Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 1/15 էջ 8–9
  • «Նախաձեռնությունների գլուխգործոցը»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Նախաձեռնությունների գլուխգործոցը»
  • 2001 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Բարի լուրը քարոզելու նոր միջոց
  • Էկրանից այն կողմ
  • Վկայություն տալու զորեղ միջոց
  • Հարյուր տարի առաջ, 1914
    2014 Եհովայի վկաների տարեգիրք
  • Քարոզելու մեթոդները։ Ամեն միջոց օգտագործելով՝ բարի լուրը հասցնել մարդկանց
    «Աստծու Թագավորությունը իշխում է»
  • Քրիստոնյաների հավատը պիտի փորձվի
    1998 Դիտարան
  • Հռչակվում է Տիրոջ վերադարձը (1870–1914)
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
Ավելին
2001 Դիտարան
w01 1/15 էջ 8–9

Կանգուն և հաստատապես համոզված

«Նախաձեռնությունների գլուխգործոցը»

ԻՐԵՆՑ ժամանակակից գործունեության դեռևս սկզբնական շրջանում Եհովայի վկաները չափազանց մեծ հետաքրքրվածություն հանդես բերեցին Հիսուս Քրիստոսի մարգարեություններից մեկի հանդեպ. «Արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների [«բոլոր ազգերի», Արևմտ. Աստ.]. եւ ապա պիտի գայ վախճանը» (Մատթէոս 24։14)։ Մոտենում էր 1914 թվականը, որ պիտի նշանավորեր «վերջին օրերի» սկիզբը, ուստի Աստվածաշնչի նախանձախնդիր ուսումնասիրողները վճռականապես գործի անցան՝ ծավալելով Սուրբ Գրությունների վրա հիմնված մի աննախադեպ համաշխարհային կրթական գործունեություն (Բ Տիմոթէոս 3։1)։

Նպատակ ունենալով ամբողջ աշխարհում տարածել Ավետարանը՝ բարի լուրը, Եհովայի այս ծառաները կիրառության մեջ դրեցին մի բոլորովին նոր մեթոդ, որը նաև շատ գործնական էր ու տպավորիչ։ Այդ մասին ավելին իմանալու համար եկեք մտովի տեղափոխվենք այն ժամանակները։

Բարի լուրը քարոզելու նոր միջոց

1914 թ. հունվար ամիսն է։ Պատկերացրեք, որ դուք էլ մեկն եք այն 5 000 հանդիսականներից, ովքեր նստած են Նյու Յորքի մթնեցված մի հանդիսասրահում։ Ձեր առջև շարժապատկերի լայն էկրանն է։ Ահա էկրանին հայտնվում է ֆրակը հագին մի սպիտակահեր անձնավորություն։ Նախկինում ձեր տեսած ֆիլմերը համր են եղել, մինչդեռ այստեղ մարդը խոսում է, և նրա ձայնը միանգամայն լսելի է ամենքին։ Փաստորեն, դուք ներկա եք տեխնիկական մի նորամուծության, և մատուցվող նյութն էլ յուրօրինակ է։ Խոսողը Չարլզ Թեյզ Ռասելն է՝ Դիտարանի ընկերության առաջին նախագահը, իսկ ցուցադրվող նյութը՝ «Արարչության լուսադրաման»։

Բարի լուրը հնարավորին չափ մեծաքանակ մարդկային զանգվածների տեղեկացնելու նպատակից մղված՝ Չ. Թ. Ռասելը վճռեց գործի դնել շարժապատկերների պոտենցիալ հնարավորությունը։ Եվ ահա, 1912 թ.–ին, նա սկսեց նախապատրաստել «Արարչության լուսադրաման»։ Աստիճանաբար ստեղծվեց ութժամյա տևողության լուսանկարահանման ժապավեն՝ իր շարժապատկերային վերամշակմամբ, ամբողջացած և՛ գունային, և՛ ձայնային էֆեկտներով։

Չորս հատվածներից կազմված «Լուսադրաման» իր հանդիսականներին ուղեկցում էր մարդկային պատմության միջով՝ սկսած արարչագործությունից և հետզհետե գնալով դեպի բարձրակետը, որն է՝ Երկիր մոլորակի ու մարդկության առնչությամբ Եհովա Աստծո ունեցած նպատակի իրագործումը Քրիստոսի Հազարամյա թագավորության վերջում։ Տարիներ պիտի անցնեին, մինչև որ տեխնիկայի այս նորամուծությունն իր շահութաբեր կիրառությունը գտներ նաև կոմերցիայի ոլորտում։ Մինչդեռ, «Արարչության լուսադրամայի» անվճար ցուցադրումներին միլիոնավոր մարդիկ էին ներկա լինում։

«Լուսադրամայի» համար նախապատրաստված էր երաժշտական ձայնագրությունների ընտրանի, ինչպես նաև՝ պատեֆոնային սկավառակների վրա անցկացված հանրային ելույթների 96 թեմա։ Պատրաստվել էին գեղարվեստական նկարազարդումների սլայդներ, որոնք, արագորեն միմյանց հաջորդելով, տալիս էին համաշխարհային պատմության տպավորիչ նկարագրություններ։ Անհրաժեշտ էին լինում հարյուրավոր նոր պատկերներ ու գծապատկերներ։ Գունավոր սլայդների ու ժապավենների որոշ մասը նախապատրաստվում էր ձեռքի քրտնաջան աշխատանքով։ Եվ դա հարկավոր էր կրկնել բազմակի անգամներ՝ մինչև որ «Լուսադրամայի» չորս հատվածներից յուրաքանչյուրի համար պատրաստ լինեին 20 նմուշները։ Հապա պատկերացրե՛ք. դրանով հնարավորություն էր ստեղծվում «Լուսադրամայի» որևէ հատված մի օրում ցուցադրել 80 տարբեր վայրերում։

Էկրանից այն կողմ

Իսկ ի՞նչ էր տեղի ունենում «Լուսադրամայի» ցուցադրումների ժամանակ՝ էկրանից այն կողմ։ Աստվածաշնչի ուսումնասիրող Ալիս Հոֆմանը պատմում է. «Դրամայի սկզբում նկարահանված էր եղբայր Ռասելը։ Երբ նա հայտնվում էր էկրանի վրա, և նրա շրթունքները սկսում էին շարժվել, միացվում էր ձայնագրությունը.... նրա ձայնը լսելու մեծ բավականությունը մեզ պատճառելով»։

Անդրադառնալով այն դրվագներին, որոնցում օգտագործված էր պրոցեսների արագացման լուսանկարչական էֆեկտը՝ Զոլա Հոֆմանը վերհիշում է իր տպավորությունները. «Արարչագործության օրերի պատկերումները դիտելիս հիացմունքից ու զարմանքից աչքերս բաց էին մնացել։ Այնտեղ շուշաններ կային, որ անմիջապես մեր աչքերի առջև աստիճանաբար բացվում էին»։

Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ, երաժշտասեր Կարլ Ֆ. Կլեյնը ավելացնում է. «Այս պատկերների ցուցադրումը ուղեկցվում էր ժամանակի հրաշալի երաժշտական գոհարներով, ինչպիսիք էին՝ «Նարգիզները» և «Հումորեսկը»»։

Լինում էին նաև այլ բնույթի անմոռանալի պահեր։ «Երբեմն ծիծաղաշարժ վրիպումներ էին պատահում,— հիշում է Կլայտոն Ջ. Վուդվերթ կրտսերը,— մի անգամ, երբ հնչում էր «Թռչունի պես թռիր դեպի քո հայրենի լեռը» երգը, էկրանին հայտնվեց նախաջրհեղեղյան ժամանակաշրջանի մի հսկայական դինոզավր»։

«Արարչության լուսադրամային» շուտով ավելացավ նաև «Էվրիկա–դրաման» (տեսեք շրջանակը)։ Նրանում ընդգրկված էին երկու տեսակի աշխատանքներ. մեկը կազմված էր դասախոսություններից ու երաժշտությունից, իսկ մյուսը դրանցից բացի ընդգրկում էր նաև սլայդներ։ «Էվրիկա–դրամայում» բացակայում էին շարժապատկերները, բայց այն հաջողությամբ ցուցադրվում էր նոսր բնակչություն ունեցող վայրերում։

Վկայություն տալու զորեղ միջոց

1914 թ. վերջում «Լուսադրաման» ցուցադրվել էր արդեն Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում ու Ավստրալիայում, և նրա հանդիսականների ընդհանուր թիվը հասել էր մոտ 9 000 000–ի։ Աստվածաշնչի ուսումնասիրողները թեև քիչ էին թվով, սակայն ամուր վճռականությամբ ձեռնամուխ էին եղել բարի լուրը քարոզելու այդ նոր միջոցառմանը։ Նրանք ուրախությամբ ներդնում էին իրենց հնարավորությունները, որպեսզի ցուցադրումներն անցկացվեին հարմարավետ տեղերում։ Եվ այդպիսով՝ ահա «Արարչության լուսադրաման» մեծ գործ կատարեց՝ ծանոթացնելով իր հանդիսականներին Աստծո Խոսքի ու նրա նպատակների հետ։

Ռասելին գրած իր նամակում մի անձնավորություն այսպես էր արտահայտվել. «Ձեր դրամային ներկա գտնվելը վճռական դեր խաղաց իմ կյանքում, կամ, գուցե ավելի ճիշտ կլիներ ասել՝ վճռական դեր ունեցավ Աստվածաշնչի վերաբերյալ իմ պատկերացումներում»։ Իսկ մեկ ուրիշն ասել էր. «Ես գրեթե ամբողջովին ընկղմվել էի անհավատության ավազուտները, սակայն զգում եմ, որ անցած ամառ այստեղ ցուցադրված «Արարչության լուսադրաման» ինձ փրկեց....Ես այժմ ապրում եմ այնպիսի խաղաղություն, որ աշխարհն անկարող է տալ, և որը ոչ մի դեպքում չէի փոխի նրա բոլոր հարստությունների հետ»։

Երկար տարիներ Ընկերության Կառավարիչ մարմնի հետ համագործակցած Դեմետրիոս Պապաջորջի խոսքերով ասած՝ «Լուսադրաման կարելի է համարել նախաձեռնությունների գլուխգործոց՝ հաշվի առնելով Աստվածաշունչն ուսումնասիրողների քանակն այն ժամանակ ու նրանց տրամադրության տակ եղած դրամական միջոցները։ Իրոք որ, այն ուներ Եհովայի հովանավորությունը»։

[շրջանակ/նկարներ 8–րդ և 9–րդ էջերի վրա]

«Էվրիկա–դրաման»

«Լուսադրամայի» առաջին ցուցադրումից ութ ամիս անց Ընկերությունը անհրաժեշտ համարեց ստեղծել նրա մեկ այլ տարատեսակը, որ կոչվում էր «Էվրիկա–դրամա»։ Մինչ ամբողջական «Լուսադրաման» իր երթն էր շարունակում մեծ քաղաքների միջով, «Էվրիկա–դրաման», որը նույն «ասելիքն» ուներ, իր հանդիսատեսին էր գտնում գյուղերում ու արվարձանային շրջաններում։ «Էվրիկա–դրամայի» մի տարատեսակ բնութագրվում էր որպես՝ քարոզի ժամանակ «քույրերին բացառիկ հնարավորություններ» տվող։ Ինչո՞ւ։ Որովհետև նրա պատեֆոնային ձայնագրությունների արկղիկը կշռում էր ընդամենը 14 կգ։ Թեև, ինչ խոսք, ցուցադրման համար բավարար չէր միայն դա. անհրաժեշտ էր, որ նրանք նաև պատեֆոն ունենային իրենց հետ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը