Գլուխ 15
Կազմակերպության կառույցի զարգացումը
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ կազմակերպության գործելակերպի մեջ զգալի փոփոխություններ են տեղի ունեցել 1870-ից ի վեր, երբ առաջին անգամ Չարլզ Թեյզ Ռասելն ու իր ընկերակիցները սկսեցին միասին ուսումնասիրել Աստվածաշունչը։ Քանի որ վաղ շրջանի Աստվածաշունչ ուսումնասիրողները փոքրաթիվ էին, մարդիկ նրանց հազիվ թե կազմակերպություն անվանեին։ Մինչդեռ այսօր, տեսնելով, թե ինչպես են գործում Եհովայի վկաների ժողովները, ինչպես են նրանք անցկացնում իրենց համաժողովները և ինչպես են քարոզում բարի լուրը 200-ից ավելի երկրներում, մարդիկ զարմանում են, թե ինչպիսի ներդաշնակությամբ է գործում Եհովայի վկաների կազմակերպությունը։ Իսկ ինչպե՞ս է զարգացել այն։
Աստվածաշունչ ուսումնասիրողները ցանկանում էին հասկանալ ոչ միայն սուրբգրային ուսմունքները, այլև այն, թե ինչպես պետք է կատարվի Աստծուն մատուցվող ծառայությունը՝ համաձայն Աստծու Խոսքի։ Նրանք հասկանում էին, որ Աստվածաշունչը չի սովորեցնում, թե պետք է լինի հատուկ հոգևորական դաս, որը կքարոզի մյուս հավատացյալներին։ Եղբայր Ռասելը համոզված էր, որ Աստվածաշունչ ուսումնասիրողների մեջ չպետք է լինի հոգևորական դասa։ «Դիտարանի» բազմաթիվ հոդվածների միջոցով ընթերցողներին հաճախ հիշեցվում էին Հիսուսի խոսքերը՝ ուղղված իր հետևորդներին, որ «մեկն է ձեր Առաջնորդը՝ Քրիստոսը», իսկ «դուք բոլորդ եղբայրներ եք» (Մատթ. 23։8, 10)։
Վաղ շրջանի Աստվածաշունչ ուսումնասիրողները
«Դիտարան» պարբերագրի և Ընկերության այլ հրատարակությունների ընթերցողները շուտով հասկացան, որ Աստծուն հաճեցնելու համար պետք է խզեն իրենց կապերը ցանկացած եկեղեցու հետ, որը անհավատարմություն է դրսևորում Աստծու հանդեպ՝ մարդկային ուսմունքներն ու ավանդույթները նրա գրավոր Խոսքից վեր դասելով (2 Կորնթ. 6։14–18)։ Իսկ ո՞ւր գնացին նրանք՝ հեռանալով քրիստոնեական աշխարհի եկեղեցիներից։
«Էկլեսիա» վերնագրով հոդվածումb եղբայր Ռասելը նշեց, որ ճշմարիտ եկեղեցին՝ քրիստոնեական ժողովը, այնպիսի կազմակերպություն չէ, որի անդամները ընդունել են ինչ-որ մարդկային ուսմունք և ցուցակագրվել են որպես այդ եկեղեցու անդամ։ Այլ, ինչպես նա բացատրեց, այդ կազմակերպությունը բաղկացած է այնպիսի մարդկանցից, ովքեր իրենց ժամանակը, ունակություններն ու կյանքը նվիրել են Աստծուն և Քրիստոսի հետ երկնային Թագավորության ժառանգները լինելու հեռանկարն ունեն։ Եղբայր Ռասելն ասաց, որ այս անհատները քրիստոնյաներ են, որոնք միավորված են քրիստոնեական սիրո կապով և ունեն ընդհանուր հետաքրքրություններ, ինչպես նաև հետևում են Աստծու ոգու առաջնորդությանը և հնազանդվում են Քրիստոսի գլխավորությանը։ Նա նոր կառույց ստեղծելու նպատակ չուներ և ամենևին չէր ցանկանում որևէ կերպ նպաստել աղանդավորությանը, որն արդեն իսկ գոյություն ուներ իրենց քրիստոնյա համարող մարդկանց մեջ։
Բայց միևնույն ժամանակ եղբայր Ռասելը քաջ գիտակցում էր, որ շատ կարևոր է, որ Տիրոջ ծառաները միասին հավաքվեն՝ հետևելով Եբրայեցիներ 10։23–25-ում գրված հորդորին։ Նա անձամբ այցելում էր տարբեր վայրեր, որպեսզի քաջալերեր «Դիտարանի» ընթերցողներին և օգներ միևնույն տարածքում ապրողներին միավորվելու իրենց համախոհների հետ։ 1881-ի սկզբներին եղբայր Ռասելը խնդրեց, որ նրանք, ովքեր կանոնավորաբար հանդիպումներ են անցկացնում, «Դիտարանի» գրասենյակին տեղեկացնեն, թե որտեղ են անցկացվում դրանք։ Նա հասկանում էր, որ շատ կարևոր է միմյանց հետ կապ պահել։
Սակայն եղբայր Ռասելն ընդգծում էր, որ իրենք չեն փորձում ստեղծել ինչ-որ «երկրային կազմակերպություն»։ Նա ասաց. «Մենք հավատարիմ ենք միայն այն երկնային կազմակերպությանը, որի անդամների «անունները գրված են երկնքում» (Եբր. 12։23; Ղուկ. 10։20)»։ Քրիստոնեական աշխարհի արատավոր համբավի պատճառով «եկեղեցական կազմակերպություն» ասելիս մարդիկ հասկանում էին աղանդավորություն, հոգևորականների իշխանություն և որևէ կրոնական խորհրդի կողմից հաստատված դավանանքի հարող մարդկանց խումբ։ Ուստի եղբայր Ռասելը համարում էր, որ իրենց մասին խոսելիս ավելի լավ է օգտագործել «միություն» բառը։
Նա քաջատեղյակ էր, որ Քրիստոսի առաքյալները ժողովներ էին հիմնել և նրանցից յուրաքանչյուրում նշանակել էին երեցներ։ Բայց համոզված էր, որ Քրիստոսը այժմ էլ ներկա է, թեև անտեսանելի ձևով, և անձամբ է ղեկավարում վերջնական հունձը, որի ժամանակ հավաքվում են նրանք, ովքեր նրա ժառանգակիցներն են լինելու։ Հաշվի առնելով հանգամանքները՝ եղբայր Ռասելը սկզբում մտածում էր, որ կարիք չկա հնձի ժամանակ ժողովներում երեցներ նշանակել, ինչպես որ առաջին դարում էր արվում։
Սակայն քանի որ Աստվածաշունչ ուսումնասիրողների թիվը գնալով ավելանում էր, եղբայր Ռասելը հասկացավ, որ Տերը առաջնորդում է դեպքերը ոչ այնպես, ինչպես ինքն էր ակնկալում։ Հարկավոր էր, որ նա փոփոխություն մտցներ իր մտածելակերպի մեջ։ Բայց ի՞նչ հիմքեր կային դրա համար։
Հոգում են մեծացող միության կարիքները
«Դիտարանի» 1895-ի նոյեմբերի 15-ի թողարկումը գրեթե ամբողջությամբ նվիրված էր «Պարկեշտություն և կարգուկանոն» թեմային։ Եղբայր Ռասելն անկեղծորեն նշեց. «Առաքյալները վաղ շրջանի Եկեղեցուն շատ խորհուրդներ են տվել սրբերի ժողովներում կարգուկանոն պահելու մասին։ Ակներևաբար, մենք բավականաչափ ուշադրություն չենք դարձրել այդ իմաստուն խորհուրդներին՝ կարծելով, որ դրանք այդքան էլ կարևոր չեն, քանի որ Եկեղեցին շուտով ավարտելու է իր ընթացքը, և քանի որ հունձը մարդկանց իրարից զատելու ժամանակն է»։ Իսկ ի՞նչը մղեց նրանց նորովի քննել այդ խորհուրդները։
Հոդվածում նշվում էր չորս հանգամանք՝ 1) ակնհայտ էր, որ մարդկանց հոգևոր առաջադիմությունը տարբեր կերպերով էր ընթանում։ Բոլորը նույն չափով չէին պատրաստված բազում գայթակղություններ, փորձություններ, դժվարություններ ու վտանգներ դիմագրավելու համար։ Ուստի իմաստուն, խոհեմ, փորձառու և հմուտ վերակացուների կարիք կար, որոնք խորապես հետաքրքրված կլինեին բոլորի հոգևոր բարօրությամբ և կկարողանային կրթել նրանց ճշմարտության մեջ։ 2) Նկատվել էր, որ կարիք կար պաշտպանելու հոտը «ոչխարի հանդերձներով» «գայլերից» (Մատթ. 7։15)։ Անհրաժեշտ էր զորացնել հոտի անդամներին՝ օգնելով ճշմարտության մասին խորը գիտելիքներ ձեռք բերել։ 3) Փորձը ցույց էր տվել, որ եթե երեցներ նշանակելու կարգ չլիներ հոտը պաշտպանելու համար, ապա ոմանք իրենց նախաձեռնությամբ կզբաղեցնեին այդ դիրքը և հոտին կվերաբերվեին որպես իրենց սեփականություն։ 4) Կարգուկանոն չլինելու դեպքում ճշմարտությանը հավատարիմ անհատները թերևս մտածեին, որ իրենց ծառայությունը զուր է, քանի որ ժողովում գուցե սկսեին ազդեցություն բանեցնել այն մարդիկ, ովքեր իրենց հետ տարակարծիք էին։
Հաշվի առնելով այս ամենը՝ «Դիտարանը» նշեց. «Մենք վճռականորեն հորդորում ենք բոլոր Եկեղեցիներինc՝ մեծ թե փոքր, որ հետևելով առաքյալների խորհրդին՝ յուրաքանչյուր ժողովում երեցներ ընտրեն, որպեսզի նրանք վերակացություն ստանձնեն և հովվեն հոտը» (Գործ. 14։21–23; 20։17, 28)։ Բոլոր ժողովները հետևեցին սուրբգրային այս ողջամիտ խորհրդին։ Սա կարևոր քայլ էր այնպիսի կառույց ձևավորելու հարցում, որը կհամապատասխաներ առաքյալների օրերի ժողովի կառույցին։
Սակայն այն ժամանակվա հասկացողությանը ներդաշնակ՝ երեցներն ու նրանց օգնող սարկավագներն ընտրվում էին քվեարկությամբ, որը կատարվում էր ժողովի կողմից։ Ամեն տարի, իսկ անհրաժեշտության դեպքում ավելի հաճախ, քննում էին այն անհատների որակները, ովքեր կարող էին ծառայել որպես երեց ու սարկավագ, և անցկացնում էին քվեարկություն։ Հիմնականում դա կատարվում էր ժողովրդավարական մեթոդով, սակայն կային որոշակի սահմանափակումներ, որոնք պաշտպանիչ դեր էին կատարում։ Ժողովի բոլոր անդամներին հորդոր էր տրվում մանրամասնորեն քննել աստվածաշնչյան պահանջները և քվեարկության ժամանակ արտահայտել ոչ թե իրենց անձնական կարծիքը, այլ այն, ինչը ըստ իրենց՝ Տիրոջ կամքն է։ Քանի որ քվեարկելու իրավունք ունեին միայն նրանք, ովքեր «լիովին նվիրված» էին, ապա քվեարկության վերջնական արդյունքը դիտվում էր որպես Տիրոջ կամքի արտացոլում, եթե այն անցկացվում էր Աստծու Խոսքի և նրա ոգու առաջնորդության համաձայն։ Եղբայր Ռասելը թերևս լիովին չէր գիտակցում դա, սակայն ընտրության համար այդպիսի կարգ հաստատելու նրա առաջարկի պատճառը ոչ միայն այն էր, որ նա դեմ էր որևիցե գերակա հոգևորական դասի ձևավորմանը, այլև այն, որ նա պատանեկան տարիներին եղել էր կոնգրեգացիոնալ եկեղեցու անդամ։
«Հազարամյակի արշալույս» ժողովածուի հատորներից մեկում, որի վերնագիրն էր՝ «Նոր ստեղծագործություն» (հրատարակվել է 1904-ին), կրկին մանրամասնորեն քննարկվեց երեցների դերը, նաև այն, թե ինչպես պետք է ընտրվեին նրանք, և հատուկ ուշադրություն դարձվեց Գործեր 14։23 համարին։ Ջեյմս Սթրոնգի և Ռոբերտ Յանգի կազմած համաբարբառներից մեջբերումներ արվեցին՝ օգտագործելով դրանք որպես հիմք այն տեսակետի համար, որ «նրանք երեցներ նշանակեցին» արտահայտությունը պետք է թարգմանվեր «նրանք ընտրեցին երեցներ՝ ձեռքերը բարձրացնելով»d։ Աստվածաշնչի որոշ թարգմանություններում նույնիսկ ասվում է, որ երեցները «նշանակվեցին քվեարկությամբ» (Literal Translation of the Holy Bible, Յանգ, Emphasised Bible, Ռոդերհամ)։ Բայց ո՞վ էր մասնակցելու այդ քվեարկությանը։
Այն կարգը, ըստ որի՝ քվեարկությանը պետք է մասնակցեր ողջ ժողովը, միշտ չէ, որ ցանկալի արդյունքներ էր բերում։ Քվեարկողները պետք է լինեին «լիովին նվիրված» մարդիկ։ Ճիշտ է, ընտրվողներից ոմանք իսկապես համապատասխանում էին սուրբգրային պահանջներին ու խոնարհաբար ծառայում էին իրենց եղբայրներին։ Սակայն քվեարկողները հաճախ ավելի շատ առաջնորդվում էին անձնական կարծիքով, քան Աստծու Խոսքով և ոգով։ Օրինակ՝ Հալլեում (Գերմանիա) ոմանք ակնկալում էին, որ կընտրվեն որպես երեցներ, բայց երբ չընտրվեցին, սկսեցին պառակտումներ մտցնել ժողովում։ Իսկ Գերմանիայի Բարմեն քաղաքում 1927-ին թեկնածունների թվում կային անհատներ, ովքեր հակառակվում էին Ընկերության գործունեությանը, և քվեարկության ժամանակ մեծ աղմուկ բարձրացավ։ Ուստի անհրաժեշտ եղավ գաղտնի քվեարկություն անցկացնել։
Այս դեպքերից դեռևս տարիներ առաջ՝ 1916-ին, եղբայր Ռասելը, խորապես մտահոգված, գրեց. «Որոշ խմբակներում սարսափելի իրավիճակ է տիրում ընտրության ժամանակ։ Եկեղեցու ծառայողները ձգտում են լինել ղեկավարներ, բռնակալներ, և երբեմն որպես այդ հանդիպումների նախագահողներ՝ նույնիսկ բացահայտորեն նպատակ են հետապնդում, որ իրենք և իրենց ընկերները ընտրվեն որպես երեցներ ու սարկավագներ.... Ոմանք աննկատ փորձում են խմբակին օգտագործել ի շահ իրենց՝ քվեարկությունն անցկացնելով այնպիսի ժամանակ, որը բարենպաստ է հատկապես իրենց և իրենց ընկերների համար։ Մյուսներն էլ փորձում են այդ հանդիպմանը բերել իրենց ընկերներին՝ գրեթե անծանոթ մարդկանց, որոնք խմբակի հանդիպումներին կանոնավորաբար հաճախելու նպատակ չունեն, այլ գալիս են պարզապես իրենց ընկերների օգտին քվեարկելու համար»։
Արդյո՞ք անհրաժեշտ էր, որ Աստվածաշունչ ուսումնասիրողները պարզապես սովորեին այնպես անցկացնել ընտրությունները, որ դրանք ավելի համապատասխան լինեին ժողովրդավարական սկզբունքներին, թե՞ կարիք կար, որ ավելի խորությամբ հասկանային աստվածաշնչյան որոշ մտքեր։
Կազմակերպում են բարի լուրի քարոզչությունը
Դեռևս սկզբնական տարիներին եղբայր Ռասելը գիտակցում էր, որ քրիստոնեական ժողովի յուրաքանչյուր անդամի ամենակարևոր պատասխանատվություններից մեկը բարի լուրը քարոզելն է (1 Պետ. 2։9)։ «Դիտարան» պարբերագրում բացատրվում էր, որ Եսայիա 61։1-ում գրված մարգարեական խոսքերը՝ «Եհովան օծել է ինձ, որ.... բարի լուր հայտնեմ», չէին վերաբերում միայն Հիսուսին, որը մեջբերեց հենց այդ խոսքերը՝ ասելով. «Նա օծեց ինձ, որ.... բարի լուր հռչակեմ» (Ղուկ. 4։18)։ Դրանք վերաբերում էին նաև Հիսուսի՝ ոգով օծված բոլոր հետևորդներին։
1881-ին «Դիտարանում» տպագրվեց մի հոդված՝ «Պահանջվում է 1000 քարոզիչ» վերնագրով։ Հոդվածը հորդորում էր ժողովի բոլոր անդամներին, որ Աստվածաշնչի ճշմարտությունը մարդկանց պատմելու գործին տրամադրեին այնքան ժամանակ, որքան կարող էին (կես ժամ, մեկ ժամ, երկու կամ երեք ժամ)։ Կոչ էր արվում, որ այն տղամարդիկ և կանայք, որոնք չունեին ընտանիք, որի մասին պետք է հոգ տանեին, և որոնք կարող էին իրենց ժամանակի կեսը կամ ավելին տրամադրել միայն Տիրոջ գործին, սկսեին ծառայել որպես գրքեր տարածող։ Այդ ծառայողների թիվը տարուց տարի զգալիորեն փոխվում էր, և 1885-ին արդեն կային մոտ 300 գրքեր տարածողներ։ Ուրիշներն էլ էին մասնակցում այդ գործին, բայց ավելի քիչ ժամանակով։ Գրքեր տարածողներին խորհուրդներ էին տրվում, թե ինչպես կատարեն իրենց հանձնարարված գործը։ Սակայն քարոզչության տարածքը շատ մեծ էր, և սկզբում գրքեր տարածողներն իրենք էին ընտրում, թե որտեղ քարոզեն, և մի վայրից մյուս վայր տեղափոխվում էին հիմնականում այն դեպքում, երբ դա, ըստ իրենց, արդյունավետ էր։ Իսկ երբ հանդիպում էին համաժողովների ժամանակ, անհրաժեշտության դեպքում փոփոխություններ էին անում իրենց ջանքերը կոորդինացնելու համար։
Այդ տարի, երբ սկսվեց գրքեր տարածելու ծառայությունը, եղբայր Ռասելի նախաձեռնությամբ տպագրվեցին մի շարք թերթիկներ (կամ գրքույկներ) անվճար տարածելու համար։ Առանձնահատուկ էր «Սնունդ՝ խորհրդածող քրիստոնյաների համար» հրատարակությունը, որը առաջին չորս ամիսների ընթացքում տարածվեց 1200000 օրինակով։ Այն տպագրելու և տարածելու գործը հարկ եղած ձևով կազմակերպելու համար անհրաժեշտ եղավ հիմնել «Սիոնի Դիտարանի և թերթիկի ընկերությունը»։ Եղբայր Ռասելը Ընկերությունը պետականորեն գրանցելու դիմում ներկայացրեց, որպեսզի գործը կանգ չառնի իր մահից հետո և ավելի հեշտ լինի նվիրաբերությունները օգտագործել այդ գործում։ Ընկերությունը պետականորեն գրանցվեց 1884-ի դեկտեմբերի 15-ին։ Այդպիսով՝ ստեղծվեց իրավաբանական միավորում, որի կարիքը կար այն ժամանակ։
Շուտով անհրաժեշտ եղավ «Դիտարան ընկերության» մասնաճյուղեր հիմնել նաև այլ երկրներում։ Առաջինը բացվեց 1900թ. ապրիլի 23-ին Լոնդոնում (Անգլիա)։ Իսկ 1902-ին մասնաճյուղ բացվեց Գերմանիայի Էլբերֆելդ քաղաքում։ Երկու տարի անց հեռավոր Ավստրալիայի Մելբուրն քաղաքում նույնպես մասնաճյուղ հիմնվեց։ Այս գիրքը գրելու ժամանակ ամբողջ աշխարհում գործում էր 99 մասնաճյուղ։
Թեև արդեն աշխատանքներ էին տարվում աստվածաշնչյան գրականությունը կազմակերպված ձևով ժողովներ հասցնելու համար, սակայն սկզբում յուրաքանչյուր ժողով ինքնուրույն էր որոշում, թե ինչպես տարածի գրականությունը։ 1900-ի մարտի 16-ով թվագրված մի նամակում՝ ուղղված «Ալեքսանդր Մ. Գրեհեմին և Բոստոնի (Մասաչուսեթս) Եկեղեցուն», եղբայր Ռասելը արտահայտեց իր տեսակետը այդ հարցի վերաբերյալ։ Այդ նամակում ասվում էր. «Ինչպես դուք բոլորդ գիտեք, իմ տեսակետն այն է, որ պետք է թույլ տալ, որ Տիրոջ ժողովրդի յուրաքանչյուր միավորում ինքնուրույն ղեկավարի իր գործերը։ Առաջարկներ անելիս ես չեմ միջամտում նրանց գործերին, այլ պարզապես խորհուրդ եմ տալիս»։ Դա վերաբերում էր ոչ միայն հանդիպումներին, այլ նաև ծառայության մեթոդներին։ Ուստի եղբայրներին որոշ գործնական խորհուրդներ տալուց հետո նա եզրափակեց իր նամակը հետևյալ խոսքերով. «Սա պարզապես առաջարկ է»։
Որոշ գործերի համար Ընկերության կողմից ավելի հստակ առաջնորդության կարիք էր զգացվում։ «Արարչության լուսադրամայի» պարագայում յուրաքանչյուր ժողով ինքնուրույն էր որոշում, թե արդյոք ցանկանում է կամ կարող է վարձել թատրոնի շենք կամ մեկ այլ շինություն՝ դրաման տվյալ վայրում ցուցադրելու համար։ Քանի որ անհրաժեշտ էր սարքավորումները մի քաղաքից մյուսը տեղափոխել և հետևել սահմանված գրաֆիկին, Ընկերությունը կազմակերպված առաջնորդություն էր տալիս այդ հարցում։ Խորհուրդ էր տրվում, որ յուրաքանչյուր ժողով ունենա դրամայի կոմիտե՝ տվյալ վայրում ցուցադրումը կազմակերպելու համար։ Բացի այդ, Ընկերության կողմից ուղարկվում էր վերակացու, որն ուշադրությամբ հետևում էր, որ ամեն բան հարթ ընթանա։
Անցավ 1914 թվականը, ապա 1915 թվականը, իսկ ոգով օծված քրիստոնյաները դեռ անհամբերությամբ սպասում էին իրենց երկնային վարձատրությանը։ Միևնույն ժամանակ նրանց հորդոր էր տրվում զբաղված մնալ Տիրոջ ծառայության մեջ։ Թեև նրանք կարծում էին, որ իրենց շատ քիչ ժամանակ էր մնացել երկրի վրա ապրելու, այդուհանդերձ, ինչպես շուտով պարզ դարձավ, կազմակերպված ձևով բարի լուրը քարոզելու համար նրանք ավելի շատ առաջնորդության կարիք ունեին, քան այն ժամանակ, երբ ընդամենը մի քանի հարյուր հոգի էին։ Այն բանից հետո, երբ Ջ. Ֆ. Ռադերֆորդը դարձավ «Դիտարան ընկերության» երկրորդ նախագահը, շուտով նոր առաջնորդություն տրվեց։ «Դիտարանի» 1917-ի մարտի 1-ի թողարկման մեջ հայտարարվեց, որ այդուհետ բոլոր տարածքները, որոնք մշակում էին գրքեր տարածողները և հովվական աշխատանք կատարողներըe, նշանակվելու էին Ընկերության գրասենյակի կողմից։ Եթե որևէ քաղաքում կամ շրջանում քարոզչությանը մասնակցում էին և՛ տեղի քարոզիչները, և՛ գրքեր տարածողները, ապա տվյալ վայրում նշանակված մարզային կոմիտեն տարածքը բաժանում էր նրանց միջև։ Այս միջոցառման շնորհիվ 1917–1918թթ.-ին ընդամենը մի քանի ամիսների ընթացքում «Գաղտնիքը բացահայտված է» գիրքը տարածվեց չափազանց մեծ քանակով։ Նաև մեծ արագությամբ տարածվեց «Բաբելոնի անկումը» վերնագրով թերթիկի 10000000 օրինակ, որում ազդեցիկ կերպով քողազերծվում էր քրիստոնեական աշխարհը։
Դրանից կարճ ժամանակ անց Ընկերության վարչության անդամները ձերբակալվեցին և 1918-ի հունիսի 21-ին դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։ Բարի լուրի քարոզչությունը գրեթե կանգ առավ։ Արդյոք եկե՞լ էր ժամանակը, որ նրանք վերջապես միանային Տիրոջը՝ ստանալով իրենց երկնային փառքը։
Մի քանի ամսից պատերազմն ավարտվեց։ Հաջորդ տարի Ընկերության ղեկավարները ազատ արձակվեցին։ Նրանք դեռ երկրի վրա էին։ Ու թեև այլ սպասելիքներ ունեին, բայց եզրակացրին, որ դեռ կան գործեր, որոնք Աստված ցանկանում է, որ անեն երկրի վրա։
Նրանք նոր էին անցել հավատի ծանր փորձությունների միջով։ Սակայն 1919-ին «Դիտարան» պարբերագրում տպագրվեցին ուսումնասիրության տպավորիչ հոդվածներ՝ «Օրհնյալ են անվախները» վերնագրով, որոնք անչափ զորացրին նրանց։ Դրանց հաջորդեց մեկ ուրիշ հոդված՝ «Ծառայության հնարավորություններ» վերնագրով։ Բայց եղբայրները չէին պատկերացնում, թե ինչ մեծ փոփոխություններ էին տեղի ունենալու կազմակերպության կառույցի մեջ գալիք տասնամյակների ընթացքում։
Լավ օրինակ հոտի համար
Եղբայր Ռադերֆորդը հասկանում էր, որ գործը միասնաբար և կազմակերպված ձևով շարունակելու համար անչափ կարևոր է լավ օրինակ լինել հոտի համար, որքան էլ կարճ լինի ժամանակը։ Հիսուսն իր հետևորդներին համեմատեց ոչխարների հետ, իսկ, ինչպես հայտնի է, ոչխարները հետևում են իրենց հովվին։ Իհարկե, Բարի Հովիվը Հիսուսն է, սակայն իր ժողովրդին հովվելու հարցում նրան օգնում են երեցները (1 Պետ. 5։1–3)։ Երեցները և՛ անձամբ պետք է մասնակցեն Հիսուսի հանձնարարած գործին, և՛ պետք է քաջալերեն մյուսներին նույնը անել։ Նրանք պետք է ավետարանչի եռանդուն ոգի դրսևորեն։ Սակայն «Գաղտնիքը բացահայտված է» գիրքը տարածելու ընթացքում որոշ երեցներ չէին մասնակցում այդ գործին, իսկ ոմանք նույնիսկ բացահայտորեն կոչ էին անում մյուսներին չքարոզել։
Այդ հարցը լուծելու համար շատ կարևոր քայլ ձեռնարկվեց 1919-ին, երբ սկսեց թողարկվել «Ոսկե դար» պարբերագիրը։ Այն լինելու էր հզոր գործիք, որի միջոցով հռչակվելու էր Աստծու Թագավորությունը, որը վերջնականապես լուծելու է մարդկության խնդիրները։ Յուրաքանչյուր ժողով, որ ցանկանում էր մասնակցել այդ գործին, կարող էր դիմել Ընկերությանը, որ վերջինս գրանցեր այդ ժողովին որպես «ծառայողների կազմակերպություն»։ Այնուհետև Ընկերության կողմից նշանակվում էր մի ղեկավար կամ ինչպես նրան սկսեցին անվանել, ծառայողական ղեկավար, որը չէր ընտրվում ժողովի տարեկան ընտրությունների ժամանակf։ Լինելով Ընկերության ներկայացուցիչը տեղի ժողովում՝ նա պետք է կազմակերպեր քարոզչական գործը, նշանակեր տարածքները և հորդորեր ժողովի անդամներին մասնակցելու քարոզչական ծառայությանը։ Այդպիսով՝ երեցներին ու սարկավագներին ժողովրդավարական կարգով ընտրելուն զուգահեռ՝ սկսեց գործել մեկ այլ կազմակերպչական կարգ, ըստ որի՝ նշանակումը կատարվում էր ոչ թե տեղի ժողովի կողմից, այլ Ընկերության, ինչպես նաև ավելի մեծ շեշտ էր դրվում Աստծու Թագավորության բարի լուրը քարոզելու գործի վրաg։
Հետագա տարիներին Թագավորության քարոզչության գործը մեծ թափ առավ, ասես անհաղթելի մի ուժ առաջ էր մղում այն։ 1914 թվականի և հաջորդ տարիների իրադարձությունները ակնհայտորեն ցույց էին տալիս, որ հին համակարգի կործանման մասին Տեր Հիսուս Քրիստոսի մեծ մարգարեությունը սկսել էր կատարվել։ Այս ամենի լույսի ներքո 1920թ.-ին «Դիտարանում» նշվեց, որ Մատթեոս 24։14-ում արձանագրված մարգարեության համաձայն՝ եկել է ժամանակը հռչակելու բարի լուրն այն մասին, որ «հին համակարգը կործանվելու է և հաստատվելու է Մեսիայի թագավորությունը»h (Մատթ. 24։3–14)։ 1922-ին Սիդար Փոյնթում (Օհայո) Աստվածաշունչ ուսումնասիրողների կողմից անցկացված համաժողովից հետո պատվիրակների ականջներում դեռ երկար ժամանակ հնչում էր հետևյալ կոչը՝ «հռչակե՛ք, հռչակե՛ք, հռչակե՛ք Թագավորին ու նրա թագավորությունը»։ Ճշմարիտ քրիստոնյաների դերը ավելի հստակ ընդգծվեց 1931-ին, երբ նրանք ընդունեցին Եհովայի վկաներ անունը։
Հստակ դարձավ, որ Եհովան իր ծառաներին հանձնարարել է մի գործ, որին կարող էր մասնակցել նրանցից յուրաքանչյուրը։ Շատերը խանդավառությամբ արձագանքեցին և մեծ փոփոխություններ արեցին իրենց կյանքում, որպեսզի իրենց ժամանակը լիարժեքորեն նվիրեն այդ գործին։ Նույնիսկ նրանք, ովքեր չէին կարողանում այդքան շատ ժամանակ տրամադրել, շաբաթ-կիրակի օրերին ամբողջ օրն էին ծառայում։ Արձագանքելով «Դիտարանի» և «Տեղեկատուի» 1938 և 1939 թվականների թողարկումներում տրված հորդորին՝ Եհովայի վկաներից շատերը ջանում էին ամեն ամիս քարոզչական ծառայությանը տրամադրել 60 ժամ։
Այդ եռանդուն Վկաների թվում էին բազմաթիվ խոնարհ ու Եհովային նվիրվածությամբ ծառայող երեցներ։ Սակայն 1920-ականներին և 1930-ականների սկզբներին որոշ վայրերում զգալի թվով անհատներ հակառակվում էին այն տեսակետին, որ բոլորը պետք է մասնակցեն քարոզչական ծառայությանը։ Ժողովրդավարական մեթոդով ընտրված երեցները հաճախ բացահայտորեն իրենց անհամաձայնությունն էին արտահայտում այն մտքերի վերաբերյալ, որ նշվում էին «Դիտարանում» մարդկանց քարոզելու պատասխանատվության մասին։ Մերժելով լսել այն ամենը, որ Աստծու ոգին Աստվածաշնչի միջոցով հայտնում էր ժողովներին տվյալ հարցի վերաբերյալ՝ նրանք թույլ չէին տալիս, որ սուրբ ոգին գործի այդ խմբերում (Հայտն. 2։5, 7)։
