Անձնական ուսումնասիրություն, որ պատրաստում է մեզ որպես ուսուցիչներ
«Սորանք մտածիր, սորանցում կաց, որ քո յառաջադիմութիւնը ամենին յայտնի լինի։ Զգոյշ կաց անձիդ եւ վարդապետութեանդ [«Ուշադի՛ր եղիր ինքդ քո նկատմամբ և քո ուսուցման նկատմամբ», ԱՆԹ]» (Ա ՏԻՄՈԹԷՈՍ 4։15, 16)։
1. Ժամանակի և անձնական ուսումնասիրության առնչությամբ ի՞նչն է ճիշտ։
«ԱՄԵՆ բանի ժամանակ կայ», — ասվում է Ժողովող 3։1–ում։ Դա, անշուշտ, վերաբերում է նաև անձնական ուսումնասիրությանը։ Եթե ժամանակը կամ տեղը ճիշտ չեն ընտրված, ապա հոգևոր բաների շուրջ խորհրդածելը դժվար կլինի։ Օրինակ՝ ծանր աշխատանքային օրից և կուշտ հաց ուտելուց հետո շատ դժվար է տրամադրվել ուսումնասիրություն կատարելուն, մանավանդ՝ երբ նստած ենք մի հարմարավետ բազմոցում՝ հեռուստացույցի առջև, այնպես չէ՞։ Ինչպե՞ս վարվել նման դեպքերում։ Պարզ է, որ ուսումնասիրության տեղն ու ժամն ընտրելիս պետք է ձգտենք այնպես անել, որ մեր թափած ջանքերից առավելագույն օգուտներ քաղենք։
2. Հաճախ ո՞րն է ուսումնասիրություն անցկացնելու լավագույն ժամանակը։
2 Շատերին հարմար է ուսումնասիրությունն անցկացնել առավոտյան՝ թարմ ուղեղով։ Ուրիշները կարճ ուսումնասիրություններ են անցկացնում հետճաշյա ընդմիջումներին։ Քննենք մի քանի օրինակ և տեսնենք, թե ինչ է այնտեղ ասվում հոգևոր գործունեության համար ընտրված ժամանակի մասին։ Հին Իսրայելի թագավոր Դավիթը գրել է. «Առաւօտը լսել տուր ինձ քո ողորմութիւնը. որ քեզ եմ յուսացել. ինձ ցոյց տուր այն ճանապարհը որ պիտի գնամ նորանում, որովհետեւ դէպի քեզ եմ բարձրացնում իմ անձը» (Սաղմոս 143։8)։ Երախտագիտության նման խոսքեր է ասում նաև Եսայիա մարգարեն. «Տէր Եհովան ինձ ուսումնավարժ լեզու է տուել, որ գիտենամ վաստակածին օգնել խօսքով. նա զարթեցնում է ամեն առաւօտ՝ զարթեցնում է իմ ականջը որ լսեմ աշակերտների պէս»։ Անկախ այն բանից, թե օրվա որ ժամին ենք ուսումնասիրություն անցկացնում և Եհովայի հետ հաղորդակցվում՝ կարևորն այն է, որ դա անենք թարմ ուղեղով (Եսայիա 50։4, 5; Սաղմոս 5։3; 88։13)։
3. Ինչպիսի՞ պայմաններում ցանկալի կլիներ ուսումնասիրություն անցկացնել։
3 Նաև, հարկ չկա նստել շատ հարմարավետ աթոռի կամ բազմոցի վրա։ Դա կխանգարի միտքը արթուն վիճակում պահելուն։ Ուսումնասիրելիս պետք է մեր ուղեղը «լարենք», իսկ շատ հարմար տեղավորված լինելու դեպքում կթմրենք։ Ուսումնասիրության և խորհրդածելու համար ցանկալի է նաև համեմատաբար հանգիստ միջավայր ընտրել, որտեղ մեր ուշադրությունը քիչ բան կշեղի։ Ռադիոն, հեռուստացույցը կամ երեխաների աղմուկը կարող են շեղել մեզ, և այդ դեպքում ուսումնասիրությունից լավագույնը չենք քաղի։ Հիսուսն, օրինակ, խորհրդածելու համար հանգիստ տեղ էր ընտրում, նաև ասում էր, որ լավ է աղոթելու համար առանձին տեղ գտնել (Մատթէոս 6։6; 14։13; Մարկոս 6։30–32)։
Անձնական ուսումնասիրություն, որ պատասխան տալու է պատրաստում
4, 5. Ի՞նչ առումներով է գործնական «Աստված պահանջում է» գրքույկը։
4 Անձնական ուսումնասիրությունից մեծ բավականություն կստանանք, եթե օգտագործենք Աստվածաշունչը պարզաբանող ձեռնարկներ, որոնք կօգնեն ավելի խորությամբ ընկալել միտքը, հատկապես՝ երբ դա անում ենք ինչ–որ մեկի հարցերին պատասխանելու նպատակով (Ա Տիմոթէոս 1։4; Բ Տիմոթէոս 2։23)։ Շատերը սկսում են «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից»a գրքույկի ուսումնասիրությունից, որն այժմ առկա է 261 լեզուներով։ Դա Աստվածաշնչի վրա հիմնված շատ պարզ ու կոնկրետ մի հրատարակություն է, որի օգնությամբ կարճ ժամանակում կարելի է իմանալ, թե ինչ է Աստված պահանջում ճշմարիտ երկրպագության առնչությամբ։ Սակայն քանի որ գրքույկը շատ ծավալուն չէ, հնարավոր չէ այնտեղ ներկայացված թեմաներն ուսումնասիրել մանրամասնորեն։ Ինչպե՞ս ավելի շատ տեղեկություն ձեռք բերենք այս կամ այն թեմայի վերաբերյալ, որպեսզի կարողանանք պատասխան տալ Աստվածաշունչ ուսումնասիրողի հարցերին, եթե վերջինս սկսի ավելի լուրջ հարցեր տալ։
5 Այն անհատները, ովքեր իրենց լեզվով ունեն ««Դիտարան» ընկերության գրադարանը» կոմպակտ սկավառակի վրա, հեշտությամբ կարող են մեծ քանակությամբ տեղեկություններ ձեռք բերել համակարգչից։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այն մարդկանց մասին, ովքեր նման հնարավորություններ չունեն։ Եկեք քննենք երկու թեմա «Աստված պահանջում է» գրքույկից՝ տեսնելու, թե ինչպես կարող ենք ընդլայնել մեր գիտելիքները և պատրաստ լինել պատասխան տալու ավելի խոր հարցերին, ինչպես օրինակ՝ ով է Աստված, իրականում ով է եղել Հիսուսը և այլն (Ելից 5։2; Ղուկաս 9։18–20; Ա Պետրոս 3։15)։
Ով է Աստված
6, 7. ա) Ի՞նչ հարց է ծագում Աստծո վերաբերյալ։ բ) Իր ելույթը կարդալիս ինչպիսի՞ կարևոր բացթողում արեց մի հոգևորական։
6 «Աստված պահանջում է» գրքույկի երկրորդ դասում պատասխան է տրվում մի շատ կարևոր հարցի՝ ով է Աստված։ Բանն այն է, որ անհատը չի կարող երկրպագել ճշմարիտ Աստծուն, եթե նրան չի ճանաչում կամ կասկածում է նրա գոյությանը (Հռովմայեցիս 1։19, 20; Եբրայեցիս 11։6)։ Պետք է նշել, սակայն, որ վերոհիշյալ հարցի վերաբերյալ մարդիկ բազում տարբեր պատկերացումներ ունեն (Ա Կորնթացիս 8։4–6)։ Յուրաքանչյուր կրոն այս հարցին պատասխանում է իր ձևով։ Մեծամասամբ քրիստոնեական կրոնները Աստծուն համարում են Երրորդություն։ ԱՄՆ–ում «Ճանաչո՞ւմ ես Աստծուն» թեմայով ելույթ ունեցող մի հայտնի հոգևորական իր դասախոսության ընթացքում ոչ մի անգամ չհիշատակեց Աստծո անունը, թեև մի քանի անգամ մեջբերումներ արեց Եբրայերեն Գրություններից։ Նա կարդում էր Աստվածաշնչի այնպիսի մի թարգմանությունից, որում Եհովա կամ Յահվե անվան փոխարեն գործածվում է անորոշ «Տեր» բառը։
7 Ի՜նչ կարևոր բան բաց թողեց այդ հոգևորականը, երբ Երեմիա 31։33, 34–ը մեջբերելիս կարդաց. «Այլ եւս մէկ մարդ իր ընկերին եւ մեկ մարդ իր եղբորը պիտի չ’սովորեցնէ, ասելով թէ Ճանաչեցէք Տիրոջը [եբրայերեն բնագրում՝ «Ճանաչեք Եհովային»], որովհետեւ նորանք ամենքը պիտի ճանաչեն ինձ, նորանց փոքրերիցը մինչեւ նորանց մեծերը, ասում է Տէրը [եբրայերեն բնագրում՝ «Եհովան»]»։ Այն թարգմանության մեջ, որից նա կարդում էր, բաց էր թողնված Աստծո անձնական անունը՝ Եհովա (Սաղմոս 83։18)։
8. Ո՞ր օրինակից է երևում, թե որքանով է կարևոր գործածել Աստծո անունը։
8 Թե որքանով է կարևոր գործածել Աստծո անունը, երևում է Սաղմոս 8։9–ից։ «Նոր աշխարհ» թարգմանության մեջ կարդում ենք. «Ով Եհովա՝ մեր Տեր, ի՜նչ հրաշալի է քո անունը ողջ երկրի վրա»։ Մինչդեռ «Արարատ» թարգմանության մեջ նույն համարը փոխանցվում է հետևյալ կերպ. «Ով Տէր՝ մեր Տէրը, ի՜նչ հրաշալի է քո անունը բոլոր երկրի վերայ» (համեմատիր նաև Արևմտ. Աստ.–ի հետ)։ Ինչպես արդեն նշեցինք նախորդ հոդվածում, մենք կկարողանանք ձեռք բերել «Աստուծոյ գիտութիւնը», եթե թույլ տանք, որ նրա Խոսքը լուսավորի մեզ։ Բայց աստվածաշնչյան ո՞ր ձեռնարկի միջոցով հեշտությամբ կստանանք մեր հարցերի պատասխանները Աստծո անվան կարևորության առնչությամբ (Առակաց 2։1–6)։
9. ա) Ո՞ր հրատարակությունը կօգնի ցույց տալ Աստծո անվան գործածման կարևորությունը։ բ) Ինչպե՞ս են շատ թարգմանիչներ թերացել Աստծո անվան հանդեպ հարգանք ցուցաբերելու հարցում։
9 Մենք կարող ենք դիմել 69 լեզուներով թարգմանված «Աստծո անունը հավիտյան կմնա» գրքույկի օգնությանը (ռուս.)։b Այդ գրքույկի՝ «Աստծո անվան նշանակությունն ու արտասանությունը» մասում (էջ 6-11) պարզ ցույց է տրվում, որ հին եբրայերեն տեքստերում քառագիրը (հունարեն՝ «տետրագրամատոն», որ նշանակում է չորս տառ) հանդիպում է գրեթե 7 000 անգամ։ Սակայն հուդայական և քրիստոնեական աշխարհի հոգևորականներն ու թարգմանիչները կանխամտածված այն հանել են Աստվածաշնչի թարգմանությունների մեծ մասից։c Ինչպե՞ս կարող են նրանք ասել, թե ճանաչում են Աստծուն և ընդունելի են նրա կողմից, եթե հրաժարվում են դիմել նրան անունով։ Աստծո անունը օգնում է հասկանալ, թե ով է նա և ինչ նպատակներ ունի։ Բացի այդ, մի՞թե արժեք կունենան Հիսուսի՝ «Մեր Հայր, որ երկնքումն ես. սուրբ լինի քո անունը» խոսքերը, եթե ընդհանրապես չգործածենք Աստծո անունը (Մատթէոս 6։9; Յովհաննէս 5։43; 17։6)։
Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
10. Ինչպե՞ս կարող ենք լիարժեք կերպով ծանոթանալ Հիսուսի կյանքին ու ծառայությանը։
10 «Աստված պահանջում է» գրքույկի 3–րդ դասը կոչվում է «Ո՞վ է Հիսուս Քրիստոսը»։ Ընդամենը 6 պարբերությունից բաղկացած այս գլխում համառոտ կերպով տրվում է Հիսուսի նկարագիրը՝ նրա ծագումը և երկիր գալու նպատակը։ Սակայն նրա կյանքի պատմությանը լիարժեք կերպով ծանոթացնող լավագույն աղբյուրը Ավետարաններն են։ Բացի այդ, գոյություն ունի «Երբևէ ապրած մեծագույն Մարդը» գիրքը (արևմտահայերեն, ռուսերեն), որ մատչելի է 111 լեզուներով։ Այդ գրքում չորս Ավետարանների հիման վրա տրվում է Քրիստոսի կյանքի նկարագիրը՝ ժամանակագրական կարգով, և ներկայացվում են նրա ուսուցումները։ 133 գլուխներում պատմվում են Հիսուսի կյանքի ու ծառայության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները։ Հիսուսի կյանքի առանձին հատվածներն ուսումնասիրելու մեկ ուրիշ մեթոդ ևս. կարելի է դիմել «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանին (հատոր 2, «Հիսուս Քրիստոս» վերնագրի տակ, անգլ.)։
11. ա) Հիսուսի վերաբերյալ Եհովայի վկաների տեսակետը ինչո՞վ է տարբերվում մյուս կրոնների տեսակետից։ բ) Աստվածաշնչյան ո՞ր համարների միջոցով կարելի է հերքել Երրորդության ուսմունքը, և ո՞ր հրատարակությունը կարող է օգնություն հանդիսանալ այդ հարցում։
11 Քրիստոնեական աշխարհում վիճաբանություններ են ընթանում այն բանի շուրջ, թե արդյո՞ք Հիսուսը, «Աստծո Որդին» լինելով հանդերձ, նաև «Որդի Աստվածն է»։ Այլ կերպ ասած՝ այդ վեճերը վերաբերում են այսպես կոչված «քրիստոնեական հավատի գլխավոր առեղծված[ին]»՝ Երրորդությանը («Catechism of the Catholic Church»)։ Ի տարբերություն քրիստոնեական աշխարհի կրոնների՝ Եհովայի վկաները հավատում են, որ թեպետ Հիսուսն ունի աստվածային ծագում, այնուամենայնիվ Աստված չէ։ Այս մասին հետաքրքիր տեղեկություններ են ներկայացվում «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը» գրքույկում, որ թարգմանված է 95 լեզուներով։d Այնտեղ բերվում են Երրորդության ուսմունքը հերքող բազմաթիվ աստվածաշնչյան համարներ։ Դրանցից են՝ Մարկոս 13։32–ն ու Ա Կորնթացիս 15։24, 28։
12. Ուրիշ ի՞նչ հարցեր արժե քննել։
12 Աստծո և Հիսուս Քրիստոսի մասին վերը ներկայացվածի շնորհիվ տեսնում ենք, թե ինչպես պետք է անցկացնել անձնական ուսումնասիրությունը, որպեսզի կարողանանք օգնել աստվածաշնչյան ճշմարտությունը չիմացող մարդկանց ճշգրիտ գիտությունը ստանալու (Յովհաննէս 17։3)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այն մարդկանց մասին, ովքեր երկար տարիներ է, ինչ քրիստոնեական ժողովի անդամ են։ Արդյո՞ք տարիների ընթացքում ձեռք բերած աստվածաշնչյան գիտելիքներ ունենալով հանդերձ՝ նրանք, միևնույն է, Եհովայի Խոսքի անձնական ուսումնասիրության կարիք ունեն։
Ինչո՞ւ է հարկավոր միշտ ‘ուշադիր լինել’
13. Անձնական ուսումնասիրության վերաբերյալ ինչպիսի՞ սխալ տեսակետ կարող են ունենալ որոշ քրիստոնյաներ։
13 Երկար տարիներ ժողովի անդամ հանդիսացող մարդկանցից ոմանք գուցե բավարարվեն լոկ աստվածաշնչյան այն գիտելիքներով, որ ձեռք են բերել Եհովայի վկա դառնալու առաջին մի քանի տարիների ընթացքում։ Հեշտ է մտածել. «Շատ ուսումնասիրելու կարիք ունեն նորեկները։ Այսքան տարվա մեջ ես արդեն մի հարյուր անգամ հասցրել եմ կարդալ Աստվածաշունչն ու նրա վրա հիմնված հրատարակությունները»։ Սակայն դա նույնը կլիներ, եթե ասեինք. «Կարիք չկա, որ հոգամ ուտելու մասին. նախկինում շատ բաներ եմ կերել»։ Հայտնի է, որ մեր մարմնի կենսագործունեության համար սնունդ է հարկավոր։ Առավել ևս կարևոր է հոգևոր սնունդը, քանի որ այն օգնում է պահպանել մեր հոգևոր ուժերն ու առողջությունը (Եբրայեցիս 5։12–14)։
14. Ինչո՞ւ պետք է միշտ ‘ուշադիր լինենք մեր նկատմամբ’։
14 Անկախ այն բանից, թե որքան ժամանակ ենք ուսումնասիրում Աստվածաշունչը՝ բոլորս էլ պետք է հետևենք Պողոսի խորհրդին, որ նա տվել էր հոգևորապես հասուն և պատասխանատվություններ ունեցող վերակացու Տիմոթեոսին. «Սորանք մտածիր, սորանցում կաց, որ քո յառաջադիմութիւնը ամենին յայտնի լինի։ Զգոյշ կաց անձիդ եւ վարդապետութեանդ [«Ուշադի՛ր եղիր ինքդ քո նկատմամբ և քո ուսուցման նկատմամբ», ԱՆԹ], եւ դորանում յարատեւիր. որովհետեւ այդ անելով քո անձն էլ կ’ապրեցնես, եւ քեզ լսողներին էլ» (Ա Տիմոթէոս 4։15, 16)։ Ինչո՞ւ է հարկավոր ուշադրություն դարձնել Պողոսի խորհրդին։ Հիշենք, որ վերջինս նաև ասել էր, որ պետք է պայքարենք ‘սատանայի հնարքների’՝ խարդավանքների, և «այն չար հոգիների [դեմ] որ երկնաւորների մէջ են», իսկ Պետրոս առաքյալը նախազգուշացրել էր, որ Բանսարկուն «որոնում է թէ որին կուլ տայ». այդ «որը» կարող է լինել մեզնից յուրաքանչյուրը։ Եթե ինքնագոհ ենք, ապա Սատանայի համար ստեղծում ենք հենց այն հնարավորությունը, որը նա փնտրում է (Եփեսացիս 6։11, 12; Ա Պետրոս 5։8)։
15. Հոգևորապես պաշտպանվելու ի՞նչ միջոց ունենք և ինչպե՞ս կարող ենք այն պահպանել։
15 Իսկ ինչի՞ միջոցով կարող ենք պաշտպանվել։ Պողոս առաքյալը հետևյալ հիշեցումն է անում. «Աստուծոյ սպառազինութիւնը առէք, որ կարող լինիք հակառակ կենալ չարութեան օրումը, եւ ամենը կատարելով հաստատ կանգնել» (Եփեսացիս 6։13)։ Թե որքանով է արդյունավետ այդ հոգևոր սպառազինությունը, կախված է ոչ միայն նրա նախնական վիճակից, այլև այն բանից, թե ինչպես դա կպահպանենք։ Հետևաբար՝ Աստծո կողմից տրված սպառազինության մեջ պետք է մտնեն նաև աստվածաշնչյան այն գիտելիքները, որ ունենք այսօր։ Իսկ դա նշանակում է, որ պետք է միշտ տեղյակ լինենք այն նոր ճշմարտություններին, որ բացվում են Եհովայի կողմից իր Խոսքի ու հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգի միջոցով։ Աստվածաշնչի և աստվածաշնչյան հրատարակությունների կանոնավոր անձնական ուսումնասիրությունը շատ կարևոր դեր է խաղում մեր հոգևոր սպառազինությունը պահպանելու հարցում (Մատթէոս 24։45–47; Եփեսացիս 6։14, 15)։
16. Ի՞նչ կարող ենք անել համոզվելու համար, որ մեր «հաւատքի վահան[ը]» լավ վիճակում է։
16 Պողոսը նշեց, որ մեզ պաշտպանող սպառազինության կարևոր մասերից է «հաւատքի վահան[ը]», որի միջոցով կարող ենք ետ մղել և «հանգցնել» Սատանայի կրակոտ նետերը՝ կեղծ մեղադրանքները և հավատուրացների ուսուցումները (Եփեսացիս 6։16)։ Ուստի շատ կարևոր է, որ ստուգենք, թե որքանով է ամուր հավատի մեր «վահանը», ու ինչ քայլեր ենք ձեռնարկում այն լավ վիճակում պահելու և ամրացնելու ուղղությամբ։ Օրինակ՝ կարող ենք հարցնել. «Ինչպե՞ս եմ պատրաստվում Աստվածաշնչի շաբաթական ուսումնասիրությանը, որ անցկացվում է «Դիտարանի» օգնությամբ։ Կկարողանա՞մ հանդիպման ժամանակ «դէպի սէր եւ բարի գործեր» մղել իմ լավ մտածված մեկնաբանություններով։ Բացում և կարդո՞ւմ եմ հոդվածում նշված, բայց չմեջբերված աստվածաշնչյան համարները։ Իմ ակտիվ մասնակցությամբ քաջալերո՞ւմ եմ արդյոք ուրիշներին հանդիպումների ժամանակ»։ Մեր հոգևոր կերակուրը «պինդ» է, և նրանից լիակատար օգուտ քաղելու համար հարկավոր է այն լավ «մարսել» (Եբրայեցիս 5։14; 10։24)։
17. ա) Ի՞նչ «թույն» է օգտագործում Սատանան մեզ հոգևորապես քայքայելու համար։ բ) Ո՞րն է դրա «հակաթույնը»։
17 Սատանան գիտի անկատար մարդու թուլությունները։ Ուստի նա շատ խորամանկ միջոցների է դիմում. իր չար ազդեցությունը տարածելու ձևերից մեկը հեռուստատեսությամբ, Ինտերնետով, տեսաֆիլմերի և հրատարակությունների միջոցով պոռնկագրությունը մատչելի դարձնելն է։ Որոշ քրիստոնյաներ թույլ են տվել, որ այդ «թույնը» ներթափանցի իրենց թուլացած սպառազինության մեջ, ինչի հետևանքով կորցրել են ծառայության մեջ իրենց առանձնաշնորհումները և նույնիսկ կանգնել ավելի մեծ դժվարությունների առջև (Եփեսացիս 4։17–19)։ Ո՞րն է դրա «հակաթույնը»։ Մենք չպետք է անտեսենք Աստվածաշնչի կանոնավոր անձնական ուսումնասիրությունը, քրիստոնեական ժողովները և Աստծո կողմից տրված սպառազինությունը։ Այս ամենն անելու շնորհիվ կկարողանանք տարբերել չարն ու բարին և ատել այն, ինչ ատում է Աստված (Սաղմոս 97։10; Հռովմայեցիս 12։9)։
18. Ինչպե՞ս կարող է ‘հոգու սուրն’ օգնել մեզ հոգևոր պայքարում։
18 Եթե պահպանենք Աստվածաշունչը կանոնավորապես ուսումնասիրելու սովորությունը, ապա Աստծո Խոսքի ճշգրիտ գիտության օգնությամբ ոչ միայն կկարողանանք պաշտպանվել, այլև հաջողությամբ գրոհել ‘հոգու սրի’ միջոցով, «որ Աստուծոյ խօսքն է»։ Աստծո խոսքը «ամեն երկսայրի սուրից աւելի կտրուկ է, եւ թափանցում է մինչեւ շունչի եւ ոգու եւ յօդուածների եւ ծուծի բաժանուիլը. եւ քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները» (Եփեսացիս 6։17; Եբրայեցիս 4։12)։ Եթե հմտանանք այդ «սուրը» գործածելու մեջ, ապա հեշտությամբ կկարողանանք տարբերել չարի՝ մահվան առաջնորդող ծուղակները, որ կարող են թաքնված լինել անվնաս և նույնիսկ գրավիչ թվացող բաների ետևում։ Աստվածաշնչյան գիտելիքների մեր պաշարը կօգնի, որ մերժենք այն, ինչ չար է, և անենք լավ գործեր։ Ուստի, լավ կլիներ հարցնեինք ինքներս մեզ. «Իմ «թուրը» բո՞ւթ է, թե՞ սուր։ Դժվարությա՞մբ եմ հիշում աստվածաշնչյան համարները, որ կարող են օգնել ինձ գրոհելու»։ Եկեք չթողնենք Աստվածաշնչի անձնական ուսումնասիրություն կատարելու լավ սովորությունը և այդպիսով ետ մղենք Սատանային (Եփեսացիս 4։22–24)։
19. Ի՞նչ օգուտներ կքաղենք, եթե ջանադրաբար անձնական ուսումնասիրություն կատարենք։
19 Պողոսը գրել է. «Ամեն Գիրք աստուածաշունչ են եւ օգտակար՝ վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու, եւ արդարութեան խրատելու համար. որ Աստուծոյ մարդը կատարեալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստուած»։ Եթե հետևենք Տիմոթեոսին ուղղված այս խոսքերին, հոգևոր առումով կզորանանք և ծառայության մեջ հաջողություն կունենանք։ Հոգևորապես տրամադրված երեցներն ու ծառայող օգնականները մեծ օգնություն կարող են հանդիսանալ ժողովի համար։ Բոլորս էլ կարող ենք հաստատուն մնալ հավատի մեջ (Բ Տիմոթէոս 3։16, 17; Մատթէոս 7։24–27)։
[ծանոթագրություններ]
a Սովորաբար «Աստված պահանջում է» գրքույկից հետո ուսումնասիրությունը շարունակվում է «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գրքով. երկուսն էլ տպագրված են Եհովայի վկաների կողմից։ Նրանցում տրվող խորհուրդների միջոցով հնարավոր է հաղթահարել այն խոչընդոտները, որ կարող են խանգարել անհատի հոգևոր առաջադիմությանը։
b Հրատարակված՝ Եհովայի վկաների կողմից։ Եթե ձեր լեզվով առկա է «Գրությունների ըմբռնում» գիրքը, ապա կարող եք նայել նաև այդ հրատարակության 2–րդ հատորը՝ «Եհովա» վերնագրի տակ։
c Այս առումով բացառիկ են հայկական որոշ թարգմանություններ, որոնք եբրայերեն քառագիրը փոխանցում են «Եհովա» ձևով։
d Հրատարակված՝ Եհովայի վկաների կողմից։
Հիշո՞ւմ եք
• Ի՞նչն է օգնում, որ անձնական ուսումնասիրությունն արդյունավետ լինի։
• Ի՞նչ սխալ են թույլ տվել Աստվածաշնչի շատ թարգմանիչներ Աստծո անվան կապակցությամբ։
• Աստվածաշնչյան ո՞ր համարները ցույց կտայիր՝ հերքելու համար Երրորդության ուսմունքը։
• Ի՞նչ պետք է անենք Սատանայի հնարանքներից պաշտպանվելու համար, անգամ եթե երկար տարիներ է, ինչ ճշմարտության մեջ ենք։
[նկարներ 19–րդ էջի վրա]
Որպեսզի ուսումնասիրությունը լինի արդյունավետ, հարկավոր է անցկացնել այն ճիշտ տեղում և հնարավորին չափ հանգիստ պայմաններում
[նկարներ 23–րդ էջի վրա]
Քո «թուրը» բո՞ւթ է, թե՞ սուր