Նվիրված լինելը օգուտներ է բերում
ՈՐՈՇ երկրներում երեխաները խաղալիս սիրում են իրար վրա կռատուկի փշոտ կոծոծներ շպրտել։ Այդ կոծոծները փակչում են բրդյա հագուստին, և ինչ էլ որ անես՝ քայլես, վազես, ինքդ քեզ թափ տաս թե ցատկոտես, միևնույն է, չեն պոկվում։ Միակ ելքը կոծոծները ձեռքով մեկ առ մեկ պոկելն է։ Այո, այս խաղը մեծ բավականություն է պատճառում երեխաներին։
Իհարկե, ամեն մարդու չէ, որ դուր է գալիս, երբ իր հագուստին կոծոծներ են կպչում, բայց յուրաքանչյուրին էլ մեծապես զարմացնում է այն, թե դրանք ինչպես են կարողանում ամուր կառչած մնալ։ Անհատը, որ նվիրված է, նման հատկություն է դրսևորում։ Մեկին նվիրված մարդը միշտ մնում է նրա կողքին՝ ամուր հարաբերություններ պահպանելով նրա հետ։ Նա «փակչում» է, այսինքն՝ կատարում է այն պարտականությունները, որոնք ենթադրվում են այդ հարաբերություններով, նույնիսկ այն ժամանակ, երբ հանգամանքները դժվարացնում են հավատարիմ մնալը։ «Նվիրվածություն» բառը մեր միտքն է բերում այնպիսի դրական հատկություններ, ինչպիսիք են՝ ճշմարտացիություն, անդավաճանություն, անձնվիրություն։ Գուցե դուք բարձր եք գնահատում, երբ մարդիկ նվիրվածություն են հանդես բերում ձեր նկատմամբ, բայց արդյո՞ք այնքան ուժեղ եք, որ ինքներդ նվիրվածություն ցուցաբերեք։ Եթե այո, ապա ո՞ւմ պետք է նվիրված լինեք։
Հավատարմությունը ընտանիքում խիստ կարևոր է
Ամուսնության մեջ հավատարմությունը կենսական է, բայց, ցավոք, հաճախ բացակայում է։ Այն ամուսինները, որոնք հավատարիմ են մնում իրենց ամուսնական երդմանը, այսինքն՝ չեն բաժանվում իրարից և ջանքեր են թափում միմյանց բարօրության համար, կարևոր քայլ են կատարում երջանկություն և ապահովություն որոնելու ճանապարհին։ Ինչո՞ւ։ Որովհետև մարդիկ ստեղծված են թե՛ նվիրվածություն ցուցաբերելու և թե՛ նվիրվածության արժանանալու կարիքով։ Երբ Եդեմի պարտեզում կայացավ Ադամի ու Եվայի ամուսնությունը, Աստված հայտարարեց. «Սորա համար մարդը կ’թողէ իր հայրը եւ իր մայրը, եւ կ’յարի իր կնոջը»։ Նույնը վերաբերում էր կնոջը. նա պետք է իր ամուսնուն ‘հարեր’։ Ամուսինն ու կինը պետք է միմյանց հավատարիմ լինեին և համագործակցեին իրար հետ (Ծննդոց 2։24; Մատթէոս 19։3–9)։
Ճիշտ է, այդ խոսքերը հազարավոր տարիներ առաջ են հնչել, բայց մի՞թե դրանից հետևում է, որ մեր օրերում ամուսնության մեջ հավատարիմ մնալը հնաոճ բան է։ Մարդկանց մեծամասնությունը կպատասխաներ՝ ոչ։ Գերմանիայում հետազոտողները հայտնաբերեցին, որ մարդկանց 80 տոկոսը ամուսնության մեջ հավատարմություն պահպանելը շատ կարևոր է համարում։ Անցկացվեց երկրորդ հետազոտությունը, որի նպատակն էր տղամարդկանց և կանանց մեջ հայտնաբերել ամենացանկալի հատկությունները։ Տղամարդկանց մի խմբի խնդրեցին նշել, թե որոնք են կանանց կողմից ցուցաբերվող այն հինգ հատկությունները, որ իրենց հիացնում է, իսկ կանանց մի խմբի էլ խնդրեցին նշել, թե որոնք են տղամարդկանց կողմից ցուցաբերվող այն հինգ հատկությունները, որ իրենց հիացնում է։ Թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք առաջին տեղում դրեցին հավատարմությունը։
Այո՛, հավատարմությունը հաջող ամուսնության ամուր հիմքի մի մասն է։ Բայց ինչպես տեսանք նախորդ հոդվածում, մարդիկ այս հատկությունն ավելի շատ գովաբանում են, քան դրսևորում։ Օրինակ՝ համատարած անհավատարմության մասին է վկայում այն փաստը, որ շատ երկրներում ամուսնալուծությունների տոկոսը բարձր է։ Ինչպե՞ս կարող են կողակիցները դիմադրել այս տենդենցին և իրար նվիրված մնալ։
Նվիրվածությունը ամուր է դարձնում ամուսնությունը
Ամուսինները հավատարիմ են միմյանց, եթե հնարավորություններ են փնտրում հաստատելու փոխադարձ նվիրվածությունը։ Օրինակ՝ սովորաբար ավելի լավ է ասել «մեր ընկերները» և ոչ թե «իմ ընկերները»՝ «մեր երեխաները», «մեր տունը», «մեզ հետ պատահածը» և այլն։ Պլաններ կազմելիս և որոշումներ կայացնելիս, դա վերաբերի տան հետ կապված հարցերին, աշխատանքին, երեխաների դաստիարակությանը, ժամանցին, արձակուրդին կամ կրոնական զբաղմունքներին, ամուսինն ու կինը պետք է հաշվի առնեն միմյանց զգացումներն ու տեսակետները (Առակաց 11։14; 15։22)։
Կողակիցները նվիրված են իրար, եթե նրանցից յուրաքանչյուրը դիմացինին ցույց է տալիս, որ ինքը նրա կարիքը զգում է և նրա ներկայությունը իրեն հաճելի է։ Ամուսնացած անհատը իրեն պաշտպանված չի զգում, եթե կողակիցը չափազանց մտերմաբար է վարվում հակառակ սեռի հետ։ Աստվածաշունչը տղամարդուն խորհուրդ է տալիս հարել ‘իր երիտասարդության կնոջը’։ Ամուսինը չպետք է թույլ տա, որ իր սիրտը ցանկանա գրավել ուրիշ կնոջ ուշադրությունը։ Անշուշտ, նա պետք է զգուշանա ուրիշ կնոջ հետ ֆիզիկական կապի մեջ մտնելուց։ Աստվածաշունչը զգուշացնում է. «Կին պղծողն անմիտ է. իր հոգին է փչացնում, ով որ անէ այս»։ Հավատարմություն պահելու նույն բարձր չափանիշները ակնկալվում են կնոջից (Առակաց 5։18; 6։32)։
Իսկ արժե՞ ջանքեր թափել ամուսնական հարաբերություններում հավատարիմ լինելու համար։ Իհարկե արժե։ Հավատարմությունը ամուսնական կապը ավելի կայուն և ամուր է դարձնում, և կողակիցներից յուրաքանչյուրն օգուտներ է ստանում։ Օրինակ՝ երբ ամուսինը հավատարմորեն մտածում է իր կնոջ բարօրության մասին, վերջինս իրեն ապահով է զգում և ցանկանում է դրսևորել իր լավագույն հատկությունները։ Նույնպիսի մղումներ են առաջանում ամուսնու մեջ, երբ կինը մտածում է նրա բարօրության մասին։ Վճռականորեն տրամադրված լինելով նվիրված մնալ իր կնոջը՝ ամուսինը կարող է իր մեջ սեր զարգացնել կյանքի բոլոր ասպարեզներում արդար սկզբունքներով առաջնորդվելու հանդեպ։
Եթե ամուսինների կյանքում դժվար շրջան սկսվի, նվիրվածությունը կօգնի նրանց իրենց ապահով զգալ։ Բայց եթե ամուսնության մեջ չկա նվիրվածություն, ապա խնդիրներ առաջանալիս հաճախ կողակիցները ցանկանում են առանձնանալ կամ ամուսնալուծվել։ Այնինչ նման քայլերը, խնդիրը լուծելու փոխարեն, հաճախ հին պրոբլեմները փոխարինում են նորերով։ 1980–ական թվականներին նորաձևության մի հայտնի մասնագետ հեռացավ իր կնոջից ու երեխաներից։ Երջանկություն գտա՞վ արդյոք նա՝ ապրելով մենակ։ Քսան տարի անց նա խոստովանեց, որ հեռանալով՝ «միայնություն և անհանգստություն» էր զգում, «գիշերները արթուն պառկած»՝ ցանկանում էր «բարի գիշեր» մաղթել իր երեխաներին։
Նվիրվածություն ծնողի ու երեխայի միջև
Երբ հայրն ու մայրը նվիրված են միմյանց, ապա հավանականությունը մեծ է, որ այդ հատկությունը փոխանցվի նրանց զավակներին։ Այն երեխաները, որոնք դաստիարակվել են նվիրվածության և սիրո մեջ, չափահաս անձնավորություններ դառնալով, ավելի հեշտությամբ պատասխանատվության զգացում կունենան իրենց կողակցի, ինչպես նաև ծնողների հանդեպ, երբ վերջիններս ծերանան և տկարանան (Ա Տիմոթէոս 5։4, 8)։
Ինչ խոսք, միշտ չէ, որ առաջինը ծնողներն են տկարանում։ Երբեմն երեխան է կարիք զգում, որ իրեն հավատարմորեն հոգ տանեն։ Հերբերտն ու Գերտրուդը, որոնք Եհովայի վկաներ են, ավելի քան 40 տարի այդպիսի վիճակում էին։ Նրանց որդին՝ Դիտմարը, ողջ կյանքում տառապեց մկանների հետաճումից։ Իր կյանքի վերջին յոթ տարիներին (նա մահացավ 2002 թ. նոյեմբերին), Դիտմարը շուրջօրյա հոգատարության և ուշադրության կարիք էր զգում։ Նրա ծնողները մեծ սիրով խնամեցին նրան։ Նրանք նույնիսկ բժշկական սարքավորում տեղադրեցին տանը և բժշկական որոշ գիտելիքներ ստացան։ Ընտանիքում նվիրվածություն ցուցաբերելու ինչպիսի՜ օրինակ։
Նվիրվածությունը կենսական է ընկերական հարաբերություններում
«Մարդ կարող է երջանիկ լինել՝ ամուսնացած չլինելով, բայց դժվար է ապրել՝ ընկեր չունենալով»,— իր դիտողությունն է անում Բիրգիտ անունով մի աղջիկ։ Գուցե համաձայնվեք նրա հետ։ Ինչևէ, լինեք ամուսնացած թե ամուրի՝ ձեր սիրտը լցվում է ջերմությամբ, ձեր կյանքը հարստանում է, երբ ձեր լավ ընկերը նվիրվածություն է հանդես բերում ձեր հանդեպ։ Անշուշտ, պետք է նշել, որ եթե դուք ամուսնացած եք, ապա ձեր ամենամտերիմ ընկերը պետք է ձեր կողակիցը լինի։
Ընկերը պարզապես ծանոթ չէ։ Մենք կարող ենք շատ ծանոթներ ունենալ՝ հարևաններ, աշխատակիցներ և ընդհանրապես մարդիկ, որոնց հանդիպում ենք երբեմն։ Իսկական ընկերությունը պահանջում է ժամանակ, էներգիա և էմոցիոնալ կապվածություն։ Պատիվ է ինչ–որ մեկի ընկերը լինել։ Ընկերությունը լավ հնարավորություններ է ընձեռում, բայց այն նաև պատասխանատվություններ է բերում։
Մեր ընկերների հետ սերտ հաղորդակցություն ունենալը անհրաժեշտություն է։ Այդպիսի հաղորդակցությունը մասամբ կարող է թելադրված լինել կարիքով։ «Եթե մեզնից մեկը պրոբլեմ ունի, ես ու ընկերուհիս շաբաթվա մեջ մեկ կամ երկու անգամ զանգահարում ենք իրար։ Մխիթարական է իմանալ, որ նա կա ու պատրաստ է լսել»,— բացատրում է Բիրգիտը։ Տարածությունը չպետք է խոչընդոտ լինի ընկերության համար։ Գերդան և Հելգան ապրում են իրարից հազարավոր կիլոմետրեր հեռու, բայց նրանք մտերիմ ընկերներ են արդեն ավելի քան 35 տարի։ «Մենք իրար կանոնավորաբար նամակներ ենք գրում,— բացատրում է Գերդան։— Պատմում ենք թե՛ ուրախ, թե՛ տխուր դեպքերը և նկարագրում ենք մեր զգացումները։ Հելգայից ստացած նամակներն ինձ մեծ ուրախություն են պատճառում։ Մենք պարզապես իրար շատ նման ենք»։
Նվիրվածությունը կենսական է ընկերության մեջ։ Ընդամենը մեկ անգամ անհավատարիմ գտնվելով՝ կարելի է փշրել նույնիսկ երկար տարիների փոխհարաբերությունները։ Ընկերների համար սովորական բան է իրար խորհուրդ տալը նույնիսկ խիստ անձնական հարցերի հետ կապված։ Ընկերը խոսում է սրտանց՝ առանց վախենալու, որ իրեն կնվաստացնեն կամ որ իր վստահությունը չեն արդարացնի։ Աստվածաշունչն ասում է. «Ամեն ժամանակ սիրող է բարեկամը, եւ եղբայրը նեղ օրուան համար է ծնուած» (Առակաց 17։17)։
Քանի որ մեր ընկերները ազդում են մեր մտածելակերպի, զգացումների և գործելակերպի վրա, ապա կարևոր է ընկերություն անել այնպիսի մարդկանց հետ, որոնց ապրելակերպը ներդաշնակ է մեր ապրելակերպին։ Օրինակ՝ ուշադիր եղեք, որ ձեր ընկերները լինեն այնպիսի անհատներ, որոնք ունեն նույն համոզմունքները, բարոյական սկզբունքները, ճշտի և սխալի նույն չափանիշները, ինչ որ դուք ունեք։ Այդպիսի ընկերները կօգնեն ձեզ հասնելու ձեր դրած նպատակներին։ Եվ ընդհանրապես, ինչո՞ւ պետք է ցանկանաք մտերմանալ այնպիսի մարդու հետ, որի սկզբունքներին ու բարոյական չափանիշներին դուք հավանություն չեք տալիս։ Աստվածաշունչն ընդգծում է ընկերակցության հարցում ճիշտ ընտրություն կատարելու կարևորությունը՝ ասելով. «Իմաստունների հետ վարուողը իմաստուն կ’դառնայ. բայց տխմարների հետ ընկերացողը կ’չարանայ» (Առակաց 13։20)։
Նվիրվածություն ցուցաբերելը կարելի է սովորել
Երբ երեխան սովորում է կոծոծներ կպցնել ինչ–որ մեկի հագուստին, նա, հավանաբար, կցանկանա կրկին ու կրկին խաղալ այդ խաղը։ Նույնը կարելի է ասել այն անհատի մասին, ով նվիրված է։ Ինչո՞ւ։ Որովհետև ինչքան ավելի շատ ենք նվիրվածություն դրսևորում, այնքան այդ հատկությունը ցուցաբերելն ավելի հեշտ է դառնում։ Եթե անհատն իր կյանքի վաղ տարիներին սովորում է ընտանիքում հավատարիմ լինել, նրա համար հետագայում հեշտ կլինի նվիրվածության վրա հիմնված ընկերական կապեր հաստատել։ Ժամանակի ընթացքում նման ամուր կապերը կարող են օգնել նրան նվիրվածություն դրսևորել ամուսնության մեջ։ Սակայն դրանք կօգնեն նրան նվիրված լինել նաև ամենակարևոր ընկերական հարաբերություններում։
Հիսուսն ասաց, որ մեծագույն պատվիրանը Եհովա Աստծուն ամբողջ սրտով, հոգով, մտքով և զորությամբ սիրելն է (Մարկոս 12։30)։ Սա նշանակում է, որ մենք պետք է լիովին նվիրված լինենք Աստծուն։ Եհովա Աստծուն նվիրված լինելը մեծ օրհնություններ է բերում։ Նա երբեք մեզ չի հիասթափեցնի, քանզի ասում է. «Ես ողորմած [«նվիրված», ՆԱ] եմ» (Երեմիա 3։12)։ Այո՛, Աստծուն նվիրված, կամ՝ հավատարիմ լինելը հավիտենական օրհնություններ է բերում (Ա Յովհաննէս 2։17)։
[մեջբերում 6–րդ էջի վրա]
Լավ ընկերոջ նվիրվածությունը կջերմացնի ձեր սիրտը
[նկար 5–րդ էջի վրա]
Ընտանիքի անդամները, նվիրվածություն ցուցաբերելով, հոգում են միմյանց կարիքները