Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w00 7/1 էջ 19–21
  • Օգուտ քաղո՞ւմ եք լավ օրինակներից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Օգուտ քաղո՞ւմ եք լավ օրինակներից
  • 2000 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հիսուս Քրիստոսը՝ օրինակելիության մարմնացում
  • «Օրինակ... հօտին»
  • Ժամանակակից այլ օրինակներ
  • Երեցնե՛ր, ընդօրինակեք Պողոս առաքյալին
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ընդօրինակիր Հիսուսին՝ ծառայելով ուրիշներին
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Գնացեք այնպես, ինչպես Հիսուս Քրիստոսը գնաց
    2005 Դիտարան
  • Աստվածաշնչի գիրք համար 52. 1 Թեսաղոնիկեցիներ
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
Ավելին
2000 Դիտարան
w00 7/1 էջ 19–21

Օգուտ քաղո՞ւմ եք լավ օրինակներից

«ԴՈՒՔ օրինակ հանդիսացաք բոլոր հաւատացեալներին, որոնք Մակեդոնիայում եւ Աքայիայում են»,— գրեց Պողոս առաքյալը Թեսաղոնիկեի հավատարիմ քրիստոնյաներին։ Այո, նրանց օրինակը իսկապես գովասանքի էր արժանի։ Մինչդեռ թեսաղոնիկեցիներն իրենց հերթին աչքի առաջ էին պահում Պողոսի ու նրա ընկերակիցների թողած օրինակը։ Պողոսը գրեց. «Մեր աւետարանը միայն խօսքերով չքարոզուեց ձեզ, այլ նաեւ զօրութեամբ, Սուրբ Հոգով եւ կատարեալ վստահութեամբ. գիտէք նաեւ, թէ ինչպիսի ընթացք ունեցանք ձեր մէջ ձեզ համար։ Եւ դուք, [նմանվեցիք] մեզ» (Ա Թեսաղոնիկեցիս 1։5–7)։

Այո, Պողոսը քարոզ կարդալուց ավելին էր անում։ Նրա կյանքն իրենից հենց քարոզ էր ներկայացնում՝ հավատի, տոկունության ու անձնազոհության վառ օրինակ։ Այդ պատճառով էլ Պողոսն ու նրա ընկերակիցները մեծ ազդեցություն էին թողնում թեսաղոնիկեցիների կյանքի վրա՝ քաջալերելով նրանց «բազում նեղութեան մէջ» ընդունել ճշմարտությունը։ Բայց միայն Պողոսի ու նրա ընկերակիցների կողմից չէ, որ նրանք ստանում էին այդ քաջալերանքը. դրանում իրենց դերն ունեին բազմաթիվ նեղություններ հաղթահարած ուրիշ քրիստոնյաներ ևս։ Պողոսը թեսաղոնիկեցիներին գրեց. «Դուք, եղբայրնե՛ր, նմանուեցիք Աստծու այն եկեղեցիներին, որ Հրէաստանում են ի Քրիստոս Յիսուս, քանի որ դուք էլ ձեր ազգակիցների կողմից նոյն չարչարանքներով չարչարուեցիք, ինչպէս որ նրանք՝ հրեաներից» (Ա Թեսաղոնիկեցիս 2։14)։

Հիսուս Քրիստոսը՝ օրինակելիության մարմնացում

Թեև անձամբ Պողոսի օրինակը նույնպես արժանի էր ընդօրինակման, սակայն նա չվարանեց մատնացույց անել Հիսուս Քրիստոսին՝ որպես գլխավոր օրինակի, որին պետք է հետևեն քրիստոնյաները (Ա Թեսաղոնիկեցիս 1։6)։ Քրիստոսը եղել և մնում է մեզ համար օրինակելիության տիպար։ Պետրոս առաքյալը գրեց. «Այդ բանի համար իսկ կոչուեցիք, քանի որ Քրիստոս էլ ձեզ համար մեռաւ եւ ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնաք» (Ա Պետրոս 2։21)։

