Արժե՞ լինել նվիրված
ԴՈՒՔ ձեր առողջության ապահովագրման համար չափից շատ եք վճարում,— ասաց Կարլը, որը ապահովագրման գործակալ է։a— Եթե ապահովագրվեք մեր ընկերությունում, ապա ամսական 15 եվրո կխնայեք, ինչը քիչ չէ։
— Գուցե դուք ճիշտ եք,— պատասխանեց Յենսը։— Բայց ես արդեն մի քանի տարի է, որ առողջությունս ապահովագրում եմ այդ ընկերությունում։ Մինչև այսօր նրանք ինձ շատ օգտակար են եղել, ու ես ուզում եմ նրանց նվիրված մնալ։
— Ինչ խոսք, նվիրվածությունը հրաշալի հատկություն է,— պատասխանեց Կարլը։— Բայց այն ձեզ վրա թանկ է նստում։
Կարլը ճիշտ էր։ Նվիրված, կամ՝ հավատարիմ լինելու համար հաճախ հարկ է լինում վճարել։b Նվիրվածությունը նաև պահանջում է ժամանակ, էներգիա և էմոցիոնալ կապվածություն։ Իսկ արժե՞ նվիրված լինելու համար այսպիսի զոհողությունների գնալ։
Ավելի շատ գովերգվում է, քան ցուցաբերվում
Գերմանիայում Ալենսբախի հասարակական կարծիքի ուսումնասիրության ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքներով՝ հարցվածների 96 տոկոսը հավատարմությունը համարում է ցանկալի հատկություն։ Երկրորդ հարցումը, որն անցկացվեց 18–24 տարեկանների շրջանում, պարզեց, որ հարցվածների երկու երրորդը դրականորեն է վերաբերվում հավատարմություն ցուցաբերելուն։
Թեպետ նվիրվածությունը, կամ՝ հավատարմությունը, ամենուրեք գովերգվում է, սակայն երբ արդեն անհրաժեշտ է լինում այդ հատկությունը ցուցաբերել, պատկերը այլ է դառնում։ Օրինակ՝ որոշ եվրոպական երկրներում ամուսինները կամ ընտանիքի անդամները հաճախ գրեթե նվիրվածություն չեն դրսևորում միմյանց հանդեպ։ Ընկերները իրար հավատարիմ չեն։ Իսկ այն հավատարմությունը, որ անցած ժամանակներում կապում էր գործատիրոջն ու աշխատողին, վաճառողին և գնորդին, ըստ էության, այլևս գոյություն չունի։ Ինչո՞ւ։
Կյանքի սրընթաց տեմպի պատճառով մարդիկ երբեմն բավականաչափ ուժ կամ ժամանակ չեն ունենում այնպիսի բաների համար, որոնք նվիրվածություն են պահանջում։ Այն անհատները, ովքեր հիասթափվել են մարդկային հարաբերություններից, գուցե այժմ խուսափում են նվիրված լինել ինչ–որ մեկին։ Մյուսներն էլ նախընտրում են այնպիսի կենսաձև, որն իրենցից նվիրվածություն չի պահանջում։
Ինչևէ, նվիրվածությունը մի առաքինություն է, որն ավելի շատ գովերգվում է, քան ցուցաբերվում։ Ուստի հարցեր են առաջանում. «Արժե՞ նվիրված լինել։ Եթե այո, ապա ո՞ւմ հանդեպ պետք է նվիրված լինենք, և ինչպե՞ս։ Եվ առհասարակ, նվիրված լինելն ի՞նչ օգուտներ է բերում»։
[ծանոթագրություններ]
a Այս և հաջորդ հոդվածում որոշ անուններ փոխված են։
b Թեպետ «նվիրվածություն» և «հավատարմություն» բառերը չեն կարող բոլոր համատեքստերում հավասարապես գործածվել, նրանք այս և հաջորդ հոդվածում երբեմն փոխարինում են իրար։
[մեջբերում 3–րդ էջի վրա]
Նվիրվածությունը մի առաքինություն է, որն ավելի շատ գովերգվում է, քան ցուցաբերվում