Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w99 9/1 էջ 4–6
  • Վայելեք «ճշմարիտ կյանքը»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Վայելեք «ճշմարիտ կյանքը»
  • 1999 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Ճշմարիտ կյանք» է լինելու
  • «Ճշմարիտ կյանքը» հասանելի է. ձգտի՛ր դրան
  • Եհովան իրագործում է իր խոստումները հավատարիմ մարդկանց համար
    1998 Դիտարան
  • Կյանքը խաղաղ նոր աշխարհում
    Կյանքը խաղաղ նոր աշխարհում
  • Դրախտային նոր աշխարհը շատ մոտ է
    2021 Դիտարան (հանրային թողարկում)
  • Աստծու նպատակը շուտով կիրականանա
    2006 Դիտարան
Ավելին
1999 Դիտարան
w99 9/1 էջ 4–6

Վայելեք «ճշմարիտ կյանքը»

ԵՀՈՎԱ Աստված մարդկանց օժտել է հավիտենականության զգացումով (Ժողովող 3։11)։ Սակայն, չնայած ապրելու ուժգին փափագին, այդ զգացումը մարդկանց մոտ հուսալքություն է առաջացնում, քանի որ գոյություն ունի մահը։

Բայց և այնպես, մեզ չքնաղ հույս է տալիս Աստվածաշունչը՝ Աստծո ներշնչյալ Խոսքը (Բ Տիմոթէոս 3։16)։ Անհնար է, որ Եհովան, լինելով սիրո մարմնացում, իր ստեղծած մարդուն օժտեր հավիտենականության գաղափարն ըմբռնելու կարողությամբ և ապա դատապարտեր նրան ընդամենը մի քանի տարվա կյանքի։ Տառապանքի համար մեզ ստեղծելը լիովին հակասում է Աստծո էությանը։ Մենք ստեղծված չենք «անբան անասունների նման (որոնք ի բնէ որսի եւ մորթուելու համար են)» (Բ Պետրոս 2։12)։

Հավիտենականության բնածին զգացումով օժտված առաջին մարդկանց՝ Ադամին ու Եվային ստեղծելը Եհովա Աստծո կողմից «շատ բարի» գործ էր (Ծննդոց 1։31)։ Ցավոք, առաջին զույգը սխալ գործածեց իրեն տրված կամքի ազատությունը, անտեսեց իր Արարչի սահմանած արգելքը և կորցրեց սկզբնական կատարելությունը։ Արդյունքը եղավ այն, որ նրանք մահացան՝ անկատարությունն ու մահը իրենց ժառանգներին փոխանցելով (Ծննդոց 2։17; 3։1—24; Հռովմայեցիս 5։12)։

Աստվածաշնչում կյանքի իմաստի և մահվան վերաբերյալ ոչ մի առեղծված չկա։ Այնտեղ ասվում է, որ մահից հետո «գործք, խորհուրդ, գիտութիւն եւ իմաստութիւն չ’կայ», և որ մահացած մարդիկ «մի բան չ’գիտեն» (Ժողովող 9։5, 10)։ Այլ կերպ ասած՝ մահացածները բառի բուն իմաստով անկենդան վիճակում են։ Անմահ հոգու ուսմունքը աստվածաշնչյան հիմք չունի, ուստի մահացածի վիճակը պատկերացնելու վերաբերյալ ամեն տեսակի ենթադրություններն անիմաստ են (Ծննդոց 3։19; Սաղմոս 146։4; Ժողովող 3։19, 20; Եզեկիէլ 18։4, ՆԱ)։a

Աստված որոշակի նպատակ ուներ. նա երկիրը ստեղծել էր ոչ թե հենց այնպես՝ «զուր տեղը», այլ՝ «բնակուելու համար», որպեսզի կատարյալ մարդկությունն ապրեր դրախտային պայմաններում։ Այդ նպատակը մինչև օրս չի փոխվել (Եսայիա 45։18, ԷԹ; Մաղաքիա 3։6)։ Այն իրագործելու համար է, որ Աստված իր Որդուն ուղարկեց երկիր։ Մինչև մահ հավատարիմ մնալով՝ Հիսուս Քրիստոսը մարդկությանը մեղքից ու մահից ազատագրելու փրկագինը ներկայացրեց։ Դա են հաստատում Հիսուսի հետևյալ խոսքերը. «Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը» (Յովհաննէս 3։16)։

Աստված վաղուց խոստացել է, որ «նոր երկինք եւ նոր երկիր» է ստեղծելու (Եսայիա 65։17; Բ Պետրոս 3։13)։ Դա նշանակում է, որ նա երկնային կյանքի համար պետք է ընտրեր սահմանափակ թվով հավատարիմ քրիստոնյաների մի խումբ, որը Հիսուսի հետ միասին կկազմեր երկնային կառավարությունը կամ նոր համակարգի կորիզը։ Աստվածաշունչը այն կոչում է «երկնքի արքայութիւն» կամ «Աստծո արքայութիւն», որը պետք է կառավարի այն ամենը, «ինչ որ երկրի վրայ» է (Մատթէոս 4։17; 12։28; Եփեսացիս 1։10; Յայտնութիւն 5։9, 10; 14։1, 3)։ Երկրագնդի վրայից չարությունը վերացնելուց և երկիրը մաքրելուց հետո Աստված կհաստատի արդար նոր հասարակություն՝ «նոր երկիրը»։ Այդ հասարակության մի մասը կկազմեն այն մարդիկ, որոնց Աստված անվնաս կպահի իրերի այս չար համակարգի անխուսափելի կործանումն իրականացնելիս (Մատթէոս 24։3, 7—14, 21; Յայտնութիւն 7։9, 13, 14)։ Նրանց կմիանան նաև այն անհատները, որոնք կյանքի կվերադարձվեն խոստացված հարության միջոցով (Յովհաննէս 5։28, 29; Գործք 24։15)։

«Ճշմարիտ կյանք» է լինելու

Տալով ապագա դրախտ–երկրի սքանչելի նկարագիրը՝ Աստված ասում է. «Ահա ամեն բան նոր եմ անում» (Յայտնութիւն 21։5, ԱԹ)։ Մարդկային ուղեղը չի կարող ամբողջությամբ ըմբռնել այն հրաշալի գործերը, որոնք Աստված նախատեսել է մարդկության համար։ Նա երկիրը վերածելու է համաշխարհային դրախտի՝ նման Եդեմի պարտեզին։ Այսօրվա չքավորության և ուտելիքի պակասի փոխարեն՝ ամենուր մարդու աչքերին, ականջներին, քիմքին հաճելի բաների առատություն է լինելու, ինչպես որ Եդեմում էր։ Այդ ժամանակի մասին Աստվածաշունչն ասում է. «Առաջուան բաները անցան» (Յայտնութիւն 21։4, Արևմտ. Աստ.; Սաղմոս 72։16)։ Ոչ ոք այլևս չի ասի՝ «ես տկար եմ», որովհետև հիվանդությունը հավիտյան կոչնչացվի (Եսայիա 33։24)։ Այո՛, ցավ պատճառող ամեն բան կանհետանա, այդ թվում նաև մարդկության հինավուրց թշնամին՝ մահը (Ա Կորնթացիս 15։26)։ «Նոր երկրի»՝ Քրիստոսի իշխանության ներքո ապրող մարդկային նոր հասարակության մասին տրված ապշեցուցիչ տեսիլքում Հովհաննես առաքյալը մի ձայն է լսում, որն ասում էր. «[Աստված] պիտի սրբի նրանց աչքերից ամէն արտասուք. եւ այլեւս մահ չկայ. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցաւ եւ ո՛չ չարչարանք»։ Աստվածային այդ խոստման կատարումից բացի ի՞նչը կարող է մեզ ավելի մեծ սփոփանք և ուրախություն պատճառել։

Տալով ապագա կյանքի նկարագրությունը՝ Աստվածաշունչն առաջին հերթին խոսում է այն պայմանների մասին, որոնք կնպաստեն մարդու բարոյական և հոգևոր կարիքների բավարարմանը։ Ամբողջությամբ ձեռք կբերվի այն ամենը, ինչին մարդիկ մինչև օրս ապարդյուն ձգտել են (Մատթէոս 6։10)։ Դրա մեջ է մտնում արդարության փափագը, որն անիրագործելի է, քանի դեռ մարդիկ տառապում են թույլերի վրա իշխողների ճնշումից (Ժողովող 8։9)։ Սաղմոսերգուն մարգարեացել է Քրիստոսի կառավարության օրոք սպասվելիք իրավիճակների մասին. «Նրա օրօք արդարութիւն եւ մեծ խաղաղութին թող տիրի» (Սաղմոս 71։7, ԷԹ)։

Մարդկությունը ձգտել է ևս մեկ բանի՝ հավասարության։ «Վերաստեղծման» ժամանակ Աստված, ինչ խոսք, կոչնչացնի նաև անհավասարությունը (Մատթէոս 19։28, ՆԱ)։ Բոլորը միահավասար արժանապատվություն են ունենալու, որը լինելու է ոչ թե պարտադրանքի կամ խիստ ռեժիմի արդյունք, այլ այն բանի, որ կվերացվի անհավասարության ամեն մի պատճառ, ինչպես նաև ագահությունն ու հպարտությունը, որոնք մարդուն առաջնորդում են ուրիշների վրա իշխանություն բանեցնելուն կամ մեծ քանակությամբ իրեր կուտակելուն։ Եսայիան մարգարեացավ. «Տուներ պիտի շինեն եւ բնակուեն, եւ այգիներ տնկեն ու նորանց պտուղն ուտեն։ Նորանք չեն տնկել, որ ուրիշն ուտէ» (Եսայիա 65։21, 22)։

Որքա՜ն են մարդիկ տառապել արյունահեղություններից, լինի դա անձնական բնույթի, թե ընդհանրապես պատերազմների ժամանակ։ Այս իրավիճակը սկիզբ է առել Աբելի սպանությունից և շարունակվում է մինչև մեր օրերը։ Որքա՜ն են մարդիկ զուր հուսացել՝ ձգտելով խաղաղություն հաստատել։ Մինչդեռ վերահաստատված Դրախտում բոլորը կլինեն խաղաղասեր և խոնարհ. նրանք «կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը» (Սաղմոս 37։11)։

Եսայիա 11։9–ը ասում է. «Երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը»։ Ժառանգած անկատարության և այլ գործոնների պատճառով մեզ համար դժվար է լիովին ըմբռնել այս խոսքերի իմաստը։ Թե ինչպես Աստծո կատարյալ գիտությունը կմոտեցնի մեզ Աստծուն, և թե դա ինչպիսի ուրախություն կպարգևի մեզ, այդ մասին դեռ պետք է սովորենք։ Սակայն, արդեն տեղյակ ենք Սուրբ գրություններից, որ Աստված անզուգական է իր ուժով, իմաստությամբ, արդարությամբ, սիրով, և մենք կարող ենք վստահ լինել, որ նա լսելու է «նոր երկրի» բնակիչների աղոթքները։

«Ճշմարիտ կյանքը» հասանելի է. ձգտի՛ր դրան

Շատերի համար հավիտենական կյանքը բարեփոխված երկրում պարզապես երազ կամ պատրանք է։ Այնուամենայնիվ, կան անհատներ, որոնք հավատում են Աստվածաշնչի խոստմանը և հաստատուն հույս ունեն։ Նրանց կյանքի համար այդ հույսը նման է «խարիսխի» (Եբրայեցիս 6։19)։ Ինչպես խարիսխն է ամուր պահում նավը, որպեսզի այն չտատանվի, այնպես էլ հավիտենական կյանքի հույսն է մարդկանց տոկուն և համարձակ դարձնում՝ հնարավորություն տալով նրանց դիմագրավել և հաղթահարել կյանքի լուրջ դժվարությունները։

Մենք վստահ ենք, որ Աստված կկատարի իր խոստումները։ Նա նույնիսկ երաշխիք է տալիս՝ երդվելով, որ անպատճառ կիրագործի դրանք։ Պողոս առաքյալը գրեց. «Աստուած, կամենալով առաւել եւս ցոյց տալ իր նպատակի անփոփոխ լինելը խոստման ժառանգորդներին, օգտագործեց երդումը, որպէսզի երկու անփոփոխելի բաներով, որոնք ցոյց են տալիս, թէ անհնար է, որ Աստուած սուտ խօսած լինի, մենք հաստատուն մխիթարութիւն ունենանք.... կառչելու հանդերձեալ յոյսից» (Եբրայեցիս 6։17, 18)։ «Երկու անփոփոխելի բաները», որոնք Աստված երբեք չի հերքի՝ նրա խոստումն ու երդումն է, որոնց վրա կարող ենք հիմնել մեր հույսը։

Աստծո խոստումներին հավատալը մեծապես սփոփում է մեզ և հոգևոր ուժ տալիս։ Իսրայել ազգի առաջնորդ Հեսուն հզոր հավատ ուներ։ Երբ նա արդեն ծեր էր և գիտեր, որ շուտով մահանալու է, իսրայելացիներին իր հրաժեշտի խոսքն ուղղեց, որում դրսևորվում է նրա ամրությունն ու անկոտրում հավատարմությունը. իսկ դրանք բխում էին Աստծո խոստումներին ամբողջությամբ վստահելուց։ Նա ասաց, որ ‘գնում է ամեն երկրի ճանապարհը’. մի ճանապարհ, որն ամբողջ մարդկությանը մահվան է առաջնորդում, ապա շարունակեց. «Դուք ձեր բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը գիտէք, որ ձեր Տէր Աստուածը ձեզ համար որչափ բարի խօսքեր որ ասել էր, նորանցից ոչ մէկ խօսք գետինը չ’ընկաւ»։ Այո, այստեղ Հեսուն կրկնում է այն միտքը, որ Աստված միշտ պահել է իր բոլոր խոստումները (Յեսու 23։14)։

Դուք նույնպես կարող եք այդպիսի հավատ դրսևորել նոր աշխարհի մասին Աստծո խոստման հանդեպ, աշխարհ, որը շուտով հաստատվելու է երկրի վրա։ Աստվածաշնչի ժրաջան ուսումնասիրության շնորհիվ դուք կճանաչեք Եհովային և կհասկանաք, թե ինչո՛ւ է նա արժանի ամբողջ սրտով վստահության (Յայտնութիւն 4։11)։ Աբրահամը, Սարրան, Իսահակը, Հակոբը և վաղեմի մյուս հավատարիմ ծառաները ցուցաբերել են անկոտրում հավատ, որը հիմնված է եղել ճշմարիտ Աստծո՝ Եհովայի մասին իրենց ունեցած գիտելիքների վրա։ Նրանք հաստատ հույս ունեին, թեև իրենց կենդանության օրոք ‘խոստումները չստացան’։ Այնուհանդերձ, նրանք «հեռուից տեսան այդ խոստումները եւ ցնծացին» (Եբրայեցիս 11։13)։

Հասկանալով Աստվածաշնչի մարգարեությունների նշանակությունը՝ կարող ենք ասել, որ մոտենում ենք «Ամենակալ Տիրոջ մեծ օրուան», որի ընթացքում երկիրը կմաքրվի չարությունից (Յայտնութիւն 16։14, 16)։ Եհովայի վաղեմի հավատարիմ ծառաների նման մենք ևս կարող ենք վստահությամբ սպասել ապագա իրադարձություններին և «ճշմարիտ կյանքի» վերաբերյալ հաստատ հույս ունենալ՝ Աստծո հանդեպ հավատով ու սիրով լցված։ Այն, որ նոր աշխարհը մոտ է, մղիչ ուժ է հանդիսանում Եհովային հավատ ընծայողների և նրան սիրողների համար։ Որպեսզի շահենք Աստծո հաճությունն ու պաշտպանությունը, պետք է այդպիսի հավատ ու սեր զարգացնենք իր մեծ օրվա ընթացքում, որը շատ մոտ է (Սոփոնիա 2։3; Բ Թեսաղոնիկեցիս 1։3; Եբրայեցիս 10։37—39)։

Իսկ դուք սիրո՞ւմ եք կյանքը և փափագո՞ւմ եք ավելի թանկ բան՝ «ճշմարիտ կյանք» ունենալ և ծառայել Աստծուն՝ արժանանալով նրա հաճությանը և ունենալով երջանիկ ապագայի՝ հավիտենական կյանքի հույսը։ Եթե այդպես է, ուշադրություն դարձրեք Պողոս առաքյալի հորդորին. նա գրում է, որ մենք չպետք է ‘ապավինենք սնոտի հարստությանը, այլ՝ Աստծուն’։ Նա շարունակում է՝ ասելով, որ պետք է Աստծուն պատիվ բերող «բարի գործերով հարստանալ», որպեսզի ‘ճշմարիտ կյանքը ձեռք բերենք’ (Ա Տիմոթեոս 6։17—19)։

Ընդունելով Եհովայի վկաների հետ Աստվածաշունչն ուսումնասիրելու առաջարկը՝ դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու մի գիտության հետ, որը «յաւիտենական կեանքի» է առաջնորդում (Յովհաննէս 17։3)։ Աստված՝ որպես սիրող հայր, իր Խոսքի միջոցով ուղղում է հետևյալ հրավերը. «Որդեակս, իմ օրէնքը մի մոռանար, եւ թող պահէ քո սիրտը իմ պատուէրները. որովհետեւ նորանք երկայն օրեր եւ կենդանութեան տարիներ, եւ խաղաղութիւն կ’շատացնեն քեզ համար» (Առակաց 3։1, 2)։

[ծանոթագրություն]

a Այս հարցի մանրակրկիտ ուսումնասիրության համար տեսեք «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո» բրոշյուրը՝ հրատարակված «Դիտարան» ընկերության կողմից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը