Կենսագրություն
Զինագործ էի, դարձա փրկարար
ՊԱՏՄԵՑ ԻՍԻԴՈՐՈՍ ԻՍՄԱՅԼԻԴԻՍԸ
Ես ծնկի էի եկել։ Արցունքներս այտերիս վրայով գլորվում էին ցած։ «Ա՜խ, Աստվա՛ծ իմ, խիղճս տանջում է, ես այլևս չեմ կարող զինագործ լինել,— աղոթում էի ես։— Շատ եմ փորձել ուրիշ աշխատանք գտնել, բայց այդպես էլ չի հաջողվել։ Վաղն ևեթ թողնելու եմ այդ գործը։ Խնդրում եմ, Եհո՛վա, մի թող, որ մեր չորս երեխաները հացի կարոտ մնան»։ Ինչպե՞ս պատահեց, որ ես այդպես վարվեցի։
ԿՅԱՆՔԸ խաղաղ ու պարզունակ էր Հունաստանի հյուսիսում գտնվող Դրամա քաղաքում, որտեղ էլ ծնվել եմ 1932 թ.–ին։ Հայրս միշտ խոսում էր հետս այն մասին, թե ինքն ինչ կցանկանար, որ ես անեի։ Նա ինձ հորդորում էր մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ կրթություն ստանալու։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Հունաստանը թալանվել էր, և այն ժամանակ հույների մեջ տարածված էր այս նշանաբանը. «Կարող են գողանալ մեր ունեցվածքը, բայց խելքն ու միտքը՝ երբեք»։ Ես վճռեցի անպայման բարձրագույն կրթություն ստանալ ու դրանով ձեռք բերել մի այնպիսի բան, որը ոչ ոք երբեք չկարողանար գողանալ։
Պատանեկան տարիներից հարում էի զանազան երիտասարդական խմբերի, որոնք հովանավորվում էին Հունական ուղղափառ եկեղեցու կողմից։ Այնտեղ մեզ ասում էին, որ հեռու մնանք վտանգավոր աղանդներից, որոնցից հատկապես հիշում եմ Եհովայի վկաներին, որոնք, ըստ համընդհանուր կարծիքի, ներկայացնում էին հակաքրիստոսին։
1953–ին Աթենքում ավարտելով տեխնիկական ուսումնարանը՝ մեկնեցի Գերմանիա՝ փորձելով աշխատանք գտնել ու նաև միաժամանակ սովորել։ Սակայն ոչինչ չհաջողվեց, ու ես մեկնեցի այլ երկրներ։ Մի քանի շաբաթ անց դատարկ գրպաններով հայտնվեցի բելգիական մի նավահանգստում։ Հիշում եմ, թե ինչպես ներս մտա մի եկեղեցի, նստեցի ու սկսեցի արտասվել, այնքան ուժգին, որ արցունքներս գետնին էին թափվում։ Ես աղոթում էի Աստծուն, որ եթե նա ինձ օգնի գնալ Ամերիկա, ապա նյութական բաների ետևից չեմ ընկնի, այլ կրթություն կստանամ ու կձգտեմ դառնալ լավ քրիստոնյա և լավ քաղաքացի։ Ի վերջո, 1957 թ.–ին հասա Նահանգներ։
Նոր կյանք Միացյալ Նահանգներում
Միացյալ Նահանգներում կյանքը դժվար էր ներգաղթյալի համար, որը չգիտեր տեղի լեզուն, իսկ գրպանում փող չուներ։ Գիշերները երկու տեղ էի աշխատում, ցերեկները՝ սովորում։ Միանգամից մի քանի քոլեջ էի հաճախում։ Որակավորում ստացա։ Այնուհետև ընդունվեցի Լոս Անջելեսում գտնվող Կալիֆոռնիայի համալսարանը և գիտությունների բակալավրի աստիճան ստացա կիրառական ֆիզիկայի գծով։ Այդ դժվարին տարիներին ինձ սրտապնդում էին կրթություն ստանալու մասին հորս հորդորները։
Մոտավորապես այդ ժամանակ հանդիպեցի մի հմայիչ հույն աղջկա՝ Էկատերինիին. 1964–ին մենք ամուսնացանք։ Երեք տարի անց ծնվեց մեր անդրանիկ որդին, իսկ չանցած ևս չորս տարի ունեցանք նաև երկու տղա և մեկ աղջիկ։ Իրոք որ հեշտ չէր միաժամանակ և՛ տուն պահել, և՛ սովորել։
Ես աշխատում էի ԱՄՆ ռազմաօդային ուժերի տիեզերահրթիռային ընկերություններից մեկում (Սաննիվեյլ, Կալիֆոռնիա նահանգ)։ Ես ընդգրկված էի զանազան ավիացիոն ու տիեզերական ծրագրերում, ներառյալ «Աջենան» և «Ապոլլոնը»։ Նույնիսկ մեդալներ եմ ստացել «Ապոլլոն–8» և «Ապոլլոն–11» ծրագրերին աջակցելու համար։ Դրանից հետո շարունակեցի կրթությունս ու ամբողջովին ներգրավվեցի ռազմատիեզերական ծրագրերում։ Այդժամ մտածում էի, որ ամեն ինչ ունեմ՝ սիրելի կին, չորս հրաշալի երեխաներ, հեղինակավոր աշխատանք ու հարմարավետ տուն։
Համառը
1967 թ. սկզբներին աշխատանքի վայրում հանդիպեցի Ջիմին՝ մի շատ խոնարհ ու բարի անձնավորության։ Ինձ թվում էր, թե Ջիմն անընդհատ ժպտում է։ Նա երբեք չէր մերժում ինձ հետ մի բաժակ սուրճ խմել։ Այդ կարճատև ընդմիջումների ընթացքում նա Աստվածաշնչից էր խոսում։ Ջիմն ասաց, որ Եհովայի վկաները իր հետ ուսումնասիրություն են անցկացնում։
Ես ցնցվեցի՝ լսելով այդ։ Ինչպե՞ս էր հնարավոր, որ այսպիսի հրաշալի մարդը կուլ գնա հակաքրիստոս–աղանդին։ Ինչևէ, չէի կարող մերժել Ջիմի իմ հանդեպ ցուցաբերած ուշադրությունն ու սիրալիրությունը։ Կարծես թե ամեն օր նա մի նոր բան ուներ ինձ համար կարդալու։ Օրինակ՝ մի օր մտավ գրասենյակս ու ասաց. «Իսիդորո՛ս, «Դիտարանի» այս հոդվածը ընտանիքն ամրացնելու մասին է։ Վերցրու, տանը կնոջդ հետ կկարդաս»։ Ես նրան պատասխանեցի, թե՝ կկարդամ, բայց հետո գնացի զուգարան, պատառոտեցի պարբերագիրն ու գցեցի աղբարկղը։
Երեք տարի շարունակ Ջիմի տված բոլոր գրքերն ու պարբերագրերը նույն վախճանն էին ունենում։ Մի կողմից՝ Եհովայի վկաների մասին կանխակալ կարծիք ունենալով և մյուս կողմից՝ չցանկանալով Ջիմի հետ կապերս խզել՝ մտածում էի, որ ամենալավն այն է, որ նրա ասածները մի ականջովս մտնեն, մյուսով՝ դուրս գան։
Այնուամենայնիվ, այս զրույցներն ինձ ցույց տվեցին, որ իմ հավատալիքների ու գործերի մեծ մասը հակասում է Աստվածաշնչին։ Հասկացա, որ Երրորդությունը, դժոխքի կրակը և հոգու անմահությունը սուրբգրային վարդապետություններ չեն (Ժողովող 9։10; Յեսու 10։28; Յովհաննէս 20։17)։ Ես մի հպարտ ուղղափառ հույն էի, ուստի չէի ցանկանում բացահայտորեն ցույց տալ, որ Ջիմը ճիշտ է։ Բայց քանի որ նա միշտ Աստվածաշնչից էր մեջբերումներ անում և երբեք իր սեփական կարծիքը չէր հայտնում, վերջապես հասկացա, որ այդ մարդն, իրոք, կարևոր բաներ է ասում Սուրբ Գրքից։
Կինս զգում էր, որ ինձ հետ ինչ–որ բան է կատարվում, ուստի հարցրեց, թե արդյոք չեմ խոսել Վկաների հետ շփվող այն ընկերոջս հետ։ Դրական պատասխան լսելով՝ նա ասաց. «Ինչ եկեղեցի ուզում ես՝ գնանք, միայն թե ոչ Եհովայի վկաների մոտ»։ Ինչևէ, շուտով ընտանիքով կանոնավոր հաճախում էինք Վկաների հանդիպումներին։
Դժվարին որոշում
Աստվածաշունչ ուսումնասիրելիս կարդացի Եսայիա մարգարեի հետևյալ խոսքերը. «Նրանք կ’ձուլեն իրանց սուրերը խոփեր, եւ իրանց նիզակները՝ յօտոցներ. ազգ ազգի վերայ սուր չի բարձրացնիլ, եւ այլեւս պատերազմի չեն վարժուիլ» (Եսայիա 2։4)։ Ինքս ինձ հարցրի. «Ինչպե՞ս կարող է խաղաղասեր Աստծո ծառան մահաբեր զենքեր ստեղծել» (Սաղմոս 46։9)։ Ինձանից երկար ժամանակ չպահանջվեց գլխի ընկնելու, որ աշխատանքս պետք է փոխեմ։
Հասկանալի է, որ հեշտ չէր դա իրագործել։ Ես հեղինակավոր աշխատանք ունեի։ Տարիներ շարունակ մաքառել էի՝ աշխատելով, սովորելով ու զոհողություններ անելով այդ ամենին հասնելու համար։ Ես բարձրացել էի ծառայողական սանդուղքով, իսկ հիմա կարիերաս պետք է թողնեի։ Բայցևայնպես, Եհովայի նկատմամբ ունեցած խոր սերն ու նրա կամքը կատարելու ուժգին ցանկությունը ի վերջո հաղթեցին (Մատթէոս 7։21)։
Ես որոշեցի աշխատանքի տեղավորվել Սիեթլում գտնվող մի ընկերությունում (Վաշինգտոն նահանգ)։ Ի հիասթափություն ինձ, շուտով հասկացա, որ այս աշխատանքը նույնիսկ ավելի շատ էր ինձ ներգրավում Եսայիա 2։4–ին հակասող գործում։ Փորձեցի ուրիշ ծրագրերում աշխատել, բայց ապարդյուն, ու խիղճս սկսեց կրկին տանջել։ Ես զգում էի, որ չեմ կարող միաժամանակ և՛ այդ աշխատանքը կատարել, և՛ մաքուր խիղճ ունենալ (Ա Պետրոս 3։21)։
Պարզ էր արդեն, որ հարկավոր է լուրջ փոփոխություններ կատարել։ Չանցած վեց ամիս՝ մենք փոխեցինք մեր կենսաձևը և կիսով չափ նվազեցրինք ընտանեկան ծախսերը։ Այնուհետև վաճառեցինք մեր շքեղ առանձնատունը և փոխարենը մի փոքր տուն գնեցինք Դենվերում (Կոլորադո նահանգ)։ Հիմա արդեն պատրաստ էի վերջնական քայլին՝ հեռանալ աշխատանքից։ Ես տպագրեցի հրաժարականս՝ բացատրելով, թե ինչու եմ հեռանում։ Այդ գիշեր, երբ երեխաները գնացին քնելու, ես ու կինս ծնկաչոք աղոթեցինք Եհովային, ինչպես նկարագրված է այս հոդվածի սկզբում։
Մեկ ամիս էլ չէր անցել, տեղափոխվեցինք Դենվեր, իսկ երկու շաբաթ անց՝ 1975 թ. հուլիսին, ես ու կինս մկրտվեցինք։ Վեց ամիս շարունակ չէի կարողանում աշխատանք գտնել, մեր խնայողությունները կամաց–կամաց սպառվում էին, և անգամ հաջորդ ամսվա տան վարձը հնարավորություն չունեինք տալու։ Ես պատրաստ էի կատարելու ցանկացած գործ, բայց անսպասելիորեն գտա ինժեների աշխատանք։ Աշխատավարձը նախկինի հետ համեմատած ընդամենը կեսն էր կազմում, բայց դա Եհովայից խնդրածիցս շատ ավելին էր։ Որքա՜ն երջանիկ էի, որ առաջին հերթին հոգևորին հետամուտ եղա (Մատթէոս 6։33)։
Դաստիարակում ենք երեխաներին սիրել Եհովային
Իսկ այդ ժամանակ ես ու Էկատերինին զբաղված էինք մեր չորս երեխաների՝ Աստծո սկզբունքներին համապատասխան դաստիարակելու դժվարին գործով։ Բարեբախտաբար, Եհովայի օգնությամբ նրանք դարձան հասուն քրիստոնյաներ՝ ամբողջովին նվիրվելով Թագավորության քարոզչության կարևորագույն գործին։ Մեր երեք որդիները՝ Հրիստոսը, Լաքիսը և Գրեգորին, ավարտել են Ծառայության կատարելագործման դպրոցը և այժմ, զանազան նշանակումներ ստացած, այցելում ու զորացնում են ժողովները։ Իսկ մեր աղջիկը՝ Թուլան, ծառայում է Եհովայի վկաների՝ Նյու Յորքում գտնվող գլխավոր վարչությունում։ Մենք հուզվում էինք՝ տեսնելով, թե ինչպես էին նրանք զոհում խոստումնալից կարիերա անելու և բարձր վարձատրվող աշխատանք ունենալու հնարավորությունները, որպեսզի կարողանան Եհովային ծառայել։
Շատերն են հարցրել, թե ինչպես է մեզ հաջողվել այսպիսի երեխաներ մեծացնել։ Իհարկե, երեխաներ դաստիարակելու պատրաստի դեղատոմս չկա, սակայն մենք փութաջանորեն ձգտում էինք նրանց մեջ սեր ներարկել Եհովայի ու մարդկանց հանդեպ (Բ Օրինաց 6։6, 7; Մատթէոս 22։37–39)։ Երեխաները հասկացան, որ մինչև գործերով չապացուցենք Եհովայի հանդեպ մեր սերը, չենք կարող ասել, թե սիրում ենք նրան։
Շաբաթական մեկ օր՝ սովորաբար շաբաթ օրը, ծառայության էինք գնում ընտանիքով։ Իսկ ամեն երկուշաբթի՝ ընթրիքից հետո, Աստվածաշնչի ընտանեկան ուսումնասիրություն էինք անցկացնում։ Նաև յուրաքանչյուր երեխայի հետ առանձին–առանձին էինք ուսումնասիրում։ Երբ փոքր էին՝ շաբաթական մի քանի կարճատև ուսումնասիրություններ էինք անցկացնում, իսկ երբ մեծացան՝ մեկ անգամ, բայց ավելի երկարատև։ Այս ուսումնասիրությունների ընթացքում նրանք սրտաբաց ու անկաշկանդ խոսում էին իրենց հուզող խնդիրների մասին։
Նաև թարմանում էինք ուրախ ժամանցներով։ Սիրում էինք երաժշտական գործիքներով նվագել. երեխաներից ամեն մեկն իր սիրելի երգն էր նվագում ու երգում։ Երբեմն հրավիրում էինք ուրիշ ընտանիքների՝ իրար հետ հաճելի ընկերակցություն վայելելու։ Արձակուրդների ժամանակ ընտանիքով ճանապարհորդում էինք։ Այդպիսի մի ճանապարհորդության ժամանակ Կոլորադոյում երկու շաբաթ անցկացրինք՝ լեռներն էինք ուսումնասիրում, իսկ տեղի ժողովների հետ համագործակցում էինք ծառայության մեջ։ Մեր երեխաները հաճույքով են հիշում, թե նահանգային համաժողովների ժամանակ ինչպես են ծառայել տարբեր բաժիններում, ինչպես նաև տարբեր վայրերում աջակցել Թագավորության սրահների շինարարությանը։ Երբ նրանց հետ մեկնեցինք Հունաստան մեր հարազատներին տեսնելու, երեխաները հանդիպումներ ունեցան նաև բազում հավատարիմ Վկաների հետ, որոնք բանտ էին նստել հավատի համար։ Դա խորապես տպավորեց երեխաներին, և նրանք վճռեցին հաստատակամ ու խիզախ մնալ ճշմարտության մեջ։
Իհարկե, ժամանակ առ ժամանակ նրանք իրենց վատ էին պահում կամ սխալներ էին թույլ տալիս ընկերներ ընտրելիս։ Երբեմն էլ մենք էինք խնդիրներ ստեղծում՝ որոշ հարցերում նրանց հանդեպ թերևս չափազանց խիստ վարվելով։ Սակայն Աստվածաշնչում գրված «Տիրոջ խրատից եւ ուսումից» օգտվելը օգնեց բոլորիս այդ իրավիճակները հարթելու (Եփեսացիս 6։4; Բ Տիմոթէոս 3։16, 17)։
Կյանքիս ամենաերջանիկ տարիները
Երբ երեխաները լիաժամ ծառայության անցան, ես ու Էկատերինին սկսեցինք լրջորեն մտածել, թե ինչ կարող ենք անել ավելի մեծ չափով ներգրավվելու քարոզչական փրկարար գործունեության մեջ։ Ուստի 1994–ին վաղաժամ թոշակի անցա, և երկուսով սկսեցինք ընդհանուր ռահվիրայական ծառայությունը։ Այն իր մեջ ընդգրկում էր տեղի քոլեջներն ու համալսարաններն այցելելը, որտեղ քարոզում էինք ուսանողներին, իսկ ոմանց հետ էլ Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնում։ Ես կարո՛ղ էի հասկանալ նրանց դժվարությունները, քանզի նույն ճանապարհով էի անցել ոչ հեռու անցյալում, ուստի ինձ հաջողվեց օգնել նրանց Եհովայի մասին սովորել։ Ի՜նչ ուրախություն է ուսումնասիրություններ անցկացնել տարբեր երկրներից՝ Բոլիվիայից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Եթովպիայից, Թաիլանդից, Թուրքիայից, Մեքսիկայից, Չիլիից և Չինաստանից եկած ուսանողների հետ։ Ես նաև հաճույքով քարոզում եմ հեռախոսով, հատկապես նրանց, ովքեր խոսում են իմ մայրենի լեզվով։
Չնայած հունական առոգանությունն ու տարիքը իրենց զգացնել են տալիս, ես միշտ ձգտում եմ պատրաստակամ լինել ու դրսևորել Եսայիայի ոգին։ Նա ասաց. «Ահա ես, ինձ ուղարկիր» (Եսայիա 6։8)։ Մենք ուրախ ենք, որ ավելի քան վեց հոգու օգնել ենք նվիրվել Եհովային։ Դա, իրոք, մեր կյանքի ամենաերջանիկ շրջանն էր։
Կար ժամանակ, երբ կյանքս պտտվում էր հրեշային, մահաբեր զենքերի արտադրության շուրջ։ Սակայն Եհովան իր շնորհով հնարավորություն ընձեռեց ինձ ու ընտանիքիս իր ծառաները դառնալ և մեր կյանքը նվիրել դրախտային երկրում հավիտենական կյանքի բարի լուրը մարդկանց հաղորդելու գործին։ Անդրադառնալով անցյալում կայացրած դժվարին որոշումներիս՝ միտքս են գալիս Մաղաքիա 3։10–ի խոսքերը. «Ինձ մէկ փորձեցէք սորանով, ասում է Զօրաց Տէրը, թէ արդեօք չե՞մ բանալ ձեզ համար երկնքի պատուհանները եւ օրհնութիւն թափել ձեզ համար՝ մինչեւ որ նորա համար տեղ չ’լինի»։ Իրոք. Եհովան մեզ լիացրել է իր օրհնություններով։
[նկար 27–րդ էջի վրա]
Հրիստոս. Ես երախտապարտ եմ ծնողներիս Եհովայի նկատմամբ անձնվեր հավատարմության ու իրենց ծնողական պարտականություններին խստորեն հետևելու համար։ Մենք ամեն ինչ ընտանիքով էինք անում՝ սկսած ծառայությունից՝ վերջացրած արձակուրդներով։ Չնայած նրանք հնարավորություն ունեին խորամուխ լինելու զանազան ձեռնարկումների մեջ, բայց ապրեցին հասարակ կյանքով՝ կենտրոնանալով ծառայության վրա։ Հիմա ես գիտեմ, որ իսկապես ինձ երջանիկ եմ զգում միայն այն ժամանակ, երբ ամբողջությամբ միջամուխ եմ լինում Եհովային ծառայելու մեջ։
[շրջանակ/նկար 27–րդ էջի վրա]
Լաքիս. Հայրս չէր սիրում կեղծավորությունը։ Նա ինքը ջանում էր այդպիսին չլինել, հատկապես երբ ընտանիքին օրինակ էր ծառայում։ Հաճախ էր ասում. «Եթե կյանքդ նվիրել ես Եհովային, ապա դա արդեն ինչ–որ բան պետք է նշանակի։ Պետք է պատրաստ լինես Եհովայի համար զոհողություններ անելու։ Ահա թե ինչ է նշանակում լինել քրիստոնյա»։ Հորս խոսքերը տպավորվեցին իմ մեջ և օգնեցին իր պես զոհողություններ անել Եհովայի համար։
[շրջանակ/նկար 28–րդ էջի վրա]
Գրեգորի. Ծնողներիս՝ ծառայությունս ընդարձակելու քաջալերանքի խոսքերից առավել, ինձ վրա ներգործեցին նրանց անձնական օրինակն ու Եհովային ծառայելուց ստացած ուրախությունը։ Դրանք օգնեցին ինձ վերանայել հանգամանքներս, մի կողմ նետել լիաժամ ծառայություն սկսելու հետ կապված բոլոր անհանգստություններն ու քարոզչության մեջ ավելի ու ավելի ներգրավվել։ Շնորհակալ եմ ծնողներիս, որ օգնեցին ինձ ուրախություն գտնել. ուրախություն, որը ձեռք է բերվում ջանքեր թափելով։
[շրջանակ/նկար 28–րդ էջի վրա]
Թուլա. Ծնողներս միշտ շեշտում էին, որ Եհովայի հետ մեր փոխհարաբերությունները ամենից թանկագինն են, ինչը մենք կարող ենք երբևիցե ունենալ. իսկապես երջանիկ լինելու միակ միջոցը Եհովային մեր լավագույնը տալն է։ Նրանք Աստծուն իրական դարձրին մեզ համար։ Հայրս հաճախ էր ասում, որ մի աննկարագրելի զգացում է պատում մարդուն, երբ կարող է մաքուր խղճով գնալ քնելու՝ գիտենալով, որ արել է հնարավոր ամեն բան Եհովային ուրախություն պատճառելու համար։
[նկար 25–րդ էջի վրա]
Երբ զինվոր էի Հունաստանում. 1951 թ.
[նկար 25–րդ էջի վրա]
Էկատերինիի հետ՝ 1969 թ.–ին։
[նկար 26–րդ էջի վրա]
Ընտանիքս 1996 թ.–ին (ձախից աջ, ետևում). Գրեգորին, Հրիստոսը, Թուլան. (առջևում)՝ Լաքիսը, Էկատերինին և ես։