Մեր գանձերը կավե ամաններում
«Այս գանձերն ունենք կաւէ ամանների մէջ, որպէսզի զօրութեան գերազանցութիւնը Աստծուց լինի եւ ոչ մեզնից» (Բ Կորնթացիս 4։7)։
1. Ինչպե՞ս է Հիսուսի օրինակը մեզ քաջալերում։
ԵՀՈՎԱՅԻ կողմից երկրի վրա կերտվելիս՝ Հիսուսն անձամբ համոզվեց, թե որչափ տկար են մարդիկ։ Որքա՜ն պետք է ուղղամտություն պահելու նրա օրինակը քաջալերի մեզ։ Պետրոս առաքյալն ասում է. «Այդ բանի համար իսկ կոչուեցիք, քանի որ Քրիստոս էլ ձեզ համար մեռաւ եւ ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնաք» (Ա Պետրոս 2։21)։ Հնազանդվելով այդպես կերտվելուն՝ Հիսուսը հաղթանակ տարավ աշխարհի դեմ։ Նա նաև իր առաքյալներին քաջալերեց հաղթողներ դուրս գալ (Գործք 4։13, 31; 9։27, 28; 14։3; 19։8)։ Եվ ի՜նչ խրախուսիչ հնչեցին նրա խոսքերը իր վերջին զրույցի ժամանակ, թե՝ «այս բաները ասացի ձեզ, որպէսզի ինձնով խաղաղութիւն ունենաք։ Այստեղ, աշխարհում նեղութիւն պիտի ունենաք, սակայն քաջալերուեցէ՛ք, որովհետեւ ես յաղթեցի աշխարհին» (Յովհաննէս 16։33)։
2. Ի տարբերություն աշխարհում տիրող կուրությանը՝ ի՞նչ լույս է մեզ պատել։
2 Նմանապես Պողոս առաքյալը, «այս աշխարհի աստծու» բերած կուրությունը հակադրելով «Աւետարանի փառքի լոյսի» հետ, մեր անգնահատելի ծառայության մասին ասաց. «Այս գանձերն ունենք կաւէ ամանների մէջ, որպէսզի զօրութեան գերազանցութիւնը Աստծուց լինի եւ ոչ մեզնից։ Ամէն կողմից ճնշուած, բայց ոչ ընկճուած, կարօտեալ, բայց ոչ յուսահատ, հալածուած, բայց ոչ լքուած, չարչարուած, բայց ոչ մեռած» (Բ Կորնթացիս 4։4, 7—9)։ Թեև փխրուն «կաւէ ամաններ» ենք, բայց Աստված իր սուրբ հոգով այնպես է մեզ կերտում, որ կարող ենք լիովին հաղթանակ տանել Սատանայի աշխարհի դեմ (Հռովմայեցիս 8։35—39; Ա Կորնթացիս 15։57)։
Կերտում էր հին Իսրայելում
3. Եսայիան ինչպե՞ս նկարագրեց իսրայել ազգի կերտումը։
3 Եհովան ոչ միայն անհատներ է կերտում, այլև ողջ ժողովուրդներ։ Որպես օրինակ վերցնենք հին իսրայել ազգը, որը դյուրաթեք լինելով Եհովայի ձեռքերում, բարգավաճում էր։ Սակայն ժամանակի ընթացքում իր անհնազանդության պատճառով նա կարծրացավ։ Հետևանքը եղավ այն, որ Իսրայելի Ստեղծիչը «վայ» բերեց ժողովրդի վրա (Եսայիա 45։9)։ Մ.թ.ա. ութերորդ դարում Իսրայելի ծանր մեղքերի համար Եսայիան դիմեց Եհովային՝ ասելով. «Ով Տէր, դու ես մեր հայրը. մենք կաւն ենք, եւ դու՝ մեր բրուտը, եւ քո ձեռքի գործ ենք մենք ամենքս.... մեր ամեն ցանկալիքը ամայի են դառել» (Եսայիա 64։8—11)։ Իսրայելը դարձել էր միայն ոչնչացման արժանի անոթ։
4. Ի՞նչ վառ օրինակ ներկայացրեց Երեմիան։
4 Մեկ դար անց, երբ հաշվեհարդարի օրն արդեն մոտ էր, Եհովան պատվիրեց Երեմիային կավե կուժ վերցնել և Երուսաղեմի ծերերից մի քանիսի հետ միասին դուրս գալ դեպի Ենովմի ձորը. «Կոտրիր այս կուժը,— ասաց Եհովան,— քեզ հետ գնացող մարդկանց աչքի առաջին։ Եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Զօրաց Տէրը. սորա պէս պիտի կոտրեմ այս ժողովուրդը եւ այս քաղաքը, ինչպէս որ մի մարդ կոտրում է բրուտի ամանը, որ այլեւս չի նորոգուիլ» (Երեմիա 19։10, 11)։
5. Որքա՞ն թանկ նստեց Իսրայելի վրա Եհովայի դատաստանը։
5 Մ.թ.ա. 607 թ. Նաբուգոդոնոսորը ամայացրեց Երուսաղեմը և ավերակ դարձրեց նրա տաճարը՝ կենդանի մնացած հրեաներին գերի տանելով Բաբելոն։ Սակայն 70 տարի աքսորում գտնվելուց հետո ապաշխարած հրեաները վերադարձան հայրենիք, որպեսզի վերակառուցեին քաղաքն ու տաճարը։ (Երեմիա 25։11)։ Այնուամենայնիվ, մ.թ. առաջին դարում այդ ազգը կրկին լքեց Մեծ Բրուտին, իսկ վերջում գործեց ամենաստոր հանցանքը՝ սպանեց Աստծո Որդուն։ Մ.թ. 70 թ. Եհովան հրեական իրերի համակարգը կործանելու նպատակով որպես դահիճ օգտագործեց Հռոմեական համաշխարհային կայսրությունը, որն էլ հողին հավասարեցրեց Երուսաղեմն ու նրա տաճարը։ Այլևս երբեք իսրայել ազգը Եհովայի ձեռքում չէր դառնալու կերտվող անոթ՝ ‘սրբություն և փառք’։a
Կերտում է հոգևոր մի ազգ
6, 7. ա) Ինչպե՞ս է Պողոսը նկարագրում հոգևոր Իսրայելի կերտումը։ բ) Որքա՞ն է կազմում «ողորմութեան արժանացած անօթների» թիվը, և ինչպե՞ս են նրանք հավաքվել։
6 Այն հրեաները, որոնք ընդունեցին Հիսուսին, «կերտվեցին» որպես նոր ազգ՝ «Աստծու Իսրայէլ» և դարձան այդ ազգի առաջին անդամները (Գաղատացիս 6։16)։ Հետևաբար տեղին են Պողոսի խոսքերը. «Բրուտը իշխանութիւն չունի՞ կաւի վրայ նոյն զանգուածից անօթ շինելու, մէկը՝ պատուական, իսկ միւսը՝ հասարակ։ Եթէ Աստուած ուզենար բարկութիւնը ցոյց տալ եւ յայտնի դարձնել իր զօրութիւնը, նա, որ համբերեց մեծ համբերատարութեամբ կորստեան համար պատրաստուած բարկութեան առարկայ անօթների հանդէպ, որպէսզի յայտնի դարձնի իր փառքի հարստութիւնը ողորմութեան արժանացած անօթների վրայ, որոնց պատրաստեց փառքի համար» (Հռովմայեցիս 9։21—23)։
7 Հարություն առնելուց հետո Հիսուսը հայտնեց, որ «ողորմութեան արժանացած անօթների» թիվը կազմելու է 144 000 (Յայտնութիւն 7։4; 14։1)։ Քանի որ իսրայել ազգը այդ թիվը չլրացրեց, Եհովան իր ողորմածությունը տարածեց մյուս ազգերի վրա (Հռովմայեցիս 11։25, 26)։ Արագորեն ընդլայնվեց քրիստոնյաների երիտասարդ ժողովը։ Երեսուն տարվա ընթացքում բարի լուրը «քարոզուեց երկնքի տակ գտնուող բոլոր արարածներին» (Կողոսացիս 1։23)։ Անհրաժեշտություն առաջացավ բազմաթիվ ցրված ժողովները բերել հատուկ վերակացության ներքո։
8. Ովքե՞ր էին մտնում առաջին կառավարիչ մարմնի կազմի մեջ, և ինչպե՞ս այն հետագայում զարգացավ։
8 Հիսուսը նախապատրաստել էր տասներկու առաքյալներին կառավարիչ մարմին հիմնելու համար և նրանց, ինչպես և ուրիշներին, կրթել էր ծառայության համար (Ղուկաս 8։1; 9։1, 2; 10։1, 2)։ Քրիստոնեական ժողովի հիմքը դրվեց մ.թ. 33 թ. Պենտեկոստեի օրը. ժամանակի ընթացքում ժողովի կառավարիչ մարմինն ընդարձակվեց՝ ընդգրկելով Երուսաղեմում գտնվող «առաքեալներին եւ երէցներին»։ Չնայած այն բանին, որ Հիսուսի եղբայր Հակոբոսը առաքյալ չէր, բայց երևում է, որ նա երկար ժամանակ ժողովի նախագահողն է եղել (Գործք 12։17; 15։2, 6, 13; 21։18)։ Ըստ պատմիչ Եվսեբիոսի՝ առաքյալները հալածանքների հատուկ թիրախ էին դարձել ու ցրվել էին տարբեր տեղանքներ։ Ուստի Կառավարիչ մարմնի անձնակազմը փոխվել էր։
9. Ինչպիսի՞ ցավալի իրողության մասին մարգարեացավ Հիսուսը։
9 Առաջին դարի վերջում ‘թշնամին՝ Սատանան’, սկսեց ‘որոմ ցանել’ «երկնքի արքայութեան» ցորենանման ժառանգների մեջ։ Հիսուսը մարգարեացավ, որ այս ցավալի իրողությունը կշարունակվի մինչև հնձի ժամանակը՝ «աշխարհի վախճանը»։ Այն ժամանակ կրկին «արդարները երկնքի արքայութեան մէջ կը ծագեն ինչպէս արեգակը» (Մատթէոս 13։24, 25, 37—43)։ Ե՞րբ էր լինելու դա։
Աստծո Իսրայելի կերտումն այսօր
10, 11. ա) Ինչպե՞ս է առաջ ընթացել Աստծո Իսրայելի ժամանակակից կերտումը։ բ) Քրիստոնեական աշխարհի և Աստվածաշնչի ժրաջան աշակերտների միջև ո՞ր ուսմունքներն էին իրար հակասող։
10 Չարլզ Թեյզ Ռասսելը ԱՄՆ–ի Պիտսբուրգ քաղաքում (Փենսիլվանիա նահանգ) 1870 թ.–ին Աստվածաշնչի ուսումնասիրության խումբ հիմնեց։ Սկսած 1879 թ.–ից՝ սկսեց հրատարակվել ներկայումս «Դիտարան» անունով հայտնի ամսագիրը։ Աստվածաշունչն ուսումնասիրողները (հետագայում նրանք այսպես կոչվեցին) շուտով հասկացան, որ քրիստոնեական աշխարհը որդեգրել էր հեթանոսական բազմաթիվ ուսմունքներ, որոնք հիմնված չէին Աստվածաշնչի վրա, ինչպես օրինակ՝ հոգու անմահության, դժոխքի կրակի, քավարանի, երրորդության գաղափարները, մանուկների մկրտությունը և այլն։
11 Նշանակալից է, որ Աստվածաշնչի ճշմարտության պաշտպանները վերականգնեցին Սուրբ գրքի հիմնական ուսմունքները, այն է՝ Հիսուսի քավիչ զոհաբերության միջոցով ազատագրումը և Աստծո Թագավորության ներքո խաղաղ դրախտ–երկրում հավիտյան ապրելու հեռանկարով հարության ուսմունքը։ Բոլորից շատ շեշտվում էր, որ մոտ ժամանակում Եհովա Աստված ցույց է տալու, որ ինքն է տիեզերքի Գերիշխան Տերը։ Աստվածաշունչն ուսումնասիրողները վստահ էին, որ տերունական աղոթքը շուտով իր պատասխանն էր ստանալու։ Վերջինս կարելի է գտնել Մատթէոս 6։9, 10–ում. «Հա՛յր մեր, որ երկնքում ես. սո՛ւրբ թող լինի քո անունը. քո թագաւորութի՛ւնը թող գայ. քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է՛»։ Աստծո սուրբ հոգին նրանցից խաղաղասեր քրիստոնյաների համաշխարհային հասարակություն էր կերտում։
12. Աստվածաշունչն ուսումնասիրողները ինչպե՞ս էին հասկացել կարևոր տարեթվի նշանակությունը։
12 Դանիէլ 4–րդ գլխի և այլ մարգարեությունների մանրակրկիտ ուսումնասիրությունից Աստվածաշունչն ուսումնասիրողները հավաստիացան, որ Հիսուսի՝ որպես մեսիական Թագավորի ներկայությունը մոտ է։ Նրանք հասկացան, որ 1914 թ.–ը «ազգերին սահմանված ժամանակների» ավարտի տարեթիվն է (Ղուկաս 21։24, ՆԱ; Եզեկիէլ 21։26, 27)։ Աստվածաշունչն ուսումնասիրողները Միացյալ Նահանգներում արագորեն սկսեցին Աստվածաշնչի դասարաններ հիմնել, որոնք հետագայում կոչվեցին ժողովներ։ 1900–ականներին սուրբգրային կրթական գործը հասել էր մինչև Եվրոպա, Ավստրալիա և Օվկիանիա։ Գործունեությունը կազմակերպված ձևով տանելու խիստ կարիք զգացվեց։
13. Իրավական ի՞նչ կարգավիճակ ընդունեցին Աստվածաշունչն ուսումնասիրողները, և Ընկերության առաջին նախագահի կատարած ո՞ր աշխատանքը աչքի ընկավ։
13 Աստվածաշունչն ուսումնասիրողներին իրավական կարգավիճակ տալու համար 1884–ին Պիտսբուրգի կենտրոնատեղիում գրանցվեց «Սիոնի Դիտարան» ընկերությունը։ Նրա տնօրենները մտնում էին Կառավարիչ մարմնի կազմի մեջ՝ վերահսկելով Աստծո Թագավորության համաշխարհային քարոզը։ Ընկերության առաջին նախագահ Չարլզ Ռասսելը հրատարակեց իր՝ «Սուրբ գրությունների ուսումնասիրություններ» աշխատությունը՝ վեց հատորյակով և մեծ աշխատանք կատարեց քարոզչական գործունեության մեջ։ Թագավորության համաշխարհային գործունեության համար Ռասսելը նաև նվիրաբերեց իր ամբողջ ունեցվածքը, որը կուտակել էր մինչև Աստվածաշնչի իր ուսումնասիրությունը սկսելը։ 1916 թ.–ին, երբ Առաջին համաշխարհային պատերազմը մոլեգնում էր Եվրոպայում, քարոզչական մի ճանապարհորդության ժամանակ ուժասպառ եղած եղբայր Ռասսելը մահացավ։ Նա իր ողջ կարողությունները տվեց Աստծո Թագավորության մասին վկայությունը ծավալելու գործին։
14. Ինչպե՞ս Ջ. Ռադերֆորդը ‘պատերազմեց բարի պատերազմը’ (Բ Տիմոթէոս 4։7)։
14 Հաջորդ նախագահը Միսսուրիում երբեմնի դատավոր Ջոզեֆ Ռադերֆորդն էր։ Որպես պատասխան Աստվածաշնչի ճշմարտությանը նրա թիկունք կանգնելուն՝ քրիստոնեական աշխարհի հոգևորականները քաղաքագետների հետ միացած սկսեցին ‘իրենց սահմանած օրենքով չարիք պատրաստել’։ 1918 թ.–ին եղբայր Ռադերֆորդին և յոթ ուրիշ առաջատար ուսումնասիրողների ձերբակալեցին և տարբեր հոդվածներով դատապարտեցին մեկին՝ տաս, մնացածներին՝ քսան տարի առավելագույն ժամկետով ազատազրկման։ Աստվածաշունչն ուսումնասիրողները շարունակեցին պայքարել (Սաղմոս 94։20, Արևմըտահայերեն Աստվածաշունչ, տողատակի ծանոթագրություն; Փիլիպպեցիս 1։7)։ 1919 թ. մարտի 26–ին՝ վերաքննությունից հետո, նրանք ազատ արձակվեցին և հետագայում լիովին արդարացվեցին հարուցված սուտ մեղադրանքներից։b Այս փորձությունն օգնեց նրանց կերտվել ճշմարտությունը անսասանորեն պաշտպանելու համար։ Չնայած Մեծ Բաբելոնի հակառակությանը՝ նրանք, Եհովայի օգնությամբ բարի լուրը քարոզելով, ջանացին ինչ գնով էլ լինի հաղթանակ տանել հոգևոր պատերազմում։ Այդ պատերազմը շարունակվում է առ այսօր՝ 1999 թ.–ը (համեմատեք Մատթէոս 23–րդ գլուխը և Յովհաննէս 8։38—47)։
15. Ինչո՞վ է հիշարժան 1931 թվականը։
15 Աստծո օծյալ Իսրայելը 1920–ականների և 30–ականների ընթացքում շարունակում էր կերտվել Մեծ Բրուտի առաջնորդության ներքո։ Գրություններից պայծառ լույս էր ծագում՝ փառք բերելով Եհովային և ուշադրություն հրավիրելով Հիսուսի մեսիական Թագավորության վրա։ 1931 թ.–ին Աստվածաշունչն ուսումնասիրողները մեծ ուրախություն ապրեցին՝ ընդունելով իրենց նոր անունը՝ Եհովայի վկաներ (Եսայիա 43։10—12; Մատթէոս 6։9, 10; 24։14)։
16 և 27 էջի շրջանակը. Ե՞րբ ամբողջացավ 144 000 թիվը, և դրա համար ի՞նչ հիմքեր կան։
16 «Կանչուածների, ընտրեալների եւ հաւատարիմների» թիվը 1930–ականներից ի վեր կարծես թե ամբողջացել էր (Յայտնութիւն 17։14; տեսեք 27 էջի շրջանակը)։ Հայտնի չէ, թե որքան է եղել նրանց թիվը առաջին դարում, և չգիտենք, թե օծյալներից քանիսն են ընտրվել «որոմների» միջից քրիստոնեության ուրացման խավար դարերի ընթացքում, սակայն 1935 թ.–ին համայն աշխարհում թվով 56 153 քարոզիչներից 52 465–ը ցույց տվեցին իրենց երկնային հույսը՝ օգտվելով Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից։ Ի՞նչ հեռանկարով պիտի հավաքվեին ապագայում եկողները։
«Մի մեծ բազմութիւն»
17. Պատմական ի՞նչ իրադարձություն տեղի ունեցավ 1935 թ.–ին։
17 Վաշինգտոնում (ԱՄՆ) անցկացված համաժողովում (1935 թ. մայիսի 30–ից հունիսի 3–ը) եղբայր Ռադերֆորդը ելույթ ունեցավ պատմական նշանակություն ունեցող մի թեմայով, որը վերնագրված էր «Մեծ բազմությունը»։ Այս խումբը, «որին թիւ չկար», ի հայտ էր գալու այն ժամանակ, երբ 144 000 հոգուց բաղկացած հոգևոր Իսրայելի անդամների վրա վերջնական կնիք դնելու գործը սկսեր հասնել իր ավարտին։ Այդ խմբի անդամները ևս հավատ էին ընծայելու Հիսուսի՝ ‘Գառան արյան’ քավիչ զոհաբերությանը և սուրբ ծառայություն մատուցելու Եհովայի երկրպագության տաճարում։ Նրանք ‘դուրս էին գալու մեծ նեղությունից’ և ժառանգելու էին երկրային դրախտը, որտեղ «այլևս մահ չկայ»։ Մինչ այդ համաժողովը, մի քանի տարի շարունակ այս խմբի անդամներին կոչում էին Հովնադաբներ (Յայտնութիւն 7։9—17; 21։4; Երեմիա 35։10)։
