Ընթերցողների հարցերը
Աշխարհի շատ մասերում հարսանեկան նվերներ տալու սովորություն գոյություն ունի։ Ինչպիսի՞ սուրբգրային սկզբունքներ պետք է հաշվի առնենք, երբ նման նվերներ ենք տալիս կամ ստանում։
Աստվածաշունչը հավանություն տալիս է այն բանին, որ մարդիկ իրար նվերներ տան, երբ դրանք տրվում են ճիշտ առիթի դեպքում և ճիշտ մղումներով։ Տալու կապակցությամբ Աստվածաշունչը ճշմարիտ քրիստոնյաներին հորդորում է ընդօրինակել իրենց առատաձեռն Հայթայթողին՝ Եհովային (Յակոբոս 1։17)։ Պողոս առաքյալը հորդորելով իր հավատակիցներին՝ գրում է. «Մի՛ մոռացէք բարեգործութիւնը և ձեր ունեցած բարիքներին միմեանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի՛ պատարագներն են հաճելի Աստծուն»։ Այսպիսով՝ քրիստոնյաներին խրախուսվում է առատաձեռն լինել (Եբրայեցիս 13։16, ԷԹ; Ղուկաս 6։38)։
Իսկ ի՞նչ կարելի է ասել խանութում գրանցվելու մասին, որն ընդունված սովորություն է Միացյալ Նահանգներում։ Անգլիայում այն անվանում են հարսանեկան ցուցակ։ Ընդհանրապես այն զույգը, որ պատրաստվում է ամուսնանալ, գրանցվում է մեծ խանութում, ապա աչքի է անցկացնում խանութի ապրանքները և կազմում մի ցուցակ, որտեղ նշվում են այն բոլոր իրերը, որ իրենք կցանկանային նվեր ստանալ։ Ապա այդ խանութի մասին տեղեկացվում է նրանց բարեկամներին ու ընկերներին, որպեսզի նրանք, այդ ցուցակի համաձայն, նվերներ գնեն նրանց համար։ Գործնական տեսանկյունից դիտելով՝ նվերների ցուցակը նվեր «փնտրելու» ժամեր է խնայում։ Մյուս կողմից՝ նվեր ստացողների համար է գործը հեշտանում, քանի որ նրանք ստիպված չեն լինի իրենց չուզած նվերը կրկին խանութ վերադարձնել։
Զույգը ցանկանում է գրանցվել, թե ոչ, անձնական որոշման հարց է։ Սակայն քրիստոնյաները զգուշանում են այնպիսի սովորություններից, որոնք խախտում են Աստվածաշնչի սկզբունքները։ Օրինակ՝ ի՞նչ կպատահի, եթե նշանված զույգը որոշի կազմել շատ թանկ ապրանքներ ընդգրկող ցուցակ։ Նման դեպքում այն հրավիրվածները, ում բյուջեն սահմանափակ է, հնարավորություն չեն ունենա նվեր գնելու կամ գուցե մտածեն, թե ավելի լավ է մերժել հարսանեկան հրավերը, քան էժան նվեր գնելու պատճառով անհարմար վիճակի մեջ ընկնել։ Քրիստոնյա մի կին գրում է. «Նվերների հարցը բեռ է դառնում։ Ես փորձել եմ առատաձեռն լինել, սակայն վերջերս կորցրել եմ այն ուրախությունը, որ ես ստանում էի նվերներ տալուց»։ Որքա՜ն ցավալի կլինի, երբ հարսանիքը ոչ թե ուրախության, այլ վհատության պատճառ դառնա։
Իրականում, նվեր գնողները չպետք է ունենան այն զգացումը, թե իրենց նվերը չի ընդունվի, մինչև որ այն գնված չլինի տվյալ խանութից կամ չլինի նշված գնի սահմաններում։ Չէ՞ որ Հիսուսը ցույց տվեց, որ Աստծո աչքին շատ ավելի կարևոր է տվողի սրտի վիճակը, քան տրված նվերի նյութական արժեքը (Ղուկաս 21։1–4)։ Նույնանման կերպով կարիքի մեջ եղողներին օգնություն ցույց տալու կապակցությամբ Պողոս առաքյալը գրում է. «Ամեն մէկն ինչպէս որ սրտի յօժարութիւն կայ, ոչ թէ տրտմութիւնով կամ հարկադրութիւնով. որովհետեւ Աստուած սիրում է ուրախ տուողին» (Բ Կորնթացիս 9։7)։
Աստվածաշնչյան լեզվով ասած՝ սխալ չէ, երբ նշվում է, թե ով է նվեր տվողը (թերևս նվերի հետ մի փոքրիկ գրության միջոցով)։ Սակայն որոշ վայրերում սովորություն է բոլոր ներկաների առջև հայտարարել, թե ով ինչ նվեր է տվել։ Այս սովորությունը կարող է իր հետ խնդիրներ առաջ բերել։ Թերևս նվեր տվողները չցանկանան հայտնել իրենց ինքնությունը, որպեսզի անտեղի ուշադրություն չհրավիրեն իրենց վրա։ Այսպիսի անհատները վարվում են Մատթէոս 6։3–ում գտնվող սկզբունքի համաձայն, որտեղ Հիսուսն ասում է. «Բայց դու երբոր ողորմութիւն անես, թող չ’իմանայ քո ձախ ձեռքը, թէ ինչ է գործում քո աջը»։ Իսկ ուրիշներն էլ գուցե մտածեն, որ նվերներ տալը անձնական հարց է, և այդ մասին պետք է իմանան միայն նվերը տվողը և ստացողը։ Ավելին, նվեր տվողի անունը հայտարարելը կարող է առաջնորդել այն բանին, որ մարդիկ սկսեն նվերները համեմատել՝ «իրար գրգռելով»՝ մրցակցության ոգի առաջ բերելով (Գաղատացիս 5։26)։ Քրիստոնյաները, իհարկե, կցանկանան խուսափել որևէ մեկին բոլորի առջև անհարմար կամ ամոթալի վիճակի մեջ գցելուց՝ հայտարարելով նվերները տվողների անունները (Ա Պետրոս 3։8)։
Այո՛, գործելով Աստծո Խոսքում գտնվող սկզբունքների համաձայն՝ նվերներ տալը կմնա ուրախության աղբյուր (Գործք 20։35)։