Գլուխ 9
Եհովայի խոսքը շարունակում է արագորեն տարածվել (1976–1992)
«Վերջապես, եղբայրնե՛ր, աղոթեք մեզ համար, որ Եհովայի խոսքը շարունակի արագորեն տարածվել և փառավորվել, ինչպես որ ձեզ մոտ է» (2 Թեսաղ. 3։1)։
ԱՅՍ խոսքերով Պողոս առաքյալը խնդրեց Թեսաղոնիկեում ապրող հավատակիցներին աղոթել, որ ոչինչ չխանգարի իրեն և իր ընկերակիցներին հռչակելու Եհովայի խոսքը։ Եհովան պատասխանեց նրանց աղոթքին։ Սակայն դա չէր նշանակում, որ առաքյալը խնդիրներ չէր ունենալու։ Նա դաժան հալածանքի ենթարկվեց աշխարհի կողմից և ստիպված եղավ դիմագրավելու կեղծ եղբայրների հակառակությանը, որոնք նենգաբար էին վարվում (2 Կորնթ. 11։23–27; Գաղ. 2։4, 5)։ Չնայած այս ամենին՝ տասը տարի անց Պողոսը գրեց, որ Աստծու օրհնությամբ «ամբողջ աշխարհում [բարի լուրը] պտուղ է բերում ու տարածվում» (Կող. 1։6)։
Նմանապես մեր օրերում բարի լուրը առատ պտուղներ է բերում, սակայն այսօր դա աննախադեպ մասշտաբների է հասնում։ Անցյալում երբեք այսքան շատ մարդիկ չեն լսել և ընդունել բարի լուրը։ Համաձայն Աստծու մարգարեական Խոսքի՝ բարի լուրն արագորեն տարածվում է ամենուր, ինչպես լույսի շողերն են արագորեն տարածվում արևածագին (Ես. 60։22)։
Կազմակերպչական բարեփոխումներ
1976թ.-ին եղբայր Նորն արդեն ավելի քան երեք տասնամյակ էր, ինչ ջանասիրաբար ծառայում էր որպես «Դիտարան ընկերության» նախագահ։ Նա շատ անգամներ շրջագայել էր աշխարհով մեկ՝ այցելելով ու քաջալերելով միսիոներներին, ուսուցանելով ու կրթելով մասնաճյուղերում ծառայողներին։ Եղբայր Նորը ականատես էր եղել, թե 1942–1976թթ.-ին ինչպես է Վկաների թիվը 117209-ից հասել 2248390-ի։
1976-ի ամռանը 71-ամյա Ն. Հ. Նորը նկատեց, որ հաճախ է անզգուշաբար բախվում տարբեր առարկաների։ Բժշկական հետազոտությունները ցույց տվեցին, որ նա գլխուղեղի ուռուցք ուներ, որը հնարավոր չէ վիրահատել։ Նա մի քանի ամիս ջանում էր կատարել իր պատասխանատվությունները, սակայն նրա առողջական վիճակը գնալով ծանրանում էր։ Արդյոք դա կխանգարե՞ր Թագավորության գործի առաջընթացին։
1971թ.-ից սկսած՝ Կառավարիչ մարմնի անդամների թիվն ավելանում էր։ 1975-ին Կառավարիչ մարմնի կազմում կար 17 հոգի։ Այդ ամբողջ տարվա ընթացքում Կառավարիչ մարմինը Եհովայի առաջնորդությունն էր խնդրում և խորհրդածում էր այն մասին, թե ինչպես կարող է լավագույնս իրականացնել ամբողջ աշխարհում քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործը, որը, ըստ Աստծու Խոսքի, պետք է կատարվեր մեր օրերում (Մատթ. 28։19, 20)։ 1975թ. դեկտեմբերի 4-ին Կառավարիչ մարմինը միաձայն հավանություն տվեց կազմակերպչական մի բարեփոխման, որը կարելի է համարել Եհովայի վկաների ժամանակակից պատմության մեջ ամենանշանակալից փոփոխություններից մեկը։
1976-ի հունվարի 1-ից ամբողջ աշխարհի Եհովայի վկաների ժողովների և «Դիտարան ընկերության» գործունեությունը սկսեցին վերահսկել Կառավարիչ մարմնի վեց կոմիտեները։ Այս նոր կարգին ներդաշնակ՝ 1976-ի փետրվարի 1-ից փոփոխություններ տեղի ունեցան բոլոր մասնաճյուղերում։ Այլևս մասնաճյուղի գործունեության պատասխանատվությունն ընկած չէր մեկ եղբոր՝ մասնաճյուղի վերակացուի ուսերին, այլ այն կրում էր մասնաճյուղի կոմիտեն, որը կազմված էր երեք և ավելի հոգևորապես հասուն եղբայրներից։ Նրանցից մեկը անժամկետ ծառայում էր որպես կոորդինատորa։ Մի քանի ամիս անց Կառավարիչ մարմինը հետևյալ դիտարկումն արեց. «Տեսնում ենք, որ իսկապես արդյունավետ է, երբ մի քանի եղբայրներ միասին խորհրդակցում են Թագավորության գործին ի նպաստ որոշումներ կայացնելու համար (Առակ. 11։14; 15։22; 24։6)»։
1976թ. աշնանը եղբայր Նորը, թեև ֆիզիկապես տկար էր, սակայն շարունակում էր դասավանդել տարբեր երկրների մասնաճյուղերից եկած եղբայրներին և կոմիտեների անդամներին նրանց համար գլխավոր վարչությունում կազմակերպված հանդիպումների ժամանակ։ Դրանից բացի, երեկոյան ժամերին նա սովորողներից մի քանիսին հրավիրում էր իր սենյակ։ Այդպես եղբայր Նորն ու իր կինը՝ Օդրին, ջերմ ընկերակցություն էին վայելում նրանց հետ, ովքեր վաղուց ճանաչում ու սիրում էին Նորին, և որոնց հետ նա երկար տարիներ սերտորեն շփվել էր։ Եղբայր Նորի առողջությունը աստիճանաբար ավելի ծանրացավ, և 1977թ. հունիսի 8-ին նա մահացավ։
1977թ. հունիսի 22-ին՝ եղբայր Նորի մահից երկու շաբաթ անց, 83-ամյա Ֆրեդերիկ Ու. Ֆրանցը ընտրվեց որպես «Դիտարան ընկերության» նախագահ։ Նրա մասին «Դիտարանի» 1977թ. օգոստոսի 1-ի համարում ասվում էր. «Լինելով նշանավոր աստվածաշնչագետ և ջանադրաբար ծառայելով ի նպաստ Թագավորության գործի՝ եղբայր Ֆրանցն արժանացել է ամբողջ աշխարհի Եհովայի վկաների վստահությանը, որոնք հավատարմորեն աջակցում են նրան»։
Մինչ եղբայր Ֆրանցի նախագահ ընտրվելը արդեն տեղի էին ունեցել կազմակերպչական բարեփոխումներ, որոնց շնորհիվ Թագավորության գործն անխափան առաջ էր գնում։
Աստվածաշնչյան գրականություն հոգևոր կարիքները բավարարելու համար
Եհովայի վկաները 1976թ.-ից առաջ էլ առատ հոգևոր սնունդ են ստացել։ Սակայն այն, թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո Կառավարիչ մարմնի գրական կոմիտեի առաջնորդության ներքո, ցույց է տալիս, որ ճշմարտության ջրերը վարարել էին և հոսում էին զանազան ուղղություններով։
Նոր հրատարակություններից շատերը նախատեսված էին Վկաների հատուկ կարիքները հոգալու համար։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց երիտասարդներին։ 1976-ին լույս տեսավ «Լավագույնը քաղեք ձեր երիտասարդությունից» գիրքը, իսկ 1989-ին՝ «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գիրքը, որոնց նպատակն էր օգնել երիտասարդներին կյանքի տարբեր իրավիճակներում առաջնորդվելու աստվածաշնչյան սկզբունքներով։ 1978-ին լույս տեսավ «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» պատկերազարդ գիրքը, որը նախատեսված էր երեխաների համար։ Այդ նույն թվականին հրատարակվեց նաև «Ընտանեկան կյանքդ երջանիկ դարձրու» վերնագրով գիրքը, որում տրվում էին խորհուրդներ և առաջնորդություն՝ ընտանիքներն ամրացնելու համար։
Եհովայի ժողովրդի հատուկ կարիքները հաշվի առնելով՝ ժամանակահարմար խորհուրդներ էին տրվում «Դիտարանի» տարբեր հոդվածներում։ Օրինակ՝ Եհովայի վկաների 1977/1978թթ. համաշխարհային հաշվետվությունը ցույց տվեց, որ քարոզիչների թիվը նվազել է։ Գուցե պատճառը մասամբ 1975-ի հետ կապված չիրականացած ակնկալիքներն էին։ Սակայն դրան նպաստող այլ գործոններ էլ կային։ Ի՞նչ քայլեր կարելի էր ձեռնարկել։
Կառավարիչ մարմինը միջոցներ ձեռնարկեց ամրացնելու Եհովայի վկաների համոզվածությունն այն հարցում, որ հարկավոր է շարունակել Թագավորության լուրը եռանդով հռչակել տնից տուն։ «Դիտարանի» 1979թ. հուլիսի 15-ի համարում տպագրվեցին հետևյալ հոդվածները՝ «Նախանձախնդրություն Եհովայի տան հանդեպ», «Քարոզում ենք անօրեն աշխարհում», «Նրանք քարոզում էին տնետուն» և «Ի՞նչ են ասում ուրիշները տնետուն վկայություն տալու մասին»։ Այս և նմանատիպ այլ հոդվածներ հաստատում էին, որ տնետուն քարոզչության համար աստվածաշնչային հիմքեր կան, և հորդորում էին բոլորին ամբողջ հոգով եռանդորեն մասնակցել այս կարևոր գործինb (Գործ. 20։20; Կող. 3։23)։
Կար նաև մեկ այլ խնդիր, որին հարկավոր էր ուշադրություն դարձնել։ Մինչ 1980թ. մի շարք մարդիկ, ովքեր տարիներ շարունակ մասնակցել էին Եհովայի վկաների գործունեությանը, և ոմանք նույնիսկ առանձնաշնորհումներ էին ունեցել կազմակերպության մեջ, ամեն կերպ փորձում էին պառակտել Աստծու ծառաների միասնությունը և խոչընդոտել նրանց գործունեությունը։ Հավատուրացների ազդեցությունից Եհովայի ժողովրդին պաշտպանելու համար «Դիտարանում» տպագրվեցին այսպիսի թեմաներով հոդվածներ՝ «Հավատի մեջ ամուր մնացեք» (1980, օգոստոսի 1), «Աննկատ տարածում են կործանարար աղանդավորություն» (1983, սեպտեմբերի 15), «Մերժեք հավատուրացությունը, կառչեք ճշմարտությանը» (1983, ապրիլի 1)։ Իսկ «Թող գա քո Թագավորությունը» (1981) գրքում ընդգծվում էր այն միտքը, որ Թագավորությունը մոտ է և 1914-ին հաստատվել է երկնքում։ Այսպիսով՝ Կառավարիչ մարմինը թույլ չտվեց, որ հակառակորդները շեղեն Եհովայի վկաներին իրենց գլխավոր նպատակից՝ Աստծու Թագավորությունը հռչակելուց։
Բացի այդ, անհրաժեշտ էր, որ Եհովայի վկաները շարունակեին խորացնել աստվածաշնչյան ճշմարտությունների վերաբերյալ իրենց գիտելիքները։ Այդ նպատակով 1984-ին լույս տեսավ «Նոր աշխարհ թարգմանության» մի վերանայված հրատարակություն, որտեղ կային բազմաթիվ զուգահեռ հղումներ, ծանոթագրություններ և ծավալուն հավելված։ Չորս տարի անց՝ 1988-ին, Եհովայի ժողովուրդը ցնծությամբ ընդունեց երկու հրատարակություն ևս։ Դրանցից մեկը «Հայտնություն. փառահեղ գագաթնակետը մոտ է» գիրքն էր, որտեղ նոր լույսի ներքո համար առ համար մեկնաբանվում է «Հայտնություն» գիրքը։ Մյուսը «Գրությունների ըմբռնում» կոչվող աստվածաշնչյան երկհատոր հանրագիտարանն էր։ Իսկ 1991-ին լույս տեսավ գեղեցիկ նկարներով հարուստ մի գիրք՝ «Երբևէ ապրած մեծագույն մարդը» վերնագրով, որը մանրամասնորեն ներկայացնում է Հիսուսի կյանքը և նրա սովորեցրած ճշմարտությունները։
Չանտեսվեցին նաև նրանք, ովքեր Եհովայի վկաներ չէին։ 1982-ին լույս տեսավ «Դուք կարող եք հավիտյան ապրել երկրային Դրախտում» գիրքը, որը նախատեսված էր հետաքրքրվող մարդկանց կրթելու համար։ Գրքի նպատակն էր օգնել Աստվածաշունչ ուսումնասիրողներին, որ իրենց կյանքը համապատասխանեցնեն երկրային դրախտում ապրելու վերաբերյալ Եհովայի չափանիշներին։ Իսկ այն մարդկանց համար, ովքեր գուցե հարցեր ունեն երկրի վրա կյանքի ծագման վերաբերյալ, 1985-ին լույս տեսավ «Ինչպե՞ս է առաջացել կյանքը. էվոլյուցիայի՞, թե՞ արարչագործության միջոցով» գիրքը։ Այնուհետև 1989-ին հրատարակվեց «Աստվածաշունչը Աստծո՞ւ Խոսքն է, թե՞ մարդկանց» գիրքը, որի նպատակն էր ամրացնել մարդկանց հավատը Սուրբ Գրքի հանդեպ։
Ուշադրություն դարձվեց նաև այն խոնարհ մարդկանց, ովքեր հատուկ օգնության կարիք ունեին, քանի որ այլ մշակույթի էին պատկանում կամ ուրիշ կրոնական դաստիարակություն էին ստացել։ 1982թ.-ին լույս տեսավ «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա» 32-էջանոց գրքույկը, որի նպատակն էր Թագավորության մասին ճշմարտությունը սովորեցնել այն մարդկանց, ովքեր գրաճանաչ չեն կամ դժվարությամբ են կարդում։ Մինչև 1992թ. այդ գրքույկը թարգմանվեց 200 լեզվով և տպագրվեց ավելի քան 76000000 օրինակով։ Այդպիսով՝ այն դարձավ «Դիտարան ընկերության» ամենաշատ լեզուներով թարգմանված հրատարակությունը, որը տարածվում էր ամբողջ աշխարհում։
1983թ.-ին հրատարակվեցին երեք գրքույկներ, որոնք նախատեսված էին մահմեդականներին, հնդուականներին և բուդդայականներին օգնելու համար։ Այս և ուրիշ կրոնների պատկանող մարդկանց բարի լուրը հայտնելն ավելի հեշտ կլիներ, եթե քարոզիչները որոշ տեղեկություններ ունենային նրանց կրոնի պատմության և հավատալիքների մասին։ Ուստի այդ նպատակով 1990թ.-ին լույս տեսավ «Մարդկությունը՝ Աստծուն որոնելու ճանապարհին» գիրքը։
Կառավարիչ մարմինը ձգտում էր Թագավորության բարի լուրը հաղորդել հնարավորինս շատ մարդկանց՝ «բոլոր ազգերի, ցեղերի, ժողովուրդների և լեզուների» պատկանող մարդկանց (Հայտն. 7։9)։ Այդ նպատակին հասնելու համար քայլեր ձեռնարկվեցին, որ գրականությունը ավելի շատ լեզուներով թարգմանվի։ Օրինակ՝ 1976–1992թթ.-ին լեզուների թիվը, որոնցով լույս էր տեսնում «Դիտարան» պարբերագիրը, ավելացավ 42 տոկոսով։ 1992-ի հոկտեմբերին «Դիտարան» պարբերագիրը թարգմանվում էր 111 լեզուներով։ Այդ տարի ամբողջ աշխարհում թարգմանչական գործով զբաղվում էին 800-ից ավելի կամավորներ։
Ավելի հարուստ ու բազմազան կրթական ծրագրեր
Կառավարիչ մարմնի ուսումնական կոմիտեի ղեկավարության ներքո Բեթելի կրթական ծրագրերը, որոնք նախատեսված էին գլխավոր վարչությունում և մյուս բոլոր մասնաճյուղերում ծառայողների համար, ավելի հարուստ ու բազմազան դարձան։ Առավոտյան երկրպագության ժամանակ Աստվածաշունչը և «Տարեգիրքը» ընթերցելուց բացի սկսեցին ներկայացվել Աստվածաշնչի նախորդ շաբաթվա ընթերցանությունից ուշագրավ մտքեր, որոնք գործնական էին Բեթելի ընտանիքի համար։ Նաև Բեթելի տարբեր բաժիններ սկսեցին կանոնավորաբար հաշվետվություններ ներկայացնել իրենց գործունեության մասին։ Զոնալ վերակացուները նույնպես ավելի հաճախ սկսեցին ներկայացնել հաշվետվություններ։
Կազմակերպության մեջ հավելյալ պատասխանատվություններ ունեցող եղբայրներին կրթելու նպատակով մշակվեցին և սկսեցին գործել նոր կրթական ծրագրեր։ 1977-ին բոլոր երեցների համար կազմակերպվեց Թագավորական ծառայության դպրոցի 15-ժամյա դասընթաց (Գործ. 20։28)։ Դրանից հետո տարբեր տևողության նմանատիպ դասընթացներ էին անցկացվում մի քանի տարին մեկ։ 1984-ից Թագավորական ծառայության դպրոցի դասընթացներին սկսեցին մասնակցել նաև ծառայող օգնականները։ Իսկ 1977-ի դեկտեմբերից Բրուքլինում սկսեց անցկացվել հատուկ հինգշաբաթյա դպրոց մասնաճյուղերի կոմիտեների անդամների համար։
Հատուկ ուշադրություն դարձվեց այն քարոզիչներին, որոնք ծառայում էին լիաժամ՝ որպես ռահվիրա։ Նրանց համար 1977-ի դեկտեմբերին Միացյալ Նահանգներում հիմնվեց Ռահվիրայական ծառայության դպրոցը, որը տևում է երկու շաբաթ։ Հետագայում այն անցկացվեց նաև աշխարհի տարբեր մասերում։ Հաջորդ 14 տարիների ընթացքում ռահվիրաների թիվը մեծացավ ավելի քան հինգ անգամ՝ 115389-ից հասնելով 605610-ի։
1987-ի աշնանը հիմնվեց մի նոր դպրոց՝ Ծառայության կատարելագործման դպրոցը, որի նպատակն էր կրթել համապատասխան որակներ ունեցող եղբայրներին, ովքեր երեցներ կամ ծառայող օգնականներ էին և պատրաստ էին ծառայելու այնտեղ, որտեղ ավելի մեծ կարիք կար։ 1992-ին արդեն այս դասընթացներն անցկացվել էին Ավստրալիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Մեքսիկայում, Միացյալ Նահանգներում, Նիգերիայում, Շվեդիայում, Սալվադորում և Ֆրանսիայում։ Դա նպաստեց այն բանին, որ ավելանա հմուտ եղբայրների թիվը, որոնք ոչ թե գերադաս էին համարվում մյուսներից, այլ ծառայում էին հավատակիցներին՝ գործի դնելով իրենց ձեռք բերած հմտությունները։
Աստվածաշնչի համաշխարհային կրթական գործն առաջ տանելու նպատակով միջազգային համաժողովներ կազմակերպվեցին այնպիսի քաղաքներում, որոնք տարբեր առումներով հարմար էին նման միջոցառում անցկացնելու համար։ Այդ քաղաքներից մի քանիսը գտնվում էին այն երկրներում, որտեղ Եհովայի վկաների գործունեությունը արգելքի տակ էր եղել։ Այս համաժողովները ամրացրին եղբայրների հավատը և մեծապես խթանեցին այդ երկրներում բարի լուրի քարոզչությունըc։
Նոր մասնաշենքեր
Մինչ Եհովայի խոսքը շարունակում էր արագորեն տարածվել, անհրաժեշտություն առաջացավ մեծամասշտաբ շինարարական և տպագրական նախագծեր իրականացնել։ Այդ ոլորտները գտնվում էին Կառավարիչ մարմնի հրատարակչական կոմիտեի հսկողության տակ։
Շինարարական փորձ ունեցող Վկաներն առաջարկեցին իրենց օգնությունը։ Նրանց ջանքերը կոորդինացնելու շնորհիվ հնարավոր եղավ նոր ու ավելի մեծ մասնաշենքեր կառուցել աշխարհի տարբեր մասերում։ 1976–1992թթ.-ին մոտ 60 երկրներում նոր մասնաճյուղեր էին կառուցվում։ Բացի այդ, 30 երկրներում ձեռնարկվեցին գոյություն ունեցող մասնաճյուղերի ընդլայնման աշխատանքներ։ Այս գործը, որին մասնակցում էին տարբեր ժողովներից, երբեմն էլ տարբեր երկրներից եկած կամավորներ, նպաստում էր Եհովայի ժողովրդի մեջ սիրո և միասնության կապի ամրապնդմանըd։
Բազմաթիվ լեզուներով հրատարակություններ տպագրելու համար, որոնց կարիքը գնալով ավելանում էր, համակարգչային ոլորտում մասնագետ Վկաները սկսեցին մշակել մի բազմալեզու էլեկտրոնային հրատարակչական ծրագիր, որը կոչվեց MEPS։ 1986-ին այն արդեն պատրաստ էր։ Այս ծրագրի շնորհիվ 1992թ.-ին արդեն կազմակերպությունը կարողանում էր միաժամանակ 66 լեզուներով հրատարակել «Դիտարան» պարբերագիրը։ Արդյունքում գրեթե բոլոր Եհովայի վկաները միաժամանակ ստանում էին միևնույն հոգևոր սնունդըe։
«Դիտարան ընկերության» մասնաճյուղերն ավելանում էին, ուստի գլխավոր վարչությունում, ինչպես նաև այլ մասնաճյուղերում ավելի շատ կամավորների կարիք էր զգացվում։ 1976–1992թթ.-ին Բեթելի միջազգային ընտանիքը մեծացավ երեք անգամ՝ 4000-ից հասնելով ավելի քան 12900-ի։ Լիաժամ ծառայողների այս հզոր բանակի անձնական և հոգևոր կարիքների մասին հոգ էր տանում Կառավարիչ մարմնի կադրերի կոմիտեն։
Հոգ է տարվում ժողովների և քարոզչական գործի մասին
Եհովայի խոսքի տարածվելուն զուգընթաց՝ Կառավարիչ մարմնի ծառայողական կոմիտեն ջանքեր էր ներդնում բոլոր ժողովներին կերտելու և համաշխարհային քարոզչական գործն ընդլայնելու ուղղությամբ։
Հնարավո՞ր էր ավելին անել ամեն տարի մկրտվող բազմաթիվ նոր անհատներին օգնելու համար։ Դեռևս 1977-ին քայլեր էին ձեռնարկվել նոր մկրտված Վկաներին հոգևորապես ամրապնդելու նպատակով։ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում ասվում էր. «Կարծում ենք, որ հարկավոր է առնվազն երկու գիրք ուսումնասիրել այն բոլոր մարդկանց հետ, ովքեր գալիս են դեպի ճշմարտություն.... Հետևաբար, մկրտությունից հետո պետք է շարունակել ուսումնասիրությունը մինչև երկրորդ գրքի ավարտը»։ Այդպիսով նոր մկրտված Վկաները հնարավորություն ունեին ավելացնելու իրենց աստվածաշնչյան գիտելիքները, մարզելու իրենց հասկացողությունը և ավելի խորությամբ ըմբռնելու, թե ինչ է նշանակում լինել Եհովայի մկրտված ծառա։ Այս նոր նախաձեռնությունը նաև մղում էր Վկաներին, որ շարունակեն սերտորեն համագործակցել նրանց հետ, որոնց օգնել են ուսումնասիրել Աստվածաշունչը։
Հազարավոր անհատներ գալիս էին դեպի Եհովայի կազմակերպություն և նրանց մասին հոգ տանելու համար 1976-ից մինչև 1992-ը աշխարհով մեկ կազմավորվեցին ավելի քան 29000 նոր ժողովներ (Միք. 4։1)։ Կառավարիչ մարմինը ժողովներին օգնելու նպատակով բազմաթիվ նոր եղբայրների նշանակեց որպես շրջանային և մարզային վերակացուներ։ 1976-ին շրջագայող վերակացուների թիվը 2600 էր, իսկ 1992-ին՝ արդեն 3900։
Քանի որ ժողովների թիվն ավելանում էր, գնալով ավելի շատ Թագավորության սրահների կարիք էր զգացվում։ Հնարավո՞ր էր արդյոք ավելի արագ կառուցել սրահներ։ 1970-ականներին Եհովայի վկաները Միացյալ Նահանգներում մշակեցին նոր շինարարական ծրագիր. երկրի տարբեր մասերից փորձառու շինարարներ էին հրավիրվում Թագավորության սրահ կառուցելու գործում տեղի ժողովին օգնելու համար։ Հարյուրավոր կամավորների օգնությամբ սրահը կառուցվում էր շատ արագ՝ հաճախ ընդամենը երկու կամ երեք օրում։ 1980-ականներին արդեն արագացված ծրագրով Թագավորության սրահներ էին կառուցվում աշխարհի տարբեր անկյուններում։
Արևելյան Եվրոպայում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները անդրադարձան նաև Եհովայի վկաների վրա։ Որքան ուրախացան մեր եղբայրները, երբ պետական գրանցում ստացան այնպիսի երկրներում, ինչպիսիք են Արևելյան Գերմանիան (ինչպես կոչվում էր այն ժամանակ), Լեհաստանը, Հունգարիան, Ռումինիան և նախկին Խորհրդային Միությունը։ Որոշ երկրներում Վկաների գործունեությունն արգելքի տակ էր եղել մոտ 40 տարի։ Այժմ ունենալով ազատություն՝ Եհովայի վկաները կարող էին ավելի հեշտությամբ բարի լուրը քարոզել այդ երկրների՝ մոտ 380000000 բնակչությանը։ Ուստի առանց ժամանակ կորցնելու՝ նրանք գործի անցան։
Ինչպիսի՞ն էին արդյունքները։ Եհովայի խոսքն արագորեն տարածվում էր։ Օրինակ՝ 1992-ի ապրիլին Լեհաստանում Թագավորության քարոզիչների թիվը հասել էր 106915-ի։ Հետագա աճի հիանալի հեռանկար կար։ Նույն ամսին Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյին ներկա եղավ 214218 հոգի։ Նմանապես, 1992-ին նախկին Խորհրդային Միության երկրներում Հիշատակի երեկոյին ներկա եղավ 173473 հոգի, ինչը 60 տոկոսով բարձր էր նախորդ տարվա ցուցանիշից։
Որոշ երկրներում հալածանքը շարունակվում էր։ Խնդիրներ էին ստեղծում նաև բնական աղետները։ 1992-ին 24 երկրներում պետական իշխանությունների կողմից Եհովայի վկաների գործունեության վրա դեռևս սահմանափակումներ էին դրված։ Կառավարիչ մարմնի նախագահի կոմիտեն հնարավոր ամեն բան անում է այդպիսի երկրներում ապրող Վկաներին օգնելու համար, ինչպես նաև տեղեկացնում է, թե ինչ կերպերով միջազգային եղբայրությանը կարող է աջակցել դժվարին հանգամանքներում ծառայող հավատակիցներին (համեմատի՛ր 1 Կորնթացիներ 12։12–26)։ Ո՛չ հալածանքը, ո՛չ էլ բնական աղետները չկարողացան խոչընդոտել Եհովայի խոսքը հռչակելու գործը։
«Իր համար սեփական ժողովուրդ»
1976-ից մինչև 1992-ը Եհովայի խոսքը արագորեն տարածվում էր։ Կազմակերպության անդամների թիվը գրեթե կրկնապատկվեց. Թագավորության հռչակելու գործին մասնակցում էին ավելի քան 4470000 քարոզիչներ։
Եհովայի ժողովուրդը Աստծու Թագավորությունը այժմ եռանդորեն հռչակում էր ավելի շատ լեզուներով, քան երբևէ։ Բազմազան հրատարակությունների շնորհիվ նրանք խորացնում էին իրենց գիտելիքները և օգնում էին հետաքրքրվող անձանց սովորելու Աստվածաշնչի ճշմարտությունները։ Աստծու ժողովուրդը մեծ օգուտներ էր քաղում նաև այն կրթական ծրագրերից, որոնք նախատեսված էին կազմակերպության մեջ հավելյալ պատասխանատվություններ ունեցող եղբայրների համար։ Եհովան անկասկած օրհնում էր նրանց ջանքերը, որ ներդնում էին Թագավորությունը հռչակելու գործում։
1870-ականներից ի վեր որոշ եղբայրներ զգալի ներդրում են ունեցել Թագավորության գործի առաջխաղացման մեջ։ Նրանցից էին՝ Չարլզ Թ. Ռասելը, Ջոզեֆ Ֆ. Ռադերֆորդը, Նաթան Հ. Նորը, Ֆրեդերիկ Ու. Ֆրանցը, նաև այլ եղբայրներ, որոնք ծառայել են որպես Կառավարիչ մարմնի անդամ։ Բայց Եհովայի վկաները երբեք չեն դարձել աղանդ՝ հետևելով այս մարդկանցից որևէ մեկին։ Նրանք միշտ ունեցել են մեկ առաջնորդ՝ «Քրիստոսը» (Մատթ. 23։10)։ Նա է Եհովայի վկաների այս կազմակերպված ժողովրդի Գլուխը, քանի որ նրան է տրվել «մինչև աշխարհի վախճանը» այս գործն առաջնորդելու «ամբողջ իշխանությունը» (Մատթ. 28։18–20)։ Վկաները վճռել են հնազանդվել Քրիստոսի գլխավորությանը, հավատարիմ մնալ Աստծու Խոսքին և սուրբ ոգու առաջնորդության համաձայն գործել։ Միայն այդպես վարվելով նրանք կարող են շարունակաբար առաջ ընթանալ՝ երկրպագելով միակ ճշմարիտ Աստծուն, և փաստել, որ «իր համար սեփական ժողովուրդ են՝ բարի գործերի նախանձախնդիր» (Տիտոս 2։14)։
Իսկ որո՞նք են Եհովայի վկաների հիմնական ուսմունքներից և բարոյական չափանիշներից մի քանիսը, որոնցով նրանք տարբերվում են այլ կրոններից։ Ինչպե՞ս նրանք հայտնի դարձան որպես Եհովայի վկաներ։ Ինչպե՞ս է ֆինանսավորվում նրանց գործունեությունը։ Ինչո՞ւ են նրանք առանձնանում այլ կրոններից և աշխարհից ընդհանրապես։ Ինչո՞ւ են նրանք հալածանքների թիրախ դարձել աշխարհի տարբեր երկրներում։ Այս և այլ հարցերի պատասխանները կգտնեք հաջորդ գլուխներում։
[ծանոթագրություններ]
a Տե՛ս 15-րդ գլուխը՝ «Կազմակերպության կառույցի զարգացումը»։
b 1980–1985թթ.-ին քարոզչական գործին մասնակցողների թիվն ավելացավ 33 տոկոսով, իսկ 1985–1992թթ.-ին՝ 47,9 տոկոսով։
c Տե՛ս 17-րդ գլուխը՝ «Համաժողովները մեր եղբայրության ապացույցն են» վերնագրով։
d Տե՛ս 20-րդ գլուխը՝ «Կառուցում ենք ուս ուսի ամբողջ աշխարհում» վերնագրով։
e Տե՛ս 26-րդ գլուխը՝ «Աստվածաշնչյան գրականության թողարկումը» վերնագրով։
[մեջբերում 117-րդ էջի վրա]
Երբեք չեն դարձել աղանդ՝ հետևելով որևէ մարդու
[շրջանակ/գծապատկեր 110-րդ էջի վրա]
1976–1992թթ.-ին լեզուների թիվը, որոնցով լույս էր տեսնում «Դիտարան» պարբերագիրը, ավելացավ 42 տոկոսով
[գծապատկեր]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
111
78
1976 1992
[շրջանակ 111-րդ էջի վրա]
Ֆ. Ու. Ֆրանցի կենսագրությունը
Ֆրեդերիկ Ուիլիամ Ֆրանցը ծնվել է 1893թ. սեպտեմբերի 12-ին Քովինգտոն քաղաքում (Քենտուկի, ԱՄՆ)։ 1899-ին նրա ընտանիքը տեղափոխվեց Ցինցինատի, որտեղ 1911-ին նա ավարտեց միջնակարգ դպրոցը։ Հետո Ֆրեդերիկն ընդունվեց Ցինցինատիի Համալսարան, որտեղ ուսումնասիրեց հումանիտար գիտություններ։ Նա որոշել էր դառնալ Պրեսբիտերական եկեղեցու քարոզիչ, ուստի ժրաջանորեն սկսեց սովորել հին հունարենը, որով գրվել է Աստվածաշնչի մի մասը։ Համալսարանում Ֆրեդերիկը ընտրվեց Ռոդսի անվան կրթաթոշակ ստանալու համար։ Դրա շնորհիվ նա կարող էր ընդունվել Օքսֆորդի համալսարան (Անգլիա)։ Բայց քանի որ նրան այլևս չէր հետաքրքրում Օքսֆորդի համալսարանի կրթությունը, մինչ մրցույթի արդյունքները հայտարարվելը նա խնդրեց, որ իր անունը հանվի մասնակիցների ցուցակից։
Մինչ այդ Ֆրեդերիկի եղբայր Ալբերտը նրան ուղարկել էր մի գրքույկ, որը ձեռք էր բերել Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողներից։ Ավելի ուշ Ալբերտը նրան տվեց նաև «Գրությունների ուսումնասիրություն» աշխատության առաջին երեք հատորները։ Անչափ տպավորված այն ամենով, ինչ իմանում էր՝ Ֆրեդերիկը որոշեց խզել իր կապերը Պրեսբիտերական եկեղեցու հետ և միանալ Աստվածաշունչ ուսումնասիրողներին։ 1913-ի նոյեմբերի 30-ին նա մկրտվեց։ Իսկ 1914-ի մայիսին թողեց համալսարանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկեց գրքեր տարածող (ռահվիրա) դառնալու համար։
1920-ի հունիսին եղբայր Ֆրանցը դարձավ Բրուքլինի Բեթելի ընտանիքի անդամ։ 1977-ի հունիսին Ն. Հ. Նորի մահից հետո նա ընտրվեց որպես Ընկերության նախագահ։ Մինչև մահ նա հավատարմորեն ծառայեց որպես Կառավարիչ մարմնի անդամ և մահացավ 1992-ի դեկտեմբերի 22-ին 99 տարեկանում։
[գծապատկեր 112-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Ռահվիրաների թվի աճը
1992
600000
400000
1986
200000
1981
1976
[գծապատկեր 113-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Բեթելի համաշխարհային ընտանիքի աճը
1992
12000
9000
1986
6000
1981
1976
3000
[գծապատկեր 114-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Ժողովների թվի աճը
80000
1992
60000
1986
1981
1976
40000
20000
[գծապատկեր 115-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Թագավորության քարոզիչների թվի աճը
1992
4000000
1986
3000000
1981
1976
2000000
1000000
[նկար 109-րդ էջի վրա]
Ընկերության մասնաճյուղերից յուրաքանչյուրի գործունեությունը վերահսկում է մի քանի եղբայրներից բաղկացած կոմիտեն, օրինակ՝ այս կոմիտեն Նիգերիայում
[նկարներ 116-րդ էջի վրա]
Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը, 1992թ., հունվար
Քերի Ու. Բարբեր
Ջոն Է. Բար
Ու. Լոյդ Բերի
Ջոն Չ. Բուտ
Ֆրեդերիկ Ու. Ֆրանց
Ջորջ Դ. Գանգաս
Միլթոն Ջ. Հենշել
Թեոդոր Յարաչ
Կարլ Ֆ. Քլեյն
Ալբերտ Դ. Շրյոդեր
Լայման Ա. Սուինգլ
Դանիել Սիդլիկ