Փրկիր և՛ քեզ, և՛ քեզ լսողներին
«Զգո՛յշ եղիր քո նկատմամբ եւ քո ուսուցման նկատմամբ. եթէ այդ բանն անես, կը փրկես ե՛ւ քեզ, ե՛ւ նրանց, որ լսում են քեզ» (Ա ՏԻՄՈԹԷՈՍ 4։16)։
1, 2. Ի՞նչն է ճշմարիտ քրիստոնյաներին մղում մասնակցելու իրենց փրկարար աշխատանքին։
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ Թաիլանդի հեռավոր գյուղերից մեկում Եհովայի վկա հանդիսացող ամուսինները տեղաբնակ ցեղերից մեկի ներկայացուցիչների հետ զրուցում էին իրենց վերջերս սովորած լեզվով։ Որպեսզի տեղի գյուղացիներին Աստծո Թագավորության լուրը հաղորդեին, նրանք արդեն մի որոշ ժամանակ էր, ինչ սկսել էին սովորել լահու լեզուն։
2 «Դժվար է բառերով նկարագրել ուրախության ու բավարարվածության այն զգացումը, որ վայելում ենք այս հետաքրքիր մարդկանց հետ շփվելիս,— պատմում է եղբայրը,— այդ շփումը մեզ հիշեցնում է, որ մեր հերթին մենք էլ ենք մասնակցում «Յայտնութիւն» գրքի 14։6, 7 խոսքերի կատարմանը՝ բարի լուրը հաղորդելով բոլոր ազգերին, ցեղերին ու լեզուներին (ԱԹ)։ Շատ քիչ տարածքներ են մնացել, որտեղ դեռ մուտք չի գործել Թագավորության ավետիսը, և այդ տարածքներից մեկն էլ սա է։ Իրականում, Աստվածաշնչի ուսումնասիրություններն ավելի շատ են, քան մենք ի վիճակի ենք անցկացնելու»։ Բնականաբար, այս զույգը փրկության հույս ունի՝ ոչ միայն իրենց անձերի, այլև նրանց համար, ովքեր լսում են իրենց։ Մի՞թե մենք՝ քրիստոնյաներս, նույն հույսը չենք տածում։
«Զգո՛յշ եղիր քո նկատմամբ»
3. Ուրիշներին փրկելու համար ի՞նչ պետք է նախևառաջ անենք։
3 Պողոս առաքյալի խորհուրդը Տիմոթեոսին, թե՝ «զգո՛յշ եղիր քո նկատմամբ եւ քո ուսուցման նկատմամբ», վերաբերում է բոլոր քրիստոնյաներին (Ա Տիմոթէոս 4։16)։ Եվ իրոք, որպեսզի ուրիշներին օգնենք փրկություն ստանալ, նախևառաջ պետք է ուշադիր լինենք ինքներս մեր նկատմամբ։ Ինչպե՞ս։ Նախ՝ հարկավոր է զգոն լինել և միշտ հիշել, թե որ ժամանակներում ենք ապրում։ Հիսուսը մի բաղադրյալ նշան տվեց, որի օգնությամբ իր հետևորդները կկողմնորոշվեին, թե երբ է սկսվել «այս աշխարհի վախճանը»։ Սակայն, նա նաև զգուշացրեց, որ մենք ստույգ չենք իմանալու, թե երբ կգա վերջը (Մատթէոս 24։3, 36)։ Ինչպե՞ս պետք է արձագանքենք այդ իրողությանը։
4. ա) Ինչպիսի՞ մտածելակերպ պետք է ունենալ մինչև այս համակարգի ավարտը մնացած ժամանակի նկատմամբ։ բ) Ինչպիսի՞ մտածելակերպից է հարկավոր խուսափել։
4 Լավ կլիներ, եթե մեզանից յուրաքանչյուրը հետևյալ հարցն իրեն ուղղեր. «Արդյո՞ք մինչև այս համակարգի ավարտը մնացած ժամանակն օգտագործում եմ ինձ և ինձ լսողներին փրկելու համար, թե՞ մտածում եմ՝ քանի որ ստույգ չգիտեմ, թե երբ է վերջը գալու, կարիք չկա չափազանց անհանգստանալու»։ Նման մտածելակերպը շատ վտանգավոր է։ Այն բոլորովին հակասում է Հիսուսի հորդորին, թե՝ «պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասում, մարդու Որդին կը գայ» (Մատթէոս 24։44)։ Ինչ խոսք, Եհովային ծառայելու մեջ մեր եռանդը կորցնելու կամ էլ աշխարհում հարմարավետություն գտնելու ժամանակը չէ (Ղուկաս 21։34—36)։
5. Ի՞նչ օրինակ են թողել Եհովայի նախաքրիստոնեական ժամանակների վկաները։
5 Նաև մեր անձերի հանդեպ զգույշ կամ ուշադիր կլինենք, եթե որպես քրիստոնյաներ համբերենք ու տոկանք։ Աստծո վաղեմի ծառայողները համբերատարությամբ դիմացել են, անկախ այն բանից՝ իրենց ազատագրումը մոտ է եղել, թե՝ ոչ։ Բերելով նախաքրիստոնեական ժամանակների վկաներ Աբելի, Ենովքի, Նոյի, Աբրահամի և Սառայի օրինակները՝ Պողոսն ավելացրեց. «Խոստումները [«խոստացուած բաները», ՆԿ–ի նոր աշխարհաբար թարգմ.] չստացած.... հեռուից տեսան այդ խոստումները [խոստացված բաները կամ խոստումների կատարումը] եւ ցնծացին ու խոստովանեցին, թէ իրենք օտար եւ պանդուխտ են երկրի վրայ»։ Նրանք չտրվեցին ավելի հեշտ կյանք ունենալու ցանկությանը, ոչ էլ անբարո ցանկությունների զոհ դարձան, այլ մեծ սիրով սպասեցին խոստումների կատարմանը (Եբրայեցիս 11։13; 12։1)։
6. Ինչպե՞ս էին առաջին դարի քրիստոնյաները նայում փրկությանը, և ինչպե՞ս էր դա ազդել նրանց ապրելակերպի վրա։
6 Ինչ վերաբերում է առաջին դարի քրիստոնյաներին, ապա նրանք ևս իրենց «պանդուխտ» էին զգում այս աշխարհում (Ա Պետրոս 2։11)։ Նույնիսկ մ.թ. 70–ին Երուսաղեմի կործանումից հետո ճշմարիտ քրիստոնյաները չդադարեցին քարոզել, ոչ էլ տրվեցին աշխարհիկ կյանքին։ Նրանք գիտեին, որ փառահեղ փրկություն է սպասվում նրանց, ովքեր հավատարիմ կմնային։ Մ.թ. 98–ին՝ Երուսաղեմի կործանումից շատ տարիներ անց, Հովհաննես առաքյալը գրեց. «Թէ՛ այս աշխարհն է անցնում, թէ՛ ցանկութիւնը։ Իսկ ով կատարում է Աստծու կամքը, մնում է յաւիտեան» (Ա Յովհաննէս 2։17, 28)։
7. Ինչպե՞ս են Եհովայի վկաները մեր ժամանակներում համբերություն դրսևորել։
7 Նմանապես մեր ժամանակներում էլ Եհովայի վկաները հաստատ են մնացել քրիստոնեական գործունեության մեջ, չնայած այն բանին, որ դաժան հալածանքներ են կրել։ Բայց արդյո՞ք զուր են նրանք համբերել։ Ո՛չ, քանի որ Հիսուսն ասաց. «Ով մինչեւ վերջ համբերեց, նա պիտի փրկուի», անկախ այն բանից՝ դա կլինի հին համակարգի, թե՝ տվյալ անձնավորության կյանքի վերջը։ Երբ գա հարության ժամանակը, Եհովան կհիշի և վարձահատույց կլինի իր բոլոր այն հավատարիմ ծառայողներին, որոնք այսօր ողջ չեն (Մատթէոս 24։13; Եբրայեցիս 6։10)։
8. Ինչպե՞ս կարող ենք մեր երախտագիտությունը ցույց տալ վաղեմի քրիստոնյաների դրսևորած տոկունության համար։
8 Բացի այդ, ուրախ ենք նաև նրա համար, որ անցյալի հավատարիմ քրիստոնյաները չեն մտահոգվել միայն իրենց փրկությամբ։ Անկասկած, նրանց ջանքերի շնորհիվ է, որ այսօր մենք գիտենք Աստծո Թագավորության մասին և անչափ երախտապարտ ենք իրենց, որ, շատ դժվարություններ հաղթահարելով, կատարել են Հիսուսի պատվերը. «Գնացէ՛ք ուրեմն աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին.... ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի» (Մատթէոս 28։19, 20)։ Ուրեմն, քանի դեռ հնարավորություն ունենք, կարող ենք մեր երախտագիտությունը ցույց տալ՝ բարի լուրը քարոզելով բոլոր նրանց, ովքեր դեռ չեն լսել այն։ Սակայն քարոզը միայն առաջին քայլն է աշակերտներ պատրաստելու գործում։
«Զգո՛յշ եղիր քո.... ուսուցման նկատմամբ»
9. Ինչպե՞ս կարող է դրական տրամադրվածությունն օգնել Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելուն։
9 Մեր առաջադրանքը ոչ միայն քարոզելն է, այլ նաև սովորեցնելը։ Հիսուսը հանձնարարեց սովորեցնել մարդկանց պահել այն ամենը, ինչը որ մեզ պատվիրեց։ Ճիշտ է, կան վայրեր, որտեղ, թվում է, թե քչերն են ցանկություն հայտնում լսել Եհովայի մասին։ Սակայն, քարոզվող տարածքի հանդեպ բացասաբար տրամադրվելը կարող է խանգարել Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելու համար քո կողմից ջանքեր ներդնելուն։ Իվետ անունով մի ռահվիրա քույր քարոզում էր մի տարածքում, որը ոմանք «անպտուղ» էին համարում։ Այս քույրը նկատել էր, որ այդ շրջան այցելող քարոզիչները, որոնք նման տրամադրվածություն չունեին, Աստվածաշնչի ուսումնասիրություններ էին սկսում։ Երբ Իվետը, նրանց օրինակին հետևելով, սկսեց այդպիսի մոտեցում զարգացնել, շատ շուտով գտավ մարդկանց, որոնք ցանկություն հայտնեցին ուսումնասիրել Աստվածաշունչը։
10. Ո՞րն է մեր հիմնական դերը Աստծո Խոսքը ուսուցանելու գործում։
10 Քրիստոնյաներից ոմանք, գուցե, վարանում են Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկել հետաքրքրվողներին՝ մտածելով, որ չեն կարող այն անցկացնել։ Անժխտելի է, որ բոլորս էլ տարբեր ընդունակությունների տեր ենք, սակայն Աստծո Խոսքի ուսուցիչներ լինելու համար բացառիկ ունակություններ ունենալու կարիքը չկա։ Աստվածաշնչի բյուրեղի պես մաքուր լուրն անչափ հզոր է. նաև, ինչպես ասաց Հիսուսը, ոչխարանման անհատները ճանաչում են իրենց Հովվի ձայնը։ Մեզանից միայն պահանջվում է բարի Հովվի լուրը հաղորդել որքան հնարավոր է պարզ՝ մեր ուժերի ներածին չափով (Յովհաննէս 10։4, 14)։
11. Ինչպե՞ս կարող ենք լավագույն օգնությունը ցույց տալ Աստվածաշունչ ուսումնասիրողին։
11 Ինչպե՞ս կարելի է Հիսուսի լուրը հաղորդելիս դրական արդյունքների հասնել։ Առաջին հերթին՝ նախապես լավ ծանոթացիր, թե ինչ է Աստվածաշունչն ասում քննարկվող թեմայի մասին։ Նախքան ուրիշներին սովորեցնելը, հարկավոր է, որ տվյալ նյութը նախևառաջ ինքդ լավ հասկանաս։ Աշխատիր նաև ուսումնասիրության ժամանակ պահպանել լուրջ, բայց բարեկամական մթնոլորտ։ Ուսումնասիրողները՝ հատկապես փոքր տարիքի, ավելի լավ են ընկալում, երբ իրենց անկաշկանդ են զգում, և երբ ուսուցիչը հարգալից ու սիրալիր է վերաբերվում նրանց (Առակաց 16։21)։
12. Ինչպե՞ս կարելի է համոզվել, որ ուսումնասիրողը հասկանում է սովորածը։
12 Ուսուցիչը չի ցանկանում պարզապես որոշ փաստեր ներկայացնել և չի ուզում, որ ուսումնասիրողի տված պատասխանները մեխանիկորեն հնչեն։ Օգնիր նրան հասկանալ սովորածը։ Նրա կրթությունը, կյանքի փորձը, Աստվածաշնչի հետ ծանոթ լինելը կամ չլինելը՝ այս բոլորը ազդում են այն բանի վրա, թե նա ինչպես է հասկանում քո բացատրածը։ Լավ կլիներ, եթե երբեմն ինքդ քեզ հարց տայիր. «Հետաքրքիր է՝ հասկանո՞ւմ է, թե Աստվածաշնչից բերված համարներն ինչպես են կապվում քննարկվող նյութի հետ»։ Կարող ես նրան այնպիսի հարցեր ուղղել, որոնց պատասխանելու համար այո–ն կամ ոչ–ը բավական չեն, հարկավոր է որոշակի բացատրություններ տալ (Ղուկաս 9։18—20)։ Բացի այդ, հարկ է նշել նաև, որ ուսումնասիրողներից ոմանք անհարմար են զգում հարցեր տալ ուսուցչին։ Արդյունքում այնպես է ստացվում, որ նրանք մինչև վերջ լիովին չեն հասկանում իրենց սովորածից որոշ բաներ։ Այդ պատճառով խրախուսիր ուսումնասիրողին, որ չամաչի հարցեր տալուց և, եթե որևէ բան ամբողջովին չի հասկանում, անպայման ասի (Մարկոս 4։10; 9։31, 32)։
13. Ի՞նչ միջոցներով կարելի է աշակերտին օգնել ուսուցիչ դառնալու։
13 Աստվածաշնչի ուսումնասիրության կարևոր նպատակներից մեկն է նաև օգնել աշակերտին ուսուցիչ դառնալ (Գաղատացիս 6։6, ՆԱ)։ Դրա համար, անցած նյութը կրկնելիս, կարող ես նրան խնդրել, որ այն ներկայացնի այնպես, ինչպես որ կաներ իրեն առաջին անգամ լսողի համար։ Ավելի ուշ, երբ նա արդեն սկսի մասնակցել քարոզչությանը, կարող ես նրան ծառայության հրավիրել։ Ամենայն հավանականությամբ, քեզ հետ նա իրեն ավելի վստահ կզգա, և ժամանակի ընթացքում փորձառություն ձեռք բերելու հետ մեկտեղ ձեռք կբերի նաև վստահություն, մինչև որ պատրաստ լինի առանց կողմնակի աջակցության ծառայության դուրս գալու։
Օգնիր աշակերտին Եհովայի բարեկամը դառնալ
14. Ինչո՞ւմն է կայանում ուսուցչի քո գլխավոր նպատակը, և ի՞նչը կարող է շատ լավ նպաստել այդ նպատակին հասնելու համար։
14 Յուրաքանչյուր քրիստոնյա ուսուցչի գլխավոր նպատակը պետք է լինի ուսումնասիրողին օգնել Եհովայի բարեկամը դառնալու։ Դրան կարելի է հասնել ոչ միայն խոսքով, այլև անձնական օրինակով, որը սովորաբար մեծ արձագանք է գտնում ուսումնասիրողի սրտում։ Գործերը միշտ ավելին են ասում, քան բառերը, հատկապես երբ խոսքն ուսումնասիրողի սրտում բարոյական չափանիշներ և եռանդ սերմանելու մասին է։ Տեսնելով, որ ասածներդ ու արածներդ բխում են Եհովայի հետ ունեցած քո լավ փոխհարաբերությունից՝ նա, թերևս, ավելի ոգևորվի և մղվի Աստծո հետ նույնպիսի փոխհարաբերություն զարգացնելու։
15. ա) Ինչո՞ւ է կարևոր, որ ուսումնասիրողը Եհովային ծառայելու ճիշտ շարժառիթներ զարգացնի։ բ) Ինչպե՞ս կարելի է օգնել նրան շարունակելու հոգևորապես առաջադիմել։
15 Մենք ցանկանում ենք, որ Աստվածաշունչ ուսումնասիրող անհատը Եհովային ծառայի ոչ թե Արմագեդոնին կործանվելու վախից, այլ՝ սիրուց մղված։ Այդպիսի մաքուր շարժառիթներ զարգացնելու մեջ նրան օգնելու համար հարկավոր է կառուցել հրադիմացկուն նյութերից, որոնք անվնաս կմնան հավատի փորձության ժամանակ (Ա Կորընթացիս 3։10—15)։ Սխալ շարժառիթները, ինչպես օրինակ, քեզ կամ ուրիշներին ընդօրինակելու չափից դուրս մեծ ցանկությունը նրան ո՛չ աշխարհի ազդեցություններին հակառակվելու ուժ կտա, ո՛չ էլ ճիշտն անելու քաջություն։ Հիշիր, որ հավիտյան նրա ուսուցիչը չես լինելու։ Քանի դեռ հնարավորություն ունես, կարող ես քաջալերել նրան, Աստվածաշունչն ամեն օր կարդալով և կարդացածի շուրջը խորհելով, մոտենալ Եհովային։ Շնորհիվ դրա ձեր ուսումնասիրության ավարտից հետո էլ նա կշարունակի կառչել Աստվածաշնչի և աստվածաշնչյան գրականության «ողջամիտ խօսքերին» (Բ Տիմոթէոս 1։13)։
16. Ինչպե՞ս կարելի է Աստվածաշունչ ուսումնասիրող անհատին սովորեցնել սրտանց աղոթել։
16 Աստվածաշունչ ուսումնասիրողին կարող ես օգնել Եհովային մոտենալ՝ նրան սրտանց աղոթել սովորեցնելով։ Իսկ ինչպե՞ս։ Որպես օրինակ կարելի է բերել Հիսուսի տիպար աղոթքը, նաև Աստվածաշնչում արձանագրված շատ ուրիշ անկեղծ աղոթքներ՝ ինչպես սաղմոսներում ներկայացվածները և այլն (Սաղմոս 17, 86, 143; Մատթէոս 6։9, 10)։ Բացի այդ, ուսումնասիրությունը աղոթքով սկսելուց և ավարտելուց՝ այդ անձնավորությունը կզգա, թե ինչ զգացումներ ես տածում դեպի Եհովան։ Ուստի, աղոթքներդ միշտ պետք է անկեղծ լինեն, ինչպես նաև հոգևոր և էմոցիոնալ առումով՝ հավասարակշռված։
Աշխատիր փրկել երեխաներիդ
17. Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել երեխաներին մնալու փրկության ճանապարհին։
17 Անշուշտ, մեր ցանկությունն է, որ փրկվեն նաև մեր ընտանիքի անդամները։ Քրիստոնյա ծնողներ ունեցող երեխաների մեծամասնությունն անկեղծ է ու հավատի մեջ՝ հաստատուն։ Սակայն կան այնպիսիները, որոնց սրտերում ճշմարտությունը խորապես արմատավորված չէ (Ա Պետրոս 5։9; Եփեսացիս 3։17; Կողոսացիս 2։7)։ Այս երիտասարդներից շատերը, դառնալով չափահաս, թողնում են քրիստոնեական կյանքի ուղին։ Եթե ծնող ես, ի՞նչ կարող ես ձեռնարկել նման արդյունքի հավանականությունը նվազագույնի հասցնելու համար։ Նախ՝ պետք է աշխատես ընտանիքում բարերար մթնոլորտ ստեղծել։ Լավ ընտանիքում երեխաները սովորում են առողջ մտածելակերպ ունենալ «իշխանություն» հասկացողության հանդեպ, մարդկանց հետ լավ փոխհարաբերություններ զարգացնել և հոգևոր արժեքները գնահատել (Եբրայեցիս 12։9)։ Ուստի, ընտանեկան ամուր փոխհարաբերությունները կարող են հիմք հանդիսանալ, որպեսզի Եհովայի հետ ունեցած երեխայի մտերմությունը է՛լ ավելի ամրանա (Սաղմոս 22։10)։ Ամուր ընտանիքները միշտ ընդհանուր զբաղմունքներ են գտնում, նույնիսկ այն դեպքերում, երբ ծնողները ստիպված են լինում զոհաբերել այն ժամանակը, որը նրանք կարող էին հատկացնել անձնական շահերին։ Այսպիսով, ձեր անձնական օրինակով կարող եք երեխաներին սովորեցնել, թե ինչպես կարելի է ճիշտ որոշումներ կայացնել կյանքում։ Ծնողնե՛ր, այն, ինչի կարիքն ունեն ձեր երեխաները, դա ոչ թե նյութական ապահովվածությունն է, այլ դուք եք՝ ձեր ժամանակը, էներգիան և սերը։ Տալի՞ս եք նրանց այդ ամենը։
18. Իրենց երեխաներին հուզող ո՞ր հարցերի պատասխանները գտնելուն պետք է օգնեն ծնողները։
18 Քրիստոնյա ծնողները երբեք չպետք է մտածեն, որ իրենց երեխաները ինքնաբերաբար քրիստոնյա կդառնան։ Ահա թե ինչպես է արտահայտվում Դանիել անունով մի եղբայր, որը հինգ երեխաների հայր է և ժողովում որպես երեց է ծառայում. «Ծնողները պետք է ժամանակ հատկացնեն փարատելու դպրոցում կամ այլուր իրենց երեխաների մեջ անխուսափելիորեն սերմանվող կասկածները։ Նրանք պետք է համբերատար կերպով օգնեն նրանց գտնելու այնպիսի հարցերի պատասխանները, ինչպիսիք են. իսկապե՞ս ապրում ենք վերջին օրերում. արդյո՞ք միայն մեկ ճշմարիտ կրոն գոյություն ունի աշխարհում. ինչո՞ւ այսինչ կամ այնինչ դասընկերը լավ ընկերակցություն չի կարող լինել նրանց համար. ճի՞շտ է, որ ընդհանրապես չի կարելի ամուսնությունից առաջ սեռային հարաբերություններ ունենալ և այլն»։ Ծնողնե՛ր, երբեք չկորցնեք ձեր հույսը, որ Եհովան կօրհնի ձեր ջանքերը, որովհետև ինչպես ձեզ, այնպես էլ նրա համար միևնույն չէ ձեր երեխաների բարօրությունը։
19. Ինչո՞ւ է կարևոր, որ ծնողներն անձամբ ուսումնասիրություն անցկացնեն իրենց երեխաների հետ։
19 Ծնողներից ոմանք այն կարծիքին են, որ իրենց մոտ չի ստացվում երեխաների հետ հետաքրքիր ուսումնասիրություն անցկացնելը։ Սակայն այդպես կարծելու հարկ չկա, քանի որ ձեզանից բացի ոչ ոք չի կարող ավելի լավ դաստիարակել ձեր երեխաներին (Եփեսացիս 6։4)։ Նրանց հետ ուսումնասիրությամբ զբաղվելով՝ դուք ինքներդ անձամբ կարող եք իմանալ իրենց սրտերում և մտքերում եղածը։ Արդյոք նրանք սրտա՞նց են խոսում, թե՞ տալիս են մակերեսային պատասխաններ. իսկապե՞ս հավատում են այն ամենին, ինչ սովորում են. Եհովան իրակա՞ն անձնավորություն է նրանց համար։ Այս և շատ ուրիշ հարցերի պատասխանները կստանաք միայն այն դեպքում, եթե անձա՛մբ սովորեցնեք ձեր երեխաներին (Բ Տիմոթէոս 1։5)։
20. Ինչպե՞ս կարող են ծնողներն ընտանեկան ոսումնասիրությունը հաճելի և օգտակար դարձնել։
20 Իսկ ինչպե՞ս կարելի է հավատարիմ մնալ ընտանեկան ուսումնասիրության ծրագրին։ Դեռահաս տարիքի տղա և աղջիկ ունեցող Ջոզեֆը, որը նաև երեց է, ասում է. «Ինչպես Աստվածաշնչի բոլոր ուսումնասիրությունները, ընտանեկան ուսումնասիրությունը նույնպես պետք է հաճելի իրադարձություն լինի՝ իրադարձություն, որին սպասում են։ Որպեսզի մեր ընտանիքում դա իսկապես հաճելի ժամանց լինի, մենք չենք սահմանում դրա համար ստանդարտ ժամանակ, որը ավելի շուտ կխոչընդոտի, քան կխթանի ուսումնասիրությանը։ Մեր ուսումնասիրությունը պետք է տևի մեկ ժամ, սակայն եթե նույնիսկ մեր տրամադրության տակ ընդամենը տասը րոպե ենք ունենում, միևնույն է, անցկացնում ենք այն։ Երեխաները սպասում են ուսումնասիրությանը նաև այն պատճառով, որ մենք «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գրքից ներկայացումներ ենք ցուցադրում։a Թողած խորը տպավորությունը, և այն, թե ինչքանով են երեխաները հասկանում սովորածը, շատ ավելի կարևոր է, քան թե մի քանի պարբերություն ավել անցնելը»։
21. Ե՞րբ կարող են ծնողները խրատել իրենց երեխաներին։
21 Իհարկե, երեխաներին սովորեցնելը չի սահմանափակվում միայն ուսումնասիրություններով (Բ Օրինաց 6։5—7)։ Հոդվածի սկզբում հիշատակված Վկան, որն այժմ ծառայում է Թաիլանդում, ասում է. «Երբեք չեմ մոռանում, թե ինչպես էինք հորս հետ միասին հեծանիվներով գնում քարոզի՝ մեր ժողովին պատկանող ամենահեռավոր տարածքները։ Ինչ խոսք, մեր ծնողների հիանալի օրինակի և ցանկացած հանգամանքների ներքո կրթելու իրենց սովորության շնորհիվ է, որ մենք այսօր լիաժամ ծառայելու որոշում ենք կայացրել։ Նրանց տված դասերը մինչև օրս էլ մեզ պետք են գալիս։ Ես հիմա էլ քարոզում եմ հեռավոր վայրերում»։
22. Ի՞նչ արդյունք կունենա ձեր և ձեր ուսուցման նկատմամբ զգուշություն ցուցաբերելը։
22 Ճիշտ ժամանակին Հիսուսը կգա դատաստան տեսնելու այս համակարգի դեմ։ Այդ մեծ իրադարձությունը կմտնի տիեզերական պատմության մեջ, սակայն Եհովային հավատարիմ անհատները, իրենց հավիտենական փրկությունն աչքի առաջ ունենալով, կշարունակեն ծառայել նրան։ Հույս ունե՞ք արդյոք ձեր երեխաների ու նրանց հետ միասին, ում հետ Աստվածաշունչն եք ուսումնասիրում, գտնվելու այդ մարդկանց մեջ։ Այդ դեպքում մոռացության մի՛ մատնեք հետևյալ զգուշացումը. «Զգո՛յշ եղիր քո նկատմամբ եւ քո ուսուցման նկատմամբ. եւ յարատեւի՛ր դրանում։ Եթէ այդ բանն անես, կը փրկես ե՛ւ քեզ, ե՛ւ նրանց, որ լսում են քեզ» (Ա Տիմոթէոս 4։16)։
[ծանոթագրություն]
a Հրատարակությունը՝ «Դիտարան» ընկերության։
Կարո՞ղ եք բացատրել
• Քանի որ չգիտենք Աստծո դատաստանի ճշգրիտ ժամանակը, ինչպիսի՞ մտածելակերպ պետք է ունենանք։
• Ինչպե՞ս կարող ենք ուշադիր լինել մեր ուսուցման նկատմամբ։
• Ինչպե՞ս կարող ես նրան, ում հետ Աստվածաշունչ ես ուսումնասիրում, օգնել Եհովայի բարեկամը դառնալ։
• Ինչո՞ւ է կարևոր, որ ծնողները ժամանակ տրամադրեն իրենց երեխաներին սովորեցնելուն։
[նկար 24–րդ էջի վրա]
Լուրջ, բայց բարեկամական մթնոլորտը նպաստում է ուսուցման որակի բարձրացմանը։
[նկար 26–րդ էջի վրա]
Աստվածաշնչի պատմությունների բեմականացումը, օրինակ՝ թե ինչպես Սողոմոնը դատեց երկու անբարոյական կանանց, ընտանեկան ուսումնասիրությունը հաճելի իրադարձության է վերածում։