Ո՞ւմ հանդեպ արժե անձնվեր լինել
«Մեր երկիրը.... Թող ա՛յն միշտ ճիշտ լինի. բայց ճիշտ թե սխալ՝ թող ա՛յն լինի մեր երկիրը» (Սթիվեն Դիքեյթոր, Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի հրամանատար, 1779–1820 թթ.)։
Շատերը հայրենի երկրի հանդեպ անձնվիրություն ցուցաբերելը իրենց պարտքն են համարում։ Ուրիշները գուցե ձևափոխեին Սթիվեն Դիքեյթորի խոսքերը հետևյալ կերպ. «Իմ կրոնը, թող ա՛յն միշտ ճիշտ լինի. բայց ճիշտ թե սխալ՝ թող ա՛յն լինի իմ կրոնը»։
Փաստն այն է, որ մեր ծննդավայրն է որոշիչ դեր խաղում այն հարցում, թե ո՛ր երկրի կամ կրոնի հանդեպ է անձնվիրություն ակնկալվում մեզանից։ Սակայն ինչ–որ մի բանի նվիրվելու որոշումը այնքան կարևոր է, որ ճիշտ չի լինի այն կայացնել հանգամանքների թելադրանքով։ Իհարկե, քաջություն է հարկավոր, որպեսզի կարողանանք քննության ենթարկել այն ամենը, ինչի հանդեպ ի ծնե սովորել ենք անձնվիրություն ցուցաբերել, քանի որ դա կարող է դժվարությունների առաջ կանգնեցնել մեզ։
Ինչի՞ հանդեպ արժե անձնվեր լինել
Զամբիայում մեծացած մի կին պատմում է. «Փոքրուց ինձ սովորեցրել են ամեն օր աղոթել երկրպագության համար հատկացված սենյակում, պահել կրոնական օրերը և կանոնավորապես տաճար հաճախել։ Կրոնը սերտորեն միահյուսված էր մեր մշակույթին, ինչպես նաև հասարակական և ընտանեկան կյանքին»։
Մոտ քսան տարեկան հասակում նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ և դրանից կարճ ժամանակ անց որոշեց փոխել իր կրոնը։ Անհավատարմության նշա՞ն էր դա...
Զլատկոն, որ մեծացել էր Բոսնիայում, որոշ ժամանակ մասնակցել էր իր հայրենի երկրում տեղի ունեցող պատերազմին։ Սակայն Եհովայի վկաների հետ Աստվածաշունչ ուսումնասիրելուց հետո նա հրաժարվեց ձեռքը զենք վերցնել։ Արդյո՞ք նա անհավատարմություն է ցուցաբերել...
Ձեր պատասխանը կախված է ձեր տեսակետից։ Վերը հիշատակված կինն ասում է. «Մեր հասարակության մեջ կրոն փոխելը խայտառակություն է, անհավատարմություն, դավաճանություն ընտանիքի ու հասարակության հանդեպ»։ Զլատկոյի հետ նախկինում կռված մարդիկ էլ են դավաճան համարում նրանց, ովքեր հրաժարվում են կռվելուց։ Սակայն երկուսն էլ՝ թե՛ այդ կինը, թե՛ Զլատկոն, հասկանում են, որ իրենց գործողությունները հետևանք են հավատարմության ավելի վեհ դրսևորման՝ Աստծո հանդեպ անձնվիրության։ Իսկ ինչպե՞ս է Աստված վերաբերվում իր հանդեպ անձնվիրություն ցուցաբերող անհատներին։
Անձնվիրություն՝ սիրո արտահայտություն