18. Ի՞նչ առումով 1938 թվականը վճռական տարի հանդիսացավ։
18 Վճռական տարի հանդիսացավ 1938 թ.–ը, երբ հստակորեն ի հայտ եկան երկու դասակարգերը։ «Դիտարանի» 1938 թ. մարտի 15–ի և ապրիլի 1–ի համարներում հրատարակվեցին երկու մասից բաղկացած հոդվածներ՝ «Նրա հոտը» վերնագրով, որտեղ բացատրվեցին օծյալ մնացորդի ու նրա ընկերակիցների՝ մեծ բազմության գրաված տեղերը։ Իսկ հունիսի 1–ի և 15–ի համարների ուսուցման թեման հիմնված էր Եսայիա 60։17–ի վրա և խոսում էր «Կազմակերպության» մասին։ Աստվածապետական կարգով բարելավումներ մտցնելու նպատակով՝ բոլոր ժողովները հրավիրվեցին Կառավարիչ մարմնին խնդրագիր ներկայացնելու, որպեսզի յուրաքանչյուր ժողովում ծառաներ նշանակվեն։ Հրավերն անարձագանք չմնաց։
19 և տողատակի ծանոթագրությունը. Ո՞ր փաստերն են վկայում, որ «այլ ոչխարների» ընդհանուր կոչը վերջին վաթսուն տարիների ընթացքում մեծ արձագանք է գտել։
19 Եհովայի վկաների 1939 թ. «Տարեգրքի» հաշվետվության մեջ ասվում է. «Հիսուս Քրիստոսի այժմ երկրի վրա գտնվող օծյալ հետևորդները թվով քիչ են, և նրանց քանակը այլևս չի աճի։ Նրանք Գրություններում կոչված են Սիոնի՝ Աստծո կազմակերպության «միւս զաւակներ» (Յայտնութիւն 12։17)։ Տերն այժմ հավաքում է «այլ ոչխարներին», որոնք պիտի կազմեն «մեծ բազմութիւնը» (Յովհաննէս 10։16)։ Ներկայումս հավաքվող բազմությունը օծյալ մնացորդի համագործակիցներն են։ Այժմ ևեթ գնալով աճելու է «այլ ոչխարների» թիվը, մինչև որ կհավաքվի «մեծ բազմութիւնը»»։ Օծյալ մնացորդը «կերտվել էր» մեծ բազմությունը հավաքելու համար։ Մեծ բազմության անդամներն էլ պիտի կերտվեն։c
20. Ի՞նչ կազմակերպչական փոփոխություններ են տեղի ունեցել 1942 թ.–ից ի վեր։
20 Համաշխարհային երկրորդ պատերազմի թեժ օրերին՝ 1942 թ. հունվարին, վախճանվեց Ջոզեֆ Ռադերֆորդը. նրան փոխարինեց Նաթան Նորը։ Ընկերության երրորդ նախագահի մասին են խոսում ժողովներում հիմնված աստվածապետական դպրոցները և միսիոներներ կրթելու համար նախատեսված Գաղաադ դպրոցը։ 1944 թ. Ընկերության տարեկան հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ Ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ են մտցված և անդամակցությունը հիմնված է լինելու ոչ թե նյութական աջակցության վրա, այլ հաշվի է առնվելու անհատի հոգևոր վիճակը։ Հաջորդ երեսուն տարիներին համայն աշխարհում դաշտի ծառայողների թիվը 156 299–ից հասավ 2 179 256–ի։ 1971—1975 թվականների ընթացքում կազմակերպչական այլ փոփոխություններ մտցվեցին։ Ընկերության նախագահը այլևս չպետք է լիակատար վերակացություն աներ Թագավորության համաշխարհային քարոզի գործի վրա։ Կառավարիչ մարմնի կազմը՝ իրար փոխարինող նախագահողներով, մեծացավ՝ ընդգրկելով 18 օծյալներ, որոնցից ուղիղ կեսը ներկայումս ավարտել է իր երկրային ընթացքը։
21. Ինչի՞ հիման վրա են փոքր հոտի անդամները որակելի դարձել Թագավորության համար։
21 Փոքր հոտի մնացյալ անդամները տասնամյակներ շարունակ կերտվել են փորձությունների ներքո։ Նրանք քաջալերվում են՝ ստանալով ‘սուրբ հոգու վկայությունը’։ Հիսուսն ասաց նրանց. «Դուք էք, որ իմ փորձութիւնների մէջ ինձ հետ էիք մնում մինչեւ այժմ։ Եւ ես խոստանում եմ ձեզ,— ինչպէս եւ իմ Հայրը ինձ խոստացաւ տալու արքայութիւնը,— որ ուտէք եւ խմէք իմ սեղանից իմ արքայութեան մէջ եւ նստէք տասներկու գահերի վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերը» (Հռովմայեցիս 8։16, 17; Ղուկաս 12։32; 22։28—30)։
22, 23. Ինչպե՞ս են կերտվում փոքր հոտն ու այլ ոչխարները։
22 Երկրի վրա օծյալների թվի նվազման հետ զուգահեռ աշխարհի բոլոր ժողովներում մեծ բազմությունից հասուն եղբայրներին հոգևոր վերակացություն է տրվում։ Երբ Վկաներից վերջին տարեց օծյալների երկրային ընթացքն իր ավարտին մոտենա, այլ ոչխարներից այն անհատները, որոնք հանդես են գալու որպես «սարիմ»՝ իշխաններ, նախապատրաստված կլինեն երկրի վրա պարտականություններ կատարելու համար (Եզեկիէլ 44։3; Եսայիա 32։1)։
23 Թե՛ փոքր հոտը և թե՛ այլ ոչխարները շարունակում են կերտվել որպես պատվավոր գործածության անոթներ (Յովհաննէս 10։14—16)։ Ինչպիսին էլ որ լինի մեր ունեցած հույսը՝ ապրել «նոր երկնքում» թե «նոր երկրում», եկեք սրտանց արձագանքենք Եհովայի հրավերին. «Իմ ստեղծագործութիւնովս յաւիտեանս յաւիտենից ուրախացէ՛ք եւ ցնծացէ՛ք. վասն զի ահա ես Երուսաղէմը՝ ցնծութեան համար ու անոր ժողովուրդը ուրախութեան համար կը ստեղծեմ» (Եսայիա 65։17, 18, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։ Եկեք մենք՝ դյուրաբեկ մարդիկս, խոնարհաբար ծառայենք՝ կերտվելով ‘զորության գերազանցությամբ’՝ Աստծո սուրբ հոգու զորությամբ (Բ Կորնթացիս 4։7; Յովհաննէս 16։13)։
[ծանոթագրություններ]
a Թող ուխտադրուժ քրիստոնեական աշխարհի նախատիպար հին իսրայել ազգի կրած պատիժը նախազգուշացում լինի քրիստոնեական աշխարհին Եհովայի վերահաս դատաստանի մասին (Ա Պետրոս 4։17, 18)։
b Դատավոր Մենթընը, որը կաթոլիկ էր, մերժել էր երաշխավորությամբ ազատ արձակել Աստվածաշունչն ուսումնասիրողներին, իսկ ավելի ուշ ինքն էր ձերբակալվել կաշառք վերցնելու մեղադրանքով։
c 1938 թ.–ին ամբողջ աշխարհում Հիշատակի երեկոյին մասնակցել էր 73 420 հոգի, որոնցից 39 225–ը կամ՝ 53 տոկոսը, օգտվել էին խորհրդանիշներից։ 1998 թ. ներկա է գտնվել 13 896 312 հոգի, որոնցից միայն 8 756–ն են օգտվել խորհրդանիշներից. միջին թվով յուրաքանչյուր տաս ժողովից մեկ հոգի։
Հիշո՞ւմ եք
◻ Ինչպե՞ս է Հիսուսը Հոր կողմից կերտվելու իր հնազանդությամբ մեզ օրինակ ծառայում։
◻ Ի՞նչ կերտում էր տեղի ունենում հին Իսրայելում։
◻ Ինչպե՞ս է «Աստծու Իսրայելը» կերտվում մինչ մեր օրերը։
◻ Ի՞նչ նպատակով են կերտվում «այլ ոչխարները»։
[26–րդ էջի վրայի շրջանակը]
Հետագա կերտումները քրիստոնեական աշխարհում
Աթենքից ստացած «Ասոշիեյթեդ պրես» մամուլի գործակալության մի ճեպագիր Հույն Ուղղափառ Եկեղեցու նորընծա ղեկավարի մասին հետևյալն է հայտնում. «Թվում է, որ նա պետք է խաղաղության բանբեր լինի, սակայն Հույն Ուղղափառ Եկեղեցու առաջնորդն ավելի շուտ նման է պատերազմի պատրաստվող զորավարի։
« «Եթե հարկ լինի, մենք պատրաստ ենք արյուն թափելու և զոհեր տալու։ Սա եկեղեցի է, որտեղ աղոթում ենք խաղաղության համար... Բայց օրհնում ենք սուրբ զենքերը, երբ դրա կարիքը զգացվում է»,— ասաց արքեպիսկոպոս Քրիստոդուլոսը Վերափոխման (աստվածածնի մահվան տոնի) օրը, որը նաև նշվում է որպես Հունաստանի Զինված ուժերի օր»։
[27–րդ էջի վրայի շրջանակը]
«Լրացումներ չկա՛ն»
1970 թ.–ին Գաղաադ դպրոցի սաների ավարտական երեկոյի ժամանակ ելույթով հանդես գալիս՝ «Դիտարան» ընկերության այն ժամանակվա փոխնախագահ Ֆրեդերիկ Ֆրանցը, դիմելով շրջանավարտներին, որոնք բոլորն էլ երկրային հույս ունեցող այլ ոչխարների դասակարգին էին պատկանում, նշեց, որ հնարավոր է նրանք մկրտեն այնպիսի անհատների, որոնք հետագայում ներկայանան որպես օծյալ մնացորդի անդամներ։ Կարո՞ղ է նման բան պատահել։ Նա բացատրեց, որ չնայած Հովհաննես Մկրտիչն այլ ոչխարների դասակարգից էր, բայց մկրտեց Հիսուսին և առաքյալներից ոմանց։ Ապա հարց բարձրացրեց, թե՝ արդյոք դեռ հավաքվո՞ւմ են օծյալ մնացորդի անդամները։ «Ոչ, այլևս լրացումներ չկան»,— պատասխանել էր նա։ «Այդ հավաքն ավարտվել է 1931—1935 թթ.–ի ընթացքում։ Լրացումներ այլևս չկան։ Այդ դեպքում ովքե՞ր են այն մի քանի նոր անհատները, որոնք օգտվում են Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից։ Եթե նրանք օծյալ մնացորդից են, ապա միայն փոխարինողներ են։ Նրանք օծյալների դասակարգի լրացումները չեն, այլ փոխարինում են այն անհատներին, ովքեր թերևս ետ են կանգնել»։
[23–րդ էջի վրայի պատկերը]
Որքա՜ն ենք գնահատում մեր անգին ծառայությունը։
[24–րդ էջի վրայի պատկերը]
Հին Իսրայելը դարձավ միայն ոչնչացման արժանի անոթ։