1932-ին քայլեր ձեռնարկվեցին այդ հարցը լուծելու համար։ Եղբայրների հիմնական մտահոգությունը այն չէր, որ հեղինակություն ունեցող որոշ երեցներ գուցե վիրավորվեն կամ ժողովի որոշ անդամներ գուցե հեռանան։ Նրանք առաջին հերթին ցանկանում էին հաճեցնել Եհովային և կատարել նրա կամքը։ Այդ նպատակով «Դիտարանի» օգոստոսի 15-ի և սեպտեմբերի 1-ի համարներում տպագրվեցին հոդվածներ՝ «Եհովայի կազմակերպությունը» վերնագրով։
Այդ հոդվածները հստակորեն ցույց էին տալիս, որ բոլոր նրանք, ովքեր իսկապես Եհովայի կազմակերպության մասն են կազմում, անելու են այն գործը, որն ըստ Աստծու Խոսքի՝ պետք է կատարվի այս ժամանակաշրջանում։ Դրանք նաև թիկունք էին կանգնում այն տեսակետին, որ քրիստոնյա երեց լինելը ոչ թե պաշտոն է, որի համար ընտրվում է անհատը, այլ այնպիսի պատասխանատվություն է, որին հնարավոր էր հասնել՝ հոգևորապես աճելով։ Նաև հատուկ ուշադրություն էր դարձվում Հիսուսի աղոթքին, որում նա խնդրում էր, որ իր հետևորդները «բոլորը մի լինեն», այսինքն՝ միության մեջ լինեն Աստծու և Քրիստոսի հետ և այդպիսով միության մեջ լինեն միմյանց հետ Աստծու կամքը կատարելու հարցում (Հովհ. 17։21)։ Ի՞նչ էր լինելու արդյունքում։ Երկրորդ հոդվածում ասվում էր, որ «մնացորդի յուրաքանչյուր անդամ պետք է վկայություն տա Եհովա Աստծու անվան և թագավորության մասին»։ Վերակացությունը չպետք է վստահվեր նրանց, ովքեր չէին մասնակցում կամ հրաժարվում էին իրենց հնարավորության սահմաններում մասնակցել վկայության գործին։
Այդ հոդվածները ուսումնասիրելուց հետո ժողովներին առաջարկվեց ընդունել բանաձև, որով նրանք ցույց կտային իրենց համաձայնությունը քննարկված մտքերին։ Այդպիսով՝ ժողովում երեցներ և սարկավագներ ընտրելու կարգը դադարեց գործելուց, ինչը մինչ այդ արվում էր ամեն տարի։ Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում, ինչպեսև այլ վայրերում նախկինում «ընտրված երեցներից» ոմանք հեռացան. նրանց հետ հեռացան նաև որոշ մարդիկ, ովքեր նույն տեսակետն ունեին։ Հետևանքը եղավ այն, որ նվազեց ժողովների անդամների թիվը, բայց կազմակերպությունը ընդհանուր առմամբ ամրացավ։ Մնացին նրանք, ովքեր պատրաստ էին կրել վկայություն տալու քրիստոնեական պարտականությունը։ Ընտրության միջոցով երեցներ նշանակելու փոխարեն՝ ժողովը, շարունակելով կիրառել ժողովրդավարական մեթոդներ, ընտրում էր ծառայողական կոմիտեi, որը բաղկացած էր հոգևորապես հասուն տղամարդկանցից, ովքեր ակտիվորեն մասնակցում էին հանրորեն վկայություն տալու գործին։ Ժողովի անդամները նաև ընտրում էին իրենց հանդիպումների համար նախագահող, ինչպես նաև քարտուղար և գանձապահ։ Բոլոր ընտրվածները եռանդուն քարոզիչներ էին։
Այժմ ժողովի վերակացությունը վստահվում էր այնպիսի եղբայրների, որոնց հետաքրքրում էր ոչ թե իրենց դիրքը, այլ Աստծու գործը կատարելը՝ նրա անվան և Թագավորության մասին վկայելը։ Այդ եղբայրները լավ օրինակ էին ժողովի համար ծառայությանը մասնակցելու հարցում։ Դրա շնորհիվ Թագավորության գործը ավելի հաջող էր ընթանում։ Այդ ժամանակ Եհովայի վկաները չէին պատկերացնում, որ դեռ շատ գործ կա անելու, որ ավելի լայնածավալ վկայություն պետք է տրվի, քան մինչ այդ տրվել էր, որ հավաքվելու էին ավելի մեծ թվով մարդիկ, քան իրենք ակնկալում էին (Ես. 55։5)։ Եհովան ակներևաբար նախապատրաստում էր նրանց այդ գործի համար։
Եհովայի վկաների հետ աստիճանաբար սկսեցին համագործակցել քիչ թվով անհատներ, ովքեր երկրի վրա հավիտյան ապրելու հույս ունեինj։ Սակայն Աստվածաշունչը կանխագուշակել էր, որ հավաքվելու էր մի մեծ բազմություն, որը վերապրելու էր գալիք մեծ նեղությունից (Հայտն. 7։9–14)։ 1935-ին պարզ դարձավ, թե ովքեր են մեծ բազմության անդամները։ 1930-ականներին վերակացուներ ընտրելու հարցում տեղի ունեցած փոփոխությունների շնորհիվ կազմակերպությունն արդեն կարող էր ավելի լավ կատարել մեծ բազմության անդամներին հավաքելու, ուսուցանելու և մարզելու գործը։
Եհովայի վկաների մեծամասնությունն ուրախ էր, որ Թագավորության գործն ընդլայնվելու էր։ Նրանք սկսեցին ավելի մեծ կարևորություն տալ քարոզչական ծառայությանը։ Սակայն ոմանք չէին ցանկանում քարոզել։ Նրանք չէին մասնակցում քարոզչությանը և փորձում էին արդարանալ՝ պնդելով, որ մեծ բազմությունը հավաքվելու էր միայն Արմագեդոն պատերազմից հետո։ Սակայն Վկաների մեծամասնության համար այդ գործին մասնակցելը հիանալի հնարավորություն էր ցույց տալու իրենց նվիրվածությունը Եհովայի հանդեպ և սերը դրացու նկատմամբ։
Ի՞նչ տեղ էին զբաղեցնելու մեծ բազմության անդամները կազմակերպության կառույցում։ Նրանց ցույց տրվեց, թե ըստ Աստծու Խոսքի՝ ինչ դեր է կատարելու ոգով օծված քրիստոնյաների «փոքր հոտը»։ Եվ մեծ բազմության անդամները սկսեցին ուրախությամբ համագործակցել փոքր հոտի հետ (Ղուկ. 12։32–44)։ Նրանք նաև հասկացան, որ օծյալների նման՝ իրենք էլ պետք է բարի լուրը քարոզեն բոլոր մարդկանց (Հայտն. 22։17)։ Քանի որ նրանք ցանկանում էին լինել Աստծու Թագավորության երկրային հպատակները, նրանց կյանքում այդ Թագավորությունը պետք է առաջնային տեղ զբաղեցներ, և նրանք պետք է դրա մասին նախանձախնդրորեն պատմեին ուրիշներին։ Որպեսզի լինեին այն անհատների թվում, ովքեր ըստ Աստվածաշնչի՝ վերապրելու են մեծ նեղությունից և մտնելու են Աստծու նոր աշխարհ, նրանք պետք է շարունակեին բարձր ձայնով բացականչել. «Փրկության համար պարտական ենք մեր Աստծուն, որ նստած է գահին, և Գառանը» (Հայտն. 7։10, 14)։ Երբ մեծ բազմության անդամների թիվը սկսեց աճել և Տիրոջ հանդեպ նրանց նախանձախնդրությունը ակնհայտ դարձավ, 1937-ից սկսած՝ նրանց նույնպես վստահվեց ժողովում վերակացություն անելու պատասխանատվությունը։
Սակայն նրանց հիշեցում տրվեց, որ կազմակերպությունը պատկանում է Եհովային և ոչ թե որևէ մարդու։ Օծյալների մնացորդը և ուրիշ ոչխարներից բաղկացած մեծ բազմությունը միմյանցից բաժանված խմբեր չպետք է լինեին։ Նրանք պետք է միասնաբար ծառայեին Եհովային որպես եղբայրներ և քույրեր։ Հիսուսն ասել էր. «Ես ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որ այս փարախից չեն. նրանց էլ պետք է բերեմ։ Նրանք կլսեն իմ ձայնը և մեկ հոտ կլինեն ու մեկ հովիվ կունենան» (Հովհ. 10։16)։ Այս խոսքերն ակնհայտորեն սկսել էին իրականանալ։
Համեմատաբար կարճ ժամանակահատվածում զարմանալի իրադարձություններ տեղի ունեցան կազմակերպության մեջ։ Իսկ պե՞տք էր արդյոք ավելին անել, որպեսզի ժողովների գործունեությունը ամբողջությամբ համապատասխաներ Եհովայի չափանիշներին, որոնք գրված են նրա ներշնչյալ Խոսքում։
Աստվածապետական կազմակերպություն
«Աստվածապետություն» բառը նշանակում է «կառավարում Աստծու կողմից»։ Արդյո՞ք ժողովները հենց այդպես էին կառավարվում։ Կարելի՞ է ասել, որ կազմակերպության անդամները ոչ միայն երկրպագում էին Եհովային, այլև նրա առաջնորդությունն էին փնտրում ժողովի գործերի առնչությամբ։ Արդյոք ժողովներն ամբողջությամբ համապատասխանո՞ւմ էին այդ գործերի վերաբերյալ Աստծու ներշնչյալ Խոսքում տեղ գտած սկզբունքներին։ «Դիտարանի» 1938թ. հունիսի 1-ի և հունիսի 15-ի համարներում տպագրվեց երկու մասից բաղկացած մի հոդված՝ «Կազմակերպությունը» վերնագրով, որտեղ հստակորեն ասվում էր. «Եհովայի կազմակերպությունը բոլորովին էլ ժողովրդավարական չէ։ Եհովան գերիշխան է, նրա կառավարությունը և կազմակերպությունը բացառապես աստվածապետական են»։ Սակայն այդ ժամանակ Եհովայի վկաների ժողովներում դեռևս ժողովրդավարական մեթոդներ էին կիրառվում հանդիպումները և քարոզչական ծառայությունը վերահսկող եղբայրներին ընտրելու համար։ Հետևաբար, ավելի շատ փոփոխությունների կարիք կար։
Իսկ արդյոք Գործեր 14։23-ը ցույց չէ՞ր տալիս, որ ժողովներում երեցներին պետք է ընտրել՝ «պարզելով ձեռքերը», ինչպես որ արվում է քվեարկության ժամանակ։ «Դիտարանում» տպագրված այդ հոդվածներից առաջինում նշվեց, որ նախկինում այդ համարը սխալ են հասկացել։ Հոդվածներում ցույց տրվեց, որ առաջին դարի քրիստոնյաների ժողովներում վերակացուներ նշանակելիս «ձեռքերը պարզում էին» ոչ թե ժողովի բոլոր անդամները, այլ առաքյալները և նրանց կողմից լիազորված մարդիկ։ Նրանք դա անում էին ոչ թե քվեարկելու նպատակով, այլ իրենց ձեռքերը դնում էին համապատասխան որակներ ունեցող անհատների վրա։ Դրանով նրանք ցույց էին տալիս, որ հաստատում են, հավանություն են տալիս և նշանակում են այդ եղբայրներինk։ Ժամանակ առ ժամանակ վաղ քրիստոնեական ժողովներում առաջադրվում էին համապատասխան որակներ ունեցող եղբայրներ, սակայն նրանց վերջնականապես ընտրում և նշանակում էին առաքյալները, որոնք լիազորված էին անմիջապես Քրիստոսից կողմից, կամ էլ այն եղբայրները, որոնք առաքյալներից էին ստացել այդ լիազորությունը (Գործ. 6։1–6)։ «Դիտարանում» ուշադրություն դարձվեց այն փաստի վրա, որ միայն պատասխանատու եղբայրներին (Տիմոթեոսին և Տիտոսին) ուղղված նամակներում Պողոս առաքյալը սուրբ ոգու առաջնորդությամբ հրահանգներ տվեց վերակացուներ նշանակելու վերաբերյալ (1 Տիմոթ. 3։1–13; 5։22; Տիտոս 1։5)։ Ժողովներին ուղղված որևիցե նամակում այդպիսի հրահանգներ չեն տրվել։
Այդ դեպքում ինչպե՞ս պետք է ծառայության նշանակումները կատարվեին ժողովում։ «Դիտարանում» քննարկվեց, թե ինչ է ասվում Աստվածաշնչում աստվածապետական կազմակերպության կառույցի վերաբերյալ, և նշվեցին հետևյալ մտքերը. Եհովան Հիսուս Քրիստոսին նշանակել է որպես «ժողովի գլուխ». երբ Քրիստոսը որպես Տեր վերադառնա, իր «հավատարիմ և իմաստուն ծառայի» պատասխանատվությանը կհանձնի «իր ողջ ունեցվածքը». այս հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգը կազմված է երկրի վրա ապրող այն բոլոր մարդկանցից, որոնք օծված են սուրբ ոգով, որպեսզի Քրիստոսի ժառանգակիցները լինեն, և որոնք միասնաբար ծառայում են նրա առաջնորդության ներքո. Քրիստոսը այդ ծառա դասակարգի միջոցով հարկ եղած վերահսկողությունը կիրականացնի ժողովներում (Կող. 1։18; Մատթ. 24։45–47; 28։18)։ Այդ ծառա դասակարգը պետք է աղոթքով առաջնորդություն խնդրի և կիրառի Աստծու ներշնչյալ Խոսքում հստակորեն արձանագրված հրահանգները և դրա հիման վրա որոշի, թե ովքեր են համապատասխանում ծառայության մեջ պատասխանատվություններ ստանձնելու պահանջներին։
Քանի որ Քրիստոսի տեսանելի ներկայացուցիչը լինելու էր հավատարիմ և իմաստուն ծառան (իսկ ժամանակակից պատմությունից հայտնի փաստերը ցույց են տալիս, որ «ծառան» օգտագործում է «Դիտարան ընկերությունը» որպես իրավաբանական միավորում), «Դիտարանում» բացատրվեց, որ ըստ աստվածապետական կարգի՝ ծառայության նշանակումները պետք է արվեն այդ ներկայացուցչի միջոցով։ Ինչպես որ առաջին դարի ժողովներն էին հնազանդվում Երուսաղեմում գտնվող կառավարիչ մարմնին, այնպես էլ այսօր ժողովների հոգևոր առաջադիմությունը կախված է կազմակերպված ձևով իրականացվող վերահսկողությունից (Գործ. 15։2–30; 16։4, 5)։
Սակայն այս հարցը ճիշտ հասկանալու համար ընդգծվեց, որ երբ «Դիտարանում» նշվում էր «Ընկերության» մասին, դա չէր վերաբերում միայն իրավաբանական անձին, այլ վերաբերում էր նաև օծյալ քրիստոնյաների խմբին, որի կողմից հիմնվել և օգտագործվում էր այդ միավորումը։ Ուստի «Ընկերություն» բառը վերաբերում էր հավատարիմ և իմաստուն ծառային և նրա Կառավարիչ մարմնին։
Դեռևս մինչև 1938թ., երբ «Դիտարանում» տպագրվեցին «Կազմակերպությունը» վերնագրով հոդվածները, Լոնդոնի, Նյու Յորքի, Չիկագոյի և Լոս Անջելեսի ժողովներն այնքան էին մեծացել, որ կարիք կար դրանք ավելի փոքր խմբերի բաժանելու։ Ուստի այդ ժողովները դիմեցին Ընկերությանը՝ խնդրելով նշանակել իրենց բոլոր ծառայողներին։ «Դիտարանի» 1938-ի հունիսի 15-ի համարում բոլոր ժողովներին կոչ արվեց նույնը անել։ Այդ նպատակով առաջարկվեց ընդունել հետևյալ բանաձևը.
