Ի՞նչ է նշանակում լինել հավատարիմ
Հրեա հասիդները (մ.թ.ա. 2–րդ դար) իրենց իսկապես հավատարիմ անձնավորություններ էին համարում։ Նրանց անունը գալիս է եբրայերեն «խասիդ» բառից, որը նշանակում է «հավատարիմ»։ Այն ծագել է «խեսեդ» գոյականից, որը հաճախ թարգմանվում է որպես՝ ողորմություն, հավատարիմ սեր, բարություն, մեծահոգություն, գթություն։ Աստվածաբանական մի բառարանի համաձայն՝ «խեսեդը» «նկարագրում է ժամանակի փորձությունն անցած փոխհարաբերություն, որը ոչ միայն զգացմունքների վրա է կառուցված, այլ նաև գործերի՝ մղված զգացմունքներից։ Այն կյանք է պահպանում և միջամտություն է՝ արված հօգուտ նրա, ով փորձանքի մեջ է ընկել ու վիշտ է կրում։ Դա բարեկամության արտահայտություն է»։
Շատ լեզուներում ոչ մի բառ չի փոխանցում եբրայերեն այս բառի բուն իմաստը, որով որ այն օգտագործված է Աստվածաշնչում։ Ինչևէ, Աստվածաշնչում օգտագործված հավատարմություն բառը ավելին է նշանակում, քան պարտականությունների կատարումը։ Այն իր մեջ կրում է կապվածության և ուրիշների օգտին արված գործերի գաղափարը։ Հասկանալու համար, թե իսկական հավատարմությունն ինչ է նշանակում, տեսնենք, թե Եհովան ինչպես է այն դրսևորել Աբրահամի, Մովսեսի, Դավիթի, իսրայել ազգի և ընդհանրապես մարդկության հանդեպ։
Եհովան հավատարմություն է դրսևորել
Եհովան ասաց իր բարեկամ Աբրահամին. «Ես քեզ համար վահան եմ» (Ծննդոց 15։ 1; Եսայիա 41։ 8)։ Սրանք միայն խոսքեր չէին։ Եհովան պաշտպանեց և ազատեց Աբրահամին ու նրա ընտանիքին փարավոնի և Աբիմելեքի ձեռքից։ Նա օգնեց Աբրահամին փրկել Ղովտին չորս թագավորների ձեռքից։ Եհովան վերականգնեց հարյուր տարեկան Աբրահամի և իննսուն տարեկան Սարայի զավակ ունենալու կարողությունը, որպեսզի նրանց շառավղով գար խոստացված Սերունդը։ Եհովան կանոնավորաբար հաղորդակցվում էր Աբրահամի հետ տեսիլքների, երազների միջոցով, կամ էլ նրա մոտ հրեշտակներ ուղարկելով։ Փաստորեն, Աբրահամի կենդանության օրերում, ինչպես նաև նրա մահից հետո, Եհովան հավատարիմ գտնվեց նրա հանդեպ։ Դարերի ընթացքում նա պահեց Աբրահամի սերնդին՝ իսրայել ազգին տված իր խոստումները՝ չնայած վերջինիս անհնազանդությանը։ Աբրահամի հետ Եհովայի փոխհարաբերությունը ցույց է տալիս, թե ինչ է իսկական հավատարմությունը, այն է՝ սեր՝ արտահայտված գործերով (Ծննդոց 12–25 գլուխներ)։
Գրված է, թե «Եհովան խօսում էր Մովսէսի հետ դէմ առ դէմ, ինչպէս մի մարդ իր բարեկամի հետ կ’խօսէ» (Ելից 33։11)։ Այո, Մովսեսը Եհովայի հետ այնպիսի մտերիմ փոխհարաբերություն է ունեցել, ինչպիսին չի ունեցել մինչև Հիսուս Քրիստոսը ապրած որևէ մարգարե։ Ինչպե՞ս Եհովան հավատարմություն դրսևորեց Մովսեսի հանդեպ։
Լինելով քառասուն տարեկան՝ ուժի և ընդունակությունների տեր Մովսեսը ինքնավստահորեն իր վրա վերցրեց իր ժողովրդին ազատագրելու պարտականությունը։ Բայց դեռևս դրա ժամանակը չէր։ Նա ստիպված եղավ փախչել՝ իր կյանքը փրկելու։ Շուրջ քառասուն տարի նա Մադիամի երկրում ոչխար արածեցրեց (Գործք 7։23–30)։ Սակայն Եհովան նրան չլքեց։ Երբ հարմար ժամանակը եկավ, նա Մովսեսին ետ դարձրեց Եգիպտոս՝ Իսրայելին այնտեղից դուրս հանելու։
Նման հավատարմություն դրսևորեց Եհովան նաև Դավիթի՝ Իսրայելի ճանաչված, երկրորդ թագավորի հանդեպ։ Երբ Դավիթը դեռևս պատանի էր, Եհովան ասեց Սամուել մարգարեին. «Վեր կաց օծիր դորան, որովհետեւ սա է»։ Այդ ժամանակվանից սկսած՝ Եհովան հավատարմորեն պահպանեց և առաջնորդեց նրան, մինչև որ վերջինս հասունանար Իսրայելի թագավոր դառնալու համար։ Եհովան ազատեց նրան «առիւծի եւ արջի ձեռքից» ու փղշտացի հսկա Գողիաթի ձեռքից։ Իսրայելի թշնամիների դեմ նա Դավիթին շնորհում էր հաղթանակ հաղթանակի ետևից, նաև նրան փրկեց նրա նկատմամբ նախանձով ու ատելությամբ լցված Սավուղի նիզակից (Ա Թագաւորաց 16։12; 17։37; 18։11; 19։10)։
Իհարկե, Դավիթը կատարյալ մարդ չէր։ Իրականում նա նույնիսկ ծանր մեղք գործեց։ Սակայն, նրանից երես թեքելու փոխարեն՝ Եհովան իր հավատարիմ սերը ցուցաբերեց խորապես զղջացած Դավիթի հանդեպ։ Դավիթի ողջ կյանքի ընթացքում Եհովան շարունակ պահպանում էր նրան։ Նա գործեց ի պաշտպանություն նրա, ով վիշտ էր կրում։ Ինչ խոսք, ողորմածության հիանալի դրսևորում է սա (Բ Թագաւորաց 11։1–12։25; 24։1–17)։
Իսրայել ազգը ամբողջովին Եհովային նվիրվեց և նրա հետ հատուկ փոխհարաբերության մեջ մտավ, երբ Սինայ լեռան մոտ խոստացավ կատարել Մովսիսական օրենքը (Ելից 19։3–8)։ Հետևաբար, Իսրայելի և Եհովայի միջև փոխհարաբերությունը համեմատվում է ամուսնական փոխհարաբերության հետ։ Իսրայելին ասվեց. «Տէրը քեզ.... կնոջ պէս կանչեց»։ Եվ Եհովան ասաց նրան. «Յաւիտենական ողորմութիւնով քեզ պիտի ողորմեմ» (Եսայիա 54։6, 8)։ Ինչպե՞ս Եհովան հավատարմություն դրսևորեց այս յուրահատուկ փոխհարաբերության մեջ։
Եհովան իսրայելացիների կարիքները հոգալու և նրանց հետ կապերը ամրացնելու նախաձեռնություն վերցրեց։ Նա ազատեց նրանց Եգիպտոսի գերությունից, կազմավորեց որպես ազգ և բերեց «մի կաթ ու մեղր բղխող երկիր» (Ելից 3։8)։ Քահանաների, ղևտացիների, իրար հաջորդող մարգարեների և լրաբերների միջոցով նա կանոնավորաբար հոգևորապես կրթում էր նրանց (Բ Մնացորդաց 17։7–9; Նէեմիա 8։7–9; Երեմիա 7։25)։ Երբ իսրայելացիները թողնում էին նրան՝ ծառայելով ուրիշ աստվածների, Եհովան պատժում էր նրանց, իսկ երբ զղջում էին, ներում էր։ Պարզ երևում է, որ իսրայել ազգը անհնազանդ «կին» է եղել։ Սակայն Եհովան նրանից արագ երես չի թեքել։ Աբրահամին տված իր խոստման համար նա հավատարիմ մնաց իսրայելացիներին, մինչև որ չիրագործեց նրանց տրված իր խոստումները (Բ Օրինաց 7։7–9)։ Իրոք որ, գերազանց օրինակ է այսօրվա ամուսնացած անհատների համար։
Եհովան հավատարմություն է դրսևորում նաև ողջ մարդկության հանդեպ. նա բոլորին տալիս է կյանքի համար հիմնական անհրաժեշտ բաները՝ անկախ նրանից, նրանք արդար են, թե՝ մեղավոր (Մատթէոս 5։45; Գործք 17։25)։ Դեռ ավելին, նա իր Որդուն որպես փրկանք տվեց, որպեսզի ամբողջ մարդկությունը հնարավորություն ունենա ազատվելու մեղքի ու մահվան կապանքներից և Դրախտում հավիտյան, կատարյալ կյանքով ապրելու հույսն ունենա (Մատթէոս 20։28; Յովհաննէս 3։16)։ Փրկանքի պարգևը մեծագույն գործն էր կյանքը պահպանելու համար։ Դա իրոք «միջամտություն էր՝ արված հօգուտ նրա, ով փորձանքի մեջ է ընկել ու վիշտ է կրում»։
Փաստեք ձեր հավատարմությունը գործերով
Հավատարմությունը, լինելով ողորմածություն բառի հոմանիշը, նաև փոխադարձ կապվածության խորը իմաստ է կրում։ Երբ ձեր հանդեպ ողորմածություն է դրսևորվում, նույնը կարող է սպասվել ի պատասխան։ Հավատարմության դիմաց հավատարմություն է տրվում։ Այն, որ Դավիթը հասկացել էր «խեսեդ» բառի նշանակությունը, պարզ երևում է նրա խոսքերից. «Երկրպագութիւն կ’անեմ քո սուրբ տաճարի առաջին եւ կ’գոհանամ քո անունիցը»։ Ինչո՞ւ. «քո ողորմութեան համար եւ քո ճշմարտութեան համար» (Սաղմոս 138։2)։ Ի պատասխան Եհովայի ողորմությանը՝ Դավիթը մղված էր երկրպագելու և փառաբանելու նրան։ Ուստի, երբ Եհովայի ողորմածությունն ենք զգում մեր հանդեպ, մղվո՞ւմ ենք փոխհատույց լինելու նրան։ Օրինակ՝ երբ Եհովայի հասցեին նախատինք ենք լսում, մտահոգվո՞ւմ ենք՝ մղվելով պաշտպանել նրա անունը։
Ահա թե ինչ պատահեց վերջերս Վկա դարձած մի քրիստոնյայի և նրա կնոջ հետ, երբ նրանք մասնակցեցին իրենց բարեկամներից մեկի թաղման արարողությանը, որը վթարի էր ենթարկվել և մահացել։ Դա ոչ կրոնական արարողություն էր, ուստի հնարավորություն տրվեց ներկաներին մի քանի խոսք ասել հանգուցյալի մասին։ Ներկաներից մեկը սկսեց Աստծուն մեղադրել այդ երիտասարդի տարաժամ մահվան համար՝ ասելով. «Աստված ուզում էր նրան երկինք տանել, այդպես էլ արեց»։ Մեր քրիստոնյա եղբայրը զգաց, որ չի կարելի լռել։ Թեև իր հետ ոչ Աստվածաշունչ ուներ ու ոչ էլ գրառումներ, նա խոսք խնդրեց։ «Ի՞նչ եք կարծում, գթառատ, կարեկից, ամենակարող Աստծուն հաճելի են այսպիսի պատահարները»,— հարցրեց նա։ Այնուհետև նա տաս րոպե շարունակ, հանպատրաստից Աստվածաշնչից մեջբերումներ անելով, բացատրեց, թե ինչու են մարդիկ մահանում, ինչ է Աստված արել՝ փրկելու մարդկանց մահից, և խոսեց մեռելների հարության հիասքանչ հույսի մասին, որը նրանց հնարավորություն կտա ապագայում հավիտյան ապրել երկրային դրախտում։ Հարյուր հոգուց ավել ներկա գտնվողները այս ելույթից հետո երկար ժամանակ ծափահարում էին։ Հետագայում եղբայրը մտաբերեց. «Ներքին այնպիսի ուրախություն էի զգում, ինչպիսին երբեք նախկինում չէի զգացել։ Շնորհակալություն հայտնեցի Եհովային նրանից ստացած կրթության ու իմաստության համար, և որ հնարավորություն ընձեռեց ինձ պաշտպանելու իր սուրբ անունը»։
Եհովայի նկատմամբ հավատարիմ լինելու մեջ է մտնում նրա Խոսքի՝ Աստվածաշնչի հանդեպ հավատարմությունը։ Ինչո՞ւ։ Որովհետև Աստվածաշնչի էջերում Եհովան սովորեցնում է մեզ, թե ինչպես ապրել։ Նրանում արձանագրված օրենքներն ու սկզբունքները, ինչ խոսք, կյանքում առաջնորդվելու ամենալավ և ամենաօգտակար պատվերներն են (Եսայիա 48։17)։ Թույլ մի տվեք, որ մարդիկ կամ ձեր անկատարությունը պատճառ լինեն՝ շեղվելու Եհովայի օրենքներից։ Հավատարիմ մնացեք Աստծո Խոսքին։
Եհովայի նկատմամբ հավատարիմ լինելու մեջ է մտնում նաև հավատարմությունը նրա կազմակերպության հանդեպ։ Անհրաժեշտությունից ելնելով՝ տարիների ընթացքում ուղղումներ և ճշգրտումներ են մտցվել Գրությունների մեր հասկացողության մեջ։ Փաստն այն է, որ ոչ ոք այնքան հոգևոր կերակուր չունի, որքան որ մենք ունենք (Մատթէոս 24։45–47)։ Կասկած չկա, որ Եհովան հավատարիմ է իր ներկայիս կազմակերպությանը։ Կարո՞ղ ենք մենք էլ հավատարիմ լինել։ Ա. Մակմիլանը այդպես է վարվել։ Նախքան մահանալը նա ասաց. «Տեսել եմ, թե, 1900 թ.–ի սեպտեմբերից սկսած, երբ քսաներեք տարեկան հասակում նվիրվեցի Աստծուն, ինչպես Եհովայի փոքր կազմակերպությունը մեծացավ ու վերածվեց համաշխարհային մի ընկերության՝ բաղկացած երջանիկ մարդկանցից, որոնք նախանձախնդրորեն հրապարակում են նրա ճշմարտությունը։ ....Մինչ երկրի վրա ծառայությունս մոտենում է իր ավարտին, այժմ ավելի, քան երբևէ, հավաստիացած եմ, որ Եհովան առաջնորդում է իր ժողովրդին և ճիշտ ժամանակին տալիս նրանց հենց այն, ինչի կարիքը որ նրանք ունեն»։ Եղբայր Մակմիլանը մինչ իր մահը՝ 1966 թ.–ի օգոստոսի 26–ը, շուրջ 66 տարի հավատարմորեն ծառայեց Եհովային։ Եհովայի տեսանելի կազմակերպության մեջ նա հավատարմության հիանալի օրինակ է։
Կազմակերպության հանդեպ հավատարմության մեջ չի՞ ընդգրկվում արդյոք մեկս մյուսի նկատմամբ հավատարիմ գտնվելը։ Երբ սպառնալիքի կամ դաժան հալածանքի առջև կանգնենք, հավատարիմ կմնա՞նք մեր եղբայրներին և քույրերին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Նիդերլանդներում բնակվող մեր եղբայրները հավատարմության հիանալի օրինակ թողեցին։ Գրոնինգենի ժողովի մի երեց՝ Քլաս դե Վռիեսը, նացիստական գեստապոյի կողմից դաժան, անողորմ հարցաքննության ենթարկվեց։ Նրան տասներկու օր պահեցին մեկուսարանում՝ տալով միայն հաց և ջուր, ապա նորից հարցաքննեցին։ Ատրճանակը նրա վրա պահելով և սպառնալով սպանել՝ երկու րոպե տվեցին նրան հայտնելու, թե որտեղ են գտնվում պատասխանատու եղբայրները և ուրիշ կարևոր տեղեկություններ էլ։ Միակ բանը, որ Քլասն ասաց, սա էր. «Դուք ինձանից ոչինչ չեք լսի։ ....Ես դավաճան չեմ դառնա»։ Երեք անգամ նրան սպառնացին ատրճանակով։ Վերջապես գեստապոն դադարեց հարցաքննությունը և Քլասին մեկ ուրիշ բանտ ուղարկեց։ Նա չմատնեց իր եղբայրներին։
Հարկավո՞ր է հավատարմություն դրսևորել մեզ ամենամոտ անձնավորության՝ ամուսնական կողակցի հանդեպ։ Ճիշտ ինչպես Եհովան պահեց իսրայել ազգի հետ կապած իր ուխտը, մենք էլ հավատարի՞մ ենք ամուսնական մեր խոստմանը։ Մենք պետք է ոչ միայն անսասան լինենք մեր հավատարմության մեջ, այլ նաև ամրացնենք փոխհարաբերությունը մեր կողակցի հետ։ Ամուսնական կապերն ամրացնելու նախաձեռնությունը ձեր վրա առեք։ Միասին ժամանակ անցկացրեք, ազատ հաղորդակցվեք և անկեղծ եղեք իրար նկատմամբ, օգնեք և քաջալերեք մեկդ մյուսին, լսեք միմյանց, միասին ուրախացեք, միասին արտասվեք, միասին խաղացեք, միասին ջանացեք հասնել ձեր ընդհանուր նպատակներին, գոհացրեք իրար, եղեք ընկերներ։ Հատկապես զգուշացեք ուրիշների նկատմամբ ռոմանտիկ զգացմունքներ զարգացնելուց։ Թեև ճիշտ է և տեղին ծանոթություն հաստատելը և նույնիսկ մտերմություն անելը ուրիշների հետ, սակայն ռոմանտիկ զգացմունքներ պետք է լինեն միայն կողակիցների միջև։ Թույլ մի տվեք, որ որևիցե մեկը հայտնվի ձեր և ձեր կողակցի միջև (Առակաց 5։15–20)։
Հավատարիմ եղեք հավատակիցների և ձեր ընտանիքի անդամների հանդեպ։ Մի մոռացեք նրանց, մինչ կանցնեն տարիները։ Կապ պահպանեք նրանց հետ, նամակներ գրեք, զանգահարեք, այցելեք նրանց։ Ցանկացած իրավիճակում աշխատեք հուսախաբ չանել նրանց։ Այնպես արեք, որ նրանք ուրախությամբ ասեն, որ ճանաչում են ձեզ կամ հաղորդակցվում են ձեզ հետ։ Նրանց հանդեպ հավատարմությունը վստահությամբ կլցնի ձեզ անել այն, ինչը ճիշտ է, և ոգևորության աղբյուր կդառնա (Եսթեր 4։6–16)։
Այո, իսկական հավատարմությունը գործերով է փաստվում, շնորհիվ որոնց պահպանվում են թանկագին փոխհարաբերությունները։ Հնարավոր ամեն բան արեք՝ փոխհատույց լինելու Եհովայի ողորմածությանը։ Ընդօրինակեք նրա հավատարմությունը՝ դրսևորելով այն քրիստոնեական ժողովում, կողակցի հանդեպ, ընտանիքում և ընկերական շրջապատում։ Ջերմեռանդորեն ձեր մերձավորներին պատմեք Եհովայի արժանիքների մասին։ Սաղմոսերգուն ճիշտ սրա մասին խոսեց, երբ ասաց. «Տէրոջը ողորմութիւնները յաւիտեան պիտի երգեմ. Քու հաւատարմութիւնդ իմ բերանովս ազգէ ազգ պիտի պատմեմ» (Սաղմոս 89։1, Արևմտ. Աստ.)։ Մի՞թե չենք ձգտում դեպի այսպիսի Աստված։ Ինչ խոսք, «նորա ողորմութիւնը յաւիտեան [է]» (Սաղմոս 100։5)։
[նկար 23–րդ էջի վրա]
Ա. Մակմիլան