Կենսագրություն
Ինձ զորացրեց համաշխարհային եղբայրությունը
Պատմում է Թոմսոն Կանգալեն
1993 թ. ապրիլի 24–ին ինձ հրավիրեցին մասնակցելու Լուսակայի (Զամբիա)՝ 13 շենքերից բաղկացած նոր մասնաճյուղի նվիրման ծրագրին։ Քանի որ դժվարությամբ էի քայլում, մեզ հետ էքսկուրսիա անցկացնող քույրը բարյացակամորեն հարցրեց. «Կցանկանա՞ս, որ քեզ համար մի աթոռ վերցնեմ, որպեսզի ժամանակ առ ժամանակ կարողանաս նստել և հանգստանալ»։ Ես սևամորթ էի, նա՝ սպիտակամորթ, բայց դա նրա համար խոչընդոտ չհանդիսացավ։ Զգացված՝ ես շնորհակալություն հայտնեցի։ Նրա ցուցաբերած բարության շնորհիվ՝ կարողացա մինչև վերջ մասնակցել էքսկուրսիային և տեսնել ամբողջ մասնաճյուղը։
ՆՄԱՆ միջադեպերը տարիներ շարունակ ջերմացրել են իմ սիրտը, և ես ավելի ու ավելի եմ համոզվել, որ Եհովայի վկաների քրիստոնեական եղբայրության մեջ կա այն սերը, որն ըստ Քրիստոսի՝ պետք է բնորոշեր իր ճշմարիտ հետևորդներին (Յովհաննէս 13։35; Ա Պետրոս 2։17)։ Կուզեի պատմել, թե ինչպես ծանոթացա այդ քրիստոնյաների հետ։ Դա տեղի ունեցավ 1931 թ.–ին. այն տարի, երբ նրանք հրապարակավ հայտնեցին, որ ցանկանում են կոչվել Աստվածաշնչից վերցված «Եհովայի վկաներ» անունով (Եսայիա 43։12)։
Սկսում եմ ծառայությունս
1931 թ. նոյեմբերն էր։ Ես 22 տարեկան էի և ապրում էի Կիտվեում, որը գտնվում է Հյուսիսային Ռոդեզիայի (այժմ՝ Զամբիա) Քոփերբելթ շրջանում։ Ընկերներիցս մեկը, որի հետ ֆուտբոլ էի խաղում, ծանոթացրեց ինձ Վկաների հետ։ Ես այցելեցի նրանց հանդիպումներից մի քանիսը, նաև գրեցի Քեյպթաունի (Հարավային Աֆրիկա) մասնաճյուղ՝ խնդրելով «Աստծո քնարը»a գիրքը, որի օգնությամբ կարելի էր ուսումնասիրել Աստվածաշունչը։ Գիրքն անգլերեն էր, և ես դժվարությամբ էի հասկանում այն, քանի որ այդ լեզուն լավ չգիտեի։
Քոփերբելթը գտնվում էր Բանգվեուլու լճից 240 կմ դեպի հարավ–արևմուտք։ Այստեղ էին գալիս մյուս պրովինցիաներում ապրող շատ մարդիկ՝ պղնձի հանքերում աշխատելու։ Շրջանում Եհովայի վկաների մի քանի խումբ կար։ Նրանք կանոնավորապես հանդիպում էին Աստվածաշունչ ուսումնասիրելու համար։ Հետագայում ես Կիտվեից տեղափոխվեցի Նդոլայի մոտերքում գտնվող մի քաղաք։ Այնտեղ նույնպես Եհովայի վկաների մի խումբ կար, և ես շփվում էի նրանց հետ։ Այդ ժամանակ «Ուելսի արքայազն» կոչվող ֆուտբոլային խմբի ավագն էի և միաժամանակ աշխատում էի մի սպիտակամորթ մարդու տանը՝ որպես ծառա։ Այդ մարդը «Աֆրիքն լեյքս» ընկերության տնօրենն էր. ընկերությունը մի շարք խանութներ ուներ կենտրոնական Աֆրիկայում։
Կրթություն գրեթե չէի ստացել։ Մի քիչ անգլերեն գիտեի, որը սովորել էի այն եվրոպացիներից, ում մոտ աշխատում էի։ Քանի որ շատ էի ցանկանում սովորել, սկսեցի հաճախել Փլամթրիի դպրոցը (Հարավային Ռոդեզիա, այժմ՝ Զիմբաբվե)։ Այդ ընթացքում Քեյպթաունի մասնաճյուղ գրեցի երկրորդ նամակս։ Ես տեղեկացրի նրանց, որ ստացել եմ «Աստծո քնարը» գիրքը, և ցանկանում եմ ծառայել Եհովային լիաժամ։
Ի զարմանս ինձ՝ պատասխան ստացա. ինձ գրում էին հետևյալը. «Շատ գովելի է, որ Եհովային ծառայելու ցանկություն ունես։ Աղոթիր այդ մասին, ու Եհովան կօգնի քեզ, որ ավելի լավ հասկանաս ճշմարտությունը, և իրեն ծառայողների շարքում քեզ համար էլ տեղ կգտնի»։ Այդ նամակը մի քանի անգամ կարդացի։ Հետո Եհովայի վկաներին այդ մասին պատմելով՝ հարցրի, թե ինչ անեմ։ Նրանք էլ պատասխանեցին. «Եթե իսկապես ցանկանում ես ծառայել Եհովային, հենց այդպես էլ վարվիր»։
Մի ամբողջ շաբաթ աղոթեցի այդ մասին։ Ի վերջո որոշեցի թողնել ուսումս և նպատակ դրեցի շարունակել Աստվածաշնչի իմ ուսումնասիրությունը Եհովայի վկաների հետ։ Մի տարի անց՝ 1932 թ. հունվարին, նվիրվեցի Եհովա Աստծուն և ի նշան իմ նվիրման՝ ջրի մկրտություն ընդունեցի։ Հետագայում Նդոլայից տեղափոխվեցի մոտակա Լուանշիա քաղաքը, որտեղ հանդիպեցի Ժանետին՝ հավատակցիս։ Մենք ամուսնացանք 1934 թ. սեպտեմբերին։ Ժանետն արդեն մի տղա և մի աղջիկ ուներ։
Աստիճանաբար հոգևորապես աճեցի և 1937 թ.–ին լիաժամ ծառայություն սկսեցի։ Կարճ ժամանակ անց նշանակվեցի շրջագայող ծառայող (այժմ՝ շրջագայող վերակացու). շրջագայող վերակացուները այցելում են ժողովները՝ դրանք հոգևորապես ամրացնելու նպատակով։
Քարոզչությունը վաղ տարիներին
1938 թ. հունվարին այցելեցի աֆրիկյան մի առաջնորդի, որի անունը Սոկոնտվե էր. նա էր խնդրել, որ Եհովայի վկաները իրեն այցելեն։ Երեք օր հեծանիվով ճանապարհ գնացի, մինչև որ տեղ հասա։ Տեղեկանալով, որ ինձ ուղարկել են ի պատասխան Քեյպթաունի մասնաճյուղ գրած նրա նամակի՝ նա իր խորին երախտագիտությունը հայտնեց։
Հյուղակից հյուղակ գնալով՝ ես նրա գյուղի բնակիչներին հրավիրեցի «ինսակա» (հասարակական տաղավար)։ Երբ նրանք հավաքվեցին, սկսեցի խոսել։ Աստվածաշնչի բազում ուսումնասիրություններ սկսվեցին։ Գյուղի առաջնորդն ու նրա օգնականը առաջիններն էին, որ հետագայում այնտեղի ժողովներում վերակացու դարձան։ Այսօր այդ տարածքում (այժմ կոչվում է Սամֆիայի շրջան) ավելի քան 50 ժողով կա։
1942–1947 թթ. ծառայում էի Բանգվեուլու լճի շրջակայքում։ Յուրաքանչյուր ժողովի հետ տաս օր էի անցկացնում։ Հոգևոր հունձ անողները քիչ էին։ Ուստի նույն զգացմունքներն ունեինք, ինչ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, երբ ասաց. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակաւ։ Արդ, աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար» (Մատթէոս 9։36–38)։ Այն օրերում ճանապարհորդելը դժվար էր։ Դրա համար էլ, երբ այցելում էի ժողովները, Ժանետը սովորաբար մնում էր Լուանշիայում երեխաների հետ։ Ես ու Ժանետը երկու ուրիշ երեխա էլ ունեցանք, բայց նրանցից մեկը մահացավ, երբ ընդամենը տաս ամսական էր։
Այն օրերում մեքենաներ գրեթե չկային, ճանապարհներ՝ նմանապես։ Մի անգամ ես 200 կմ ճանապարհ գնացի Ժանետի հեծանիվով։ Երբ ստիպված էի լինում անցնել փոքր գետերով, հեծանիվը ուսերիս էի դնում և մի ձեռքով այն բռնելով՝ մյուսով լողում էի։ Վկաների թիվը Լուանշիայում սրընթաց աճում էր. 1946 թ.–ին Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոն այցելեց 1 850 հոգի։
Դիմագրավում եմ հակառակությունները
Մի անգամ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Կավամբվա շրջանի ներկայացուցիչը ինձ իր մոտ կանչեց և ասաց.
— Կուզեի, որ այլևս չօգտվես «Դիտարան» ընկերության գրականությունից. այն արգելված է։ Բայց ես պատրաստ եմ աղբյուրներ տրամադրել քեզ, որպեսզի ուրիշ գրքեր գրես քո աշխատանքի մեջ դրանք օգտագործելու համար։
— Ինձ լիովին բավարարում է մեր գրականությունը,— պատասխանեցի ես,— ես ուրիշ գրականության կարիք չունեմ։
— Դու չես ճանաչում ամերիկացիներին (մեր գրականությունը այն ժամանակ տպագրվում էր Միացյալ Նահանգներում)։ Նրանք մոլորեցնում են քեզ։
— Այն ամերիկացիները, որոնց հետ ես գործ ունեմ, մոլորեցնողներ չեն։
Այդ ժամանակ նա ասաց.
— Չե՞ս կարող համոզել քո ժողովներին, որ դրամ զոհաբերեն զինված ուժերին աջակցելու համար։ Կրոնական մյուս խմբերը, օրինակ, այդպես անում են։
— Դա պետական ծառայողների գործն է,— պատասխանեցի ես։
— Մտածիր դրա մասին,— ասաց նա։
— Ելից 20։13–ում և Բ Տիմոթեոս 2։24–ում Աստվածաշունչը պատվիրում է, որ կռիվ չանենք ու չսպանենք,— պատասխանեցի ես։
Թեև այդ ժամանակ թույլ տվեցին, որ գնամ, հետագայում սակայն կանչեցին Ֆորտ Ռոսբերի քաղաքի (այժմ՝ Մանսա) շրջանային ներկայացուցչի մոտ։
— Ես քեզ կանչել եմ, որպեսզի տեղեկացնեմ, որ պետությունը արգելել է ձեր գրքերը,— ասաց նա։
— Լսել եմ այդ մասին,— պատասխանեցի ես։
— Այդ դեպքում գնա ու քո ժողովների մարդկանց ասա, որ իրենց բոլոր գրքերը բերեն այստեղ. հասկացա՞ր։
— Դա իմ գործը չէ,— պատասխանեցի ես,— դա պետական ծառայողների գործն է։
Պատահական հանդիպումը պտուղ է բերում
Պատերազմն ավարտվեց։ Մենք շարունակում էինք քարոզչական գործը։ Մի անգամ՝ 1947 թ.–ին, Մվանզայի գյուղերից մեկի ժողովն այցելելուց հետո հետաքրքրվեցի, թե որտեղ կարելի է մի բաժակ թեյ խմել։ Ինձ ցույց տվեցին պարոն Նկոնդեի տունը, որտեղ թեյասրահ կար։ Պարոն Նկոնդեն ու նրա կինը սիրով ընդունեցին ինձ։ Խնդրեցի, որ պարոն Նկոնդեն կարդա «Թող Աստված ճշմարիտ լինի» գրքից «Դժոխք. հանգստի և հույսի վայր» գլուխը, մինչև ես թեյս կխմեի։
Երբ թեյեցի–վերջացրեցի, հարցրի նրան. «Ուրեմն ի՞նչ է դժոխքը»։ Իր կարդացածից ապշած՝ նա համաձայնեց Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել Վկաների հետ և հետագայում իր կնոջ հետ միասին մկրտվեց։ Թեև պարոն Նկոնդեն այժմ Վկա չէ, նրա կինն ու երեխաներից մի քանիսը շարունակում են պահպանել իրենց հավատարմությունը։ Իսկ նրա դուստրը՝ Փիլնին, ծառայում է Եհովայի վկաների՝ Զամբիայի մասնաճյուղում։ Թեև Փիլնիի մայրը այժմ շատ ծեր է, սակայն հավատարմորեն ծառայում է որպես Վկա։
Կարճ ժամանակով՝ Արևելյան Աֆրիկա
Հյուսիսային Ռոդեզիայի մեր մասնաճյուղը, որը հիմնադրվել էր 1948 թ. սկզբին Լուսակայում, ուղարկեց ինձ Տանգանիկա (այժմ՝ Տանզանիա)։ Մի Վկայի ուղեկցությամբ ես ու կինս ոտքով անցանք լեռնային տարածքով։ Հոգնեցուցիչ ճանապարհը տևեց երեք օր։ Ես տանում էի գրքերը, կինս՝ մեր հագուստները, իսկ Վկան՝ անկողնային պիտույքները։
1948 թ. մարտին հասանք Մբեա։ Այնտեղ շատ գործ կար անելու. հարկավոր էր օգնել եղբայրներին, որպեսզի նրանք անհրաժեշտ փոփոխություններ կատարեին աստվածաշնչյան սկզբունքերին ավելի լավ համապատասխանելու համար։ Օրինակ՝ թեև եղբայրները ընդունել էին «Եհովայի վկաներ» անվանումը, սակայն չէին հրապարակայնացրել այն, և մեզ այնտեղ ճանաչում էին «Դիտարանի մարդիկ» անունով։ Բացի այդ, Վկաներից ոմանք պետք է կարողանային հրաժարվել որոշ սովորույթներից՝ կապված մահացածներին մեծարելու հետ։ Սակայն, երևի թե ամենադժվարն այն էր, որ նրանք պետք է օրինականացնեին իրենց ամուսնությունները՝ դրանք պատվական դարձնելով (Եբրայեցիս 13։4)։
Հետագայում առանձնաշնորհում ունեցա Արևելյան Աֆրիկայի այլ տարածքներում, օրինակ՝ Ուգանդայում, ծառայելու։ Մոտ վեց ամիս անցկացրեցի Էնտեբեում և Կամպալայում. այդ տարածքներում շատերի հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսվեց։
Հրավիրվում եմ Նյու Յորք
Ուգանդայում որոշ ժամանակ ծառայելուց հետո 1956 թ. սկզբին հրավիրվեցի Դար–էս–Սալամ՝ Տանգանիկայի մայրաքաղաք։ Այնտեղ Եհովայի վկաների գլխավոր վարչությունից ինձ մի նամակ էր սպասում. ես հրավիրվում էի Նյու Յորք՝ 1958 թ. հուլիսի 27–ից մինչև օգոստոսի 3–ը այնտեղ կայանալիք համաժողովին մասնակցելու։ Կարիք չկա նկարագրելու, թե ինչ բերկրանք ապրեցի։
Երբ ժամանակը հասավ, ես մեկ ուրիշ շրջագայող վերակացուի՝ Լուկա Մվանգոյի հետ Նդոլայից թռա Սոլսբերի (այժմ՝ Հարարե, Հարավային Ռոդեզիա), այնտեղից՝ Նայրոբի (Քենիա), իսկ այնտեղից էլ՝ Լոնդոն, որտեղ երկուսս էլ ջերմ ընդունելության արժանացանք։ Անգլիա ժամանելու գիշերը շատ հուզված գնացինք քնելու՝ խոսելով այն մասին, որ մեզ՝ աֆրիկացիներիս, այսքան ջերմ ընդունեցին սպիտակամորթ մարդիկ։ Այդ դեպքը անչափ ոգևորեց մեզ։
Ի վերջո հասանք Նյու Յորք, որտեղ կայանալու էր համաժողովը։ Համաժողովի ժամանակ ես պատմեցի Հյուսիսային Ռոդեզիայում Եհովայի վկաների գործունեության մասին։ Այդ օրը 200 000 մարդ էր հավաքվել Նյու Յորքի Պոլո Գրաունդզ և Յանկի մարզադաշտերում։ Գիշերը չկարողացա քնել, քանի որ անդադար մտածում էի ինձ բաժին հասած հրաշալի առանձնաշնորհման մասին։
Շուտով համաժողովը ավարտվեց, և մենք տուն վերադարձանք։ Ետդարձի ճանապարհին նորից արժանացանք Անգլիայի մեր եղբայրների ու քույրերի սիրալիր ընդունելությանը։ Եհովայի ժողովրդի միասնությունը, որ ռասայական և ազգային խտրականություն չի ճանաչում, վառ կերպով երևաց այդ ճանապարհորդության ընթացքում և անջնջելիորեն դրոշմվեց իմ հիշողության մեջ։
Հետագա ծառայությունս և փորձություններս
1967 թ.–ին ինձ նշանակեցին մարզային վերակացու (նրանք այցելում են տարբեր շրջաններ)։ Այդ ժամանակ Զամբիայում Եհովայի վկաների թիվը արդեն անցել էր 35 000–ից։ Ավելի ուշ առողջական խնդիրների պատճառով ինձ նշանակեցին Քոփերբելթ՝ նորից որպես շրջանային վերակացու։ Ժանետի առողջությունը գնալով վատացավ, և 1984 թ. դեկտեմբերին նա մահացավ որպես Եհովայի հավատարիմ ծառայող։
Ժանետի մահը միակ բանը չէր, որ ցավ պատճառեց։ Ինձ համար ծանր հարված էր նաև այն, որ մեր հավատը չկիսող՝ կնոջս հարազատները սկսեցին մեղադրել ինձ կախարդանքով նրան սպանելու մեջ։ Բայց ոմանք, ովքեր գիտեին Ժանետի հիվանդության մասին և բժշկի հետ զրուցել էին, խոսեցին այդ հարազատների հետ՝ ներկայացնելով իրողությունը։ Հետո մեկ այլ փորձություն սկսվեց. հարազատներից մի քանիսը ցանկանում էին, որ ես կատարեմ «ուկուպյանիկա» կոչվող արարողությունը, համաձայն որի՝ եթե ամուսիններից մեկը մահանում է, մյուսը պետք է սեռական հարաբերության մեջ մտնի հանգուցյալի մոտիկ հարազատներից մեկի հետ։ Ինչ խոսք, ես հրաժարվեցի։
Ի վերջո հարազատների կողմից գործադրվող ճնշումները դադարեցին։ Շնորհակալ եմ Եհովայից, որ օգնեց ինձ ամուր մնալ։ Կնոջս թաղումից մեկ ամիս անց մի եղբայր մոտեցավ ինձ և ասաց. «Եղբա՛յր Կանգալե, դու մեզ համար ոգևորության իսկական աղբյուր հանդիսացար, քանի որ զիջումների չգնացիր և Աստծո սկզբունքներին հակասող ոչ մի արարողության չմասնակցեցիր։ Ի սրտե ցանկանում ենք շնորհակալություն հայտնել քեզ այդ բանի համար»։
Հրաշալի պտուղներ
Արդեն 65 տարի է, ինչ գտնվում եմ լիաժամ ծառայության մեջ։ Այս տարիների ընթացքում մեծ ուրախություն եմ ապրել՝ տեսնելով, որ հարյուրավոր ժողովներ են հիմնվում և բազմաթիվ Թագավորության սրահներ կառուցվում այն տարածքներում, որտեղ ես մի ժամանակ ծառայել եմ որպես շրջագայող վերակացու։ Զամբիայում Թագավորության քարոզիչների թիվը, որ 1943 թ.–ին կազմում էր մոտ 2 800 հոգի, այժմ անցել է 122 000–ից։ Իսկ անցած տարի Հիշատակի երեկոն այցելեց ավելի քան 514 000 մարդ, մինչդեռ երկրի բնակչությունը 11 միլիոնի էլ չի հասնում։
Եհովան հոգ է տանում իմ մասին։ Երբ բժշկական խնամքի կարիք եմ ունենում, քրիստոնյա եղբայրներից որևէ մեկը տանում է ինձ հիվանդանոց։ Ժողովները դեռևս շարունակում են հրավիրել ինձ՝ հանրային ելույթներով հանդես գալու, ինչի շնորհիվ՝ ոգևորիչ շատ պահեր եմ ապրում։ Իմ ժողովի քրիստոնյա քույրերը հերթով մաքրում են տունս, իսկ եղբայրները ամեն շաբաթ ուղեկցում են ինձ հանդիպումների։ Գիտեմ, որ երբեք չէի վայելի այսպիսի սիրառատ հոգատարություն, եթե չընտրեի Եհովային ծառայելու ուղին։ Ես շնորհակալ եմ նրանից, որ դեռևս հնարավորություն ունեմ մասնակցելու լիաժամ ծառայությանը, և որ իմ կարողությունների չափով շարունակում եմ բազում պարտականություններ կատարել։
Այժմ տեսողությունս վատացել է, իսկ Թագավորության սրահ գնալիս ստիպված եմ լինում հաճախակի կանգ առնել ու հանգստանալ։ Պայուսակս ավելի ծանր է թվում, ուստի թեթևացնում եմ այն՝ վերցնելով միայն ժողովի ժամանակ պետք եկող գրքերը։ Հիմնականում Աստվածաշնչի ուսումնասիրություններ եմ անցկացնում, որոնք տեղի են ունենում իմ տանը։ Չնայած այդ ամենին՝ մեծ ուրախություն եմ ապրում՝ ետ նայելով և խորհրդածելով տարիների ընթացքում տեղի ունեցած այս հրաշալի աճի մասին։ Ես ծառայել եմ մի «դաշտում», որտեղ ակնհայտ կերպով իրականացել են Եհովայի խոսքերը, որ արձանագրված են Եսայիա 60։22–ում։ Ահա թե ինչ է ասվում այնտեղ. «Ամենափոքրը հազար պիտի դառնայ, եւ ամենապզտիկը՝ զօրաւոր ազգ. ես Տէրս իր ժամանակին շուտով կ’անեմ» (Եսայիա 60։22)։ Սակայն ես ոչ միայն Զամբիայում տեսա այս մարգարեական խոսքերի իրականացումը, այլև ամբողջ աշխարհում։b
[ծանոթագրություններ]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից. այժմ, սակայն, չի տպագրվում։
b Ցավոք, եղբայր Կանգալեյի ուժերը վերջնականապես լքեցին նրան, և երբ այս հոդվածը նախապատրաստվում էր հրատարակության, նա վախճանվեց. նա մինչ ի մահ հավատարիմ մնաց Եհովային։
[նկարներ 24–րդ էջի վրա]
Թոմսոնը՝ Զամբիայի մասնաճյուղի շենքի առջև
[նկար 26–րդ էջի վրա]
Զամբիայի մասնաճյուղն այսօր