«Նվերներ տալու» պատիվ ունենալը ուրախություն պարգևո՞ւմ է քեզ
ԱՌԱՋԻՆ դարում Փիլիպպեի քրիստոնյաները հայտնի էին նրանով, որ առատաձեռնորեն աջակցում էին ճշմարիտ երկրպագությանը։ Նրանց ուղղած նամակում Պողոս առաքյալը սուրբ ոգու ներշնչմամբ գրեց. «Ամեն անգամ, երբ հիշում եմ ձեզ, շնորհակալություն եմ հայտնում իմ Աստծուն և միշտ ուրախությամբ ջերմեռանդորեն աղոթում եմ բոլորիդ համար, որովհետև դուք առաջին օրվանից մինչև հիմա աջակցում եք բարի լուրի տարածմանը» (Փիլիպ. 1։3–5)։ Պողոսը լավ էր հիշում, թե ինչպես Լիդիան իր տնեցիների հետ մկրտվելուց հետո, հյուրասիրություն դրսևորելով, պնդեց, որ նա և իր ուղեկիցները մնան իր տանը (Գործ. 16։14, 15)։
Շատ չանցած՝ Փիլիպպեում նոր ձևավորված ժողովը երկու անգամ անհրաժեշտ բաներ ուղարկեց Պողոսին, երբ վերջինս հավատակիցների հետ մի քանի շաբաթ մնացել էր Թեսաղոնիկեում, որը գտնվում էր 160 կիլոմետր հեռու (Փիլիպ. 4։15, 16)։ Մի քանի տարի անց, երբ փիլիպպեցիները և մակեդոնացի այլ եղբայրներ նեղություններ էին կրում և «ծայրաստիճան աղքատության» մեջ էին, լսեցին, որ Երուսաղեմում գտնվող քրիստոնյաները, որոնք հալածանքների էին ենթարկվում, կարիքի մեջ են, ու ցանկացան օգնել նրանց։ Պողոսը նշեց, որ իրականում նրանք «իրենց կարողությունից էլ ավելին արեցին», և շարունակեց. «Իրե՛նք խնդրեցին մեզ բազում աղաչանքներով, որ պատիվ ունենան նվերներ տալու» (2 Կորնթ. 8։1–4; Հռոմ. 15։26)։
Քրիստոնեությունը ընդունելուց մոտ տասը տարի անց փիլիպպեցիները դեռ շարունակում էին նույն առատաձեռն ոգին դրսևորել։ Լսելով, որ Պողոսը բանտարկված է Հռոմում, նրանք ուղարկեցին Եպաֆրոդիտոսին, որը պետք է ծովով ու ցամաքով անցներ 1287 կիլոմետր, որպեսզի տաներ առաքյալին անհրաժեշտ իրերը։ Պարզ է, որ փիլիպպեցիները ցանկանում էին հոգ տանել Պողոսին, որ նույնիսկ բանտարկության մեջ նա շարունակեր զորացնել եղբայրներին և քարոզել (Փիլիպ. 1։12–14; 2։25–30; 4։18)։
Այսօր էլ ճշմարիտ քրիստոնյաները պատիվ են համարում քարոզչական և աշակերտներ պատրաստելու գործին աջակցելու առանձնաշնորհումը (Մատթ. 28։19, 20)։ Նրանք առաջ են տանում Թագավորության շահերը՝ տրամադրելով իրենց ժամանակը, ուժն ու նյութական միջոցները։ Մի քանի միջոցներ, թե ինչպես կարող ես թիկունք կանգնել այս գործին, նշված են ստորև բերված շրջանակում։
[շրջանակ 22-րդ և 23–րդ էջերի վրա]
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՈՄԱՆՔ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՒՄ
ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՄԱՐ
Շատերը որոշակի գումար են մի կողմ դնում, որպեսզի գցեն համաշխարհային գործի համար նախատեսված նվիրաբերությունների արկղը։
Ամեն ամիս այդ նվիրաբերությունները ժողովներից ուղարկվում են Եհովայի վկաների տեղի մասնաճյուղ։ Կամավոր նվիրաբերությունները հնարավոր է նաև անմիջապես ուղարկել այնտեղ։ Կարելի է նվիրաբերել նաև թանկարժեք զարդեր։ Այդ դեպքում համառոտ նամակ գրեք և հստակ նշեք, որ դա նվիրաբերություն է։
ԱՅԼ ԿԵՐՊԵՐ
Անշարժ գույք։ Վաճառքի համար պիտանի անշարժ գույքը անհատը կարող է կա՛մ անմիջապես նվիրաբերել մասնաճյուղին, կա՛մ նվիրաբերել՝ պահպանելով գույքի նկատմամբ սեփականության իր իրավունքը՝ շարունակելով ապրել այնտեղ մինչև իր կյանքի վերջը։ Եթե որևէ մեկը ցանկանում է նվիրաբերել իր սեփականությունը, ապա փաստաթղթերը ձևակերպելուց առաջ պետք է կապ հաստատի մասնաճյուղի հետ։
Կտակ։ Ունեցվածքը կամ դրամը կարելի է նաև կտակել մասնաճյուղին։ Այն պետք է կազմվի օրենքով սահմանված կարգով։ Կտակի պատճենը հարկավոր է ուղարկել մասնաճյուղ։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Եհովայի վկաների տեղի մասնաճյուղ։