Դավիթ թագավորը Եհովա Աստծո մասին գրել է. «Սուրբի հետ սուրբ ես» (Բ Թագաւորաց 22։26)։ «Սուրբ» թարգմանված եբրայերեն բառը, որն իմաստով մոտ է անձնվիրությանը, նշանակում է՝ բարություն, որը մղում է անհատին սիրով կապվել ինչ–որ բանի հետ, մինչև որ իր նպատակը այդ բանի նկատմամբ իրականանա։ Ծծկեր երեխա խնամող մոր նման Եհովան ջերմ կապվածություն է հանդես բերում այն մարդկանց հանդեպ, ովքեր անձնվեր են իր նկատմամբ։ Հնում ապրած իր անձնվեր ծառաներին նա ասել էր. «Մի՞թէ կինը կ’մոռանայ իր կաթնակեր մանուկին, որ չ’գթայ իր որովայնի ծննդեան վերայ. նորանք եթէ մոռանան էլ, բայց ես քեզ չեմ մոռանալ» (Եսայիա 49։15)։ Այն անհատները, ովքեր Աստծո հանդեպ անձնվիրությունը ավելի բարձր են դասում բոլոր մնացած բաներից, հավաստիացում են ստանում, որ նա սիրով հոգ կտանի իրենց մասին։
Եհովայի հանդեպ անձնվիրության հիմքում ընկած է սերը։ Դա մղում է անհատին սիրել այն, ինչ սիրում է Եհովան, և ատել չար գործերը, որ Աստված ատում է (Սաղմոս 97։10)։ Քանի որ սերն է Եհովայի գլխավոր հատկությունը, Աստծուն նվիրված մարդը ուրիշների հանդեպ սիրո պակաս չի դրսևորի (Ա Յովհաննէս 4։8)։ Ուստի՝ չի կարելի ասել, որ եթե Աստծո հանդեպ անձնվիրությունից մղված՝ անհատը փոխում է իր կրոնը, ապա նա այլևս չի սիրում իր ընտանիքին։
Անձնվիրություն Աստծո հանդեպ. ուժ, որ օգուտ է բերում
Ահա թե ինչ է ասում վերը հիշատակված կինը իր կատարած քայլերի մասին. «Աստվածաշունչն ուսումնասիրելու միջոցով հասկացա, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը, և անձնական փոխհարաբերություններ հաստատեցի նրա հետ։ Եհովան շատ է տարբերվում այն աստվածներից, որոնց մինչ այդ պաշտում էի. նա կատարյալ ներդաշնակությամբ է դրսևորում իրեն բնորոշ սերը, արդարությունը, իմաստությունն ու զորությունը։ Քանի որ նա բացարձակ նվիրվածություն է պահանջում, անհրաժեշտություն առաջացավ, որ թողնեմ մյուս աստվածներին։
Ծնողներս բազմիցս ասում էին, որ չափազանց դժգոհ են ինձանից, և որ ես նրանց հիասթափեցրել եմ։ Նման բան լսելը շատ դժվար էր. ծնողներիս հավանությունը մեծ նշանակություն ուներ ինձ համար։ Բայց քանի որ աստվածաշնչյան գիտելիքներս գնալով աճում էին, ավելի ու ավելի պարզ էր դառնում, թե ինչ ընտրություն պիտի կատարեմ. ես չէի կարող երես թեքել Եհովայից։
Թեև Եհովայի հանդեպ հավատարմությունը նախընտրեցի կրոնական ավանդույթներին հավատարիմ մնալուց, դա չի նշանակում, թե անհավատարիմ եմ ընտանիքիս նկատմամբ։ Խոսքով ու գործով ես ջանում եմ ցույց տալ նրանց, որ հասկանում եմ իրենց զգացմունքները։ Եթե ես անձնվիրություն չցուցաբերեմ Եհովայի հանդեպ, իմ ընտանիքի անդամներին օգնած չեմ լինի, որ նրանք էլ ճանաչեն Աստծուն։ Հենց դա կլինի անհավատարմություն»։
Անհատը դավաճան չէ նաև այն դեպքում, երբ Աստծո հանդեպ անձնվիրությունից դրդված՝ քաղաքական հարցերում չեզոք է մնում և հրաժարվում է ուրիշների դեմ զենք վերցնելուց։ Ահա թե իր քայլերի մասին ինչ է ասում Զլատկոն. «Թեև մեծացել էի «քրիստոնյա» ընտանիքում, ամուսնացա մի այնպիսի անհատի հետ, որը քրիստոնյա չէր։ Երբ պատերազմը սկսվեց, հայտնվեցի երկու քարի արանքում. երկու կողմերն էլ ինձանից անձնվիրություն էին պահանջում։ Ստիպված եղա ընտրել, թե որ կողմից եմ կռվելու։ Երեք ու կես տարի կռվեցի։ Ի վերջո ես և կինս փախանք Խորվաթիա, որտեղ հանդիպեցինք Եհովայի վկաներին։