Սակայն գրեթե 2 000 տարի առաջ Հիսուսի մարդկային կյանքն ավարտվեց։ Այժմ նա «բնակւում է անմատչելի լոյսի մէջ»՝ որպես անմահ ոգեղեն արարած, և «մարդկանցից ոչ ոք չի տեսել եւ ոչ էլ կարող է տեսնել» նրան (Ա Տիմոթէոս 6։16)։ Այդ դեպքում ինչպե՞ս ընդօրինակել։ Հնարավորություններից մեկն է Հիսուսի կյանքի վերաբերյալ Աստվածաշնչի չորս Ավետարաններն ուսումնասիրելը։ Դա կօգնի ճանաչել Քրիստոսի անձնավորությունը, ծանոթանալ նրա ապրած կյանքին, ըմբռնել նրա մտածելակերպը՝ «միտքը» (Փիլիպպեցիս 2։5–8, Արևմտ. Աստ.)։ Պատկերացումը ամբողջացնելու համար կարելի է օգտվել «Երբևիցե ապրած մեծագույն Մարդը» գրքից, որտեղ Հիսուսի կյանքի դեպքերը քննարկվում են ամենայն մանրամասնությամբ և ժամանակագրական կարգով։a

Հիսուսի անձնազոհության օրինակը մեծ ազդեցություն էր գործել Պողոս առաքյալի վրա։ Վերջինս կորնթացի քրիստոնյաներին գրեց. «Ես մեծ հաճոյքով ունեցածս կու տամ եւ իմ անձս ալ կու տամ ձեզի համար» (Բ Կորնթացիս 12։15, ՆԿ–ի ՆԱԹ)։ Ինչպիսի՜ նմանություն Քրիստոսի վարվելակերպի հետ։ Մեզանից յուրաքանչյուրը նույնպես պետք է ձգտի կյանքում ընդօրինակել Քրիստոսին՝ նրա կատարյալ օրինակը դարձնելով իր խոր ուսումնասիրությունների առարկան։

Հիսուսն, օրինակ, սովորեցնում էր Եհովային ապավինել նյութական կարիքների հետ կապված հարցերում։ Իսկ ինչպես էր վարվում անձամբ ինքը. նրա կյանքի յուրաքանչյուր օրը հագեցած էր այդպիսի հավատի ու վստահության դրսևորումներով։ Հիսուսն ասաց. «Աղուէսները որջ ունեն, եւ երկնքի թռչունները՝ բոյն. բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ իր գլուխը դնի» (Մատթէոս 6։25; 8։20)։ Արդյոք մեր միտքը շարունակ զբաղեցնում ենք առօրյա հոգսերո՞վ, թե՞ մեր ապրելակերպը վկայում է այն մասին, որ նախ փնտրում ենք Թագավորության շահերը։ Իսկ ի՞նչ մոտեցում ենք հանդես բերում Եհովայի ծառայության հանդեպ. հետեվո՞ւմ ենք մեզ համար Օրինակ հանդիսացող Հիսուսին։ Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ նա ոչ միայն քարոզում էր ուրիշներին լինել եռանդուն, այլև առիթը բաց չէր թողնում անձամբ այդպես վարվելու (Յովհաննէս 2։14–17)։ Իսկ որքա՜ն հիասքանչ է նրա դրսևորած սիրո օրինակը։ Հիսուսը նույնիսկ սեփական կյանքը զոհաբերեց իր աշակերտների համար (Յովհաննէս 15։13)։ Դու ևս ընդօրինակո՞ւմ ես նրան՝ սեր ցուցաբերելով քրիստոնյա եղբայրներիդ հանդեպ, թե՞ երբեմն թույլ ես տալիս, որ ոմանց անկատարությունը արգելք հանդիսանա այդ սիրո դրսևորմանը։

Քրիստոսի օրինակին հետևելու մեր ջանքերը գուցե երբեմն ապարդյուն անցնեն։ Սակայն կասկած չի կարող լինել, որ Եհովան ուրախանում է՝ տեսնելով «Տէր Յիսուս Քրիստոսով» ‘զգեստավորվելու’ մեր բոլոր ջանքերը (Հռովմայեցիս 13։14)։

«Օրինակ... հօտին»

Իսկ ներկայիս քրիստոնեական ժողովներում կա՞ն արդյոք այնպիսի անհատներ, որոնք կարող են մեզ համար օրինակ ծառայել։ Ինչ խոսք որ կան։ Հատկապես պատասխանատվություն ունեցող եղբայրները պետք է ձգտեն օրինակ լինել մյուսներին։ Պողոսը գրեց Տիտոսին, որը ծառայում էր Կրետեի ժողովներում և վերակացուներ կարգում, որ նշանակված երեցները պետք է «անբասիր» լինեն (Տիտոս 1։5, 6)։ Նմանապես, նաև Պետրոս առաքյալը երեցներին քաջալերում էր «օրինակ [լինել] հօտին» (Ա Պետրոս 5։1–3)։ Իսկ ծառայողական օգնականնե՞րը. նրանք ևս պետք է ‘լավ ծառայեն’ (Ա Տիմոթէոս 3։13)։

Իհարկե, հնարավոր չէ, որ բոլոր երեցներն ու ծառայողական օգնականները իրենց հմտությամբ աչքի ընկնեն քրիստոնեական ծառայության բոլոր ասպարեզներում։ Պողոսը Հռոմի քրիստոնյաներին գրեց. «Մենք ունենք տեսակ–տեսակ պարգեւներ, ըստ այն շնորհների, որ տրուած են մեզ» (Հռովմայեցիս 12։6)։ Տարբեր եղբայրներ տարբեր բնագավառներում են աչքի ընկնում։ Խոհեմ չէ ակնկալել, որ երեցներն իրենց բոլոր խոսքերի ու գործերի մեջ լինեն կատարյալ։ «Բոլորս էլ շատ ենք մեղանչում,— ասում է Աստվածաշունչը Յակոբոս 3։2–ում,— եթէ մէկը խօսքով չի մեղանչում, նա կատարեալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը»։ Բայց և այնպես, անկախ իրենց անկատարությունից, երեցները Տիմոթեոսի նման կարող են «օրինա՛կ [լինել] հաւատացեալներին խօսքով, վարմունքով, սիրով, հաւատով, մաքրութեամբ» (Ա Տիմոթէոս 4։12)։ Երեցների կողմից այդպիսի վերաբերմունք տեսնելը հոտի անդամներին կմղի պատրաստակամորեն կիրառելու Եբրայեցիս 13։7–ի հորդորը, որն է՝ «յիշեցէ՛ք ձեր առաջնորդներին.... նայելով նրանց կեանքի ընթացքի վախճանին, հետևո՛ղ եղէք նրանց հաւատին»։

Ժամանակակից այլ օրինակներ

Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում շատ–շատերը հիանալի օրինակներ են թողել մեզ։ Եվ իրոք, հազարավոր անձնազոհ միսիոներներ «թողել [են] տուն կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր,.... կամ որդիներ, կամ ագարակներ» հանուն այն բանի, որ քրիստոնեական հանձնարարությունը կատարեն օտար երկրներում (Մատթէոս 19։29)։ Չմոռանանք նաև շրջագայող վերակացուներին ու նրանց կանանց, «Դիտարան» ընկերության տարբեր մասնաճյուղերում աշխատող կամավորներին և ժողովներում ծառայող ռահվիրաներին։ Արդյոք խանդավառության այս օրինակները մղիչ ուժ չե՞ն հանդիսանում մյուսների համար։ «Դիտարանի աստվածաշնչյան Գաղաադ դպրոցի» ութերորդ դասարանի շրջանավարտ միսիոներներից մեկը անջնջելի հետք էր թողել Ասիայում ապրող մի քրիստոնյայի հիշողության մեջ։ Նա պատմում է, որ այդ հավատարիմ եղբայրը «պատրաստ էր տանելու վխտացող մոծակներին ու ճնշող խոնավությունը.... Իսկ է՛լ ավելի տպավորիչ էր այն փաստը, որ նրան հաջողվում էր չինարենով և մալայերենով զրույցներ սկսել մարդկանց հետ այն դեպքում, երբ նրա մայրենի լեզուն անգլերենն էր»։ Այժմ տեսնենք, թե ի՞նչ ազդեցություն գործեց այդ եղբոր օրինակը։ Քարոզիչը շարունակում է պատմել. «Նրա հանդարտությունն ու վստահությունը իմ մեջ էլ ցանկություն արթնացրին մեծանալուն պես դառնալ միսիոներ»։ Զարմանալի չէ, որ այդ եղբայրը հետագայում հենց այդպես էլ վարվեց։

««Դիտարան» ընկերության հրատարակությունների ցանկում» նշված են մի շարք կենսագրություններ, որոնք հրատարակվել են «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերականների տարբեր համարներում։ Այդ հոդվածներում կարելի է ծանոթանալ այնպիսի մարդկանց հետ, որոնք, հրաժարվելով անձնական կարիերայից, փոխել են իրենց նպատակները. նաև նրանց, որոնց հաջողվել է շատ թուլություններ հաղթահարել, իրենց անձնավորության մեջ ահռելի փոփոխություններ մտցնել, հալածանքների ժամանակ դրական մտածելակերպ պահպանել, և եռանդ, տոկունություն, հավատարմություն, խոնարհություն ու անձնազոհ ոգի դրսևորել։ Ահա ընթերցողներից մեկի կարծիքը կենսագրությունների վերաբերյալ. «Կարդալով այն մասին, թե ի՜նչ դժվարությունների միջով են նրանք անցել՝ մեջս ցանկություն է առաջանում լինել ավելի խոնարհ ու շնորհակալ քրիստոնյա։ Դրանք օգնում են ինձ խուսափել անձիս մասին չափազանց մեծ կարծիք ունենալուց կամ էլ եսասիրություն դրսևորելուց»։

Դրանից բացի, չանտեսենք նաև յուրաքանչյուրս մեր ժողովի հիանալի օրինակներին. ընտանիքի գլուխներին, որոնք անդադար հոգում են տնեցիների ֆիզիկական ու հոգևոր կարիքները. քույրերին, այդ թվում նաև միայնակ մայրերին, որոնք երեխային դաստիարակելու հետ միասին աշխուժորեն մասնակցում են ծառայությանը. տարիքն առած ու վատառողջ անհատներին, ովքեր, չնայած տկարությանը, շարունակում են հավատարիմ մնալ։ Մի՞թե ձեզ չեն քաջալերում այդ օրինակները։

Ճիշտ է, աշխարհը լի է վատ օրինակներով (Բ Տիմոթէոս 3։13)։ Սակայն նկատի առնենք Պողոսի խոսքերը՝ հասցեագրված Հուդայում ապրող քրիստոնյաներին։ Հնում ապրած բազմաթիվ մարդկանց օրինակելի վարքի մասին խոսելուց հետո Պողոսը նրանց դիմեց քաջալերանքի այս խոսքերով. «Ուրեմն մենք էլ, որ մեր շուրջը վկաների այսչափ բազմութիւն ունենք.... համբերատարութեամբ ընթանանք դէպի մրցասպարէզ, որ բացուած է մեր առաջ. նայենք Յիսուսին՝ հաւատի զօրագլխին, այն կատարելագործողին» (Եբրայեցիս 12։1, 2)։ Այսօրվա քրիստոնյաներին նույնպես շրջապատում են հին ժամանակների ու ներկայիս վկաների բազմության օրինակները։ Աշխատո՞ւմ եք օգուտ քաղել դրանցից։ Դա հնարավոր է, եթե վճռական լինեք ու ձգտեք նմանվել «բարուն» (Գ Յովհաննէս 11)։

[ծանոթագրություն]

a Հրատարակությունը՝ «Դիտարան» ընկերության։

[մեջբերում 20–րդ էջի վրա]

Հնարավոր չէ, որ բոլոր երեցներն ու ծառայողական օգնականները իրենց հմտությամբ աչքի ընկնեն քրիստոնեական ծառայության բոլոր ասպարեզներում։

[նկարներ 21–րդ էջի վրա]

Երեցները պետք է օրինակ ծառայեն հոտին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը