Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 7/15 էջ 3–4
  • Ի՞նչ է պատահել դժոխքի կրակներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ է պատահել դժոխքի կրակներին
  • 2002 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ովքե՞ր են գնում դժոխք
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Տարածված հավատալիք
    2008 Դիտարան
  • Դժոխք գոյություն ունի՞։ Ի՞նչ է դժոխքն ըստ Աստվածաշնչի
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ի՞նչ է դժոխքն իրականում
    2002 Դիտարան
Ավելին
2002 Դիտարան
w02 7/15 էջ 3–4

Ի՞նչ է պատահել դժոխքի կրակներին

Ի՞ՆՉ պատկերներ է ձեր մտքում առաջ բերում «դժոխք» բառը։ Այն ներկայանում է որպես կրակի ու ծծմբի, հավիտենական տանջանքի ու տառապանքի մի վա՞յր, թե՞ ինչ–որ մի վիճակի խորհրդանիշ։

Դարեր շարունակ քրիստոնյա աշխարհի առաջնորդները սովորեցրել են, որ մեղավորներն ի վերջո ընկնելու են դժոխք՝ տանջանքի ու տառապանքի մի վայր, որտեղ կրակներ են վառվում։ Շատ ուրիշ կրոններ նույնպես մինչև օրս դավանում են այս գաղափարը։ ««Դժոխք» բառը աշխարհին հայտնի է դարձրել քրիստոնեությունը,— ասվում է մի պարբերագրում,— սակայն այդ գաղափարը բացառապես քրիստոնեական չէ։ Մահից հետո ստանալիք սարսափելի վարձատրության գաղափարին այս կամ այն ձևով հանդիպում ենք աշխարհի գրեթե բոլոր հիմնական կրոնական ուղղությունների և նույնիկ որոշ ավելի փոքր խմբերի ուսմունքներում» («U.S.News & World Report»)։ Հնդուականները, բուդդայականները, մահմեդականները, ջայնականները, դաոսականները հավատում են, որ գոյություն ունի դժոխք՝ այս կամ այն տեսակի։

Սակայն այսօր մարդիկ սկսել են նոր ձևով պատկերացնել դժոխքը։ «Թեև դեռևս շատերն են հավատում դժոխքի կրակների մասին ավանդական պատկերացմանը,— ասվում է վերը նշված պարբերագրի մեջ,— սակայն հավերժական նզովքի ժամանակակից պատկերացումներ են երևան գալիս, համաձայն որոնց՝ դժոխքը այնքան էլ «շոգ տեղ» չէ. օրինակ՝ ասում են, որ այն լիակատար մեկուսացման՝ չափազանց տհաճ վիճակ է»։

Ճիզվիտական մի պարբերագրում էլ գրվում է հետևյալը. «Սխալ է.... մտածել, թե Աստված դևերի միջոցով մեղավորներին այնպիսի սարսափելի տանջանքի է ենթարկում, ինչպիսին է օրինակ՝ կրակի մեջ վառվելը» («La Civiltà Cattolica»)։ Այնտեղ նաև ասվում է. «Դժոխքը գոյություն ունի ոչ թե որպես վայր, այլ որպես դրություն՝ այնպիսի մի վիճակ, երբ մարդը տառապում է Աստծուց օտարացած լինելու պատճառով»։ 1999 թ.–ին Հռոմի պապ Հովհաննես Պողոս II–ը հետևյալ հայտարարությունն արեց. «Դժոխքը ոչ թե տեղ է, այլ մի վիճակ, որում գտնվում են այն անհատները, ովքեր կամովին ու կտրականապես մերժել են Աստծուն՝ կյանքի և ուրախության աղբյուրին»։ Իսկ կրակի մեջ վառվելու՝ Գրություններում տրվող նկարագրությունների վերաբերյալ նա ասաց. «Դրանք ցույց են տալիս, որ առանց Աստծո՝ կյանքը դատարկ է ու տանում է դեպի կործանում»։ «Մարդիկ լրջությամբ չէին վերաբերվի պապի ասած խոսքերին,— գրում է պատմաբան Մարտին Մարթենը,— եթե նա հանկարծ դժոխքը ներկայացներ «կրակների և կարմիր զգեստով ու եռաժանիով սատանայի» նկարագրություններով»։

Կրոնական այլ ուղղությունների ուսմունքներում նույնպես փոփոխություններ են տեղի ունեցել այդ հարցում։ Անգլիկան եկեղեցու՝ Ուսմունքների հարցերով զբաղվող հանձնաժողովը հետևյալ եզրակացությունն է անում. «Դժոխքը հավիտենական տանջանքի վայր չէ, այլ այն մարդկանց հասանելիքը, ովքեր վերջնականապես ընտրել են Աստծուն հակառակվելու ուղին. այնպես որ մնում է նրանց բոլորովին ոչնչացնել»։

Իսկ Միացյալ Նահանգների Եպիսկոպոսական եկեղեցու դավանանքի համաձայն՝ դժոխքը «հավիտենական մահն է, որին մարդ արժանանում է Աստծուն մերժելու հետևանքով»։ Մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր գտնում են, որ «չարերի վերջը կործանումն է և ոչ թե հավիտենական տանջանքը... [Նրանք] կարծում են, որ այն անհատները, ովքեր վերջնականապես մերժում են Աստծուն, պարզապես դադարեցնելու են իրենց գոյությունը դժոխքի «լափող» կրակներում» («U.S.New & World Report»)։

Չնայած կրակի և ծծմբի մեջ վառվելու գաղափարից հրաժարվելու տենդենց այսօր նկատվում է, այնուամենայնիվ շատերը շարունակում են հավատալ, թե դժոխքը տանջանքի վայր է՝ ուղիղ իմաստով։ «Գրությունները պարզ ցույց են տալիս, որ դժոխքը ֆիզիկական մի տեղ է, ուր մարդիկ կրակի մեջ տանջանքների են ենթարկվում»,— ասում է Ալբերտ Մոհլերը (Հարավային բապտիստական աստվածաբանական սեմինարիա, Լուիսվիլ, Քենտուկի, ԱՄՆ)։ Իսկ Ավետարանչականների միության հանձնաժողովի պատրաստած մի հաշվետվության մեջ ասվում է. «Դժոխքը տանջանքների և մերժված լինելու գիտակցական ճաշակումն է» («The Nature of Hell»)։ Այնտեղ նաև գրվում է հետևյալը. «Դժոխքում տարբեր տիպի պատժամիջոցներ ու տանջանքներ կան՝ կախված երկրի վրա մարդու կատարած մեղքերի ծանրության աստիճանից»։

Ուստի հարց է առաջանում՝ կրակների մեջ հավերժական տանջանքների ենթարկվելու վա՞յր է դժոխքը, թե՞ ոչնչացման խորհրդանիշ։ Գուցե այն պարզապես Աստծուց օտարացած լինելու վիճա՞կ է։ Ի՞նչ է դժոխքն իրականում։

[շրջանակ/նկարներ 4–րդ էջի վրա]

«Դժոխքի կրակների» համառոտ պատմությունը

Ե՞ՐԲ են իրենց քրիստոնյա անվանող մարդիկ ընդունել դժոխքի կրակների գաղափարը։ Հիսուս Քրիստոսի ու նրա առաքյալների ապրած ժամանակներից հետո։ ««Պետրոսի ապոկալիպսիսը» (մ.թ. 2–րդ դար) առաջին [ապոկրիֆ] քրիստոնեական գործն էր, որը նկարագրում է դժոխքում մեղավոր մարդկանց կրած պատիժն ու տառապանքները»,— ասվում է ֆրանսիական մի հանրագիտարանում («Encyclopædia Universalis»)։

Եկեղեցու հայրերի միջև, սակայն, տարաձայնություններ կային՝ դժոխքի գաղափարի հետ կապված։ Հուստինոս Վկան, Կղեմես Ալեքսանդրացին, Տերտուլիանոսը և Կիպրիանոսը հավատում էին, որ դժոխքը մի տեղ է, ուր կրակներ են վառվում։ Իսկ Օրիգենեսը և աստվածաբան Գրիգոր Նյուսացին այն կարծիքին էին, որ դա մի վայր է, ուր մարդիկ Աստծուց կտրված՝ տառապում են հոգեպես։ Օգոստինոս Ավրելիոսն էլ հավատում էր, որ դժոխքում մարդիկ տառապում են թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես. այս գաղափարը հետագայում ընդունվեց որպես հիմք։ «Հինգերորդ դարում լայնորեն տարածված էր գորշ գույներով ներկայացված այն ուսմունքը, թե մեղավորները մահից հետո այլևս ոչ մի հնարավորություն չեն ունենա, և որ նրանց «լափող» կրակը երբեք չի հանգչի»,— գրում է պրոֆեսոր Ջ. Քելլին։

16–րդ դարում բողոքական ռեֆորմատորներ Մարտին Լյութերն ու Ժան Կալվինը, հասկանալով, որ դժոխքի կրակների մեջ տանջվելը փոխաբերական իմաստ ունի, առաջ քաշեցին այն գաղափարը, որ դժոխքը Աստծուց առհավետ կտրված լինելու վիճակն է։ Սակայն հաջորդ երկու դարերի ընթացքում նորից գլուխ բարձրացրեց այն գաղափարը, թե դժոխքը տանջանքների վայր է. օրինակ՝ 18–րդ դարում բողոքական քարոզիչ Ջոնաթան Էդվարդզը ամերիկացիների մեջ ահ էր տարածում՝ դժոխքի կենդանի նկարագրություններ տալով։

Սակայն դրանից կարճ ժամանակ անց դժոխքի կրակները սկսեցին «մարել»։ «20–րդ դարը դժոխքի «մահվան» ժամանակաշրջանն էր» («U.S.News & World Report»)։

[նկարներ]

Հուստինոս Վկան հավատում էր, որ դժոխքը մի վայր է, ուր մարդիկ կրակի մեջ վառվում են

Օգոստինոս Ավրելիոսը սովորեցնում էր, որ դժոխքում մարդիկ տառապում են և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը