Կենսագրություն
Պարգևատրված՝ Աստվածանվեր կյանքի համար
Պատմում է Վիլյամ Այհինորիան
Գիշերվա կեսին սովորականի պես արթնացա հորս տնքոցներից։ Նա, փորը բռնած, թավալ էր գալիս հատակին։ Ես, մայրս ու մեծ քույրս հավաքվեցինք նրա շուրջ։ Երբ ցավը մեղմացավ, հայրս ուղիղ նստեց, հոգոց հանեց և ասաց. «Այս աշխարհում միայն Եհովայի վկաներն են խաղաղություն վայելում»։ Այդ խոսքերը զարմանք պատճառեցին ինձ ու խորապես տպավորեցին, քանի որ մինչ այդ Եհովայի վկաների մասին ոչինչ չէի լսել։ Ես շատ էի ուզում իմանալ, թե ինչ նկատի ուներ նա։
Այդ դեպքը տեղի է ունեցել 1953 թ., երբ ես ընդամենը վեց տարեկան էի։ Ես ծնվել էի մի երկրում, որտեղ ընդունված էր բազմակնությունը. մեր ընտանիքն էլ էր այդպիսին։ Մենք ապրում էինք Իվոսայում՝ Նիգերիայի միջին արևմտյան գյուղերից մեկում, որտեղ մարդիկ զբաղվում էին հողագործությամբ։ Ես երկրորդ երեխան էի, բայց՝ առաջին որդին։ Մեր ընտանիքի անդամների թիվը ի վերջո հասավ 13–ի (այդ թվում նաև հորս երեք կանայք ու նրանց երեխաները)։ Ապրում էինք պապիկիս տանը. ծղոտե տանիքով, խոնավ մի տուն, որը չորս սենյակ ուներ։ Մեզ հետ էին մնում նաև տատիկս ու հորս երեք եղբայրները՝ իրենց ընտանիքներով։
Հատկապես հորս վատ առողջության պատճառով մանկությունս անցել է թշվառության մեջ։ Նա ստամոքսի խրոնիկական ցավեր ուներ, ինչը ամբողջ կյանքում տառապանք պատճառեց նրան։ Աֆրիկայի գյուղական ընտանիքին մատչելի ոչ մի ձևով հնարավոր չեղավ բուժել նրա այդ անհայտ հիվանդությունը՝ ո՛չ բուսաբուժությամբ, ո՛չ էլ դեղերով։ Հորս կողքին լաց լինելով բազում գիշերներ ենք անցկացրել. ողջ գիշեր՝ մինչև աքաղաղի կանչը, նա գետնի վրա թավալ էր գալիս։ Բուժվելու համար հայրս ու մայրս հաճախ այստեղ–այնտեղ էին մեկնում՝ ինձ և մնացած երեխաներին թողնելով տատիկիս խնամքի տակ։
Մեր ընտանիքը իր գոյությունը պահպանում էր բատատի (քաղցր կարտոֆիլ), մանիոկի և կոլա ընկույզների մշակման ու վաճառքի միջոցով։ Պատահում էր՝ կաուչուկ էինք հավաքում մեր սուղ միջոցները մի փոքր մեծացնելու համար։ Հիմնական սնունդը բատատն էր. մենք ուտում էինք այն առավոտյան, ճաշին, իսկ հետո նաև՝ երեկոյան։ Երբեմն մի փոքր զանազանություն էր լինում, երբ բանան էինք խորովում։
Մեր կյանքում մեծ դեր էր խաղում նախնիներին երկրպագելու սովորությունը։ Մենք նրանց ուտելիք էինք «առաջարկում»՝ այն դնելով գլխներին խեցի հագցված ցցերի առջև։ Բացի այդ, հայրս մի կուռք էր պաշտում չար ոգիներից ու վհուկներից պաշտպանվելու համար։
Երբ հինգ տարեկան էի, մենք ժամանակավորապես տեղափոխվեցինք մի ֆերմա, որը գտնվում էր գյուղից 11 կմ հեռավորության վրա։ Այնտեղ հայրս վարակվեց ռիշտա հիվանդությամբ, որն է՛լ ավելի սաստկացրեց նրա տառապանքը։ Ցերեկը նա չէր կարողանում աշխատել, իսկ գիշերը տանջվում էր որովայնային ցավերից։ Ես վարակվեցի մի հիվանդությամբ, որը տիֆի տարատեսակներից է։ Մեզ օգնում էր մեր բազմանդամ ընտանիքը. դրա շնորհիվ էլ գոյատևում էինք։ Սովից չմեռնելու համար ստիպված էինք վերադառնալ Իվոսա։ Հայրս չէր ցանկանում, որ ես՝ իր ավագ որդին, իր նման հողագործ դառնայի՝ հազիվ կարողանալով ապահովել իմ ընտանիքը։ Նա մտածում էր, որ պիտի լավ կրթություն ստանամ, որպեսզի կարողանամ բարձրացնել մեր ընտանիքի կենսամակարդակը և նեցուկ կանգնել մյուս երեխաներին։
Բախվում եմ տարբեր կրոնների հետ
Շնորհիվ այն բանի, որ վերադարձանք գյուղ՝ ես կարողացա դպրոց գնալ, ուստիև բախվեցի քրիստոնեական աշխարհի կրոնների հետ։ 1950–ականներին Արևմտյան կրթություն ստանալ՝ նշանակում էր սովորել գաղութարարների կրոնը։ Քանի որ կաթոլիկական տարրական դպրոց էի հաճախում, ուրեմն պարտավոր էի կաթոլիկ դառնալ։
1966 թ.–ին, 19 տարեկանում ընդունվեցի Ուխտավորների բապտիստական միջնակարգ դպրոցը, որը գտնվում էր Իվոհինմի քաղաքում՝ Իվոսայից 8 կմ հեռավորության վրա։ Իմ կրոնական կրթությունը փոխվեց։ Քանի որ սկսեցի բապտիստների դպրոց հաճախել, կաթոլիկ քահանաները թույլ չէին տալիս ինձ մասնակցել կիրակնօրյա պատարագներին։
Բապտիստների այդ դպրոցում սովորելու տարիներին էր, որ առաջին անգամ ձեռքս ընկավ Աստվածաշունչը։ Թեև շարունակում էի հաճախել կաթոլիկ եկեղեցի, սկսեցի ամեն կիրակի՝ պատարագից հետո, ինքնուրույն կարդալ Աստվածաշունչը։ Հիսուս Քրիստոսի ուսուցումները գերում էին ինձ՝ իմ մեջ աստվածանվեր և իմաստալից կյանք վարելու ցանկություն առաջացնելով։ Եվ որքան ավելի շատ էի կարդում Աստվածաշունչը, այնքան ավելի զզվելի էին թվում կրոնական որոշ առաջնորդների կեղծավորությունը և աշխարհիկ շատ մարդկանց անբարո ապրելակերպը։ Այն, ինչ տեսնում էի իրենց քրիստոնյա անվանող այդ մարդկանց մեջ, շատ էր տարբերվում Հիսուսի ու նրա աշակերտների խոսքերից ու գործերից։
Որոշ միջադեպեր ինձ հատկապես ապշեցրին։ Մի անգամ, երբ գնացել էի կրոնի ուսուցչի՝ տնտեսական ապրանքների ու մթերքների պահեստ՝ տերողորմյա գնելու, տեսա, որ դռան կողափայտին մի թալիսման էր ամրացված։ Մեկ այլ դեպք. բապտիստական դպրոցի տնօրենը հետապնդումներ սկսեց՝ ինձ հետ սեռական կապի մեջ մտնելու։ Պարզվեց, որ նա միասեռական է և ուրիշների հետ նման կերպ արդեն վարվել է։ Խորհրդածելով այս ամենի շուրջ՝ հարցնում էի ինքս ինձ. «Մի՞ թե Աստված հավանություն է տալիս այն կրոններին, որոնց անդամները, նույնիսկ առաջնորդները պատասխանատվություն չեն կրում այդքան մեծ մեղքերի համար»։
Փոխում եմ կրոնս
Չնայած այդ ամենին՝ ես չկորցրի իմ սերը Աստվածաշնչի հանդեպ, ուստի շարունակում էի կարդալ այն։ Հենց այդ ժամանակ էր, որ սկսեցի մտածել հորս այն խոսքերի մասին, որ նա ասել էր մոտ 15 տարի առաջ. «Այս աշխարհում միայն Եհովայի վկաներն են խաղաղություն վայելում»։ Սակայն, մի տեսակ տագնապ կար մեջս, քանի որ երիտասարդ Վկաներին մեր դպրոցում ծաղրում էին, իսկ երբեմն էլ պատժում առավոտյան պաշտամունքներին չմասնակցելու համար։ Բացի այդ, նրանց հավատալիքներից մի քանիսը տարօրինակ էին թվում։ Օրինակ՝ ես դժվարանում էի հավատալ, որ միայն 144 000–ն են երկինք գնալու (Յայտնութիւն 14։3)։ Գուցե այդ թիվը մինչև ծնվելս լրացած լիներ, իսկ ես շատ էի ուզում երկինք գնալ։
Վկաները ակնհայտ կերպով տարբերվում էին իրենց վարքով ու կեցվածքով։ Նրանք չէին մասնակցում աշակերտների բռնի ու անբարո գործերին։ Ըստ իս՝ նրանք իսկապես աշխարհից չէին, իսկ դա լիովին համապատասխանում էր այն խոսքերին, որ կարդացել էի Աստվածաշնչում, թե ճշմարիտ կրոնը դավանողները աշխարհից չպիտի լինեն (Յովհաննէս 17։14–16; Յակոբոս 1։27)։
Որոշեցի ավելի խորը հետազոտել այդ հարցը։ 1969 թ. սեպտեմբերին կարողացա ձեռք բերել «Ճշմարտություն, որ հավիտենական կյանքի է առաջնորդում» գիրքը։ Մեկ ամիս անց մի ռահվիրա (Եհովայի վկաների լիաժամ ծառայող) այցելեց ինձ և հետս ուսումնասիրություն սկսեց։ Իմ առաջին ուսումնասիրությունից ոգեվորված՝ անցա «Ճշմարտություն» գրքի ընթերցանությանը. սկսեցի շաբաթ երեկոյան և ավարտեցի հաջորդ օրը՝ կեսօրին։ Իմ կարդացած հրաշալի բաների մասին անմիջապես սկսեցի պատմել ինձ հետ սովորողներին։ Ուսանողների և ուսուցիչների կարծիքով՝ իմ նոր հավատը խենթացրել էր ինձ։ Բայց ես հո գիտեի, որ չեմ խենթացել (Գործք 26։24)։
Լուրը հասավ ծնողներիս։ Նրանք պահանջեցին, որ անհապաղ վերադառնամ տուն, որպեսզի պարզեն, թե ինչումն է բանը։ Կողքիս ոչ մի խորհրդատու չկար, քանի որ բոլոր Եհովայի վկաները մեկնել էին Իլեշա՝ մարզային համաժողովի։ Տուն վերադառնալով՝ ընկա մորս ու բարեկամներիս հարցերի ու քննադատական խոսքերի տարափի տակ։ Ես ամեն կերպ ջանում էի պաշտպանել այն, ինչ սովորել էի Աստվածաշնչից (Ա Պետրոս 3։15)։
Չկարողանալով համոզել ինձ, որ Եհովայի վկաները կեղծ ուսուցիչներ են՝ հորեղբայրս փորձեց այլ կերպ մոտենալ հարցին։ Նա խնդրեց. «Հիշիր, որ դպրոց ես գնացել կրթություն ստանալու նպատակով։ Եթե դասերդ թողած՝ ընկնես քարոզչության հետևից, ուսումդ կիսատ կմնա։ Ինչո՞ւ չսպասես մինչև դպրոցն ավարտելը, իսկ հետո նոր կանդամակցես այդ նոր կրոնին»։ Դա ինձ խելքին մոտ թվաց, ուստի դադարեցրեցի Եհովայի վկաների հետ իմ ուսումնասիրությունը։
1970 թ.–ի դեկտեմբերին՝ դպրոցն ավարտելուց շատ չանցած, գնացի Թագավորության սրահ և այդ ժամանակվանից ի վեր բաց չեմ թողել Եհովայի վկաների հանդիպումները։ 1971 թ.–ի օգոստոսի 30–ին ես մկրտվեցի՝ ի նշան այն բանի, որ նվիրվել եմ Աստծուն։ Այդ քայլը անհանգստացրեց ոչ միայն ծնողներիս, այլև մեր գյուղի ողջ համայնքին։ Նրանք ասացին, որ հիասթափեցրել եմ իրենց։ Բանն այն է, որ ես Իվոսայի բնակիչներից առաջինն էի, ով պետական կրթություն էր ստացել. շատերը մեծ հույսեր էին կապել ինձ հետ։ Նրանք սպասում էին, որ ես իմ կրթությունը կօգտագործեմ համայնքի վիճակը բարելավելու համար։
Կրոնս փոխելու հետևանքները
Իմ ընտանիքի անդամներն ու համայնքի երեցները մի պատվիրակություն ուղարկեցին ինձ մոտ՝ փորձելով համոզել, որ հրաժարվեմ իմ հավատից։ Նրանց այդ փորձերը ուղեկցվում էին չարագույժ կանխագուշակություններով։ «Եթե չհրաժարվես այդ կրոնից,— ասում էին նրանք,— ապագա չես ունենա՝ աշխատանք չես գտնի, քեզ համար տուն չես կառուցի, չես կարողանա ամուսնանալ ու երեխաներ մեծացնել»։
Հակառակ նրանց մռայլ կանխագուշակումների՝ դպրոցս ավարտելուց տաս ամիս անց ես ուսուցչի աշխատանք գտա, իսկ 1972 թ. հոկտեմբերին ամուսնացա իմ թանկագին կնոջ՝ Վերոնիկայի հետ։ Ավելի ուշ՝ պետությունը ինձ լրացուցիչ դասընթացների ուղարկեց, և ես գյուղատնտեսության ընդլայնման հարցերով գործակալի որակավորում ստացա։ Ես գնեցի իմ առաջին մեքենան և սկսեցի կառուցել մեր տունը։ 1973 թ. նոյեմբերի 5–ին ծնվեց մեր առաջին դուստրը՝ Վիկտորիան, իսկ հետագայում լույս աշխարհ եկան նաև Լիդիան, Վիլֆրեդը և Ջոանը։ 1986 թ.–ին ծնվեց մեր վերջին երեխան՝ Միկան։ Բոլորը՝ հրաշալի երեխաներ՝ Եհովայի կողմից մի իսկական ժառանգություն (Սաղմոս 127։3)։
Ետ նայելով՝ կարող եմ ասել, որ համայնքի բոլոր չար կանխատեսումները վերածվեցին օրհնությունների։ Հենց դա է պատճառը, որ առաջին աղջկաս անունը Վիկտորիա դրեցի։ Ի դեպ, վերջերս համայնքից նամակ ստացա, որում ասվում էր. «Խնդրում ենք, վերադարձիր տուն և օգնիր մեր համայնքին. այժմ տեսնում ենք, որ Աստված օրհնում է քեզ»։
Երեխաներին մեծացնում ենք Աստծո ճանապարհներով
Ես և կինս գիտակցում էինք, որ երեխաներին մեծացնելու՝ Աստծո կողմից տրված պատասխանատվությունը հնարավոր չէ համատեղել նյութապաշտական նպատակների հետ։ Հարկավոր էր սովորել պարզ կյանք վարել։ Մեզ համար նման կյանք վարելն ավելի ցանկալի էր, քան ուրիշ ապրելակերպի հնարավոր հետևանքների հետ բախվելը։
Մեր կողմերում ընդունված է, որ մի տան մեջ մի քանի ընտանիքներ ապրեն. նրանք օգտվում են նույն լոգարանից, խոհանոցից և այլն։ Սակայն մենք մեծ ուրախությամբ առանձին տուն էինք վարձում ցանկացած այն քաղաքում, ուր ինձ՝ որպես պետական աշխատողի, ուղարկում էին։ Ճիշտ է, նման տները ավելի թանկ էին, բայց դրա շնորհիվ՝ երեխաներս շատ ավելի քիչ էին ենթարկվում վնասակար ազդեցությունների։ Շնորհակալ եմ Եհովայից, որ այս տարիների ընթացքում կարողացանք մեծացնել մեր երեխաներին հոգևորապես առողջ միջավայրում։
Այդ ամենից բացի, կինս մնում էր տանը՝ երեխաների հետ, որպեսզի կարողանար հոգ տանել նրանց։ Աշխատանքից հետո փորձում էինք ընտանիքով միասին որևէ գործ անել։ Ինչ էլ անեինք, աշխատում էինք մի մարդու պես. միասին Աստվածաշնչի ընտանեկան ուսումնասիրություն էինք անցկացնում, միասին պատրաստվում և հաճախում էինք ժողովների, միասին մասնակցում էինք քրիստոնեական ծառայությանը և միասին հյուր էինք գնում։
Ես ու կինս ջանում էինք հետևել Բ Օրինաց 6։6, 7–ում տրվող խորհրդին, որը ծնողներին խրախուսում է ուսուցանել իրենց երեխաներին ոչ միայն տանը, այլև ամեն առիթի դեպքում։ Շնորհիվ դրա՝ երեխաներս սովորեցին ընկերներ գտնել Վկաների և ոչ թե աշխարհի մարդկանց շրջապատում։ Այդ հարցում նրանց օգնեց մեր օրինակը, քանի որ ես և Վերոնիկան շատ ժամանակ չէինք անցկացնում այն մարդկանց հետ, ովքեր չունեին նույն հավատալիքները, ինչ մենք (Առակաց 13։20; Ա Կորնթացիս 15։33)։
Միայն մեր դաստիարակությունն ու խրատները չէին, որ իրենց դրական ազդեցությունը թողեցին երեխաների վրա։ Մեր տան դռները միշտ բաց էին (և հիմա էլ բաց են) եռանդուն քրիստոնյաների, սովորաբար՝ շրջագայող վերակացուների առջև։ Մեր ընտանիքի շփումը այդ հասուն քրիստոնյաների հետ նպաստեց, որ երեխաներս տեսնեին և սովորեին անձնազոհ կյանք վարելու արժեքը։ Իսկ դա է՛լ ավելի մեծ ուժ հաղորդեց մեր խրատներին և օգնեց, որ աստվածաշնչյան ճշմարտությունը հասնի մեր երեխաների սրտին։
Պարգևատրված՝ աստվածանվեր կյանքի համար
Այսօր ես, կինս և երեխաներիցս չորսը լիաժամ ծառայողներ ենք։ Առաջինը ես սկսեցի ծառայել որպես ռահվիրա (1973 թ.–ին)։ Տարիների ընթացքում երբեմն ստիպված էի լինում ընդհատել ռահվիրայական ծառայությունս, քանի որ նյութական խնդիրներով զբաղվելու անհրաժեշտություն էր առաջանում։ Ժամանակ առ ժամանակ նաև առանձնաշնորհում եմ ունեցել Թագավորական ծառայության դպրոցում ուսուցանելու, որի նպատակն է՝ կրթել քրիստոնյա վերակացուներին։ Այժմ մեծ ուրախությամբ ծառայում եմ Հիվանդանոցների հետ կապի կոմիտեում, ինչպես նաև՝ որպես քաղաքային վերակացու Ուհոնմորայում։
