Գոհ լինել աշխատանքից և չկորցնել այն. դժվար խնդիր է
«ԱՇԽԱՏԵԼՈՒ իրավունքը» վերապահված է բոլորին, ինչպես ամրագրված է «Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիայում»՝ թողարկված ՄԱԿ–ի կողմից։ Սակայն ոչ միշտ է այդ իրավունքը ապահովված բոլորի համար։ Այսօր աշխատանք կունենաս, թե՝ ոչ, կախված է շատ բաներից՝ սկսած տվյալ միջավայրի ընդհանուր տնտեսական վիճակից, վերջացրած համաշխարհային շուկայով։ Այնուամենայնիվ, երբ մարդիկ կորցնում են աշխատանքը կամ կանգնում են այդ վտանգի առաջ, արդյունքում հաճախ առաջանում են ցույցեր, ապստամբություն և գործադուլ։ Ընդամենը մի քանի երկրներ կարող են բացառություն կազմել։ Ինչպես արտահայտվեց մի գրող՝ «աշխատանք բառը միշտ էմոցիոնալ լարվածություն է առաջացրել մարդկանց մեջ»։
Աշխատանք ունենալը կարևոր է մի շարք պատճառներով։ Բացի եկամուտ բերելուց՝ այն նպաստում է մեր մտային և էմոցիոնալ բարօրությանը։ Աշխատանքը բավարարում է մարդու ցանկությունը՝ լինել հասարակությանը պիտանի անձնավորություն և կյանքում նպատակ ունենալ։ Այն նաև ինքնահարգանքի զգացում է տալիս մեզ։ Դա է պատճառը, որ նույնիսկ մեծ կարողության տեր, ինչպես նաև թոշակառուի տարիքի հասած մարդիկ նախընտրում են շարունակել իրենց աշխատանքը։ Արդարև, աշխատանքը այն աստիճան կարևոր է, որ դրա բացակայության դեպքում ծագում են հասարակական լուրջ խնդիրներ։
Մյուս կողմից, սակայն, կան մարդիկ, ովքեր թեև ապահովված են աշխատանքով, սակայն այն աստիճան են լարված աշխատավայրում, որ այլևս բավականություն չեն ստանում իրենց աշխատանքից։ Շուկայում տիրող մրցակցության պատճառով, օրինակ, գնալով աճում է այն ընկերությունների թիվը, որոնք ծախսերը նվազեցնելու նպատակով կրճատումներ են կատարում իրենց անձնակազմում։ Արդյունքում՝ լրացուցիչ պահանջներ կարող են ներկայացվել մնացած աշխատողներին, ովքեր ստիպված կլինեն ավելի շատ բեռ վերցնել իրենց ուսերին։
Ժամանակակից տեխնիկան, որ կարծես կյանքն ավելի պետք է հեշտացներ ու որակյալ աշխատանքով ապահովեր, փաստորեն հակառակ ազդեցությունն է ունեցել՝ աշխատավայրը ավելի լարված միջավայր է դարձրել։ Որպես օրինակ կարող ենք վերցնել համակարգիչները, հեռապատճենները (ֆաքս) և Ինտերնետ ցանցը. այս բոլորը մարդկանց հնարավորություն են տալիս իրենց գործը շարունակել տանը աշխատանքից հետո՝ այդ կերպով տարբերություն չդնելով «տուն» և «գրասենյակ» հասկացությունների միջև։ Ինչպես ասաց մի աշխատող, իրենց ընկերության կողմից տրամադրված փեյջերն ու բջջային հեռախոսը կարծես մի անտեսանելի շնաթոկ լինեին, որով տնօրենը իրեն այս ու այն կողմ էր քարշ տալիս։
Մեծահասակ անհատներն ավելի ու ավելի են անհանգստանում, որ տնտեսության ու աշխատանքի բնույթի կտրուկ փոփոխության պատճառով նրանք ժամանակից շուտ կարող են համարվել անաշխատունակ մարդիկ։ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին ներկայացուցիչ Քրիս Սիդոթին ասել է. «Թվում է՝ աշխատողների վերաբերյալ գոյություն ունի շատ պրիմիտիվ չափանիշ. եթե տարիքդ մոտեցել է 40–ին, ուրեմն ի վիճակի չես գործ ունենալ համակարգիչների և ժամանակակից տեխնիկայի այլ սարքավորումների հետ»։ Ուստի՝ շատ աշխատասեր մարդիկ, ովքեր ժամանակին դիտվում էին որպես պիտանի աշխատողներ, հիմա շատ արդեն մեծ են այդպիսին համարվելու համար։ Որքա՜ն ցավալի է։
Հասկանալի է, թե ինչու է վերջին տարիներին անկում ապրել տքնաջան աշխատանքի ու ընկերությանը հավատարիմ լինելու առնչությամբ մարդկանց վերաբերմունքը։ «Երբ արժեթղթի շուկայում տեղի ունեցած աննշան փոփոխության պատճառով ընկերությունները հեռացնում են իրենց աշխատողներին, ընկերության հանդեպ նվիրվածության խոսք անգամ լինել չի կարող,— ասվում է ֆրանսիական «Լիբերասիոն» ամսագրում։— Իսկ այդ ժամանակ մարդ սկսում է աշխատել ոչ թե ֆիրմայի, այլ իր անձնական շահերի համար»։
Չնայած այս մեծացող խնդիրներին՝ մարդիկ շարունակ աշխատանքի կարիք են զգում։ Հարց է ծագում՝ ինչպե՞ս է հնարավոր մեր՝ փոփոխություններով հարուստ ժամանակներում հավասարակշռված տեսակետ ունենալ աշխատանքի հանդեպ՝ բավականություն ստանալով դրանից ու չմտահոգվելով այն կորցնելու մասին։
[նկար 3–րդ էջի վրա]
Ժամանակակից տեխնիկան պատճառ է դարձել, որ մարդիկ ավելի լարված լինեն աշխատանքի վայրում