Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w99 11/1 էջ 4–6
  • Ե՞րբ է սկսվելու երրորդ հազարամյակը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ե՞րբ է սկսվելու երրորդ հազարամյակը
  • 1999 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ե՞րբ է ծնվել Հիսուսը
  • Կիրականանա՞ն մարդկանց հույսերը՝ կապված հազարամյակի հետ
  • 2000 նշանավոր տարի՞
    1999 Դիտարան
  • Ի՞նչ է սպասվում ձեզ նոր հազարամյակում
    Ի՞նչ է սպասվում ձեզ նոր հազարամյակում
  • Դաս համար 3. Ինչպես որոշել իրադարձությունների կատարման ժամանակը
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Ինչպես կարող եք ձեր Աստվածաշնչում գտնել համարները
    Այլ նյութեր
1999 Դիտարան
w99 11/1 էջ 4–6

Ե՞րբ է սկսվելու երրորդ հազարամյակը

ՀԱՎԱՆԱԲԱՐ լսած կլինեք այն մասին, որ երրորդ հազարամյակը սկսվելու է ոչ թե 2000 թ.–ին, այլ՝ 2001–ին։ Այս պնդումը մասամբ ճիշտ է։ Եթե ընդունենք, որ Հիսուս Քրիստոսը ծնվել է, ինչպես այսօր ենթադրում են, մ.թ.ա. 1 թ.–ին, ապա 2000 թ. (ոչ թե՝ 1999 թվականի) դեկտեմբերի 31–ին կլրանա երկրորդ հազարամյակը, իսկ 2001 թ. հունվարի 1–ին կսկսվի երրորդը։a Սակայն այսօր գրեթե բոլոր գիտնականներն այն կարծիքին են, որ Հիսուս Քրիստոսը չի ծնվել մ.թ.ա. 1 թվականին։ Այդ դեպքում ե՞րբ է ծնվել նա։

Ե՞րբ է ծնվել Հիսուսը

Աստվածաշնչում Հիսուսի ծննդյան վերաբերյալ ոչ մի կոնկրետ ամսաթիվ չի տրվում, բացառությամբ այն տեղեկագրության, որ նա ծնվել է «Հերովդէս արքայի օրով» (Մատթէոս 2։1)։ Շատ աստվածաշնչագետներ այն կարծիքին են, որ Հերովդեսը մահացել է մ.թ.ա. 4 թվականին, և որ Հիսուսը ծնվել է դրանից առաջ՝ թերևս մ.թ.ա. 5–ին կամ 6–ին։ Հերովդեսի մահվան կապակցությամբ իրենց պնդումները նրանք հիմնում են առաջին դարի հրեա պատմագիր Հովսեպոս Փլավիոսի կողմից տրված փաստերի վրա։b

Ըստ Հովսեպոսի՝ Հերովդես թագավորի մահից կարճ ժամանակ առաջ լուսնի խավարում է տեղի ունեցել։ Աստվածաշնչագետները մատնանշում են մ.թ.ա. 4 թ. մարտի 11–ին տեղի ունեցած լուսնի մասնակի խավարումը՝ որպես ապացույց այն բանի, որ հենց այդ տարում է մահացել Հերովդեսը։ Սակայն, մ.թ.ա. 1 թ. հունվարի 8–ին տեղի է ունեցել լուսնի լրիվ, իսկ նույն թվականի դեկտեմբերի 27–ին՝ մասնակի խավարում։ Ոչ ոք չի կարող ճշգրտությամբ ասել, թե Հովսեպոսը ո՞ր խավարումն ի նկատի ուներ՝ մ.թ.ա. 1–ի՞ն, թե՞ մ.թ.ա. 4–ին տեղի ունեցածը։ Հետևաբար, Հերովդեսի մահվան ճշգրիտ թվականը իմանալու համար չենք կարող հիմք ընդունել Հովսեպոսի խոսքերը։ Իսկ եթե նույնիսկ այդպես վարվեինք, ապա, միևնույն է, առանց լրացուցիչ ինֆորմացիայի, չէինք կարող որոշել Հիսուսի ծննդյան թվականը։

Հիսուսի ծննդյան տարեթվի վերաբերյալ ամենահավաստի փաստերը կարելի է գտնել Աստվածաշնչում։ Աստծուց ներշնչված հաղորդագրությունները տեղեկացնում են, որ Հիսուսի ազգականը՝ Հովհաննես Մկրտիչը, իր քարոզը սկսեց հռոմեացի կայսր Տիբերիոսի իշխանության 15–րդ տարում (Ղուկաս 3։1, 2)։ Պատմությունը հաստատում է, որ Տիբերիոսը կայսր է հռչակվել մ.թ. 14 թվականի սեպտեմբերի 15–ին, հետևաբար, նրա կայսրության 15–րդ տարին ընդգրկում է մ.թ. 28 թվականի վերջից մինչև մ.թ. 29–ի վերջերն ընկած ժամանակահատվածը։ Հովհաննեսն իր ծառայությունը սկսել է հենց այդ ժամանակ, իսկ Հիսուսն, ակներևաբար, դրանից վեց ամիս անց (Ղուկաս 1։24—31)։ Այս տեղեկությունները ուրիշ այլ փաստերի հետ միասին հիմք են տալիս ենթադրելու, որ Հիսուսն իր ծառայությունը սկսել է մ.թ. 29–ի աշնանը։c Աստվածաշնչում արձանագրված է, որ Հիսուսը «շուրջ 30 տարեկան էր», երբ սկսեց ծառայել (Ղուկաս 3։23)։ Եթե մ.թ. 29–ի աշնանը նա արդեն 30 տարեկան էր, ապա պետք է ծնված լիներ մ.թ.ա. 2–ի աշնանը։ Եվ հիմա, եթե մ.թ.ա. 2 թվականից սկսած հաշվենք 2 000 տարի (ընդ որում, հաշվի առնելով, որ 0 թվական գոյություն չի ունեցել, մ.թ.ա. 2 թվականից մինչև մ.թ. 1 թվականը կկազմի ոչ թե մեկ, այլ 2 տարի), կտեսնենք, որ երկրորդ հազարամյակը ավարտվել, և երրորդը սկսվել է 1999 թվականի աշնանը։

Իսկ ինչո՞ւմն է կայանում դրա կարևորությունը։ Հարց է ծագում՝ արդյոք երրորդ հազարամյակի սկիզբը կհամընկնի՞ Քրիստոսի Հազարամյա թագավորության սկզբի հետ, որի մասին խոսվում է «Յայտնութիւն» գրքում։ Ո՛չ։ Աստվածաշնչում ոչ մի ակնարկ չկա այն մասին, թե երրորդ հազարամյակը և Քրիստոսի Հազարամյա թագավորությունը ինչ–որ ձևով կապված են իրար հետ։

Հիսուսն իր հետևորդներին զգուշացրեց, որ ամիս–​ամսաթվեր կամ ժամանակներ որոշելու համար ենթադրություններ անել պետք չէ։ Նա ասաց. «Ձեզ տրուած չէ իմանալ այն ժամերը եւ ժամանակները, որ Հայրը հաստատեց իր իշխանութեան մէջ» (Գործք 1։7)։ Դրանից առաջ Հիսուսն ասել էր նրանց, որ նույնիսկ իրեն հայտնի չէ, թե երբ է Եհովան այս չար համակարգի վրա իր դատաստանը գործադրելու՝ ճանապարհ հարթելով Քրիստոսի Հազարամյա թագավորության համար։ Կարդում ենք. «Բայց այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը» (Մատթէոս 24։36)։

Իսկ իմաստուն կլինի՞ ակնկալել, որ Քրիստոսը կվերադառա որպես մարդ իր ծնվելուց ճիշտ 2 000 տարի հետո։ Ո՛չ։ Հիսուսի համար, որին, անկասկած, հայտնի էր իր ծննդյան թվականը, դժվար չէր այդ թվականից հաշվել 2 000 տարի։ Սակայն բանն այն է, որ նա չգիտեր իր գալստյան օրն ու ժամը, ուստի, այդքան էլ հեշտ չէ նրա վերադարձի ժամանակը որոշելը։ «Ժամերը եւ ժամանակները» Աստծո իրավասության տակ են, միայն նրան է հայտնի, թե երբ և ինչ է տեղի ունենալու։

Բացի այդ, Հիսուսը չպատվիրեց իր հետևորդներին որևէ կոնկրետ վայրում մեկտեղ հավաքվել և իրեն սպասել, այլ պատվիրեց նրանց գնալ «մինչեւ երկրի ծայրերը» և բոլոր ազգերից աշակերտներ պատրաստել։ Իր այդ պատվերը ուժի մեջ է մինչև օրս (Գործք 1։8; Մատթէոս 28։19, 20)։

Կիրականանա՞ն մարդկանց հույսերը՝ կապված հազարամյակի հետ

Այնուամենայնիվ, որոշ կրոնականներ 2000 թվականի հետ կապված մեծ ակնկալիքներ ունեն։ Նրանք հավատում են, որ գալիք մի քանի ամիսների ընթացքում «Յայտնութիւն» գրքի որոշ մասեր բառացի կատարում կունենան և, դեռ ավելին, իրենց տեսնում են այդ կատարման մասնակիցների դերում։ Օրինակ՝ նրանք մատնացույց են անում Յայտնութիւն 11։3, 7, 8 խոսքերում երկու վկաների մասին արձանագրված մարգարեությունը, որոնք վկայություն են տալիս «մեծ քաղաքի հրապարակների մէջ, որ խորհրդանշականօրէն կոչւում է Սոդոմ եւ Եգիպտոս, ուր եւ խաչուեց նրանց Տէրը»։ Իրենց վկայությունն ավարտելուց հետո անդունդից ելնող կատաղի գազանը սպանում է նրանց։

«Նյու Յորք Թայմզ մեգըզին»–ի 1998 թ. դեկտեմբերի 27–ի համարում զետեղված հաղորդագրության համաձայն՝ մի կրոնական խմբի առաջնորդ «իր հետևորդներին հայտնել էր, թե ինքը այն վկաներից մեկն է, որը, ըստ նախասահմանվածի, պետք է ազդարարի երկրի կործանման և Տիրոջ գալստյան մասին, իսկ հետո Սատանայի կողմից սպանվի Երուսաղեմի փողոցներում»։ Հասկանալի է, թե ինչու է Իսրայելի կառավարությունն անհանգստացած։ Նրանք վախենում են, որ այդ ծայրահեղականներից ոմանք կարող են փորձ անել «իրագործելու» իրենց մարգարեությունը, նույնիսկ զինված ընդհարում հրահրելու գնով։ Բայց Աստված իր նպատակն իրականացնելու համար մարդկանց «օգնության» կարիքը չունի։ Աստվածաշնչում արձանագրված բոլոր մարգարեությունները կկատարվեն Աստծո սահմանած ժամանակին և նրա կամքի համաձայն։

«Յայտնութիւն» գիրքը «խորհրդանիշներով» է գրվել և, ինչպես ցույց է տալիս այդ գրքի 1–ին գլխի 1–ին խոսքը, Հիսուսը ցանկանում էր «իր ծառաներին» (ոչ թե՝ ամբողջ աշխարհին) բացահայտել շուտով տեղի ունենալիք իրադարձությունները։ Գրքում պարունակվող հաղորդագրությունը ճիշտ հասկանալու համար Քրիստոսի հետևորդներին անհրաժեշտ է Աստծո սուրբ հոգին, որը նա տալիս է նրանց, ովքեր ցանկալի են իրեն։ Եթե «Յայտնութիւն» գիրքը հնարավոր լիներ բառացիորեն հասկանալ, ապա նույնիսկ անհավատ մարդկանց համար մատչելի կլիներ կարդալ ու ըմբռնել նրա մտքերը։ Տվյալ դեպքում գրքի հաղորդագրությունները հասկանալու համար արդեն հարկ չէր լինի աղոթքով սուրբ հոգին խնդրելու (Մատթէոս 13։10—15)։

Ինչպես տեսանք, համաձայն Աստվածաշնչում արձանագրված փաստերի, երրորդ հազարամյակը, Հիսուսի ծննդյան թվականից հաշված, սկսվում է 1999 թվականի աշնանը, և որ ո՛չ այդ ժամանակը, ո՛չ 2000 թ. հունվարի 1–ը և ո՛չ էլ 2001 թ. հունվարի 1–ը իրենցից որևէ առանձնահատուկ կարևորություն չեն ներկայացնում։ Սակայն կա մի հազարամյակ, որը խորապես հետաքրքրում է քրիստոնյաներին. և եթե դա երրորդ հազարամյակը չէ, ապա ո՞րն է։ Այս շարքի վերջին հոդվածը կպատասխանի այդ հարցին։

[ծանոթագրություններ]

a Տեսե՛ք «2000, թե՞ 2001» վերնագրով շրջանակը, էջ 5։

b Այդ գիտնականների կազմած ժամանակագրության համաձայն՝ երրորդ հազարամյակը պետք է սկսվեր 1995–ին կամ 1996–ին։

c Լրացուցիչ տեղեկությունների համար տեսե՛ք «Գրությունների ըմբռնում» գիրքը, հատոր 1–ին, էջ 1094, 1095 (անգլ.)՝ հրատարակված «Դիտարան» ընկերության կողմից։

[շրջանակ 5–րդ էջի վրա]

2000, թե՞ 2001

Որպեսզի հասկանանք ոմանց պնդումը, թե երրորդ հազարամյակը, Հիսուսի ծննդյան թվականից հաշված, սկսվելու է 2001 թվականի հունվարի 1–ին, նկատի առնենք հետևյալ համեմատությունը։ Ենթադրենք 200 էջանոց գիրք եք կարդում։ Երբ հասնեք 200–րդ էջի սկզբին, կարդացած կլինեք 199 էջ, և դեռ մեկ էջ էլ կմնա կարդալու։ Գրքի ընթերցանությունը ավարտած չեք լինի, քանի դեռ չեք հասել 200–րդ էջի վերջին։ Նմանապես, 1999 թ. դեկտեմբերի 31–ին կլրանա ներկա հազարամյակի 999–ը տարին, և մինչև հազարամյակի ավարտը կմնա ևս մեկ տարի։ Այս հաշվարկով երրորդ հազարամյակը սկսվում է 2001 թ. հունվարի 1–ին։ Բայց և այնպես, ինչպես ցույց է տալիս սույն հոդվածը, դա չի նշանակում, որ այդ օրը լրանում է Հիսուսի ծննդյան 2000 տարին։

[շրջանակ 6–րդ էջի վրա]

Որտե՞ղից է առաջացել «Ք.ծ.ա., Ք.ծ.հ.» թվագրությունը

Մ.թ. 6–րդ դարի սկզբում Հովհաննես Ա պապը հանձնարարեց Դիոնիսիոս Կրտսեր վանականին մշակել հաշվարկման մի համակարգ, որը թույլ կտար եկեղեցիներին պաշտոնական օր նշանակել Զատիկի համար։

Դիոնիսիոսը գործի անցավ։ Հիսուսի մահվան թվականից սկսած հաշվումներ կատարելով՝ նա ստացավ, ինչպես ինքն էր կարծում, Հիսուսի ծննդյան տարեթիվը, որից էլ սկսեց տարի առ տարի հաշվել ժամանակը։ Նա Հիսուսի ծննդից սկսած ժամանակաշրջանը անվանեց «A.D.» (լատիներեն՝ Anno Domini, որը նշանակում է «Տիրոջ տարի»)։ Թեև Դիոնիսիոսին հանձնարարվել էր ընդամենը Զատիկի օրերը հաշվարկելու համար վստահելի համակարգ հնարել, բայց նա ակամայից դարձավ Քրիստոսի ծննդյան թվականը որպես տարիների հաշվարկման սկիզբ ընդունելու գաղափարի հեղինակը։

Չնայած այն բանին, որ գիտնականների մեծամասնությունը համաձայն չէ Դիոնիսիոսի հաշվարկած տարին Հիսուսի ծննդյան իրական տարեթիվն ընդունելու հետ, բայցևայնպես, ժամանակագրության նրա համակարգը օգնում է մեզ իրադարձությունները տեղադրել ժամանակի սանդղակի վրա և տեսնել դրանց փոխկապակցվածությունը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը