18 ԳԵԴԵՈՆ
Քաջ, բայց և զգուշավոր
ԻՍԿԱԿԱՆ քաջությունը նաև զգուշավորություն է պահանջում, քանի որ առանց դրա քաջությունը դառնում է անշրջահայացություն, և մարդն անտեղի վտանգավոր քայլերի է գնում։ Գեդեոնը և՛ քաջ էր, և՛ զգուշավոր։ Նա ապրում էր այնպիսի ժամանակներում, երբ Իսրայելը դարձյալ երես էր թեքել Եհովայից։ Եհովան էլ թույլ էր տվել, որ մադիանացիները ներխուժեն երկիր ու կեղեքեն իր ժողովրդին։ Նրանց հարձակումների պատճառով ժողովուրդը չէր կարողանում դաշտերում աշխատել ու բերք հավաքել։ Սակայն Գեդեոնը անվախորեն հացահատիկ էր կալսում ժողովրդին սննդով ապահովելու համար։ Բայց դա զգուշորեն էր անում, մադիանացիների աչքից հնարավորինս հեռու՝ ծածուկ տեղում գտնվող մի հնձանում, որն, ըստ ամենայնի, մի մեծ ժայռափոր ավազան էր։
Այդ դժվարին իրավիճակում իսրայելացիները զղջացին իրենց անհավատարմության համար և օգնության կանչեցին Եհովային։ Ուստի Եհովան մարգարե ուղարկեց և հիշեցրեց նրանց, թե ինչու էին հայտնվել այդ իրավիճակում։ Ապա հրեշտակ ուղարկեց, որ Գեդեոնին հանձնարարի փրկել Իր ժողովրդին։ Գեդեոնը նշան խնդրեց վստահ լինելու համար, որ Եհովան է նրան ուղարկել։ Հրեշտակը ընդառաջեց նրա խնդրանքին ու հրաշքով այնպես արեց, որ կրակ դուրս գա և այրի նրա մատուցած զոհը։ Դրանից հետո հրեշտակը անհետացավ։ Գիշերը Եհովան խոսեց Գեդեոնի հետ ու պատվիրեց նրան քանդել Բահաղի զոհասեղանը և կտրել դրա մոտ գտնվող սուրբ ձողը։ Հետո նա պետք է զոհասեղան կառուցեր Եհովայի պատվին ու դրա վրա զոհ մատուցեր։ Գեդեոնը հնազանդորեն կատարեց այն, ինչ իրեն ասվեց։ Բայց վախենալով իր հորից ու քաղաքի բնակիչներից՝ զգուշավորություն դրսևորեց և այդ ամենը գիշերով արեց, որ ոչ ոք չտեսնի։
Կռապաշտության դեմ Գեդեոնի ձեռնարկած խիզախ քայլերից որոշ ժամանակ հետո մադիանացիները, միավորվելով ամաղեկացիների և արևելցիների հետ, ահռելի զորքով եկան Իսրայելի դեմ։ Մորեխների հսկայական երամի պես նրանք ծածկեցին Հեզրայելի հովիտը։ Եհովայի ոգու ուղղորդմամբ Գեդեոնը պատգամաբերներ ուղարկեց մի քանի ցեղերի մոտ, որ մարդիկ հավաքի իր հետ կռվի գնալու համար։ Այնուհետև Գեդեոնը, զգուշություն դրսևորելով, դարձյալ ցանկացավ հավաստիացում ստանալ, որ Եհովան աջակցում է իրեն, և երկու նշան խնդրեց նրանից։ Եհովան համբերատար գտնվեց նրա հանդեպ ու կատարեց նրա խնդրանքը։ Այդ գիշեր Գեդեոնը խուզած բուրդ դրեց կալում, և Եհովան այնպես արեց, որ այն թրջվի ցողով, իսկ շուրջբոլորը չոր մնա։ Իսկ հաջորդ գիշեր այնպես արեց, որ բուրդը չոր մնա, իսկ գետինը թրջվի ցողով։
Թեև Գեդեոնի զորքը շատ փոքր էր, բայց Եհովան պատվիրեց ավելի կրճատել այն
Եհովայի պատասխանից գոտեպնդված՝ Գեդեոնը իր անհամեմատ փոքր 32 000-անոց զորքով գնաց թշնամիների դեմ, որոնց թիվը մոտ 135 000 էր։ Երբ իսրայելացիները բանակ էին դրել Հարոդի աղբյուրի մոտ, Եհովան ասաց, որ նրանց զորքը չափազանց մեծ է։ Եհովայի հրահանգով Գեդեոնը հետ ուղարկեց այն զինվորներին, ում սրտում վախ կար։ Մնաց ընդամենը 10 000 մարդ։ Բայց Եհովան ասաց, որ նրանք դեռ շատ են, ու պատվիրեց, որ Գեդեոնը իր ռազմիկներին տանի ջրի մոտ և ուշադիր հետևի, թե ինչպես են խմում։ Ովքեր ծնկի եկան ու դեմքով դեպի ջուրը, մինչև վերջ կռացած խմեցին, տուն ուղարկվեցին։ Իսկ ովքեր ջուրը խմեցին՝ թեթևակի կռանալով ու ձեռքը բերանին մոտեցնելով, միևնույն ժամանակ զգուշորեն կողքերը նայելով, ընտրվեցին կռվի գնալու համար։ Գեդեոնը մնաց այդ զգոն զինվորների հետ, որոնց թիվը 300 էր։
Գեդեոնը խիզախորեն սկսեց նախապատրաստվել հարձակման։ Այդ ժամանակ Եհովան ևս մեկ անգամ ամրապնդեց նրա վստահությունը։ Նա Գեդեոնին պատվիրեց գիշերով սողոսկել թշնամու ճամբար։ Եվ երբ Գեդեոնը գնաց, լսեց, որ մի զինվոր Իսրայելի հաղթանակի մասին վկայող իր երազն է պատմում մեկ ուրիշ զինվորի։ Աստծու այդ հավաստիացումից համոզվածությամբ լցված՝ Գեդեոնը վերադարձավ իր մարդկանց մոտ։ Ապա նրանց բացատրեց, թե ինչ խելամիտ մարտավարություն են բանեցնելու, ու պատվիրեց ճշգրտորեն հետևել հրահանգներին։ Մութ գիշերով նրանք շրջապատեցին թշնամու բանակը։ Երբ Գեդեոնը ազդանշան տվեց, զինվորները հնչեցրին եղջերափողերը, կոտրեցին սափորները և, ջահերը ձեռքներին, բղավեցին. «Եհովայի և Գեդեոնի սո՛ւրը»։ Հանկարծակի հնչած ուժգին աղմուկը և լույսի փայլատակումը թշնամու բանակում այնպիսի տպավորություն ստեղծեցին, որ իրենց մի մեծ զորք է շրջապատել։ Նրանք վախից խուճապի մատնվեցին, և Եհովան նրանց իրար դեմ հանեց։ Ընդամենը 15 000 հոգի ողջ մնաց ու փախուստի դիմեց։
Գեդեոնը հետապնդեց նրանց։ Ի վերջո նա պարտության մատնեց թշնամիներին, սպանեց նրանց առաջնորդներին ու պատժեց որոշ իսրայելացիների, ովքեր դավաճանաբար չցանկացան աջակցել իրեն Եհովայի թշնամիների դեմ պատերազմում։ Հետո ժողովուրդը ցանկացավ Գեդեոնին թագավոր դարձնել։ Սակայն Գեդեոնը համեստորեն մերժեց ու ասաց. «Եհովան է իշխելու ձեզ վրա»։ Աստված վարձատրեց այդ քաջ ու զգուշավոր մարդուն։ Իսրայելում նրա դատավորության ողջ ընթացքում խաղաղություն տիրեց, և նա ապրեց մինչև խոր ծերություն։ Գեդեոնը նույնիսկ հիշատակվեց մեծ հավատի տեր անձանց թվում, որոնց մասին խոսեց Պողոս առաքյալը (Եբր. 11։32)։
Կարդա Աստվածաշնչից
Քննարկման համար
Գեդեոնն ինչպե՞ս քաջություն դրսևորեց
Խորացրու գիտելիքներդ
1. Զինվորի երազի «գարուց պատրաստված կլոր հացը» թերևս ինչո՞ւ էր համապատասխան նկարագրություն Գեդեոնի բանակի համար (Դատ. 7։13; it, «Գարի», պրբ. 7)։
2. 300 եղջերափողերի ձայնը ինչո՞ւ շփոթության ու վախի մեջ գցեց մադիանացիներին (it, «Եղջերափող», պրբ. 3)։ Ա
նկար Ա։ Խոյի եղջյուրները օգտագործում էին որպես ազդանշան տալու գործիք
3. Գեդեոնն ու իր բանակը ի՞նչ արեցին մադիանացիներին վերջնականապես հաղթելու համար (w04 10/15, էջ 15-16, պրբ. 9-10)։ Բ
նկար Բ։ Գեդեոնը մադիանացիներին հետապնդեց մոտ 80 կիլոմետր (50 մղոն)՝ հասնելով մինչև Հոգբեհա (ճշգրիտ ուղին հայտնի չէ)
4. Աստվածաշնչում արձանագրված ո՞ր մանրամասներն են հաստատում այս պատմության ճշգրտությունը (w05 4/15, էջ 32)։
Մտածիր՝ ինչպես կիրառել
Թեև Գեդեոնի առաջնորդությամբ էր, որ Աստծու ժողովուրդը հաղթանակ տարավ, բայց նա համեստ մնաց ու հանդարտորեն խոսեց իրեն մեղադրող մարդկանց հետ (Դատ. 8։1-3)։ Ընտանիքի գլուխներն ու երեցները ինչպե՞ս կարող են ընդօրինակել Գեդեոնին, երբ ինչ-որ մեկը վրդովվում է իրենց կայացրած որոշումներից։
Ո՞ր իրավիճակներում գուցե և՛ քաջ, և՛ զգուշավոր լինելու կարիք առաջանա։ Գ
նկար Գ
Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Գեդեոնի քաջությունը։
Համադրիր ընդհանուր պատկերի հետ
Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։
Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։
Ի՞նչ կհարցնեմ Գեդեոնին, երբ նա հարություն առնի։
Բացահայտիր ավելին
Եթե Եհովային որևէ յուրահատուկ ձևով ծառայելու պատվի ես արժանանում, ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Գեդեոնին։
«Իմաստությունը համեստների հետ է» (w00 8/1, էջ 16-18, պրբ. 11-15)
Աստվածաշնչյան այս պատկերազարդ պատմության միջոցով օգնիր երեխաներիդ Աստծու հանդեպ վստահություն զարգացնել։