Աստվածաշնչի մեր ուսումնասիրության շնորհիվ՝ սկսեցինք հասկանալ, որ անձնվիրություն պետք է դրսևորել առաջին հերթին Եհովայի հանդեպ, և որ նա ցանկանում է, որպեսզի սիրենք մեր դրացուն՝ անկախ նրա կրոնական և ռասայական պատկանելությունից»։
Անձնվիրություն՝ ճշգրիտ գիտության հիման վրա
Քանի որ Եհովան մեր Արարիչն է, արժանի է այն բանին, որ առաջին հերթին իր հանդեպ ցուցաբերվի անձնվիրություն (Յայտնութիւն 4։11)։ Սակայն, որպեսզի Աստծո հանդեպ մեր անձնվիրությունը չվերածվի մոլեռանդության և կործանարար ազդեցություն չգործի, հարկավոր է, որ այն հիմնված լինի ճշգրիտ գիտության վրա։ Աստվածաշունչը տալիս է հետևյալ հորդորը. «Նորոգուեցէ՛ք ձեր մտքով.... ու հագէ՛ք նոր մարդը, որ ստեղծուած է ըստ Աստծու՝ արդարութեամբ եւ ճշմարիտ սրբութեամբ» (Եփեսացիս 4։23, 24)։ Այս խոսքերը գրել է հայտնի մի անձնավորություն, որը խիզախություն ունեցավ քննության ենթարկելու այն արժեքները, որ ի ծնե սովորել էր։ Դա նրան օգնեց փոխվել դեպի լավը։
Այդ անձնավորությունը՝ Սավուղը, այսօր ապրող շատ անհատների նման կանգնել էր այն հարցի առջև, թե ինչի հանդեպ է պետք անձնվեր լինել։ Նա մեծացել էր մի ընտանիքում, որտեղ ամենայն խստությամբ պահվում էին իրենց ավանդույթները, և ի ծնե անվերապահորեն նվիրված էր իր հավատին։ Անձնվիրությունը իր հավատի հանդեպ մղել էր նրան նույնիսկ բռնության այն մարդկանց նկատմամբ, ովքեր նույն տեսակետը չունեին։ Սավուղին ճանաչում էին որպես մի մարդու, որը ներխուժում էր քրիստոնյաների տները ու նրանց քարշ տալով տանում պատժելու, անգամ՝ մահապատժի (Գործք 22։3–5; Փիլիպպեցիս 3։4–6)։
Սակայն Աստվածաշնչից ճշգրիտ գիտություն ստանալով՝ Սավուղը այնպիսի մի քայլի դիմեց, որ իր համախոհները խելքին մոտ չէին համարի. նա փոխեց իր կրոնը։ Սավուղը, որ հետագայում հայտնի դարձավ Պողոս առաքյալ անունով, Աստծո հանդեպ անձնվիրությունը նախընտրեց ավանդույթների հանդեպ հավատարմությունից։ Ճշգրիտ գիտության վրա հիմնված անձնվիրությունը մղեց նրան լինել ավելի սիրող, աջակցող և ուրիշների տեսակետը հարգող. մեծ տարբերություն իր՝ նախկինում բռնի և մոլեռանդ վարքից։
Ինչո՞ւ է պետք անձնվեր լինել
Եթե թույլ տանք, որ անձնվիրության վերաբերյալ մեր պատկերացումը ձևավորվի Աստծո չափանիշներով՝ շոշափելի օգուտ կքաղենք։ Օրինակ՝ 1999 թ.–ին Ընտանիքի ուսումնասիրության ավստրալիական ինստիտուտի ներկայացրած զեկույցի համաձայն՝ երկարատև ու երջանիկ ամուսնությանը նպաստող հիմնական գործոններից են «վստահությունն ու հավատարմությունը.... [ինչպես նաև] հոգևորի հանդեպ ձգտումը»։ Նույն ուսումնասիրության մեջ ասվում է, որ «կայուն և երջանիկ ամուսնությունը» մարդուն դարձնում է ավելի ուրախ, առողջ, նպաստում է երկարակեցությանը, և որ երեխաների համար երջանիկ մանկություն վայելելու լավ հնարավորություն է ստեղծում։
Այսօրվա անկայուն աշխարհում անձնվիրությունը կարելի է նմանեցնել պարանի, որն օգնում է ալիքների դեմ պայքարող անհատին լողալ դեպի փրկարար մակույկը։ Եթե «լողորդը» ոչ մի բանի հանդեպ անձնվիրություն չի ցուցաբերում, ապա նման է ալիքներից ու քամուց տատանվող մարդու, որի ձեռքում չկա նման պարան։ Եթե սխալ բանի հանդեպ է ցուցաբերում, ապա՝ խորտակվող նավին պարանով կապվածի։ Սավուղի նման նա կարող է տեսնել, որ սխալ ուղու վրա է։ Բայց եթե մենք անձնվիրություն ցուցաբերենք Եհովայի հանդեպ, մեր ուղին կլինի կայուն և կտանի դեպի փրկություն (Եփեսացիս 4։13–15)։
Իր հանդեպ անձնվիրություն ցուցաբերող մարդկանց Եհովան տալիս է հետևյալ խոստումը. «Վասն զի Տէրը կը սիրէ իրաւունքը եւ իր սուրբերը երեսէ չի ձգեր. յաւիտեան կը պահուին անոնք» (Սաղմոս 37։28, Արևմտ. Աստ.)։ Շուտով բոլոր նրանք, ովքեր նվիրված են Եհովային, հնարավորություն կստանան դրախտ երկրի վրա ապրելու, որտեղ զերծ կլինեն ցավից ու տառապանքից, և որտեղ ուրախություն կվայելեն մի հասարակության մեջ, որը պառակտված չի լինի կրոնական ու քաղաքական առումներով (Յայտնութիւն 7։9, 14; 21։3, 4)։
Նույնիսկ հիմա՛ երկրագնդի վրա ապրող միլիոնավոր մարդիկ եկել են այն եզրակացության, որ իսկական երջանկությունը գալիս է միայն Եհովայի հանդեպ անձնվեր լինելուց։ Ինչո՞ւ Եհովայի վկաների օգնությամբ չփորձեք քննել անձնվիրության հանդեպ ձեր տեսակետը Աստվածաշնչի լույսի ներքո։ Ահա թե ինչ է ասվում այնտեղ. «Փորձեցէք ձեր անձերը, թէ արդեօք հաւատքո՞ւմն էք. քննեցէք ձեր անձերը» (Բ Կորնթացիս 13։5, ԱԹ)։
Մեր կրոնը քննության ենթարկելու և նրա հանդեպ մեր անձնվիրության պատճառը ստուգելու համար խիզախություն է հարկավոր։ Սակայն այդ ուղղությամբ թափված ջանքերը լիովին կփոխհատուցվեն. արդյունքում մենք կմտերմանանք Եհովա Աստծո հետ։ Իր հետևյալ խոսքերով վերոհիշյալ կինը արտահայտում է շատերի զգացմունքները. «Ես հասկացել եմ, որ Եհովայի ու նրա չափանիշների հանդեպ նվիրվածությունը օգնում է, որ ավելի լավ դրսևորենք մեզ թե՛ ընտանիքում և թե՛ հասարակության մեջ։ Ինչ փորձությունների առջև էլ կանգնենք, եթե հավատարիմ լինենք Եհովայի հանդեպ, նա էլ մեր հանդեպ հավատարիմ կլինի»։
[նկարներ 6–րդ էջի վրա]
Ճշգրիտ գիտության շնորհիվ Սավուղը փոխեց իր տեսակետը այն բանի վերաբերյալ, թե ինչի հանդեպ է պետք անձնվիրություն դրսևորել
[նկար 7–րդ էջի վրա]
Ինչո՞ւ չփորձեք քննել անձնվիրության հանդեպ ձեր տեսակետը Աստվածաշնչի լույսի ներքո
[նկար 4–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Churchill, upper left: U.S. National Archives photo; Joseph Göbbels, far right: Library of Congress