Ընթերցողների հարցերը
Եհովան Աբրահամի հետ իր ուխտը կապեց Ուրո՞ւմ թե՝ Խառանում։
Աբրահամի հետ Եհովայի կապած ուխտի ամենաառաջին արձանագրությանը հանդիպում ենք Ծննդոց 12։1–3-ում, որտեղ ասվում է. «Եւ Եհովան ասեց Աբրամին. Գնա քո երկրիցը, եւ քո ազգականներիցը, եւ քո հօր տանիցն այն երկիրը, որ ես քեզ ցոյց կ’տամ։ Եւ ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ.... Եւ երկրի բոլոր ազգերը քեզանով կ’օրհնուին»։a Հնարավոր է՝ Եհովան իր ուխտը Աբրահամի հետ կապել է այն ժամանակ, երբ վերջինս գտնվում էր Ուրում և վերահաստատել է, երբ նա արդեն Խառանում էր։
Առաջին դարում Ստեփանոսը ներկաների ուշադրությունը հրավիրեց Եհովայի պատվերի վրա, համաձայն որի Աբրահամը պետք է տեղափոխվեր Քանան։ Դիմելով Ատյանին՝ նա ասաց. «Փառքի Աստուածը երեւաց մեր հօրը՝ Աբրահամին, մինչ նա դեռ Միջագետքում էր, եւ նրան Խառանում դեռ չէր բնակեցրել, ու ասաց նրան. «Դո՛ւրս ել քո երկրից եւ քո տոհմից ու արի՛ այն երկիրը, որ քեզ ցոյց կը տամ»» (Գործք 7։2, 3)։ Աբրահամը ծագումով Ուրից էր և, ինչպես նշեց Ստեփանոսը, այնտեղ էր, որ նա առաջին անգամ հրահանգ ստացավ գնալ Քանան (Ծննդոց 15։7, Նէեմիա 9։7)։ Ստեփանոսը չհիշատակեց Աստծո՝ Աբրահամի հետ կապած ուխտի մասին, սակայն, համաձայն Ծննդոց 12։1–3-ի, այդ ուխտը կապ ունի Քանան գնալու պատվերի հետ։ Այսպիսով՝ տրամաբանական է ընդունել, որ Եհովան Աբրահամի հետ իր ուխտը կապել է Ուրում։
Այնուհանդերձ, «Ծննդոցի» արձանագրության ուշադիր ընթերցանությունից կարող ենք ենթադրել, որ Եհովան իր ուխտը վերահաստատեց Խառանում։ Ճիշտ այդպես նա շատ անգամ կրկնեց ու այդ ուխտը տարբեր կողմերից ավելի ընդարձակ ներկայացրեց Քանանում (Ծննդոց 15։5; 17։1–5; 18։18; 22։16–18)։ Համաձայն Ծննդոց 11։31, 32 համարների՝ Աբրահամի հայրը՝ Թարան, միանալով Աբրահամին, Սարային և Ղովտին, թողեց Ուրը Քանան տեղափոխվելու նպատակով։ Նրանք գնացին Խառան և մնացին այնտեղ մինչև Թարայի մահը։ Խառանում ապրելու ժամանակը բավական էր, որպեսզի Աբրահամը մեծ ունեցվածքի տեր դառնար (Ծննդոց 12։5)։ Որոշ ժամանակ անց Աբրահամի եղբայր Նաքովրը նույնպես տեղափոխվեց այնտեղ։
Աստվածաշունչը Թարայի մահվան մասին տեղեկացնելուց հետո հաղորդում է Աբրահամին ուղղված Եհովայի խոսքերը, ապա շարունակում է. «Եւ Աբրամը գնաց ինչպէս Եհովան նորան ասել էր» (Ծննդոց 12։4)։ Հետևաբար, Ծննդոց 11։31–12։4 համարները հստակ պատկերացում են տալիս, որ Եհովայի խոսքերը՝ արձանագրված Ծննդոց 12։1–3-ում, ասվել են Թարայի մահից հետո։ Եթե դա այդպես է, ապա Աբրահամը թողեց Խառանը և գնաց այն երկիրը, որ Եհովան էր ցույց տվել՝ հետևելով նորից տրված հրահանգին, որի նմանը տարիներ առաջ նա լսել էր Ուրում։
Ըստ Ծննդոց 12։1–ի՝ Եհովան հանձնարարեց Աբրահամին. «Գնա քո երկրիցը, եւ քո ազգականներիցը, եւ քո հօր տանիցն»։ Մի ժամանակ Աբրահամի տունը Ուրն էր, և նրա հայրական տունն այնտեղ էր։ Այնուամենայնիվ Աբրահամի հայրը տեղափոխեց իր ընտանիքը Խառան, և այդ պատճառով նրա որդին այդ վայրը իր երկիրը համարեց։ Քանանում երկար տարիներ բնակվելուց հետո Աբրահամը ուղարկեց իր տան տնտեսին ‘իր երկիրը և իր ազգականների մոտ’՝ Իսահակի համար կին փնտրելու, և ծառան գնաց «Նաքովրի քաղաքը» (նույն Խառանն է կամ դրա մոտակայքը) (Ծննդոց 24։4, 10)։ Այնտեղ նա Աբրահամի ազգականների մեջ՝ Նաքովրի մեծ ընտանիքում, գտավ Ռեբեկային (Ծննդոց 22։20–24; 24։15, 24, 29; 27։42, 43)։
Ատյանի առջև ելույթ ունենալիս Ստեփանոսը Աբրահամի մասին հետևյալն ասաց. «Նրա հօր մահից յետոյ այնտեղից Աստուած փոխադրեց պանդխտեցրեց նրան այս երկիրը, ուր դուք այժմ բնակւում էք» (Գործք 7։4)։ Սա ցույց է տալիս, որ Եհովան հաղորդակցության մեջ մտավ Աբրահամի հետ Խառանում։ Խելամիտ կլինի կարծել, որ տվյալ դեպքում Եհովան նորից կրկնեց իր ուխտը Աբրահամի հետ, ինչպես որ գրված է Ծննդոց 12։1–3–ում, որից հետո այն ուժի մեջ մտավ և սկսեց գործել, երբ Աբրահամը տեղափոխվեց Քանան։ Այսպիսով՝ խորհրդածելով եղած փաստերի շուրջ՝ կարելի է գալ այն եզրակացության, որ, հնարավոր էր, Եհովան Աբրահամի հետ իր ուխտը հաստատել էր Ուրում և վերահաստատել այն նրա՝ Խառանում եղած ժամանակ։
[ծանոթագրություն]
a Եհովան Աբրամի անունը փոխեց Աբրահամի, երբ նա գտնվում էր Քանանում և 99 տարեկան էր (Ծննդոց 17։1, 5)։