Պատրաստակամության ոգին մարդկանց բերում է «Գաղաադ»
«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի նպատակն է՝ պատրաստել Աստծուն նվիրված տղամարդկանց և կանանց՝ օտար երկրներում միսիոներական ծառայություն կատարելու։ Իսկ ո՞ւմ են հրավիրում «Գաղաադ»։ Նրանց, ովքեր պատրաստակամության ոգի են ցուցաբերում (Սաղմոս 110։3)։ Դա ակնհայտ դարձավ, երբ 2001 թ. սեպտեմբերի 8–ին ավարտվեցին 111–րդ դասարանի դասընթացները։
Այս դասարանի ուսանողներից ոմանք արդեն իսկ պատրաստակամության ոգի էին ցուցաբերել. նրանք թողել էին իրենց ընտանիքները, ընկերներին և հայրենի երկիրը, որպեսզի ծառայեն այնտեղ, որտեղ կարիքը ավելի շատ է։ Այդպիսով նրանք իրենց ստուգելու հնարավորություն էին ստացել՝ տեսնելու, թե արդյոք կկարողանան հարմարվել նոր միջավայրին։ Օրինակ՝ Ռիշեյն ու Նատալին այնպես էին դասավորել իրենց գործերը, որ կարողանան Աստծո Թագավորության բարի լուրը տարածելու նպատակով տեղափոխվել Բոլիվիա, Թոդն ու Միշելը՝ Դոմինիկյան հանրապետություն, իսկ Դավիթն ու Մոնիկան՝ ասիական պետություններից մեկը։ Որոշ ուսանողներ էլ ծառայել էին Նիկարագուայում, Էկվադորում և Ալբանիայում։
Քրիստիին դպրոցում խրախուսել էին իսպաներեն սովորել։ Դրա շնորհիվ նա, մինչև ամուսնանալը, կարողացավ երկու տարի ծառայել Էկվադորում։ Ոմանք էլ համագործակցել էին իրենց երկրների օտարալեզու ժողովների հետ։ Սաուլն ու Փրիշիլան իրենց պատրաստակամության ոգին այլ կերպ էին ցուցաբերել. նախքան դպրոց գալը նրանք մեծ ջանքեր էին թափել, որպեսզի բարելավեն իրենց անգլերենը։
Ուսուցման համար նախատեսված 20 շաբաթները արագ անցան։ Հասավ ավարտականի օրը։ Շրջանավարտները, որոնց հետ էին նաև իրենց ընկերներն ու հարազատները, իմաստուն խորհուրդներ և հրաժեշտի ոգևորիչ խոսքեր լսեցին։
Ծրագրի նախագահողն էր Թեոդոր Յարաչը («Գաղաադ» դպրոցի յոթերորդ դասարանի շրջանավարտ, որն այժմ ծառայում է որպես Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ)։ Իր բացման խոսքում նա ունկնդիրների ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ «Գաղաադում» ուսանողներ պատրաստելու նպատակը միշտ եղել է ամբողջ աշխարհում բարի լուրի տարածմանը նպաստելը, և որ մեր կազմակերպությունը երբեք չի շեղվել այդ նպատակից (Մարկոս 13։10)։ Քարոզչական գործը ավելի լայն մասշտաբով շարունակելու համար ուսանողները «Գաղաադում» անհրաժեշտ գիտելիքներ են ստանում, իսկ հետո ուղարկվում են աշխարհի այն մասերը, որտեղ հատկապես միսիոներների կարիք կա։ Եղբայր Յարաչը խրախուսեց շրջանավարտներին լավագույն կերպով օգտագործել այդ գիտելիքները, երբ նրանք մեկնեն իրենց նշանակման վայրը հանդիսացող 19 երկրները և միանան այնտեղ արդեն ծառայող միսիոներներին։
Ժամանակահարմար խորհուրդ
Այնուհետև մի շարք ելույթներ ներկայացվեցին։ Միացյալ Նահանգների մասնաճյուղի կոմիտեի անդամ Վիլյամ Վան դե Ուոլը ելույթ ունեցավ «Միսիոներական ոգին ճշմարիտ քրիստոնյաների նշանն է» թեմայով։ Նա ունկնդիրների ուշադրությունը հրավիրեց Մատթէոս 28։19, 20–ում տրված հանձնարարության վրա՝ հորդորելով. «Ընդօրինակեք Հիսուսին, որն իր միսիոներական ծառայությունը կատարեց խանդավառությամբ և մեծ եռանդով»։ Այդ հարցում ապագա միսիոներներին օգնելու համար նա տվեց հետևյալ խորհուրդը. «Գործնական գրաֆիկ կազմեք և հետևեք դրան, մի թողեք անձնական ուսումնասիրություն անելու լավ սովորությունը, շարունակեք հետևել աստվածապետական վերջին հրահանգներին և երբեք մի մոռացեք, թե ինչու եք գտնվում այնտեղ»։
Հետո ելույթ ունեցավ Կառավարիչ մարմնի անդամ Գայ Փիրսը։ Թեման կոչվում էր՝ «Շարունակեք մարզել ձեր ‘բանականությունը’» (Հռովմայեցիս 12։1)։ Նա շրջանավարտներին գործնական խորհուրդներ տվեց՝ հորդորելով գործածել Աստծո կողմից տրված մտածելու և խորհելու իրենց ունակությունը։ «Շարունակեք խորհրդածել այն ամենի շուրջ, ինչը որ իր Խոսքի միջոցով հայտնում է Եհովան։ Դա ձեզ համար պաշտպանություն կլինի»,— ասաց նա (Առակաց 2։11)։ Եղբայր Փիրսը խորհուրդ տվեց նաև դոգմատիկ չլինել, քանի որ դա կխանգարի նրանց գործի դնել դատելու ունակությունները։ Ինչ խոսք, ժամանակին տրված այս հիշեցումները նրանց դեռ պետք կգան միսիոներական ծառայության մեջ։
Այնուհետև նախագահողը ներկայացրեց «Գաղաադ» դպրոցի ուսուցիչներից մեկին՝ Լորենս Բոուենին, որը ելույթ ունեցավ «Ձեր մտքում դրեք ոչինչ չիմանալ» թեմայով։ Նա նշեց, որ Կորնթոսում իր միսիոներական ծառայությունը կատարելիս Պողոս առաքյալն իր «մտքում [չէր] դրել իմանալ.... այլ բան, եթէ ոչ՝ միայն Յիսուս Քրիստոսին եւ նոյն ինքը խաչուածին» (Ա Կորնթացիս 2։2)։ Պողոսը գիտեր, որ Աստվածաշնչի հիմնական լուրը՝ Եհովայի գերիշխանության արդարացումը իր խոստացած «սերունդի» միջոցով, ներշնչված է տիեզերքի մեծագույն զորությամբ՝ սուրբ ոգով (Ծննդոց 3։15)։ Դեռևս 48–րդ դասարանի շրջանավարտներին կոչ էր արվել լինել Պողոսի և Տիմոթեոսի նման ու հետևել Աստվածաշնչի «ողջամիտ խօսքերին», քանի որ այդ անելով՝ նրանք հաջողության կհասնեին իրենց միսիոներական ծառայության մեջ (Բ Տիմոթէոս 1։13)։
«Գնահատեք ձեր առանձնաշնորհումը՝ Աստծո պարգևը». այդպես էր կոչվում բացման ելույթների շարքի վերջին թեման։ «Գաղաադ» դպրոցի քարտուղար Ուոլաս Լիվերանսը օգնեց շրջանավարտներին հասկանալ, որ ծառայողական առանձնաշնորհումները Աստծո շնորհն են, ոչ թե մի բան, որն ունենալու իրավունքը նրանք ունեին կամ որը վաստակել էին։ Բերելով Պողոս առաքյալի օրինակը՝ եղբայր Լիվերանսը նշեց. «Պողոսի արած գործերը չէին պատճառը, որ Եհովան նրան հեթանոսների առաքյալ ընտրեց։ Հակառակ դեպքում՝ այնպիսի տպավորություն կստեղծվեր, թե Պողոսը վաստակել է այդ իրավունքը կամ արժանացել դրան։ Այդ ընտրությունը կախված չէր նաև այն բանից, թե որքան ժամանակ էր նա անցկացրել ծառայության մեջ կամ ինչ փորձ էր ձեռք բերել։ Մարդկային տեսանկյունից դատելով՝ գուցե տրամաբանական թվա, որ Բառնաբասը պետք է ընտրվեր։ Պողոսի ընտրությունը կախված չէր նաև նրա ընդունակություններից. Ապողոսն, օրինակ, ավելի պերճախոս էր։ Դա Եհովայի շնորհն էր» (Եփեսացիս 3։7, 8)։ Եղբայր Լիվերանսը հորդորեց շրջանավարտներին օգտագործել այդ պարգև–առանձնաշնորհումը՝ մարդկանց օգնելու համար, որպեսզի նրանք դառնան Աստծո բարեկամներ և ստանան «Աստծու շնորհը՝ յաւիտենական կեանքը՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսի միջոցով» (Հռովմայեցիս 6։23)։
Այնուհետև «Գաղաադ» դպրոցի մեկ այլ ուսուցիչ Մարկ Նումարը մի քանի ուսանողների հետ աշխույժ հարցազրույց անցկացրեց «Նախապատրաստվելը լավ արդյունքների է բերում» թեմայով (Առակաց 21։5)։ Նրանց պատմած օրինակները ցույց տվեցին, որ եթե քարոզիչը լավ պատրաստվի ծառայությանը, հատկապես՝ եթե նա պատրաստի իր սիրտը, ապա կկարողանա անկեղծ հետաքրքրություն ցուցաբերել մարդկանց հանդեպ։ Նա միշտ էլ վստահությամբ կխոսի՝ ասելով ու անելով այն, ինչը հոգևորապես կօգնի ուրիշներին։ «Սա է միսիոներական ծառայության մեջ հաջողության հասնելու բանալին»,— նշեց եղբայր Նումարը՝ պատմելով Աֆրիկայում միսիոներ եղած ժամանակ իր իսկ սեփական փորձից։
Միսիոներական ծառայությունը բավականություն պատճառող ուղի է
Ռալֆ Ուոլսն ու Չարլզ Վուդին հարցազրույց անցկացրեցին մի քանի փորձառու միսիոներների հետ, որոնք հատուկ ուսուցում ստանալու նպատակով նույնպես գտնվում էին Պատերսոնի կրթական կենտրոնում։ Հարցազրույցի ժամանակ ընդգծվեց այն միտքը, որ միսիոներական ծառայության մեջ ուրախություն գտնելու համար հարկավոր է սիրել մարդկանց։ Փորձառու միսիոներները պատմեցին այն մասին, որ միսիոներական ծառայությունը բավականություն պատճառող ուղի է։ Ուսանողները և դահլիճում գտնվող իրենց հարազատներն ու ընկերները քաջալերություն ստացան՝ անձամբ նրանցից լսելով այդ մասին։
Ջոն Բարը, որը ծառայում է որպես Կառավարիչ մարմնի անդամ, ներկայացրեց օրվա գլխավոր ելույթը՝ «Եհովային նոր երգ երգեցեք» վերնագրով (Եսայիա 42։10)։ Եղբայր Բարը նշեց, որ «նոր երգ» արտահայտությունը Աստվածաշնչում օգտագործվում է ինը անգամ։ Հետո նա հետևյալ հարցը տվեց. «Իսկ ինչի՞ մասին է այդ նոր երգը»։ Ապա պատասխանեց՝ ասելով. «Համատեքստից երևում է, որ նոր երգը երգվում է այն պատճառով, որ Եհովայի գերիշխանությունը նոր ձևերով է դրսևորվում»։ Նա կոչ արեց ուսանողներին միշտ ձայնակցել մեսիական Թագավոր Հիսուս Քրիստոսի ղեկավարության ներքո գտնվող Աստծո հաղթական Թագավորության փառաբանման երգին։ Եղբայր Բարը նշեց, որ «Գաղաադում» ստացած կրթության շնորհիվ նրանք այժմ ավելի լավ են հասկանում այդ «նոր երգի» տարբեր երեսակները։ «Դասընթացների ժամանակ շեշտվել է՝ ուր էլ որ գնալու լինեք, Եհովային «գովերգեք»՝ եղբայրների և քույրերի հետ ներդաշնակ. ձեր նշանակման վայրերում միշտ նպաստեք միասնությանը»։
Դիպլոմները ստանալուց հետո շրջանավարտներից մեկը կարդաց դասարանի նամակը, որում նրանք իրենց խորին շնորհակալությունն էին հայտնում «Գաղաադում» ստացած կրթության համար։
Իսկ ի՞նչ կարելի է ասել ձեր մասին. կարո՞ղ եք դուք նույնպես ընդարձակել ձեր ծառայությունը և ավելի արդյունավետ դարձնել այն։ Եթե այո, ապա այս շրջանավարտների նման դուք էլ ցուցաբերեք պատրաստակամության նույն ոգին։ Չէ՞ որ դա օգնեց նրանց միսիոներական ծառայություն սկսելու։ Իսկապես, ուրախությունը մեծ է լինում, երբ մարդ պատրաստակամորեն իրեն տրամադրում է Աստծուն ծառայելուն (Եսայիա 6։8)։
[նկար 25–րդ էջի վրա]
ԴԱՍԱՐԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ներկայացված երկրների թիվը՝ 10
Նշանակման երկրները՝ 19
Ուսանողների թիվը՝ 48
Միջին տարիքը՝ 33.2
Ճշմարտության մեջ տարիների միջինը՝ 16.8
Լիաժամ ծառայության մեջ տարիների միջինը՝ 12.6
[նկար 26–րդ էջի վրա]
«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 111–րդ դասարանի շրջանավարտները
Հետևյալ ցուցակում շարքերի թվարկումը սկսվում է ներքևից վերև, իսկ անուններինը՝ ըստ շարքերի՝ ձախից աջ.
1) Յոմանս Ք., Թոքարի Ա., Նունյես Ս., Ֆիլիպս Ջ., Դոքին Մ., Սիլվեստրի Փ., 2) Մոռե Ն., Բայնի Ջ., Լոփեզ Մ., Վան Հաութ Մ., Քանտու Ա., Սիլվաշի Ֆ., 3) Վիլյամս Մ., Իթու Մ., Վան Քոյլի Ս., Լեվերինգ Դ., Ֆուզել Ֆ., Գայսլեր Ս., 4) Յոմանս Ջ., Մոս Մ., Հաջինս Մ., Դեդինգ Ս., Բրիսենյո Ջ., Ֆիլիպս Մ., 5) Լոփեզ Ջ., Իթու Թ., Սոմերուդ Ս., Քոզա Ք., Ֆուզել Ժ., Մոս Դ., 6) Վիլյամս Դ., Դեդինգ Ռ., Գայսլեր Մ., Մոռե Ռ., Բայնի Ս., Քանտու Լ., 7) Դոքին Մ., Հաջինս Թ., Լեվերինգ Մ., Սիլվեստրի Ս., Վան Հաութ Դ., Բրիսենյո Ա., 8) Վան Քոյլի Մ., Նունյես Ա., Քոզա Բ., Սոմերուդ Ջ., Թոքարի Ս., Սիլվաշի Պ.։