Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • jv գլ. 8 էջ 90–էջ 107 պարբ. 2
  • Անդադար հռչակում են բարի լուրը (1942–1975)

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Անդադար հռչակում են բարի լուրը (1942–1975)
  • Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Մենք չենք թողնի Տիրոջը»
  • Հնչեց հրահանգը՝ առա՛ջ գնա
  • Կրթության նոր ժամանակաշրջան
  • Հավատով հիմնադրված դպրոց
  • Կազմակերպչական աշխատանքներ պատերազմից հետո
  • Պատրաստված են որպես ուսուցիչներ
  • Հռչակման գործը առաջ է գնում
  • Աստվածապետության աճը
  • Լայնածավալ կրթական ծրագիր տնետուն ծառայության համար
  • Բավարարում են համաշխարհային եղբայրության կարիքները
  • Կրթություն Աստծու կամքի վերաբերյալ
  • Զորացած՝ «հավատի մեջ հաստատ կանգնելու» համար
  • «Ի՞նչ է նշանակում 1975 թվականը»
  • Գործը արագացնելու միջոց
  • «Պետք է որ արդյունավետ լինի, չէ՞ որ սա Եհովայի առաջնորդությունն է»
  • Կազմակերպության կառույցի զարգացումը
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Համաժողովները մեր եղբայրության ապացույցն են
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Եհովայի խոսքը շարունակում է արագորեն տարածվել (1976–1992)
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Հիշարժան դեպքեր Եհովայի վկաների ժամանակակից պատմությունից
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
Ավելին
Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
jv գլ. 8 էջ 90–էջ 107 պարբ. 2

Գլուխ 8

Անդադար հռչակում են բարի լուրը (1942–1975)

«ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԱՍՏՎԱԾԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ.

1942թ. հունվարի 8-ին մեր սիրելի եղբայր Ռադերֆորդը ավարտեց իր հավատարիմ ընթացքը երկրի վրա.... Նա ուրախանում և մխիթարվում էր՝ տեսնելով և իմանալով, որ Տիրոջ բոլոր վկաները հետևում են ոչ թե որևէ մարդու, այլ Թագավոր Հիսուս Քրիստոսին՝ ընդունելով նրան որպես Առաջնորդ, և նրանք կատարյալ միասնությամբ կշարունակեն գործը» (հատված եղբայր Ռադերֆորդի մահվան լուրը հայտնող նամակից)a։

ԵՂԲԱՅՐ Ռադերֆորդի մահվան լուրը ցնցեց ամբողջ աշխարհի Եհովայի վկաներին։ Թեև շատերը գիտեին, որ նա հիվանդ է, սակայն չէին սպասում, որ նա այդքան շուտ կմահանա։ Բոլորին վշտացրել էր իրենց սիրելի եղբոր մահվան լուրը։ Սակայն նրանք վճռել էին «շարունակել գործը», այն է՝ հռչակել Աստծու Թագավորությունը, քանի որ նրանք չէին մտածում, թե Ջ. Ֆ. Ռադերֆորդն է իրենց առաջնորդը։ Չարլզ Է. Վագները, որը աշխատել էր եղբայր Ռադերֆորդի հետ, ասում է. «Բոլոր եղբայրները վաղուց արդեն համոզվել էին, որ Եհովայի գործի առաջխաղացումը կախված չէ որևէ մարդուց»։ Այդուհանդերձ, անհրաժեշտ էր, որ որևէ մեկը ստանձներ այն պատասխանատվությունները, որ կրում էր եղբայր Ռադերֆորդը՝ որպես «Դիտարան ընկերության» նախագահ։

«Մենք չենք թողնի Տիրոջը»

Եղբայր Ռադերֆորդը ցանկանում էր, որ Եհովայի վկաները անդադար հռչակեն բարի լուրը։ Ուստի 1941-ի դեկտեմբերի կեսերին՝ իր մահից մի քանի շաբաթ առաջ, նա իր մոտ կանչեց Եհովայի վկաների երկու գլխավոր իրավաբանական միավորումների կազմում ծառայող տնօրեններից չորսին և խորհուրդ տվեց նրանց, որ իր մահից անմիջապես հետո որքան հնարավոր է շուտ տնօրենների երկու խորհուրդների անդամները նիստ գումարեն և ընտրեն նոր նախագահ ու փոխնախագահ։

1942թ. հունվարի 13-ին՝ Ռադերֆորդի մահից ընդամենը 5 օր անց, երկու իրավաբանական անձանց տնօրենների խորհուրդների բոլոր անդամները հավաքվեցին Բրուքլինի Բեթելում։ Դրանից մի քանի օր առաջ Ընկերության փոխնախագահը՝ 36-ամյա Նաթան Հ. Նորը, բոլորին հորդորել էր, ջերմեռանդորեն աղոթելով և խորհրդածելով, Աստծուց իմաստություն խնդրել։ Խորհուրդների անդամները գիտակցում էին, որ ընտրված նախագահը ոչ միայն պետք է ղեկավարի «Դիտարան ընկերության» իրավաբանական գործերը, այլև պետք է լինի կազմակերպության գլխավոր վերակացուն։ Ո՞վ ուներ անհրաժեշտ հոգևոր որակներ Եհովայի գործի մասին հոգ տանելու այս ծանրակշիռ պատասխանատվությունները իր ուսերին վերցնելու համար։ Հանդիպումը բացվեց աղոթքով։ Հարցի մանրամասն քննությունից հետո եղբայր Նորը միաձայն ընտրվեց որպես երկու իրավաբանական միավորումների նախագահ, իսկ Ընկերության իրավաբան 30-ամյա Հեյդեն Կ. Քովինգտոնը՝ որպես փոխնախագահb։

Նույն օրը՝ ավելի ուշ, Ու. Է. վան Ամբուրգը՝ Ընկերության գանձապահը, Բեթելի ընտանիքին հայտարարեց ընտրության արդյունքները։ Ռ. Է. Աբրահամսոնը, որը ներկա էր, երբ հնչեց այդ հայտարարությունը, հիշում է եղբայր Վան Ամբուրգի խոսքերը. «Հիշում եմ այն ժամանակները, երբ եղբայր Ռասելը մահացավ ու նրան փոխարինեց եղբայր Ռադերֆորդը։ Տերը շարունակեց առաջնորդել և օրհնել իր գործը։ Այսօր էլ, երբ եղբայր Նորն է ընտրվել նախագահ, համոզված եմ, որ գործը կշարունակի առաջ գնալ, քանի որ սա Տիրոջ գործն է, ոչ թե որևէ մարդու»։

Ինչպե՞ս արձագանքեց Բեթելի ընտանիքը ընտրության արդյունքներին։ Հաջորդ օրը՝ հունվարի 14-ին, ընտանիքի անդամների կողմից գրված նամակը հստակ ցույց տվեց նրանց վերաբերմունքը։ Այնտեղ ասվում էր. «[Այս փոփոխությունը] չի թուլացնի այն եռանդը, որով կատարում ենք Տիրոջ կողմից մեզ հանձնարարված գործը։ Մենք չենք թողնի Տիրոջը և կշարունակենք աջակցել միմյանց՝ ուս ուսի պայքարելով մինչև վերջ.... Եղբայր Նորի հետ մոտ 20 տարվա սերտ համագործակցության շնորհիվ.... հստակ տեսնում ենք Տիրոջ առաջնորդությունը եղբայր Նորին որպես նախագահ ընտրելու հարցում և զգում ենք, որ այդպիսով Տերը սիրառատ հոգածություն է դրսևորում իր ժողովրդի հանդեպ»։ Կարճ ժամանակ անց աշխարհի տարբեր մասերից ստացված բազմաթիվ նամակներն ու հեռագրերը ցույց տվեցին, որ նույն ոգին տիրում է ամենուր։

Ոչ ոք տարակուսանքի մեջ չէր, բոլորը գիտեին իրենց անելիքը։ «Դիտարանի» 1942թ. փետրվարի 1-ի համարում, որտեղ նաև տեղեկացվում էր եղբայր Ռադերֆորդի մահվան մասին, հատուկ հոդված տպագրվեց։ Այնտեղ ասվում էր. «Տերը շարունակում է վերջնական հավաքման գործը։ Ուստի թող ոչ մի բան նույնիսկ մի պահ չկանգնեցնի նրա ուխտյալ ժողովրդի ծառայությունը.... Այժմ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ բանը Ամենազոր Աստծու հանդեպ անարատություն պահելն է»։ Եհովայի վկաներին հորդոր էր տրվում շարունակել եռանդորեն հռչակել բարի լուրը։

Սակայն 1940-ականների սկզբներին անչափ դժվար էր «անարատություն պահել»։ Պատերազմը շարունակվում էր։ Տարբեր երկրներում դրված սահմանափակումները դժվարացնում էին Եհովայի վկաների քարոզչական գործը։ Ձերբակալությունները և ամբոխների հարձակումները շարունակվում էին։ Հեյդեն Քովինգտոնը՝ Ընկերության փաստաբանը, ղեկավարում էր իրավաբանական պայքարը երբեմն Բրուքլինի գլխավոր վարչության իր գրասենյակից, երբեմն էլ գնացքներից, երբ ճամփորդում էր տարբեր դատական գործերի մասնակցելու համար։ Տարբեր վայրերում տեղի իրավաբանների հետ համագործակցելով, որոնցից էին Վիկտոր Շմիթը, Գրովեր Փոուելը և Վիկտոր Բլաքուելը՝ նա ջանում էր պաշտպանել Եհովայի վկաների սահմանադրական իրավունքները՝ կապված տնետուն քարոզելու և աստվածաշնչյան գրականություն տարածելու հետ, նաև փորձում էր թույլ չտալ, որ տեղական իշխանությունները արգելքներ դնեն նրանց վրաc։

Հնչեց հրահանգը՝ առա՛ջ գնա

Չնայած պատերազմի դժվար տարիներին, նույնիսկ երբ սննդամթերքը և բենզինը չափաբաժնով էին տալիս՝ 1942-ի մարտի սկզբին հայտարարվեց, որ սեպտեմբերի 18–20-ը նախատեսվում է անցկացնել «Նոր աշխարհ» աստվածապետական համաժողովը։ Որպեսզի պատվիրակները ստիպված չլինեին երկար ճանապարհ անցնել համաժողովին ներկա լինելու համար, այս հոգևոր միջոցառումը կազմակերպվեց ԱՄՆ-ի 52 տարբեր քաղաքներում, որոնք հեռախոսակապով միացել էին համաժողովի անցկացման կենտրոնական քաղաքին՝ Քլիվլենդին (Օհայո)։ Նույն ժամանակահատվածում Եհովայի վկաները այս համաժողովը անցկացրին նաև աշխարհի տարբեր մասերում գտնվող 33 այլ քաղաքներում։ Ո՞րն էր այդ համաժողովի նպատակը։

«Մենք չենք հավաքվել այստեղ՝ խորհրդածելու անցյալի դեպքերի մասին կամ քննելու, թե ինչ են արել որոշ անհատներ»,— այսպիսի խոսքերով համաժողովի նախագահող եղբայր Քովինգտոնը սկսեց ծրագրի առաջին մասը, որից հետո հայտարարեց համաժողովի գլխավոր ելույթի վերնագիրը՝ «Միակ լույսը»։ Այն հիմնված էր «Եսայիա» գրքի 59-րդ ու 60-րդ գլուխների վրա, և ներկայացնելու էր եղբայր Ֆրանցը։ Խոսելով Եհովայի մարգարեական հրահանգի մասին, որն արձանագրվել էր Եսայիա մարգարեի կողմից՝ հռետորը խրոխտ ձայնով ասաց. «Ահա՛ Բարձրյալի կողմից տրվող հրահանգը՝ առա՛ջ գնա։ Ուստի պետք է գնանք՝ շարունակելով նրա մասին վկայություն տալու [գործը], ինչ էլ որ պատահի, մինչև Արմագեդոնը» (Ես. 6։1–12)։ Ժամանակը չէր եռանդը թուլացնելու և հանգիստ առնելու։

«Դեռ գործ կա անելու, շատ գործ կա»,— ասաց եղբայր Նորը հաջորդ ելույթը ներկայացնելիս։ Եղբայր Նորը հայտարարեց Աստվածաշնչի «Ջեյմս թագավորի թարգմանության» նոր հրատարակության լույսընծայման մասին, որը մեծ օգնություն կլիներ «առա՛ջ գնա» կոչին արձագանքողների համար։ Այն տպագրվել էր Ընկերության տպարանում, և վերջում կար համաբարբառ, որը հատուկ կազմված էր Եհովայի վկաներին քարոզչական ծառայության մեջ օգնելու նպատակով։ Այս հրատարակության թողարկումը ցույց էր տալիս, որ եղբայր Նորին անկեղծորեն հետաքրքրում էր Աստվածաշնչի տպագրությունը և տարածումը։ Ընկերության նախագահը դառնալուց հետո նա անմիջապես քայլեր էր ձեռնարկել, որ այդ թարգմանությունը տպագրելու իրավունք ստանար, ինչպես նաև կազմակերպեր համաբարբառը և գործնական այլ առանձնահատկությունները պատրաստելու գործը։ Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում «Ջեյմս թագավորի թարգմանության» այս հատուկ հրատարակությունը պատրաստ էր համաժողովի ժամանակ ներկայացնելու համար։

Համաժողովի վերջին օրը եղբայր Նորը ներկայացրեց «Խաղաղություն. կարո՞ղ է այն հարատև լինել» վերնագրով ելույթը։ Ելույթի ժամանակ նա, հիմնվելով Հայտնություն 17։8-ի վրա, լուրջ փաստարկներ ներկայացրեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը, որը դեռ փոթորկում էր, չի հանգեցնելու Արմագեդոնին, ինչպես կարծում էին ոմանք, այլ այն ավարտվելու է, և մի որոշ ժամանակ խաղաղություն է լինելու։ Դեռ շատ բան կար անելու Աստծու Թագավորությունը հռչակելու գործում։ Համաժողովի ժամանակ ասվեց, որ հաշվի առնելով կազմակերպության մեջ ակնկալվող աճը՝ հենց հաջորդ ամսվանից Ընկերությունը ժողովներ կուղարկի «եղբայրակցության ծառայողների», որոնք կհամագործակցեն ժողովների հետ։ Այս եղբայրներն այցելելու էին յուրաքանչյուր ժողով վեց ամիսը մեկ։

««Նոր աշխարհ» աստվածապետական համաժողովը միավորեց Եհովայի ժողովրդին, որպեսզի նրանք անխափանորեն կատարեն իրենց հանձնարարված գործը»,— պատմում է Մարի Գիբարդը, որը ծնողների հետ ներկա էր եղել Դալասում (Տեխաս) անցկացված այս համաժողովին։ Այո՛, դեռ շատ բան կար անելու։ Եհովայի վկաները սպասում էին խաղաղ ժամանակաշրջանի և վճռել էին հաստատուն մնալ հակառակության ու հալածանքի ներքո և անդադար հռչակել բարի լուրը։

Կրթության նոր ժամանակաշրջան

Վկաները տնետուն ծառայության ժամանակ օգտագործում էին վկայության քարտ և ֆոնոգրաֆ, սակայն արդյոք կարո՞ղ էր նրանցից յուրաքանչյուրը Սուրբ Գրքով իր հույսը հիմնավորելու հարցում կատարելագործվել։ Ընկերության երրորդ նախագահը՝ Ն. Հ. Նորը, կարծում էր, որ բոլորն էլ կարող էին։ Ք. Ջեյմս Վուդվորդը, որի հայրը երկար տարիներ եղել էր «Ոսկե դար» պարբերագրի, այնուհետև «Մխիթարություն» պարբերագրի խմբագիրը, այսպիսի խոսքեր ասաց. «Եղբայր Ռադերֆորդի օրերում շեշտ էր դրվում այն բանի վրա, որ «կրոնը թակարդ է և խաբեություն», իսկ համաշխարհային ընդլայնման այս նոր ժամանակաշրջանում սկսել են իրականացվել Եհովայի ժողովրդի պատմության մեջ աննախադեպ մասշտաբների հասնող աստվածաշնչյան և կազմակերպչական հարցերին վերաբերող կրթական ծրագրեր»։

Կրթության ժամանակաշրջանին սկիզբ դրվեց Ն. Հ. Նորի նախագահ ընտրվելուց անմիջապես հետո, երբ մոտ մեկ ամիս անց՝ 1942թ. փետրվարի 9-ին, Բրուքլինի Բեթելում անչափ կարևոր մի հայտարարություն արվեց։ Քայլեր ձեռնարկվեցին Բեթելում Աստվածապետական ծառայության խորացված դասընթաց կազմակերպելու համար։ Դա մի դպրոց էր, որն օգնում էր զարգացնել Աստվածաշնչից փնտրտուքներ անելու և հանրության առջև ելույթ ունենալու ունակությունները։

Հենց հաջորդ տարի միջոցներ ձեռնարկվեցին, որ այդ դպրոցն անցկացվի Եհովայի վկաների բոլոր ժողովներում։ «Գործունեության կոչ» խորագրով համաժողովի ժամանակ, որն անցկացվեց 1943-ի ապրիլի 17-ին և 18-ին Միացյալ Նահանգների տարբեր մասերում, հայտարարվեց մի նոր գրքույկի լույսընծայման մասին, որի վերնագիրն էր՝ «Աստվածապետական ծառայության դասընթաց»։ Բոլոր ժողովներին հորդոր էր տրվում սկսել այդ դասընթացը։ Ընկերությունը նշանակելու էր դասավանդողներ, որոնք լինելու էին դպրոցի նախագահողները և խորհուրդներ էին տալու եղբայրներին նրանց ներկայացրած ելույթների վերաբերյալ։ Շատ շուտով այդ դասընթացի նյութերը թարգմանվեցին այլ լեզուներով, և դպրոցը սկսեց անցկացվել նաև ուրիշ երկրներում։

Արդյունքում բազմաթիվ եղբայրներ դարձան հմուտ հռետորներ և սկսեցին մասնակցել ամբողջ աշխարհում կազմակերպված հանրային ելույթների քարոզարշավին, որի նպատակն էր հռչակել Թագավորության բարի լուրը։ Իրենց ստացած կրթության շնորհիվ նրանցից շատերը կարողացան հմտորեն ելույթներ ներկայացնել համաժողովների ժամանակ, ինչպես նաև ստանձնել կազմակերպչական լուրջ պատասխանատվություններ։

Այդ եղբայրներից էր Անջելո Չ. Մաներա կրտսերը, որը մոտ 40 տարի ծառայել է որպես շրջագայող վերակացու։ Նա իր ժողովում բացված այս դպրոցի առաջին մասնակիցներից էր։ Եղբայր Մաներան ասում է. «Մեզանից յուրաքանչյուրը, ով նախքան այս դասընթացի սկսվելը տարիներ շարունակ հաճախել էր ժողովի հանդիպումներին և մասնակցել էր քարոզչական ծառայությանը, ժամանակի ընթացքում համոզվեց, որ այս դպրոցը մեծ դեր է խաղում թե՛ կազմակերպության առաջընթացի և թե՛ մեր հոգևոր աճի հարցում»։

Բրուքլինի Բեթելում 1942-ին հիմնադրված դպրոցում իր ստացած կրթության մասին Ջորջ Գանգասը, որն այդ ժամանակ թարգմանություններ էր կատարում հունարեն լեզվով, պատմում է. «Հիշում եմ, թե ինչպես ներկայացրի իմ առաջին վեց րոպեանոց ելույթը։ Ես վստահ չէի իմ ուժերի վրա, ուստի նախապես գրի առա ելույթս։ Երբ կանգնեցի ունկնդիրների առաջ, վախը համակեց ինձ։ Սկսեցի կմկմալ, կակազել ու մոռացա, թե ինչ պետք է ասեմ։ Որոշեցի կարդալ թղթից։ Սակայն ձեռքերս այնպես էին դողում, որ տողերը փախչում էին աչքիս առաջից»։ Այդուհանդերձ, եղբայր Գանգասը չհանձնվեց։ Ժամանակի ընթացքում նա սկսեց ելույթներ ունենալ համաժողովների ժամանակ մեծաթիվ ունկնդիրների առաջ։ Իսկ հետագայում նույնիսկ ծառայեց որպես Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ։