«Մենք՝ Աստծու ծառաների միավորումը, որ ընտրված ենք նրա անվան համար և այժմ գտնվում ենք . . . . . . . . . . . . ընդունում ենք, որ Աստծու կառավարությունը բացառապես աստվածապետական է, որ Հիսուս Քրիստոսը տաճարում է և լիարժեքորեն ղեկավարում ու վերահսկում է Եհովայի տեսանելի և անտեսանելի կազմակերպությունը, և որ «ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ» Տիրոջ տեսանելի ներկայացուցիչն է երկրի վրա, ուստի մենք խնդրում ենք «Ընկերությանը» կազմավորել այս միավորումը ծառայության համար և նշանակել միավորման ծառայողներին, որպեսզի բոլորս կարողանանք ծառայել խաղաղությամբ, արդարությամբ, ներդաշնակությամբ ու լիակատար միասնությամբ։ Բանաձևին կցում ենք այն անհատների անունների ցանկը, որոնք ըստ մեզ՝ ավելի հասուն են, հետևաբար կարող են համապատասխան պատասխանատվություններ ստանձնել ծառայության մեջ»l։
Եհովայի վկաների գրեթե բոլոր ժողովները պատրաստակամորեն ընդունեցին այս նոր կարգը։ Իսկ նրանք, ովքեր չընդունեցին այն, շուտով դադարեցին Թագավորության հռչակման գործին մասնակցելուց և այլևս Եհովայի վկաներ չէին։
Աստվածապետական առաջնորդության օգուտները
Եթե ուսմունքներին, վարքի չափանիշներին, կազմակերպչական կամ քարոզչական գործունեությանը վերաբերող հարցերում որոշումները կայացվեին տեղի ժողովներում, ապա կազմակերպությունը ակներևաբար կարճ ժամանակ անց կկորցներ իր ինքնությունն ու միությունը։ Եղբայրների մեջ հեշտությամբ բաժանումներ կառաջանային՝ ըստ հասարակական, մշակութային և ազգային տարբերությունների։ Մինչդեռ աստվածապետական առաջնորդության շնորհիվ ամբողջ աշխարհի ժողովները հոգևորապես կաճեին՝ առանց որևէ խոչընդոտի։ Այդպիսով նրանց միջև կտիրեր իսկական միասնություն, ինչի մասին աղոթել էր Հիսուսը։ Նաև ամբողջությամբ կկատարվեր քարոզչական գործը, որը նա հանձնարարել էր իր հետևորդներին (Հովհ. 17։20–22)։
Սակայն ոմանք պնդում էին, որ այս կազմակերպչական փոփոխությունների միջոցով Ջ. Ֆ. Ռադերֆորդը պարզապես ձգտում էր ավելի մեծ հսկողություն բանեցնել Վկաների վրա և փորձում էր այդպիսով ամրապնդել իր իշխանությունը։ Արդյոք այդ պնդումները ճի՞շտ էին։ Եղբայր Ռադերֆորդն իսկապես հաստատուն համոզմունքների տեր մարդ էր։ Նա փոխզիջումների չէր գնում և համոզվածությամբ էր խոսում այն հարցերի մասին, որոնք ճիշտ էր համարում։ Նա կարող էր բավականին կտրուկ լինել, երբ նկատում էր, որ ինչ-որ մեկը ավելի շատ մտահոգվում է սեփական անձի մասին, քան Տիրոջ գործի։ Բայց Աստծու առաջ եղբայր Ռադերֆորդը իսկական խոնարհություն էր դրսևորում։ Կարլ Քլեյնը, որը 1974-ին նշանակվեց ծառայելու որպես Կառավարիչ մարմնի անդամ, հետագայում գրեց. «Առավոտյան երկրպագության ժամանակ եղբայր Ռադերֆորդի աղոթքները.... ջերմ զգացումներ էին առաջացնում իմ մեջ նրա հանդեպ։ Թեև նա շատ ազդեցիկ ձայն ուներ, սակայն Աստծուն դիմելիս խոսում էր այնպես, ինչպես փոքրիկ տղան կխոսեր իր հոր հետ։ Դա ցույց էր տալիս, թե որքան մտերիմ փոխհարաբերություններ ուներ նա Եհովայի հետ»։ Եղբայր Ռադերֆորդը հստակ գիտեր, թե որն է Եհովայի տեսանելի կազմակերպությունը, և ջանում էր ամեն բան անել, որ որևէ մարդ կամ խումբ չխանգարի տարբեր վայրերում ծառայող եղբայրներին լիարժեք օգուտներ քաղել այն հոգևոր կերակուրից և առաջնորդությունից, որ Եհովան տալիս է իր ծառաներին։
Թեև եղբայր Ռադերֆորդը 25 տարի ծառայել էր որպես «Դիտարան ընկերության» նախագահ և իր ողջ ուժերը ներդրել էր կազմակերպության գործի առաջխաղացման մեջ, սակայն նա Եհովայի վկաների առաջնորդը չէր և չէր էլ ուզում լինել։ Իր մահից մի քանի ամիս առաջ՝ 1941-ին, Միսուրի նահանգի Սենտ Լուիս քաղաքում անցկացված համաժողովի ժամանակ նա խոսեց այն մասին, թե ով է Վկաների առաջնորդը՝ ասելով. «Ես ցանկանում եմ, որ այստեղ ներկա եղող անծանոթ մարդիկ իմանան և մեկընդմիշտ հիշեն, թե դուք ինչ եք մտածում այն մասին՝ կարող է արդյոք որևէ մարդ լինել ձեր առաջնորդը։ Ամեն անգամ, երբ որևէ գործ է սկսվում, զարգանում և հաջողությամբ առաջ է ընթանում, ասում են, որ դրա հետևում կանգնած է որևէ մարդ, որի առաջնորդությանը հետևում են մեծ թվով անհատներ։ Եթե ներկաների մեջ կա որևէ մեկը, ով մտածում է, թե ես, որ կանգնած եմ այստեղ, Եհովայի վկաների առաջնորդն եմ, ասացեք՝ այո՛»։ Քար լռություն տիրեց լսարանում, և տարբեր տեղերից միայն որոշ ներկաներ հստակորեն ասացին՝ ո՛չ։ Եղբայր Ռադերֆորդը շարունակեց. «Եթե դուք մտածում եք, որ ես պարզապես Տիրոջ ծառաներից մեկն եմ, և մենք ուս ուսի միասնաբար ծառայում ենք Աստծուն և Քրիստոսին, ասացեք՝ այո՛»։ Բոլորը միաձայն բացականչեցին՝ այո՛։ Հաջորդ ամիս Անգլիայում անցկացված մի համաժողովի ժամանակ ներկաները ճիշտ նույն ձևով արձագանքեցին։
Մի շարք վայրերում աստվածապետական կազմակերպության բերած օգուտները շատ արագ երևացին։ Իսկ որոշ տեղերում դրա համար ավելի երկար ժամանակ պահանջվեց։ Նրանք, ովքեր հասուն, խոնարհ ծառայողներ չէին, ժամանակի ընթացքում կորցրին իրենց պատասխանատվությունները, և նրանց փոխարեն ուրիշները նշանակվեցին։
Երբ աստվածապետական կարգը լիարժեքորեն հաստատվեց, Եհովայի վկաները մեծ ուրախություն ապրեցին՝ տեսնելով Եսայիա 60։17-ում արձանագրված խոսքերի կատարումը։ Օգտագործելով փոխաբերական արտահայտություններ՝ Եհովան այդ համարում նկարագրում է այն լավ փոփոխությունները, որ պետք է տեղի ունենային իր ժողովրդի մեջ։ Այնտեղ կարդում ենք. «Պղնձի փոխարեն ոսկի կբերեմ, երկաթի փոխարեն՝ արծաթ, փայտի փոխարեն՝ պղինձ և քարերի փոխարեն՝ երկաթ։ Խաղաղությունը կնշանակեմ որպես քո վերակացու և արդարությունը՝ որպես քո հանձնարարատու»։ Այստեղ նկարագրվում են փոփոխություններ, որոնք ոչ թե մարդիկ էին անելու, այլ Աստված։ Նաև նշվում է, թե ինչ օգուտներ կքաղեն Աստծու ծառաները՝ հետևելով նրա առաջնորդությանը։ Նրանց միջև խաղաղություն կտիրի, և արդարության հանդեպ սերը կմղի նրանց ծառայելու Աստծուն։
Բրազիլիայի մասնաճյուղի վերակացուի կինը՝ Մոդ Յուլին, եղբայր Ռադերֆորդին գրեց. ««Դիտարանի» [1938] հունիսի 1-ի և 15-ի համարներում տպագրված «Կազմակերպությունը» հոդվածները մղեցին ինձ մի քանի տող գրել քեզ՝ Եհովային հավատարիմ ծառայիդ, և արտահայտել իմ երախտագիտությունը Եհովայի հանդեպ այն հրաշալի կարգի համար, որը նա հաստատել է իր տեսանելի կազմակերպության մեջ, և որը նկարագրվում է «Դիտարանի» այս երկու թողարկումներում.... Որքան ուրախալի է տեսնել, որ վերջ դրվեց առանձին վայրերում գոյություն ունեցող ինքնիշխանությանը.... և այլ հակասուրբգրային գործերի, որոնց պատճառով ոմանք որդեգրում էին տվյալ վայրում ընդունված տեսակետները և որոշ մարդկանց դատողությունները՝ փոխանակ լսելու [Եհովա Աստծուն և Հիսուս Քրիստոսին]։ Այդ ամենը նախատինք էր բերում Եհովայի անվանը։ Ճիշտ է, «Ընկերությունը միայն վերջերս է սկսել շեշտ դնել այն բանի վրա, որ կազմակերպության բոլոր անդամները «ծառայողներ» են, սակայն ես նկատել եմ, որ դու մինչ այդ էլ տարիներ շարունակ եղբայրներին ուղղված նամակներում քո մասին գրել ես՝ «ձեր եղբայր և ծառա՝ Աստծու շնորհով»»։
Այդ կազմակերպչական փոփոխությունների վերաբերյալ Բրիտանական կղզիների մասնաճյուղը գրեց. «Այս փոփոխությունների բերած արդյունքները ապշեցուցիչ էին։ «Եսայիա» գրքի վաթսուներորդ գլխում մարգարեական և բանաստեղծական լեզվով նկարագրվում են այդ փոփոխությունները, և այդ նկարագրության մեջ չափազանցություն չկա։ Ճշմարտության մեջ քայլող յուրաքանչյուր անհատ այդ մասին էր խոսում։ Դա բոլոր զրույցների գլխավոր թեման էր։ Բոլորը ոգևորված էին՝ պատրաստ շարունակելու իրենց նպատակասլաց պայքարը։ Մինչ աշխարհում իրավիճակը գնալով թեժանում էր, աստվածապետական կառույցի շնորհիվ Եհովայի ծառաները մեծ ուրախություն էին վայելում»։
Շրջագայող վերակացուները զորացնում են ժողովները
Կազմակերպության միասնությունն ավելի էր ամրապնդվում շրջագայող վերակացուների ծառայության շնորհիվ։ Առաջին դարում Պողոս առաքյալը շատ ժամանակ էր անցկացնում այդ գործունեության մեջ։ Ժամանակ առ ժամանակ այդ գործին մասնակցում էին նաև ուրիշները, օրինակ՝ Բառնաբասը, Տիմոթեոսը և Տիտոսը (Գործ. 15։36; Փիլիպ. 2։19, 20; Տիտոս 1։4, 5)։ Բոլորն էլ եռանդուն քարոզիչներ էին։ Բացի այդ, նրանք քաջալերում էին ժողովներին իրենց ելույթներով։ Իսկ երբ ծագում էին խնդիրներ, որոնք կարող էին խաթարել ժողովի միասնությունը, դրանք ներկայացվում էին կառավարիչ մարմնին։ Հետո երբ պատասխանատու եղբայրներն «անցնում էին քաղաքներով, այնտեղ լինողներին փոխանցում էին Երուսաղեմում գտնվող առաքյալների ու երեցների կողմից վճռված հրահանգները, որպեսզի հետևեին դրանց»։ Ինչպիսի՞ն էր լինում արդյունքը։ «Ժողովները շարունակում էին հաստատվել հավատի մեջ, և նրանց թիվը օրեցօր աճում էր» (Գործ. 15։1–16։5; 2 Կորնթ. 11։28)։
Դեռևս 1870-ականներին եղբայր Ռասելը այցելում էր Աստվածաշունչ ուսումնասիրողների խմբերին՝ լինեին դրանք երկու-երեք հոգուց բաղկացած կամ ավելի մեծ, որպեսզի հոգևորապես քաջալերեր նրանց։ 1880-ականներին այդ գործին մասնակցում էին մի քանի ուրիշ եղբայրներ։ Իսկ 1894-ին միջոցներ ձեռնարկվեցին, որպեսզի Ընկերությունն ունենար հմուտ հռետորներ, որոնք կանոնավորաբար կայցելեին Աստվածաշունչ ուսումնասիրողներին, որպեսզի օգնեին նրանց խորացնել իրենց գիտելիքները, ավելի շատ գնահատել ճշմարտությունը ու ավելի մտերմանալ միմյանց հետ։
Հնարավորության դեպքում հռետորը մեկ կամ մի քանի օր անցկացնում էր խմբի հետ, ներկայացնում էր մեկ կամ երկու հանրային ելույթ, ապա այցելում էր ավելի փոքր խմբերի կամ առանձին անհատների, որպեսզի նրանց հետ ավելի խորությամբ քննարկեր տարբեր հարցեր Աստծու Խոսքից։ Ջանքեր գործադրվեցին, որպեսզի Միացյալ Նահանգների և Կանադայի յուրաքանչյուր խմբի տարին երկու անգամ այցելի այդպիսի եղբայր, թեև այցելողը կարող էր նույն եղբայրը չլինել։ Այդ շրջագայող հռետորներին ընտրելիս ուշադրություն էր դարձվում այն բանին, որ նրանք լինեն հեզ, խոնարհ, հստակ հասկանան ճշմարտությունը, անշեղորեն հետևեն դրան և կարողանան այն սովորեցնել պարզ կերպով։ Նրանք չէին վարձատրվում իրենց ծառայության համար։ Յուրաքանչյուր ժողով պարզապես սնունդ ու կացարան էր տրամադրում նրանց, իսկ Ընկերությունը, ըստ անհրաժեշտության, հոգում էր ճանապարհածախսը։ Այդ եղբայրները սկսեցին կոչվել պիլիգրիմներ։
Ընկերության այս շրջագայող ներկայացուցիչներից շատերը անչափ սիրված էին այն ժողովների կողմից, որոնց այցելում էին։ Ա. Հ. Մակմիլանին (Կանադա) հիշում են որպես մի եղբոր, որի համար Աստծու Խոսքը «վառվող կրակի պես» էր (Երեմ. 20։9)։ Նա չէր կարողանում չխոսել Աստծու Խոսքի մասին։ Եղբայր Մակմիլանը ելույթներ էր ներկայացնում ոչ միայն Կանադայում, այլև Միացյալ Նահանգների տարբեր մասերում և այլ երկրներում։ Ուիլիամ Հերսի անունով մեկ ուրիշ պիլիգրիմի ջերմորեն հիշում են այն բանի համար, որ նա հատուկ ուշադրություն էր դարձնում երիտասարդներին։ Անջնջելի հետք էին թողնում նաև նրա աղոթքները, քանի որ դրանք հոգևոր խորություն էին արտահայտում և հուզում էին թե՛ երիտասարդների, թե՛ մեծահասակների սրտերը։
Այն ժամանակ պիլիգրիմների համար ճանապարհորդելը հեշտ չէր։ Օրինակ՝ Կլամատ Ֆոլսի (Օրեգոն) մոտ գտնվող մի խմբի այցելելու համար Էդվարդ Բրենիսենը ճամփորդում էր նախ գնացքով, ապա ամբողջ գիշեր փոստակառքով և վերջում անհարմար սայլով անցնում էր լեռնային քարքարոտ ճանապարհով, մինչև որ հասներ այն ագարակը, որտեղ անցկացվում էր հանդիպումը։ Հանդիպման հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, եղբայրներից մեկը նրան մի ձի էր տրամադրում, որով նա պետք է անցներ 100 կմ մինչև ամենամոտ երկաթուղային կայարանը, որտեղից էլ ուղևորվում էր դեպի իր հաջորդ նշանակման վայր։ Իհարկե, պիլիգրիմների կյանքը լարված էր, բայց նրանց ջանքերը հրաշալի արդյունքներ էին բերում։ Եհովայի ծառաները զորանում էին, Աստծու Խոսքի միևնույն հասկացողությունն էին ձեռք բերում և ավելի էին մտերմանում միմյանց հետ, թեև ապրում էին իրարից շատ հեռու։
1926-ին եղբայր Ռադերֆորդը փոփոխություններ մտցրեց պիլիգրիմների ծառայության մեջ։ Այդուհետ պիլիգրիմները ոչ միայն ելույթներ էին ներկայացնում, այլև վերահսկում էին ժողովների քարոզչական ծառայությունը և խրախուսում էին բոլորին մասնակցել այդ գործին։ Նրանց նոր պատասխանատվությունները ընդգծելու նպատակով 1928-ին պիլիգրիմները սկսեցին կոչվել տարածաշրջանային ծառայողական ղեկավարներ։ Նրանք համագործակցում էին տեղի եղբայրների հետ և հրահանգներ էին տալիս քարոզչական ծառայության վերաբերյալ։ Այդ ժամանակ նրանք միայն տարին մեկ անգամ էին կարողանում այցելել Միացյալ Նահանգներում և այլ երկրներում գործող ժողովներից յուրաքանչյուրին։ Միևնույն ժամանակ այդ եղբայրները կապ էին պահում այն անհատների և փոքր խմբերի հետ, որոնք դեռևս կազմակերպված չէին ծառայության համար։
Հետագա տարիներին շրջագայող վերակացուների ծառայության մեջ տարբեր փոփոխություններ մտցվեցինa։ Այդ ծառայությունն ավելի ընդլայնվեց 1938-ին, երբ ժողովներում բոլոր ծառայողները սկսեցին նշանակվել աստվածապետական կարգով։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում եղբայրները սկսեցին կանոնավորաբար այցելել ժողովներին։ Դրա շնորհիվ յուրաքանչյուր նշանակված ծառայող անհատական մարզում էր ստանում, և ժողովի բոլոր անդամներին ավելի մեծ օգնություն էր ցույց տրվում քարոզչական ծառայության մեջ։ 1942-ին ժողովներին այցելելու գործը վերսկսելուց առաջ շրջագայող վերակացուները խորացված մարզում ստացան, ինչի շնորհիվ սկսեցին միանման կերպով կատարել իրենց ծառայությունը։ Նրանց այցելությունները կարճ էին տևում (մեկից երեք օր՝ կախված ժողովի մեծությունից)։ Այդ ընթացքում նրանք ստուգում էին ժողովի փաստաթղթերը, հանդիպում էին անցկացնում բոլոր ծառայողների հետ և անհրաժեշտ խորհուրդներ տալիս, նաև մեկ կամ ավելի ելույթ էին ներկայացնում ժողովում և առաջնորդություն էին վերցնում քարոզչական ծառայության մեջ։ 1946-ից ի վեր այդ այցելությունները սկսեցին տևել մեկ շաբաթ։
1938-ին ժողովներին այցելելու կարգի մեջ տեղի ունեցան հավելյալ փոփոխություններ։ Այժմ տարածաշրջանային ծառայողը ավելի մեծ տարածքի համար էր հոգ տանում՝ պարբերաբար մեկ շաբաթ անցկացնելով տարբեր զոնաների (շրջանների) ժողովներին այցելող եղբայրներից յուրաքանչյուրի հետ։ Տարածաշրջանային ծառայողը իր այցելության ընթացքում մասնակցում էր տվյալ զոնայի բոլոր ժողովների համար կազմակերպված համաժողովի ծրագրինb։ Այս միջոցառումը մեծապես քաջալերում էր եղբայրներին, և այդպիսով կանոնավորաբար հնարավորություն էր ստեղծվում, որ նոր անհատները կարողանային մկրտվել։
«Մարդիկ, ովքեր սիրում են ծառայությունը»
Ջոն Բուտը, որը 1974-ին նշանակվեց որպես Կառավարիչ մարմնի անդամ, նույնպես մասնակցել է շրջագայական ծառայությանը՝ սկսած 1936-ից։ Շրջագայող վերակացու նշանակվելուց առաջ նրա հետ տեղի ունեցած մի զրույցի ժամանակ նշվեց հետևյալ միտքը. «Հարկավոր են ոչ թե պերճախոս հռետորներ, այլ մարդիկ, ովքեր սիրում են ծառայությունը, և ովքեր առաջնորդություն կվերցնեն այդ հարցում ու հանդիպումների ժամանակ կխոսեն ծառայության մասին»։ Եղբայր Բուտը իսկապես սիրում էր ծառայությունը, ինչը հստակ երևում էր այն բանից, որ նա 1928-ից ի վեր նախանձախնդրորեն ծառայել էր որպես ռահվիրա և ուրիշների մեջ բարի լուրը քարոզելու եռանդ էր արթնացրել իր օրինակով ու քաջալերական խոսքերով։
Առաջին ժողովը, որ նա՝ որպես տարածաշրջանային ծառայող, այցելեց 1936-ի մարտին, գտնվում էր Իստոնում (Փենսիլվանիա)։ Հետագայում նա գրեց. «Սովորաբար, ես տեղ էի հասնում առավոտյան հենց այն ժամանակ, երբ պետք է գնայինք քարոզչական ծառայության։ Երեկոյան հանդիպում էի անցկացնում միավորման բոլոր ծառայողների հետ, իսկ դրանից հետո՝ ամբողջ միավորման հետ։ Հիմնականում միավորումների հետ անցկացնում էի երկու օր, իսկ ավելի փոքր խմբերի հետ՝ ընդամենը մեկ օր։ Երբեմն մեկ շաբաթում այցելում էի վեց այդպիսի խմբերի։ Անդադար ճամփորդում էի մի վայրից մյուսը»։
Երկու տարի անց՝ 1938-ին, եղբայր Բուտը հանձնարարություն ստացավ նաև ամեն շաբաթ կազմակերպել զոնալ համաժողովներ (այժմ՝ շրջանային համաժողովներ)։ Դրանք զորացնում էին եղբայրներին, հատկապես այն ժամանակ, երբ որոշ վայրերում հալածանքը սաստկանում էր։ Մտաբերելով այդ օրերը և իր ստանձնած տարբեր պատասխանատվությունները՝ եղբայր Բուտը պատմում է. «Նույն շաբաթվա ընթացքում [երբ Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում հանդես էի գալիս որպես վկա մի դատական գործում, որում ներգրավված էին 60 Վկաներ] Ջոլիետ քաղաքում (Իլինոյս նահանգ) մեկ ուրիշ դատական գործում հանդես էի գալիս որպես պատասխանող և Մեդիսոնում (Ինդիանա) քննվող դատական գործի ժամանակ մի եղբոր փաստաբանն էի։ Այդ ամենից բացի, պետք է հոգ տանեի ամեն շաբաթվա վերջում անցկացվող զոնալ համաժողովների մասին»։
Երբ 1946-ին նորից սկսեցին անցկացվել զոնալ համաժողովները (այժմ շրջանային համաժողովներ), երկու տարի անց Քերի Բարբերը նշանակվեց որպես մարզային ծառայող։ Մինչ այդ նա 25 տարի ծառայել էր Բրուքլինի (Նյու Յորք) Բեթելում։ Առաջին մարզը, որ նա պետք է այցելեր, ընդգրկում էր Միացյալ Նահանգների ողջ արևմտյան հատվածը։ Սկզբնական շրջանում մի համաժողովից մյուսը գնալու համար նա ամեն շաբաթ անցնում էր մոտ 1600 կմ։ Բայց երբ ժողովները մեծացան ու նրանց թիվն ավելացավ, այդ հեռավորությունները կրճատվեցին, և խոշոր քաղաքներից յուրաքանչյուրում սկսեցին անցկացվել մի քանի շրջանային համաժողովներ։ Եղբայր Բարբերը 1977-ին՝ 29 տարի որպես շրջագայող վերակացու ծառայելուց հետո, կրկին հրավիրվեց գլխավոր վարչություն և նշանակվեց որպես Կառավարիչ մարմնի անդամ։
Պատերազմի տարիներին, երբ եղբայրները դաժան հալածանքներ էին կրում, շրջագայող վերակացուները հաճախ իրենց ազատությունը և կյանքը վտանգի էին ենթարկում հանուն նրանց հոգևոր բարօրության։ Երբ Բելգիան գտնվում էր նացիստական տիրապետության տակ, Անդրե Վոզնիակը շարունակում էր այցելել ժողովներին և օգնում էր գրականություն ստանալու հարցում։ Հաճախ գեստապոն կրնկակոխ գնում էր նրա հետքերով, բայց այդպես էլ չկարողացավ բռնել նրան։
1970-ականների վերջերին Ռոդեզիայում (այժմ կոչվում է Զիմբաբվե) մարդիկ ապրում էին վախի մեջ և քաղաքացիական պատերազմի պատճառով քիչ էին ճանապարհորդում երկրի ներսում։ Մինչդեռ Եհովայի վկաների շրջանային վերակացուները, լինելով սիրառատ հովիվներ, իրենց եղբայրների համար եղել են «քամու դեմ եղող պատսպարանի պես» (Ես. 32։2)։ Այդ եղբայրներից ոմանք օրերով քայլում էին մացառուտների միջով, անցնում էին լեռներով, վտանգավոր գետերով, գիշերում էին բաց երկնքի տակ, որպեսզի կարողանային այցելել մեկուսի վայրերում գտնվող ժողովներին ու քարոզիչներին և քաջալերել նրանց հավատի մեջ ամուր մնալու։ Այդ շրջագայող վերակացուներից էր Այզայա Մակորեյը, որը կառավարության զինվորների ու «ազատամարտիկների» միջև պայքարի ժամանակ հազիվ փրկվեց մահից, երբ փամփուշտները սուլելով անցնում էին նրա գլխավերևով։
Մի շարք շրջագայող վերակացուներ տարիներ շարունակ կատարել են շրջագայական ծառայությունը միջազգային մասշտաբով։ «Դիտարան ընկերության» նախագահները հաճախ ճամփորդել են այլ երկրներ կազմակերպչական հարցերին ուշադրություն դարձնելու և համաժողովների ժամանակ ելույթներ ներկայացնելու համար։ Այդ այցելությունների շնորհիվ Եհովայի վկաները ամենուրեք զգացել են, որ ունեն համաշխարհային եղբայրություն։ Եղբայր Նորը զգալի ներդրում է ունեցել այդ գործում՝ կանոնավորաբար այցելելով բոլոր մասնաճյուղերն ու միսիոներական տները։ Կազմակերպությունը մեծանում էր, ուստի երկրագունդը բաժանվեց տասը միջազգային զոնաների, և 1956թ. հունվարի մեկից սկսած՝ մի շարք հմուտ եղբայրներ Ընկերության նախագահի վերահսկողության ներքո սկսեցին մասնակցել այդ շրջագայական ծառայությանը, որպեսզի այն կանոնավորաբար կատարվի։ Այդ զոնալ այցելությունները, որոնք այժմ իրականացվում են Կառավարիչ մարմնի ծառայողական կոմիտեի հսկողության ներքո, նպաստում են համաշխարհային միասնությանը և ողջ կազմակերպության առաջընթացին։
Կազմակերպության ներկայիս կառույցի ձևավորման վրա ազդել են նաև այլ կարևոր իրադարձություններ։
Հետագա բարեփոխումներ աստվածապետական կառույցում
1942թ. հունվարի 8-ին, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմը դեռ ընթացքի մեջ էր, Ջոզեֆ Ֆ. Ռադերֆորդը մահացավ, և Նաթան Հ. Նորը դարձավ «Դիտարան ընկերության» երրորդ նախագահը։ Կազմակերպությունը մեծ դժվարություններ էր կրում, քանի որ շատ երկրներում Վկաների գործունեությունը արգելքի տակ էր, քանի որ նրանք ենթարկվում էին ամբոխների հարձակումներին, որոնք կատարվում էին հայրենասիրության քողի ներքո, նաև ձերբակալվում էին ծառայության ժամանակ աստվածաշնչային գրականություն տարածելու համար։ Արդյո՞ք վարչության կազմում տեղի ունեցած փոփոխությունը կդանդաղեցներ քարոզչական գործը այդպիսի դժվարին ժամանակներում։ Կազմակերպչական հարցերի մասին հոգ տանող եղբայրները փնտրում էին Եհովայի առաջնորդությունը և ակնկալում էին, որ նա կօրհնի իրենց ջանքերը։ Ձգտելով Աստծու առաջնորդության համաձայն վարվել՝ նրանք կրկին ուշադրություն դարձրին կազմակերպչական կառույցին, որպեսզի տեսնեն, թե որ բնագավառներում փոփոխության կարիք կա Եհովայի չափանիշներին ավելի ճշգրտորեն համապատասխանելու համար։
1944-ին Պիտսբուրգում (Փենսիլվանիա), «Դիտարան ընկերության» տարեկան հանդիպման հետ կապված, անցկացվեց ծառայողական համաժողով։ Սեպտեմբերի 30-ին այդ տարեկան հանդիպումից առաջ մի շարք կարևոր ելույթներ հնչեցին այն մասին, թե ինչ է ասում Աստվածաշունչը Եհովայի ծառաների կազմակերպության մասինc։ Հատուկ ուշադրություն դարձվեց Կառավարիչ մարմնին։ Այդ ժամանակ ընդգծվեց, որ աստվածապետական սկզբունքները պետք է կիրառվեն բոլոր իրավաբանական միավորումների առնչությամբ, որոնք օգտագործում է հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգը։ Նշվեց, որ Աստծու «նվիրված» բոլոր ծառաները չէին մտնում Ընկերության իրավաբանական միավորման կազմի մեջ։ Այն որպես իրավաբանական անձ պարզապես ներկայացնում էր Վկաներին՝ հանդես գալով նրանց անունից։ Սակայն քանի որ Ընկերությունը հոգևոր գրականություն էր հրատարակում Եհովայի վկաների համար, ուստի տրամաբանական էր և նույնիսկ անհրաժեշտ, որ Կառավարիչ մարմինը սերտորեն համագործակցեր այդ իրավաբանական միավորումների տնօրենների և ղեկավարների հետ։ Արդյոք այդ իրավաբանական միավորումը բոլոր հարցերում առաջնորդվո՞ւմ էր աստվածապետական սկզբունքներով։
Ընկերության կանոնադրության համաձայն՝ ներդրված յուրաքանչյուր ամերիկյան 10 դոլարի դիմաց անհատը մեկ ձայնի իրավունք էր ստանում Ընկերության տնօրենների և ղեկավարների ընտրության ժամանակ։ Թերևս այն կարծիքը կար, թե այդպիսի ներդրումները փաստում էին, որ անհատը անկեղծորեն հետաքրքրված է կազմակերպության առաջխաղացման գործով։ Սակայն այդ ընթացակարգը բազմաթիվ խնդիրներ էր առաջ բերում։ Ընկերության նախագահ եղբայր Նորը բացատրեց. «Ընկերության կանոնադրությամբ նախատեսված այդ ընթացակարգը կարող է այնպիսի տպավորություն ստեղծել, թե կառավարիչ մարմնի անդամ դառնալը կախված է Ընկերությանը նվիրաբերած գումարի քանակից։ Մինչդեռ Աստծու կամքի համաձայն՝ այդպիսի բան չի կարող լինել նրա ընտրյալ ժողովրդի մեջ»։
Անհերքելի փաստ էր, որ Չարլզ Թեյզ Ռասելը, որն Ընկերության գործունեության առաջին 32 տարիներին գլխավորում էր կառավարիչ մարմինը, Ընկերության գործում ամենամեծ ներդրումն էր ունեցել՝ այդ գործին նվիրելով իր ֆինանսական միջոցները, մտային կարողությունները և իր ողջ ուժերը։ Սակայն ֆինանսական մեծ ներդրումից չէր կախված այն, թե Տերն ինչպես կօգտագործեր նրան։ Աստված նրան հարմար էր գտել ծառայության համար, քանի որ նա ամբողջովին նվիրված էր իրեն, անսպառ եռանդ ուներ, անշեղորեն թիկունք էր կանգնում Թագավորությանը և ջանում էր անսասան հավատարմություն դրսևորել։ Աստվածապետական կազմակերպության մեջ պետք է գործի հետևյալ սկզբունքը. «Աստված անդամներից յուրաքանչյուրին մարմնի մեջ դրեց այնպես, ինչպես իրեն էր հաճելի» (1 Կորնթ. 12։18)։ Եղբայր Նորը բացատրում է. «Քանի որ Ընկերության կանոնադրության համաձայն՝ ձայնի իրավունք էին ստանում Ընկերության գործին նվիրաբերություն անողները, դրանով նսեմացվում և ոտնահարվում է կառավարիչ մարմնին առնչվող այս աստվածապետական սկզբունքը, նաև վտանգներ ու խոչընդոտներ են ստեղծվում նրա գործունեության համար»։
Հետևաբար 1944-ի հոկտեմբերի 2-ին Ընկերության՝ քվեարկելու իրավունք ունեցող բոլոր անդամները հանդիպում կազմակերպեցին, որի ժամանակ միաձայն որոշեցին, որ Ընկերության կանոնադրությունը հարկավոր է վերանայել և համապատասխանեցնել աստվածապետական սկզբունքներին։ Նաև որոշեցին, որ Ընկերության անդամների թիվը չպետք է լինի անսահմանափակ, այլ պետք է լինի 300–500։ Այդ բոլոր եղբայրները ընտրվելու էին տնօրենների խորհրդի կողմից ոչ թե իրենց կատարած ֆինանսական ներդրումների հիման վրա, այլ այն բանի, որ հասուն, եռանդուն և Եհովային նվիրված ծառաներ են, որ լիաժամ մասնակցում են կազմակերպության գործունեությանը կամ Եհովայի վկաների ժողովներում ծառայող եռանդուն քարոզիչներ են։ Այդ եղբայրները քվեարկությամբ ընտրելու են տնօրենների խորհրդի անդամներին, իսկ վերջիններս ընտրելու են Ընկերության ղեկավարներին։ Այս նոր ընթացակարգը ուժի մեջ մտավ հաջորդ տարի՝ 1945-ի հոկտեմբերի 1-ին։ Դա իսկապես պաշտպանություն էր, քանի որ այն ժամանակ թշնամանքով տրամադրված որոշ անձինք հաճախ փորձում էին ֆինանսական գործարքների միջոցով հսկողություն իրականցնել իրավաբանական միավորումների վրա և հետո փոփոխություններ մտցնել դրանց կառույցի մեջ՝ իրենց անձնական նպատակներին հասնելու համար։
Եհովան ակնհայտորեն օրհնել է այս բարեփոխումները, որոնք արվել են աստվածապետական սկզբունքների համաձայն գործելու համար։ Չնայած որ կազմակերպությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծանր ճնշումների է ենթարկվել, Թագավորության քարոզիչների թիվը գնալով ավելացել է։ Նրանք չեն հանձնվել և շարունակել են ժրաջանորեն վկայություն տալ Աստծու Թագավորության մասին։ 1939–1946 թվականներին Եհովայի վկաների թվի ապշեցուցիչ աճ գրանցվեց՝ 157 տոկոս, և նրանք բարի լուրը սկսեցին քարոզել 6 ուրիշ երկրներում։ Հաջորդ 25 տարիների ընթացքում Եհովային ակտիվորեն ծառայող Վկաների թիվը աճեց մոտ 800 տոկոսով, և 86 այլ երկրներ սկսեցին իրենց գործունեության վերաբերյալ կանոնավոր հաշվետվություն հանձնել։
Հատուկ կրթություն վերակացուների համար
Ոչ Վկա որոշ մարդիկ այն կարծիքն էին հայտնում, որ կազմակերպության անդամների թվի ավելացմանը զուգընթաց՝ նրանում գործող վարքի չափանիշները աստիճանաբար կընկնեին։ Սակայն Աստվածաշնչում դեռ վաղուց ասվել էր, որ Եհովայի ժողովրդի մեջ տիրելու էր արդարություն և խաղաղություն (Ես. 60։17)։ Դրա համար հարկավոր էր, որ վերակացուները Աստծու Խոսքի վերաբերյալ հիմնավոր և շարունակական կրթություն ստանային, հստակ հասկացողություն ձեռք բերեին Եհովայի իրավական չափանիշների մասին և հետևողականորեն կիրառեին դրանք։ Նրանք հենց այդպիսի կրթություն էլ ստացել են։ Աստծու արդար պահանջների վերաբերյալ շարունակաբար մանրամասն տեղեկություններ են տրվել «Դիտարան» պարբերագրում, և այդ նյութերը պարբերաբար ուսումնասիրվել են Եհովայի վկաների բոլոր ժողովներում։ Դրանից բացի, վերակացուները հավելյալ կրթություն են ստացել։
Ընկերության մասնաճյուղերի վերակացուները հատուկ կրթություն էին ստանում միջազգային համաժողովների ժամանակ։ 1961թ.-ից մինչև 1965թ. այդ եղբայրների համար Նյու Յորքում անցկացվում էին ութից տասը ամիս տևող հատուկ դասընթացներ։ 1977թ.-ից մինչև 1980թ. անցկացվում էին հինգշաբաթյա ուրիշ դասընթացներ։ Այդ դասընթացների ժամանակ նրանք համար առ համար ուսումնասիրում էին Աստվածաշնչի բոլոր գրքերը, մանրամասնորեն քննում էին կազմակերպչական տարբեր հարցեր, նաև այն, թե ինչ կերպերով կարելի է առաջ տանել բարի լուրի քարոզչության գործը։ Եհովայի վկաները, անկախ այն բանից, թե ինչ ազգի են պատկանում և որտեղ են ապրում, առաջնորդվում են Աստվածաշնչի միևնույն բարձր չափանիշներով, ունեն նույն հավատալիքները և նույն բաներն են սովորեցնում։
Շրջանային և մարզային վերակացուները նույնպես հատուկ կրթություն էին ստանում։ Նրանցից շատերը սովորել են «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցում կամ մասնակցել են այլ երկրներում անցկացվող այդ նույն դպրոցին։ Նաև նրանց կանոնավորաբար հրավիրում էին Ընկերության մասնաճյուղեր կամ մեկ ուրիշ հարմար վայր մի քանի օր կամ մի շաբաթ տևող դասընթացների։
1959-ին մեկ այլ նշանակալից միջոցառում սկսեց գործել։ Դա Թագավորական ծառայության դպրոցն էր, որին մասնակցում էին շրջանային և մարզային վերակացուները, ինչպես նաև ժողովի պատասխանատու եղբայրները։ Սկզբում այդ դասընթացը տևում էր մեկ ամիս։ Մեկ տարի Միացյալ Նահանգներում դասընթացն անցկացնելուց հետո այդ նյութերը թարգմանվեցին այլ լեզուներով, և աստիճանաբար դասընթացը անցկացվեց ամբողջ աշխարհում։ Քանի որ ոչ բոլոր վերակացուներն էին կարողանում մեկ ամսով աշխատանքից բացակայելու թույլտվություն ստանալ, 1966-ից հետո այդ դասընթացը սկսեց տևել երկու շաբաթ։
Այդ դպրոցը հոգևոր սեմինար չէր, որին մասնակցողները հատուկ կրթություն էին ստանում որևէ ծառայության ձեռնադրվելու համար։ Նրանք արդեն նշանակված ծառայողներ էին։ Նրանցից շատերը տասնյակ տարիներ ծառայել էին որպես ժողովի վերակացուներ և հովիվներ։ Դպրոցի ժամանակ նրանց հնարավորություն էր ընձեռվում մանրամասնորեն ուսումնասիրելու իրենց ծառայությանը վերաբերող սուրբգրային հրահանգները։ Մեծ շեշտ էր դրվում քարոզչական ծառայության և այն ավելի արդյունավետորեն կատարելու վրա։ Քանի որ աշխարհի բարոյական չափանիշները անկում էին ապրում, բավական ժամանակ էր հատկացվում քննարկելու համար այն հարցը, թե ինչպես կարելի է ապրել Աստվածաշնչի բարոյական չափանիշներով։ Այդ դպրոցը տարիներ շարունակ անցկացվել է երկու կամ երեք տարին մեկ անգամ։ Նաև տարին մի քանի անգամ շրջագայող վերակացուները օգտակար հանդիպումներ են անցկացնում ժողովների երեցների հետ։ Այդ հանդիպումները հնարավորություն են տալիս ուշադրություն դարձնել ժողովների կարիքներին։ Նաև օգնում են քրիստոնյաներին չշեղվել Աստվածաշնչի չափանիշներից և բոլոր ժողովներում միևնույն սկզբունքներով առաջնորդվել ծագող խնդիրները լուծելիս։
Եհովայի վկաները լուրջ են վերաբերվում 1 Կորնթացիներ 1։10-ում գրված խորհրդին. «Եղբայրնե՛ր, հորդորում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ ձեր խոսքերի մեջ միասնական լինեք, և ձեր մեջ բաժանումներ չլինեն, այլ որ դուք միաբանված լինեք մտքով և մտածելակերպով»։ Այդպիսի միասնությունը ստեղծվում է ոչ թե հարկադրաբար, այլ Աստծու ճանապարհների մասին Աստվածաշնչից սովորելու շնորհիվ։ Եհովայի վկաները ուրախություն են ստանում Աստծու ճանապարհներով ընթանալուց և նրա նպատակների համաձայն վարվելուց։ Եթե որևէ մեկը այլևս չի ցանկանում ապրել Աստվածաշնչի չափանիշներով, կարող է ազատորեն հեռանալ կազմակերպությունից։ Իսկ եթե որևէ մեկը սկսում է ուրիշ ուսմունքներ քարոզել կամ անտեսում է Աստվածաշնչի բարոյական չափանիշները, վերակացուները քայլեր են ձեռնարկում հոտին պաշտպանելու համար։ Կազմակերպությունը հետևում է այս հրահանգին՝ «աչքի տակ [առեք] նրանց, ովքեր բաժանումներ են առաջ բերում և գայթակղության առիթ են ստեղծում՝ հակառակ այն ուսմունքին, որ դուք սովորել եք. խուսափե՛ք նրանցից» (Հռոմ. 16։17; 1 Կորնթ. 5։9–13)։
Աստվածաշունչը մարգարեացել էր, որ Աստված իր ժողովրդի համար հենց այդպիսի պայմաններ է ստեղծելու, որտեղ արդարություն և խաղաղություն է տիրելու (Ես. 32։1, 2, 17, 18)։ Այդ պայմանները հաճելի են արդարությունը սիրողների համար։
Արդարությունը սիրող քանի՞ անհատ կհավաքվի ներկա համակարգի վախճանից առաջ։ Եհովայի վկաները չգիտեն։ Բայց Եհովան գիտի, թե ինչի կարիք կլինի իր գործն իրականացնելու համար, և ճիշտ ժամանակին ու ճիշտ ձևով նա հոգ կտանի, որ իր կազմակերպությունը ունենա այդ ամենը։
Պատրաստվում են մեծ աճին
Երբ Կառավարիչ մարմնի հսկողության ներքո փնտրտուքներ էին արվում, որպեսզի պատրաստվեր «Օգնություն Աստվածաշունչը հասկանալու համար» գիրքը, կրկին ուշադրություն դարձվեց այն հարցին, թե ինչպես էր կազմակերպված առաջին դարի քրիստոնեական ժողովը։ Մանրամասնորեն ուսումնասիրվեցին աստվածաշնչյան այնպիսի տերմիններ, ինչպիսիք են «երեց», «վերակացու» և «ծառայող» տերմինները։ Եհովայի վկաների ժամանակակից կազմակերպությունը կարո՞ղ էր արդյոք ավելի լիարժեքորեն համապատասխանել առաջին դարի քրիստոնեական ժողովի օրինակին։
Եհովայի ծառաները վճռել էին շարունակաբար հետևել Աստծու տված առաջնորդությանը։ 1971-ին անցկացված համաժողովների ժամանակ ընդգծվեց, թե ինչպես է ղեկավարվել վաղ քրիստոնեական ժողովը։ Նշվեց, որ Աստվածաշնչում օգտագործված «պրեսբիտերոս» (երեց) բառը չի վերաբերում միայն տարեց անհատներին և ոչ էլ վերաբերում է ժողովի բոլոր հոգևորապես հասուն մարդկանց։ Այն գործածվել է հատկապես ժողովի վերակացուների առնչությամբ՝ ընդգծելով նրանց դերը ժողովի ղեկավարման հարցում (Գործ. 11։30; 1 Տիմոթ. 5։17; 1 Պետ. 5։1–3)։ Այդ եղբայրները իրենց պատասխանատվությունները ստանում էին նշանակվելով՝ համապատասխան այն չափանիշների, որոնք հետագայում գրվեցին Աստծու ներշնչյալ Խոսքում (Գործ. 14։23; 1 Տիմոթ. 3։1–7; Տիտոս 1։5–9)։ Այն ժողովներում, որտեղ կային համապատասխան որակներ ունեցող բավական թվով եղբայրներ, որպես երեց ծառայում էին մեկից ավելի անհատներ (Գործ. 20։17; Փիլիպ. 1։1)։ Այդ եղբայրները կազմում էին «երեցների խորհուրդը», նրանք բոլորը հավասար էին, ունեին միևնույն դիրքը, նրանցից ոչ ոք ամենակարևոր և ամենաազդեցիկ անձնավորությունը չէր ժողովում (1 Տիմոթ. 4։14)։ Համաժողովի ժամանակ նաև նշվեց, որ երեցներին օգնելու համար կային նշանակված ծառայող օգնականներ, որոնք համապատասխանում էին այն չափանիշներին, որոնց մասին գրել է Պողոս առաքյալը (1 Տիմոթ. 3։8–10, 12, 13)։
Անմիջապես միջոցներ ձեռնարկվեցին, որպեսզի կազմակերպության կառույցը ավելի համապատասխանի Աստվածաշնչում արձանագրված ժողովի կառույցի օրինակին։ Առաջին հերթին փոփոխություններ կատարվեցին Կառավարիչ մարմնի առնչությամբ։ Նրա կազմում արդեն չէին մտնում միայն «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերության» (Փենսիլվանիա) տնօրենների խորհրդի յոթ անդամները։ Կառավարիչ մարմնի անդամների համար սահմանված թիվ չկար։ 1971-ին Կառավարիչ մարմնի անդամների թիվը 11 էր, այնուհետև մի քանի տարի շարունակ նրանց թիվը 18 էր, իսկ 1992-ին՝ 12։ Կառավարիչ մարմնի բոլոր անդամները օծյալ քրիստոնյաներ են և ընտրված են Աստծու կողմից՝ Հիսուս Քրիստոսի ժառանգակիցները լինելու համար։ 1992-ի տվյալներով՝ Կառավարիչ մարմնի 12 անդամները ընդհանուր առմամբ ավելի քան 728 տարի էին անցկացրել լիաժամ ծառայության մեջ։
1971-ի սեպտեմբերի 6-ին որոշվեց, որ Կառավարիչ մարմնի հանդիպումների նախագահողը ամեն տարի պետք է փոխվի՝ ըստ այբբենական կարգի։ Այս կարգը սկսեց գործել հոկտեմբերի 1-ից։ Նաև ամեն շաբաթ Կառավարիչ մարմնի անդամները գլխավոր վարչությունում ծառայողների համար հերթով անցկացնում էին առավոտյան երկրպագությունը և «Դիտարանի» ուսումնասիրությունըd։ Իսկ այս կարգը սկսել էր գործել 1971-ի սեպտեմբերի 13-ին՝ սկսած Ֆրեդերիկ Ու. Ֆրանցից, որն այդ օրը Բրուքլինի (Նյու Յորք) Բեթելում անցկացնում էր առավոտյան երկրպագությունը։
Հաջորդ տարվա ընթացքում աշխատանքներ էին տարվում ժողովում վերակացություն անելու գործի մեջ փոփոխություններ մտցնելու նպատակով։ Այլևս ժողովում չէր լինելու մեկ ծառայող, որին օգնում էին որոշակի թվով ծառայողներ։ Այն եղբայրները, որոնք համապատասխանում էին Աստվածաշնչի պահանջներին, նշանակվելու էին որպես երեցներ կամ ծառայող օգնականներ։ Այդպիսով հնարավոր կլիներ, որ ավելի շատ եղբայրներ ժողովում պատասխանատվություններ ստանձնեին և արժեքավոր փորձ ձեռք բերեին։ Այն ժամանակ ոչ մի Եհովայի վկա չէր պատկերացնում, որ հետագա 21 տարիների ընթացքում ժողովների թիվը ավելանալու էր 156 տոկոսով և 1992-ին արդեն հասնելու էր 69558-ի։ Բայց ժողովի Գլուխը՝ Տեր Հիսուս Քրիստոսը, ակներևաբար, Աստծու ժողովրդին պատրաստում էր գալիք իրադարձություններին։
1970-ականների սկզբներին հատուկ ուշադրություն դարձվեց Կառավարիչ մարմնի գործունեության մեջ լրացուցիչ փոփոխություններ անելուն։ Սկսած 1884-ից, երբ գրանցվեց «Դիտարան ընկերությունը»՝ գրականության տպագրությունը, համաշխարհային քարոզչական գործի վերահսկողությունը, տարբեր դպրոցների և համաժողովների կազմակերպումը կատարվում էր «Աստվածաշնչի և գրքույկի Դիտարան ընկերության» նախագահի առաջնորդության ներքո։ Բայց ամիսներ շարունակ բոլոր մանրամասները ուսումնասիրելուց ու քննարկելուց հետո 1975-ի դեկտեմբերի 4-ին միաձայն որոշվեց նոր կարգ հաստատել։ Կազմավորվեցին Կառավարիչ մարմնի վեց կոմիտեները։
Նախագահի կոմիտեի կազմի մեջ մտնում են Կառավարիչ մարմնի գործող նախագահը, նախորդ նախագահը և նա, ով պետք է լինի հաջորդը։ Այս կոմիտեն ստանում է տեղեկություններ արտակարգ իրավիճակների, աղետների, հալածանքների մասին և հոգ է տանում, որ այդ հարցերը շտապ ներկայացվեն Կառավարիչ մարմնի քննությանը։ Գրական կոմիտեն հոգ է տանում, որ հոգևոր կերակուրը տպագրված գրականության, ձայնագրությունների և տեսագրությունների միջոցով հասնի Եհովայի վկաներին և մյուս մարդկանց, այն նաև վերահսկում է հարյուրավոր լեզուներով կատարվող թարգմանչական գործը։ Ուսումնական կոմիտեի պատասխանատվությունն է Եհովայի ժողովրդի համար կազմակերպել տարբեր դպրոցներ և համաժողովներ, ինչպես նաև կրթություն տալ Բեթելի համաշխարհային ընտանիքին ու պատրաստել նյութեր այդ բոլոր միջոցառումների համար։ Ծառայողական կոմիտեն վերահսկում է քարոզչական գործը, այդ թվում նաև ժողովների և շրջագայող վերակացուների գործունեությունը։ Հրատարակչական կոմիտեն հոգ է տանում աստվածաշնչյան գրականության տպագրման, լույսընծայման և առաքման մասին, վերահսկում է տպարանների գործունեությունը և զբաղվում է իրավական ու ֆինանսական հարցերով։ Կադրերի կոմիտեի պատասխանատվությունն է հոգալ Բեթելի ընտանիքի անդամների ֆիզիկական և հոգևոր բարօրության մասին և հրավիրել նոր անհատների աշխարհի տարբեր Բեթելներում ծառայելու համար։
Կան նաև այլ կոմիտեներ, որոնք հոգ են տանում տպարանների, Բեթելների և գլխավոր վարչության ֆերմաների մասին։ Այդ կոմիտեներում ծառայելու համար Կառավարիչ մարմինը նշանակում է նաև «մեծ բազմության» անդամներին՝ օգտագործելով նրանց ունակությունները (Հայտն. 7։9, 15)։
Փոփոխություններ արվեցին նաև Ընկերության մասնաճյուղերի գործունեությունը վերահսկելու հարցում։ 1976-ի փետրվարի 1-ից սկսած՝ յուրաքանչյուր մասնաճյուղի գործունեություն վերահսկում էր մասնաճյուղի կոմիտեն, որը բաղկացած էր երեք կամ ավելի հոգուց՝ կախված մասնաճյուղի մեծությունից և կարիքներից։ Այդ կոմիտեները գործում են Կառավարիչ մարմնի առաջնորդության ներքո և հոգ են տանում տվյալ երկրում Թագավորության գործը առաջ տանելու մասին։
1992-ին Կառավարիչ մարմինը հավելյալ օգնություն ստացավ, երբ մի շարք անհատներ, որոնց մեծ մասը մեծ բազմության անդամներ էին, նշանակվեցին մասնակցելու գրական, ուսումնական, ծառայողական, հրատարակչական և կադրերի կոմիտեների հանդիպումներին, ինչպես նաև նրանց հանձնարարված գործինe։
Պատասխանատվությունների այսպիսի բաշխումը մեծ օգուտներ է բերել։ Ժողովներում կատարված փոփոխությունների հետ միասին՝ այդ ամենը օգնել է վերացնել ցանկացած խոչընդոտ, որը կարող էր խանգարել ժողովի անդամներին հասկանալու, որ ժողովի Գլուխը Քրիստոսն է։ Փաստերը ցույց են տվել, որ օգտավետ է, երբ մի քանի եղբայրներ միասին են խորհրդակցում Թագավորության գործին առնչվող հարցերի շուրջ։ Բացի այդ, կազմակերպության կառույցի մեջ կատարված փոփոխությունները հնարավորություն են ընձեռել անհրաժեշտ հսկողություն իրականացնել շատ բնագավառներում, որոնցում անհապաղ քայլեր ձեռնարկելու կարիք է եղել, և դա արվել է այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ կազմակերպության մեջ աննախադեպ աճ էր տեղի ունենում։ Դեռ վաղուց Եհովան Եսայիա մարգարեի միջոցով հայտնել էր. «Քիչը հազար կդառնա, ու ամենափոքրը՝ հզոր ազգ։ Ես՝ Եհովաս, կարագացնեմ դա իր ժամանակին» (Ես. 60։22)։ Նա ոչ միայն արագացրել է, այլ նաև անհրաժեշտ առաջնորդություն է տվել, որպեսզի իր տեսանելի կազմակերպությունը կարողանա հոգալ արագ աճի մասին։
Եհովայի վկաներին գլխավորապես հետաքրքրում է այն գործը, որ Աստված հանձնարարել է նրանց կատարել այս համակարգի վերջին օրերում, և նրանք կազմակերպված են այդ գործը կատարելու համար։ Ունենալով անհերքելի փաստեր՝ Եհովայի վկաները համոզված են, որ այս կազմակերպությունը պատկանում է ոչ թե որևէ մարդու, այլ Աստծուն, և որ նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը առաջնորդում է այն։ Իշխելով որպես Թագավոր՝ Հիսուսը կպաշտպանի իր հավատարիմ հպատակներին՝ փրկելով նրանց գալիք մեծ նեղությունից, և հոգ կտանի, որ նրանք կազմակերպված կատարեն Աստծու կամքը գալիք Հազարամյակի ընթացքում։
[ծանոթագրություններ]
a 1894-ին եղբայր Ռասելի նախաձեռնությամբ «Սիոնի Դիտարանի և թերթիկի ընկերությունը» հմուտ եղբայրների ուղարկեց տարբեր վայրեր՝ ելույթներ ներկայացնելու։ Նրանց տրվում էր ստորագրված վկայական, որով նրանք պետք է ներկայանային տեղի խմբերին։ Այդ վկայականները եղբայրներին քարոզելու հատուկ լիազորություն չէին տալիս, նաև դրանք ունենալը չէր նշանակում, որ հռետորի խոսքերը հարկավոր է ընդունել՝ առանց Աստծու Խոսքի լույսի ներքո մանրամասնորեն քննելու։ Սակայն քանի որ ոմանք սխալ էին մեկնաբանում այդ վկայականների նպատակը, մեկ տարվա ընթացքում եղբայր Ռասելը հետ վերցրեց դրանք։ Նա զգուշություն էր դրսևորում և ջանում էր խուսափել ցանկացած բանից, ինչը կարող էր այնպիսի տպավորություն ստեղծել, թե հոգևորական դաս գոյություն ունի։
b «Սիոնի Դիտարան», 1881, հոկտեմբեր-նոյեմբեր, էջ 8, 9։
c Այն ժամանակ Աստվածաշունչ ուսումնասիրողների խմբերը երբեմն կոչվում էին «եկեղեցիներ»՝ համաձայն «Ջեյմս թագավորի թարգմանության»։ Դրանք նաև կոչվում էին «էկլեսիաներ»՝ համաձայն Աստվածաշնչի հունարեն տեքստի։ Բացի այդ, գործածվում էր «խմբակ» բառը, քանի որ նրանք իրականում ուսումնասիրողների խումբ էին, որ կանոնավորաբար հանդիպում էին ուսումնասիրություններ անելու համար։ Հետագայում այդ խմբերը, «Ջեյմս թագավորի թարգմանության» համաձայն, կոչվեցին «միավորումներ» («միավորում» թարգմանված եբրայերեն բառը նշանակում է «բանակ»), ինչը ցույց էր տալիս, որ Աստվածաշունչ ուսումնասիրողները գիտակցում էին, որ հոգևոր պատերազմ են մղում (տե՛ս Սաղմոս 68։11, Ջեյմս թագավորի թարգմանություն, լուսանցք)։ Երբ 1950թ.-ին լույս տեսավ «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը», բազմաթիվ երկրներում գործածության մեջ մտավ ներկայումս հայտնի աստվածաշնչյան «ժողով» բառը։
d Աստվածաշնչի հունարեն տեքստում գործածված բառը (խիրոտոնեո) նշանակում է «ձեռքը մեկնել, պարզել կամ բարձրացնել», իսկ ավելի լայն իմաստով այն կարող է նաև նշանակել «ինչ-որ պաշտոնի համար ընտրել՝ ձեռքերը բարձրացնելով» (A Greek and English Lexicon to the New Testament, Ջոն Պարկերստ, 1845, էջ 673)։
e Մանրամասն տեղեկությունների համար տե՛ս 25-րդ գլուխը՝ «Քարոզում են հրապարակորեն և տնից տուն» վերնագրով։
f 1919թ.-ից սկսած՝ ժողովի, կամ՝ խմբակի հետ համագործակցող քարոզիչները պետք է ամեն շաբաթ ծառայողական ղեկավարի միջոցով իրենց ծառայության հաշվետվությունները ներկայացնեին Ընկերությանը։
g Ինչպես նշվում էր «Կազմակերպչական մեթոդ» վերնագրով հրատարակության մեջ, յուրաքանչյուր ժողով պետք է ընտրեր ղեկավարի օգնական և պահեստապետ։ Վերջիններս, Ընկերության կողմից նշանակված ղեկավարի հետ, կազմում էին տվյալ ժողովի ծառայողական կոմիտեն։
h «Դիտարան», 1920, հուլիսի 1, էջ 195–200։
i Այն ժամանակ ծառայողական կոմիտեի անդամների թիվը տասից չէր անցնում։ Նրանցից մեկը ծառայողական ղեկավարն էր, որին ոչ թե ժողովն էր ընտրում, այլ նշանակում էր Ընկերությունը։ Մյուսները նրա հետ համագործակցում էին քարոզչական գործը կազմակերպելու և իրականացնելու հարցում։
j 1932թ.-ից հետո մի քանի տարի այդ անհատներին կոչում էին «հովնադաբներ»։
k Եթե հունարեն խիրոտոնեո բայի համար տրվի միայն «ընտրել՝ պարզելով ձեռքը» սահմանումը, այդ դեպքում կանտեսվի այդ բառի հետագա նշանակությունը։ Լիդելի և Սկոտի Հունարեն-անգլերեն բառարանում, որը խմբագրվել է Ջոնսի և Մակքենզիի կողմից և վերահրատարակվել է 1968-ին, այդ բառը սահմանվում է այսպես. «Պարզել ձեռքը՝ժողովում քվեարկելու նպատակով.... II. հայց. [հայցական հոլովով՝ անձ ցույց տվող առարկայի դեպքում], ընտրել՝ սովորաբար ձեռքը բարձրացնելով.... բ) հետագայում գլխավորապես՝ նշանակել.... նշանակել ինչ-որ պաշտոնի Եկեղեցում, [պրեսբիտերոս] Առ. գրծ. [Առաքյալների գործեր] 14.23» (A Greek-English Lexicon)։ Այս վերջին նշանակությունը տարածված էր առաքյալների օրերում. այդ բառը նույն իմաստով գործածել է նաև հրեա պատմաբան Հովսեպոսը իր՝ «Հրեական հնախոսություն» աշխատության մեջ (գիրք 6, գլուխ 4, պարբերություն 2 և գլուխ 13, պարբերություն 9)։ Հունարեն տեքստում Գործեր 14։23-ի քերականական կառույցը ցույց է տալիս, որ համարում նկարագրված գործողությունը կատարում են Պողոսն ու Բառնաբասը։
l Ավելի ուշ՝ այդ նույն տարի՝ 1938-ին, լույս տեսավ «Կազմակերպչական հրահանգներ» վերնագրով 4-էջանոց մի գրքույկ, որում հավելյալ մանրամասնություններ էին տրվում։ Այնտեղ բացատրվում էր, որ տեղի ժողովը պետք է նշանակեր մի կոմիտե, որը կգործեր ժողովի անունից։ Այդ կոմիտեն պետք է քններ, թե արդյոք եղբայրները համապատասխանում էին Աստվածաշնչում նշված չափանիշներին, և նրանց թեկնածությունը առաջադրեր Ընկերությանը։ Երբ Ընկերության շրջագայող ներկայացուցիչները այցելում էին ժողովներ, նրանք նույնպես քննում էին, թե տեղի եղբայրներն արդյոք համապատասխանում էին պահանջներին և արդյոք հավատարմորեն կատարում էին իրենց հանձնարարությունները։ Նշանակումներ անելիս Ընկերությունը հաշվի էր առնում նաև նրանց կարծիքը։
a 1894–1927 թվականների ընթացքում Ընկերության կողմից ուղարկված շրջագայող հռետորները սկզբում կոչվում էին «Դիտարան ընկերության» ներկայացուցիչներ, ապա պիլիգրիմներ։ Իսկ 1928–1936 թվականներին, երբ ավելի մեծ էր շեշտ դրվում քարոզչական ծառայության վրա, նրանք կոչվեցին տարածաշրջանային ծառայողական ղեկավարներ։ 1936-ի հուլիսից սկսած՝ նրանց անվանում էին տարածաշրջանային ծառայողներ՝ ընդգծելու համար նրանց պատշաճ փոխհարաբերությունները ժողովի եղբայրների հետ։ Իսկ 1938–1941 թվականներին մի խումբ եղբայրներ նշանակվեցին որպես զոնալ ծառայողներ, որոնք հերթականությամբ պետք է պարբերաբար այցելեին սահմանափակ թվով ժողովներ։ 1942-ին՝ մեկ տարվա ընդմիջումից հետո վերսկսվեց շրջագայական ծառայությունը, իսկ այդ գործը կատարողները սկսեցին կոչվել եղբայրակցության ծառայողներ։ 1948-ին նրանք կոչվեցին շրջանային ծառայողներ։ Այժմ կոչվում են շրջանային վերակացուներ։
1938–1941 թվականներին տարածաշրջանային ծառայողները հավելյալ պատասխանատվություն ստացան. նրանք պետք է աջակցեին տեղի համաժողովները կազմակերպելու գործին։ Այդ համաժողովների ժամանակ որոշակի տարածքում (զոնա) ապրող Վկաները հավաքվում էին՝ հատուկ ծրագիր լսելու։ Երբ 1946-ին այդ գործը վերսկսվեց, այդ շրջագայող վերակացուները կոչվեցին մարզային ծառայողներ, իսկ այժմ նրանք կոչվում են մարզային վերակացուներ։
b Այս միջոցառումը սկսեց գործել 1938-ի հոկտեմբերի 1-ից։ Պատերազմի տարիներին գնալով դժվարանում էր համաժողովներ կազմակերպելու գործը, ուստի 1941-ի վերջերին զոնալ համաժողովները դադարեցվեցին։ Սակայն 1946-ին դարձյալ սկսեցին համաժողովներ կազմակերպվել, և այդ հանդիպումները, որոնց ներկա էին լինում մի քանի ժողովներ և հատուկ կրթություն ստանում, կոչվեցին շրջանային համաժողովներ։
c Այդ ելույթների բովանդակությունը տպագրվել է «Դիտարանի» 1944-ի հոկտեմբերի 15-ի և նոյեմբերի 1-ի թողարկումներում։
d Հետագայում Կառավարիչ մարմինը ընտրեց Բեթելի ընտանիքից այլ անդամների, որպեսզի նրանք էլ կատարեն այդ պատասխանատվությունները։
e «Դիտարան», 1992, ապրիլի 15, էջ 7–17, 31։
[մեջբերում 204-րդ էջի վրա]
Նրանց մեջ չկար հոգևորական դաս
[մեջբերում 205-րդ էջի վրա]
Նրանք չէին փորձում ստեղծել ինչ-որ «երկրային կազմակերպություն»
[մեջբերում 206-րդ էջի վրա]
Ինչպե՞ս էին ընտրվում երեցները
[մեջբերում 212-րդ էջի վրա]
Ընկերության կողմից նշանակվում էր մի ղեկավար
[մեջբերում 213-րդ էջի վրա]
Որոշ երեցներ չէին ցանկանում քարոզել մարդկանց
[մեջբերում 214-րդ էջի վրա]
Վկաների թիվը նվազեց, բայց կազմակերպությունն ընդհանուր առմամբ ամրացավ
[մեջբերում 218-րդ էջի վրա]
Ինչպե՞ս պետք է կատարվեին նշանակումները
[մեջբերում 220-րդ էջի վրա]
Արդյո՞ք Ռադերֆորդը ձգտում էր ավելի մեծ հսկողություն բանեցնել
[մեջբերում 222-րդ էջի վրա]
Կապ էին պահում խմբերի հետ՝ լինեին դրանք երկու-երեք հոգուց բաղկացած, թե ավելի մեծ
[մեջբերում 223-րդ էջի վրա]
Նոր պատասխանատվություններ շրջագայող վերակացուների համար
[մեջբերում 234-րդ էջի վրա]
Կառավարիչ մարմնի անդամների թիվն ավելացավ, և նրանք հերթականությամբ ծառայում էին որպես նախագահող
[մեջբերում 235-րդ էջի վրա]
Անհրաժեշտ վերահսկողություն աննախադեպ աճի ժամանակաշրջանում
[շրջանակ 207-րդ էջի վրա]
Ինչո՞ւ փոփոխություններ տեղի ունեցան
Երբ Չ. Թ. Ռասելին հարցրին, թե ինչու նա փոխեց իր տեսակետը Տիրոջ ժողովրդի տարբեր խմբերում երեցներ ընտրելու վերաբերյալ, նա պատասխանեց.
«Նախևառաջ շտապում եմ տեղեկացնել ձեզ, որ ես երբեք չեմ ասել, թե անսխալ եմ.... Մենք չենք ժխտում, որ աճում ենք գիտության մեջ և այժմ մի փոքր այլ լույսի ներքո ենք տեսնում, թե ինչպիսին է Տիրոջ կամքը նրա ժողովրդի փոքր խմբերում երեցների կամ առաջնորդների առնչությամբ։ Մեր սխալն այն էր, որ մենք շատ մեծ ակնկալիքներ ունեինք մեր թանկագին եղբայրներից, որոնք հենց սկզբում Ճշմարտությունն ընդունելով՝ դարձել էին այդ փոքր միավորումների առաջնորդները։ Մենք մեր մտքերում անկեղծորեն հավատում էինք, որ Ճշմարտությունն իմանալը նրանց խոնարհ կդարձներ, և նրանք կընդունեին իրենց աննշան լինելը և կհասկանային, որ այն ամենը, ինչ իմացել են և կարողացել են ուրիշներին փոխանցել, եղել է միայն այն բանի շնորհիվ, որ Աստված է իրենց օգտագործել որպես իր խոսնակների։ Մենք հույս ունեինք, որ նրանք բոլոր առումներով օրինակ կծառայեին հոտին, և որ Տիրոջ առաջնորդությամբ փոքր միավորումների մեջ կլինեին մեկ կամ ավելի եղբայրներ, որոնք նույնչափ կամ ավելի հմուտ կլինեին Ճշմարտությունը ներկայացնելու հարցում, նաև որ սիրո ոգին կմղեր նրանց միմյանց ավելի մեծ պատվի արժանացնելու, ու այդպիսով նրանք կօգնեին ու կհորդորեին իրար ծառայելու Եկեղեցուն՝ Քրիստոսի մարմնին։
Ուստի մենք մտածում էինք, որ այսօր Տիրոջ նվիրված ժողովուրդը ավելի մեծ շնորհի է արժանացել և ավելի լավ է հասկանում ճշմարտությունը, հետևաբար կարիք չունի հետևելու վաղ Եկեղեցու առաքյալների օրինակին։ Մեր սխալն այն էր, որ մենք չէինք հասկանում, որ Աստծու հսկողության ներքո առաքյալների հիմնած կառույցը ավելի վեհ է, քան որևէ մեկի ստեղծած ցանկացած այլ կառույց։ Նաև չէինք հասկանում, որ ողջ Եկեղեցին պետք է հետևի առաքյալների հաստատած կարգին այնքան ժամանակ, մինչև որ փոխվենք՝ հարություն ստանալով, և բոլորս հասնենք կատարելության ու միանանք Տիրոջը։
Աստիճանաբար մենք հասկացանք մեր սխալը, երբ մեր սիրելի եղբայրների մեջ մրցակցության ոգի նկատեցինք։ Նաև նկատեցինք, որ շատերը հանդիպումների ժամանակ առաջնորդություն վերցնելիս դա համարում էին ոչ թե ծառայություն, այլ պաշտոն։ Նրանք նաև իրենց շարքերից դուրս էին մղում և թույլ չէին տալիս առաջադիմել ու դառնալ առաջնորդներ մյուս եղբայրներին, որոնք նույնպիսի ունակություններ և նույնչափ գիտելիքներ ունեն Ճշմարտության մասին և կարողանում են հմտորեն գործածել Ոգու սուրը» («Սիոնի Դիտարան», 1906, մարտի 15, էջ 90)։
[շրջանակ/նկարներ 208-րդ, 209-րդ էջերի վրա]
Շինություններ, որոնք օգտագործվել են ավելի քան 100 տարի առաջ Պիտսբուրգի շրջանում
Գլխավոր վարչությունը 19 տարի գտնվել է այստեղ պատկերված շենքում՝ «Աստվածաշնչի տանը», 1890-ից մինչև 1909 թվականըf։
Այստեղ գտնվել է եղբայր Ռասելի գրասենյակը
«Աստվածաշնչի տան» ընտանիքի անդամները, 1902
Այս շենքում էին գտնվում շարվածքի բաժինը (վերևում՝ աջ կողմում), առաքման բաժինը (ներքևում՝ աջ կողմում), գրականության պահեստը, բնակելի սենյակները և ժողովի հանդիպումների համար նախատեսված սրահը, որտեղ կարող էր տեղավորվել մոտ 300 մարդ։
[ծանոթագրություն]
f Գլխավոր վարչությունը գտնվել է հետևյալ հասցեներում՝ 1879՝ Փենսիլվանիա, Պիտսբուրգ, Հինգերորդ Ավենյու, 101։ 1884՝ Ալեգեյնի (Պիտսբուրգի հյուսիս), Ֆեդերալ Սթրիթ, 44։ 1884՝ ավելի ուշ՝ Ֆեդերալ Սթրիթ, 40 (1887-ին վերանվանվեց Ռոբինսոն Սթրիթ, 151)։ Երբ ավելի մեծ տարածքի կարիք առաջացավ, 1889-ին եղբայր Ռասելը Ալեգեյնիում՝ Արչ Սթրիթ, 56–60 հասցեում, կառուցեց «Աստվածաշնչի տունը» (ձախ կողմի նկարը)։ Հետագայում հասցեն վերանվանվեց Արչ Սթրիթ, 610–614։ 1918–1919-ին կարճ ժամանակով գլխավոր վարչությունը գտնվում էր Պիստբուրգի Ֆեդերալ Սթրիթ, 119 հասցեում՝ շենքի երրորդ հարկում։
[շրջանակ 211-րդ էջի վրա]
Ո՞վ է կատարում գործը
Իր կյանքի վերջին օրերում Չարլզ Թեյզ Ռասելը գրեց. «Աստծու ժողովուրդը հաճախ է մոռանում, որ Տերն ինքն է գլխավորում իր գործը։ Հաճախ ենք մտածում, որ մենք կանենք գործը, իսկ Աստված կհամագործակցի մեզ հետ։ Եկեք փորձենք ամեն բան ճիշտ լույսի ներքո տեսնել և գիտակցենք, որ Աստված նպատակադրել է և իրականացնում է ահռելի մի գործ, և այն անպայման կիրագործվի՝ անկախ մեզանից ու մեր ջանքերից, և Աստծու ժողովրդին մեծ առանձնաշնորհում է տրվել լինելու իրենց Արարչի համագործակիցները, մինչ նա, իր կամքի համաձայն, իրականացնում է իր նպատակները, մտադրությունները և ծրագրերը։ Իրերին նայելով այս տեսանկյունից՝ պետք է աղոթենք ու զգոն լինենք, որպեսզի իմանանք ու կատարենք Տիրոջ կամքը և գոհ լինենք այն դերի համար, որ մենք պետք է կատարենք, քանի որ մեր Աստվածն է առաջնորդում մեզ։ Ահա սա է այն կարգը, որին հետևում է «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերությունը» («Դիտարան», 1915, մայիսի 1)»։
[շրջանակ/նկար 215-րդ էջի վրա]
V.D.M. հարցաթերթիկը
V.D.M. հապավումը լատիներեն «Verbi Dei Minister» արտահայտությունն է, որը թարգմանաբար նշանակում է՝ «Աստծու Խոսքի ծառայող»։
1916թ.-ին Ընկերությունը կազմել էր աստվածաշնչյան հարցերի մի ցուցակ։ Բոլոր նրանք, ովքեր հանդես էին գալու որպես Ընկերության հռետորներ, պետք է գրավոր պատասխանեին ներքոհիշյալ հարցերին։ Դա հնարավորություն էր տալիս Ընկերությանը իմանալու, թե ինչ են մտածում այդ եղբայրները, ինչ տեսակետներ ունեն և ինչպես են հասկանում աստվածաշնչյան հիմնական ճշմարտությունները։ Գրավոր պատասխանները ուշադրությամբ քննում էր Ընկերության կողմից նշանակված քննական հանձնաժողովը։ Նրանք, ովքեր ճիշտ էին պատասխանում հարցերի 85 տոկոսից ավելիին, կարող էին նշանակվել որպես հռետորներ։
Ավելի ուշ շատ Աստվածաշունչ ուսումնասիրողներ, որոնց մեջ կային բազմաթիվ երեցներ ու սարկավագներ, նույնպես խնդրեցին այս հարցաթերթիկը։ Ժամանակի ընթացքում որոշվեց, որ օգտակար կլինի, որ խմբակները իրենց համար ներկայացուցիչներ ընտրեն միայն նրանց, ովքեր ստացել էին V.D.M.-ի որակավորում։
Երբ Ընկերությունը որևէ մեկին տալիս էր Աստծու Խոսքի ծառայողի որակավորում, դա չէր նշանակում, որ այդ անհատը հոգևոր ինչ-որ աստիճան էր ստանում։ Դա պարզապես ցույց էր տալիս, որ Ընկերության քննական հանձնաժողովը քննել է, թե անհատը որքան լավ գիտի սուրբգրային ուսմունքները, ինչպես նաև ողջամտության սահմաններում հաշվի է առել, թե նա ինչ համբավ ունի, և որոշել է, որ նա արժանի է կոչվելու Աստծու Խոսքի ծառայող։
Հարցաթերթիկի հարցերն էին՝
1. Ո՞րն էր Աստծու առաջին ստեղծագործությունը։
2. Ի՞նչ նշանակություն ունի «Լոգոս» բառը Աստծու Որդու առնչությամբ, և ի՞նչ իմաստ են կրում «Հայր» և «Որդի» բառերը։
3. Ե՞րբ և ինչպե՞ս մեղքը մտավ աշխարհ։
4. Ո՞րն է մեղքի համար Աստծու սահմանած պատիժը։ Եվ ովքե՞ր են մեղսագործները։
5. Ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ «Լոգոսը» ծնվեր որպես մարդ։ Եվ արդյո՞ք նա «մարմնավորվել էր»։
6. Ինչպիսի՞ն էր իր էությամբ Հիսուս Քրիստոսը մանկությունից մինչև մահ։
7. Ինչպիսի՞ն դարձավ Հիսուսը հարությունից հետո, և ինչպիսի՞ դիրք ունի՝ Եհովայի հետ համեմատած։
8. Ի՞նչ գործ է անում Հիսուսը «ավետարանելու դարաշրջանի» ընթացքում՝ Պենտեկոստեից մինչև մեր օրերը։
9. Մինչ այժմ ի՞նչ են արել մարդկության համար Եհովա Աստված և Հիսուսը։
10. Ո՞րն է Աստծու նպատակը Եկեղեցու առնչությամբ, երբ նրա բոլոր անդամները հավաքված լինեն։
11. Ո՞րն է Աստծու նպատակը մարդկության առնչությամբ։
12. Ի՞նչ է սպասվում այն մեղավորներին, որոնք չեն ուղղվում։
13. Ի՞նչ վարձատրություն և օրհնություններն են սպասում այն մարդկանց, ովքեր հնազանդվում են Մեսիական Թագավորությանը։
14. Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի մեղսագործը, որպեսզի կենսական կարևորություն ունեցող փոխհարաբերություններ զարգացնի Քրիստոսի և երկնային Հոր հետ։
15. Համաձայն Աստծու Խոսքի՝ ինչպիսի՞ կյանքով պետք է ապրի անհատը սուրբ ոգուց ծնվելուց հետո։
16. Մեղավոր ընթացքդ թողե՞լ ես կենդանի Աստծուն ծառայելու համար։
17. Քո կյանքը, ուժը և ընդունակությունները ամբողջությամբ նվիրե՞լ ես Տիրոջը և նրան ծառայելուն։
18. Նվիրումդ խորհրդանշե՞լ ես ջրի մկրտությամբ։
19. Որպես Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողների միության անդամ տվե՞լ ես կյանքի սրբության երդում։
20. Ամենայն ուշադրությամբ ընթերցե՞լ ես «ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ» ժողովածուի վեց հատորները։
21. Արդյոք օգուտներ ստացա՞ր և հասկացողությունդ խորացա՞վ այդ ընթերցանությունից։
22. Կարծո՞ւմ ես արդյոք, որ ունես աստվածաշնչյան խոր և մնայուն գիտելիքներ, որոնք քո ողջ կյանքի ընթացքում կօգնեն քեզ լինելու Տիրոջ ավելի հմուտ ծառա։
[շրջանակ/նկարներ 216-րդ, 217-րդ էջերի վրա]
Բրուքլինի շենքերը, որոնք օգտագործվում էին սկզբնական շրջանում
Բեթել
Կոլումբիա Հայթս, 122–124
Բեթելի ճաշարանը
Խորանը
1909–1918-ին Հիկս Սթրիթ, 17 հասցեում գտնվում էին գրասենյակները, գրականության պահեստը, առաքման բաժինը, շարվածքի սարքավորումները և 800-տեղանոց սրահը
Սրահը
Առաջին տպարանները
Միրտլ Ավենյու, 35 (1920–1922)
Բեթելի ընտանիքի անդամները, որոնք 1920-ին աշխատում էին Միրտլ Ավենյու հասցեում գտնվող տպարանում (աջ կողմում)
Կոնկորդ Սթրիթ, 18 (1922–1927)
Ադամս Սթրիթ, 117 (1927– )
[շրջանակ/նկարներ 224-րդ, 225-րդ էջերի վրա]
Շրջագայող վերակացուներ
Հազարավորներից մի քանիսը
Կանադա, 1905–1933
Անգլիա, 1920–1932
Ֆինլանդիա, 1921–1926, 1947–1970
ԱՄՆ, 1907–1915
Այցելում են ժողովներ
Գրենլանդիա
Վենեսուելա
Լեսոթո
Մեքսիկա
Պերու
Սիերա Լեոնե
Տուն անիվների վրա, Նամիբիա
Քարոզում են տեղի Վկաների հետ, Ճապոնիա
Հանդիպում երեցների հետ, Գերմանիա
Գործնական խորհուրդներ են տալիս ռահվիրաներին, Հավայի
Կերտում են ժողովները, Ֆրանսիա
[շրջանակ/նկար 229-րդ էջի վրա]
Իրավաբանական միավորումները
«Սիոնի Դիտարանի և թերթիկի ընկերություն»։ Հիմնվել է 1881-ին, իսկ 1884-ի դեկտեմբերի 15-ին գրանցվել է Փենսիլվանիա նահանգում՝ որպես իրավաբանական միավորում։ 1896-ին այն վերանվանվեց «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերություն»։ Իսկ 1955-ից սկսած՝ կոչվեց «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերություն» (Փենսիլվանիա)։
«Ազգերի քարոզիչների միություն»։ Հիմնվել է 1909-ին՝ գլխավոր վարչությունը Բրուքլին (Նյու Յորք) տեղափոխելու համար։ 1939-ին այն վերանվանվեց և կոչվեց «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերություն, Ինկ.»։ Իսկ 1956-ից սկսեց կոչվել «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերություն, Ինկ.» (Նյու Յորք)։
«Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողների միություն»։ Գրանցվել է Լոնդոնում (Անգլիա) 1914-ի հունիսի 30-ին։
Եհովայի վկաները օրենքի պահանջների համաձայն՝ բազմաթիվ տարածքներում ու երկրներում հիմնեցին մի շարք այլ իրավաբանական միավորումներ։ Այդուհանդերձ, նրանք չեն բաժանվում ազգային կամ տարածաշրջանային կազմակերպությունների։ Եհովայի վկաները համաշխարհային միասնական եղբայրություն են։
[շրջանակ 234-րդ էջի վրա]
«Նման են առաջին քրիստոնյաներին»
1956թ. հուլիսին մի կրոնական պարբերականում ասվում էր. «Իրենց կազմակերպչական կառույցով և քարոզչական գործով նրանք [Եհովայի վկաները] բոլոր խմբերից առավել նման են առաջին քրիստոնյաներին.... Քիչ խմբեր կան, որոնք նրանց նման՝ թե՛ բանավոր և թե՛ գրավոր կերպով այդքան հաճախ հղում են անում Աստծու Խոսքին» (Interpretation)»։
[նկար 210-րդ էջի վրա]
Ավելի լավ վերահսկողություն իրականացնելու համար հիմնվում էին մասնաճյուղեր։ Առաջինը բացվեց Լոնդոնի (Անգլիա) այս շենքում
[նկար 221-րդ էջի վրա]
Ջ. Ֆ. Ռադերֆորդը 1941թ.-ին։ Վկաները նրան իրենց առաջնորդը չէին համարում
[նկար 226-րդ էջի վրա]
Ջոն Բուտը 1936–1941թթ.-ին ԱՄՆ-ում ծառայել է որպես շրջագայող վերակացու
[նկար 227-րդ էջի վրա]
Քերի Բարբերը այցելում էր մի մարզ, որն ընդգրկում էր Միացյալ Նահանգների մի հսկայական տարածք
[նկար 228-րդ էջի վրա]
Եղբայր Նորը կանոնավորաբար այցելում էր բոլոր մասնաճյուղերն ու միսիոներական տները
[նկար 230-րդ էջի վրա]
Ընկերության մասնաճյուղերի վերակացուները հրավիրվել են հատուկ կրթություն ստանալու (Նյու Յորք, 1958)
[նկարներ 231-րդ էջի վրա]
Թագավորական ծառայության դպրոցը արժեքավոր կրթություն է տվել աշխարհի տարբեր մասերում ծառայող վերակացուներին
Թագավորական ծառայության դպրոցը 1978-ին Թաիլանդում՝ փախստականների ճամբարում, և 1966-ին Ֆիլիպիններում (վերևում՝ ձախ անկյունում)
[նկարներ 232-րդ էջի վրա]
Կազմակերպչական հրահանգներ պարունակող հրատարակություններ (սկզբում՝ անգլերեն, հետո նաև այլ լեզուներով)։ Օգնում են Վկաներին գործել կազմակերպված ձևով և տեղյակ լինել, թե ինչ միջոցներ կան իրենց ծառայությունը արդյունավետորեն կատարելու համար