Զինված կողոպտիչների հարձակումը
ԻԿՈՅԻՈՒՄ՝ Արևմտյան Աֆրիկայի քաղաքների առաջնակարգ արվարձաններից մեկում, առանձնատները սկսել են նմանվել բերդերի։ Այդ բերդանման առանձնատների մեծ մասը շրջապատված է երեքմետրանոց քարե ցանկապատներով, որոնք ունեն կոտրտված ապակիներով, օղակաձև փշալարերով կամ էլ սրածայր վերջավորություններ։ Վիթխարի դարպասների մոտ, որոնք կողպվում են տարբեր սողնակներով, փականներով, շղթաներով և կախովի կողպեքներով, հերթապահում են պահակները։ Պատուհանները վանդակապատ են։ Երկաթյա դռները ննջասենյակներն առանձնացնում են տան մնացած մասերից։ Գիշերը բաց են թողնում մեծ շներին՝ հովվաշներին և ռոտվեյլերներին։ Պայծառ լուսարձակները ցրում են խավարը, իսկ հսկողության համակարգչավորված համակարգի հանդարտ, համաչափ ազդանշանները ցույց են տալիս, որ ամեն բան կարգին է։
Իհարկե, բոլորն էլ կհամաձայնվեն այն մտքի հետ, որ իրենց տներն ապահովության կարիք ունեն։ Թերթերում հաճախ ենք հանդիպում տագնապ ներշնչող վերնագրերի, ինչպիսիք են՝ «Զինված կողոպտիչները թալանում են շրջանի բնակիչներին», «Մանկական հանցագործությունը մեծ թափ է ստանում», «Խուճապ. փողոցային բանդաները զավթում են քաղաքի տերիտորիան»։ Այս պատկերը բնորոշ է շատ երկրների համար։ Ինչպես կանխագուշակում է Աստվածաշունչը, իրոք որ ապրում ենք ‘չար ժամանակներում’ (Բ Տիմոթէոս 3։1)։
Ամենուրեք հանցագործությունների, այդ թվում նաև զինված կողոպուտների տոկոսը շեշտակիորեն աճում է։ Կառավարություններին գնալով ավելի քիչ է հաջողվում պաշտպանել իրենց քաղաքացիներին, իսկ երբեմն նրանք ուղղակի չեն ուզում այդ անել։ Որոշ երկրներում մինչև ատամները զինված հանցագործները թվով գերազանցում են ոստիկաններին, մինչդեռ վերջիններս իրենց աղքատիկ սարքավորումներով չեն կարողանում պաշտպանել իրենցից օգնություն հայցողներին։ Հանցագործության ականատեսների մեծ մասը գերադասում է «կողքով անցնել»։
Մարդիկ, որոնք այլևս չեն վստահում ո՛չ ոստիկանության, և ո՛չ էլ հասարակայնության օգնությանը, ստիպված են իրենք հոգ տանել իրենց մասին։ Ահա թե ինչ է պատմում զարգացող երկրում ապրող մի քրիստոնյա երեց. «Եթե փորձես աղմուկ բարձրացնել, կողոպտիչները կվնասեն կամ կսպանեն քեզ։ Հույս չունենաս դրսից օգնություն ստանալու։ Լավ կլիներ, եթե որևէ մեկն օգներ, բայց հույսդ մի դիր դրա վրա և օգնություն մի կանչիր, այլապես իրավիճակն ավելի կբարդացնես։
Պաշտպանությունը և Աստծո Խոսքը
