Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 3/15 էջ 29–31
  • Զմռսում. քրիստոնյաների համա՞ր է այն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Զմռսում. քրիստոնյաների համա՞ր է այն
  • 2002 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Որտե՞ղ է սկիզբ առել այդ սովորությունը
  • Քրիստոնյաների համար ընդունելի՞ է
  • Հիշո՞ւմ եք
    2002 Դիտարան
  • Գիտեի՞ք արդյոք
    2013 Դիտարան
  • Արքային վայել նվերներ
    2015 Դիտարան
  • Հիսուսի մարմինը պատրաստում են թաղման համար և դնում են գերեզմանում
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
2002 Դիտարան
w02 3/15 էջ 29–31

Զմռսում. քրիստոնյաների համա՞ր է այն

Գիտակցելով, որ իր վախճանը մոտ է՝ Աստծո հավատարիմ ծառա նահապետ Հակոբը արտահայտեց իր վերջին խնդրանքը. «Իմ հայրերի հետ այն այրի մէջ թաղեցէք ինձ, որ Քետացի Եփրոնի արտումն է. այն այրի մէջ, որ Քանանի երկրումը Մամբրէի դիմաց եղող Մաքփելայի արտումն է» (Ծննդոց 49։29–31)։

ՀԱՐԳԵԼՈՎ իր հոր խնդրանքը՝ Հովսեփը կատարեց այն՝ կիրառելով Եգիպտոսում այդ ժամանակ գոյություն ունեցող մի սովորություն։ Նա «իր բժիշկ ծառաներին հրամայեց որ իր հօրը զմռսեն»։ Համաձայն Ծննդոց գրքի 50–րդ գլխի՝ մահացածի մարմինը պատրաստելու համար 40 օր պահանջվեց։ Հակոբի զմռսումը հնարավորություն տվեց, որ նրա ընտանիքի անդամներից և Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած մեծ ու դանդաղ ընթացող քարավանը 400 կմ ճանապարհ անցնի Հակոբի աճյունը Քեբրոնում հողին հանձնելու համար (Ծննդոց 50։1–14)։

Իսկ հնարավո՞ր է արդյոք, որ Հակոբի զմռսված մարմինը մի օր հայտնաբերվի։ Հազիվ թե։ Քանի որ Իսրայելը ջրառատ երկիր է, հնէաբանական պեղումների ժամանակ քիչ տեսակի իրեր են հայտնաբերվել այնտեղ (Ելից 3։8)։ Ու թեև մետաղից ու քարից պատրաստված հին առարկաներ շատ են գտնվել, շուտ վնասվող առարկաների մեծ մասը, ինչպես օրինակ՝ հագուստը, կաշին և զմռսված մարմինները չեն դիմացել խոնավությանն ու ժամանակի ընթացքում բնության մեջ տեղի ունեցած փոփոխություններին։

Սակայն ի՞նչ է իրենից ներկայացնում զմռսումը։ Ինչո՞ւ է այն կատարվել։ Ընդունելի՞ է արդյոք քրիստոնյաների համար։

Որտե՞ղ է սկիզբ առել այդ սովորությունը

Զմռսել՝ նշանակում է պահպանել մարդու կամ կենդանու դիակը։ Պատմաբանները այն կարծիքին են, որ զմռսումը ծնունդ է առել Եգիպտոսում, սակայն կիրառվել է նաև հին Ասորեստանում, Պարսկաստանում և Սկյութիայում։ Մարդիկ, ըստ երևույթին, սկսեցին դրանով հետաքրքրվել՝ հայտնաբերելով անապատի ավազի մեջ թաղված մարմիններ, որոնք լավ էին պահպանվել։ Թաղման այդպիսի եղանակը պետք է պահպաներ դիակը խոնավության և օդի ազդեցությունից՝ այդպիսով նվազեցնելով նրա փտման արագությունը։ Ոմանց կարծիքով՝ մարդկանց սկսել են զմռսել այն ժամանակվանից, երբ հայտնաբերվել է, որ մարմինները պահպանվում են նատրիումի կարբոնատի (կաուստիկ սոդա) մեջ (Եգիպտոսը հարուստ է այդ ալկալիով)։

Զմռսողի նպատակն է՝ պարզապես կանգնեցնել այն բնական բակտերիոլոգիական պրոցեսը, որը սկսվում է մահանալուց մի քանի ժամ հետո՝ դառնալով դիակի փտման պատճառը։ Եթե այդ պրոցեսը կասեցվի, փտումը կդադարի կամ ծայրահեղ դեպքում զգալիորեն կդանդաղի։ Զմռսելիս երեք նպատակ են հետապնդում՝ անել այնպես, որ դիակը կենդանի մարդու տեսք ունենա, չփտի և պաշտպանված լինի միջատների վնասակար ազդեցությունից։

Հին եգիպտացիները իրենց մահացածներին զմռսում էին՝ հիմնականում կրոնական նկատառումներով։ Համաձայն այն տեսակետի, որ նրանք ունեին հանդերձյալ կյանքի մասին՝ մահացածները ցանկանում են կապ պահպանել ֆիզիկական աշխարհի հետ։ Եգիպտացիները հավատում էին, որ իրենց մարմինները հավիտենության ընթացքում կօգտագործվեն և նորից կյանքի կկոչվեն։ Թեև զմռսումը լայն տարածում ուներ, սակայն մինչև հիմա գտնված եգիպտական ոչ մի արձանագրության մեջ ոչինչ չի ասվում նրա կատարման եղանակի մասին։ Այդ հարցի վերաբերյալ լավագույն բացատրությունը տրվում է հույն պատմիչ Հերոդոտոսի արձանագրություններում (մ.թ.ա. 5 –րդ դար)։ Սակայն ասում են, որ Հերոդոտոսի կողմից արձանագրված ցուցումները կիրառելու փորձերը ցանկալի արդյունքներ չեն տվել։

Քրիստոնյաների համար ընդունելի՞ է

Հակոբին զմռսել են բոլորովին այլ կրոնական համոզմունքներ ունեցող մարդիկ։ Դժվար թե Հովսեփը իր հոր մարմինը բժիշկներին հանձնելիս համաձայներ, որ զմռսումը ուղեկցվեր աղոթքներով ու ծիսակատարություններով, ինչպես սովորաբար արվում էր Եգիպտոսում այդ ժամանակ։ Թե՛ Հակոբը և թե՛Հովսեփը հավատի մարդիկ էին (Եբրայեցիս 11։21, 22)։ Թեև, ըստ երևույթին, Հակոբի զմռսումը չէր կատարվել Աստծո հրամանով, սակայն Գրությունները քննադատաբար չեն խոսում այդ մասին։ Այն նախադեպ չի դարձել իսրայել ժողովրդի կամ քրիստոնեական ժողովի համար։ Ի դեպ, այդ հարցի վերաբերյալ Աստծո Խոսքում որևէ հատուկ ցուցում չի տրվում։ Համաձայն Աստվածաշնչի՝ Եգիպտոսում Հովսեփին նույնպես զմռսեցին։ Այդ երկու դեպքերի նկարագրությունից հետո Գրությունները այլևս ոչինչ չեն ասում զմռսման մասին (Ծննդոց 50։26)։

Պաղեստինում գերեզմանների պեղումների ժամանակ հայտնաբերված դիակների քայքայված վիճակը վկայում է այն մասին, որ հրեաները մահացածներին զմռսելու սովորություն չեն ունեցել. եթե նույնիսկ զմռսել են, ապա, համենայնդեպս, ոչ այնքան երկար ժամանակով։ Ղազարոսին, օրինակ, չէին զմռսել. երբ նրա գերեզմանի մուտքը փակող քարը մի կողմ տարան, այնտեղ գտնվող մարդիկ արտահայտեցին իրենց անհանգստությունը։ Քանի որ արդեն չորս օր էր անցել Ղազարոսի մահվանից, նրա քույրը անհանգստանում էր, որ գերեզմանը բացելուց հետո գարշահոտություն կտարածվի (Յովհաննէս 11։38–44)։

Իսկ Հիսուսին զմռսե՞լ են։ Ավետարանները այդպես մտածելու ոչ մի հիմք չեն տալիս։ Այդ ժամանակ, հրեական սովորության համաձայն, մահացածի մարմինը թաղվելուց առաջ մշակվում էր անուշահոտություններով և բուրավետ յուղերով։ Օրինակ՝ Հիսուսի մարմինը մշակելու համար Նիկոդեմոսը մեծ քանակությամբ անուշահոտություն բերեց (Յովհաննէս 19։38–42)։ Բայց ինչո՞ւ այդքան շատ։ Ըստ երևույթին, Հիսուսի հանդեպ տածած անկեղծ սերն ու հարգանքն էին մղել նրան նման առատաձեռնության։ Հարկ չկա եզրակացնելու, թե անուշահոտությունների օգտագործման նպատակը մարմինը պահպանելն է եղել։

Իսկ եթե որևէ վայրում ավանդաբար ընդունված է զմռսել դիակները, ինչպե՞ս պետք է վարվի քրիստոնյան։ Իրականում զմռսումը անխուսափելին հետաձգելու մի փորձ է միայն. մենք հողից ենք և հող էլ դառնալու ենք (Ծննդոց 3։19)։ Իսկ որքա՞ն կարելի է պահել դիակը։ Եթե ընտանիքի անդամները և ընկերները գալիս են հեռվից ու ցանկություն ունեն մահացածին տեսնելու, ապա այն անկասկած հարկավոր է որոշ չափով զմռսել։

Աստվածաշնչի տեսանկյունից՝ անհանգստանալու պատճառ չկա այն բանի համար, որ տվյալ վայրում պահանջվում է զմռսել մարմինը, կամ էլ ընտանիքի անդամներն են ցանկանում անել դա։ Մահացածները «մի բան չ’գիտեն» (Ժողովող 9։5)։ Եթե նրանք Աստծո հիշողության մեջ են, ապա իր խոստացած նոր աշխարհում նորից կյանքի կկոչվեն (Յոբ 14։13–15; Գործք 24։15; Բ Պետրոս 3։13)։

[շրջանակ/նկար 31–րդ էջի վրա]

ԶՄՌՍՈՒՄՆ ԱՅՍՕՐ և ԱՆՑՅԱԼՈՒՄ

Հին Եգիպտոսում հասարակության մեջ տվյալ ընտանիքի զբաղեցրած դիրքից էր կախված այն, թե ինչ որակի զմռսում կկատարվեր։ Հարուստ ընտանիքը հավանաբար կընտրեր զմռսման հետևյալ տարբերակը. հատուկ մետաղե գործիքի օգնությամբ քթանցքերից հանվում էր ուղեղը։ Հետո՝ համապատասխան դեղորայքով մշակվում էր գանգը։ Ապա՝ պետք է հեռացվեին բոլոր ներքին օրգանները, բացի սրտից ու երիկամներից։ Որովայնի խոռոչին հասնելու համար հարկավոր էր մարմնի վրա կտրվածք անել, իսկ դա մեղք էր համարվում։ Այդ բարդ խնդիրը շրջանցելու նպատակով եգիպտական զմռսողները կտրվածքն անելու համար մի մարդ էին նշանակում, որին անվանում էին «կտրող»։ Այդ կտրվածքն անելուց հետո վերջինս անմիջապես փախչում էր, քանի որ նման «հանցագործության» համար նրան կարող էին անեծքի և քարկոծման ենթարկել։

Որովայնի խոռոչը դատարկելուց հետո այն հիմնավորապես լվանում էին։ Պատմիչ Հերոդոտոսը գրում է. «Նրանք խոռոչը լցնում էին ամենամաքուր, մանրացված զմուռսով, դարչինով և անուշահոտությունների ուրիշ տեսակներով (բացի խնկից), որից հետո կտրվածքը կարում էին»։

Այնուհետև մարմինը ջրազրկում էին՝ այն 70 օր նատրիումի մեջ պահելով։ Այդ ամենից հետո դիակը լվանում էին և վարպետորեն փաթաթում կտավով, իսկ կտավը պատում էին խեժով կամ նման ինչ–որ մածուցիկ նյութով, որը սոսնձի դեր էր կատարում։ Մումիան տեղադրում էին ամբողջովին զարդերով պատված փայտե արկղի մեջ, որն իր ձևով համապատասխանում էր մարդու մարմնի կառուցվածքին։

Այսօր զմռսում կարող են կատարել հաշված ժամերի ընթացքում։ Այն սովորաբար կատարվում է հետևյալ կերպ՝ երակների և զարկերակների, ինչպես նաև որովայնի ու կրծքի խոռոչների մեջ համապատասխան քանակությամբ զմռսանյութ է լցվում։ Տարիների ընթացքում տարբեր տիպի նյութեր են պատրաստվել և օգտագործվել, սակայն գնի և անվտանգության համար որպես զմռսանյութ հիմնականաում օգտագործվում է ֆորմալդեհիդը։

[նկար]

Թութանհամոն թագավորի ոսկե դագաղը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը