ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ, ՀՈԳՍ
Եբրայերենում կան մի քանի բառեր, որոնք մտահոգության և անհանգստության իմաստ են արտահայտում։ Դրանցից մեկը ցարար բառն է, որը նշանակում է «սահմանափակված լինել ֆիզիկական առումով» և թարգմանվել է «փաթաթել», «փակել» ու «նեղվածք լինել» (Ելք 12։34; 1Թգ 8։35; Ես 49։19)։ Փոխաբերական իմաստով այդ բառը նշանակում է «անհանգստանալ», «ծանր դրության մեջ լինել» (Ծն 32։7; 1Սմ 28։15)։ Եբրայերեն մեկ ուրիշ բառ (դաաղ) թարգմանվել է «անհանգստանալ» և «վախենալ»։ Նույնարմատ դեաղա բառը ունի «մտահոգություն» նշանակությունը (1Սմ 9։5; Ես 57։11; Առ 12։25)։ Հունարեն մերիմնա գոյականը թարգմանվել է «հոգս», իսկ նույնարմատ մերիմնաո բայը՝ «մտահոգվել» (Մթ 13։22; Ղկ 12։22)։
Մտահոգությունը կարող է լուրջ վնաս հասցնել մարդու առողջությանը։ Այն կարող է դեպրեսիա առաջացնել՝ ուժասպառ անելով նրան և զրկելով որևէ բան անելու ցանկությունից։ Աստծու ներշնչմամբ գրված մի առակում ասվում է. «Մտահոգությունը ընկճում է մարդու սիրտը» (Առ 12։25)։ Տևական ժամանակ մտահոգ լինելը բացասաբար է ազդում մարդու ֆիզիկական վիճակի վրա։ Մի գրքում նշվում է. «Բժիշկները քաջատեղյակ են, թե մտահոգվելը ինչ ազդեցություն է ունենում օրգանիզմի գործունեության վրա։ Այն կարող է բարձրացնել (կամ իջեցնել) արյան ճնշումը, ավելացնել արյան սպիտակ գնդիկների քանակը, լյարդի վրա ադրենալինի ազդեցության պատճառով կտրուկ բարձրացնել արյան մեջ շաքարի քանակությունը։ Հնարավոր է անգամ, որ այն անդրադառնա մարդու էլեկտրասրտագրի վրա։ Բժիշկ Չարլզ Մեյոն ասել է. «Անհանգստությունը ազդում է արյան շրջանառության, սրտի աշխատանքի, գեղձերի և ողջ նյարդային համակարգի վրա»» (P. Steincrohn, D. LaFia, How to Master Your Nerves, 1970, էջ 14)։
Անտեղի մտահոգությունը շատ ավելի լուրջ վնաս կարող է հասցնել մարդու հոգևոր առողջությանը։ Հիսուս Քրիստոսը բացատրեց, որ այսօրվա կյանքի անբաժան մաս դարձած խնդիրների համար մտահոգվելը կարող է ամբողջությամբ «խեղդել [Աստծու] խոսքը», ինչի հետևանքով մարդը կկորցնի դրա հանդեպ երախտագիտությունը։ Ինչպես որ փշերը թույլ չեն տալիս, որ սածիլները հասունանան ու պտուղ տան, այնպես էլ մտահոգությունները կարող են խանգարել մարդուն, որ հոգևորապես աճի, պտուղ տա և այդպիսով փառք բերի Աստծուն (Մթ 13։22; Մկ 4։18, 19; Ղկ 8։7, 11, 14)։ Շատերը թույլ են տալիս, որ մտահոգությունները ղեկավարեն իրենց կյանքը և դուրս մղեն հոգևոր գործերը։ Ուստի երբ Աստծու Որդին գա իր փառքով, նրանք չեն ունենա նրա հավանությունը և առհավետ կկործանվեն (Ղկ 21։34-36)։
Տեղին մտահոգություններ և անհանգստություններ։ Միանգամայն տեղին է մտահոգվել Եհովա Աստծուն հաճեցնելու համար, ինչը հնարավորություն կտա վայելել այն օրհնությունները, որ Աստված տալիս է իրեն նվիրվածներին։ Լուրջ սխալ գործած մարդը պետք է ունենա սաղմոսերգուի զգացումները, ով ասաց. «Մեղքիս պատճառով կորցրել էի անդորրս» (Սղ 38։18)։ Գործած մեղքի համար մտահոգվելը մղում է անհատին խոստովանելու, զղջալու, թողնելու սխալ ընթացքը և վերականգնելու Բարձրյալի հետ լավ հարաբերությունները։
Բոլոր քրիստոնյաներին պետք է մտահոգի հավատակիցների հոգևոր, ֆիզիկական ու մտային բարօրությունը (1Կթ 12։25-27)։ Հովհաննես առաքյալը, մտահոգվելով Գայոսի համար, իր նամակում գրեց. «Սիրելի՛ եղբայր, աղոթում եմ, որ առողջ լինես և ամեն ինչում հաջողություն ունենաս, ինչպես որ հիմա ունես» (3Հվ 2)։ Նման մտահոգություն ուներ նաև Պողոս առաքյալը։ Նա ասաց, որ իր «միտքը ծանրացած է բոլոր ժողովների հոգսով» (2Կթ 11։28)։ Պողոսը սրտանց ուզում էր, որ բոլոր աշակերտները մինչև վերջ հավատարիմ մնային Աստծու Որդուն։
Աստվածաշնչում խոսվում է «Տիրոջ գործով մտահոգվելու» մասին, այսինքն՝ այն ամենով, ինչ ծառայում է Աստծու Որդու շահերին։ Ամուրի քրիստոնյաները, զերծ լինելով կողակցի ու երեխաների մասին հոգալու պատասխանատվությունից, ավելի քիչ են մտահոգվում «աշխարհիկ հոգսերով», քան ամուսնացածները, ուստի կարող են ավելի մեծ ուշադրություն դարձնել «Տիրոջ գործին» (1Կթ 7։32-35)։
Պողոս առաքյալը գրեց, որ ամուսնացած քրիստոնյաները «մտահոգվում են աշխարհիկ հոգսերով», այսինքն՝ նրանց կյանքում այնպիսի շեղող հանգամանքներ կան, որոնցից զերծ են ամուրի քրիստոնյաները։ Չամուսնացած մարդու համար ավելի հեշտ է հոգ տանել առօրյա կարիքների՝ ուտելիքի, հագուստի և կացարանի մասին, քան ամուսնացածի համար, ով պետք է հոգա մի ամբողջ ընտանիքի կարիքները։ Միմյանց հետ մտերիմ լինելով՝ ամուսինն ու կինը բնականաբար ձգտում են հաճեցնել իրար և հոգում են ողջ ընտանիքի ֆիզիկական, մտային, զգացական ու հոգևոր կարիքները։ Նույնիսկ եթե ընտանիքում ոչ ոք չունի առողջական խնդիր, ոչ ոք ծանր հիվանդ կամ հաշմանդամ չէ, եթե արտակարգ իրավիճակներ չեն լինում, միևնույն է, երեխաներ ունեցող ամուսնական զույգերն ավելի շատ ժամանակ են տրամադրում «աշխարհիկ հոգսերին», այսինքն՝ հոգևորի հետ կապ չունեցող առօրյա գործերին, քան ամուրի քրիստոնյաները։
Սակայն չպետք է թույլ տալ, որ առօրյա հոգսերը առաջնային տեղ զբաղեցնեն կյանքում։ Հիսուս Քրիստոսը հենց դա բացատրեց Ղազարոսի քրոջը՝ Մարթային։ Հյուրասիրություն ցույց տալու հոգսով տարված՝ նա չէր կարողանում ժամանակ տրամադրել Հիսուսին լսելուն։ Իսկ Մարիամը «ավելի կարևորն ընտրեց»՝ Աստծու Որդուց հոգևորապես կրթվելը (Ղկ 10։38-42)։
Խուսափել անտեղի մտահոգություններից։ Լիովին վստահ լինելով, որ Եհովան սիրով հոգ է տանում իր ծառաներին՝ անհատը ավելորդ մտահոգությունների մեջ չի ընկնի (Եր 17։7, 8)։ Հիսուս Քրիստոսը նույն միտքը շեշտեց Լեռան քարոզում։ Մտահոգությունների վերաբերյալ իր խորհուրդը նա եզրափակեց հետևյալ խոսքերով. «Երբեք մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին. վաղվա օրը նոր մտահոգություններ կբերի իր հետ։ Օրվա հոգսը արդեն իսկ բավական է» (Մթ 6։25-34)։ Քրիստոնյան ամեն օր տարբեր խնդիրների է բախվում, ուստի հարկ չկա, որ նա դրանց ավելացնի մտահոգություններ, որոնք կարող են լինել վաղը կամ ընդհանրապես չլինել։
Նույնիսկ եթե հալածանքի ժամանակ քրիստոնյան հարցաքննության ենթարկվի իշխանությունների կողմից, Աստծու հանդեպ վստահության շնորհիվ անտեղի չի մտահոգվի։ Եհովան սուրբ ոգու միջոցով կաջակցի նրան այդ դժվար իրավիճակում և կօգնի հրաշալի վկայություն տալ (Մթ 10։18-20; Ղկ 12։11, 12)։
Երբ քրիստոնյան ինչ-որ բանի պատճառով սկսում է այնքան մտահոգվել, որ վատ կանխազգացում է ունենում ու տագնապով է լցվում, պետք է աղոթքով դիմի իր երկնային Հորը։ Այդպես նա իր հոգսը Եհովայի վրա կգցի՝ վստահ լինելով, որ նա կլսի իրեն, քանի որ հոգ է տանում իր մասին (1Պտ 5։7)։ Արդյունքում նա կունենա ներքին հանգստություն՝ Աստծու տված խաղաղությունը, որը կպահպանի իր սիրտն ու միտքը։ Ազատվելով վախերից, անհանգստության ու տագնապի զգացումից՝ քրիստոնյան թեթևություն կզգա իր սրտում, իսկ նրա միտքը ծանրաբեռնված չի լինի մտահոգությունների հետևանքով առաջացած շփոթմունքի ու խուճապի պատճառով (Փպ 4։6, 7)։