Չնայած քրիստոնյաները աշխարհի մի մասը չեն, բայց և այնպես նրանք այս աշխարհում են (Յովհաննէս 17։11, 16)։ Ուստի, մյուս մարդկանց նման, նրանք ևս փորձում են պաշտպանվել խելամիտ միջոցներով։ Բայց, ի տարբերություն նրանց, ովքեր չեն ծառայում Եհովային՝ Աստծո ժողովուրդը պաշտպանություն է փնտրում քրիստոնեական սկզբունքների շրջանակներում։
Աֆրիկյան որոշ երկրներում մարդիկ, ընդհակառակը, իրենց անձերը գողերից պաշտպանելու համար դիմում են մոգերին։ Հեքիմը թեթևակի կտրվածք է անում այցելուի դաստակի, կրծքավանդակի կամ մեջքի վրա։ Այնուհետև բացված վերքի վրա «կախարդական» դեղ է լցնում, մրմնջում է «կախարդական» խոսքեր, և ենթադրվում է, որ այցելուն ավազակային հարձակումներից արդեն զերծ կմնա։ Մյուսները թալիսմաններ կամ «կախարդական» դեղեր են պահում իրենց տներում՝ հավատալով, որ այդպիսի «ապահովագրությունը» կվտանգազերծի իրենց կողոպտվելուց։
Ճշմարիտ քրիստոնյաները ոչ մի ընդհանուր բան չունեն կախարդության հետ։ Աստվածաշունչն իրավացիորեն դատապարտում է ոգեհարցության բոլոր ձևերը հատկապես այն պատճառով, որ այդպիսի գործերը մարդկանց հաղորդակցության մեջ են բերում դևերի հետ, որոնք բռնության գլխավոր հրահրողներն են երկրի վրա (Ծննդոց 6։2, 4, 11)։ Աստվածաշնչում պարզորոշ ասվում է. «Գուշակութիւն չ’անեք» (Ղեւտացոց 19։26)։
Որոշ մարդիկ ստիպված ապահովություն են փնտրում զենք կրելու մեջ։ Բայց քրիստոնյաները միանգամայն լուրջ են վերաբերվում Հիսուսի խոսքերին. «Ովքեր սուր են վերցնում, սրով կ’ընկնեն»։ Աստծո ժողովուրդը ‘իր սուրերը խոփեր է շինել’ և զենք չի գնում թալանից ու հարձակումներից պաշտպանվելու համար (Միքիա 4։3)։
Իսկ ի՞նչ մոտեցում ցուցաբերել զինված պահակային պահպանության հարցին։
Չնայած վերջինս անձնական ընտրության հարց է, հիշեք, որ պաշտպանական այդպիսի միջոցառումները առիթ են տալիս, որպեսզի ուրիշներն էլ զենք ունենան իրենց ձեռքում։ Ի՞նչ է ակնկալում պահակներից նրանց վարձողը կողոպտիչների հարձակման դեպքում։ Արդյո՞ք նա մտածում է, որ անհրաժեշտության դեպքում պահակները պետք է կրակեն գողերի վրա՝ այդպիսով պաշտպանելով իրենց պահպանությանը հանձնված մարդկանց և գույքը։
Քրիստոնյաների այն դիրքորոշումը, որ նրանք իրենց անձը պաշտպանելու նպատակով զենք չեն օգտագործում և չեն դիմում մոգերի օգնությանը, կարող է անմիտ թվալ նրանց, ովքեր չեն ճանաչում Եհովային։ Այնուհանդերձ, Աստվածաշունչը մեզ հավաստիացնում է. «Տիրոջն ապաւինողը կ’ապաստանուի» (Առակաց 29։25)։ Թեև Եհովան ընդհանուր առմամբ պաշտպանում է իր ժողովրդին, բայց դա չի նշանակում, որ նա ցանկացած պատահարի դեպքում միջամտում է, որպեսզի իր ծառաներին հեռու պահի հնարավոր կողոպուտից։ Հոբը բացառիկ հավատարմություն ցուցաբերեց Եհովայի հանդեպ, մինչդեռ Աստված