41 ԶԱՔԱՐԻԱ ԵՎ ԵՂԻՍԱԲԵԹ
«Աստծու աչքին արդար մարդիկ»
ԶԱՔԱՐԻԱՅԻ համար դա երկար սպասված օր էր։ Նա առանձնահատուկ պատվի էր արժանացել. կատարել մի հանձնարարություն, որի հնարավորությունը գուցե ունենար կյանքում միայն մեկ անգամ։ Նա Ահարոնի բազմանդամ քահանայական տոհմից էր, և հասել էր նրա հերթը, որ տաճարի սրբարանում խունկ մատուցեր խնկարկության ոսկե սեղանի վրա։ Անկասկած, դա նշանակալից օր էր Զաքարիայի ու նրա կնոջ՝ Եղիսաբեթի համար։
Աստվածաշնչում Զաքարիան ու Եղիսաբեթը նկարագրվում են որպես «Աստծու աչքին արդար մարդիկ»։ Նրանք երկար տարիներ է՝ ամուսնացած էին և շատ օրհնություններ էին վայելել, բայց դեռևս մի չիրականացած երազանք ունեին։ Ուզում էին երեխա ունենալ։ Այդ ժամանակներում Աստծու ծառաների համար դա շատ մեծ նշանակություն ուներ։ Բայց Զաքարիան և Եղիսաբեթը արդեն «տարիքն առած էին»։ Այնուամենայնիվ, նրանք շարունակում էին աղոթել իրենց Աստծուն՝ համոզված լինելով, որ Աստված լսում է իրենց և կարող է կատարել իրենց խնդրանքը, ինչքան էլ իրավիճակն անհույս թվա։
Մինչ դրսում հավաքված ժողովուրդը աղոթում էր, Զաքարիան մտավ սրբարան։ Այնտեղ ակնածալից լռության մեջ հանկարծ մի կերպարանք հայտնվեց խնկարկության սեղանի մոտ։ Դա Եհովայի հրեշտակն էր։ Նա Զաքարիային ասաց, որ Աստված լսել է նրա աղաչանքները, և նրա կինը՝ Եղիսաբեթը, շուտով հղիանալու է և զավակ է լույս աշխարհ բերելու։ Հրեշտակը պատվիրեց երեխայի անունը Հովհաննես դնել։ Երբ երեխան մեծանար, ունենալու էր «նույն ոգին ու զորությունը, որ Եղիան ուներ»։ Նա մեծ գործ էր անելու. ժողովրդին նախապատրաստելու էր, որ վերադառնան Եհովայի մոտ։
Դժվարանալով հավատալ հրեշտակի խոսքերին՝ Զաքարիան հարցրեց. «Ինչպե՞ս է դա հնարավոր»։ Հրեշտակը նրա մտածելակերպը ուղղելու համար ասաց. «Ես Գաբրիելն եմ և Աստծու առաջ եմ կանգնում»։ Զաքարիան Եհովային հավատարմորեն ծառայող այդ հզոր ոգեղեն էակին չվստահելու որևէ պատճառ չուներ։ Բայց քանի որ Զաքարիան չէր հավատացել, Գաբրիելն ասաց, որ նա չէր կարողանալու խոսել, մինչև որ Աստծու խոստումը չկատարվեր։ Ուստի երբ Զաքարիան դուրս եկավ սրբարանից, խոսել չէր կարողանում և ստիպված էր նշաններով հաղորդակցվել։
Տարիքն առած անզավակ ամուսինները հրեշտակից մի լուր ստացան, որը փոխեց նրանց ողջ կյանքը
Զաքարիան ինչ-որ ձևով բացատրեց իր կնոջը, թե ինչ էր տեղի ունեցել։ «Որոշ ժամանակ անց» Եղիսաբեթը հղիացավ։ Նա հինգ ամիս շարունակ մեկուսացած էր, մարդկանցից հեռու։ Բայց վեցերորդ ամսում Նազարեթից նրա մոտ եկավ իր բարեկամուհի Մարիամը՝ Հեղիի դուստրը։ Հենց Մարիամը ներս մտավ, Եղիսաբեթի արգանդում մանուկը ուրախությունից խաղաց։ Սուրբ ոգով լցված՝ Եղիսաբեթը Աստծու ներշնչմամբ Մարիամին անվանեց «մայրը նրա, ով իր Տերն է լինելու»։ Նա հասկացավ, որ Մարիամի արգանդում գտնվող երեխան ապագա Մեսիան է, և քաջալերեց երիտասարդ կնոջը, որ նա կարողանա կատարել իրեն սպասվող առանձնահատուկ հանձնարարությունը։ Եղիսաբեթը սրտանց ուրախացավ Մարիամի համար, ոչ թե նախանձեց նրան։
Եղիսաբեթի ծննդաբերելուց հետո նրա ազգականներն ու հարևանները հավաքվեցին և ցանկանում էին երեխային իր հոր անունով կոչել։ Բայց Եղիսաբեթը գիտեր, որ հրեշտակն իր ամուսնուն ասել էր՝ «Նրա անունը Հովհաննես կդնես»։ Ուստի չտրվեց ճնշմանը և մերժեց առաջարկը։ «Ո՛չ,– ասաց նա,– նրա անունը Հովհաննես պետք է լինի»։ Բայց այդ պատասխանը չբավարարեց հավաքվածներին, ու նրանք դիմեցին Զաքարիային։ Զաքարիան, ով դեռ համր էր, տախտակի վրա գրեց. «Նրա անունը Հովհաննես է»։ Եվ հենց նույն պահին նրա խոսելու ունակությունը վերականգնվեց։
Ապա Զաքարիան, սուրբ ոգուց մղված, սկսեց մարգարեական խոսքեր ասել, որոնք հույս ու վստահություն էին ներշնչում, որ Աստված գթասրտորեն փրկության դուռ է բացելու։ Զաքարիան մարգարեացավ, որ իր որդին ուղարկվելու է, «որպեսզի պատրաստի ճանապարհը» Եհովայի համար։ Հենց այդպես էլ եղավ։ Հովհաննես Մկրտիչը իր գործունեությունը սկսեց Եհովայի օծյալի՝ Մեսիայի գալուց առաջ։ Նա նախապատրաստեց մարդկանց, որ ընդունեն Աստծու թագավորության մասին Հիսուսի քարոզած լուրը։
Մեսիայի գալուստը շրջադարձային փոփոխություն էր մտցնելու այն հարցում, թե Աստծու ժողովուրդը ինչպես պետք է վարվեր Աստծուն չհավատացող ու հակառակվող մարդկանց հետ։ Եթե նախկինում Եհովա Աստծու ծառաները քաջաբար զենք էին վերցնում ու մարտնչում նրա թշնամիների դեմ, ապա նոր դարաշրջանում Եհովան այլևս չէր պատվիրելու իր ծառաներին այդպիսի պատերազմներ մղել։ Բայց քաջություն նրանց, միևնույն է, անհրաժեշտ էր լինելու։ Մեսիային ընդունող բոլոր մարդիկ պետք է քաջաբար իրենց խոսքի պարգևը օգտագործեին Եհովա Աստծուն փառաբանելու և Հիսուս Քրիստոսի մասին բարի լուրը հռչակելու համար, ինչպես որ արեցին Զաքարիան և Եղիսաբեթը։
Կարդա Աստվածաշնչից
Քննարկման համար
Զաքարիան ու Եղիսաբեթը ինչպե՞ս քաջություն դրսևորեցին
Խորացրու գիտելիքներդ
1. Զաքարիան ու Եղիսաբեթը անկատար մարդիկ էին, այդ դեպքում ինչո՞ւ է Աստվածաշունչը նրանց նկարագրում որպես «անմեղադրելի վարք ունեցողներ» (Ղուկ. 1։6; it, «Անարատություն», պրբ. 4)։
2. Աստվածաշունչը ի՞նչ է հայտնում Գաբրիելի մասին (it, «Գաբրիել», պրբ. 2-3)։ Ա
նկար Ա
Նկար Ա
3. Գաբրիելը պատվիրեց Զաքարիային, որ նա իր երեխային կոչի Հովհաննես։ Ի՞նչ է նշանակում այդ անունը (it, «Հովհաննես», պրբ. 1)։
4. Արդյո՞ք Զաքարիան խուլ ու համր էր դարձել (w08 3/15, էջ 30, պրբ. 6)։
Մտածիր՝ ինչպես կիրառել
Զաքարիայի օրերում հրեա ռաբբիները թույլ էին տալիս, որ տղամարդը ամուսնալուծվեր, եթե նրա կինը երեխա չէր ունենում, բայց Զաքարիան հավատարմորեն մնաց իր կնոջ կողքին։ Ամուսինները ի՞նչ կարող են սովորել նրանից։ Բ
նկար Բ
Չնայած հարևանների ու ազգականների ճնշմանը՝ Եղիսաբեթը հավատարմորեն թիկունք կանգնեց իր ամուսնու որոշմանը (Ղուկ. 1։58-61)։ Կանայք ի՞նչ կարող են սովորել նրանից։
Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Զաքարիայի ու Եղիսաբեթի քաջությունը։
Համադրիր ընդհանուր պատկերի հետ
Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։
Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։
Ի՞նչ կհարցնեմ Զաքարիային ու Եղիսաբեթին, եթե նրանք հարություն առնեն երկրի վրա։a
Բացահայտիր ավելին
Տես, թե ինչպես վերականգնվեց Զաքարիայի խոսելու ունակությունը, և թե նա ինչպես իր խոսքի պարգևը գործի դրեց Եհովային գովաբանելու համար։
Եղիսաբեթին այցելելը ինչպե՞ս զորացրեց Մարիամին, ու ի՞նչ կարող ենք սովորել դրանից։
a Եթե Զաքարիան ու Եղիսաբեթը մինչև մ.թ. 33 թ. են մահացել, նրանք հարություն կառնեն երկրի վրա։