Պատմում են Թագավորության քարոզիչները
Աստված սրբել է արտասուքը նրա աչքերից
Նրանք, ովքեր իրենց կյանքը սկսում են ներդաշնակեցնել Աստծո օրենքներին ու սկզբունքներին, մեծ օրհնություններ են քաղում։ Թեև երբեմն այնքան էլ հեշտ չէ անհրաժեշտ փոփոխություններ կատարելը, սակայն միշտ առկա է օգնություն ու քաջալերանք ստանալու հնարավորությունը (Սաղմոս 84։11)։ Հարավ–արևելյան Ասիայում տեղի ունեցած հետևյալ դեպքը այդ մասին է վկայում։
Իր արձակուրդն անցկացնող մի ֆրանսիացի Վկա զրույցի մեջ մտավ խանութի սեփականատեր Կիմիa հետ՝ պատմելով նրան Եհովայի նպատակները երկրի վերաբերյալ։ Նա Կիմին հանձնեց նաև մի գիրք, որի վերնագիրն էր՝ «Դուք կարող եք հավիտյան ապրել երկրային դրախտում»։ Գիրքը թերթելու ընթացքում նրա ուշադրությունը գրավեցին այսպիսի խոսքեր՝ «[Նա] պիտի սրբի նրանց աչքերից ամէն արտասուք» (Յայտնութիւն 21։4)։ «Մինչև սրտիս խորքը հուզեց ինձ այս միտքը,— վերհիշում է Կիմը։— Խանութում ինձ տեսնողներից ո՞ւմ մտքով կանցներ, որ այնտեղ ամբողջ օրը ծիծաղելուց ու կատակախոսելուց հետո, երբ երեկոյան տուն էի վերադառնում, սկսում էի արտասվել, մինչև որ քունս տաներ»։ Նա պատմում է, թե որտեղից էր գալիս իր վիշտը. «Տասնութ տարի շարունակ ապրում էի մի անձնավորության հետ, որը չէր ուզում ինձ հետ ամուսնանալ, և ես ինձ շատ նվաստացած էի զգում։ Կամենում էի վերջ դնել այդօրինակ կյանքին, բայց քաջությունս չէր ներում, քանի որ երկար տարիներ այդպես էի ապրել»։
Կարճ ժամանակ անց Կիմը ցանկություն հայտնեց ուսումնասիրել Աստվածաշունչը Լին անունով մեկ այլ Վկայի հետ։ «Ես ամեն կերպ ջանում էի կիրառության մեջ դնել Աստվածաշնչից ստացած գիտելիքներս,— պատմում է Կիմը։— Դադարեցրի, օրինակ, երկրպագել նախնիներիս, թեև դրան ընտանիքիս անդամները բացասաբար վերաբերվեցին։ Փորձեցի նաև օրինականացնել իմ ամուսնական կապը, սակայն կողակիցս մերժեց։ Ինձ համար դժվար այդ ժամանակաընթացքում ֆրանսիացի Վկայից շարունակում էի աստվածաշնչյան գրականություն ստանալ, իսկ Լինը ինձ օգնում էր չվհատվել։ Այս քույրերի համբերատար ու հոգատար աջակցությամբ ես կարողացա դիմանալ այնքան, մինչև վերջապես պարզ դարձավ կողակցիս իսկական դեմքը։ Հայտնաբերեցի, որ նա արդեն հինգ «կին» ու քսանհինգ երեխա ունի։ Այս բանն իմանալուց հետո ես քաջություն ունեցա հեռանալ նրանից։
Մեծ ու հարմարավետ բնակարանից հետո ինձ համար հեշտ չէր մի փոքրիկ սենյակում ապրելը։ Բայց վատթարագույնն այն էր, որ իմ նախկին կողակիցը ստիպում էր վերադառնալ իր մոտ՝ սպառնալով, որ մերժում ստանալու դեպքում դեմքս կայլանդակի քիմիական թթվի լուծույթով։ Շնորհիվ Եհովայի օգնության՝ ես կարողանում էի ճիշտ վարվել»։ Կիմը շարունակեց առաջադիմել, իսկ 1998 թ. ապրիլ ամսին մկրտվեց։ Բացի այդ, Եհովայի վկաների հետ սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել նրա քույրերից երկուսը և դեռահաս տարիքում գտնվող նրա որդին։
«Ես կարծում էի, թե ողջ կյանքս անհուսության մեջ եմ անցկացնելու,— ասում է Կիմը։— Սակայն այսօր ես երջանիկ եմ ու այլևս լաց չեմ լինում գիշերները.... Եհովան արդեն իսկ սրբել է արտասուքը իմ աչքերից»։
[ծանոթագրություն]
a Անունները փոխված են։