեն խլել է իրեն հասանելիք հայրական օրհնությունը։ Այժմ Հակոբը ցանկանում էր հաշտվել իր եղբոր հետ։ Իմանալով, որ Եսավը 400 մարդկանց հետ գալիս է իրենց ընդառաջ՝ Հակոբը իր ծառաներին ուղարկեց, որ արժեքավոր նվերներով դիմավորեն Եսավին։ Արդյոք դա բավակա՞ն էր Եսավի բարկությունը մեղմելու համար։ Հակոբը վստահ չէր դրանում։ Կարդում ենք. «Հակոբը շատ վախեցավ ու անհանգստացավ»։ Բայց նախքան նրանց հանդիպումը մի զարմանալի բան տեղի ունեցավ։
Լուսադեմին, երբ Հակոբը մենակ էր, նշմարեց մի անծանոթի։ Դա Եհովայի հրեշտակն էր։ Վերջինս սկսեց գոտեմարտել Հակոբի հետ։ Հասկանալով, որ կարող է օրհնություն ստանալ հրեշտակից՝ Հակոբը քաջաբար պայքարի մեջ մտավ նրա հետ և ժամեր շարունակ գոտեմարտեց։ Չնայած ուժերի անհավասարությանը և իր 97 տարեկան հասակին՝ Հակոբը չհանձնվեց։ Նա համառորեն պայքարեց, մինչև անգամ արցունք թափեց հանուն օրհնության (Օս. 12։4)։ Հակոբը վճռական էր տրամադրված և համոզված էր, որ Եհովայից անգամ մի փոքր օրհնություն ստանալու համար արժե ամեն ջանք գործադրել։ Արևածագին հրեշտակը ընդամենը մեկ հպումով տեղախախտեց նրա ազդրի հոդը։ Սակայն նա նաև մի կարևոր բան ասաց Հակոբին՝ «Այսուհետ քո անունը ոչ թե Հակոբ կլինի, այլ Իսրայել», և օրհնեց նրան։ Այդ անունը հատուկ նշանակություն ուներ՝ «Աստծու հետ մարտնչող»։ Եվ դա իսկապես համապատասխան անուն էր, քանի որ Հակոբը, լարելով իր բոլոր ուժերը, համառորեն մարտնչել էր Եհովայի օրհնությունը ստանալու համար։
Հակոբը կաղալով գնաց իր ընտանիքի մոտ։ Շուտով հեռվում երևաց Եսավը՝ իր 400 մարդկանցով։ Հակոբը մեն-մենակ ընդառաջ գնաց նրանց բոլորին։ Մոտենալով Եսավին՝ նա յոթ անգամ խոնարհվեց։ Եսավը վազեց նրան ընդառաջ։ Բայց զենք հանելու փոխարեն նա լայն տարածեց ձեռքերն ու ջերմորեն գրկեց Հակոբին։ Նրանք երկուսով լաց եղան։ Հակոբի առատաձեռն նվերները և նրա խոնարհ վարվելակերպը լիովին «զինաթափ» էին արել Եսավին։ Հավանաբար նա Հակոբի քաջությամբ էլ էր հիացած։ Այո՛, Հակոբին հաջողվեց հալեցնել եղբոր սիրտը ու հաշտվել նրա հետ։
Վնասված հոդի պատճառով Հակոբը մինչև կյանքի վերջ կաղ մնաց։ Նա շատ այլ դժվարություններ էլ կրեց։ Բայց, անկասկած, երբեք չափսոսաց, որ որոշել էր հնազանդվել Եհովային, ոչ էլ փոշմանեց հրեշտակի հետ գոտեմարտելու համար։ Հակոբին տված Եհովայի հիասքանչ խոստումը տարիներ անց իրականացավ. նրա սերունդները՝ իսրայելացիները, մեծ ազգ դարձան (Ծննդ. 28։14)։ Դեռ ավելին՝ Աստվածաշնչի էջերում Եհովան հաճախ կոչվում է «Հակոբի Աստված» (Ելք 3։6)։ Հիսուսն էլ է օգտագործել այդ արտահայտությունը և ավելացրել. «Նա ոչ թե մահացածների Աստվածն է, այլ ողջերի. նրանք բոլորն էլ ողջ են նրա համար» (Ղուկ. 20։37, 38)։ Այնպես որ Հակոբի սքանչելի ապագան երաշխավորված է։ Նոր աշխարհում նա կապրի անթիվ-անհաշիվ տարիներ՝ լի անսահման երջանկությամբ։
Կարդա Աստվածաշնչից
Քննարկման համար
Հակոբն ինչպե՞ս քաջություն դրսևորեց
Խորացրու գիտելիքներդ
1. Ինչո՞ւ Եհովան հոգ տարավ, որ առաջնեկության իրավունքը Եսավից անցնի Հակոբին (w03 10/15, էջ 29, պրբ. 2)։
2. Եհովան ի՞նչ երազ տվեց Հակոբին, և դա նրան ինչո՞ւմ վստահեցրեց (w03 10/15, էջ 28, պրբ. 3-էջ 29, պրբ. 1)։ Ա
նկար Ա
3. Հակոբն ինչո՞ւ էր վստահ, որ կարող է հրեշտակից օրհնություն ստանալ (w03 10/15, էջ 31, պրբ. 1)։ Բ
նկար Բ
4. Հակոբն ի՞նչ քայլեր ձեռնարկեց իր ընտանիքին քանանացիների ազդեցությունից պաշտպանելու համար (w95 9/15, էջ 21, պրբ. 4, ծնթ.)։
Մտածիր՝ ինչպես կիրառել
Հակոբը պատասխանատվություն էր զգում Լաբանի հոտի ամեն մի ոչխարի համար (Ծննդ. 31։38-40)։ Ինչպե՞ս կարող են քրիստոնյա հովիվները է՛լ ավելի մեծ պատասխանատվությամբ հոգ տանել Եհովայի գառների մասին։ Գ
նկար Գ
Երբ Հակոբը վախեցավ, աղոթեց Եհովային (Ծննդ. 32։6-12)։ Ի մտի ունենալով Հակոբի օրինակը՝ ինչերի՞ մասին կարող ես աղոթել։
Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Հակոբի քաջությունը։
Համադրիր ընդհանուր պատկերի հետ
Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։
Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։
Ի՞նչ կհարցնեմ Հակոբին, երբ նա հարություն առնի։
Բացահայտիր ավելին
Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հակոբին, երբ հասկանում ենք, որ վիրավորել ենք մեր հավատակցին։
Աստվածաշնչյան այս պատկերազարդ պատմության միջոցով ընտանիքիդ սովորեցրու Հակոբի մասին։