Աստծուն ծառայենք «մեկ սրտով ու մեկ հոգով»
ՊԵՆՏԵԿՈՍՏԵԻ տոնն է։ Հիսուսի աշակերտների շուրջ հավաքվել են հրեաներ և հուդայականություն ընդունած այլազգիներ։ Նրանք հեռվից են եկել Երուսաղեմ՝ Հռոմից՝ արևմուտքում, և Պարթևքից՝ արևելքում։ Բազմության միջից լսվում են տարբեր լեզուներով խոսող մարդկանց ձայներ. Հիսուսի աշակերտները, որ խոսում են նրանց հետ, գալիլեացիներ են։ Ներկաներից մի քանիսը տարակուսած հարցնում են. «Ինչպե՞ս է, որ մեզանից ամեն մեկը լսում է իր իսկ լեզվով, որի մեջ ծնվել է» (Գործ. 2։8)։
Պետրոս առաքյալը կանգնում է ու բացատրում, թե որն է նրանց տեսած հրաշքի պատճառը։ Արձագանքը երկար սպասել չի տալիս. հազարավոր մարդիկ են մկրտվում (Գործ. 2։41)։ Չնայած որ ժողովը արագորեն աճում է, այն մնում է միաբան։ Ավետարանագիր Ղուկասն ասում է. «Հավատացյալների բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի ուներ» (Գործ. 4։32)։
33 թ. Պենտեկոստեին մկրտված հազարավոր մարդիկ ցանկանում են ավելի երկար մնալ Երուսաղեմում, որպեսզի ավելի շատ բան սովորեն իրենց նոր հավատի մասին։ Բայց քանի որ չէին նախատեսել, որ սպասվածից ավելի երկար կմնան, նրանք օգնության կարիք ունեն։ Եղբայրները հանգանակություն են կազմակերպում։ Որոշ հավատացյալներ կամավոր վաճառում են իրենց ունեցվածքը և ստացված գումարը տալիս առաքյալներին, որ նրանք օգնեն կարիքավորներին (Գործ. 2։42–47)։ Սիրո և առատաձեռնության ինչպիսի՜ օրինակ։
Ճշմարիտ քրիստոնյաները միշտ էլ ունեցել են սիրո և առատաձեռնության ոգի։ Այսօր քրիստոնեական ժողովը շարունակում է ծառայել Եհովային միասնաբար՝ «մեկ սրտով ու մեկ հոգով»։ Յուրաքանչյուր քրիստոնյա առատաձեռնորեն տրամադրում է իր ժամանակը, ուժերը և նյութական միջոցները բարի լուրը քարոզելու և Աստծու Թագավորության շահերը առաջ տանելու գործին (տե՛ս «Ինչպես են ոմանք նվիրաբերություններ կատարում» շրջանակը)։
[շրջանակ 6–րդ էջի վրա]
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՈՄԱՆՔ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՒՄ Ի ՆՊԱՍՏ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ
Շատերը իրենց բյուջեից որոշակի գումար են հատկացնում Թագավորության գործին աջակցելու նպատակով և այն գցում են նվիրաբերությունների արկղը, որի վրա գրված է՝ «Համաշխարհային գործի համար»։
Ամեն ամիս այդ նվիրաբերությունները ժողովներից ուղարկվում են Եհովայի վկաների տեղի մասնաճյուղ։ Կամավոր դրամական նվիրաբերությունները կարելի է նաև անմիջապես ուղարկել այն մասնաճյուղ, որը հոգ է տանում այդ երկրի մասին։ Հարկավոր է գումարին կցել մի համառոտ նամակ և այնտեղ նշել, որ դա նվեր է, կամ՝ նվիրաբերություն։
ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՅԼ ԿԵՐՊԵՐ
Դրամական նվիրաբերություններից բացի՝ մի շարք երկրներում կան Թագավորության համաշխարհային գործին աջակցելու ուրիշ հնարավորություններ ևս։ Դրանցից են.
Անշարժ գույք։ Վաճառքի համար պիտանի անշարժ գույքը անհատը կարող է կա՛մ նվիրաբերել որպես նվեր անմիջապես մասնաճյուղին, կա՛մ նվիրաբերել՝ պահպանելով նվիրատուի՝ գույքի սեփականությանը տիրելու ցմահ իրավունքը՝ շարունակելով ապրել այնտեղ մինչև իր կյանքի վերջը։ Եթե որևէ մեկը ցանկանում է նվիրաբերել իր սեփականությունը, ապա փաստաթղթերը ձևակերպելուց առաջ հարկավոր է կապ հաստատել մասնաճյուղի հետ։
Կտակ։ Մասնաճյուղին կարելի է ունեցվածք կամ դրամ փոխանցել կտակի ձևով։ Այն պետք է կազմվի օրենքով սահմանված կարգով։ Կտակի պատճենը հարկավոր է ուղարկել մասնաճյուղ։
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ «Դիտարան» ընկերության տեղի գրասենյակից։