թույլ տվեց, որ ավազակները, սպանելով Հոբի ծառաներին, հափշտակեն նրա հոտերը (Յոբ 1։14, 15, 17)։ Աստված նաև թույլ տվեց, որ Պողոս առաքյալը ‘ավազակներից վտանգներ’ կրեր (Բ Կորնթացիս 11։26)։ Չնայած դրան, Եհովան սովորեցնում է իր ծառաներին ապրել այնպիսի սկզբունքներով, որոնք կիրառելու դեպքում նվազում է կողոպտվելու հավանականությունը։ Նա նաև զինում է նրանց գիտելիքներով, որոնք օգնում են այնպես արձագանքել կողոպուտի փորձ կատարողներին, որ, արդյունքում, նվազում է մարմնական վնասվածքներ ստանալու հավանականությունը։
Ինչպես նվազեցնել կողոպուտի հավանականությունը
Շատ դարեր առաջ մի իմաստուն նկատել է. «Հարուստի կուշտութիւնը նորան թող չի տալ որ հանգիստ քնէ» (Ժողովող 5։12)։ Այլ խոսքերով ասած՝ ունեցվածքը կորցնելու վախը որոշ մարդկանց կարող է այն աստիճանի մտահոգել, որ նրանք կորցնեն իրենց հանգիստը։
Ուստի, թե՛ այդ ներքին անհանգստությունը, և թե՛ կողոպուտի սպառնալիքը կարելի է նվազեցնել, եթե խուսափենք մեծ քանակությամբ թանկարժեք իրեր կուտակելուց։ Առաքյալներից մեկը ներշնչված գրեց. «Այն ամէնը, ինչ աշխարհի մէջ կայ, մարմնի ցանկութիւն է, աչքերի ցանկութիւն եւ ա՛յս կեանքի ամբարտաւանութիւն [«բարեկեցության աչք ծակող ցուցադրում», ՆԱ], որ Հօրից չէ, այլ՝ այս աշխարհից» (Ա Յովհաննէս 2։16)։ Միևնույն ցանկությունը դրդում է որոշ մարդկանց թանկարժեք իրեր գնել, իսկ մյուսներին՝ այդ իրերը գողանալ։ Ոմանց կողմից իրենց «բարեկեցության աչք ծակող ցուցադրումը» կարող է ծառայել որպես «հրավեր» նրանց համար, ովքեր գողություն կատարելու հակում ունեն։
Բացի այն, որ պետք է զուսպ լինել, կողոպուտից պաշտպանվելու մեկ այլ միջոց կա՝ հասկացնել, որ դուք ճշմարիտ քրիստոնյա եք։ Եթե մյուսների հանդեպ սեր եք ցուցաբերում, անկեղծ եք ձեր արարքների մեջ և ակտիվորեն մասնակցում եք քրիստոնեական ծառայությանը, ապա ձեր շրջապատում կարող եք լավ մարդու համբավ ձեռք բերել, որն արժանի է հարգանքի (Գաղատացիս 5։19—23)։ Տվյալ պարագայում քրիստոնյայի համբավ ունենալը կարող է անհամեմատ ավելի լավ պաշտպանական միջոց հանդիսանալ, քան զենքը։
Երբ հարձակվում են զինված կողոպտիչները
Այնուամենայնիվ, ի՞նչ պետք է անել, եթե զինված կողոպտիչները ներխուժում են ձեր տուն, և դուք դեմ առ դեմ կանգնում եք նրանց առջև։ Հիշեցեք, որ ձեր կյանքը շատ ավելի թանկ է ցանկացած գույքից։ Հիսուս Քրիստոսն ասել է. «Չարին հակառակ չկանգնե՛լ. այլ եթէ մէկը քո աջ ծնօտին ապտակ տայ, նրան մի՛ւսն էլ դարձրու։ Եւ եթէ մէկը կամենայ.... քո շապիկն առնել, նրան քո բաճկո՛նն էլ թող» (Մատթէոս 5։39, 40)։
Սա իմաստուն խորհուրդ է։ Թեև քրիստոնյաները պարտավոր չեն հանցագործներին տեղեկացնել իրենց ունեցած արժեքների մասին, այնուամենայնիվ, կողոպտիչներն ավելի անզուսպ են դառնում, երբ զգում են, որ իրենց դիմադրում են, չեն ուզում ենթարկվել կամ խաբում են։ Այսպիսի պահելաձևը նրանցից շատերին, որոնք արդեն ‘անզգայացած են’, հեշտությամբ մղում է դաժան ու անբարո արարքի (Եփեսացիս 4։19, ԱԹ)։
Սեմյուելը ապրում է բազմաբնակարան տան մեջ։ Պատահեց այնպես, որ կողոպտիչները պաշարեցին տան մուտքը և սկսեցին մի բնակարանից մյուսը ներխուժել։ Սեմյուելին լսելի էին կրակոցի ձայները, թե ինչպես են ջարդում դռները, բնակիչների բարձրացրած գոռում–գոչյունները, վայնասունն ու լացի ձայնը։ Փախչելն անհնար էր։ Սեմյուելը կարգադրեց կնոջն ու երեք որդիներին ծնկի գալ, ձեռքերը վեր բարձրացնել, փակել աչքերը և սպասել։ Երբ գողերը ներխուժեցին, նա սկսեց խոսել նրանց հետ՝ հայացքը չկտրելով գետնից՝ հասկանալով, որ եթե նայի նրանց դեմքերին, ապա հանցագործները կարող են մտածել, որ նա հետագայում կճանաչի իրենց։ «Ներս մտեք,— ասաց նա,— վերցրեք, ինչ որ ցանկանում եք։ Կարող եք վերցնել այն, ինչ ուզում եք։ Մենք Եհովայի վկաներ ենք և դիմադրություն ցույց չենք տա»։ Կողոպտիչները զարմացան։ Հաջորդ մեկ ժամվա ընթացքում 12 զինված տղամարդիկ թալանեցին բնակարանը։ Նրանք իրենց հետ վերցրին թանկարժեք իրեր, դրամ, էլեկտրոնային սարքավորում, բայց ընտանիքի անդամներին ձեռք չտվեցին և չվիրավորեցին մաչետեներով (անտառները, մացառուտները մաքրելու համար գործածվող մեծ դանակ), ինչպես որ մյուսների հետ էին վարվել։ Սեմյուելի ընտանիքը շնորհակալություն հայտնեց Եհովային իրենց կյանքը փրկելու համար։
Այս օրինակը ցույց է տալիս, որ երբ հանցագործները հարձակվում են փող կամ գույք թալանելու նպատակով, և զոհերը դիմադրություն ցույց չեն տալիս, ապա վերջիններս կարող են խուսափել մարմնական վնասվածքներից։a
a Ինչ խոսք, հանցագործներին ենթարկվելն էլ իր սահմանն ունի։ Եհովայի ծառաները չպետք է կատարեն նրանց այն պահանջները, որոնք խախտում են Աստծո օրենքը։ Օրինակ՝ քրիստոնյաները չպիտի ենթարկվեն նրանց բռնաբարության փորձի դեպքում։
Երբեմն քրիստոնյայի տված վկայությունը կարող է պաշտպանել նրան մարմնական վնասվածքներ ստանալուց։ Երբ կողոպտիչները գրոհեցին Ադեի տան վրա, նա ասաց նրանց. «Գիտեմ, որ ձեզ համար հեշտ չէ ապրուստ հայթայթելը, դրա համար էլ այսպիսի բաներով եք զբաղվում։ Որպես Եհովայի վկաներ՝ մենք հավատում ենք, որ կգա մի օր, երբ ամեն մեկը բավարար ուտելիք կունենա իր և իր ընտանիքի համար։ Աստծո Թագավորության ներքո բոլորը կապրեն խաղաղ և երջանիկ»։ Այս խոսքերը թուլացրին կողոպտիչների ցասումը։ Նրանցից մեկն ասաց. «Ցավում ենք, որ քո տունն ենք մտել, բայց հասկացիր՝ մենք ուտելու ոչինչ չունենք»։ Չնայած նրանք թալանեցին Ադեի բնակարանը, բայց Ադեին և նրա ընտանիքին ձեռք չտվեցին։
Պահպանեք հանգստություն
Ինչ խոսք, հեշտ չէ հանգստություն պահպանել վտանգավոր իրավիճակներում, հատկապես երբ կողոպտիչների գլխավոր նպատակակետն է ահաբեկելով իրենց ենթարկեցնել զոհին։ Աղոթքը կօգնի մեզ։ Օգնություն հայցող մեր աղաղակը, թեկուզ անձայն և կարճ, կարող է լսվել Եհովայի կողմից։ Աստվածաշունչը մեզ հավաստիացնում է. «Տիրոջ աչքերը արդարների վերայ են. եւ նորա ականջները նորանց աղաղակի վերայ» (Սաղմոս 34։15)։ Եհովան լսում է մեզ և իմաստություն է տալիս, որպեսզի ցանկացած իրավիճակում կարողանանք մեզ տիրապետել (Յակոբոս 1։5)։
Աղոթքից բացի՝ հանգստություն պահպանելուն կարող է օգնել նախօրոք մտածելը, թե ինչ կանեիք և ինչ չէիք անի, եթե ձեզ վրա հարձակում գործեին։ Անշուշտ, հնարավոր չէ նախապես իմանալ, թե ինչ իրավիճակում մենք կհայտնվենք։ Բայց և այնպես, լավ է մտածել այդ ուղղությամբ, ինչպես որ խելամիտ կլիներ իմանալ, թե ինչպես վարվել հանկարծակի բռնկված հրդեհի դեպքում։ Հեռատեսությունը կօգնի ձեզ հանգստություն պահպանել, խուսափել խուճապից և մարմնական վնասվածքներից։
Աստծո տեսակետը կողոպուտի վերաբերյալ միանգամայն հստակ է. «Ես Տէրս սիրում եմ իրաւունքը, ատում եմ անիրաւութիւնն եւ յափշտակութիւնը» (Եսայիա 61։8)։ Եհովայի ներշնչմամբ Եզեկիել մարգարեն հափշտակությունը դասեց ծանր մեղքերի շարքը (Եզեկիէլ 18։18)։ Բայց Աստվածաշնչի այդ նույն՝ «Եզեկիէլ» գիրքը, ցույց է տալիս, որ Աստված ողորմածորեն ներում է այն անձանց, ովքեր զղջում և ետ են դառնում այդ ճանապարհից (Եզեկիէլ 33։14—16)։
Չնայած այն բանին, որ քրիստոնյաներն ապրում են հանցագործությամբ հեղեղված այս աշխարհում, նրանց ուրախացնում է Աստծո Թագավորության ներքո ապրելու հույսը. ա՛յն Թագավորության, որտեղ այլևս չեն լինի կողոպտիչներ։ Այդ ժամանակների առնչությամբ Աստվածաշունչը մեզ խոստանում է. «Ամեն մարդ [Աստծո ժողովրդից] պիտի իր որթի տակին բնակուէ, եւ իր թզենու տակին, եւ վախեցնող պիտի չ’լինի, որովհետեւ Զօրաց Տիրոջ բերանն է ասել» (Միքիա 4։4)։
Խափանված կողոպուտ Արևմտյան Աֆրիկայում
Պատմում է Յունիս Էբուն։ «Զինված կողոպտիչները իրենց հարձակումը պլանավորել էին հենց այն օրը, երբ, սովորաբար, մեր տանը գրքի ուսումնասիրություն է անցկացվում։ Մինչ այդ մենք լայն բաց ենք անում դարպասները եղբայրների, քույրերի և հետաքրքրվող անհատների առջև։ Անշուշտ գողերը տեղյակ էին այդ մասին և գիտեին նաև հանդիպումն անցկացնելու ժամը։ Կարծում ենք, որ ինչ–որ տեղից գողացված իրենց մեքենայով նրանք մոտեցել էին մեր դարպասներին ճիշտ այն օրը և այն ժամին, երբ գրքի ուսումնասիրությունն է անցկացվում։
Պատահական զուգադիպությամբ հենց այդ շաբաթ մեզ այցելեց շրջանային վերակացուն, և ժողովի հանդիպումը, մեր տանը անցկացնելու փոխարեն, կայացավ Թագավորության սրահում։ Ժողովի ավարտից հետո սկսվեց երեցների համար հանդիպումը։ Սովորաբար այդպիսի դեպքերում ես երեխաների հետ տուն եմ գնում, բայց այս անգամ ամուսինս, որը ծառայում է որպես երեց, խնդրեց սպասել իրեն։ Նա ասաց, որ հանդիպումը երկար չի տևի, և մենք մնացինք։
Հետո պարզվեց, որ մեքենան գործի չի գցվում։ Շրջանային վերակացուն ամուսնուս հետ միասին չկարողացան այն կարգի բերել։ Նույնիսկ հրավիրված մեխանիկին չհաջողվեց դա անել։
Երեխաները ստիպված տուն գնացին ոտքով։ Որոշ ժամանակ անց ես էլ տուն գնացի և տեղ հասա երեկոյան մոտավորապես ժամը տասին։ Քանի որ թե՛ երեխաները և թե՛ ես առանց մեքենայի էինք տուն եկել, ապա բակ մտնելու համար մեծ դարպասները բացելու հարկ չեղավ։
Ննջարան մտնելուն պես կրակոցի բարձր ձայն լսվեց։ Ես անհանգստացա։ Փորձեցի զանգահարել ոստիկանություն, բայց հեռախոսը չէր աշխատում։ Վազեցի ներքև, փակեցի մուտքի երկաթյա դուռը, ապա շուտափույթ փակեցի երկրորդ դուռը և անջատեցի լույսը։ Երեխաները խուճապի մեջ էին, ուստի ջանացի հանգստացնել նրանց։ Միասին սկսեցինք օգնության համար Եհովային դիմել։ Այդ ամբողջ ժամանակ ամուսինս դեռ Թագավորության սրահի մոտ էր և զբաղված էր մեքենան կարգի գցելով։
Երբ պատուհանից դուրս նայեցի, տեսա, որ դարպասներից դուրս՝ փողոցում, մի տղամարդ էր ընկած։ Թվում էր, թե բանդիտներն արդեն փախել են. ուստի, վիրավորին նստեցնելով մեքենան, շտապեցի հիվանդանոց։ Դա մեծ ռիսկ էր պահանջում, բայց ես պետք է ինչ–որ ձևով օգնություն ցույց տայի նրան։ Դժբախտաբար, այդ մարդը հաջորդ օրը վախճանվեց։
Չնայած տեղի ունեցած ողբերգությանը, ամեն բան կարող էր ավելի վատ ավարտ ունենալ։ Շրջանային վերակացուի այցելության հետ կապված՝ գրքի ուսումնասիրությունը չանցկացվեց մեր տանը։ Ելնելով այն բանից, որ մեքենան անսարք էր՝ մենք տուն չվերադարձանք բոլորս միասին։ Ամուսինս, որին բանդիտներն անպայման կբռնեին, տուն եկավ բավականին ուշ։ Այս և ուրիշ հանգամանքներ այդ երեկո փրկեցին մեր կյանքը։
Եհովան մեր ամրոցն է և մեր ապաստանը։ Որքա՜ն ճշմարիտ են Աստվածաշնչի այս խոսքերը. «Եթէ Տէրը չ’պահպանէ քաղաքը՝ զուր է անքուն լինում պահապանը» (Սաղմոս 127։1)։