Աստվածաշունչը՝ սիրված և ատված
«Փափագս այն է, որ սուրբ գրքերը թարգմանվեն աշխարհի բոլոր լեզուներով»,— գրել է 16–րդ դարի հոլանդացի հայտնի գիտնական Էրազմ Ռոտերդամցին։
ԷՐԱԶՄԻ նվիրական երազանքն էր, որ բոլոր մարդիկ հնարավորություն ունենային կարդալ ու հասկանալ Սուրբ Գիրքը։ Աստվածաշնչի հակառակորդները, սակայն, ընդդիմացել էին այդ գաղափարին՝ դիմելով մի շարք վայրագությունների։ Այդ ժամանակաշրջանում Եվրոպայում ծայրաստիճան վտանգավոր էր նույնիսկ թեթևակիորեն հետաքրքրվել Աստվածաշնչի բովանդակությամբ։ Անգլիայի պառլամենտական մի կանոնադրության մեջ ասվում էր. «Ով փորձի անգլերեն լեզվով կարդալ Գրությունները, կզրկվի հողից, գույքից, ողջ ունեցվածքից և կյանքից.... Ներում ստանալուց հետո եթե նա համառորեն շարունակի նույնը կրկնել, նախ՝ կախաղան կբարձրացվի թագավորի դեմ դավաճանության համար, ապա՝ կայրվի որպես հերետիկոս»։
Եվրոպական մայրցամաքում կաթոլիկ ինկվիզիցիան անգթորեն հետամուտ էր լինում «հերետիկոս» աղանդներին, ինչպես օրինակ, Ֆրանսիայում սկզբնավորված վալդենսներին, և նրանց հալածանքի թիրախ դարձնում «ավետարաններից, թղթերից և Սուրբ գրքի ուրիշ հատվածներից որոշակի գաղափարներ մշտապես քարոզելու համար.... քանի որ աշխարհիկներին ընդհանրապես արգելված էր քարոզել և մեկնաբանել Սուրբ գրությունները»։ Անթիվ–անհամար տղամարդիկ ու կանայք անասելի չարչարանքների են ենթարկվել ու մահվան դատապարտվել Աստվածաշնչի հանդեպ ունեցած իրենց սիրո համար։ Նրանք իրենց կյանքն ամենասոսկալի պատիժներ կրելու վտանգին են ենթարկել միայն այն բանի համար, որ իրենց զավակներին սովորեցնում էին կրկնել Տերունական աղոթքը կամ Տասը պատվիրանները։
Աստծո Խոսքի հանդեպ այդ նվիրվածությունը շարունակել էր ապրել Հյուսիսային Ամերիկա տեղափոխված բազում գաղութաբնակների սրտերում։ Ամերիկայի կողմից այդ ժողովուրդներին գաղութացնելու վաղ տարիներին «ընթերցանությունն ու կրոնը սերտորեն միահյուսված էին իրար՝ առաջ բերելով մի մշակույթ, որն ամբողջովին հիմնված էր Աստվածաշնչին ծանոթ լինելու վրա»,— նշում է «Անձնական կյանքի պատմություն՝ Վերածննդի պոռթկումը» գիրքը («A History of Private Life—Passions of the Renaissance»)։ 1767 թ.–ին Բոստոնում հրատարակված մի քարոզի մեջ ասվում էր. «Հաճույքո՛վ ընթերցեք Սուրբ Գրությունները։ Ամեն առավոտ ու ամեն երեկո մեկական գլուխ կարդացեք Ձեր Աստվածաշնչից»։
Կալիֆոռնիայի Վենտուրա քաղաքում «Բարնա» անունով հետազոտական մի խմբի կատարած հաշվարկների համաձայն՝ ամերիկացիների 90 տոկոսից ավելին միջին հաշվով Աստվածաշնչի երեքական օրինակ ունի։ Սակայն վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ թեպետ Աստվածաշունչը մեծապես գնահատվում է այնտեղ, սակայն «ընթերցելը, ուսումնասիրելը և այն կյանքում կիրառելը վաղուց արդեն անցյալի գիրկն են անցել»։ Մարդկանց մեծամասնությունն ընդամենը թռուցիկ է ծանոթ գրքի բովանդակությանը։ Մի թղթակից գրում է. «Հազվադեպ կարելի է լսել այն կարծիքը, թե Աստվածաշունչը պետք է սերտ կապ ունենա առօրյա խնդիր–հոգսերի հետ»։
Տարածված աշխարհիկ մտածելակերպ
Այսօր աշխարհում այն կարծիքն է տիրում, որ կյանքում հաջողության կարելի է հասնել միայն սեփական խելքով և այլ մարդկանց աջակցության շնորհիվ։ Աստվածաշունչը դիտվում է ոչ թե որպես փաստերի ու ճշմարտության, այլ՝ որպես կրոնական մտքեր ու անձնական փորձառություններ պարունակող հերթական մի գիրք։
Իսկ ինչպե՞ս են մարդիկ հաղթահարում կյանքում ծագող գնալով ավելի բարդ ու անհանգստություն պատճառող խնդիրները։ Նրանք սավառնում են հոգևոր առումով անօդ տարածության մեջ, որտեղ չկա բարոյական ու կրոնական հաստատուն առաջնորդություն։ Նրանք նման են անղեկ նավի, որը «տարուբերւում ու քշւում [է] վարդապետութեան բոլոր հողմերից, մարդկանց խաբեբայութեամբ, որոնք խորամանկութեամբ, խաբելով մոլորեցնում են» (Եփեսացիս 4։14)։
Հետևաբար հարց է ծագում. արդյո՞ք Աստվածաշունչը հերթական կրոնական մի գիրք է, թե՞ իսկապես Աստծո Խոսքն է, որը գործնական ու մեզ համար կենսական կարևորություն ունեցող ինֆորմացիա է պարունակում (Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Արժանի՞ է այն մեր ուշադրությանը։ Հաջորդ հոդվածը կպատասխանի այս հարցերին։
[նկար 3–րդ էջի վրա]
Էրազմ Ռոտերդամցի
[թույլտվությամբ]
«Deutsche Kulturgeschichte» գրքից
[նկար 4–րդ էջի վրա]
Վալդենսներին հալածանքի թիրախ էին դարձնում այն բանի համար, որ նրանք մշտապես որոշակի գաղափարներ էին քարոզում Աստվածաշնչից։
[թույլտվությամբ]
Stichting Atlas van Stolk, Rotterdam