Հավատով հիմնադրված դպրոց

1942-ի սեպտեմբերի 24-ին մեկ այլ լուրջ քայլ կատարվեց կրթության այս յուրահատուկ ժամանակաշրջանում։ Երկու իրավաբանական միավորումների տնօրենների խորհուրդների մի հանդիպման ժամանակ եղբայր Նորն առաջարկեց հիմնել մեկ այլ դպրոց, որը կանցկացվեր «Թագավորության ֆերմայում» կառուցված շենքում։ Այն գտնվում էր Սաութ Լանսինգում՝ Նյու Յորք քաղաքից 410 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Այս դպրոցի նպատակն էր պատրաստել միսիոներներ օտար երկրներում ծառայելու համար, որտեղ Թագավորության քարոզիչների մեծ կարիք կար։ Նրա այս առաջարկն ընդունվեց միաձայն։

Նոր դպրոցը կազմակերպելու նպատակով Ալբերտ Դ. Շրյոդերը, որն այդ ժամանակ 31 տարեկան էր, նշանակվեց որպես նոր դպրոցի քարտուղար և կոմիտեի նախագահ։ «Մենք ցնծում էինք այս նոր նշանակման համար»,— պատմում է նա։ Դասավանդողներն անմիջապես գործի անցան. նրանք չորս ամսում պետք է կազմեին դասընթացի ծրագիրը, պատրաստեին թեմաները և գրադարան հավաքեին։ Եղբայր Շրյոդերը, որը հետագայում ծառայեց որպես Կառավարիչ մարմնի անդամ, շարունակում է. «Քրիստոնեական կրթության այս խորացված դասընթացը տևելու էր 20 շաբաթ և հիմնական դասագիրքը լինելու էր Աստվածաշունչը»։

1943թ. փետրվարի 1-ին մի ցուրտ ձմեռային օր Նյու Յորքում այս դպրոցը իր դռները բացեց 100 ուսանողներից բաղկացած առաջին դասարանի առաջ։ Դա իսկապես հավատով հիմնադրված դպրոց էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմը դեռ շարունակվում էր, և շատ քիչ վայրեր կային, ուր կարելի էր ուղարկել միսիոներներին։ Այնուամենայնիվ, հաստատ համոզված լինելով, որ խաղաղ ժամանակներ են գալու՝ կազմակերպությունը պատրաստում էր միսիոներներ՝ հետագայում նրանց աշխարհի տարբեր մասեր ուղարկելու համար։

Կազմակերպչական աշխատանքներ պատերազմից հետո

1945թ. մայիսին պատերազմական գործողությունները դադարեցին Եվրոպայում, իսկ չորս ամիս անց՝ սեպտեմբերին, նաև Խաղաղօվկիանոսյան շրջանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվեց։ 1945-ի հոկտեմբերի 24-ին ուժի մեջ մտավ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը։ Դրանից ընդամենը երեք տարի առաջ էր, որ Ընկերության նախագահը ներկայացրել էր «Խաղաղություն. կարո՞ղ է այն հարատև լինել» վերնագրով ելույթը։

Եվրոպայում ապրող Եհովայի վկաներն արդեն սկսել էին իրենց գործունեության մասին հաշվետվություններ ուղարկել կազմակերպություն։ Այդ հաշվետվությունները զարմացրին աշխարհի մյուս մասերում ապրող եղբայրներին և քույրերին, քանի որ դրանք ցույց էին տալիս, որ չնայած պատերազմին՝ Թագավորության քարոզչության գործը մեծ թափով առաջ էր գնացել եվրոպական երկրներում։ «Դիտարանի» 1945-ի հուլիսի 15-ի համարում հետևյալ տեղեկությունն էր տրվում. «1940-ին Ֆրանսիայում կար 400 քարոզիչ։ Այժմ այնտեղ կա 1100 քարոզիչ.... 1940-ին Հոլանդիայում կար 800 քարոզիչ։ Նրանցից 400-ը աքսորվել էին Գերմանիա՝ համակենտրոնացման ճամբարներ։ Նրանք, ովքեր մնացել էին, շարունակել էին քարոզել բարի լուրը։ Իսկ ա՞յժմ։ Այժմ այդ երկրում ծառայում են 2000 քարոզիչներ»։ Հաստատված խաղաղությունն ու ազատությունը նոր դուռ բացեցին բարի լուրի քարոզչության համար ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում։ Սակայն նախևառաջ հարկավոր էր կազմակերպչական և շինարարական աշխատանքներ իրականացնել։

1945-ի նոյեմբերին Ընկերության նախագահը իր քարտուղարի՝ Միլթոն Հենշելի ուղեկցությամբ ճամփորդեց Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Բելգիա, Նիդերլանդներ և Սկանդինավյան երկրներ՝ իմանալու համար, թե ինչ կարիքներ ունեն պատերազմից տուժած երկրների Եհովայի վկաներըd։ Նրանք ցանկանում էին քաջալերել եղբայրներին և տեսնել, թե ինչպես են գործում և ինչ վիճակում են Ընկերության մասնաճյուղերը։ Նրանց նպատակն էր կազմակերպչական աշխատանքներ իրականացնել։ Քայլեր ձեռնարկվեցին գրականության մատակարարումը կարգավորելու և կարիքավոր եղբայրներին սնունդ ու հագուստ ուղարկելու համար։ Մասնաճյուղերը վերականգնեցին իրենց գործունեությունը։

Եղբայր Նորը հասկանում էր, որ քարոզչական գործի առաջխաղացման համար հարկավոր էր լավ կազմակերպել մասնաճյուղերի աշխատանքը։ Նրա կազմակերպչական ձիրքը նպաստեց, որ աշխարհի տարբեր երկրներում ընդլայնվեն մասնաճյուղերը կամ նորերը բացվեն։ 1942-ին, երբ նա դարձավ Ընկերության նախագահը, ամբողջ աշխարհում կար ընդամենը 25 մասնաճյուղ։ 1946-ին, չնայած Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղած արգելքներին ու խոչընդոտներին, մասնաճյուղեր էին գործում 57 երկրներում։ Հաջորդ 30 տարիների ընթացքում՝ մինչև 1976թ., մասնաճյուղերի թիվը հասավ 97-ի։

Պատրաստված են որպես ուսուցիչներ

Պատերազմից հետո կարճ ժամանակ անց տարբեր երկրներ կատարած իր ճամփորդությունների ընթացքում Ընկերության նախագահը հասկացավ, որ Եհովայի վկաները պետք է ավելի լավ պատրաստված լինեն՝ որպես Աստծու Խոսքի ուսուցիչներ։ Հարկավոր էր նրանց հավելյալ աստվածաշնչյան կրթություն տալ և համապատասխան միջոցներ տրամադրել քարոզչական ծառայության ժամանակ օգտագործելու համար։ Շուտով այդ կարիքները բավարարվեցին։

1946թ. օգոստոսի 4–11-ը Քլիվլենդում (Օհայո) անցկացվող «Ուրախ ազգեր» աստվածապետական համաժողովի ժամանակ եղբայր Նորը ներկայացրեց «Պատրաստված՝ ամեն բարի գործի համար» ելույթը։ Ունկնդիրներն ավելի մեծ հետաքրքրությամբ լցվեցին, երբ նա հետևյալ հարցերն ուղղեց. «Մի՞թե հրաշալի չի լինի, եթե Աստծու Խոսքի 66 գրքերից յուրաքանչյուրի մասին մանրամասն տեղեկություններ ունենանք։ Արդյոք ավելի լավ չե՞նք հասկանա Աստվածաշունչը, եթե իմանանք, թե յուրաքանչյուր գիրք ով է գրել, երբ է գրել և որտեղ»։ Բոլորն ուշադրությամբ լսում էին, երբ եղբայր Նորը հայտարարեց. «Եղբայրնե՛ր, այդ ամենը և նույնիսկ ավելի շատ բան կարող եք իմանալ այս նոր գրքից, որի վերնագիրն է՝ «Պատրաստված՝ ամեն բարի գործի համար»»։ Հնչեցին բուռն ծափահարություններ։ Այս նոր հրատարակությունը ծառայելու էր որպես դասագիրք աստվածապետական ծառայության դպրոցի համար, որն անցկացվում էր ժողովներում։

Սակայն Եհովայի վկաները ոչ միայն ստացան մի դասագիրք, որը կօգներ խորացնելու իրենց գիտելիքները Աստվածաշնչի վերաբերյալ, այլև որոշ հրաշալի գործիքներ՝ ծառայության մեջ օգտագործելու համար։ 1946-ին անցկացված այս համաժողովը դեռ երկար էր հիշվելու, քանի որ այդ ժամանակ հայտարարվեց նոր պարբերագրի՝ «Արթնացե՛ք»-ի առաջին համարի լույսընծայման մասին։ Այն փոխարինելու էր «Մխիթարություն» պարբերագրին (նախկինում՝ «Ոսկե դար»)։ Այդ համաժողովին նաև լույս տեսավ «Թող Աստված ճշմարիտ լինի» գիրքըe։ Հենրի Ա. Կանտուելը, որը հետագայում ծառայեց որպես շրջագայող վերակացու, պատմում է. «Արդեն որոշ ժամանակ էր, որ խիստ կարիք էինք զգում մի գրքի, որում ամփոփված կլինեին Աստվածաշնչի հիմնական ուսմունքներն ու ճշմարտությունները, որպեսզի կարողանայինք հետաքրքրվող մարդկանց հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել։ Եվ երբ լույս տեսավ «Թող Աստված ճշմարիտ լինի» գիրքը, հասկացանք, որ հիմա մեր ձեռքում կա այն, ինչ մեզ պետք է»։

Ունենալով ուսուցանելու այսպիսի հրաշալի գործիքներ՝ Եհովայի վկաները ավելի մեծ աճ էին ակնկալում։ «Վերակառուցման և ընդլայնման խնդիրները» թեմայով ելույթի ժամանակ եղբայր Նորը համաժողովի ներկաներին ասաց, որ համաշխարհային պատերազմի տարիներին վկայություն տալու գործը ոչ մի պահ կանգ չի առել։ 1939–1946 թվականների ընթացքում Թագավորության քարոզիչների թիվը ավելացել է ավելի քան 110000-ով։ Ուստի աստվածաշնչյան գրականության աճող պահանջը բավարարելու նպատակով Ընկերությունը ծրագրել էր ընդլայնել Բրուքլինի Բեթելը և տպարանը։

Սպասվող խաղաղ ժամանակաշրջանը եկել էր։ Սկսվել էր համաշխարհային ընդլայնման և աստվածաշնչյան կրթական գործի առաջխաղացման ժամանակաշրջան։ «Ուրախ ազգեր» խորագրով աստվածապետական համաժողովից հետո Եհովայի վկաները ավելի լավ էին պատրաստված՝ որպես Աստծու Խոսքի ուսուցիչներ։

Հռչակման գործը առաջ է գնում

Համաշխարհային ընդլայնման գործը սկսելու նպատակով 1947-ի փետրվարի 6-ին Ընկերության նախագահը և նրա քարտուղարը՝ Միլթոն Հենշելը, սկսեցին ծառայողական մի ճամփորդություն՝ անցնելով 76916 կմ։ Նրանք այցելեցին Խաղաղօվկիանոսյան կղզիներ, Նոր Զելանդիա, Ավստրալիա, Հարավարևելյան Ասիա, Հնդկաստան, Մերձավոր Արևելք, Միջերկրածովյան երկրներ, Կենտրոնական և Արևմտյան Եվրոպա, Սկանդինավյան երկրներ, Անգլիա և Նյուֆաունդլենդ։ 1933-ից ի վեր առաջին անգամ էր, որ Ընկերության գլխավոր վարչության ներկայացուցիչները հնարավորություն ունեցան այցելելու Գերմանիայում ապրող եղբայրներին։ Այդ ճամփորդության վերաբերյալ հաշվետվությունները տպագրվում էին «Դիտարանի» 1947թ. տարբեր թողարկումներում, ինչի շնորհիվ Եհովայի վկաները ամենուրեք կարողանում էին հետևել դրանց ընթացքինf։

«Առաջին անգամ հնարավորություն ունեցանք ծանոթանալու Ասիայում և այլ երկրներում ապրող մեր եղբայրների հետ և հասկանալու, թե ինչ կարիքներ ունեն նրանք»,— պատմում է եղբայր Հենշելը, որը հետագայում ծառայեց որպես Կառավարիչ մարմնի անդամ։ «Մենք մտադիր էինք միսիոներներ ուղարկել այդ երկրներ, ուստի պետք է իմանայինք, թե ինչպիսի պայմաններում են նրանք ծառայելու և ինչի կարիք են ունենալու»։ Նրանց ճամփորդությունից անմիջապես հետո «Գաղաադ» դպրոցն ավարտած միսիոներներին սկսեցին ուղարկել օտար երկրներ, որպեսզի նրանք առաջ տանեին Թագավորության հռչակման գործը։ Դա հրաշալի արդյունքներ ունեցավ։ Հաջորդ հինգ տարիների ընթացքում (1947–1952) ամբողջ աշխարհում քարոզիչների թիվը ավելացավ ավելի քան երկու անգամ՝ 207552-ից հասնելով 456265-ի։

Աստվածապետության աճը

1950թ. հունիսի 25-ին Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության զինված ուժերը ներխուժեցին ավելի հարավ գտնվող Կորեայի Հանրապետություն։ Շուտով այնտեղ զորքեր ուղարկվեցին 16 այլ երկրներից։ Այն ժամանակ, երբ հզոր պետությունները պատերազմում էին միմյանց դեմ, Եհովայի վկաները պատրաստվում էին միջազգային համաժողով անցկացնել, որը ոչ միայն ցույց կտար իրենց համաշխարհային միասնությունը, այլև ակնհայտ կդարձներ, որ Եհովայի օրհնության շնորհիվ իրենց թիվը գնալով ավելանում է (Ես. 60։22)։

«Աստվածապետության աճը» խորագրով համաժողովը անցկացվելու էր 1950-ի հուլիսի 30-ից օգոստոսի 6-ը։ Այն լինելու էր Վկաների կողմից երբևէ կազմակերպված ամենամեծ համաժողովը։ Եվրոպայից, Աֆրիկայից, Ասիայից, Լատինական Ամերիկայից ու Խաղաղօվկիանոսյան կղզիներից՝ ընդհանուր հաշվով՝ 67 տարբեր երկրներից, մոտ 10000 օտարերկրացի պատվիրակներ հավաքվեցին Նյու Յորքի «Յանկի» մարզադաշտում։ Ներկաների բարձրագույն թիվ գրանցվեց հանրային ելույթի ժամանակ՝ ավելի քան 123000 հոգի։ Դրանից ընդամենը չորս տարի առաջ «Ուրախ ազգեր» խորագրով աստվածապետական համաժողովին ներկաների բարձրագույն թիվը 80000 էր։ Աճն իսկապես ցնցող էր։

Մի կարևոր գործոն, որը մեծապես նպաստել է Եհովայի վկաների աճին, Աստծու Խոսքը տպագրելն ու տարածելն էր։ Եվ այդ առնչությամբ մի նշանակալից իրադարձություն տեղի ունեցավ 1950-ի օգոստոսի 2-ին. եղբայր Նորը հայտարարեց ժամանակակից անգլերեն լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Ներկաներն անչափ ուրախացան, երբ իմացան, որ Աստծու Եհովա անունը վերականգնվել է բոլոր 237 տեղերում՝ «Մատթեոսից» մինչև «Հայտնություն»։ Ելույթի վերջում եղբայր Նորը հորդորեց ներկաներին. «Վերցրե՛ք այս թարգմանությունը։ Կարդացե՛ք այն։ Ուսումնասիրե՛ք այս գիրքը, քանի որ այն կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ Աստծու Խոսքը։ Բաժանե՛ք այն նաև ուրիշներին»։ Աստվածաշնչի մյուս գրքերը լույս տեսան հաջորդ տասը տարիների ընթացքում։ Ի վերջո, Եհովայի վկաները ունեցան Աստվածաշնչի ճշգրիտ և դյուրընթեռնելի ամբողջական թարգմանություն, որը սիրով կարող էին առաջարկել մարդկանց։

Նյու Յորքից մեկնելուց առաջ համաժողովի պատվիրակները հրավիրվեցին տեսնելու Կոլումբիա Հայթս, 124 հասցեում գտնվող գլխավոր վարչության նոր շենքը, ինչպես նաև Ադամս Սթրիթ, 117 հասցեում գըտնվող վերակառուցված և ընդլայնված տըպարանը։ Այս նոր շենքերի շինարարությամբ (կառուցվել են ամբողջ աշխարհի Վկաների ֆինանսական աջակցության շնորհիվ) ավարտվեց ընդլայնման այն ծրագիրը, որի մասին հայտարարվել էր 1946թ.-ին Քլիվլենդում տեղի ունեցած համաժողովի ժամանակ, և որը մեծ խանդավառությամբ ընդունվել էր ներկաների կողմից։ Սակայն Եհովայի վկաները չէին պատկերացնում, որ հետագայում ավելի մեծ ընդլայնում էր լինելու ոչ միայն Բրուքլինում, այլև ամբողջ աշխարհում։ Նոր ու ավելի մեծ տպարանների կարիք էր լինելու օր օրի ավելացող Թագավորության քարոզիչների հոգևոր կարիքները բավարարելու համար։

Լայնածավալ կրթական ծրագիր տնետուն ծառայության համար

«Նոր աշխարհի հասարակությունը» խորագրով համաժողովի ժամանակ, որն անցկացվեց Նյու Յորքում 1953թ. հուլիսի 19–26-ը, հայտարարվեց նոր հրատարակությունների լույսընծայման մասին, որոնք նախատեսված էին Եհովայի վկաների համար։ Դրանք օգտագործվելու էին հատկապես տնետուն ծառայության ժամանակ։ Այդ հրատարակություններից էր «Հավաստիացեք ամեն ինչում» գիրքը, որի մասին հայտարարությունը (հուլիսի 20-ին՝ երկուշաբթի) ընդունվեց 125040 ներկաների ջերմ ծափահարություններով։ Ծառայության այս հրաշալի գործիքը, որ 416-էջանոց փոքր չափի գիրք էր, պարունակում էր 4500 սուրբգրային համարներ՝ բաշխված 70 հիմնական թեմաների։ Այժմ Եհովայի վկաները տնետուն ծառայության ժամանակ հեշտությամբ կկարողանային մարդկանց հուզող հարցերին Աստվածաշնչի վրա հիմնված պատասխաններ տալ։

Չորեքշաբթի առավոտյան եղբայր Նորը իր՝ «Բոլոր ծառաների գլխավոր գործը» վերնագրով ելույթի ժամանակ հայտարարեց շարունակական կրթություն տրամադրելու մեկ այլ նախաձեռնության մասին։ Դա տնետուն ծառայության հետ կապված լայնածավալ կրթական ծրագիր էր, որը կիրառվելու էր բոլոր ժողովներում։ Փորձառու քարոզիչներն օգնելու էին ավելի քիչ փորձ ունեցողներին, որ կանոնավորաբար և արդյունավետորեն հռչակեին Թագավորությունը՝ քարոզելով տնից տուն։ Այս խոստումնալից նախաձեռնությունը սկսեց գործել 1953-ի սեպտեմբերի 1-ից։ Շրջագայող վերակացու Ջեսի Լ. Կանտուելը, որը մասնակցել էր այդ կրթական աշխատանքին, ասում է. «Նոր ծրագիրը շատ օգնեց քարոզիչներին, որ ավելի արդյունավետորեն ծառայեն»։

1953թ. հուլիսին հաջորդող ամիսների ընթացքում «Նոր աշխարհի հասարակությունը» համաժողովը անցկացվեց նաև մյուս 5 մայրցամաքներում։ Համաժողովի ծրագիրը հարմարեցվեց տեղի կարիքներին։ Տնետուն ծառայության համար պատրաստված կրթական ծրագիրը սկսեց անցկացվել Եհովայի վկաների բոլոր ժողովներում։ Նույն տարի Թագավորության քարոզիչների բարձրագույն թիվ գրանցվեց՝ 519982։

Բավարարում են համաշխարհային եղբայրության կարիքները

1950-ականների կեսերին քայլեր ձեռնարկվեցին արագորեն մեծացող կազմակերպության կարիքները հոգալու համար։ Մոտ 10 տարի շարունակ եղբայր Ն. Հ. Նորն այցելում էր աշխարհի տարբեր մասերում գտնվող մասնաճյուղեր՝ տեսնելու, թե ինչպես են գործում դրանք։ Այդ այցելությունները նպաստեցին այն բանին, որ յուրաքանչյուր երկրում պատշաճ կերպով վերահսկվի քարոզչական գործը, ինչպես նաև ամրապնդվի Եհովայի վկաների միասնությունը ամբողջ աշխարհում։ Եղբայր Նորը շատ էր սիրում միսիոներներին և մասնաճյուղերում ծառայող եղբայրներին ու քույրերին։ Յուրաքանչյուր մասնաճյուղ այցելելիս նա ժամանակ էր տրամադրում նրանց հետ զրուցելու իրենց խնդիրների ու կարիքների մասին, նաև քաջալերում էր նրանց։ 1955-ին ամբողջ աշխարհում արդեն կար «Դիտարան ընկերության» 77 մասնաճյուղ։ Բացի դրանից, «Գաղաադ» դպրոցն ավարտած միսիոներների թիվը, որոնք ծառայում էին 100 երկրներում, հասել էր 1814-ի։ Եղբայր Նորը հասկանում էր, որ չի կարող միայնակ կատարել այդ աշխատանքը, ուստի քայլեր ձեռնարկեց, որ այլ եղբայրներ ևս մասնակցեն մասնաճյուղեր և միսիոներական տներ այցելելու այս կարևոր գործին։

Միջոցներ ձեռնարկվեցին երկրագունդը բաժանելու 10 զոնաների, որոնցից յուրաքանչյուրն ընդգրկում էր Ընկերության մի շարք մասնաճյուղեր։ Բրուքլինի Բեթելից հմուտ եղբայրներ և մյուս մասնաճյուղերից փորձառու վերակացուներ նշանակվեցին որպես զոնալ ծառայողներ (այժմ՝ զոնալ վերակացուներ)։ Եղբայր Նորը սովորեցրեց նրանց, թե ինչպես պետք է կատարեն այդ ծառայությունը։ 1956թ. հունվարի 1-ից առաջին զոնալ ծառայողը սկսեց մասնաճյուղեր այցելելու այս նոր ծառայությունը։ 1992-ին 30-ից ավելի եղբայրներ, որոնց թվում կային նաև Կառավարիչ մարմնի անդամներ, ծառայում էին որպես զոնալ վերակացուներ։

Կրթություն Աստծու կամքի վերաբերյալ

1958-ի ամռանը Մերձավոր Արևելքի վրա սև ամպեր էին կուտակվել. պատերազմի վտանգ կար։ Չնայած տարբեր պետությունների միջև եղած լարվածությանը՝ Եհովայի վկաները պատրաստվում էին միջազգային համաժողով անցկացնել, որի ժամանակ նրանք լրացուցիչ կրթություն էին ստանալու Աստծու կամքի վերաբերյալ։ Այն լինելու էր ամենամեծ համաժողովը, որ երբևիցե կազմակերպվել էր։

Այս միջազգային համաժողովը, որի խորագիրն էր «Աստծու կամքը», տեղի ունեցավ հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Նյու Յորքի «Յանկի» և «Պոլո Գրաունդզ» մարզադաշտերում։ Ներկաների բարձրագույն թիվը 253922 էր։ Պատվիրակները եկել էին 123 երկրներից։ Համաժողովի նախօրեին Նյու Յորքի «Դեյլի Նյուզ» թերթի 1958թ. հուլիսի 26-ի համարում հետևյալն էր ասվում. «Եհովայի վկաների հոծ խմբեր են ժամանում Նյու Յորք։ Նրանք այստեղ են եկել վարձված 8 գնացքներով, 500 ավտոբուսներով, 2 նավերով, 65 ինքնաթիռներով, ինչպես նաև 18000 մեքենաներով» (Daily News)։

«Գաղաադ» դպրոցն ավարտած միսիոներները Ընկերության գլխավոր վարչությանը հայտնել էին, թե ինչ դժվարությունների են բախվում նրանք, երբ Աստվածաշնչի ճշմարտությունները սովորեցնում են այնպիսի մարդկանց, ովքեր ծանոթ չեն քրիստոնեական աշխարհի հավատալիքներին և ուսմունքներին։ Որքան լավ կլիներ, եթե նրանք ունենային մի հրատարակություն, որում հստակ գրված կլինեին միայն աստվածաշնչյան ճշմարտությունները, և որը հեշտ կլիներ կարդալ ու հասկանալ։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ ցնծության մեջ էին 145488 ներկաները, երբ հուլիսի 31-ին՝ հետճաշյա ծրագրի ժամանակ, եղբայր Նորը հայտարարեց նոր գրքի լույսընծայման մասին, որի վերնագիրն էր՝ «Կորցված դրախտից վերականգնված դրախտ»։

Եղբայր Նորը հորդորեց բոլորին նոր գիրքն օգտագործել ծառայության ժամանակ։ Նա նաև նշեց, որ այն կարող է օգնել ծնողներին Աստվածաշնչի ճշմարտությունը իրենց երեխաներին սովորեցնելու հարցում։ Շատ ծնողներ սրտանց ընդունեցին այդ խորհուրդը։ Գրեյս Ա. Իսթեփ անունով մի ուսուցչուհի, որը մեծացել էր Պիտսբուրգի (Փենսիլվանիա) մոտակայքում գտնվող մի փոքր քաղաքում, պատմում է. «Երեխաների մի ամբողջ սերունդ է մեծացել՝ «Դրախտը» գիրքը ձեռքին։ Նրանք այն իրենց հետ տանում էին հանդիպումներին, ցույց էին տալիս իրենց խաղընկերներին, նույնիսկ մինչև կարդալ սովորելը բազմաթիվ աստվածաշնչյան պատմություններ էին պատմում՝ պարզապես նկարներին նայելով»։

Աստծու Խոսքի ժրաջան ուսումնասիրողների համար պատրաստվել էր խոր և բովանդակալից նյութ։ «Թող կատարվի քո կամքը» վերնագրով ոգևորիչ ելույթի վերջում եղբայր Նորը հայտարարեց, որ լույս է տեսել մի նոր գիրք՝ «Քո կամքը լինի երկրի վրա» վերնագրով։ Այս նոր հրատարակության մեջ մանրամասնորեն քննարկվում էր «Դանիել» գիրքը, որում բացատրվում էր, թե ինչպես է Աստծու կամքը կատարվել նախկինում և թե ինչպես է այժմ կատարվում։ «Դուք մեծ բավականություն կստանաք այս գրքից»,— ասաց հռետորը։ 175441 ներկաները բուռն ծափահարություններով արտահայտեցին իրենց ուրախությունը այդ նոր գիրքը ստանալու համար, որի օգնությամբ նրանք խորացնելու էին իրենց գիտելիքները Աստծու կամքի վերաբերյալ։

Վերջում եղբայր Նորը հայտարարեց, որ մշակվել են հատուկ կրթական ծրագրեր, որոնք կնպաստեն կազմակերպության գործունեությանն ամբողջ աշխարհում։ «Մեր կրթական գործը չի դանդաղում, այլ ավելի առաջ է գնում»,— հայտարարեց նա։ Այնուհետև նա ասաց, որ պատրաստվում են Ընկերության բոլոր մասնաճյուղերի վերակացուների համար Բրուքլինում անցկացնել տասնամսյա դասընթացներ։ Նաև աշխարհի տարբեր երկրներում մեկամսյա դասընթաց է անցկացվելու բոլոր շրջագայող վերակացուների, ինչպես նաև ժողովներում վերակացություն անող եղբայրների համար։ Ո՞րն էր այդ կրթական գործի նպատակը։ Եղբայր Նորը բացատրեց. «Մենք ցանկանում ենք ավելի խոր հասկացողություն ձեռք բերել, որպեսզի ավելի լավ ըմբռնենք Եհովայի մտքերը, որոնք արտահայտված են իր Խոսքում»։

Անմիջապես սկսվեցին դասընթացների նյութերի պատրաստման աշխատանքները։ Յոթ ամիս անց՝ 1959-ի մարտի 9-ին, սկսվեց Թագավորական ծառայության դպրոցի առաջին դասընթացը «Գաղաադ» դպրոցի շենքում (Սաութ Լանսինգ, Նյու Յորք)։ Շուտով այս դասընթացը, որի ժամանակ կրթություն էին ստանում ժողովի վերակացուները, սկսեց անցկացվել նաև ամբողջ աշխարհում։

Զորացած՝ «հավատի մեջ հաստատ կանգնելու» համար

1960-ականներին մարդկությունը հայտնվեց կրոնական և հասարակական փոփոխությունների հորձանուտում։ Հոգևորականները Աստվածաշնչի որոշ հատվածների վերաբերյալ ասում էին, թե դրանք առասպելներ են կամ այժմեական չեն։ «Աստված մեռած է» գաղափարախոսությունը գնալով ավելի էր տարածվում։ Մարդիկ ավելի ու ավելի խորն էին մխրճվում սեռական անբարոյության ճահճի մեջ։ «Դիտարանի» և այլ հրատարակությունների, ինչպես նաև համաժողովների միջոցով Եհովայի ժողովուրդը զորանում էր, որպեսզի «հավատի մեջ հաստատ կանգնած» մնար այդ փոթորկահույզ ժամանակաշրջանում (1 Կորնթ. 16։13)։

1963-ին աշխարհի տարբեր մասերում անցկացված համաժողովի ժամանակ հնչեց «Հավիտենական ավետիս հայտնող գիրք, որն օգտակար է մեզ համար» վերնագրով մի ելույթ, որի նպատակն էր Աստվածաշունչը պաշտպանել քննադատների հարձակումներից։ «Աստվածաշնչի քննադատները զուր են մատնացույց անում այն, որ մարդիկ են գրել այս գիրքը,— բացատրեց հռետորը։— Աստվածաշունչն ինքն էլ անկեղծորեն նշում է այդ փաստը։ Սակայն Սուրբ Գիրքը տարբերվում է մարդկանց կողմից գրված բոլոր գրքերից նրանով, որ այն «ներշնչված է Աստծուց»» (2 Տիմոթ. 3։16, 17)։ Այս հետաքրքրաշարժ ելույթի վերջում հայտարարվեց նոր գրքի լույսընծայման մասին, որի վերնագիրն է՝ «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»։ Այնտեղ առանձին-առանձին քննարկվում են Աստվածաշնչի բոլոր գրքերը։ Նախ տրվում են ընդհանուր տեղեկություններ տվյալ գրքի մասին՝ ով է գրել, երբ և որտեղ, նաև բերվում են ապացույցներ դրա վավերականության վերաբերյալ։ Այնուհետև համառոտ ներկայացվում է գրքի բովանդակությունը։ Իսկ հաջորդ մասը, որի վերնագիրն է՝ «Ինչո՞վ է օգտակար», ցույց է տալիս, թե աստվածաշնչյան տվյալ գիրքը ինչով է արժեքավոր ընթերցողների համար։ Այս հրատարակությունը, որը կանոնավոր աստվածաշնչյան կրթություն ստանալու հիանալի միջոց է եղել Եհովայի վկաների համար, լույս տեսնելուց մոտ 30 տարի անց էլ շարունակում էր օգտագործվել Աստվածապետական ծառայության դպրոցումg։

1960-ականների սեքսուալ հեղափոխությունը ազդեց նաև Եհովայի վկաների վրա։ Ամեն տարի մի քանի հազար հոգի (Վկաների ընդհանուր թվի միայն մի փոքր մասը) զրկվում էր ընկերակցությունից հիմնականում սեռական անբարոյության պատճառով։ Ուստի Եհովայի ժողովրդին բարոյապես մաքուր մնալու վերաբերյալ հստակ խորհուրդներ տրվեցին 1964թ.-ին անցկացված մարզային համաժողովների ժամանակ։ Կանադայի Սասկաչևան նահանգից Լայլ Ռուշ անունով մի շրջագայող վերակացու, հիշելով «Սուրբ ու մաքուր պահենք Աստծուն ծառայողների կազմակերպությունը» վերնագրով ելույթը, ասում է. «Պարզ և կոնկրետ բառերով հստակորեն ասվեց, թե ինչ է բարոյականությունը»։

Վերոհիշյալ ելույթի մտքերը տպագրվեցին «Դիտարանի» 1964թ. նոյեմբերի 15-ի համարում։ Այնտեղ ասվում էր. «Երիտասա՛րդ աղջիկներ, մի՛ դարձեք հանրային օգտագործման սրբիչ, որով իր կեղտոտ ձեռքերը կսրբի ամեն մի այլասերված «շուն»» (համեմատի՛ր Հայտնություն 22։15)։

Այդ հստակ խորհուրդների նպատակն էր օգնել Եհովայի ժողովրդին բարոյապես մաքուր մնալ և պիտանի լինել Թագավորության բարի լուրը հռչակելու համար (համեմատի՛ր Հռոմեացիներ 2։21–23)։

«Ի՞նչ է նշանակում 1975 թվականը»

Եհովայի վկաները երկար ժամանակ այն կարծիքին էին, որ Քրիստոսի Հազարամյա Իշխանությունը սկսվելու է մարդու արարումից 6000 տարի անց։ Իսկ ե՞րբ էր լրանալու 6000 տարին։ «Հավիտենական կյանքը և Աստծու որդիների ազատությունը» գրքում, որի լույսընծայման մասին հայտարարվեց 1966թ.-ին անցկացված մարզային համաժողովների ժամանակ, նշվում էր, որ այդ թվականը 1975-ն է։ Հենց համաժողովին, երբ եղբայրներն աչքի անցկացրին նոր գիրքը, բուռն քննարկումներ սկսվեցին 1975 թվականի շուրջ։

Բալթիմորում (Մերիլենդ) անցկացված համաժողովին Ֆ. Ու. Ֆրանցը ներկայացրեց եզրափակիչ ելույթը։ Նա սկսեց այսպիսի խոսքերով. «Քիչ առաջ մի երիտասարդ մոտեցավ ինձ ու հարցրեց, թե ինչ է նշանակում 1975 թվականը»։ Եղբայր Ֆրանցն անդրադարձավ մի շարք հարցերի, որոնք ծագել էին նոր գրքում տեղ գտած մտքերի վերաբերյալ։ Օրինակ՝ արդյո՞ք գրքում գրվածից կարելի էր եզրակացնել, թե մինչև 1975-ը տեղի է ունենալու Արմագեդոն պատերազմը, և Սատանան բանտարկվելու է։ Եղբայր Ֆրանցը մոտավորապես այսպիսի պատասխան տվեց. «Գուցեև այդպես լինի։ Մենք չենք կարող հաստատ ասել։ Աստծու համար ամեն բան հնարավոր է։ Բայց մենք չենք կարող հաստատ ասել։ Եվ թող ձեզանից ոչ ոք համոզված չասի, թե կոնկրետ ինչ է լինելու մինչև 1975-ը։ Սակայն, սիրելինե՛ր, գլխավոր միտքն այն է, որ ժամանակը կարճ է, շա՛տ կարճ»։

1966-ին հաջորդող տարիներին Եհովայի վկաներից շատերը հետևեցին կոնկրետ թվականներ չնշելու վերաբերյալ հորդորին։ Սակայն այս թեմայի վերաբերյալ այլ նյութեր էլ տպագրվեցին, որոնցից մի քանիսը ավելի կոնկրետ էին, քան պետք էր։ Այս մասին նշվեց «Դիտարանի» 1980թ. մարտի 15-ի համարում (էջ 17)։ Չնայած դրան՝ այդ տարիների ընթացքում Եհովայի վկաներին շարունակաբար հորդոր էր տրվում, որ կենտրոնանան գլխավորապես Աստծու կամքը կատարելու վրա ու չափից շատ չտարվեն թվականներով և մոտալուտ փրկության ակնկալիքովh։

Գործը արագացնելու միջոց

1960-ականների վերջին Եհովայի վկաները հրատապության զգացումով հռչակում էին բարի լուրը՝ սպասելով գալիք իրադարձություններին։ 1968-ին 203 երկրներում ընդհանուր հաշվով ծառայում էր 1221504 քարոզիչ։ Սակայն կային շատ անհատներ, որոնք տարիներով ուսումնասիրում էին Աստվածաշունչը, բայց չէին կիրառում ստացված գիտելիքները։ Հնարավո՞ր էր արդյոք աշակերտներ պատրաստելու գործը արագացնելու միջոց գտնել։

Այդ միջոցը Աստվածաշնչի ուսումնասիրության նոր ձեռնարկն էր՝ «Ճշմարտություն, որ հավիտենական կյանքի է առաջնորդում» վերնագրով, որը լույս տեսավ 1968-ին։ 192-էջանոց այս փոքր չափի գիրքը նախատեսված էր հետաքրքրվող անհատների համար։ Այն պարունակում էր 22 հետաքրքրաշարժ թեմաներ, ինչպես, օրինակ, «Ինչո՞ւ է իմաստուն ստուգել մեր կրոնը», «Ինչո՞ւ ենք ծերանում և մահանում», «Ի՞նչ վիճակում են գտնվում մահացածները», «Ինչո՞ւ է Աստված թույլատրում չարությունը», «Ինչպե՞ս ճանաչել ճշմարիտ կրոնը», «Ինչպե՞ս երջանիկ ընտանիք ունենալ»։ Այս գրքի նպատակն էր օգնել ուսումնասիրողին տրամաբանել նյութի շուրջ և սովորածը կիրառել կյանքում։

Այս հրատարակությունը պետք է օգտագործվեր հետաքրքրվող անհատի հետ 6 ամսում Աստվածաշունչը ուսումնասիրելու համար։ «Թագավորական ծառայությունը» թերթիկի 1968թ. սեպտեմբերի համարում բացատրվում էր, թե ինչպես է գործելու այս ծրագիրը. «Լավ կլինի փորձել ամեն շաբաթ ուսումնասիրել «Ճշմարտություն» գրքից մեկ գլուխ, թեև որոշ ուսումնասիրողների և գրքի որոշ գլուխների դեպքում դա գուցե հնարավոր չլինի.... Եթե 6 ամսվա վերջում ուսումնասիրողը դեռ չի համագործակցում ժողովի հետ, չնայած այն բանին, որ նա կանոնավորաբար ուսումնասիրել է Աստվածաշունչը, և քարոզիչն էլ ամեն ջանք թափել է, որ օգնի նրան գալու հանդիպումներին, ապա թերևս ճիշտ կլինի ժամանակն օգտագործել ուրիշների հետ ուսումնասիրելու համար, ովքեր իսկապես ուզում են իմանալ ճշմարտությունը և առաջադիմել։ Նպատակ դիր Աստվածաշնչի ուսումնասիրության ժամանակ այնպես մատուցել ճշմարտությունը, որ հետաքրքրվող անհատները քայլեր անեն 6 ամսվա ընթացքում»։

Շատ ուսումնասիրողներ իսկապես քայլեր արեցին։ Կարճ ժամանակահատվածում Աստվածաշնչի ուսումնասիրության վեցամսյա ծրագիրը առատ պտուղներ տվեց։ Երեք ծառայողական տարիների ընթացքում՝ 1968-ի սեպտեմբերի 1-ից մինչև 1971-ի օգոստոսի 31-ը, մկրտվեց 434906 հոգի, ինչը երկու անգամ գերազանցում է նախորդ երեք ծառայողական տարիների ընթացքում մկրտվածների թիվը։ «Ճշմարտություն» գրքի օգնությամբ Աստվածաշնչի ուսումնասիրության վեցամսյա ծրագիրը ճիշտ ժամանակին սկսվեց, քանի որ Եհովայի վկաները սպասում էին գալիք իրադարձություններին և ծառայում էին հրատապության զգացումով։ Ուստի այդ ծրագիրը զգալիորեն արագացրեց աշակերտներ պատրաստելու գործը (Մատթ. 28։19, 20)։

«Պետք է որ արդյունավետ լինի, չէ՞ որ սա Եհովայի առաջնորդությունն է»

Տարիներ շարունակ Ընկերությունը ամեն ժողովում նշանակում էր համապատասխան որակներ ունեցող, հոգևորապես հասուն մի եղբոր՝ որպես ժողովի ծառայող, կամ՝ «վերակացու»։ Նրան օգնում էին նշանակված «ծառայողները»i (1 Տիմոթ. 3։1–10, 12, 13)։ Այս եղբայրները պետք է ծառայեին հոտին և ոչ թե իշխեին նրա վրա (1 Պետ. 5։1–4)։ Իսկ հնարավո՞ր էր արդյոք, որ Եհովայի վկաների ժողովները իրենց կազմակերպչական կառույցով ավելի նմանվեին առաջին դարի քրիստոնեական ժողովներին։

1971-ին ամբողջ աշխարհում անցկացված համաժողովների ժամանակ հնչեց մի ելույթ՝ «Աստվածապետական կազմակերպություն՝ ի հակադրություն դեմոկրատիայի և կոմունիզմի» վերնագրով։ Հուլիսի 2-ին Նյու Յորքի «Յանկի» մարզադաշտում տեղի ունեցած համաժողովի ժամանակ այդ ելույթը ներկայացրեց Ֆ. Ու. Ֆրանցը։ Նա նշեց, որ առաջին դարում այն ժողովներում, որտեղ կային համապատասխան որակներ ունեցող եղբայրներ, որպես վերակացու ծառայում էին մեկից ավելի անհատներ (Փիլիպ. 1։1)։ «Ժողովի վերակացուները կազմում էին «երեցների խորհուրդ»,— բացատրեց եղբայրը։— Երեցների խորհրդի բոլոր անդամները հավասար էին, և նրանցից ոչ ոք ժողովում ամենակարևոր, ամենից աչքի ընկնող և ամենաազդեցիկ անձնավորությունը չէր» (1 Տիմոթ. 4։14)։ Ելույթը մեծ հետաքրքրություն առաջացրեց ներկաների մեջ։ Այս տեղեկությունը ինչպե՞ս էր անդրադառնալու Եհովայի վկաների ժողովների վրա։

Հարցի պատասխանը տրվեց երկու օր անց Ն. Հ. Նորի կողմից ներկայացված եզրափակիչ ելույթում։ Ժողովի վերահսկողությանն առնչվող փոփոխություններն ուժի մեջ էին մտնելու 1972-ի հոկտեմբերի 1-ին։ Այլևս չէր լինելու ժողովի միայն մեկ ծառայող, կամ՝ վերակացու։ Ժողովների պատասխանատու և հասուն եղբայրները պետք է երաշխավորեին բոլոր այն տղամարդկանց, ովքեր կարող էին ծառայել երեցների խորհրդում (ինչպես նաև նրանց, ովքեր կարող էին նշանակվել ծառայող օգնականներ)։ Այս երաշխավորագրերը պետք է ուղարկվեին Ընկերություն մինչև հոկտեմբերի 1-ը։ Երեցներից մեկը նշանակվելու էր որպես նախագահողj։ Չնայած դրան՝ բոլոր երեցները պետք է ունենային հավասար հեղինակություն և միասին որոշումներ կայացնեին։ «Այս կազմակերպչական փոփոխությունները,— բացատրեց եղբայր Նորը,— կնպաստեն այն բանին, որ ժողովները գործեն այնպես, ինչպես գրված է Աստծու Խոսքում։ Կասկած չունենք, որ Եհովան առատորեն կօրհնի մեզ»։

Կազմակերպչական փոփոխությունների մասին այս տեղեկությունը ինչպե՞ս ընդունվեց ներկաների կողմից։ Մի շրջագայող վերակացու համոզվածությամբ ասաց. «Դա պետք է որ արդյունավետ լինի, չէ՞ որ սա Եհովայի առաջնորդությունն է»։ Մեկ այլ փորձառու Վկա նշում է. «Դա կմղի հոգևորապես հասուն տղամարդկանց, որ պատասխանատվություններ ստանձնեն ժողովում»։ Այդուհետ համապատասխան որակներ ունեցող ցանկացած եղբայր կարող էր «ձգտել վերակացուի պարտականության» և նշանակում ստանալ (1 Տիմոթ. 3։1)։ Այսպիսով՝ ավելի շատ եղբայրներ կարող էին արժեքավոր փորձ ձեռք բերել՝ ժողովում պատասխանատվություններ կրելով։ Սկզբում ոչ ոք չէր էլ պատկերացնում, թե որքան կարևոր էր լինելու նրանց դերը, երբ հետագա տարիներին բազմաթիվ նոր մարդիկ միանային Աստծու ժողովրդին։

Համաժողովի ժամանակ ներկայացված այս տեղեկության հիման վրա որոշ հստակեցումներ և փոփոխություններ մտցվեցին նաև Կառավարիչ մարմնի գործունեության մեջ։ 1971թ. սեպտեմբերի 6-ին որոշվեց, որ Կառավարիչ մարմնի անդամները այբբենական կարգով կստանձնեն նախագահողի պարտականությունը։ Մի քանի շաբաթ անց՝ հոկտեմբերի 1-ին, Ֆ. Ու. Ֆրանցը մեկ տարի ժամկետով նշանակվեց Կառավարիչ մարմնի նախագահող։

Մյուս տարի՝ 1972-ի սեպտեմբերին, առաջին անգամ ժողովներում նախագահող վերակացուի պատասխանատվությունը փոխանցվեց հաջորդ եղբորը։ Մինչև հոկտեմբերի 1-ը ժողովների մեծ մասում այդ փոխարինումը արդեն արվել էր։ Հաջորդ երեք տարիների ընթացքում Եհովայի վկաների թվի զգալի աճ գրանցվեց. մկրտվեցին ավելի քան 750000 անհատներ։ Սակայն այժմ մոտենում էր 1975-ի աշունը։ Եթե այդ տարվա հետ կապված Վկաների սպասելիքները չիրականանային, ինչպե՞ս դա կանդրադառնար համաշխարհային քարոզչական գործը նախանձախնդրորեն կատարելու, ինչպես նաև նրանց միասնության վրա։

Տասնամյակներ շարունակ Նաթան Հ. Նորը, որը կազմակերպչական բացառիկ ունակությունների տեր եռանդուն անձնավորություն էր, մեծ դեր է ունեցել կազմակերպության մեջ կրթական գործը առաջ տանելու, ինչպես նաև Աստվածաշունչը բոլորին մատչելի դարձնելու գործում։ Նա նաև մեծ ներդրում է ունեցել մարդկանց օգնելու հարցում, որ խորությամբ հասկանան Աստծու Խոսքը։ Այն, որ այժմ Կառավարիչ մարմինը ավելի մեծ վերահսկողություն է իրականացնում, ինչպե՞ս է անդրադառնալու այդ նպատակների հետագա զարգացման վրա։

[ծանոթագրություններ]

a «Դիտարան», 1942թ., փետրվարի 1, էջ 45; «Մխիթարություն», 1942թ., փետրվարի 4, էջ 17։

b 1945-ի սեպտեմբերին եղբայր Քովինգտոնը խոնարհաբար հրաժարվեց ծառայել որպես «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերության» (Փենսիլվանիա) փոխնախագահ՝ բացատրելով, որ ցանկանում է գործել համաձայն Եհովայի կամքի. այն ժամանակ կարծում էին, որ բոլոր տնօրեններն ու ղեկավարները պետք է լինեն օծյալ քրիստոնյաներ, բայց եղբայր Քովինգտոնը պատկանում էր «ուրիշ ոչխարների» դասին։ Հոկտեմբերի 1-ին Լայման Ա. Սուինգլն ընտրվեց որպես տնօրենների խորհրդի անդամ, իսկ հոկտեմբերի 5-ին Ֆրեդերիկ Ու. Ֆրանցն ընտրվեց որպես փոխնախագահ (տե՛ս 1946թ. «Եհովայի վկաների տարեգիրքը», էջ 221–224; «Դիտարան», 1945թ., նոյեմբերի 1, էջ 335, 336)։

c Տե՛ս 30-րդ գլուխը՝ «Բարի լուրը պաշտպանվում և օրինականապես հաստատվում է» վերնագրով։

d Այդ ճամփորդությունը մանրամասնորեն նկարագրվում է «Դիտարանի» 1946թ. թողարկումներում (էջ 14–16, 28–31, 45–48, 60–64, 92–95, 110–112, 141–144)։

e Մի քանի տարվա ընթացքում Աստվածաշնչի ուսումնասիրության այս ձեռնարկը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում։ 1952թ. ապրիլի 1-ին վերանայվելուց հետո այն տպագրվեց 54 լեզուներով՝ 19000000 օրինակով։

f Տե՛ս «Դիտարան», 1947, էջ 140–144, 171–176, 189–192, 205–208, 219–223, 236–240, 251–256, 267–272, 302–304, 315–320, 333–336, 363–368։

g «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է» գիրքը վերանայվել է 1990թ.-ին։

h Օրինակ՝ «Դիտարան» պարբերագրի տարբեր թողարկումներում տպագրվեցին հետևյալ հոդվածները՝ «Իմաստությամբ օգտագործենք մնացած ժամանակը» (1968, մայիսի 1), «Ծառայի՛ր հավիտենական ապագայի հեռանկարով» (1974, հունիսի 15), «Ինչո՞ւ չի ասվել «օրը և ժամը»» և «Ինչպե՞ս է քեզ վրա անդրադառնում «օրը և ժամը» չիմանալը» (1975, մայիսի 1)։ Ավելի վաղ՝ 1963թ.-ին, «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է» գրքում նշվել էր. «Ճիշտ չի լինի Աստվածաշնչի ժամանակագրության միջոցով ենթադրություններ անել գալիք իրադարձությունների թվականների վերաբերյալ (Մատթ. 24։36)»։

i Տե՛ս 15-րդ գլուխը՝ «Կազմակերպության կառույցի զարգացումը» վերնագրով։

j Եղբայր Նորը նաև բացատրեց, որ 1972թ. հոկտեմբերի 1-ից սկսած՝ երեցների խորհրդի բոլոր անդամները ամեն տարի հերթով ծառայելու էին որպես նախագահող։ Այս կարգը փոփոխվեց 1983-ին. յուրաքանչյուր երեցների խորհուրդ պետք է երաշխավորեր եղբայրներից մեկին՝ ծառայելու որպես նախագահող վերակացու (այժմ՝ երեցների խորհրդի կոորդինատոր), որը Ընկերության կողմից նշանակում ստանալուց հետո անժամկետ ստանձնելու էր այդ պատասխանատվությունը։

[մեջբերում 92-րդ էջի վրա]

Շարունակում են քարոզել՝ չնայած ձերբակալություններին և ամբոխների հարձակումներին

[մեջբերում 94-րդ էջի վրա]

Համաշխարհային ընդլայնում և աննախադեպ մասշտաբների հասնող կրթական ծրագրեր

[մեջբերում 103-րդ էջի վրա]

Աստվածաշունչը պաշտպանվում է քննադատների հարձակումներից

[մեջբերում 104-րդ էջի վրա]

«Սիրելինե՛ր, գլխավոր միտքն այն է, որ ժամանակը կարճ է, շա՛տ կարճ»

[մեջբերում 106-րդ էջի վրա]

Հոգևորապես հասուն տղամարդիկ կմղվեն պատասխանատվություններ ստանձնել ժողովում

[շրջանակ 91-րդ էջի վրա]

Ն. Հ. Նորի կենսագրությունը

Նաթան Հոմեր Նորը ծնվել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Բեթլեհեմ քաղաքում 1905թ. ապրիլի 23-ին։ 16 տարեկանում նա սկսեց հաճախել Ալենթաունի՝ Աստվածաշունչ ուսումնասիրողների ժողովի հանդիպումներին։ 1922-ին ներկա եղավ Սիդար Փոյնթի (Օհայո) համաժողովին, որի ժամանակ որոշում կայացրեց հեռանալ ռեֆորմատական եկեղեցուց։ Հաջորդ տարի՝ 1923-ի հուլիսի 4-ին, մկրտության ելույթից հետո, որը ներկայացրեց Բրուքլինի Բեթելից եղբայր Ֆրեդերիկ Ֆրանցը, 18-ամյա Նաթանը մկրտվեց Փենսիլվանիայի արևելքում գտնվող Լիթլ Լեհայ գետում։ 1923-ի սեպտեմբերի 6-ին եղբայր Նորը դարձավ Բրուքլինի Բեթելի ընտանիքի անդամ։

Նա սկսեց ջերմեռանդորեն ծառայել առաքման բաժնում, ու շուտով բացահայտվեց նրա կազմակերպչական ձիրքը։ Երբ 1932-ի սեպտեմբերի 23-ին մահացավ Ընկերության տպարանի վերակացու Ռոբերտ Ջ. Մարտինը, նրա փոխարեն նշանակվեց եղբայր Նորը։ 1934-ի հունվարի 11-ին նա ընտրվեց որպես «Ազգերի քարոզիչների միության» (հետագայում՝ «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերություն», Նյու Յորք) տնօրեն, իսկ հաջորդ տարի դարձավ այդ միավորման փոխնախագահը։ 1940-ի հունիսի 10-ին նա ընտրվեց որպես «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերության» (Փենսիլվանիա) փոխնախագահ։ 1942-ի հունվարին եղբայր Նորն ընտրվեց վերոհիշյալ երկու միավորումների, ինչպես նաև բրիտանական միավորման՝ Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողների միության նախագահ։

Հետագա տարիներին եղբայր Նորի ամենամտերիմ և վստահելի խորհրդատուն եղել է տարիքով իրենից բավականին մեծ Ֆրեդերիկ Ու. Ֆրանցը, որը գիտեր շատ լեզուներ և հայտնի աստվածաշնչագետ էր, ինչի շնորհիվ զգալի ներդրում է ունեցել կազմակերպության գործունեության մեջ։

[շրջանակ 93-րդ էջի վրա]

Խոստումնալից ապագա

1942թ. սեպտեմբերին Քլիվլենդում (Օհայո) անցկացվող «Նոր աշխարհ» խորագրով աստվածապետական համաժողովի ներկաները ջերմորեն ողջունեցին տարեց Ու. Է. վան Ամբուրգին, որն Ընկերության քարտուղար-գանձապահն էր։ Եղբայր Վան Ամբուրգը իր ելույթում նշեց, որ առաջին համաժողովը, որին ինքը ներկա է եղել, անցկացվել է Չիկագոյում 1900թ.-ին։ Դա այն ժամանակների համար մեծ համաժողով էր, որին ներկա էր 250 հոգի։ Հետագա տարիների մյուս մեծ համաժողովների մասին նշելուց հետո նա իր ելույթը եզրափակեց խոստումնալից ապագայի վերաբերյալ հետևյալ խոսքերով. «Այս համաժողովըk մեծ է, սակայն մեծ է՝ համեմատած այն համաժողովների հետ, որոնց ներկա եմ եղել անցյալում։ Բայց վստահ եմ, որ այս համաժողովը նույնպես շատ փոքր է լինելու՝ գալիք համաժողովների հետ համեմատած, երբ Տերը սկսի հավաքել իր ժողովրդին աշխարհի բոլոր ծայրերից»։

[ծանոթագրություն]

k Քլիվլենդում ներկաների բարձրագույն թիվը 26000 էր։ Նույն համաժողովն անցկացվեց Միացյալ Նահանգների այլ քաղաքներում. ընդհանուր հաշվով՝ 52 տարբեր քաղաքներում ներկաների թիվը կազմեց 129699։

[շրջանակ/քարտեզներ 96-րդ էջի վրա]

Ն. Հ. Նորի ճամփորդությունները, 1945–1956

1945–1946, Կենտրոնական Ամերիկա, Հարավային Ամերիկա, Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա, Կարիբյան ծովի կղզիներ

1947–1948, Հյուսիսային Ամերիկա, Խաղաղօվկիանոսյան կղզիներ, Ասիա, Մերձավոր Արևելք, Եվրոպա, Աֆրիկա

1949–1950, Հյուսիսային Ամերիկա, Կենտրոնական Ամերիկա, Հարավային Ամերիկա, Կարիբյան ծովի կղզիներ

1951–1952, Հյուսիսային Ամերիկա, Խաղաղօվկիանոսյան կղզիներ, Ասիա, Եվրոպա, Մերձավոր Արևելք, Աֆրիկա

1953–1954, Հարավային Ամերիկա, Կարիբյան ծովի կղզիներ, Հյուսիսային Ամերիկա, Կենտրոնական Ամերիկա

1955–1956, Եվրոպա, Խաղաղօվկիանոսյան կղզիներ, Ասիա, Հյուսիսային Ամերիկա, Մերձավոր Արևելք, Հյուսիսային Աֆրիկա

[քարտեզներ]

(տե՛ս հրատարակությունը)

[շրջանակ 105-րդ էջի վրա]

«Կրկին սկսեցի մտածել»

Եհովայի վկաները լայնորեն օգտագործում էին 1968թ.-ին լույս տեսած «Ճշմարտություն, որ հավիտենական կյանքի է առաջնորդում» գիրքը՝ հետաքրքրվող մարդկանց հետ Աստվածաշունչ ուսումնասիրելու նպատակով։ Այս ժամանակահարմար միջոցը օգնել է հազարավոր մարդկանց Աստվածաշնչից ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերել։ Մի շնորհակալական նամակում, որը 1973թ.-ին ուղարկել էր Միացյալ Նահանգներում ապրող ընթերցողներից մեկը, հետևյալն էր ասվում. «Այսօր մի բարեհամբույր կին թակեց մեր դուռը և մի գիրք տվեց ինձ՝ «Ճշմարտություն, որ հավիտենական կյանքի է առաջնորդում» վերնագրով։ Քիչ առաջ ավարտեցի այն։ Կյանքումս առաջին անգամ մեկ օրում 190 էջ կարդացի։ 1967-ի հունիսի 29-ին կորցրել էի Աստծու հանդեպ հավատս։ Այսօր ես կրկին սկսեցի մտածել նրա մասին»։

[նկար 95-րդ էջի վրա]

«Գաղաադ» դպրոց (Սաութ Լանսինգ, Նյու Յորք)

[նկար 97-րդ էջի վրա]

Եղբայր Նորը բազմիցս ճամփորդել է աշխարհով մեկ (այստեղ՝ Կուբա այցելելիս)

[նկարներ 98-րդ էջի վրա]

Եղբայր Նորը մտածում էր, որ յուրաքանչյուր Վկա պետք է կարողանա տնից տուն քարոզել

Անգլիա

Լիբանան

[նկար 99-րդ էջի վրա]

Եղբայր Նորը՝ որպես Ընկերության նախագահ, ավելի քան 35 տարի սերտորեն համագործակցել է եղբայր Ֆրանցի հետ

[նկար 100-րդ էջի վրա]

«Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերության» (Փենսիլվանիա) տնօրենների խորհուրդը 1950-ականների կեսերին (ձախից՝ աջ). Լայման Ա. Սուինգլ, Թոմաս Ջ. Սալիվան, Գրանտ Սյութեր, Հյուգո Հ. Ռիմեր, Նաթան Հ. Նոր, Ֆրեդերիկ Ու. Ֆրանց, Միլթոն Ջ. Հենշել

[նկարներ 102-րդ էջի վրա]

1958-ին 123 երկրներից պատվիրակներ ներկա եղան «Յանկի» մարզադաշտում անցկացված «Աստծու կամքը» միջազգային համաժողովին

[նկար 107-րդ էջի վրա]

Հրատարակություններ՝ ծառայության մեջ օգտագործելու համար

[նկար 107-րդ էջի վրա]

Հրատարակություններ՝ ծառայությունը բարելավելու համար

[նկար 107-րդ էջի վրա]

«Պինդ կերակուր» պարունակող գրքեր՝ Աստծու ժողովրդին հոգևորապես ամրապնդելու համար

[նկար 107-րդ էջի վրա]

Փնտրտուքներ անելու և խորությամբ ուսումնասիրելու ձեռնարկներ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը