Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wcg գլ. 36 էջ 162–էջ 165
  • Նա օգնեց ժողովրդին վերադառնալ Եհովայի մոտ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նա օգնեց ժողովրդին վերադառնալ Եհովայի մոտ
  • Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Խորացրու գիտելիքներդ
  • Մտածիր՝ ինչպես կիրառել
  • Համադրիր ընդհանուր պատկերի հետ
  • Բացահայտիր ավելին
  • Հովսիան լավ ընկերներ ուներ
    Սովորեցրեք ձեր երեխաներին
  • Խոնարհ Հովսիան արժանացավ Եհովայի բարեհաճությանը
    2000 Դիտարան
  • Հովսիան սիրում է Աստծու Օրենքը
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Հովսիան արեց այն, ինչ ճիշտ էր
    2009 Դիտարան
Ավելին
Քաջությամբ քայլիր Աստծու հետ
wcg գլ. 36 էջ 162–էջ 165

36 ՀՈՎՍԻԱ

Նա օգնեց ժողովրդին վերադառնալ Եհովայի մոտ

Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում

ՀՈՎՍԻԱՆ ընդամենը վեց տարեկան էր, երբ նրա պապը՝ Մանասե թագավորը, մահացավ։ Տղան հավանաբար գիտեր, որ իր պապը մի ժամանակ շատ վատ բաներ էր արել, բայց հետո փոխվել էր ու սկսել Եհովային ծառայել։ Պապի օրինակը անկասկած խոր հետք թողեց Հովսիայի վրա։ Մանասեից հետո թագավոր դարձավ Հովսիայի հայրը՝ Ամոնը, որը, սակայն, աստվածանարգ էր ու չար։ Նրա դրդմամբ ժողովուրդը դարձյալ սկսեց վատ գործեր անել ու կեղծ աստվածներ պաշտել։ Ընդամենը երկու տարի իշխելուց հետո այդ չար արքան մահացավ, և գահ բարձրացավ ութամյա Հովսիան։

Հովսիայի կյանքում, ակներևաբար, եղել են մարդիկ, ովքեր դրական ազդեցություն են ունեցել նրա վրա, ինչպես, օրինակ, Սոփոնիա և Երեմիա մարգարեները, Օլդա մարգարեուհին և Քեղկիա քահանայապետը։ Աստվածաշնչում Հովսիայի մասին ասվում է. «Երբ դեռ պատանի էր [մոտ 16 տարեկան], նա սկսեց ծառայել իր նախահայր Դավթի Աստծուն»։ Իսկ երբ արդեն մոտ 20 տարեկան էր, նրա գլխավորությամբ մեծ բարեփոխումներ կատարվեցին Հուդայում։ Եհովան այդ քաջ ու եռանդուն երիտասարդ թագավորի միջոցով սկսեց երկրից արմատախիլ անել կռապաշտությունն ու չարագործությունը։

Հովսիան նույնիսկ համարձակ ձեռնարկումներ սկսեց հարակից տարածքում, որը մի ժամանակ պատկանում էր Իսրայելի հյուսիսային տասցեղ թագավորությանը։ Այնտեղի իսրայելացի բնակիչները վաղուց արդեն գերության էին տարվել, և այդ տարածքում մեծ մասամբ օտարազգիներ էին բնակվում։ Բայց դա չխանգարեց Հովսիային, որ նա այդ տարածքում էլ քարուքանդ անի կեղծ պաշտամունքի վայրերը։

Թեև Հովսիան դեռ պատանի էր, բայց խիզախորեն պայքարեց կռապաշտության դեմ, որ ժողովրդին օգնի վերադառնալ Եհովայի մոտ

Տարիներ անց, երբ Հովսիայի հրամանով Եհովայի սուրբ տաճարում վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում, Քեղկիա քահանայապետը մի առանձնահատուկ բան հայտնաբերեց՝ ձեռագիր փաթույթ, որում գրված էր Մովսեսին տրված Եհովայի օրենքը։ Այն դարերի հնություն ուներ, հավանաբար գրվել էր հենց Մովսեսի ձեռքով։ Այդ փաթույթը բերեցին Հովսիայի մոտ ու սկսեցին բարձրաձայն կարդալ, իսկ նա ուշադիր լսում էր։ Ընթերցվածից Հովսիան մինչև հոգու խորքը ցնցվեց, և նրա ներսը տակնուվրա եղավ։ Հիմա նա ավելի խորությամբ հասկացավ, թե ժողովուրդը ինչ աստիճան է շեղվել Եհովայի Օրենքից, և թե ինչ մեծ բարկությամբ է Եհովան լցված նրանց հանդեպ։ Արդյոք Հովսիան քաջությամբ ու վճռականությամբ քայլեր կձեռնարկե՞ր իրավիճակը շտկելու համար։

Հովսիա թագավորը, լսելով իր համար ընթերցվող Եհովայի Օրենքի խոսքերը, պատռում է հագուստը։ Մի քանի հոգի անհանգստացած նայում են Հովսիայի արձագանքին

Հովսիան անմիջապես հինգհոգանոց պատվիրակություն ուղարկեց՝ պարզելու, թե Եհովան ինչ դատաստան է բերելու իրենց վրա։ Այդ մարդիկ գնացին Օլդա մարգարեուհու մոտ, և նա հայտնեց, որ Եհովան իսկապես խիստ վրդովված է Հուդայի ժողովրդի երկարատև ըմբոստությունից, ուստի Հուդայի ու Երուսաղեմի վրա աղետ է բերելու։ Սակայն Եհովայի աչքից չէր վրիպել Հովսիայի սրտի մաքրությունը և նրա համարձակ բարեփոխումները։ Դրա համար էլ վճռել էր, որ դատաստանը այդ թագավորի օրոք չէր բերելու։

Չնայած Հովսիան իմացավ, որ դատաստանը իր կյանքի ընթացքում չէր լինելու, նա, միևնույն է, ամեն ինչ արեց, որ իր հպատակներին օգնի վերադառնալ Եհովայի մոտ։ Հովսիան և ժողովուրդը հանրորեն խոստացան, որ կհետևեն Աստծու Օրենքում գրված բոլոր խոսքերին։ Իսկ հետո նա է՛լ ավելի մեծ եռանդով վճռական արշավ ձեռնարկեց կռապաշտության դեմ։ Մաքուր երկրպագությունն ամրապնդելու համար թագավորը Պասեքի մեծաշուք տոնակատարություն կազմակերպեց։ Նա և իշխանները հսկայական քանակությամբ կենդանիներ նվիրաբերեցին զոհաբերության համար։ Իսկ երգիչները փառաբանական երգերով գովերգում էին Եհովային։ Դա Աստծու ժողովրդի պատմության մեջ Պասեքի ամենամեծ տոնակատարություններից էր։

Հովսիան շարունակեց մեծ քաջությամբ և ամուր հավատով արդարացի պայքար մղել կեղծ երկրպագության դեմ։ Կեղծ պաշտամունքի վայրերից մեկը ոչնչացնելիս նա նույնիսկ 300 տարի առաջ գրված մարգարեություն իրականացրեց. հեթանոս քահանաների ոսկորները այրեց զոհասեղանի վրա և ապա քարուքանդ արեց այն (1 Թագ. 13։2)։ Հուդայում նա անգամ ավերեց կեղծ պաշտամունքի այն վայրերը, որոնք սերնդեսերունդ օգտագործվել էին դեռևս Սողոմոն թագավորի ժամանակներից։ Սակայն Հովսիան առնվազն մեկ անխոհեմ որոշում կայացրեց։ Նա գնաց կռվելու Եգիպտոսի Նեքաո փարավոնի դեմ։ Նեքաոն զգուշացրեց Հովսիային, որ չմասնակցի այդ կռվին։ Եվ իրականում հենց Եհովան էր նրա միջոցով տալիս այդ զգուշացումը, բայց Հովսիան, ըստ երևույթին, այդպես էլ չփորձեց մարգարեներից ճշտել՝ իսկապե՞ս Եհովան է այդ խոսքերը հաղորդել, թե՞ ոչ։ Նա առանց երկար-բարակ մտածելու գնաց կռվի։ Հզոր բանակի դեմ մարտնչելը գուցե քաջ արարք թվար, բայց իրականում դա անշրջահայաց և անմիտ քայլ էր, որի համար նա շատ թանկ վճարեց. ընդամենը 39 տարեկանում զրկվեց իր կյանքից։

Բայց արդյոք Եհովան մոռացա՞վ Հովսիայի արած բոլոր լավ բաները։ Իհա՛րկե ոչ։ Մարտում զոհված արքայի հիշատակին Երեմիան մի ողբերգ հյուսեց։ Ըստ երևույթին, Աստծու ժողովրդի հետագա սերունդներն էլ են երգել այդ տխուր երգը։ Երբ Հովսիան հարություն առնի, նա հավանաբար կկարդա իր իշխանության տարիների մասին աստվածաշնչյան արձանագրությունը և կիմանա՝ իր արարքները գովաբանող ինչ երգ է հյուսվել։ Ակնհայտ է, որ Եհովան սիրում էր Հովսիային ու երբեք չի մոռանա նրա հավատն ու քաջությունը։

Կարդա Աստվածաշնչից

  • 2 Թագավորներ 22։1-23։30

  • 2 Տարեգրություն 33։21-35։27

Քննարկման համար

Հովսիան ինչպե՞ս քաջություն դրսևորեց

Խորացրու գիտելիքներդ

  1. 1. Մեզ ի՞նչ է հայտնի Սաֆանի՝ Հովսիայի քարտուղարի և գրագրի մասին (w02 12/15, էջ 19, պրբ. 2-6)։

  2. 2. Ինչո՞ւ Հովսիան պատռեց իր հագուստները, երբ նրա համար կարդացին Օրենքը (w14 4/15, էջ 32)։

  3. 3. Պատմական ի՞նչ վկայություն կա, որ Նեքաո փարավոնն իսկապես գոյություն է ունեցել (2 Տար. 35։22; it, «Նեքաո», պրբ. 2)։ Ա

Հին Մեգիդո քաղաքի ավերակները

StockStudio/Alamy Stock Photo

նկար Ա։ Մեգիդո՝ այն վայրը, որտեղ Հովսիան կռվեց Նեքաո փարավոնի դեմ

Նկար Ա։ Մեգիդո՝ այն վայրը, որտեղ Հովսիան կռվեց Նեքաո փարավոնի դեմ

StockStudio/Alamy Stock Photo

  1. 4. Օլդան մարգարեացավ, որ Հովսիան «խաղաղությամբ գերեզման կիջնի»։ Ինչպե՞ս այդ մարգարեությունը կատարվեց, եթե Հովսիան սպանվեց պատերազմում (2 Թագ. 22։20; w00 9/15, էջ 30, պրբ. 2-3)։

Մտածիր՝ ինչպես կիրառել

  • Որոշ քրիստոնյաներ ծանր մանկություն են ունեցել։ Ինչո՞վ նրանց կարող է օգնել Հովսիայի օրինակը, ում հայրը հավատուրաց էր։

  • Հովսիան Աստծու խոսքերը հասկանալու համար օգնության դիմեց։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան (2 Տար. 34։21)։ Բ

    Եղբայրը Աստվածաշնչի իր անձնական ուսումնասիրության ժամանակ նշումներ է անում։ Նա օգտվում է իր համակարգչով բացված JW Library հավելվածից և տպագիր Աստվածաշնչից

    նկար Բ

  • Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Հովսիայի քաջությունը։

Համադրիր ընդհանուր պատկերի հետ

  • Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։

  • Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։

  • Ի՞նչ կհարցնեմ Հովսիային, երբ նա հարություն առնի։

Բացահայտիր ավելին

Իմացիր, թե ինչ կարող ես սովորել Հովսիա թագավորի և Հուդայի երկու այլ երիտասարդ թագավորների որոշումներից։

«Պատանինե՛ր, ինչպիսի՞ն կլինի ձեր կյանքը» (w23.09, էջ 8-13)

Հովսիան երկիրը միայն իր ուժերո՞վ մաքրեց։ Պատասխանը գտիր այս վիդեոբեմադրության մեջ։

«Հովսիայի պատմությունը. սիրիր Եհովային, ատիր չարը» (մաս 2) — հատված (3։43)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը