Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 11/1 էջ 27–30
  • «Տիրոջ օրհնութիւնն է հարստացնում»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Տիրոջ օրհնութիւնն է հարստացնում»
  • 2001 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովան օրհնում է իր ծառաներին
  • Օրհնություններ՝ այսօր
  • Փոխհատուցենք Եհովային
  • Աստծուն ծառայենք «մեկ սրտով ու մեկ հոգով»
    2008 Դիտարան
  • Նրանք տալիս էին ուրախ սրտով. իսկ դո՞ւ
    2009 Դիտարան
  • «Նվերներ տալու» պատիվ ունենալը ուրախություն պարգևո՞ւմ է քեզ
    2011 Դիտարան
  • Եկեք «Եհովային ընծա մատուցենք»
    2010 Դիտարան
Ավելին
2001 Դիտարան
w01 11/1 էջ 27–30

«Տիրոջ օրհնութիւնն է հարստացնում»

Բոլորս էլ ցանկանում ենք օրհնություններ ստանալ։ Օրհնություններն իրենց հետ բերում են երջանկություն, բարեկեցություն և ծաղկունք։ Քանի որ Եհովան «ամէն բարի շնորհ եւ ամէն կատարեալ պարգեւ» Տվողն է, ցանկացած իսկական, տևական օրհնություն մեր սիրալիր Արարչից է գալիս (Յակոբոս 1։17)։ Նա առատորեն օրհնություններ է շնորհում ողջ մարդկությանը, նույնիսկ նրանց, ովքեր իրեն չեն ճանաչում։ Հիսուսն իր Հոր մասին ասել է. «Նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրայ եւ անձրեւ է թափում արդարների եւ մեղաւորների վրայ» (Մատթէոս 5։45)։ Սակայն Եհովան առանձնահատուկ հոգատարություն է ցուցաբերում նրանց հանդեպ, ովքեր սիրում են իրեն (Բ Օրինաց 28։1–14; Յոբ 1։1; 42։12)։

Սաղմոսերգուն գրել է. «[Եհովան] ոչ մի բարիք չէ խնայում անարատութիւնով գնացողներից» (Սաղմոս 84։11)։ Այո, Եհովային ծառայողները ճոխ և իմաստալից կյանք են վարում։ Նրանք գիտեն, որ այդ «Տէրոջ օրհնութիւնն է, որ հարստութիւն կուտայ ու անոր հետ տրտմութիւն [«ցավ», ՆԱ] չի խառներ»։ Աստվածաշնչում կարդում ենք նաև. «[Եհովայի] օրհնուածները երկիրը կ’ժառանգեն» (Առակաց 10։22; Արևմտ. Աստ.; Սաղմոս 37։22, 29)։ Ինչպիսի՜ օրհնություն կլինի դա...

Ինչպե՞ս Եհովայի օրհնությանն արժանանալ։ Առաջին պայմանը նրան հաճելի հատկություններ մշակելն է (Բ Օրինաց 30։ 16, 19, 20; Միքիա 6։8)։ Իսկ դրանում կարելի է համոզվել՝ ուշադրության առնելով Եհովայի վաղեմի ծառաներից երեքի օրինակը։

Եհովան օրհնում է իր ծառաներին

Նոյը Աստծո օրինակելի ծառաներից էր։ Ծննդոց 6։8–ում կարդում ենք. «Նոյը Եհովայի առաջին շնորհք գտաւ»։ Ինչո՞ւ։ Քանի որ նա հնազանդ էր։ Աստվածաշունչը տեղեկացնում է. «Նոյը Աստուծոյ հետ վարուեցաւ»։ Նա հավատարիմ էր Եհովայի արդար չափանիշներին և հետևում էր նրա հրահանգներին։ Մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ աշխարհը խորամուխ էր եղել բռնության և անբարոյականության մեջ, Նոյն «արաւ բոլորը, ինչպէս Աստուած պատուիրել էր նորան. այնպէս արաւ» (Ծննդոց 6։9, 22)։ Արդյունքը եղավ այն, որ Եհովան նրան առաջնորդություն տվեց՝ «[իր] ընտանիքի փրկութեան համար տապան» կառուցելու (Եբրայեցիս 11։7)։ Այդպիսով՝ Նոյը և իր ընտանիքը (նրանց միջոցով էլ մարդկային ցեղը) փրկվեցին այդ սերնդի հետ ոչնչացվելուց։ Նա մահացավ դրախտ–երկրում հարություն առնելու և հավիտյան ապրելու հույսը սրտում։ Ինչպիսի՜ առատ օրհնություններ...

Աբրահամը նույնպես Եհովային հաճելի հատկություններ ուներ, որոնցից մեծագույնը հավատն էր (Եբրայեցիս 11։8–10)։ Աբրահամը թողեց բարեկեցիկ կյանքը Ուր քաղաքում, իսկ հետագայում նաև՝ Խառանում, որովհետև հավատում էր Եհովայի խոստմանը, որ իր սերունդը կբազմանա և օրհնություն կլինի բոլոր ազգերի համար (Ծննդոց 12։2, 3)։ Չնայած նրա հավատը տարիներ շարունակ փորձվում էր, սակայն նա վարձատրվեց իր հավատի համար, երբ ծնվեց նրա որդի Իսահակը։ Իր որդու միջոցով Աբրահամը դարձավ Աստծո ընտրյալ ազգի՝ Իսրայելի, իսկ վերջնական արդյունքում՝ Մեսիայի նախահայրը (Հռովմայեցիս 4։19–21)։ Դեռ ավելին, նա «հայր[ն է] բոլոր հաւատացեալների»։ Նա նաև «Աստծուն բարեկամ» է կոչվել (Հռովմայեցիս 4։11; Յակոբոս 2։23; Գաղատացիս 3։7, 29)։ Ի՜նչ իմաստալից էր նրա կյանքը, և ի՜նչ առատ օրհնություններ ստացավ նա...

Նկատի առնենք նաև հավատարիմ Մովսեսի օրինակը։ Մովսեսի ամենաաչքառու հատկությունը հոգևորի հանդեպ գնահատանքն էր։ Նա մերժեց Եգիպտոսի բոլոր հարստությունները և «համբերեց, որպէս թէ անտեսանելին էր տեսնում» (Եբրայեցիս 11։27)։ Քառասուն տարի Մադիամի երկրում բնակվելուց հետո Մովսեսը վերադարձավ Եգիպտոս արդեն տարեց հասակում և համարձակորեն կանգնեց այն ժամանակների ամենազորեղ թագավորի՝ փարավոնի առջև՝ պահանջելով ազատ արձակել իր հայրենակիցներին (Ելից 7։1–7)։ Մովսեսը ականատես եղավ տասը պատուհասներին, Կարմիր ծովի բացվելուն և փարավոնի զորքերի խորտակմանը։ Եհովան նրա միջոցով Իսրայելին տվեց Օրենքը և այդ նորընտիր ազգի հետ հաստատեց իր ուխտը։ Քառասուն տարի շարունակ Մովսեսն անապատում առաջնորդում էր իսրայել ազգին։ Նրա կյանքն իսկական իմաստ ուներ. նա վայելում էր իր ծառայության բերած բազում հիանալի օրհնությունները։

Օրհնություններ՝ այսօր

Վերոհիշյալ հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Աստծուն ծառայողների կյանքն իսկական իմաստ ունի։ Քանի որ Եհովայի ծառաներն իրենց մեջ մշակում են այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ հնազանդությունը, հավատը և հոգևորի հանդեպ գնահատանքը, նրանք առատ օրհնություններ են ստանում։

Իսկ ինչպիսի՞ օրհնություններ ենք ստանում մենք։ Մինչ քրիստոնյա աշխարհի միլիոնավոր ներկայացուցիչներ տառապում են հոգևոր քաղցից, մենք կարող ենք «հոսելով գ[նալ] դէպի Տիրոջ բարիքները» (Երեմիա 31։12)։ Հիսուս Քրիստոսի ու «հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» միջոցով Եհովան առատ հոգևոր կերակուր է տրամադրում մեզ, որն օգնում է չշեղվել այն «ճանապարհ[ից], որ տանում է դէպի կեանք» (Մատթէոս 7։13, 14; 24։45; Յովհաննէս 17։3)։ Մեկ այլ օրհնություն է մեր քրիստոնյա եղբայրների հետ հաղորդակցվելը։ Մեծ երջանկության աղբյուր է ժողովի հանդիպումների և այլ իրադարձությունների ժամանակ լինել մեր հավատակիցների կողքին, որոնք միմյանց հանդեպ սեր են ցուցաբերում և անկեղծորեն ջանում են ‘հագնել նոր մարդը’ (Կողոսացիս 3։8–10։ Սաղմոս 133։1)։ Իսկ ամենամեծ օրհնությունը Եհովա Աստծո հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալու և նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետքերով ընթանալու մեծ առանձնաշնորհումն է (Հռովմայեցիս 5։1, 8; Փիլիպպեցիս 3։8)։

Նմանօրինակ օրհնությունների շուրջ խորհելով՝ մենք գիտակցում ենք, թե իրականում որքան արժեքավոր է Աստծուն ծառայելը։ Վերհիշենք Հիսուսի առակներից մեկը, որտեղ խոսվում է մի վաճառականի մասին, որը թանկարժեք մարգարիտներ է գտնում։ Հիսուսն ասում է նրա մասին. «Գտնելով մի թանկարժէք մարգարիտ՝ գնաց վաճառեց իր ամբողջ ունեցածը եւ այդ մարգարիտը գնեց» (Մատթէոս 13։46)։ Ինչ խոսք, մեզ համար մարգարիտի պես թանկ են Աստծո հետ մեր փոխհարաբերությունները, նրան ծառայելու առանձնաշնորհումը, մեր եղբայրությունը, քրիստոնեական հույսը և հավատի հետ կապ ունեցող օրհնությունները։ Մեզ համար դրանցից ավելի թանկ բան չկա կյանքում։

Փոխհատուցենք Եհովային

Քանի որ մենք Եհովային ընդունում ենք որպես ամեն բարի պարգև Տվողի, սրտանց ցանկանում ենք մեր երախտագիտությունը ցույց տալ մեր ստացած օրհնությունների համար։ Իսկ ինչպե՞ս։ Դա անելու կերպերից մեկը ուրիշներին օգնել է, որպեսզի նրանք էլ նման օրհնություններ ստանան (Մատթէոս 28։19)։ Ավելի քան 230 երկրներում Եհովայի վկաները հենց դա են անում՝ այցելելով իրենց դրացիներին։ Այդ գործի համար նրանք ներդնում են իրենց սահմանափակ միջոցները՝ ժամանակը, ուժը և նյութական կարողությունները, որպեսզի օգնեն մարդկանց «հասնե[լ] ճշմարտութեան գիտութեանը» (Ա Տիմոթէոս 2։4)։

Նկատի առնենք Գլենդելում (Կալիֆոռնիա, ԱՄՆ) ծառայող ռահվիրաների օրինակը։ Ամեն շաբաթ՝ առավոտյան ժամերին, նրանք մոտ 100 կմ ճանապարհ են կտրում–անցնում, որպեսզի այցելություններ կատարեն ֆեդերալ բանտում։ Ու թեև նրանց մի քանի ժամից ավելի չեն թույլատրում մնալ բանտարկյալների հետ, դա նրանց չի վհատեցնում։ Ռահվիրաներից մեկն ասում է. «Այս յուրահատուկ տարածքում ծառայելը շատ արդյունավետ է։ Մենք մեծ հաճույքով են կատարում այդ ծառայությունը։ Այնտեղ այնքան շատ հետաքրքրվող անհատներ կան, որ շատ դժվար է զրուցել բոլորի հետ։ Ներկայումս մենք ուսումնասիրում ենք հինգ բանտարկյալների հետ, բացի նրանցից, չորս հոգի էլ խնդրել են իրենց հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել»։

Եռանդուն քրիստոնյաները սիրով ներկայացնում են իրենց անվճար ծառայությունը կյանքեր փրկող այս գործի համար։ Նրանք դրսևորում են այնպիսի մտածելակերպ, ինչպիսին Հիսուսն ուներ. «Ձրի առաք, ձրի էլ տուէ՛ք» (Մատթէոս 10։8)։ Ամբողջ աշխարհում միլիոնավոր անհատներ մասնակցել են այս անձնուրաց ծառայությանը, իսկ արդյունքը եղել է այն, որ անկեղծ սիրտ ունեցող բազմաթիվ մարդիկ արձագանքել են ու դարձել Հիսուսի աշակերտները։ Օրինակ՝ միայն վերջին հինգ տարիների ընթացքում մոտավորապես 1,7 մլն անհատներ իրենց կյանքը նվիրել են Եհովային։ Այս մեծ աճի հոգևոր կարիքները հոգալու համար Աստվածաշնչի և դրա վրա հիմնված գրականության հրատարակման, ինչպես նաև նոր Թագավորության սրահների և հավաքույթների այլ հաստատությունների անհրաժեշտություն է զգացվում։ Որտեղի՞ց են ստացվում այդ ամենի համար անհրաժեշտ գումարները։ Միայն կամավոր նվիրատվություններից։

Տնտեսական սուղ պայմանների հետևանքով աշխարհի որոշ մասերում շատ մարդիկ օրնիբուն աշխատում են, որպեսզի կարողանան իրենց ընտանիքների առաջնահերթ կարիքները հոգալ։ Մի ամսագրի հաղորդած տվյալների համաձայն՝ մեկ միլիոն մարդ ամբողջ ընտանիքի եկամտի առնվազն 70 տոկոսը վատնում է սննդի վրա («New Scientist»)։ Մեր քրիստոնյա եղբայրներից և քույրերից շատերն են այդպիսի պայմաններում ապրում։ Առանց հավատակիցների օգնության՝ նրանք պարզապես չէին կարողանա աստվածաշնչյան հրատարակություններ ստանալ կամ հարմարավետ Թագավորության սրահներ ունենալ։

Իհարկե, դա չի նշանակում, որ նրանց համար հաճելի է այն, որ ուրիշներն են կրում իրենց բեռը։ Բանն այն է, որ նրանք իսկապես օգնության կարիք ունեն։ Երբ Մովսեսը խրախուսում էր իսրայելացիներին նյութական նվիրատվություններ կատարել՝ որպես Եհովայից օրհնություն ստանալու դիմաց իրենց երախտագիտության նշան, նա ասում էր. «Ամեն մարդ ձեռքիցը եկածի չափ քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած օրհնության համեմատ տայ» (Բ Օրինաց 16։17)։ Այդ էր պատճառը, որ երբ Հիսուսը տաճարում տեսավ մի այրի կնոջ «երկու լումայ» նվիրաբերելիս, գովասանքի խոսքեր ասաց նրա հասցեին իր աշակերտների առջև։ Նա նվիրաբերեց այնքան, ինչքան որ կարող էր (Ղուկաս 21։2, 3)։ Նմանապես այսօր սուղ միջոցներ ունեցող քրիստոնյաները անում են այն, ինչ որ կարող են։ Իսկ եթե դա չի բավականացնում, օգտագործվում է այն քրիստոնյա հավատակիցների կողմից արված նվիրատվությունները, որոնք նյութապես ավելի ապահովված են (Բ Կորնթացիս 8։13–15)։

Այսպիսի միջոցներով Եհովային փոխհատուցելիս կարևոր պայման է ճիշտ դրդապատճառ ունենալը (Բ Կորնթացիս 8։12)։ Այդ մասին Պողոսն ասել է. «Իւրաքանչիւրը թող տայ, ինչպէս յօժար է սրտով եւ ոչ թէ հարկադրաբար եւ տրտմութեամբ. որովհետեւ Աստուած սիրում է զուարթառատ տուրքը» (Բ Կորնթացիս 9։7)։ Սրտանց նվիրատվություններ կատարելով՝ մենք թե՛ աջակցություն ենք ցույց տալիս ներկայումս ծավալվող աստվածապետական գործին և թե՛ ինքներս ենք ավելի ու ավելի մեծ ուրախություն ստանում (Գործք Առաքելոց 20։35)։

Քարոզչական գործունեությանը մասնակցելը և կամավոր նվիրատվություններ կատարելը Եհովայի օրհնությունների դիմաց փոխհատուցում տալու կերպերից երկուսն են։ Իսկ որքան քաջալերական է իմանալ, որ Եհովան ցանկանում է օրհնություններ շնորհել ավելի մեծ թվով անկեղծ անհատների, որոնք ներկա պահին չգիտեն իրեն (Բ Պետրոս 3։9)։ Ուրեմն՝ եկեք շարունակենք մեր ունեցած միջոցները Աստծո ծառայության մեջ գործածել, որպեսզի փնտրենք անկեղծ սիրտ ունեցող անհատների և օգնենք նրանց մշակել այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ հնազանդությունը, հավատը և գնահատանքը։ Այդպես վարվելով՝ մենք մեծ ուրախություն կստանանք, քանի որ կօգնենք նրանց «ճաշակե[լ] եւ տես[նել], որ Տէրը քաղցր է» (Սաղմոս 34։8)։

[շրջանակ 28–րդ էջի վրա]

Ինչպես են ոմանք նախընտրում նվիրատվությություններ կատարել թագավորության գործի համար

Շատերը իրենց բյուջեից որոշակի գումար են առանձնացնում կամ նախատեսում Թագավորության գործին աջակցելու նպատակով՝ գցելով այն նվիրատվությունների արկղը (Մատթէոս 24։14)։ Յուրաքանչյուր ամիս ժողովներն այդ նվիրատվություններն ուղարկում են Ընկերության տեղի մասնաճյուղ։

Կամավոր դրամական նվիրատվությունները կարելի է նաև ուղարկել անմիջապես երկրին սպասարկող մասնաճյուղ։ Ընդհանուր գումարին հարկավոր է կցել կարճ նամակ, որտեղ պետք է նշվի, որ դրանք նվիրատվություն են։

ՊԼԱՆԱՉԱՓ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բացի ուղղակի դրամական նվիրատվություններից՝ մի շարք երկրներում Թագավորության գործին աջակցելու այլ հնարավորություններ էլ կան։ Դրանց թվին են պատկանում հետևյալները.

Անշարժ գույքը։ Վաճառքի պիտանի անշարժ գույքը կարելի է նվիրաբերել Ընկերությանը որպես նվեր։ Դա կարելի է անել նաև՝ պահպանելով գույքի սեփականության ցմահ իրավունքը և մինչև կյանքի վերջը ապրել այնտեղ։ Եթե որևէ մեկը ցանկանում է Ընկերությանը նվիրաբերել իր սեփականությունը, ապա, նախքան փաստաթղթերի ձևակերպումը, հարկավոր է կապվել Ընկերության հետ։

Կտակը։ Ընկերությանը ունեցվածքի կամ դրամի փոխանցումը կատարվում է կտակի միջոցով, որը կազմվում է օրենքով սահմանված կարգով։ Կտակի պատճենը հարկավոր է ուղարկել Ընկերություն։

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ Ընկերության տեղի գրասենյակից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը