Ունեցիր Եհովայի տեսակետը
ԱՐԵՎԱՅԻՆ այդ տաք օրը՝ 2002թ. սեպտեմբերի 14–ին, Պատերսոնի կրթական կենտրոնում (Նյու Յորք) ու Եհովայի վկաների երկու ուրիշ համալիրներում հավաքվեց մի բազմազգ հասարակություն՝ 6 521 հոգուց բաղկացած։ Նրանք եկել էին մասնակցելու «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 113–րդ դասարանի ավարտական ծրագրին։ Ուսանողները, որ եկել էին 14 երկրներից, վերջին հինգ ամիսներն անցկացրել էին՝ նախապատրաստվելով միսիոներական ծառայության այն 19 երկրներում, ուր ուղարկվելու էին։
Ծրագրի նախագահողն էր Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ 98–ամյա Քերի Բարբերը։ Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, թե ինչ ժառանգություն է թողել «Գաղաադ» դպրոցը իր գրեթե 60–ամյա գործունեության ընթացքում՝ հազարավոր մարդկանց նախապատրաստելով միսիոներական ծառայության։ Եղբայր Բարբերն ասաց. «Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ այս կրթությունը անչափ մեծ արդյունքներ է բերել։ Պատրաստված միսիոներների օգնության շնորհիվ՝ ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր խոնարհ անհատներ նվիրվել են Եհովային, ընդունել ճշմարիտ հավատը ու սկսել են սուրբ ծառայություն մատուցել»։
Նախքան «Գաղաադ» գալը՝ ուսանողներից շատերն արդեն գործով ցույց են տվել, որ ցանկանում են ընդարձակել իրենց ծառայությունը։ Զույգերից մեկն, օրինակ, մի տարի հաճախել էր դասընթացների՝ սովորելու համար չինարենի բարբառներից մեկը, որպեսզի կարողանա քարոզել Կանադայում բնակություն հաստատած բազմաթիվ չինացիների։ Մեկ ուրիշ զույգ էլ սովորել էր ալբաներեն և տեղափոխվել Ալբանիա, որտեղ գնալով աճում է մարդկանց հետաքրքրությունը Աստվածաշնչի հանդեպ։ Մյուսները եկել էին Հունգարիայից, Գվատեմալայից և Դոմինիկյան Հանրապետությունից, ուր տեղափոխվել էին, որպեսզի ծառայեն այն տարածքներում, որտեղ Աստծո Խոսքի ուսուցիչների մեծ կարիք կա։
Իրենց նշանակման վայրերը (Աֆրիկա, Արևելյան Եվրոպա, Կենտրոնական և Հարավային Ամերիկա ու Հեռավոր Արևելք) մեկնելիս բոլոր շրջանավարտները հորդոր ստացան՝ իրենց բոլոր գործերում հաշվի առնել Աստծո տեսակետը։
Նայել՝ Եհովայի տեսանկյունից
Բացման խոսքերն ասելուց հետո եղբայր Բարբերը ներկայացրեց Միացյալ Նահանգների մասնաճյուղի կոմիտեի անդամ Մաքսվել Լոյդին, որը ելույթ ունեցավ «Բոլոր հարցերին նայիր Եհովայի տեսանկյունից» թեմայով։ Եղբայր Լոյդը ունկնդիրների ուշադրությունը հրավիրեց Դավիթի և Աստծո Որդի Հիսուսի օրինակների վրա (Ա Թագաւորաց 24։7; 26։11; Ղուկաս 22։42)։ Ուսանողներին հիշեցնելով, որ Աստվածաշնչի հնգամսյա ուսուցումն օգնել է, որ նրանք հարցերին նայեն Աստծո տեսանկյունից՝ նա ասաց. «Ձեր նշանակման վայրերում կօգնե՞ք արդյոք Աստվածաշունչ ուսումնասիրող անհատներին, որ նրանք էլ փորձեն ամեն ինչին նայել Աստծո տեսանկյունից»։ Իսկ խորհուրդ տալու կապակցությամբ եղբայր Լոյդն ասաց. «Մի ասեք՝ իմ կարծիքով, ես գտնում եմ... Փոխարենը՝ օգնեք նրանց հասկանալ Եհովայի տեսակետը։ Եթե այդպես վարվեք, ապա իսկական օրհնություն կլինեք այն մարդկանց համար, ում հետ համագործակցելու եք»։
Ծրագրի հաջորդ մասը ներկայացրեց Կառավարիչ մարմնի անդամ Գերիտ Լյոշը։ «Ես քեզ հետ եմ» թեմայով ելույթ ունենալիս նա ցույց տվեց, թե որքան հաճախ է Եհովան իր հավատարիմ ծառաներին ասել. «Ես քեզ հետ եմ» (Ծննդոց 26։23, 24; 28։15; Յեսու 1։5; Երեմիա 1։7, 8)։ Եթե պահպանում ենք մեր հավատարմությունը, ապա կարող ենք Եհովայի հանդեպ նույն վստահությունն ունենալ նաև այսօր։ Եղբայր Լյոշը նշեց. «Գուցե ձեզ մտահոգում է, թե կկարողանաք արդյոք գտնել այնպիսի մարդկանց, ովքեր կցանկանան ուսումնասիրել Աստվածաշունչը։ Այդ դեպքում հիշեք, որ Եհովան ասել է. «Ես քեզ հետ եմ»։ Գուցե անհանգստանում եք, թե ինչպես եք բավարարելու ձեր ֆիզիկական կարիքները։ Եհովան ասել է. «Չեմ թողիլ քեզ եւ երեսից չեմ գցիլ» (Եբրայեցիս 13։5)»։ Իր ելույթի վերջում նա հիշեցրեց ուսանողներին, որ Հիսուսը նույնպես խոստացել է լինել իր հավատարիմ հետևորդների հետ, որոնք կատարելու էին աշակերտներ պատրաստելու գործը (Մատթէոս 28։20)։
«Կրակով փորձվելիս ապահովություն կգըտնե՞ք». այս թեմայով ելույթ ունեցավ «Գաղաադի» ուսուցիչ Լորենս Բոուենը։ Նա նշեց, որ Եդեմում բարձրացված վիճաբանական հարցերի պատճառով բոլոր նրանք, ովքեր ցանկանում են բացարձակ նվիրվածություն ցուցաբերել Եհովայի հանդեպ, դժվարությունների ու երբեմն էլ կրակե փորձությունների են հանդիպելու։ Նա քաջալերեց շրջանավարտներին հետևել Հիսուսի օրինակին, որն իսկական ապահովություն գտավ՝ ամբողջովին ապավինելով Եհովային և չխուսափելով այն կրակե փորձություններից, որ Աստված թույլ էր տվել կատարյալ հնազանդություն սովորեցնելու համար իր Որդուն (Եբրայեցիս 5։8, 9)։ Եհովային կարելի է համեմատել ոսկի զտող անհատի հետ, որը ոսկին խառնուրդներից մաքրելու համար պահպանում է հարկ եղած ջերմությունը։ Սակայն շատ ավելի մեծ ապահովություն կարող է տալ կրակով փորձված հավատը։ Ինչո՞ւ։ «Քանի որ «զտված» հավատը կարող է օգնել դիմագրավելու ցանկացած փորձություն և ‘մինչև վերջ’ համբերություն ցուցաբերելու»,— ասաց եղբայր Բոուենը (Մատթէոս 24։13)։
«Իսկ դու հաճելի լինելո՞ւ ես». ահա այսպիսի մի հարց տվեց Մարկ Նումարը՝ «Գաղաադ» դպրոցի ուսուցիչներից մեկը։ Նրա թեմայի հիմքում ընկած էր Ա Թագավորաց 2։26–ը. այնտեղ ասվում է, որ Սամուելը «հաճելի էր թէ Տիրոջը եւ թէ մարդկանցը»։ Սամուելի օրինակի մասին խոսելուց հետո եղբայր Նումարը, որ ավելի քան 10 տարի անցկացրել էր Աֆրիկայում՝ միսիոներական ծառայության մեջ, ասաց. «Դուք նույնպես կարող եք հաճելի դառնալ Աստծուն, եթե հավատարմություն ցուցաբերեք ու շարունակեք այն ծառայությունը, որ Աստված հանձնարարել է։ Նա ձեզ հանձնարարել է միսիոներական ծառայություն կատարելու գործը, որ թանկագին մի բան է»։ Ուստի եղբայր Նումարը քաջալերեց շրջանավարտներին իրենց նշանակումները դիտել որպես Աստծո կողմից վստահված սուրբ մի բան և իրենց պարտականությունները կատարելիս ցուցաբերել Եհովայի տեսակետը։
«Գաղաադում» սովորելու ընթացքում՝ հանգստյան օրերին, ուսանողները շատ հնարավորություններ ունեցան այդ տարածքում ապրող մարդկանց պատմելու «Աստուծոյ մեծամեծ բաներ[ի]» մասին, որ նկարագրված են Աստվածաշնչում (Գործք 2։11)։ Ի դեպ, նրանք քարոզել են տասը լեզուներով։ «Գաղաադի» ուսուցիչներից Ուոլաս Լիվերանսը հարցազրույց անցկացրեց ուսանողների հետ, և նրանք պատմեցին իրենց հետ տեղի ունեցած դեպքերից։ Ծրագրի այդ մասը կոչվում էր «Աստծո մեծամեծ բաները մղում են գործողությունների»։ Եղբայր Լիվերանսն ասաց. «Պենտեկոստեի օրը վերնատանը հավաքվածներին ոգին մղեց խոսելու «Աստուծոյ մեծամեծ բաներ[ի]» մասին։ Նույն ոգին գործում է նաև այսօր Աստծո բոլոր հավատարիմ ծառաների մեջ»։ Նրա ելույթից ոգևորված՝ ոմանք նույնիսկ որոշեցին նոր լեզուներ սովորել, որպեսզի հնարավորություն ունենան ավելի շատ մարդկանց վկայություն տալու։
Գործնական խորհուրդ՝ Աստծո տեսակետն ունենալու առնչությամբ
Բացման ելույթներից հետո Միացյալ Նահանգների մասնաճյուղում ծառայող Գարի Բրոն ու Վիլյամ Յանգը հարցազրույց վերցրին տարբեր մասնաճյուղերի կոմիտեների անդամներից (այդ մասնաճյուղերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում այսօր ծառայում են միսիոներներ), ինչպես նաև մի զույգից, որը 41 տարի անցկացրել է միսիոներական ծառայության մեջ։ Նրանց տված խորհուրդներից մեկը հետևյալն էր. «Երկար են ծառայում այն անհատները, ովքեր քիչ պահանջներ են ներկայացնում։ Նրանք իրենց մտքում վառ են պահում իրենց՝ այնտեղ գնալու նպատակը։ Նրանք գիտեն, որ եկել են քարոզելու բարի լուրը և օգնելու մարդկանց ճանաչել Եհովային»։
Վերջին ելույթը ներկայացրեց Կառավարիչ մարմնի անդամ Դեյվիդ Սփլեյնը։ Այն կոչվում էր «Դու հեռու չես գնում»։ Ի՞նչ նկատի ուներ նա. չէ՞ որ 46 շրջանավարտներն ուղարկվելու էին աշխարհի տարբեր ծայրերը։ Ահա թե ինչ է ասում եղբայր Սփլեյնը. «Անկախ այն բանից, թե աշխարհի որ մասում ես գտնվում՝ քանի դեռ հավատարիմ ես, կլինես Աստծո տանը»։ Այո՛, անկախ այն բանից թե ֆիզիկապես որտեղ ենք գտնվում՝ եթե հավատարիմ քրիստոնյա ենք, ապա ծառայում ենք Աստծո մեծ հոգևոր տաճարում՝ նրա տանը, որ սկսեց գործել առաջին դարում՝ Հիսուսի մկրտությամբ (Եբրայեցիս 9։8, 9)։ Որքա՜ն մխիթարական էր բոլոր ներկաների համար իմանալ, որ Եհովան մոտ է երկրի վրա իրեն հավատարմորեն ծառայող յուրաքանչյուր անհատի։ Ուստի՝ երկրպագության հետ կապված հարցերում մենք երբեք հեռու չենք ո՛չ իրարից, ո՛չ էլ Եհովայից ու Հիսուսից։
Այնուհետև հաղորդվեցին ողջույններ՝ աշխարհի տարբեր մասերից, հայտարարվեցին նշանակման վայրերը և ընթերցվեց դասարանի նամակը, որում շրջանավարտներն իրենց երախտագիտությունն էին արտահայտում «Գաղաադում» ստացած կրթության համար։ Իսկ հետո նախագահողը ավարտեց ծրագիրը։ Նա քաջալերեց նոր միսիոներներին շարունակել իրենց բարի գործը և ուրախություն ստանալ Եհովային ծառայելուց (Փիլիպպեցիս 3։1)։
[շրջանակ 23–րդ էջի վրա]
ԴԱՍԱՐԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ներկայացված երկրների թիվը՝ 14
Նշանակման երկրները՝ 19
Ուսանողների թիվը՝ 46
Միջին տարիքը՝ 35.0
Ճշմարտության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 17.2
Լիաժամ ծառայության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 13.7
[նկար 24–րդ էջի վրա]
«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 113–րդ դասարանի շրջանավարտները
Հետևյալ ցուցակում շարքերի թվարկումը սկսվում է ներքևից վերև, իսկ անուններինը՝ ըստ շարքերի՝ ձախից աջ.
1) Լիխարթ Մ., Հոսոի Ս., Բերքթոլդ Ա., Լիմ Ք., Աոկի Ջ., 2) Բագիաշ Յ., Բուքե Ս., Բոսի Ա., Ալթոն Ջ., Էյսկոբար Ի., Էյսկոբար Ֆ., 3) Ստոիկա Ա., Ստոիկա Դ., Ֆրիմութ Շ., Կարլսոն Մ., Լեբլան Ռ., 4) Բիանկի Ռ., Բիանկի Ս., Կամինսկի Լ., Ջոզեֆ Լ., Փարիս Ս., Լեբլան Լ., 5) Փարիս Մ., Սկիդմոր Բ., Հորթոն Ջ., Հորթոն Լ., Սկիդմոր Գ., 6) Լիմ Բ., Ալթոն Գ., Քվիրիսի Է., Լանգլոի Մ., Սթայնինգեր Ս., Աոկի Հ., 7) Լանգլոի Ջ., Սթայնինգեր Մ., Բոսի Ֆ., Կամինսկի Ջ., Բուքե Ջ., Լիխարթ Է., Հոսոի Կ., 8) Բագիաշ Ջ., Քվիրիսի Մ., Կարլսոն Լ., Ֆրիմութ Ք., Բերքթոլդ Վ., Ջոզեֆ Ռ.