Իմ ավագ դստրերը՝ Վիկտորիան ու Լիդիան, երջանիկ ընտանիք են կազմել։ Նրանք ամուսնացած են քրիստոնյա երեցների հետ և միասին ծառայում են Իգեյդումայի (Նիգերիա)՝ Եհովայի վկաների մասնաճյուղում։ Մեր որդիներից ավագը՝ Վիլֆրեդը ծառայող օգնական է, իսկ Միկան՝ կրտսերը, ժամանակ առ ժամանակ ծառայում է որպես ենթառահվիրա։ 1977 թ.–ին Ջոանը ավարտեց դպրոցը և լիաժամ ծառայություն սկսեց։
Իմ կյանքում ամենամեծ պարգևատրությունն այն է, որ հնարավորություն ունեմ օգնել ուրիշներին ծառայել Եհովա Աստծուն։ Այդ մարդկանց թվում են նաև իմ հարազատները։ Հայրս փորձեց ծառայել Եհովային, սակայն չկարողացավ հոգևորապես առաջադիմել, քանի որ չլուծեց բազմակնության հետ կապված իր խնդիրը։ Դեռ փոքրուց սիրել եմ մարդկանց։ Երբ տեսնում եմ ուրիշների տառապանքը, ինձ այնպես է թվում, թե իմ խնդիրները ավելի քիչ կարևորություն ունեն։ Կարծում եմ, որ նրանք էլ են տեսնում իրենց օգնելու իմ անկեղծ ցանկությունը և շնորհիվ դրա՝ առանց վարանելու խոսում են ինձ հետ։
Այն մարդկանց թվում, ում օգնել եմ գիտություն ձեռք բերել Աստծո և նրա նպատակների մասին, անկողնուն գամված մի երիտասարդ կա։ Նա ժամանակին աշխատել է էլէկտրամատակարարման ընկերությունում և մի անգամ՝ աշխատանքի ժամանակ, հոսանքի հարվածից անդամալույծ դարձել։ Նա համաձայնվեց, որ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացվի իր հետ և աստիճանաբար սկսեց կիրառել այն, ինչ սովորում էր։ 1995 թ. հոկտեմբերի 14–ին այդ երիտասարդը մկրտվեց մեր տան մոտ հոսող գետակում։ 15 տարվա մեջ առաջին անգամ նա դուրս եկավ իր անկողնուց։ Նրա խոսքերով՝ դա իր կյանքի ամենաերջանիկ օրն էր։ Այժմ նա ծառայող օգնական է։
Պետք է ասեմ, որ ընդհանրապես չեմ զղջում այն բանի համար, որ 30 տարի առաջ ընտրություն կատարեցի Եհովային ծառայելու իր միասնական, նվիրված ժողովրդի հետ։ Ես նրանց մեջ սեր տեսա, որը գործով էր դրսևորվում։ Պետք է ասեմ, որ նույնիկ եթե Եհովան իր հավատարիմ ծառաներին հավիտենական կյանքի պարգևն էլ չխոստանար, միևնույն է, ես կնախընտրեի աստվածանվեր կյանքով ապրելու ուղին (Ա Տիմոթէոս 6։6; Եբրայեցիս 11։6)։ Դա այն ճանապարհն է, որի շնորհիվ կյանքս դարձավ նպատակասլաց և կայուն՝ ուրախություն, բավարարվածություն և երջանկություն պարգևելով թե՛ ինձ և թե՛ իմ ընտանիքին։
[նկար 25–րդ էջի վրա]
Կնոջս ու երեխաներիս հետ 1990թ.–ին
[նկար 26–րդ էջի վրա]
Կնոջս, երեխաներիս և փեսաներիս հետ