ԱՔԱԶ
Հովաքազ անվան (նշանակում է «թող Եհովան բռնի», «Եհովան բռնել է») կարճ ձևը։
1. Հուդայի թագավոր Հովաթամի որդին։ Աքազը սկսեց թագավորել 20 տարեկանում և իշխեց 16 տարի (2Թգ 16։2; 2Տգ 28։1)։
Աքազի որդի Եզեկիան 25 տարեկան էր, երբ սկսեց թագավորել։ Դա նշանակում է, որ Աքազը 12 տարեկան էլ չկար, երբ հայր դարձավ (2Թգ 18։1, 2)։ Բարեխառն կլիմայական գոտիներում տղաների սեռական հասունացումը սովորաբար սկսվում է 12-15 տարեկանում, իսկ տաք գոտիներում նրանք կարող են ավելի վաղ տարիքում հասունանալ։ Ամուսնության հետ կապված սովորությունները նույնպես տարբեր են։ Մի գիտական հանդեսում ասվում է, որ Խոստացված երկրում երեխաների ամուսնությունը հաճախակի հանդիպող երևույթ է նույնիսկ մեր ժամանակներում։ Այնտեղ նշվում է 8 և 12 տարեկան երկու եղբայրների մասին, որոնք ամուսնացած էին, և մեծ եղբայրն իր կնոջ հետ դեռ սովորում էր դպրոցում (Zeitschrift für Semitistik und verwandte Gebiete, խմբ.՝ E. Littmann, Leipzig, 1927, հտր 5, էջ 132)։ Մյուս կողմից, սակայն, եբրայերեն մի ձեռագրում, ասորերեն «Պեշիթո» թարգմանությունում և հունարեն «Յոթանասնից»-ի որոշ ձեռագրերում 2 Տարեգրություն 28։1-ում ասվում է, որ Աքազը «քսանհինգ տարեկան էր», երբ սկսեց թագավորել։
Քանի տարեկան էլ որ Աքազը այդ ժամանակ եղած լիներ, նա մահացավ համեմատաբար երիտասարդ տարիքում և համառ օրինազանցի անուն թողեց։ Թեև Աքազի իշխանության օրոք Եսայիա, Օսեե և Միքիա մարգարեները ակտիվորեն ծավալում էին իրենց գործունեությունը, սակայն նրա թագավորությունը թաթախված էր կռապաշտության մեջ։ Նա ոչ միայն հանդուրժում էր իր հպատակների կռապաշտությունը, այլև ինքն էլ կանոնավորաբար զոհեր էր մատուցում կուռքերին։ Նա նույնիսկ իր որդուն (կամ որդիներին) այրեց Հիննոմի հովտում (2Թգ 16։3, 4; 2Տգ 28։3, 4)։ Քանի որ Աքազը մխրճվել էր կեղծ պաշտամունքի մեջ, նրա իշխանության ընթացքում մեկը մյուսի հետևից դժբախտություններ տեղի ունեցան։ Ասորիքը և Իսրայելի հյուսիսային թագավորությունը միավորեցին իրենց ուժերը և հյուսիսից հարձակվեցին Հուդայի վրա։ Եդոմացիները, առիթից օգտվելով, հարված հասցրին հարավարևելյան կողմից, իսկ փղշտացիները Հուդա ներխուժեցին արևմուտքից։ Կարևոր նշանակություն ունեցող Ելաթի նավահանգիստը, որը գտնվում էր Աքաբայի ծոցում, գրավվեց։ Իսրայելի հյուսիսային թագավորության հարձակման ժամանակ Եփրեմի ցեղից Զեքրի անունով մի հզոր ռազմիկ սպանեց Աքազի որդիներից մեկին և նրա բարձրաստիճան պաշտոնյաներից երկուսին։ Այդ ժամանակ Հուդայում սպանվեց 120 000 մարդ, և մոտ 200 000 հոգի գերեվարվեց։ Գերիները կարողացան վերադառնալ Հուդա միայն Օդեդ մարգարեի միջամտության շնորհիվ, որին աջակցեցին Եփրեմի ցեղի գլխավորներից մի քանիսը (2Տգ 28։5-15, 17-19; 2Թգ 16։5, 6; Ես 7։1)։
Ասորա-իսրայելական միությունը սպառնում էր կործանել Հուդան և գահին նստեցնել մեկին, ով Դավթի սերնդից չէր։ Աքազին, որի «սիրտը սկսեց դողալ վախից» վերահաս վտանգի պատճառով, պետք է որ զորացրած լինեին Եսայիա մարգարեի միջոցով Եհովայի ասած խոսքերը, որոնցով նա հավաստիացրեց նրան, որ թույլ չի տա՝ նման բան տեղի ունենա։ Բայց երբ Աքազին ասվեց, որ նշան խնդրի Աստծուց, այդ կռապաշտ թագավորը պատասխանեց. «Ես ոչինչ էլ չեմ խնդրի, Եհովային չեմ փորձի» (Ես 7։2-12)։ Սակայն մարգարեացվեց, որ, այնուամենայնիվ, նշան կտրվի. մի երիտասարդ կին որդի կծնի, նրա անունը Էմմանուել (նշանակում է «մեզ հետ Աստված է») կդնի, և նախքան տղայի մեծանալը ասորա-իսրայելական միությունը այլևս սպառնալիք չի լինի Հուդայի համար (Ես 7։13-17; 8։5-8)։
Եսայիա 7։8-ում նշված «65 տարվա» վերաբերյալ (համաձայն Եսայիայի մարգարեության՝ այդ ժամանակահատվածում Եփրեմը «իսպառ ջախջախվելու էր») մի աշխատության մեջ ասվում է. «Իսրայելացիների մի արտաքսումը տեղի ունեցավ այս ժամանակից [Եսայիայի մարգարեանալուց] հետո մեկ կամ երկու տարվա ընթացքում՝ Թգլատպալասարի օրոք (2Թգ 15։29)։ Մյուսը՝ մոտ քսան տարի հետո՝ Օսեա թագավորի իշխանության ընթացքում՝ Սալմանասարի օրոք (2Թգ 17։1-6)։ Իսկ վերջին արտաքսումը, որի ժամանակ Իսրայելը լիովին ջախջախվեց ու այնպես ցիրուցան եղավ, որ «ժողովուրդ լինելուց դադարեց», և որի ժամանակ օտարազգիները գաղութացրին Սամարիան, տեղի ունեցավ Ասարհադոնի օրոք, որը նաև գերի տարավ Հուդայի թագավոր Մանասեին նրա իշխանության քսաներկուերորդ տարում՝ այդ մարգարեությունն ասվելուց վաթսունհինգ տարի անց (Եզր 4։2, 3, 10-ը հմմտ. 2Թգ 17։24; 2Տգ 33։11-ի հետ)» (Jamieson, Fausset, Brown, Commentary on the Whole Bible)։
Ասորեստանին ենթակա թագավոր դառնալը։ Մահը։ Եհովայի հանդեպ հավատ դրսևորելու փոխարեն Աքազը, ասորա-իսրայելական դավադրությունից վախեցած, անհեռատեսորեն վարվեց ու կաշառեց Ասորեստանի Թգլատպալասար III թագավորին, որ նրանից օգնություն ստանա (Ես 7։2-6; 8։12)։ Ճիշտ է, Ասորեստանի փառատենչ թագավորը, ծանր պարտության մատնելով Ասորիքին և Իսրայելին, ժամանակավոր թեթևացում բերեց Աքազին, բայց հետո, «փոխանակ զորացնելու» նրան, «սկսեց ճնշել» (2Տգ 28։20)։ Աքազի պատճառով Հուդան ընկավ Ասորեստանի ծանր լծի տակ։
Լինելով Ասորեստանին ենթակա թագավոր՝ Աքազը ըստ ամենայնի կանչվեց Դամասկոս, որ հարգանքի տուրք մատուցի Թգլատպալասար III-ին։ Այնտեղ նա մի հեթանոսական զոհասեղան տեսավ, որը հիացրեց նրան։ Թագավորը դրա գծագիրը ուղարկեց Ուրիա քահանային և հրամայեց նույն տեսքով ու կառուցվածքով զոհասեղան կառուցել և դնել Երուսաղեմի տաճարի առջև։ Աքազը հանդգնորեն զոհեր մատուցեց այդ «մեծ զոհասեղանի» վրա։ Իսկ այնտեղ կանգնեցված պղնձե զոհասեղանը մի կողմ դրեցին, մինչև որ թագավորը որոշեր՝ ինչ անել դրա հետ (2Թգ 16։10-16)։ Աքազը կոտրեց տաճարի պղնձե պիտույքներից շատերը և փոխեց տաճարի տարածքում գտնվող այլ իրերի դասավորվածությունը, «քանի որ վախենում էր Ասորեստանի թագավորից». ըստ երևույթին, նա այդպես վարվեց Հուդայի վրա դրված մեծ տուրքը վճարելու կամ էլ տաճարի հարստության մի մասը այդ ագահ ասորեստանցուց թաքցնելու համար։ Թագավորը փակեց տաճարի դռները և «Երուսաղեմի ամեն մի անկյունում զոհասեղաններ կառուցեց» (2Թգ 16։17, 18; 2Տգ 28։23-25)։
Աքազի անփառունակ իշխանությունը տևեց 16 տարի, ինչից հետո հավատուրացության մեջ մխրճված այդ թագավորը մահացավ։ Թեև նա իր նախահայրերի պես թաղվեց «Դավթի քաղաքում» (2Թգ 16։20), բայց ոչ Իսրայելի թագավորների գերեզմանոցում (2Տգ 28։27)։ Աքազի անունը նշված է թագավորների տոհմաբանությունների մեջ (1Տգ 3։13; Մթ 1։9)։
Թգլատպալասար III-ի արձանագրություններից մեկում Աքազի անունը հանդիպում է «Յաուքազի» ձևով։
2. Սավուղ թագավորի որդի Հովնաթանի ծոռներից մեկը (1Տգ 8։35, 36)։